Ահա արդեն հեռվից երևում է ջրհանի աշտարակը, ահա և ինքը՝ ջրհանը, և Գյուղական փողոցի շրջադարձը։ Երիցուկը շուտ հասավ կրպակին ու կանգ առավ․ հիմա պետք էր սպասել ավտոբուսի կանգառում․․․ Ահա և ավտոբուսը, որը ժամանեց ու մեկնեց չվացուցակին ճիշտ համապատասխան։
==Երիցուկի վերջին արկածը==
Լիլո մայրիկի հետ ամեն ինչի մասին կարելի է խոսել։ Ինչ էլ հարցնես նրան, երբեք վրադ չի ծիծաղի ու մանրամասն կբացատրի։ Եվ չկա ավելի վատ բան, քան նրանից գաղտնիք պահելը։ Ով չէ՝ չէ, բայց Երիցուկը դա գիտի։
Երիցուկն ու Լիլոն նստած են մեծ բազկաթոռին՝ պատշգամբի բաց դռան առաջ։ Փոքրիկը քնած է մանկական սենյակում, իսկ Նախնախը մանկասայլակի կողքին նստած՝ հսկում է նրա քունը։ Թեև, ճիշտն ասած, հսկելու կարիք չկար։ Բայց դա նրան ուրախություն էր պատճառում։
Հիմա Նախնախն արդեն իր տնակում մենակ նստած էլ երկար չի սպասում Երիցուկի գալուն։ Երիցուկի հայրիկը ամեն առավոտ իր փոքրիկ մեքենայով, որ վերջերս է գնել, գնում է տատիկի ետևից, իսկ երեկոյան տանում է տուն։ Ցերեկները Նախնախն օգնում է Լիլոյին տան գործերում ու փոքրիկին խնամելիս։ Ինչպես շատ առաջ, երբ Երիցուկը փոքրիկ էր, հիմա էլ Նախնախը իրեն լավագույն կողմերով է դրսևորում։ Բոլոր ծանոթները զարմանում էին․ «Ձեր տարիքո՜ւմ։ Ահա թե ինչպիսին եք դուք։
Իսկ Երիցուկը Լիլոյին պատմում է այն ամենը, ինչ կատարվել էր իր հետ։ Նախնախն ինքը թույլ տվեց, նույնիսկ պատվիրեց։ Երիցուկը անընդհատ կակազում էր, ու այդ ժամանակ Լիլոն պարզապես գլխի էր ընկնում, թե հետո ինչ է եղել, և այսպես քիչ֊քիչ ամեն բան պարզվեց։ Եվ Երիցուկն զգում էր, որ կամաց֊կամաց թեթևանում է, իսկ երբ պատմությունն ավարտին մոտեցավ, նա կրկին դարձավ առաջվա ուրախ ու աշխույժ Երիցուկը։ Ահա ուր որ է կերգի։
Նա արդեն պատմել էր, թե ինչպես Ոսկեսարի ավտոբուսը կանգ առավ կայարանամերձ հրապարակում, այնտեղ, որտեղից սկսվում են բոլոր ավտոբուսային երթուղիները։ Հիմա նա պիտի նստեր Ծիծեռնակադաշտ մեկնող ավտոբուսը։
― Ավտոբուսն արդեն մոտեցավ, ― շարունակեց նա, ― ես կարող էի նստել, բայց չնստեցի։ Շատ էի հոգնել, և՛ կոկորդս էր ցավում, և՛ գլուխս․․․ Եվ անվերջ մտածում էի, մտածում, իսկ մտքերս մի տեսակ ասես թռչում էին գլխիցս ու ցրվում․․․ Միայն թե ինչի մասին էի մտածում, հիմա ինքս էլ չգիտեմ։ Եվ չգիտեմ, թե ինչպես հիշեմ․․․
Լիլոն օգնեց նրան․
― Սպասիր, գուցե ես գուշակե՞մ։ Հավանաբար, դրանք այն մտքերն են, որոնք նախկինում էլ ամբողջ օրը քեզ անհանգստացրել են։ Բայց չէ որ ամեն ինչի մասին միաժամանակ մտածել անհնար է, դե դու էլ քիչ֊քիչ մտածել ես մեկ մի բանի մասին, մեկ ուրիշ։ Իսկ հիմա քեզ թվում է, թե մտքերդ գլխիցդ թռել են։ Դե, բացի դրանից, արդեն այն ժամանակ, հավանաբար, ջերմություն ես ունեցել։
― Բայց ինչի՞ մասին եմ մտածել՝ մեկ մի բանի, մեկ՝ մի ուրիշ։ Մի բան հաստատ գիտեմ․․․ Ես քեզ համար էի վախենում․․․ Դե, հետո է՞լ ինչ էի մտածում։
