Այսպես սկսվեց նրա ճանապարհորդությունը։
==Ոսկեսարում==
― Ոսկեսա՜ր, ― Երիցուկը կիսանիրհի մեջ լսեց տոմսավաճառի ձայնը։ Բանից պարզվում է, ննջել էր՝ ավտոբուսի համաչափ օրորոցներից։
Տեղից վեր թռչելով, նա վերցրեց սպորտային պայուսակն ու մի քանի ուղևորներից հետո իջավ ավտոբուսից։ Միայն այստեղ, թարմ օդում, նա վերջնականապես արթնացավ։ Ավտոբուսն արդեն խճուղով սլանում էր առաջ, մարդիկ ցրվեցին տարբեր կողմեր։
Երիցուկը շուրջը նայեց։ Նա կանգնել էր ապակեպատ կրպակի մոտ, որի մի պատուհանում բացիկներ ու թերթեր էին վաճառում, մյուսում՝ բուտերբրոդներ, կեքս ու ցելոֆանե տոպրակներով կարկանդակ, իսկ երրորդ պատուհանի վերևում կախված էր ստվարաթղթի մի կտոր՝ «Թարմ կաթ» հայտարարությամբ։ Երիցուկը սպորտային պայուսակից հանեց դրամապանակը։ Նա ծարավ էր։ Ինչ լավ կլիներ հիմա մի բաժակ սառը կաթ խմեր։
Բայց վաճառողը ապրանք էր ընդունում, և Եիրցուկն ստիպված էր սպասել։
Մեծ, կաշվե պայուսակը ուսին դրած մի կին մոտեցավ կրպակին ու մյուս պատուհանից տվեց թերթերի մի հաստ կապոց։ Երիցուկն իսկույն գլխի ընկավ, որ փոստատարն է։ Նա բարձրահասակ, ուժեղ, դեռ չծերացած մի կին էր, դեմքը արևառված ու բարեհամբույր։ Երիցուկն անմիջապես վստահություն զգաց նրա նկատմամբ։
― Համա թե շո՜գ է, ― կաթնավաճառուհուն ասաց փոստատարը։ ― Հլա մի բաժակ կաթ լցրու։
Եվ հանկարծ նկատեց կրպակի մոտ կանգնած Երիցուկին։
― Հը, ճամբորդ աղջիկ, ավտոբուսո՞վ ես մեզ մոտ եկել։
Երիցուկը գլխով արեց։
― Մենա՞կ ես, թե՞ սպասում ես մեկնումեկին։
― Ես հյուր եմ եկել․․․ Տվեք, խնդրեմ, մի բաժակ կաթ ու մի կտոր կեքս, ― խնդրեց Երիցուկը վաճառողուհուն, որը սառնարանից հանում էր կաթի շշերը։
Վաճառողուհին լցրեց երկրորդ բաժակը։
― Ահա, ստացիր, ճամբորդ աղջիկ։
― Իսկ ո՞ւմ ես հյուր եկել, ― հարցրեց փոստատարը։
― Ալոիզ Պոսոշոկին, ― պատասխանեց Երիցուկը։
― Ի՜նչ ես ասում։ Մեր Ալոիզ պապիկի՞ն։ Ա՛յ թե կզարմանա։ Այսպիսի ջահել հյուրեր նա վաղուց չի ունեցել։ Որտեղի՞ց ես ճանաչում նրան։
― Ես նրան չեմ ճանաչում։ Նա իմ տատիկի հորեղբոր տղան է։ Իսկ դուք նրան գիտե՞ք։
― Իհարկե։ Փոստատարը բոլորին գիտի, ում որ նամակ է բերում։ Պապիկը հիմա ախր գյուղ չի իջնում։ Չէ՞ որ նա արդեն մոտ իննսուն տարեկան է։ Բայց ողջ֊առողջ է։ Ժիր ծերուկ է։
― Իսկ նրա տունը հեռո՞ւ է։
― Դե, եթե արագ գնաս, մի ժամում կհասնես։ Միայն թե սարի տակից թեք զառիվեր է սկսվում։ Կկարողանա՞ս բարձրանալ։
― Կկարողանամ։ Քանի՜֊քանի անգամ ենք դպրոցով էքսկուրսիա գնացել։ Իսկ ինչպե՞ս պիտի գնամ այնտեղ։
Փոստատարուհին մտքերի մեջ ընկավ։
― Այնքան էլ հեշտ չէ բացատրելը։ Ես էլ թարսի պես հակառակ կողմն եմ գնում։ Դե լավ։ Նախ գյուղական փողոցով կգնաս մինչև ջրհան, այ հրեն, այստեղից էլ է երևում՝ փոքրիկ աշտարակով այն տնակը։ Իսկ այնտեղ ճամփաբաժան է, մի սյուն կա, որի վրայի սլաքները ցույց են տալիս ճանապարհի երեք ուղղությունները։ Սլաքներից մեկի վերևում գրված է «Փաղանգամուշկի մարգագետին»։ Հենց այդ ճամփով էլ կգնաս։
