Changes

Քռիկի բաղարջ

Ավելացվել է 13 651 բայտ, 13:20, 24 Սեպտեմբերի 2017
Նոր էջ «ՔՌԻԿԻ ԲԱՂԱՐՋ Պախթիարի ջաղացքին ջաղացպանը՝ Լեռնոն, չէր հասկնար, թե ինչո՞ւ օրե օր ուժե կիյնար: Հիվա...»:
ՔՌԻԿԻ ԲԱՂԱՐՋ

Պախթիարի ջաղացքին ջաղացպանը՝ Լեռնոն, չէր հասկնար, թե ինչո՞ւ օրե օր ուժե կիյնար: Հիվանդ չէր, տեղ մը չէր ցավեր, հիվանդություն մը չքաշեց, ի՞նչ կըլլար իրեն։
Կերած են ըսեր, ամեն ատենվան կերածն էր։ Ջաղացպան մը ի՞նչ կուտե
Բաղարջ կեփե ու կուտե։ Իր խելքովը ադ տարի նույնիսկ ավելի աղեկ պետք էր ըլլար, ինչու որ՝ ավելի ուժատու բաներ կերավ: Շաբաթը քանի անգամ քյոմպե, պաճլըմաճ եկավ իրեն։ Շապան աղային կինը, Թամամ խաթունը, որ հացատեր կին էր ու ջաղացքին ամենեն մոտ դրացին էր, ամեն անգամ որ թևերը սոթտեց, նստավ, ու յուղոտ պաճլըմաճ բացավ, թոռներուն հետ իրեն ալ ղրկեց։ Ասոնցմե զատ՝ ադ տարի ամեն օր քռիկի բաղարջ եղավ կերածը։ Ինչ ալ չըլար, սովորական կարմիր ցորենի բաղարջեն ավելի սննդարար չէ՞ր քռիկ ցորենի ալյուրին ճերմակ բաղարջը։
Բայց ի՛նչ կուզեք ըսեք, պատճառը ինչեն կուզեր ըլլար, զինքը մտատանջողը ան էր, որ ինք աղեկ չէր ըլլար։ Ատոր համար ձեռքը բանի մը
զարնելը չէր գար, եռանդը մարեր էր ներսը։ Կերելիսի պեկերը, Մահմուտ պեկը, եղբայրը՝ Քյուչյուք աղան լուր ղրկեցին, որ ամեն տարվան պես՝ իրենց Մաթիի, Կոնտոսիի գետերուն ջաղացքները երթար, երկանաքարերուն կռանը ըներ։ Ականջի ետև նետեց, չպատասխանեց, չգնաց, մինչև որ Քյուչյուք աղան ինք եկավ. հասկցավ, որ չպիտի ըլլար, չկրցավ մերժել ու ակամա գնաց։
Ետ դառնալուն՝ Ղըզըլղալեի Համիտ պեկին ղոնախին առջևեն անցավ, Համիտ պեկը տեսավ պատուհանեն զինքը, կանչեց ու ցերեկվան ճաշի վար դրավ։ Ամառվան նստած մեծ սենյակը, սեղանը պատրաստեցին, պղնձե մեծ ափսեներու մեջ հավանաթ բերին, ետևեն զառավաթ բերին։ Մարդ հավանաթը կամ զառավաթը չուտե՞ր։ Շատ ստիպեցին, հազիվ մեկ քանի ական պատառ առավ։ Շիտկե շիտակ չնայեցավ անգամ Զարի խանումին, պեկին կնոջը, որ այրերեն ամենևին չէր պահվեր, բարի եկեր ես ըսավ իրեն, ու երկայն զութնի էնթարիով քանի անգամ անցավ դարձավ առաջքեն: Մինչդեռ, գավառին բոլոր այրերուն պես, հիանալեն ավելի՝ պաշտելու պես կնայեր անոր: Առջի տարի ձի հեծած, ջաղացք եկած էր իրենց աղոնին օրը, միջոց մը անանկ եղավ, որ աղախինները չկային, անպարը ալյուրով լեցված էր, պարպել պետք էր. Զարի խանումը ինք բացավ պարկին բերանը ու մոտեցուց, շունչ շունչի եկան, հուզումեն ինքզինքը կորսնցուց, թիով ալյուրը պարկը պարպելու տեղ դուրսը թափեց:
Մինակ Զարի խանումին չէ. Ամեն տարվան պես՝ այդ տարի կալերը ներս առնվելե վերջ ջաղացքը ծփաց աղոնի համար եկող կիներով։ Ասոնք գրաստ չունենալով, շալակով իրենց ցորենները կբերեին, կարգի կսպա֊սեին, կաղային ու, նորեն շալկելով, իրենց տուները կդառնային: Ասոնց մեջ Պանտրայեն եկող երկու ներեր կային, պզտիկեն շատ կախորժեր, որովհետև իր քենիին հարսին՝ Վերիթաղցի Վարդոյին, շատ կնմաներ: Սեփ-սև աչքերը, սեփ-սև հոնքերը, դեմքին կլորությունը, հապա այտերուն զատկական հավկիթի պես կարմրությո՞ւնը, հապա նայվա՞ծքը, հապա գլգլալով խնդալը, իսկ և իսկ ան էր: Լեռնո ամենուն պատմած էր,ամեն կին գիտեր, որ իրեն հետ խոսած ատեն «Լեռնո դայի, սենին, Վարդոն, սենին Վերիթաղլըն» կըսեին անոր համար։ Ադ տարի ամենքը զարմացան, որ Լեռնո բնավ չհետաքրքրվեցավ իր պանտրմացի Վարդոյով. հասկնալ ուզեցին՝ ու չպատասխանեց։
Առտվընե մինչև իրիկուն ամեն օր ան իր հիվանդութենեն զատ ուրիշ բանի վրա չէր խորհեր, ու չէր գիտեր, թե ի՞նչ ըներ, որ աղեկնար: Որու որ հարցուր.