― Ա՛յ, տեսնո՞ւմ ես, Երիցուկ, մեկը հիշեցիր։ Մեկ էլ դու, հավանաբար, վիճում էիր ինքդ քեզ հետ, որ խաղաթղթերով գուշակությունը հիմարություն է։ Հապա Արմատիկ֊Ծերո՜ւկը։ Ինչպե՜ս էր նրա վրա ծիծաղում Ալոիզ պապիկը։ Գուցե երբեմն մտածում էիր, որ նա ճի՞շտ է։
― Դա դեռ հովտում ու ջրհանի մոտ անցավ մտքովս, միայն թե քեզ համար ունեցածս վախը, միևնույն է, ավելի ուժեղ էր։ Բայց ես էլի ինչ֊որ բան էի մտածում, միայն թե չեմ հիշում, ինչ։
― Գուցե խի՞ղճդ է տանջել։ Չէ՞ որ գիտեիր, թե ինչ իրարանցում կսկսվեր ճամբարում, երբ նկատեին, որ դու անհետացել ես։ Եվ մեկ էլ, գուցե հիշել ես Վոլֆին ու մտածել, որ նրան կսկսեն հարցուփորձ անել․․․
― Իհարկե, հիշել եմ, բայց ես ախր գիտեի, որ նա պառկած է կողաշենքի մեկուսարանում, անգինա էր։ Ուրեմն, նրան հարցուփորձ չէին անի։ Իսկ, ա՛յ, խիղճս իրոք տանջում էր։ Եվ ես վախենում էի ճամբար վերադառնալուց։ Ոչ թե պատժից էի վախենում կամ հուզվում էի, որ նրանք այնտեղ անհանգստանում են, ― չէ որ անմիջապես կտեսնեին, որ ես ողջ֊առողջ եմ, ― այլ ամեն տեսակ հարցերի համար․․․ Այդ մասին մտածելն անգամ սարսափելի էր։ Դե, ի՞նչ կարող էի պատասխանել․․․ Իսկ հիմա հանկարծ հիշեցի, թե ինչից այնքան վախեցա հրապարակում, ամբոխի մեջ, ամբողջ այդ ավտոբուսների արանքում։ «Չէ՞որ ես թուքս կուլ տալ չեմ կարողանում, հավանաբար, անգինայով հիվանդ եմ, ― մտածեցի ես։ ― Նշանակում է՝ հենց ճամբար մտնեմ, ինձ կողաշենքի մեկուսարանում կպառկեցնեն, և չեմ կարողանա փախչել»։ Եվ հենց այդ պահին հանկարծ ինձ թվաց, որ առանց Արմատիկ֊Ծերուկի դու բոլորովին կորած ես․․․ Իսկ հետո ամեն ինչ այնքան արագ կատարվեց, ինչպես երազում։ Մարդկանց բազմությունը կայարանի դռնից ներս խցկվեց, ես էլ նրանց հետ միասին գնացի։ Տոմսարկղի մոտ քիչ մնաց ինձ ճզմեին։ Ինչ֊որ մեկը նույնիսկ գոռաց․ «Դե, կամաց մի քիչ, այստեղ երեխա կա։ Ո՞ւր ես գնում, աղջիկս»։ Հիշում եմ միայն, որ և՛ սպորտային պայուսակն էր ձեռքիս, և՛ դրամապանակս, և՛ տոմսս, իսկ թե ինչպես էր եղել, ինքս էլ չգիտեմ։ Մեկ էլ հիշում եմ, որ արդեն գնացքում եմ, նստել եմ մի անկյունում և շոշափում եմ պայուսակս՝ տեղո՞ւմ է արդյոք Արմատիկ֊Ծերուկը։ Այո, տեղում է․․․ Ինչ֊որ կին նայում է իմ տոմսն ու ասում, որ ինքն էլ է նույն քաղաքը գնում և հարցնում է, թե որտեղ եմ ապրում․․․ Իսկ հետո, հավանաբար, ես ամբողջ ժամանակ քնել եմ։ Այդ կինը ինձ արթնացրեց գիշերը և իր հետ տաքսի նստեցրեց։ Նա նույնիսկ ինձ հետ բարձրացավ աստիճաններով։ Իսկ հայրիկը դուռը բացեց և ուղղակի քարացավ տեղում․․․ Նրանք ինչ֊որ բան խոսեցին, միայն թե ես ոչինչ չհասկացա։ Եվ այդ կինը անմիջապես գնաց։ Հայրիկը ինձ է նայում, ես՝ հայրիկին։ Հարցնում եմ․ «Ո՞ւր է մայրիկը»։ Նա ասում է․ «Ծննդատանն է»։ Հետո ասես ամեն ինչ պտտվեց ու հայրիկն ինձ պառկեցրեց բազմոցին։ Իսկ թե հետո ինչ եղավ, չգիտեմ։