Նա, հանկարծ լռեց ու սկսեց ականջ դնել հեռվից լսվող զանգակների ծլնգոցներին․ այդ ձայնը աստիճանաբար մոտենում էր և ավելի ու ավելի ուժեղանում։
Զանգակները շատ֊շատ էին․ նրանք զնգզնգում էին ասես դայլալելով՝ մերթ միմյանց խլացնելով, մերթ իրարից առաջ ընկնելով, բայց այնուամենայնիվ մոտենում էին բոլորը՝ զանգերի ղողանջների աններդաշնակ ալիքով։ Զանգակներ կային, որ խուլ ղողանջում էին, մյուսները զիլ զրնգում էին, և այս բոլորը ձուլվում էին ու դառնում կախարդական մի ղողանջ՝ Ոսկեսար գյուղի հսկայական նախրի զանգակների ղողանջը։ Կովերը գնում էին հեղեղի պես՝ խճուղու ամբողջ լայնքով մեկ փռված։ Նախրի կողքին գնում էին հովիվն ու գամփռը։ Հովիվը ողջունեց վաճառողուհուն ու փոստատարին, իսկ վերջինս հարցրեց․
― Մարտին, նախիրն այսօր ո՞ւր ես քշում։
― Վիշապասարի լանջերը։
― Վիշապասարի լանջե՞րը։ Ուրեմն պիտի անցնես Փաղանգամուշկի մարգագետնո՞վ։ Այ այս աղջիկն էլ պիտի այդ կողմը գնա, Ալոիզ Պոսոշոկին հյուր է եկել։ Նրան հետդ չե՞ս տանի։
― Ինչի՞ չէ, ― ասաց հովիվը։ ― Գնացինք, օրիորդ։ Անունդ ի՞նչ է։
― Երիցո՛ւկ, ― պատասխանեց Երիցուկը։
Նա շատ բարձր ասաց, որովհետև կովերը, շրջանցելով կրպակը, խռնվել էին նրա շուրջը։ Առջևից գնացողները արդեն թեքվել էին Գյուղական փողոցը, ասես գիտեին ճանապարհը, և նրանց զանգակները ղողանջում էին, զրնգում էին ու երգում։ Իսկ հովիվն էլ շատ բամբ ձայն ուներ․ նրա ձայնը ձուլվում էր զանգակների ղողանջին։
― Ա՛յ քեզ բան։ Երիցո՞ւկ։ Մեզ մոտ այդպիսի ծաղիկներ կան։ Դե գնացինք։ Իմ կովերը սպասել չեն կարող։
Նա որպես հրաժեշտի նշան ձեռքով արեց վաճառողուհուն ու փոստատարին, իսկ Երիցուկը հազիվ հասցրեց «շնորհակալություն» ասել ու ընթացքի ժամանակ «ցտեսություն» գոռալ։
Գամփռ Մորիցը, ասես հասկանալով, որ Երիցուկը նույնպես հիմա դարձել է իրենց նախրի անդամը, թաց դունչը քսմսեց նրա ոտքերին, կարծես ասելով․ «Դե, արագ, արագ»։ Եվ Երիցուկը վազեց հովվին հասնելու։
Ահա արդեն նա քայլում էր հովվի կողքից։
Նրանք գյուղական փողոցով գնացին այնքան, մինչև հասան ջրհանին։ Այստեղից թեքվեցին ձախ և շուտով գյուղից դուրս եկան։ Այժմ քայլում էին նեղ հարթավայրով, որը երկու կողմերից շրջապատված էր թավ անտառով։ Այդ անտառը ձգվում էր սարն ի վեր։ Հարթավայրը լայն ժապավենի պես գալարվում էր անտառի բարձր պատերի արանքով, և հյութեղ կանաչ խոտերի մեջ խոխոջալով ներքև էր սլանում կարկաչուն առվակը։ Խոտերի մեջ այնքան երփներանգ ծաղիկներ կային, որ Երիցուկի աչքերը շաղվեցին․ այդպիսի բան նա դեռ չէր տեսել։ Գույնզգույն արծվամագիլներ, հազարաթերթի սպիտակ բացատներ ու դեղին մատնեծաղիկներ, տերեփուկներ ու կակաչներ, խոշոր, կապույտ զանգածաղիկներ և քնքուշ ու պայծառ երիցուկներ։ Իսկ առվակի ափերին՝ անմոռուկների փնջեր․․․
Հովիվը անվերջ նայում էր Երիցուկին, իսկ հետո ասաց․
― Երևում է, որ Պոսոշոկների ընտանիքից ես։ Նրանք դեռ հնուց բարեկամացել են խոտերի ու ծաղիկների հետ։ Հենց նրանք են լեռնային մարգագետնում փաղանգամուշկ ցանել։ Վաղուց, շատ վաղուց է դա եղել, ոչ ոք չի էլ հիշում, թե երբ․․․ Հարյուր տարի առաջ, գուցեև ավելի։
