Եվ նա նորից կծկվեց ու փոքրացավ֊փոքրացավ, ավելի ծերացավ, ու այնժամ Երիցուկն սկսեց նրան համոզել, որ աշխարհում ոչ մեկին ոչ մի դեպքում չի պատմի խաղաթղթերի մասին։ Իսկ հետո տուն գնաց։ Բայց նա արդեն այն Երիցուկը չէր, որը մի ժամ առաջ մտել էր տատիկի պարտեզը։
==Ի՞նչ է պատահել Երիցուկին==
Ուսումնական տարվա ավարտին մնում էր ընդամենը երկու շաբաթ։ Բայց այս տարի Երիցուկի մոտ ամեն ինչ այլ կերպ էր դասավորվել, քան անցյալ տարի։
― Ի՞նչ է պատահել Երիցուկին, ― հարցնում էր Լիլոն հայրիկին։ ― Նա բոլորովին փոխվել է։ Երբեմն այնպես երկչոտ է նայում ինձ, իսկ հետո էլ հանկարծ հարցնում է․ «Դու քեզ լա՞վ ես զգում, Լիլո մայրիկ»։ Գուցե նրան որևէ մեկը վախեցրե՞լ է․․․ Գուցե Նախնախը նրան ինչ֊որ բան է ասել։
― Չեն կարծում։ Նախնախը շատ խելացի է․․․
«Ի՞նչ է պատահել Երիցուկին», ― զարմանում էր և ուսուցիչ Հերբերտը։ ― «Նա սկսել է դասերին անուշադիր լինել, պատասխանում է հենց այնպես, իսկ վերջին թելադրությունից երեք էր ստացել․․․»։ Նա հարցրեց իր քույրիկին՝ Գինային․
― Չգիտե՞ս Երիցուկին ինչ է պատահել։ Չէ՞ որ դու նրա ընկերուհին ես։
― Ոչ, ― պատասխանեց Գինան։ ― Չգիտեմ։ Նա ինչ֊որ առաջվանը չէ։ Դա ես, իհարկե, նկատել եմ։ Ամբողջ օրը նստած է տանը, Լիլո մայրիկի կողքին, կամ իր Նախնախի մոտ է ցցված։ Նույնիսկ երգչախմբի պարապմունքին երեկ չէր եկել, ասաց, որ ձայնը խչպոտվել է։ Բայց դա փչոց էր, ինձ էլ հո չես խաբի։
― Ա՛յ դու, խորամանկ Գինա, ― ծիծաղեց ավագ եղբայրը։
Ուսուցիչ Հերբերտը խորհրդակցեց Լիլոյի հետ, թե ինչպես վարվի Երիցուկի հետ։
― Գուցե լավ կլինի նրան ճամբա՞ր ուղարկել, ― առաջարկեց նա։ ― Չէ որ շուտով արձակուրդ է։ Միջավայրի փոփոխությունը, նոր ընկերները, բնությունը, խաղերը, զվարճալիքները՝ այս ամենը անպայման նրան կօգնեն։ Ճիշտ է, մենք դեռ չգիտենք, թե այս տարի որտեղ կլինի մեր ճամբարը։ Հնարավոր է, որ լեռներում լինի։ Բայց մի բան հաստատ է՝ ճամբարի պետը ֆրաու Իրենն է՝ մանկապարտեզի նախկին վարիչը։
― Այդ մասին ինքս էլ եմ արդեն մտածել, ― ասաց Լիլոն։ ― Եվ նույնիսկ փորձել եմ Երիցուկի հետ խոսել։ Բայց նա միայն լալիս է ու կրկնում, որ ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի գնա, մինչև փոքրիկը չծնվի։ Չնայած գիտի, որ ծննդատուն մտնել, միևնույն է, ոչ մեկին թույլ չեն տալիս։ Չգիտեմ, ի՞նչ անենք։
Նախնախը նույնպես շատ էր անհանգստանում։ Դե, նա, իհարկե, գլուխ չէր կոտրում իմանալու համար, թե Երիցուկն ինչու է այդպես փոխվել։ Բայց դրանից նրա վիճակը ավելի էր ծանրանում․ չէ որ իրեն մեղավոր էր զգում։ Եվ որևէ մեկի մոտ սիրտը բացել չէր կարող, բացի Ֆրիդրիխից։ Եվ նրան էլ պատմեց, թե ինչ է պատահել Երիցուկին։
