Ավելացվել է 8077 բայտ,
22:17, 1 Հունվարի 2019 {{Վերնագիր
|վերնագիր = Գառնիում
|հեղինակ = [[Վաղինակ Բեքարյան]]
|աղբյուր = [[«Գառնիում»]]
}}
[[Category: Արձակ]]
=Մասն առաջին=
Ով մեծասքանչ դու լեզու, <br>
Ով հեշտ բարբառ մայրական, <br>
Փափկահնչյուն բառերուդ <br>
Նմանն արդյոք այլ տեղ կա՞ն։
Բժ․ Ն․ Միզպուրյան
Երկու շաբաթ առաջ մեր կուրսի քառասուն ուսանողները պետական վերջին քննությունը հանձնեցին և ստացան մանկավարժի կոչում։
Ինստիտուտի ռեկտորը շրջանավարտ ուսանողներիս հրաժեշտի խոսքեր ուղղելիս «Սիրելի ուսուցիչներ» բառերով դիմեց մեզ։
Այս բառերը հուզեցին և ուրախացրին ինձ։
Դեռ մայիս ամսին, ըստ ընդունված կարգի, լուսավորության մինիստրության կադրերի բաժինը մեր կուրսի ուսանողներին ուսուցչական աշխատանքի էր նշանակել հանրապետության շրջաններում, ըստ տեղերից վաղօրոք եղած պահանջի։
Ինձ նշանակել էին Էջմիածին։
Այսօր գնացի մինիստրություն ուղեգիր վերցնելու։ Բարձրացա երկրորդ հարկ, բայց բաժին ներկայանալու համար անհրաժեշտ եղավ սպասել․ ուրիշները, որոնք եկել էին նոր ուսումնական տարվա իրենց աշխատանքների հետ կապված հարցերով, արդեն հերթի էին գրվել ներկայանալու համար։
Իմ անունը գրվեց ցուցակի հարյուր քսաներորդ համարում։
==I==
Վերջին երեք օրը շարունակ մինիստրությունում էի, բայց բաժին ներկայանալու հերթն ինձ չհասավ։ Գործը դանդաղ է գնում, այնպես որ դեռ մի քանի օր էլ կսպասեմ։ Սակայն որոշել եմ ամեն օր էլ լինել մինիստրությունում․ գուցե մի երջանիկ անակնկալ պատճառ լինի ժամանակից շուտ ներկայանալու։
Հաճախ ականջս կախ լսում եմ խմբված ուսուցիչներին, որոնք խուլ աղմուկով լցնում են միջանցքը։ Նրանց զրույցի նյութը դասագրքերն են, դասավանդման մեթոդները, կաբինետների կահավորումը, ղեկավարների ձեռնահասության հարցը, ժողովները, կելոկտիվի համերաշխության խնդիրը և այն բոլորը վերջապես, որ իրենց կարծիքով օգնում է կամ վնասում ուսուցման գործին։
Գանգատներ եմ լսում։
Ուսուցիչներին դուր չի գալիս արձակուրդային ամիսներին մինիստրության շենքում խռնվելը։ Պետք է վերացնել,― ասում են,― այս դրության ծնունդ տվող պատճառները, որոնք հարյուրավոր մանկավարժների զանազան շրջաններից բերում են մայրաքաղաք, ստիպելով նրանց, որ իրենց հանգստի օրերը մաշեն անհանգստության և սպասման տաղտուկի մեջ։
Այսօր մի տարեց ուսուցիչ, այս խռնումի պատճառների մասին խոսելով, ասաց․
― Այս երևույթը պիտի բացատրել շրջանային ժողկրթության բաժինների անսիստեմ և անկազմակերպ աշխատանքով։
― Ոչ միայն անսիստեմ ու անկազմակերպ,― ավելացրեց մի ուրիշը,― այլև անընդունակ ու գործին անտեղյակ մարդկանց կամայական ու ցաքուցրիվ աշխատանքով։
Ուրիշները սակայն ավելի հեռուն գնալով, ուսուցիչների մի մասի դժգոհության և անհաստատ վիճակի անմիջական պատասխանատուն էին համարում մինիստրության կադրերի բաժնի վարիչ՝ Աննա Ալեքսանդրովնային։
Ես չգիտեմ, թե այսպես արտահայտվողներն ինչ չափով են իրավացի, բայց նրանց քննադատական խոսքը իմ հետաքրքրությունն է շարժում․․․ Նրանք ինձ խորհրդածության առիթ են տալիս։
==II==
Անցնում էի քաղաքի կենտրոնական հրապարակով, երբ հեռվից տեսա իմ երիտասարդ դասախոսներից Արտակ Խորենյանին։ Նա կանգնել էր կուլտուրայի տան մոտ, հրապարակի կողմում, շատրվանի քարե աստիճանների վրա։
Քայլերս արագացրի նրան հասնելու համար, բայց իզուր, նա արագ իջավ աստիճաններից ու հեռացավ։
Շատ ցավեցի։
Կարճ ժամանակ էր, որ չէի տեսել նրան, բայց կարոտել էի, որովհետև (ես չեմ ուզում թաքցնել) անտարբեր չէի նրա նկատմամբ։
Գնացի մինիստրություն, բարձրացա երկրորդ հարկ և միջանցքում խռնված ուսուցիչներից առանձնացած մնացի։ Այնտեղ, առանձնության մեջ, հանդարտորեն ու մեկ֊մեկ մտաբերեցի դեմքեր ու դեպքեր, որոնք զարդարում էին տենդագին հուզումներով, անզուսպ խնդությամբ և ուրախ աղմուկով լի ուսանողական կյանքի անմոռանալի օրերը։
Եվ ինչու չասել, ինձ կյանք և ուրախություն տվող բոլոր դեմքերի մեջ Խորենյանն էր, որ իր անձով լցնում էր իմ օրերը ինստիտուտի պատերից ներս։
Իմ անմիջական բնավորության հետևանքով ես չէի կարող թաքցնել զգացումներս ու չնայած աշխատում էի զուսպ լինել, բայց զգում էի, որ ինձ չի հաջողվում ծածկել սրտիս ալեկոծումը։
Ես սիրում էի իմ երիտասարդ դասախոս Արտակ Խորենյանին։
Երբ նա կանչում էր ինձ― Արմենյան Արաքս,― նրա ձայնի արձագանքը երկար մնում էր իմ հոգում։
Աչքերս փակ զգում էի լսարանում դեպի ինձ ուղղված նրա հայացքի ջերմությունը և հաճախ անակնկալի էի բերում նրան, հայացքս հանկարծ դեպի իրեն դարձնելով, երբ նա այդ չէր սպասում․․․
Ա՜խ ես, անուղղելի չարաճճիս․․․
Այն ժամանակ իմ երիտասարդ դասախոսը շփոթվում էր և գլուխը խոնարհում մեղավորի պես։
Ես չգիտեմ, թե նա ինչ էր զգում բանվորի քրտնաբույր շապիկով ուսման եկած այս որբ աղջկա հանդեպ, որի կյանքի դառնություններին տեղյակ չէր և որի գանձերը, բոլորի վկայությամբ, լուսավոր աչքերն էին, կորընթարդ ճակատը և ալիքաձև վարսերը։
Սիրտս ասում էր սակայն, որ նա սիրում է ինձ լուռ ու զուսպ սիրով։
Եվ համոզված էի, որ սրտիս ձայնը չի խաբում ինձ։