― Շատ լավ։ Գնանք Իրունյա սրճարան և սկսենք, ― ասացի ես։
==Գլուխ տասնմեկերորդ==
Երբ նախաճաշից հետո ճամպրուկներս ու կարթերն առած դուրս եկանք հյուրանոցից և քայլեցինք դեպի Բուրգետե տանող ավտոբուսը, հրպարակում արևը պարզապես այրում էր։ Ավտոբուսի վերևում արդեն մարդիկ էին նստած, աստիճաններով դեռ էլի շարունակում էին բարձրանալ։ Բիլլը վերև բարձրացավ, Ռոբերտն էլ նստեց նրա կողքին, որպեսզի ինձ համար տեղ գրավի, իսկ ես ետ գնացի հյուրանոց ու մի քանի շիշ գինի վերցրի ճանապարհի համար։ Երբ վերադարձա, ավտոբուսը լեփ֊լեցուն էր։ Ավտոբուսի տանիքին լցված ճամպրուկների և արկղերի վրա ուղևորներ էին նստած, բոլոր կանայք գործի էին դրել իրենց հովհարները։ Չափազանց շոգ էր։ Անտանելի շոգ էր։ Ռոբերտն իջավ, ազատելով ինձ համար պահած տեղը, ու ես տեղավորվեցի միակ փայտե նստարանին, որ ձգվում էր տանիքի ամբողջ երկայնությամբ։
Ռոբերտ Կոնը կամարաշարի ստվերում կանգնած սպասում էր, մինչև մենք կշարժվենք։ Մի բասկ կիսապառկել էր մեր ոտքերի մոտ, գինու տիկը ձեռքին։ Նա տիկը մեկնեց ինձ ու Բիլլին, ու երբ բարձրացրի տիկը, որ խմեմ, բասկը հանկարծ ավտոմեքենայի շչակը հիշեցնող այնպիսի մի ձայն հանեց, որ գինին թափեցի, ու բոլորը ծիծաղեցին։ Նա ներողություն խնդրեց և պնդեց, որ նորից խմեմ։ Քիչ անց նա նորից նույն ձայնը հանեց, և ես նորից հանկարծակիի եկա։ Նա այդ շատ լավ էր կարողանում անել։ Բասկերը շատ ուրախ էին։ Բիլլի հարևանը խոսեց նրա հետ իսպաներեն, սակայն Բիլլը ոչինչ չհասկացավ, ուստի նրան մեկնեց մեր գինիներից մի շիշ։ Հարևանը հրաժարվեց, ասաց, որ շատ շոգ է, ու չափազանց շատ է խմել նախաճաշին։ Երբ Բիլլը երկրորդ անգամ մեկնեց նրան շիշը, նա մի մեծ կում արեց, հետո շիշը ձեռքից ձեռք անցավ ավտոբուսի մեր նստած մասում։ Ամեն մեկը քաղաքավարի կերպով մի կում էր անում, հետո նրանք ստիպեցին մեզ շիշը փակել և պահել։ Նրանք ուզում էին, որ մենք խմենք իրենց կաշվե տիկերից, և բոլորն իրար առաջ կտրելով մեզ էին մեկնում իրենց տիկերը։ Նրանք բոլորն էլ գյուղացիներ էին, գնում էին լեռներ։
Վերջապես, երբ ազդանաշանը նմանակող բասկը մի երկու անգամ էլ մեզ խաբեց, ավտոբուսը շարժվեց, և Ռոբերտ Կոնը ձեռքով արեց մեզ հրաժեշտ տալով, բոլոր բասկերը ձեռքով արեցին նրան ի պատասխան։ Հենց որ դուրս եկանք քաղաքից, եղանակը ցրտեց։ Հաճելի էր այդպես բարձր նստած անցնել հենց ծառերի տակով։ Ճանապարհի այդ մասում վայրեջք էր, ավտոբուսը բավական արագ էր գնում՝ փոշու ամպ բարձրացնելով, և փոշին նստում էր ծառերին, իսկ տերևների արանքից երևում էր քաղաքը, որ մնացել էր ետևում՝ գետի վրայի զառիվներին։ Ծնկներիս հենված բասկը, որ կիսապառկած էր, տիկի բերանով ցույց տվեց քաղաքն ու աչքով արեց ինձ։ Հետո գլխով ցույց տալով, հարցրեց․
― Գեղեցիկ է, չէ։
― Լավ մարդիկ են այս բասկերը, ― ասաց Բիլլը։
Ոտքերիս հենված բասկի մաշկը արևից թամբի գույն էր ստացել։ Նրա հագին, ինչպես և մյուս բոլոր բասկերի հագին սև վերնաշապիկ էր։ Արևարարված վիզն ակոսված էր կնճիռներով։ Նա շրջվեց և Բիլլին մեկնեց իր գինու տիկը։ Բիլլը նրան մեկնեց մեր շշերից մեկը։ Բասկը ցուցամատը թափ տվեց Բիլլի քթի առաջ և վերադարձրեց նրան շիշը, ձեռքի ափով փակելով շշի բերանը։ Նա ցած դրեց գինու տիկը։
― Arriba! Arriba!<ref>Ավելի բարձր (իսպ․)։</ref> ― ասաց նա։ ― Բարձրացրեք։
Բիլլը տիկը բարձրացրեց և, գլուխը ետ գցելով, բերանը մոտեցրեց գինու շիթին։ Երբ խմելը վերջացրեց ու տիկը ցած դրեց, գինու շիթ էր հոսում նրա կզակից։
― Ոչ, ոչ, ― խոսեցին բասկերը։ ― Այդպես չէ։
Ինչ֊որ մեկը տիկը խլեց տիրոջ ձեռքից, որն ինքն էր պատրաստվում ցույց տալ, թե ինչպես պետք է խմել։ Տիկը խլողը երիտասարդ էր, նա տիկը բռնեց, գլխից վեր բարձրացրեց ու ամուր սեղմեց այնպես, որ գինին ֆշշալով լցվեց բերանը։ Նա տիկն իրենից հեռու էր պահել, գինու շիթը թեք հետագիծ գծելով լցվում էր նրա բերանը, և նա կուլ էր տալիս հանգիստ չափով։
― Հե՜յ, ― ձայն տվեց գինու տերը, ― էդ ո՞ւմ գինին ես խմում։
Տղան նրան ի պատասխան ճկույթը թափահարեց և ժպտաց մեզ աչքերով։ Հետո, տիկի բերանը վեր բարձրացնելով նա միանգամից կանգնեցրեց շիթը և տիկը ցած դրեց ու տվեց տիրոջը։ Նա աչքով արեց մեզ բոլորիս։ Տիկի տերը տխուր թափահարեց տիկը։
Մտանք ինչ֊որ մի գյուղ, կանգ առանք պանդոկի մոտ և վարորդը մի քանի փոստային կապոցներ վերցրեց։ Հետո շարունակեցինք մեր ճամփան։ Գյուղից դուրս գալով ճանապարհն սկսեց դեպի վեր բարձրանալ։ Անցնում էինք ֆերմաների միջով, շուրջը ցանված արտեր էին ու շեշտակի թեքությամբ դեպի այդ արտերն էին իջնում քարքարոտ զառիվայրերը։ Հացահատիկի հասկերը վեր էին սողում այդ զառիվայրերի մեջ։ Հիմա, երբ մենք ավելի վեր էինք բարձրացել, քամին ավելի ուժեղ էր ծփում հասկերը։ Ճանապարհը սպիտակ էր և փոշոտ, անիվների տակից փոշին բարձրանում էր ու մնում կանգնած օդում, մեր ետևում։ Ճանապարհը շարունակ բարձրանում էր դեպի լեռներ, և ծաղկած դաշտերը մնում էին ցածում։ Այժմ միայն մերթընդմերթ երևում էին մանր֊մանր արտեր գետի երկու կողմերում բարձրացող սարերի լերկ լանջերին։ Մեքենան կտրուկ քշվեց դեպի ճանապարհի եզրը, որպեսզի ճամփա տա լծված ջորիներին․ վեց ջորի