― Ֆրիդրի՛խ, ― իր պատմությունը եզրափակեց տատիկը, ― ախր դու գիտես, որ ես խաբել չեմ սիրում։ Առաջ, քեզնից բացի, ուրիշ ոչ ոք չգիտեր, որ ես «բախտ եմ բացում»։ Եվ ոչ ոք էլ այդ մասին ինձ չէր հարցրել։ Ուրեմն խոսելու հարկ էլ չի եղել։ Ախր գաղտնիք պահելը հո ստել չէ՞։ Ի՞նչ ես կարծում, Ֆրիդրիխ։
― Չէ, ստել չէ, ― հաստատեց Ֆրիդրիխը։
― Իսկ հիմա ես ստիպված էի ստել, Ֆրիդրիխ։ Երիցուկը անճանաչելի էր դարձել, այնպես որ ստիպված էի ստել։ Իսկ ամենից վատն այն է, որ էլի պիտի շարունակեմ ստել, որպեսզի նա չվախենա։ Ես նրան անվերջ ասում եմ, որ Լիլոյին ու փոքրիկին ոչինչ չի պատահի, բայց ախր թղթերը ցույց են տալիս, որ դժբախտություն է պատահելու։ Իսկ եթե թղթերը ցույց են տալիս, ուրեմն ճիշտ է։
― Ճի՞շտ է, ― հարցրեց Ֆրիդրիխը թերահավատությամբ տարուբերելով գլուխը։ Այլևս ոչ մի բառ չասաց։ Բայց Նախնախին շատ զարմացրեց նրա հարցը․ դեռ երբեք Ֆրիդրիխը նրա ասածները կասկածի տակ չէր առել։
― Դու, ի՛նչ է, թղթերին չես հավատո՞ւմ։
Ֆրիդրիխը կարմրեց․
― Չգիտեմ․․․ ― մռթմռթաց նա։
― Ի՞նչը չգիտես, Ֆրիդրիխ։ Հապա ասա տեսնեմ։
― Չգիտեմ, ճի՞շտ է դա, թե չէ։ Ախր «բախտ բացելիս» ամեն ինչ հնարավոր է․․․
Այսպիսի բարդ դատողություններ Նախնախը առաջին անգամ էր լսում Ֆրիդրիխից։ Նա նույնիսկ չիմացավ ինչ պատասխանի։ Երկու անգամ բերանը բացեց, բայց խոսքեր չգտավ ասելու։
― Ինչպե՞ս թե չես հավատում, ― վերջապես ասաց նա։
― Ոսկրաբույժի պատճառով․․․
― Ինչպե՞ս թե։ Ի՞նչ գործ ունի այստեղ ոսկրաբույժը։
― Գեղեցիկ ծաղիկներ էին։ Իրենք իրենց էին բուսնել այգում։
― Ահա թե ինչ։ Դու ծաղիկնե՞րն ես ափսոսում։ Ախր ես արմատները վերցրեցի, որ ոտքերս բուժեի։
― Բայց չօգնեց․․․
Այստեղ արդեն Նախնախը ստիպված էր համաձայնել։
― Այո, օգնելը չօգնեց, դա ճիշտ է․․․
― Եվ կախարդանքն էլ չօգնեց։ Իսկ ծաղիկները լրիվ արմատահան արեցինք, ― մռայլ ասաց Ֆրիդրիխն ու նախատինքով նայեց Նախնախին։
― Բայց ախր կախարդանքն ու ոսկրաբույժը մի բան են, խաղաթղթերը՝ մի այլ բան, ― համոզում էր նրան Նախնախը։ ― Չէ որ երբ թղթերը բացում եմ, իրենք են ցույց տալիս, թե ինչ է լինելու։
Բայց Ֆրիդրիխը շարունակում էր կասկածել։ Քաքուլը ոլորելով՝ նա մտքերի մեջ ասաց․
― Ոսկրաբույժի հետ կապված հույսը չիրականացավ, կախարդանքը չիրականացավ, խաղաթղթերի գուշակությունն էլ չի կատարվի։
Եվ այստեղ Նախնախը, ի զարմանս Ֆրիդրիխի, շատ ուրախացավ։
― Գոնե դու ճիշտ դուրս գայիր, Ֆրիդրիխ։ Գոնե դու ճիշտ դուրս գայիր։ ― Բայց հանկարծ կրկին մթնեց․ ― Ես շատ եմ վախենում, Ֆրիդրիխ, որ դա կատարվի․․․ Միայն թե Երիցուկը չհիվանդանա․․․ Ախր շատ է տանջվում․․․ Իսկ ամեն ինչի համար ինքս եմ մեղավոր․ ինչո՞ւ թղթերին հարցրեցի։ Հլա դեռ բարձր֊բարձր էլ խոսում էի ինքս ինձ․․․
Այս խոսքերի վրա Ֆրիդրիխը գլուխը տմբացրեց, Նախնախն էլ ի պատասխան տմբացրեց գլուխը։ Սակայն այս անգամ նրանք համաձայնության չէին եկել։