― Ես այստեղ փաղանգամուշկ չեմ տեսնում, ― ասաց Երիցուկը։ ― Նախնախը, իմ մայրիկի նախատատի քույրը, միշտ փաղանգամուշկի չորացած ծաղիկներ է դնում պահարանի սպիտակեղենի տակ։ Դրա համար էլ սպիտակեղենից անուշ հոտ է գալիս։
― Շուտով կտեսնես, սպասիր մարգագետնին հասնենք, ― պատասխանեց հովիվը։ ― Հենց Պոսոշոկներն են ցանել։ Ճիշտ է, հիմա ամբողջ մարգագետինը չէ, որ փաղանգամուշկի երկնագույնով է պատած, ուրիշ ծաղիկներ էլ են խցկվել արանքները․․․
Հովիվը սկսեց Երիցուկին հարցուփորձ անել, և աղջիկը պատմեց հոր, Չքնաղ Լիլոյի ու Նախնախի մասին։
Արևը արդեն ուղիղ գլխավերևում էր, և հովտում այնքան շոգ էր, որ նույնիսկ ալարում էին խոսել։ Երկար ժամանակ նրանք քայլում էին լուռ ու անխոս, հետո հովիվը կանգ առավ ու ասաց․
― Դե, հասանք։ Ահա քո Փաղանգամուշկի մարգագետինը։ Իսկ ամենավերևում, անտառի ծայրին Պոսոշոկների տունն է։
Փաղանգամուշկի մարգագետինը ընդարձակ գորգի նման փռվել էր թեք սարալանջին։ Չորս կողմից նրան շրջապատել էր անտառը։ Իսկ սարի գագաթին մի սրածայր տանիք էր երևում։
Հիմա նրանք սարն էին բարձրանում մարգագետնի եզրով։ Մարգագետինը ավելի երփներանգ էր, քան հովիտը։ Բայց այստեղ այնքան վայրիացած փաղանգամուշկ էր աճել ու համառորեն խցկվել վառվռուն ծաղիկների մեջ, որ թվում էր, թե ողջ մարգագետինը երկնագույն ծխով է պատած։
Նախիրը, անվերջ վեր բարձրանալով, հանդարտ գնում է անտառեզրով։ Չէ, նախիրը չի տրորում երկնագույն մարգագետինը․ գամփռ Մորիցը առանց դժվարության կովերին պահում է անտառեզրին․ չէ՞ որ նրանք ստվեր են սիրում, և անտառում էլ ինչքան սիրտդ ուզի՝ հյութալի խոտ կա։
Ոչ մի կերպ հնարավոր չէ արագ գնալ։ Քամի է բարձրացել, որն աղմկում ու սուլում է ծառերի կատարներին և, զանգակների ղողանջներին ձուլվելով, վեր է ածվում իսկական կախարդական խմբերգի։ Երիցուկն ինքն էլ կերգեր, միայն թե նրա մեղմ ձայնը, միևնույն է, չէր լսվի անտառային այս համանվագի մեջ։
==Ալոիզ Պոսոշոկ նախանախապապը==
Կանաչ խլափեղկերով գերանակապ տան առջև, նստարանին նստած է ծերուկ Ալոիզ Պոսոշոկը։ Փոքրացած, սմքած, կորացած՝ ինքն էլ ասես մի Արմատիկ֊Ծերուկ լինի։ Այդ Արմատիկ֊Ծերուկը խաղաղ ու հանգիստ ծխում է երկար֊երկար, մինչև գոտին հասնող ծխամորճը։ Նրա բեղ֊մորուքը ամբողջովին ճերմակ են, և կախ ընկած հոնքերն էլ են ճերմակ, իսկ հոնքերի տակից պարզ ու վճիտ նայում են մոխրագույն ուրախ աչքերը, ճիշտ և ճիշտ Նախնախի աչքերի պես։ Միայն թե Նախնախը սև բերետ է դնում, իսկ նախանախապապ Ալոիզը՝ հյուսած երկնագույն թասակ։ Եվ նույնպես մինչև ականջները քաշած, երևում է, նա էլ արդեն մազեր չունի։
Գամփռ Մորիցն ու կովերը տան վրա ոչ մի ուշադրություն չեն դարձնում․ զանգերը զնգզնգացնելով՝ նախիրը անցնում է մարգագետնի եզրով ու կրկին շրջանցում անտառը, ասես իմանալով, որ ճանապարհն անցնում է Վիշապասարի լանջերով։ Իսկ հովիվը բռնում է Երիցուկի ձեռքն ու հանդիսավորությամբ տանում նախանախապապ Ալոիզի մոտ։
