Այնուամենայնիվ, եթե մենք իրոք հայտնագործենք մի ամբողջական տեսություն, այն ժամանակի ընթացքում պետք է ընդհանուր գծերով հասկանալի դառնա բոլորին և ո՛չ միայն փոքրաթիվ գիտնականների։ Այն ժամանակ մենք բոլորս՝ փիլիսոփաները, գիտնականները, նույնիսկ շարքային մարդիկ ի վիճակի կլինենք մասնակցելու այն հարցի քննարկմանը, թե ինչո՞ւ գոյություն ունենք մենք և տիեզերքը։ Եթե հաջողվի այս հարցի պատասխանը գտնել, ապա դա կլինի մարդկային մտածողության վերջնական հաղթանակը, քանի որ այդ ժամանակ մենք կհասկանանք Աստծո միտքը։
==Հավելված==
Էյնշտեյնի առնչությունը միջուկային ռումբի ստեղծման քաղաքականության հետ լավ հայտնի է։ Նա ստորագրել է նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին ուղղված հայտնի նամակը, որով համոզում էր Միացյալ Նահանգներին լրջորեն մոտենալ այդ հարցին, իսկ ինքն անում էր կարելին՝ հետպատերազմյան շրջանում միջուկային պատերազմը կանխելու համար։ Բայց սրանք ստիպված քաղաքականությամբ զբաղվող գիտնականի սոսկ առանձին գործողություններ չէին։ Իր իսկ բառերով ասած՝ Էյնշտեյնի կյանքը, փաստորեն, բաժանված էր «քաղաքականության և հավասարումների միջև»։
Էյնշտեյնի վաղ քաղաքական գործունեությունը սկսվել է դեռևս Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ նա պրոֆեսոր էր Բեռլինում։ Չափազանց հոգնած լինելով մարդկային բազմաթիվ կյանքերի կորուստներից և այն ամենից, ինչ ինքն էր տեսել, նա ընդգրկվեց հակապատերազմական ցույցերում։ Քաղաքական անհնազանդությունը պաշտպանելու և ընդհանուր զինապարտությունը մերժելու նրա հասարակական քաջալերանքը հանգեցրին աշխատակիցների և նրա միջև հարաբերությունների սրման։ Այնուհետև պատերազմից հետո Էյնշտեյն իր ջանքերն ուղղեց հաշտեցման և միջազգային հարաբերությունների բարելավման գործին։ Սա նույնպես չբարձրացրեց նրա հեղինակությունը, և շուտով նրա քաղաքական հայացքների պատճառով դժվարացավ Միացյալ Նահանգներ այցելեը նույնիսկ դասախոսություններ կարդալու համար։
Էյնշտեյնի երկրորդ մեծ նպատակը սիոնիզմն էր։ Չնայած նա ծագումով հրեա էր, բայց մերժում էր Աստծո աստվածաշնչային գաղափարը։ Սակայն հակասեմիտիզմի աճող գիտակցությունը թե՛ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ, և թե՛ նրա ընթացքում նրան աստիճանաբար տարավ հրեական համայնքի հետ նույնացմանը և հետագայում սիոնիզմի բացահայտ պաշտպանությանը։ Ժողովդավարությունը կորցնելու վտանգն անգամ նրան հետ չպահեց իր մտքերն արտահայտելուց։ Նրա տեսությունները ենթարկվեցին հարձակման, և նույնիսկ հակաէյնշտեյնական կազմակերպություն հիմնվեց։ Մի մարդ, որը հրահրում էր ուրիշներին սպանել Էյնշտեյնին, դատապարտվեց և տուգանվեց ընդամենը վեց դոլարով։ Բայց Էյնշտեյն անդրդվելի էր։ Երբ մի գիրք հրատարակվեց, որը խորագրված էր «Հարյուր հեղինակներ ընդդեմ Էյնշտեյնի», նա պատասխանեց․ «Եթե ես իրոք սխալ էի, ապա մեկն էլ էր բավական»։
