Եվ Սմոգը բարձր հռհռաց։ Նա չար ու ստոր հոգի ուներ․ նա գիտեր, որ իր ենթադրությունները ճշմարտությունից հեռու չեն։ Բայց կարծում էր, թե այդ բոլորը լճի մարդկանց հնարածներն են, և ավարի մեծ մասը կմնա Լճաշեն քաղաքում, որն իր երիտասարդության տարիներին կոչվում էր Էսգարոտ։
Դժվար է հավատալ, բայց խեղճ Բիլբոն իսկապես ապշած էր։ Մինչև հիմա նրա մտադրություններն ու ուժերը կենտրոնացված էին այն բանի վրա, թե ինչպես հասնի մինչև Սարը և գտնի մուտքը։ Նա ոչ մի անգամ չէր մտածել այն մասին, թե ինչպես գանձերը Սարից դուրս հանի, առավել ևս՝ իր բաժինը ինչպես հասցնի Բեգ֊Էնդ՝ Բլրատակ։ Այժմ նրա մեջ անախորժ կասկած առաջացավ․ իսկ եթե թզուկները գիտեն այդ կարևոր հանգամանքի մասին և թաքուն ծիծաղում են իր վրա՞։ Ահա թե վիշապի խոսքն ինչ ներգործություն է ունենում անձորձների վրա։ Իհարկե, Բիլբոն պետք է զգուշանար, բայց ախր շատ բռնակալն էր այդ Սմոգը։
― Ահա թե քեզ ինչ կասեմ,― Բիլբոն փորձեց չհանձնվել վիշապին և հավատարիմ մնալ իր բարեկամներին,― ոսկու մասին մենք հիշեցինք ոչ իսկույն։ Մենք այստեղ ենք ժամանել լեռների վրայով ու տակով, ջրով ու օդով, եկել ենք վրեժ լուծելու համար։ Ով անչափելի հարուստ Սմոգ, դու հո չես կարող չգիտակցել, որ քո հարստությունը քեզ համար շատ թշնամիներ է ստեղծել։
Այստեղ Սմոգը նորից քրքջաց․․․ Այդ սպանիչ քրքիջից Բիլբոն տապալվեց գետնին, իսկ վերևում թզուկները սեղմվեցին իրար, որոշելով, որ հոբիտին անժամանակ ահավոր վախճան վիճակվեց։
― Վրե՛ժ,― ֆռթացրեց Սմոգը, և նրա աչքերը վառվեցին վառ կրակով, կայծակի պես քարայրը հատակից մինչև առաստաղ լուսավորելով։― Վրե՛ժ։ Սարատակի թագավորը վաղուց է մեռել, իսկ ո՞ւր են կորել նրա ազգականները։ Չի երևում, թե նրանք ինձ հետ հաշիվները մաքրելու համար կռվի կբռնվեն։ Դեյլի տիրակալ Գիրիոնը մահացել է, նրա ժողովրդին ես կերել եմ, ինչպես գայլը ոչխարներին, իսկ ո՞ւր են նրա որդների որդիները։ Նրանք իսկի մոտիկ գալ չեն համարձակվի։ Ես սպասում եմ, երբ ուզում եմ․ ոչ ոք չի հանդգնում դիմադրել։ Անցյալի բոլոր ռազմիկներին ես ոչնչացրի, իսկ այժմ այդպիսիները չեն ծնվում։ Այն ժամանակ ես դեռ ջահել էի ու թույլ, հիմա ծեր եմ և հզո՛ր, հզո՛ր․․․― հրճվանքով չարախնդաց վիշապը։― Իմ զրահը տասն անգամ ամուր է վահաններից, ատամներս՝ թրեր են, ճանկերս՝ նիզակներ, պոչիս հարվածը նման է կայծակի հարվածի, թևերս ինձ թռցնում են փոթորիկի արագությամբ, իմ շունչը մահ է։
― Ես լսել եմ,― ծվաց սարսափած Բիլբոն,― որ վիշապները ներքևից են խոցելի, հատկապես․․․ հատկապես կրծքի շրջանում։ Բայց այդքան հիմնավորապես պաշտպանված անձնավորության մոտ ամեն ինչ, իհարկե, մտածված է։
― Քո տեղեկությունները հնացել են, Խավարի գող, կտրեց Սմոգը։― Վերևից և ներքևից ես ծածկված եմ երկաթե թեփուկներով և թանկարժեք ամուր քարերից պատրաստված զրահով։ Ոչ մի դաշույն ինձ չի խոցի։