― Ալոիզ, քեզ մոտ հյուր է եկել, ― ասում է նա։ ― Քո հորեղբոր աղջկա ծոռնորդին՝ Երիցուկը։ Նա բարև է բերել իր նախանախատատից, նույն այն տատից, որը ուղիղ կես դար առաջ այստեղից այնքան հեռու գնաց, որ դուք այլևս ոչ մի անգամ իրար չտեսաք։ Հիշո՞ւմ ես, ինքդ ես ինձ պատմել․․․
Փոքրիկ ծերուկը ծխամորճը բերանից հանեց ու ծիծաղեց․
― Հո՛, հո՛, հո՛, Մարտին։ Այս ինչ նորություններ ես հայտնում։ Ուրեմն, ասում ես սա մեր Երիցո՞ւկն է։ Դե, իհարկե, տեսնելը իրար չենք տեսել, բայց նամակ միշտ գրում ենք․․․ Հլա մի տես ի՞նչ եղավ Մորիցին։
Գամփռ Մորիցը բարձր հաչում էր, և հովիվը ստիպված էր շուտ հրաժեշտ տալ ու վազել նախրի ետևից։
― Շնորհակալությո՜ւն, ― նրա ետևից ձայն տվեց Երիցուկը։
Հաչոցը դադարեց։ Եվ զանգակների ղողանջներն էլ աստիճանաբար մարեցին օդում, իսկ հետո պապն ու ծոռը համակվեցին այնպիսի լռությամբ, որը ուրիշ ոչ մի տեղ չի լինում, բացի անտառով շրջապատված մարգագետնից, բացի սարի գագաթից։
― Երիցուկ, դու մնալո՞ւ ես ինձ մոտ, ― խոսք բացեց Ալոիզ Պոսոշոկը։
― Ժամը վեցին ես արդեն պիտի կրպակի մոտ լինեմ, ավտոբուսն այդ ժամին շարժվում է․․․ Վերադառնալու եմ ճամբար՝ Ծիծեռնակադաշտ։
― Ուրեմն դու ճամբա՞ր ես եկել։ Բա ինչպե՞ս են նրանք քեզ մենակ թողել։
Երիցուկը խեցգետնի պես կարմրեց։
― Նախանախապապիկ Պոսոշոկ․․․ ― մռթմռթաց նա։
― Կարող ես ինձ ուղղակի Ալոիզ պապիկ ասել, Երիցուկ․․․ Ժամացույց ունե՞ս։ Ամենագլխավորը ավտոբուսից չուշանալն է։ Ախր Ծիծեռնակադաշտը այստեղից հեռու է։ Իսկ դու դեռ քաղաք տանող ավտոբուսին էլ պիտի հասնես։
― Չէ, ժամացույց չունեմ։ Բայց դուք հո կունենաք, Ալոիզ պապիկ։
― Պապիկի հետ կարելի է «դու»֊ով խոսել, Երիցուկ։ Դե, իհարկե, ունեմ․․․ Սպասիր, հիմա ժամը կխփի։
Եվ իրոք, սենյակի բաց դռնից լսվեց սկզբում ինչ֊որ մեղմ շչոց, հետո բարձր ու հստակ, թեև մի փոքր խռպոտ՝ կու֊կու, կու֊կու, կու֊կու․․․ Եվ այդպես՝ տասներկու անգամ։
― Ժամը տասներկուսն է, ― ասաց Ալոիզ պապիկը։ Նա ելավ տեղից ու ծխամորճի միջից թափ տվեց մոխիրը։ ― Ճաշելու ժամանակն է։ Մի գնանք տեսնենք կարտոֆիլը եփե՞լ է։
― Արդեն տասներկո՞ւսն է, ― զարմացավ Երիցուկը։ ― Ուրեմն, ինչքան երկար ճանապարհ եմ անցել քեզ մոտ հասնելու համար․․․
Նրանք տուն մտան։ Այստեղ ամեն ինչ փայլում էր մաքրությունից։ Վառարանում ճտճտում էր կրակը։
Ճաշին՝ ձվածեղ էր, կարտոֆիլ ու կաթով մորի։
Ալոիզ պապիկը շատ լավ էր գլուխ հանում տնտեսությունից, ասենք, մարդկանց և հատկապես երեխաների հետ էլ լավ էր վարվում։ Դեռ տասնհինգ րոպե էլ չէր անցել, իսկ Երիցուկն արդեն զգում էր ինչպես տանը։ Եվ նա խոստովանեց, որ փախել է ճամբարից։ Իսկ կես ժամ անց պապիկը գիտեր Երիցուկի համարյա ողջ գաղտնիքը։ Երիցուկը խոսում էր, հա խոսում, իսկ պապիկը չէր ընդհատում, միայն նայում էր նրան ուրախ ժպիտով, և, դրանից ոգևորված, Երիցուկը շարունակում էր պատմել․․․ Թե ինչքան է սիրում Նախնախին, թե ինչպես էր սկզբում վախենում խորթ մորից, իսկ հետո պարզվեց, որ խորթ մայրը ամենագեղեցիկն է, ամենալավը, ամենաբարին, և թե ինչպես բոլորը սիրում են Չքնաղ Լիլոյին։ Եվ Նախնախը նույնպես սիրում է նրան, իսկ ինքը՝ Երիցուկը, Չքնաղ Լիլոյին ու Նախնախին միանման է սիրում։ Եվ նույնիսկ չգիտի, թե որտեղ է իր համար ավելի լավ՝ Նախնախի հին տնակո՞ւմ, որ շրջապատված է պարտեզով, թե՞ ծնողների բնակարանում, որը գտնվում է նորակառույց շենքում և որտեղ շատ֊շատ տիկնիկ֊դերասաններ են ապրում։ Պատմեց նաև այն մասին, թե ինչպես է վախենում, որ Չքնաղ Լիլոն կմեռնի, հենց որ ծնվի փոքրիկը․․․
― Որտեղի՞ց է այդ բանը գլուխդ մտել, ― հարցրեց Ալոիզ պապիկը։
Երիցուկը պապանձվեց։ Ինչպե՞ս բերանից թռցրեց․․․ Նա փորձեց մի կերպ խոսակցությունը շուռ տալ, բայց ոչինչ չստացվեց։ Ալոիզ պապիկը նրան մի քանի հարց տվեց, և Երիցուկը չկարողացավ խուսափել պատասխանից․․․ Այդպես էլ պարզվեց, որ նա Նախնախին բռնացրել է «բախտ բացելիս», և որ խաղաթղթերը դժբախտություն են ցույց տվել։
― Թյո՛ւ, ― փնթփնթաց Ալոիզ պապիկը։ ― Մտքովս անգամ չէր անցնի, թե մեր ժամանակներում դեռ այդպիսի տխմար մարդիկ կան։ Եվ այն էլ Պոսոշոկների ընտանիքո՞ւմ։ Դե, պատմիր, տեսնենք։
Եվ Երիցուկը, կմկմալով, շարունակեց իր պատմությունը։
― Հետո Նախնախն ասաց, որ ինքը նույնպես թղթերին չի հավատում, և որ այդ բոլորը դատարկ բաներ են։ Բայց ախր ես գիտեմ, որ հավատում է։ Եվ Լիլոյի համար էլ վախենում է։ Միայն թե չի ուզում, որ ես էլ վախենամ։ Իսկ ես, միևնույն է, վախենում եմ։ Բա որ հանկարծ ճիշտ լինի՞ թղթերի ցույց տվածը։ Իսկ դու այդպես չե՞ս մտածում, Ալոիզ պապիկ։
― Ոչ, ― ասաց Ալոիզ պապիկը։ Եվ շատ հաստատ ասաց։ ― Ոչ, ես այդպիսի դատարկ բաների չեմ հավատում։ Չեմ հավատում և վերջ։ Չեմ էլ հասկանում, թե քո Նախնախն ինչու է հավատում։ Ճիշտ է, միշտ էլ այդպես տարօրինակ է եղել՝ համ խելացի է, համ անխելք։ Իսկ հիմա էլ քեզ է վարակել։ Միայն թե մի բան ինձ համար պարզ չէ։ Երիցուկ, դու ինչո՞ւ ես ինձ մոտ եկել։
― Արմատիկ֊Ծերուկի համար, Ալոիզ պապիկ։ Չէ՞ որ այդ Արմատիկ֊Ծերուկը քեզ մոտ է։ Դե, խնդրում եմ, տուր ինձ․․․ Խնդրում եմ, Ալոիզ պապիկ։
― Այդ ի՞նչ Արմատիկ֊Ծերուկ է։
Եվ պարզվեց, որ Ալոիզ պապիկը վաղուց մոռացել է Արմատիկ֊Ծերուկի մասին։ Արդեն քանի՜֊քանի տարի է՝ ոչ մի անգամ նրա մասին նույնիսկ չի հիշել։
― Ախր դու ու Նախնախը փոքր ժամանակ խաղում էիք նրա հետ։ Դրա համար էլ հասել եք խոր ծերության և ոչ մի անգամ չեք հիվանդացել։ Այդպես է ասում Նախնախը․․․
Ալոիզ պապիկը ճակատին քաշեց գործած թասակն ու սրտնեղած քորեց ծոծրակը։
― Այո, այո, ոնց որ թե հիշեցի․․․ կար այդպիսի մի չորացած արմատ, ― մռթմռթաց նա։ ― Բայց քո ինչի՞ն է պետք։
― Նա պահպանում է առողջներին ու բուժում է հիվանդներին։ Այդպես է ասում Նախնախը։
― Եվ ինչ դատարկ բաներ է ասում քո այդ Նախնախը։ Արմատիկ֊Ծերուկը պարզապես խաղալիք է, ուրիշ ոչինչ։ Ոչ առողջներին է պահպանում, ոչ էլ հիվանդներին է բուժում։ Որտեղից գտնեմ նրան, չգիտեմ․․․ Եվ ընդհանրապես չեմ էլ հիշում՝ մնացե՞լ է, թե դեն եմ գցել․․․