1933 թվականին Հիտլերը իշխանության գլուխ անցավ։ Էյնշտեյնը Ամերիկայում էր և հայտարարեց, որ ինքն այլևս չի վերադառնա Գերմանիա։ Այնուհետև, երբ նացիստական ոստիկանությունը ներխուժեց նրա բնակարանը և բռնագրավեց բանկային հաշիվը, Բեռլինի լրագրերից մեկում երևաց հետևյալ վերնագիրը՝ «Լավ լուրեր Էյնշտեյնից, նա հետ չի վերադառնալու»։ Նացիզմի սպառնալիքի տակ Էյնշտեյնը հրաժարվեց խաղաղասիրական գործունեությունից և վերջիվերջո վախենալով, որ գերմանացի գիտնականները կարող են միջուկային ռումբ ստեղծել, առաջարկեց, որպեսզի Միացյալ Նահանգներն ստեղծեն իրենց սեփականը։ Բայց առաջին ատոմական ռումբի պայթելուց դեռ շատ առաջ, Էյնշտեյնը հրապարակայնորեն զգուշացնում էր ատոմական պատերազմի սարսափների մասին և առաջարկում էր միջուկային զենքի վրա միջազգային հսկողություն սահմանել։
Ամբողջ կյանքի ընթացքում Էյնշտեյնի խաղասիրական ջանքերը գրեթե շոշափելի արդյունք չտվեցին և, իհարկե, նա քիչ համախոհներ վաստակեց։ Սիոնիզմի նրա բացահայտ պաշտպանությունը, սակայն,1952 թվականին արդեն պատշաճ ճանաչում գտավ, երբ նրան առաջարկվեց դառնալ Իսրայելի նախագահ։ Նա մերժեց՝ ասելով, թե իր կարծիքով ինքը շատ միամիտ է քաղաքական ասպարեզում։ Բայց երևի դրա իրական պատճառն այլ էր, նրա իսկ խոսքերով ասած․ «Հավասարումներն ինձ համար շատ ավելի կարևոր են, որովհետև քաղաքականությունը միայն ներկա ժամանակաշրջանի համար է, իսկ հավասարումները վերաբերում են ապագային»։
Գալիլեո Գալիլեյ
Գալիլեոյին թերևս ավելի, քան որևէ այլ անհատի ենք պարտական ժամանակակից գիտության ծննդի համար։ Նրա հայտնի ընդհարումը Կաթոլիկ եկեղեցու հետ նրա փիլիսոփայության առանցքն էր, քանի որ Գալիլեոն առաջինն էր, որ պնդում էր, թե մարդը կարող է հուսալ, որ մի օր կհասկանա, թե ինչպե՞ս է աշխարհը գործում և, դեռ ավելին, մենք այդ կարող ենք անել՝ ուսումնասիրելով իրական աշխարհը։
Գալիլեոն վաղուց հավատացել էր Կոպեռնիկոսի տեսությանը (թե մոլորակնները պտտվում են արևի շուրջը), բայց նա հրապարակայնորեն սկսեց պաշտպանել այդ տեսակետը միայն այն ժամանակ, երբ բավականաչափ փաստեր ուներ այն ապացուցելու։ Նա Կոպեռնիկոսի տեսության մասին գրեց իտալերեն (ոչ սովորական ակադեմիական լատիներենով), և շուտով նրա տեսակետները լայնորեն պաշտպանեցին համալսարանական շրջանակներից դուրս։ Դա մտահոգեց արիստոտելական պրոֆեսորներին, որոնք էլ միավորվեցին և համոզեցին Կաթոլիկ եկեղեցուն, որպեսզի վերջինս արգելի Կոպեռնիկոսի տեսությունը (կոպեռնիկոսականությունը)։