— Վախ է, դուն վախցած ես,— ըսին։
Չէր համոզվեր ու ալ ավելի կմտմտար:
Ղըրլանղըճ ուշաղիները եկան ու անցան։ Ասոնք հինգ-վեց հոգինոց խումբերով կըլլային միշտ, ամենքն ալ ձիավոր։ Իրենց ըսածին նայելով՝ Մարաշի կողմերեն կագային, ամենքն ալ սև, միօրինակ ակնոցներ կկրեին, ու սրածայր, սև գլխանոցներով էին։ Մարդ մինակ ըլլար, ամայի տեղ մը հանդիպելու ըլլար անոնց, ավազակախումբ մը կկարծեր ու լեղապատառ կըլլար, բայց, իրենց հայտարարությունով, ամենքն ալ բժիշկ էին, աչքի ցավի օճախներու կպատկանեին, աչքի հիվանդությունները կդարմանեին։ Միշտ այս եղանակին, կալերե վերջ կհայտնվեին, երբ ամառվան, կամ կալերու փոշիներեն կըլլար, ի՞նչ կըլլար, աչքի ցավերը կշատնային, ու գավառե գավառ կշրջեին։ Իրենց ձիերեն երբեք չէին իջնար, դարմանումը ձիերու վրա նստած կընեին, սև հեղուկ մը, կկաթեցնեին՝ որուն աչքը որ կցավեր, ու աչքը անմիջապես դեփ-դեղին կըլլար։ Լեռնո անոնց ալ հարցուց ու, զարմանալի բան, անոնք ալ ամենուն ըսածը ըսին:
- Դուն քու վախնալդ չես գիտեր, քունիդ մեջ վախցեր ես,— ավելցուցին։
Ղարակապանի ճիշտ դիմացը, Ճոկի գյուղեն վեր, սարեվանդի մը վրա, Ճոկի պապային զիարեթը կա: Սարևանդը համակ կապարագույն ժայռերե կազմված է։ Զիարեթը պատ անգամ չունի, ավելի ճիշտը՝ մարդկային ձեռակերտի հետին նշանը անգամ չկա, չորս անջատ ժայռեր են, իսկ անմիջապես անդին, մեկ կարգի վրա ու լեռան մեջ թաղված երեք ժայռեր շարված են, որոնց գագաթները միայն կտեսնվին։ Երեք տետեներու
գերեզմաններ են՝ կըսեն ատոնց համար, թեև գերեզմաններու ամենևին
նմանություն չունին։ Ադ գերեզմանները գացողը, բժշկություն խնդրողը, եթե վախի հիվանդութենե կտառապի, անպայման կբժշկվի: Առտվան մը դեմ, լուսուն աստղը դեռ նոր կծագեր, Քերվան Ղըռանը Ղարապապայի զիարեթին հավասարությանը եկած էր, Լեռնո հոն հասավ։ Երեք անգամ զիարեթին ու գերեզմաններուն շուրջը դարձավ, յուրաքանչյուրին առաջքեն, գետինեն ծռեցավ ու երեք մատերով որչափ կբռնվի, ճոկ, այսինքն՝ ուխտի ավազ առավ, կերավ ու մեկնեցավ։ Օգուտ մը չգտավ։ Հիվանդությունը չանցավ։
Ցերեկ մը ջաղացքը աղոն չկար, աշնանավերջի արևին մեջ, մինակը, դուռը նստեր էր, կռնակը պատին տվեր՝ կմրափեր, երբ հանկարծ աչքերը բացավ ու սահմռկեցավ։
Մեկը կայներ էր դիմացը, քրքումի գույն մորուքով, ու ի՜նչ մանր աչքեր ուներ։ Մարդը մոտեցավ իրեն։
- Հասկցա, մեկեն տեսար իս, ատոր համար վախցար, մի՛ վախնար, մի՛ վախնար,— ըսավ,— ես օտարական չեմ։ Դուն Լեռնոն չե՞ս։ Քու բուն անունդ Ավետ չէ՞։ Հասակդ երկայն ըլլալուն համար չէ՞, որ Լեռնո կկանչեն քեզի։
- Այո,— ըսել փորձեց Լեռնո, բայց չկրցավ։