Երիցուկի այտերի վրայով արցունքի երկու խոշոր կաթիլ գլորվեցին։ Ալոիզ պապիկը մեղմացավ․
― Դե լավ, լաց մի՛ լինի։ Եթե գտնենք նրան, անպայման կնվիրեմ քեզ։ Միայն թե խոստացիր, որ չես դնի Չքնաղ Լիլոյի բարձի տակ կամ էլ ուրիշ հիմարություններ չես անի։ Ախր հին է, կեղտոտ, ի՞նչ իմանաս՝ ինչ մանրէներ կան վրան։
«Ահա Ալոիզ պապիկն էլ է մանրէների մասին խոսում, ― մտածեց Երիցուկը։ ― Ճիշտ ու ճիշտ Վոլֆի նման»։ Նա խոստացավ, որ ոչ մի հիմարություն չի անի։ Իսկ մտքում արդեն մի նոր պլան կազմեց․ «Արմատիկ֊Ծերուկին կդնի ցելոֆանե տոպրակի մեջ ու ռեզինով ամուր կկապի։ Ոչ մի մանրէ էլ դուրս չի գա։
==Բայց ո՞ւր է Արմատիկ֊Ծերուկը==
Եվ ահա սկսվեցին Արմատիկ֊Ծերուկի որոնումները։
― Նա այն մեծ պահարանում է, որը գտնվում է ամենամեծ սենյակում, ― ասաց Երիցուկը։ ― Նախնախն ասում է, որ դու այդ պահարանը ոչ մեկին, ոչ մի գնով և երբեք չես վաճառի, որովհետև այնտեղ ապրում է Արմատիկ֊Ծերուկը։
― Եվ նորից քո Նախնախը հիմարություններ է դուրս տալիս, ― փնթփնթաց Ալոիզ պապիկը։ ― Ես այդ պահարանը երբեք չեմ վաճառի, որովհետև սիրում եմ։ Եվ մեկ էլ նրա համար, որ նա նույնքան հին է, որքան այս տունը։ Եթե Արմատիկ֊Ծերուկը իրոք պահարանում է, ուրեմն ամենավերին դարակում է, այնտեղ լիքն է ամեն տեսակ հնոտիներով, որոնք ինձ պետք չեն։ Ես վաղուց է ինչ այդ դարակին հասնել չեմ կարողանում։ Ասենք քեզ համար էլ է չափազանց բարձր։ Եթե նույնիսկ սեղանին բարձրանաս, էլի չես հասնի։
― Արի այդ դեպքում սեղանին աթոռ դնենք։ Գիտե՞ս, ես ինչ լավ եմ մագլցում։ Ֆիզկուլտուրաից ախր միշտ հինգ եմ ստանում։
― Արի փորձենք, ― համաձայնեց Ալոիզ պապիկն ու բացեց սենյակի դուռը։
Երիցուկն նրա ետևից ներս մտավ։
Սենյակում հսկայական մի պահարան կար։ Այնքան լայն ու բարձր էր, որ բռնել էր ամբողջ պատը ու քիչ էր մնում կպչեր առաստաղին։ Եվ վրան գույնզգույն թռչուններ, թիթեռներ ու ծաղիկներ էին նկարված։ Գույները պայծա՜ռ֊պայծառ էին, բոլորովին չէին խունացել։ Այնինչ, այդ պահարանը հենց իրենից՝ Ալոիզ պապիկից էլ ծեր էր։
― Ապա մի լավ նայիր, Երիցուկ, ― ասաց Ալոիզ պապիկը։ ― Այսպիսի գեղեցիկ պահարան դու կյանքումդ չես տեսել։ Ես ամեն օր փետրե ավելով մաքրում եմ փոշին։ Եվ ներսում էլ կարգ ու կանոն է, միայն ամենավերին դարակը, հավանաբար, մի քիչ փոշոտ է։ Հապա նայիր։
Եվ նա բացեց պահարանի դուռը։ Երիցուկը անմիջապես զգաց չորացած խոտերի ու փաղանգամուշկի ծանոթ բույրը։ Այստեղ նաև ծխախոտի թեթև բուրմունք կար։
― Ես կհանեմ, ― ասաց Երիցուկը։ ― Մոտեցնենք սեղանը, խոհանոցի աթոռը դնենք վրան, իսկ դու մի ջնջոց տուր՝ միանգամից փոշին էլ մաքրեմ։
― Հի՛֊հի՛֊հի՛, ― ծիծաղեց Ալոիզ պապիկը։ ― Պարզվում է, գործնական աղջիկ ես։ Սպասիր, ես աթոռը կբռնեմ։
Երիցուկի այտերն այրվում էին, բայց ոչ միայն ջանասիրությունից։ Թուքը կուլ տալիս կոկորդը ցավում էր։ Ծոծրակին ցատկոտում էր գանգուր պոչիկը։ Կանգնելով խախուտ աթոռին, ― դեռ լավ էր, որ Ալոիզ պապիկը պինդ բռնել էր, ― նա կարողացավ աչքի անցկացնել ամենավերին դարակը։ Եվ իրոք, մի քիչ փոշոտ էր, բայց ընդհանրապես դասավորված էր։