― Իսկ ես կպատմեմ, թե հետո ինչ եղավ, ― ասաց Լիլոն, ― չնայած այնտեղ չեմ եղել։ Հայրիկն ինձ ամեն ինչ մանրամասն պատմել է։ Նա բոլորովին կորցրել է իրեն, չի իմացել, թե ինչից սկսի։ Եվ հանկարծ հնչել է դռան զանգը, ներս է մտել դեղագործը, ետևից էլ՝ նրա կինը, երկուսն էլ փայլում են ուրախությունից՝ շնորհավորում են որդի ունենալու համար։ Զանգահարել է ծննդատան ավագ բուժքույրն ու ասել, որ տղա է ծնվել, և որ մենք՝ ես ու փոքրիկը լավ ենք զգում։ Հայրիկն ուղղակի չի իմացել, լա՞ց լինի, թե ծիծաղի։ Նախ՝ քո անակնկալ հայտնվելը, և այն էլ հիվանդ, իսկ հետո հանկարծ այս նորությունը։ Դեռ լավ էր, որ այստեղ էին դեղագործն ու, մանավանդ նրա կինը։ Դու գիտես, չէ՞, որ նա երբեք գլուխը չի կորցնում, նույնիսկ ամենադժվար րոպեներին։ Եվ հենց այդ պահին սկսվում է մի շիլաշփոթ։ Դու աչքերդ բացում ես, ու ձենդ գլուխդ գցած գոռում․ «Լիլոյին եմ ուզո՜ւմ»։ Դե, նա էլ հասկանում է, որ քեզնից պետք է սկսել։ Մի քանի հարց է տալիս ու պարզում, որ դու ճամբարից փախել ես։ Այնժամ սկսում է կարգադրություններ անել․ դեղագործին ուղարկում է զանգահարելու ճամբար․ այնտեղ, պարզվում է, բոլորն այնքան ցնցված են եղել քո անհետացումից, որ արդեն պատրաստվել են բաց թողնել արհեստական լճակի ջուրը։ Կարծել են, թե խեղդվել ես։ Հետո նրան հայտնել են, որ ճամբարում անգինայի մի քանի դեպք է եղել․․․
― Լիլո մայրիկ, ― ընդհատեց նրան Երիցուկը, ― ախր անգինան հենց այնպես․․․ ուղղակի պատրվակ էր․․․ Հիմա բոլորը կարծում են, թե ես անգինայի պատճառով եմ փախել, որովհետև ջերմության մեջ ինքս էլ չգիտեի, թե ինչ եմ անում․․․ Այնինչ ես հենց նրա համար ճամբար գնացի, որպեսզի Արմատիկ֊Ծերուկին ձեռքս գցեմ ու բերեմ քեզ։ Ես ախր հենց սկսզբից էլ որոշել էի փախչել․․․
― Այո, Երիցուկ, ես գիտեի։ Ուսուցիչ Հերբերտն էլ գիտի, ֆրաու Իրենն էլ, ես նրանց հետ խոսել եմ։ Եվ նրանք նույնպես ինձ հետ համաձայն են, որ չարժե այդ մասին որևէ մեկին պատմել, այ սա արդեն թող գաղտնիք մնա։ Թե չէ բոլորը կծիծաղեն Նախնախի վրա, և ոչ ոք նրան առաջվա պես չի հարգի։ Դե, լսիր պատմեմ, թե հետո ինչ եղավ։ Դեղագործի կինը նայեց կոկորդդ՝ կարմրած ու բորբոքված էր, և անմիջապես որոշեց, որ քեզ հարկավոր է տեղափոխել Պոսոշոկ տատիկի մոտ, իսկ բնակարանը ախտահանել, որպեսզի մանրէներն այստեղ պար չբռնեն, երբ ես ու փոքրիկը տուն գանք։ Ամեն ինչի մասին նա մտածում է։ Դեղագործը քեզ դեղ տվեց, հետո դու քնեցիր և նույնիսկ չզգացիր, թե ինչպես հայրիկը քեզ, սպորտային պայուսակդ կրծքիդ սեղմած․ տեղափոխեց նոր մեքենայի մեջ ու տարավ Նախնախի մոտ։ Հա, իսկ ո՞ւր է պայուսակդ։
Երիցուկը թռավ տեղից ու բերեց պայուսակը։ Ոչ ոք ոչինչ չէր հանել այնտեղից, որովհետև համարյա դատարկ էր։ Երիցուկը հանեց ցելոֆանե տոպրակը ու դրեց Լիլոյի ծնկներին։
― Հապա մի տեսնենք, թե նա ինչպիսին է, ― ասաց Լիլոն։ ― Ինձ շատ է հետաքրքրում։