Մարդը նորեն ժպտեցավ, մորուքին պես դեղին ժպիտով մը։
- Տես, ինչպե՞ս քեզ գիտեմ, դուն իս ճանչցա՞ր։
Լեռնո չէր գիտեր ի՞նչ ըսեր, այո՞, թե՝ ոչ։
- Հարյուր անգամ ալ ջաղացքդ չե՞մ եկեր։ Ավանը չե՞ս գիտեր դուն։ Ես ավանցի չե՞մ։
Լեռնո նորեն շփոթեցավ։ Իսկ մարդը շարունակեց ժպտիլ։
— Համիտ պեկին ղոնախը զառավաթը ինչո՞ւ չկերար։ Ինչո՞ւ չնայեցար Զարի խանումին։ Էրտեմշեցի Թելո պեկին հարսեն՝ Ճեննեթ խանումեն, ավելի գեղանի է, դուն չէի՞ր ըսեր։ Հասուն ցորեններու չհնձված արտերուն երեսը կարմրավուն գոլորշիի մը պես մոն մը կըլլա, նայելու ըլլաս վրան՝ աչքերդ կառնեն, ադ մոնին նմանցնողը դուն չէի՞ր, անոր երեսներուն գույնը: Սարը Չիչեքի մեղրին մեջ, արևին որ բռնես, շաղվիղք մը կերևնա՝ ոչ դեղին, ոչ հակինթի գույն է. թե դեղին է, թե հակինթի գույն է, անոր ծամերուն, թարթիչներուն գույնը անկե է, դուն չէի՞ր ըսողը:
Պահ մը ընդհատեց, նորեն շարունակեց.
- Աս տարի Պանտրայեն եկող երկու ներերեն պզտիկով ինչո՞ւ չհետաքրքրվեցար, հետը ինչո՞ւ չխոսեցար։ Քենիիդ հարսին՝ Վերիթաղցի Վարդոյին հետ դուն չէի՞ր բաղդատողը։ Աչքերը, հոնքերը, դեմքին բոլորակը, այտերուն կարմիրը, շուրթերուն տորոնը, հապա՞ նայվածքը, հապա՞
գլգլցնելով խնդալը, իսկ և իսկ նույնը չէ՞ր գար քեզի։ Թող որ Զարի խանումին ըլլա, թե պանտրացի հարսին ըլլա, ընելիք բան մը չունեիր դուն: Քու սիրտդ խելոք չէր կենար. ան ըսել կուտար քեզի ասոնք։ Շիտակ չէ՞ ըսածս։
Լեռնո շրթերը շարժեց, չկրցավ պատասխանել։
— Ես գիտեմ՝ դուն ինչո՞ւ աս տարի ամեն բանե պաղեր ես։ Դուն հիվանդ ես։ Ինչո՞ւ ատանկ չոքեր ես։ Ո՞ւր է իմ գիտցած Լեռնnս, լեռան պես, անունիդ պես մարդ էիր։ Դուն երկու, երեք մարդու ուժ ունեիր։ Ի՞նչ եղավ քեզի։ Ըսե ինձի՝ ի՞նչ կուտես։
Լեռնո վերջապես կրցավ պատասխանել.
— Բաղարջ կուտեմ։
— Ինչե՞ բաղարջ։
— Քռիկի բաղարջ։
— Հիմա հասկցա, քռիկի բաղարջեն է քու հիվանդությունդ։ Չե՞ս նայած քռիկի հասկին, կարմիր ցորենի հասկին կնմանի՞։ Ան սուտ ցորեն է: Ուժ տալու տեղ ուժդ կառնե։ Կարմիր ցորենի ալյուրեն բաղարջ պիտի ուտես, որ առջի ուժդ վրադ գա։
Հանկարծ ծանրություն մը փլավ Լեռնոյի ներսը։ Շնչառությունը վերսկսավ, լեզուն բացվեցավ։
Խոսիլ ուզեց, մարդը փնտրեց, բայց չկար ան։
Իսկույն ոտքի ելավ, թոնիրը վառեց, մուզի ալյուրեն, այսինքն երկանաքարերու բոլորտիքը հավաքվածներեն, որ իր բաժինն էր, բաղարջ
շաղվեց, եփեց, նստավ կերավ։ Քանի կերավ, ախորժակը բացվեցավ:
Կարելի է՝ չեք հավատար, հիվանդությունը գնաց վրայեն։ Կարմիր ցորենի բաղարջը աղեկցուց զինքը։ Առջի ուժը վրան եկավ։ Երկու մարդով չվերցված ալյուրի պարկերը մինակը գրկեց ու ջորիներուն բեռցավ։
26
edits