Ահա ինչ֊որ մի հին կշեռք՝ բարակ քուղերով կապված նժարներով, իսկ կողքին՝ կշռաքարերի տուփը։
― Ա֊ա՜, կշեռքը, ― ասաց Ալոիզ պապիկը։ ― Սա դեռ այն ժամանակներից է մնացել, երբ Պոսոշոկները մարգագետնում փաղանգամուշկ էին ցանում ու «փաղանգամուշկի ջուր» պատրաստում։ Այդ ժամանակ ես իսկի ծնված էլ չէի, իմ ծնողները՝ նույնպես։ Միայն թե այն ամենը, ինչ նրանք վաստակել են դրանով, շատ շուտ էլ կորցրել են։ Հեռավոր քաղաքից եկած մի ինչ֊որ խոշոր ձեռնարկատեր խաբեությամբ նրանցից իմանում է հոտավետ ջրի պատրաստման եղանակը ու սկսում է ավելի մատչելի գնով վաճառել այն։ Եվ շուտով թյուրինգյան «փաղանգամուշկի ջուրը» դուրս եկավ մոդայից, իսկ Պոսոշոկներն էլ մնացին այն նույն աղքատները, ինչպիսին միշտ եղել էին։ Այդպես եղավ և օգտակար խոտերից պատրաստած բուժիչ թուրմի հետ, խոտերից ու արմատներից մենք՝ Պոսոշոկներս, լավ ենք գլուխ հանում․ չէ՞ որ ի սկզբանե հովիվներ ենք եղել։ Ուզես֊չուզես, պետք է սովորես խոտերն իրարից ջոկել։ Իսկ ա՛յ, փող աշխատել՝ չէ։
Ամեն մի իրի մասին, որ Երիցուկը գտնում էր պահարանի վերին դարակից, Ալոիզ պապիկը մի ամբողջ պատմություն կարող էր պատմել։ Ահա պղնձե հավանգը, որով մի ժամանակ արմտիք ու համեմունք էին ծեծում։
― Քո Նախնախն ուզում էր սա հետը տանել, երբ այստեղից գնում էր, բայց ծանր էր, դժվար էր քարշ տալ․․․
Ահա փայլուն, գունագեղ ջնարակով պատած կավե կճուճներն ու գավաթները։ Եվ գրքերի կույտը։ Գրքերից մեկը կոչվում էր «Խոհարարական առաջարկներ», մյուսը՝ «Բուժիչ դեղատոմսեր»․․․ Մի քրքրված գրքույկ էլ կար՝ «Արմատներ ու խոտաբույսեր», հնամենի «Իմաստուն խոսքերի և ուսանելի պատմությունների օրացույց», «Խաղաթղթերով գուշակություններ անելու ուղեցույց»․․․ Երբ Երիցուկը բարձրաձայն կարդաց այդ վերնագիրը, Ալոիզ պապիկը միայն ասաց «Ըհը՛»։ Բայց Երիցուկը շատ լավ էլ հասկացավ, թե նա ինչը նկատի ուներ։ Հիմա երկուսն էլ իմացան, թե Նախնախն ու նրա ծեր տատիկը որտեղից են քաղել իրենց գերիմաստությունը։
Բայց ո՞ւր է Արմատիկ֊Ծերուկը։
Վերջապես, դարակի ամենահեռավոր անկյունում Երիցուկը գտավ երկարավուն ֆաներայի մի արկղիկ։ Հենց այդ էր, որ կար։ Ահա նա։ Ասես փոքրիկ, նեղլիկ մի դագաղում՝ պառկած էր արկղում՝ չորացած ու չափազանց տգեղ։ Ալոիզ պապիկը նրան լույս աշխարհ հանեց ու, երկու մատով բռնած, պահեց գլխից վեր։
― Հո՜֊հո՜֊հո՜, ― քրքջում էր նա։ ― Վաղեմի ծանո՛թս։ Այ հիմա արդեն քեզ ճանաչեցի։ Այս տարիների ընթացքում, մութ արկղում պառկած, այնքան էլ չես սիրունացել։ Հո՜֊հո՜֊հո՜։ Փոխարենը՝ դու ասպետական տոհմից ես։ Սոխուկների բարեկիրթ ընտանիքից։ Եվ այնտեղ, վերևում ընկած հին, փոշեպատ գրքերից մեկում գրված է, թե դու ի՜նչ կտրիճն ես։ Երևի «Արմատներ և խոտեր» հատորյակում։ Հո֊հո֊հո։ Միշտ էլ եղել են հիմարներ կամ միամիտներ, որոնք ինչի ասես, որ չեն հավատում, ինչեր ասես, որ քեզ չեն վերագրում․ որ իբր դու և՛ վիրավորներին ես պահպանում ռազմի դաշտում, և՛ կանանց ես օգնում երեխաներ ունենալիս, առողջներին պահպանում ես, իսկ հիվանդներին բուժում․ ամեն ինչ ձեռքիցդ գալիս է։ Հիմարներն ու միամիտները չեն վերանում աշխարհից։ Նրանք երեխաներին էլ են վարակում իրենց նախապաշարմունքներով, նույնիսկ ամենախելամիտներին։ Հո՜֊հո՜֊հո՜։ Ճիշտ չեմ ասո՞ւմ, Երիցուկ։ Դե ի՞նչ, այնուամենայնիվ, հետդ կտանե՞ս այս փոշոտ այլանդակին։ Թե՞ գուցե ավելի լավ է գցենք վառարանը, ի՞նչ ես կարծում։
Երիցուկը հազիվ էր զսպում արցունքները։ Դե ինչո՞ւ է այդպես ծաղրում Նախնախին ու Արմատիկ֊Ծերուկին։ Եվ հիմա, երբ Արմատիկ֊Ծերուկը քիչ էր մնում կրակի բաժին դառնար, նա չկարողացավ իրեն զսպել ու լաց եղավ։ Եվ կրկին Ալոիզ պապիկը տեղի տվեց։ Նա, պարզվում է, նույնպես թուլություն ուներ՝ չէր դիմանում փոքրիկների արցունքներին։ Գրպանից հանելով թութունի հոտով ներծծված հսկայական կարմիր թաշկինակը, մաքրեց Երիցուկի աչքերն ու սկսեց հանգստացնել նրան․
― Դե, լավ, լավ, կատակ եմ անում․․․ Արի խնդրենք աստծուց, որ քո Արմատիկ֊Ծերուկը գոնե մի հարյուր տարի էլ ապրի․․․ Համ էլ վառարանի կրակը վաղուց է հանգել, ինքդ նայիր։ Ահա, վերցրու քո այլանդակին, քանի որ նրա համար աշխարհի ծայրն ես հասել։ Միայն տե՛ս, հա՜․ այլևս երբեք չհավատաս Նախնախի հնարանքներին ու սրան չդնես Չքնաղ Լիլոյի բարձի տակ։ Նա առանց դրա էլ ողջ ու առողջ կլինի։ Իսկ գուցե մինչև դու տուն հասնես, փոքրիկն արդեն ծնված լինի, և քո բոլոր սարսափները անտեղի լինեն։ Ա՛յ կտեսնես։
Այսպես, Ալոիզ պապիկը Երիցուկին այնքան հանգստացրեց ու խրատեց, մինչև նա դադարեց հեկեկալ ու խոստացավ ձեռք քաշել Արմատիկ֊Ծերուկի հետ կապված իր հիմար մտադրություններից։ Նա Արմատիկ֊Ծերուկին հանեց արկղից, ― արկղը չափազանց մեծ տեղ կգրավեր սպորտային պայուսակում, ― և փաթաթեց կապույտ մեծ թաշկինակով, որ նվիրել էր Ալոիզ պապիկը։ Հետո մի ցելոֆանե տոպրակ գտավ ու, Արմատիկ֊Ծերուկին այնտեղ խցկելով, դրեց պայուսակի մեջ։
Այս ամենի վրա այնքան ժամանակ ծախսվեց, որ Երիցուկը հասցրեց միայն ոտքի վրա մի բաժակ կաթ խմել ու մի բուտերբրոդ կուլ տալ։ Եվ ահա Ալոիզ պապիկին հրաժեշտ տալու ժամանակն է։ Նա համբուրեց պապիկի ծակծկող սպիտակահեր մորուքը․ շատ էր ափսոսում նրանից բաժանվելու համար․․․
― Ես էլի կգամ, անպայման, ա՛յ կտեսնես․․․
Բայց հանկարծ ինչ֊որ խշշոց լսվեց, ու ժամացույցը խփեց՝ կո՛ւ֊կո՛ւ, կո՛ւ֊կո՛ւ․․․ հինգ անգամ։ Հարկավոր է վազել։
Պարզվեց, որ ճանապարհը գտնելը դժվար չէր։ Սարից հովիտ իջնելով՝ Երիցուկը ձեռքով արեց Ալոիզ պապիկին, իսկ նա, Փաղանգամուշկի մարգագետնի ծայրին կանգնած, անվերջ թափահարում էր կարմիր թաշկինակը։ Բայց հարկավոր էր վազել․․․
Ահա արդեն հեռվից երևում է ջրհանի աշտարակը, ահա և ինքը՝ ջրհանը, և Գյուղական փողոցի շրջադարձը։ Երիցուկը շուտ հասավ կրպակին ու կանգ առավ․ հիմա պետք էր սպասել ավտոբուսի կանգառում․․․ Ահա և ավտոբուսը, որը ժամանեց ու մեկնեց չվացուցակին ճիշտ համապատասխան։