Նա հանեց ցելոֆանե տոպրակը, բացեց Ալոիզ պապիկի կապույտ մեծ թաշկինակն ու դուրս բերեց Արմատիկ֊Ծերուկին։ Հետո բարձրացրեց վեր, որպեսզի ավելի լավ տեսնի, և հանկարծ նրա հետ կատարվեց նույնը, ինչ Ալոիզ պապիկի հետ․ Լիլոն սկսեց բարձր֊բարձր ծիծաղել։ Ճիշտ է, նրա ծիծաղը բոլորովին ուրիշ էր՝ ոչ թե խռպոտ, «հո՛֊հո՛֊հո՛», այլ ուրախ, զրնգուն և այնպես վարակիչ, որ Երիցուկն էլ սկսեց ուրախ քրքջալ։ Հենց այդ պահին սենյակ մտավ հայրն ու տեսնելով Արմատիկ֊Ծերուկին՝ զարմացած բացականչեց․
― Այս այլանդակի՞ն որտեղից եք գտել։
― Այլանդա՞կ, ― ծիծաղելով հարցրեց Լիլոն։ ― Բոլորովին էլ այլանդակ չէ։ Սա շատ ծիծաղելի է ու զվարճալի․․․ Երիցուկ, դու, ի՛նչ է, չե՞ս տեսնում, թե ում ես բերել։ Չէ՞ որ սա Քաջ Դերձակն է։ Իսկ մենք վաղուց էինք սրան փնտրում։ Շուտ, շուտ այստեղ բեր իմ լաթերի ու գործիքների արկղը։ Հիմա մենք կզբաղվենք սրանով։
Լիլոյի հմուտ ձեռքերում լարերի, մի քանի գույնզգույն լաթերի, սոսնձի ու ներկերի օգնությամբ Արմատիկ֊Ծերուկը կես ժամվա ընթացքում բերանի անկյունները մռայլ կախված, խոժոռ, կնճռապատ մարդուկից վերածվեց հանդուգն, Քաջ Դերձակի։ Նրա ֆրակի տակից ցցվել էին մեծ կոշիկներով երկար, բարակ ոտքերը, և ոչ մեկի մտքով երբեք չէր անցնի, որ դեռ բոլորովին վերջերս դրանք ընդամենը չորացած արմատի երկար շիվեր էին։
==Վերջաբան==
Ահա և Երիցուկի ու Արմատիկ֊Ծերուկի ողջ պատմությունը։ Քաջ Դերձակը հանդիսավորապես բազմեց Լիլոյի՝ մարկում։ Նրան հատուկ արկղիկում պառկեցրին, չնայած ընդհանրապես նրան ոչինչ պատահել չէր կարող՝ լարերն ու սոսնձված լաթերը պինդ էին կպել։
Դպրոցական տիկնիկային խմբակը Քաջ Դերձակի մասին հին ներկայացումը նորից բեմադրեց, այնպես, ինչպես վաղուց արդեն մտածել էր Երիցուկը։ Քաջ դերձակը իր ետևից հրապուրելով ներս է տանում վայրի վարազին ու ինքը պատուհանից դուրս է թռչում։ Եվ երբ թռչում է, բոլորն էլ տեսնում են նրա երկար, բարակ ոտքերն ու բարձր֊բարձր ծիծաղում են։ Եվ նրա դեմքին նայելիս նույնպես ծիծաղում են, այնքան որ ուրախ ու հանդուգն էր նա։ Այժմ նրա բերանի անկյունները ոչ թե կախ էին ընկած, այլ վեր էին ձգված, և բոլորի համար էլ պարզ էր, որ նա ծիծաղում է։ Նա, ով ոչինչ չգիտեր, երբեք մտքով չէր անցնի, թե այս Արմատիկ֊Ծերուկը մարդու տեսքով արմատ է։ Բոլորն էլ ասում էին, որ նա տիկնիկային թատրոնի ամենալավ տիկնիկն է, ամենաուրախ դերասանը։
Բոլորը ծիծաղում էին ու ծափահարում։ Իսկ Քաջ Դերձակը կրկին ու կրկին դուրս էր գալիս վարագույրի ետևից ու գլուխ տալիս հանդիսատեսներին։ Բոլորից ուժեղն Ֆրիդրիխն էր ծափահարում։ Ճիշտ է, եթե Նախնախը մի քիչ ուժ ունենար, Ֆրդիդրիխից էլ բարձր կծափահարեր։ Նրա գլուխը մի քիչ ցնցվում էր, բայց դա ուրախությունից էր՝ իր վաղեմի սիրելիի համար, որը բոլորի կողմից մոռացված Արմատիկ֊Ծերուկից վեր էր ածվել Լիլոյի տիկնիկային թատրոնի երիտասարդ դերասանի և հիմա հանդիսատեսների կողմից ջերմ ընդունելության էր արժանանում։