մեկը մեկի ետևից շարժվելով քարշ էին տալիս բարձր, ապրանքով լցված սայլը։ Սայլն ու ջորիները փոշու մեջ կորած էին։ Առաջին սայլից հետո շարժվում էր նորից ջորիներ լծված երկրորդ սայլը։ Դրա մեջ փայտ էր լցված, և երբ մենք անցնում էինք կողքից, սայլապանը կռացավ ու փայտե արգելակող քոթուկները դրեց սայլի անիվների տակ։ Այստեղ տեղանքը բոլորովին լերկ էր, լանջերը քարքարոտ, կավը կոշտացել էր ու ակոսվել անձրևներից։
Ճանապարհի դարձումից հետո հանկարծ մեր առջև բացվեց մի կանաչ հովիտ, որի միջով գետակ էր անցնում։ Գյուղը փռված էր գետի աջ և ձախ կողմերում, խաղողի վազերը գրեթե տների բարձրության էին։
Ավտոբուսը կանգնեց մի կրպակի առաջ և ուղևորներից շատերը իջան, ավտոբուսի տանիքին տեղավորված բեռների մի մասը դուրս քաշեցին բրեզենտի տակից ու ցած իջեցրին։ Ես և Բիլլը նույնպես իջանք և մտանք կրպակ։ Դա մի ցածրառաստաղ, կիսամութ սենյակ էր, առաստաղից կախված էին թամբեր և լծասարքեր, սպիտակ փայտե եղաններ, պարանից ներբանով պարուսինե կոշիկներ, ապխտած խոզի միս և ճարպ, թելին շարված սխտոր, երկար երշիկներ։ Այստեղ զով էր ու կիսամութ, կանգնել էինք երկար փայտե վաճառասեղանի մոտ, որի ետև երկու կին գինի էին վաճառում։ Վաճառասեղանի ետևում գտնվող դարակներին դարսված էին ուտելիքներ և զանազան ապրանքներ։
Խմեցինք մի֊մի բաժակ aguardiente,<ref>Օղի (իսպ․)։</ref> վճարելով քառասուն սենտիմո երկու ըմպանակի համար։ Ես կնոջը տվեցի հիսուն սենտիմո, որ նա իր համար թեյանվեր վերցնի, սակայն նա վերադարձրեց մանրոնը, ենթադրելով, թե գինը չեմ լսել։
Մեզ հետ ճամփորդող բասկերից երկուսը ներս մտան և անպայման ուզեցին մեզ հյուրասիրել։ Նրանք գինի գնեցին, հետո մենք հյուրասիրեցինք նրանց, նրանք թփթփացրին մեր ուսերին և մի անգամ էլ մեզ հյուրասիրեցին։ Հետո մենք նորից մի շիշ գնեցինք և հյուրասիրեցինք նրանց, որից հետո բոլորս միասին դուրս եկանք այրող արևի տակ ու նորից բարձրացանք մեր ավտոբուսի տանիքը։ Հիմա բոլորի համար էլ բավականաչափ տեղ կար, և այն բասկը, որ առաջ պառկած էր երկաթյա տանիքին, տեղավորվել էր իմ և Բիլլի միջև։ Մեզ համար օղի լցնող կինը դուրս եկավ կրպակից, ձեռները գոգնոցով սրբելով, խոսեց ավտոբուսում նստած ինչ֊որ մեկի հետ։ Դուրս եկավ և վարորդը, երկու դատարկ փոստային պայուսակ բռնած, բարձրացավ իր տեղը, ու ձեռքներս թափահարելով և հրաժեշտ տալով բոլորին, մենք շարժվեցինք։
Կանաչ հովիտը իսկույն մնաց ետևում, և մենք նորից լեռներում էինք։ Բիլլը զրուցում էր բասկի հետ, որ գինու տիկ ուներ։ Մեկը նստարանի թիկնակի ետևից թեքվեց դեպի մեզ և հարցրեց անգլերեն․