Դրանով մտահոգված Գալիլեոն մեկնեց Հռոմ, որպեսզի խոսի եկեղեցական հեղինակությունների հետ։ Նա պնդում էր, որ աստվածաշունչը նպատակ չունի մեզ որևէ տեղեկություն տալ գիտական տեսությունների մասին և եզրակացնում, որ երբ աստվածաշունչը հակասում է առողջ բանականությանը, պետք է ենթադրել, որ այն այլաբանական է։ Բայց եկեղեցին վախենում էր այն խայտառակությունից, որը կարող էր վատ ազդեցություն ունենալ բողոքականության դեմ իր պայքարում և այդ պատճառով դիմեց բռնի միջոցների։1616 թվականին այն Կոպեռնիկոսի տեսությունը հայտարարեց «կեղծ ու սխալ» և հրամայեց Գալիլեոին երբեք նորից «չպաշտպանել կամ չհետևել» այդ տեսությանը։ Գալիլեոն համաձայնեց։
1623֊ին Գալիլեոյի վաղեմի ընկերը դարձավ Հռոմի պապ։ Գալիլեոն անմիջապես փորձեց չեղյալ հայտարարել տալ 1616 թվականի հռչակագիրը։ Նրան այդ չհաջողվեց, բայց նա կարողացավ թույլտվություն ձեռք բերել գիրք գրելու և քննարկելու թե՛ Արիստոտելի և թե՛ Կոպեռնիկոսի տեսությունները։ Սակայն երկու պայմանով՝ նա որևէ մեկի կողմը չպետք է լիներ, և պետք է եզրակացներ, որ մարդ երբեք չի կարող որոշել, թե ինչպե՞ս է աշխարհը գործում, որովհետև Աստված կարող է մոտավորապես նույն ազդեցությունն առաջացնել մարդու համար աներևակայելի ձևերով, և մարդը չի կարող սահմանափակել Աստծու ամենազորությունը։
«Երկխոսություն աշխարհի երկու գլխավոր համակարգերի մասին» գիրքը ավարտվեց և տպագրվեց 1632 թվականին գրաքննիչների լիակատար պաշտպանությամբ, և այն անմիջապես ընդունվեց ամբողջ Եվրոպայում, որպես գրական և փիլիսոփայական գլուխգործոց։ Շուտով, հասկանալով, որ ժողովուրդը գիրքը դիտում է որպես համոզիչ փաստարկ և նպաստ Կոպեռնիկոսի տեսության՝ Հռոմի պապը զղջաց, որ թույլ էր տվել այդ գրքի հրատարակությունը։ Պապը պնդում էր, որ չնայած գիրքը վայելում է գրաքննիչների պաշտոնական հավանությունը, այնուամենայնիվ, Գալիլեոն խախտել էր 1616 թվականի հռչակագիրը։ Նա Գալիլեոյին ինկվիզիցիայի ենթարկեց, նրան դատապարտեց ցմահ տնային բանտարկության և հրամայեց հրապարակայնորեն հրաժարվել Կոպեռնիկոսի տեսությունից։ Այսպիսով, Գալիլեոն ստիպված երկրորդ անգամ լուռ համաձայնեց։
Գալիլեոն մնաց նվիրված կաթոլիկ, բայց նրա հավատը գիտության անկախության նկատմամբ չփշրվեց։ Մահից (1642 թվականին) չորս տարի առաջ, երբ նա դեռ գտնվում էր տնային բանտարկության մեջ, իր երկրորդ գլխավոր գրքի ձեռագիր օրինակը գաղտնի տարվեց Հոլանդիա՝ հրատարակչի մոտ։ Այն մեզ հասել է որպես «Երկու նոր գիտություն», որն ավելին էր, քան զուտ Կոպեռնիկոսի պաշտպանությունը և ժամանակակից ֆիզիկայի հիմքն էր։
Իսահակ Նյուտոն
Իսահակ Նյուտոնը հաճելի անձնավորություն չէր։ Նրա հարաբերությունները մյուս ակադեմիկոսների հետ հայտնի էին իրենց անբարեհաճությամբ, և նա կյանքի մեծ մասն անցկացրել է բուռն վեճերի մեջ։ «Մաթեմատիկայի սկզբունքները» գրքի հրատարակությունից հետո, որն, անկասկած, ֆիզիկայի ոլորտում երբևէ գրված ամենալավ գիրքն է, Նյուտոնի համբավն արագ աճեց։ Նա առաջադրվեց Թագավորական ընկերության պրեզիդենտ և դարձավ առաջին գիտնականը, որն ստացավ ասպետի կոչում։