― Դուք ամերիկացինե՞ր եք։
― Այո։
― Ես այնտեղ ապրել եմ, ― ասաց նա։ ― Քառասուն տարի առաջ։
Խոսողը մի ծերուկ էր, բոլորի նման թխամաշկ։ Ճերմակ խոզանամորուքով։
― Էհ, և ի՞նչ։
― Ի՞նչ ասացիք։
― Ամերիկան ինչպե՞ս էր։
― Օհ, ես Կալիֆորնիայում էի։ Հիանալի էր։
― Հապա ինչո՞ւ այնտեղից մեկնեցիք։
― Ի՞նչ ասացիք։
― Ինչո՞ւ վերադարձաք։
― Օհ, վերադարձա, որպեսզի ամուսնանամ։ Մտադիր էի նորից գնալ, բայց կինս չի սիրում ճամփորդել։ Դուք որտեղի՞ց եք։
― Քանզաս֊Սիթիից։
― Ես այնտեղ եղել եմ, ― ասաց նա։ ― Եղել եմ Չիկագոյում, Սենթ֊Լուիսում, Քանզաս֊Սիթիում, Դենվերում, Լոս֊Անջելոսում, Սոլթ֊Լեյք֊Սիթիում։ Նա ջանադրորեն թվարկում էր բոլոր քաղաքները։
― Ամերիկայում շա՞տ եք ապրել։
― Տասնհինգ տարի։ Հետո վերադարձա ու ամուսնացա։
― Խմե՞նք։
― Խմենք, ― ասաց նա։ ― Ա՜յ սա Ամերիկայում չես գտնի, չէ՞։
― Ինչքան ուզես կա, միայն փող ունենաս։
― Իսկ ինչո՞ւ եք եկել այստեղ։
― Եկել ենք Փամփլոնա, ֆիեստան նայելու։
― Ցլամարտ սիրո՞ւմ եք։
― Իհարկե։ Իսկ դո՞ւք։
― Այո, ― ասաց նա։ ― Թերևս սիրում եմ։ ― Հետո, քիչ անց, նորից հարց տվեց․ ― Իսկ հիմա ո՞ւր եք գնում։
― Բուրգետե, ձուկ բռնելու։
― Դե, ― ասաց նա, ― հուսով եմ, որ կհաջողվի ձուկ բռնել։
Նա սեղմեց իմ ու Բիլլի ձեռքերը, հետո նորից մեջքը դարձրեց ինձ։ Մյուս բասկերը նայում էին նրան հարգանքով։ Նա հարմար տեղավորվեց, և երբ գլուխս շրջեցի, որ նայեմ բնությանը, ժպտաց ինձ։
Սակայն ամերիկացիների հետ խոսելու համար թափած ջանքերը, երևում է, հոգնեցրել էին նրան։ Նա այլևս ոչ մի խոսք չասաց։
Ճանապարհը շարունակ դեպի վեր էր բարձրանում։ Տեղանքը մերկ էր, կավահող, այս ու այն կողմ քարեր էին ցցված։ Ճանապարհաեզրին խոտ էր աճում։ Ետ նայելով, տեսնում էինք միայն ներքևում սփռված հովիտը։ Հեռվում, սարալանջերում երևում էին դաշտերի կանաչ, և շագանակագույն քառակուսիները։ Հորիզոնը փակում էին լեռները՝ գորշ, տարօրինակ ուրվագծերով։ Մեր բարձրանալուն հետ, շրջապատի պատկերը փոխվում էր։ Ավտոբուսը, դանդաղ վեր էր սողում զառիվեր ճանապարհով, և հարավում երևում էին նոր լեռներ։ Հետո ճանապարհը սկսեց ցած իջնել, հավասարվեց և մտավ անտառ։ Դա խցանի կաղնու անտառ էր, և արևի ճառագայթները խրձերով ներս էին թափանցում տերևների արանքից, իսկ անտառի խորքում, ծառերի տակ արածում էին անասուններ։ Հետո դուրս եկանք անտառից, ճանապարհը նորից սկսեց բարձրանալ, և մեր առջև բացվեց ալիքաձև կանաչ հարթավայր, որի ետևում վեր էին խոյանում մու լեռները։ Դրանք նման չէին շագանակագույն, արևից