Նյուտոնը շուտով բախվեց թագավորական աստղագետ Ջոն Ֆլամսթիդի հետ, որը նախկինում Սկզբունքների համար տվյալներ էր հայթայթել, բայց դրանք չէր տալիս Նյուտոնին։ Նյուտոնը «ոչը» չէր ընդունում որպես պատասխան և այդ իսկ պատճառով հասավ այն բանին, որ իրեն նշանակեցին Թագավորական աստղադիտարանի ղեկավար օրգանի անդամ և ճնշման ներքո հրատարակել տալ այդ տվյալները։ Վերջիվերջո, նրան հաջողվեց զավթել Ֆլամսիթի աշխատանքը և տպագրության պատրաստել նրա ոխերիմ թշնամի Էդմոնդ Հալլեի կողմից։ Բայց Ֆլամսիթն այդ դեպքի առիթով դիմեց դատարան և անմիջապես ստացավ դատարանի որոշումը, որը կանխում էր գողացված աշխատանքի տարածումը։ Նյուտոնը զայրացավ և իր վրեժը լուծեց՝ «Սկզբունքների» հաջորդ հրատարակությունում՝ բաց թողնելով Ֆլամսիթից կատարված բոլոր մեջբերումները։
Ավելի լուրջ վեճ ծագեց գերմանացի փիլիսոփա Գոթֆրիդ Լայբնիցի հետ։ Երկուսն էլ՝ Լայբնիցն ու Նյուտոնը, միմյանցից անկախ զարգացրել էին մաթեմատիկայի մի ճյուղ, որը կոչվում էր հաշիվներ, որի վրա է հիմնված ժամանակակից ֆիզիկայի մեծ մասը։ Չնայած մենք այժմ գիտենք, որ Նյուտոնը Լայբնիցից տարիներ առաջ էր բացահայտել հաշիվները, բայց իր աշխատանքը հրատարակել է շատ ավելի ուշ։ Դրան հաջորդեց մի բուռն վիճաբանություն՝ ո՞վ է առաջինը։ Գիտնականները երկու մրցակցին էլ եռանդով պաշտպանում էին։ Այնուամենայնիվ, ուշագրավ փաստ է, որ Նյուտոնին պաշտպանող գրեթե բոլոր հոդվածները իրականում գրված էին նրա իսկ ձեռքով, բայց ստորագրված էին ընկերների ստորագրությամբ։ Երբ վեճը թեժացավ, Լայբնիցը սխալ քայլի դիմեց և բողոքեց Թագավորական ընկերությանը՝ խնդրին լուծում տալու համար։ Նյուտոնը, որպես պրեզիդենտ, այդ հարցը լուծելու համար ստեղծեց մի «չեզոք» հանձնաժողով, որն, ի դեպ, ամբողջապես կազմված էր իր ընկերներից։ Բայց դա դեռ բոլորը չէ․ նա այնուհետև ինքը գրեց հանձնաժողովի զեկույցը, պաշտոնապես Լայբնիցին մեղադրեց գրագողության մեջ և Թագավորական ընկերությանը ստիպեց տպագրել այն։ Դրանով չբավարարվելով, նա այնուհետև մի անստորագիր հոդված ևս գրեց այդ զեկույցի շուրջ, որը տպագրվեց Թագավորական ընկերության սեփական պարբերականում։ Լայբնիցի մահից հետո Նյուտոնը հայտարարել է, որ ինքը մեծագույն բավականություն է ստացել «Լայբնիցի սիրտը կոտրելով»։
Այս երկու վիճաբանությունների ժամանակ Նյուտոնն արդեն թողել էր Քեմբրիջը և ակադեմիան։ Քեմբրիջում նա ակտիվ էր հակակաթոլիկական քաղաքականության մեջ, իսկ ավելի ուշ խորհրդարանում և ի վերջո պարգևատրվեց Թագավորական դրամահատարանի վարիչի շահավետ պաշտոնով։ Այստեղ նա օգտագործեց իր չարության և կծու հեգնանքի ամբողջ տաղանդը հասարակայնորեն ավելի ընդունելի ձևով, հաջողությամբ պայքարեց կեղծարարների դեմ, նույնիսկ կախաղան ուղարկեց մի շարք մարդկանց։