կիզված այն լեռներին, որ մնացին ետևում։ Դրանք ծածկված էին անտառով, որի գլխին իջնում էին ամպերը։ Ցանկապատներով կտրատված կանաչ հովիտը տարածվում էր հեռու, և այն հարավից դեպի հյուսիս կտրող ճանապարհը սպիտակին էր տալիս հովիտը երկու կողմից եզերող ծառերի մեջ։ Երբ հասանք բարձրունքի գագաթին, մեր առջև բացվեցին Բուրգետեի կարմիր տանիքներով սպիտակ տները, որ շարվել էին հարթավայրում, իսկ նրանց ետևում, ամենամթին լեռան բարձունքին փայլեց Ռոնսեվալի վանքի գորշ թիթեղյա տանիքը։
― Ահա Ռոնսեվալը, ― ասացի ես։
― Ո՞ւր է։
― Նայիր, այնտեղ, որտեղից սկսվում են լեռները։
― Այստեղ ցուրտ է, ― ասաց Բիլլը։
― Այո, այստեղ շատ բարձր է, ― ասացի։ ― Հավանաբար մի հազար երկու հարյուր մետր կլինի։
― Սարսափելի ցուրտ է, ― ասաց Բիլլը։
Ավտոբուսը իջավ դեպի ուղիղ ու հարթ ճանապարհը, որ տանում էր Բուրգետե։ Մենք անցանք խաչմերուկը և հետո գետի վրայի կամուրջը։ Բուրգետեի տները շարված էին ճանապարհի երկու կողմերում։ Նրբանցքներ չկային։ Ավտոբուսն անցավ եկեղեցու մոտով և կանգ առավ։ Իջանք ավտոբուսից, վարորդը տվեց մեզ մեր ճամպրուկները և կարթերը։ Մեզ մոտեցավ մի կարաբիներ եռանկյունի գլխարկով, դեղին փոկերը խաչաձև կապած։
― Ի՞նչ է այստեղ։
Նա ցույց տվեց կարթերը, որ պարկի մեջ էին։ Ես պարկը բացեցի և ցույց տվեցի։ Նա պահանջեց ներկայացնել ձուկ որսալու մեր թույլտվությունը, որը ես ներկայացրի։ Կարաբիները նայեց ամսաթվին ու ձեռքով նշան արեց շարժվելու։
― Ամեն ինչ կարգի՞ն է, ― հարցրի ես։
― Այո։ Իհարկե։
Դեպի հյուրանոց քայլեցինք սպիտակեցրած տների մոտով, որոնց շեմքերին մարդիկ ուղղակի ընտանիքներով նստոտած նայում էին մեզ։
Հյուրանոցի տիրուհին, մի գեր կին, մեզ ընդառաջ դուրս եկավ խոհանոցից և ձեռքով բարևեց։ Հանեց ակնոցը, սրբեց և նորից դրեց։ Հյուրանոցում շատ ցուրտ էր և դրսում էլ սկսում էր քամի բարձրանալ։ Կինը սպասուհուն մեզ հետ վերև ուղարկեց, որ ցույց տա մեր սենյակը։ Սենյակում դրված էին երկու մահճակալ, պահարան, լվացարան և մեծ շրջանակի մեջ մի փորագրանկար Nuestra Senora de Roncesvalles,<ref>Ռոնսեվալի աստվածամայր (իսպ․)։</ref>
Պատուհանի փակողափեղկերը դռդռում էին քամուց։ Սենյակը հյուրանոցի հյուսիսային կողմում էր։ Մենք լվացվեցինք, հագանք սվիտերներ և իջանք ճաշասենյակ Սա քարե հատակով ցածրառաստաղ մի սենյակ էր, որի պատերը կաղնեփայտով երեսպատված։ Փակոցափեղկերն արդեն ծածկել էին, սակայն սենյակում այնքան ցուրտ էր, որ մեր բերաններից գոլորշի էր բարձրանում։
― Տե՜ր աստված, ― ասաց Բիլլը, ― մի՞թե վաղն էլ այսպես ցուրտ կլինի։ Այս եղանակին ես գետ մտնողը չեմ։
Սենյակի հեռավոր անկյունում, փայտե սեղանների ետև դաշնամուր էր դրված, Բիլլը մոտեցավ և սկսեց նվագել։
― Նվագում եմ, որ տաքանամ, ― ասաց նա։
Դուրս եկա, որ գտնեմ հյուրանոցատիրուհուն ու հարցնեմ նրան, թե ինչքան պետք է վճարենք սենյակի և ուտելու համար։ Նա ձեռքերը ծալեց գոգնոցի տակ և ասաց, առանց ինձ նայելու։
― Տասներկու պեսետ։
― Ի՞նչ եք ասում, մենք Փարիզում ենք այդքան վճարել։
Նա ոչինչ չասաց, միայն հանեց ակնոցն ու սրբեց գոգնոցի ծայրով։
― Դա շատ թանկ է, ― ասացի ես։ ― Մենք նույնիսկ մեծ հյուրանոցում դրանից ավել չենք վճարել։
― Մենք լողարան ենք սարքել։
― Իսկ ավելի էժան սենյակներ չունե՞ք։
― Ամռանը չունենք։ Հիմա ամենալավ ժամանակն է։
Հյուրանոցում մեզնից բացի ոչ ոք չկար։ Ոչինչ, մտածեսցի ես, ընդամենը մի քանի օր ենք մնալու։
― Գինու փողը մտնո՞ւմ է դրա մեջ։
― Անշուշտ։
― Լավ, ― ասացի։ ― Համաձայն եմ։
Վերադարձա Բիլլի մոտ։ Նա բերանից գոլորշի արձակեց, որպեսզի ցույց տա, թե որքան ցուրտ է, և շարունակեց նվագել։ Նստեցի սեղաններից մեկի մոտ ու սկսեցի նայել պատից կախված նկարներին։ Մեկի վրա ճագարներ էին, մեռած, մյուսի վրա նույնպես մեռած փասիաններ, երրորդի վրա բադեր էին, մեռած։ Բոլոր նկարները մթնած էին, ասես ծխահարված։ Բուֆետի վրա շարված էին խմիչքների շշեր։ Մեկ առ մեկ նայեցի դրանք։ Բիլլը դեռ նվագում էր։
― Ի՞նչ կարծիքի ես, տաք ռոմով պունշ չխմե՞նք, ― հարցրեց նա։ ― Միայն նվագելով շատ չես տաքանա։
Դուրս եկա և բացատրեցի հյուրանոցատիրուհուն, թե ինչ բան է ռոմով պունշը և ինչպես պետք է այն պատրաստել։ Քիչ անց սպասուհին սենյակ բերեց քարե մի սափոր, որից գոլորշի էր բարձրանում։ Բիլլը դաշնամուրից հեռացավ և սկսեց խմել տաք պունշն ու ականջ դնել քամու գվվոցին։
― Ռոմը պակաս է։
Մոտեցա բուֆետին, վերցրի ռոմի մի շիշ և կես բաժակ լցրի սափորի մեջ։
― Ինքնակամ, ― ասաց Բիլլը։ ― Ի խախտումն օրենսդրության։
Ներս մտավ սպասուհին և սկսեց ընթրիքի սեղան գցել։
― Այստեղ սոսկալի փչում է, ― ասաց Բիլլը։
Աղջիկը բերեց մի մեծ աման բանջարեղենով սուպ և գինի։ Որպես երկրորդ տվեցին տապակած իշխան, հետո շոգեխաշած միս և մի մեծ ամանով վայրի մորի։ Գինին չէինք խնայում, և սպասուհին մի քիչ շփոթված, բայց պատրաստակամ բերում էր։ Ծեր հյուրանոցատիրուհին մի անգամ ներս մտավ ճաշասենյակ և հաշվեց դատարկ շշերը։
Ընթրիքից հետո բարձրացանք մեր սենյակ և ծխում ու կարդում էինք անկողնում պառկած, որպեսզի տաքանանք։ Գիշերը արթնացա ու լսեցի քամու ոռնոցը։ Հաճելի էր տաք անկողնում պառկել։