― Ես ինքս էլ կարող էի դա գլխի ընկնել,― պատասխանեց Բիլբոն։― Իսկապես Սմոգ Անխոցելուն հավասարը չի գտնվի։ Ուրիշ էլ ո՞վ ունի ադամանդե այդպիսի հոյակապ բաճկոնակ։
― Այո, այդպիսի անթև բաճկոնակն իսկապես էլ շատ հազվագյուտ է,― հաստատեց Սմոգը, որքան էլ դա անհեթեթ լինի՝ բավական գոհ։ Նա որտեղի՞ց իմանար, որ հոբիտն արդեն անցյալ անգամ էր հասցրել նկատել նրա հազվագյուտ հանդերձը և այժմ երազում էր այն մոտիկից զննել, դրա համար իր պատճառներն ունենալով։
Վիշապը շրջվեց մեջքի վրա։
― Նայի՛ր,― հրամայեց նա։― Ի՞նչ կասես։
― Ցնցող է։ Հիանալի է։ Անթերի։ Շլացուցիչ,― բացականչեց Բիլբոն, միաժամանակ մտածելով՝ «Ծեր դմբո։ Ախր ձախից քո կրծքի վրա անցք կա, տկլոր մարմինդ դուրս է ցցվել, ինչպես խխունջը խեցու միջից»։
Տեսնելով այն, ինչ ուզում էր, միստր Բեգինսը որոշեց քանի շուտ է ողջ֊ողջ գլուխն ազատել։
― Դե, այլևս չզբաղեցնեմ Ձերդ Հոյակապությանը և չզրկեմ ձեզ անհրաժեշտ հանգստից,― ասաց նա։― Պոնիներն այնքան էլ հեշտ չեն բռնվում։ Գողերը՝ նույնպես,― վերջում կծեց նա՝ գլխակորույս դուրս փախչելով թունելից։
Հոբիտն իզուր չզսպեց իր ձեռ առնելու ցանոկթյունը․ որքան էլ արագ էր վազում նա, միևնույն է, վիշապը հասցրեց իր սարսափելի դունչը խցկել անցքից ներս և նրա ետևից կրակի շիթ բաց թողնել։ Բարեբախտաբար գլուխն ամբողջությամբ չմտավ անցքի մեջ, բայց կրակն ու ռունգներից դուրս եկած գոլորշին վառեցին Բիլբոյին։ Այնպես որ նա սուլում էր վախից ու ցավից, իսկը կույրի նման սայթաքելով։ Սմոգի հետ զրույցն այդքան խելացիորեն վարելու համար Բիլբոն ինքն իրենից այնքան գոհ էր, որ տարվեց դրանով ու վերջում սխալ թույլ տվեց։ Դա սթափեցրեց նրան։ «Խելացի բան չէ կենդանի վիշապի վրա ծիծաղելը»,― ասաց ինքն իրենց, և հետագայում այդ խոսքը դարձավ նրա սիրելի ասացվածքը, իսկ հետո նաև հայտնի առած։ «Արկածի վերջը դեռ շատ հեռու է»,― ավելացրեց նա։ Եվ դա նույնպես զուտ ճշմարտություն էր։
Օրն արդեն մթնում էր, երբ, վերջապես, հոբիտը թունելից դուրս եկավ և «շեմքին» գիտակցությունը կորցրեց։ Թզուկները նրան ուշքի բերեցին, այրվածքներին դեղ քսեցին, որ պահում էր Տորինը։ Բայց դեռ երկար ժամանակ նրա ծոծրակի ու կրունկների վրա բուրդը չէր աճում։ Մինչև Բիլբոն ուշքի կգար, բարեկամներն ամեն կերպ աշխատում էին ոգեպնդել նրան։ Նրանք տենչում էին լսել Սմոգի պատմությունը հատկապես այն մասին, թե ինչու նա այդպես ահավոր աղմուկ բաձրացրեց, և ինչպես է Բիլբոն ողջ մնացել։
Բայց հոբիտը նյարդայնացած էր ու մտահոգ և նրանից քիչ բան հնարավոր եղավ դուրս քաշել։ Մինչև նրանք խոսում էին, մոտիկ ժայռին ամբողջ ժամանակ նստած էր ծեր կեռնեխը և, գլուխը կողքի թեքած, ականջ էր դնում։ Կարո՞ղ եք պատկերացնել, թե որքան վատ էր Բիլբոյի տրամադրությունը, որ նա ճանկեց քարն ու շպրտեց կեռնեխի վրա։ Սա թռավ տեղից, բայց իսկույն էլ վերադարձավ։
― Զզվելի թռչուն է,― ջղայնացած գոռաց Բիլբոն։― Նա ինձ դուր չի գալիս, իմ կարծիքով, մեզ ականջ է դնում։
― Հանգիստ թողեք նրան,― սաստեց Տորինը։― Կեռնեխները օրինավոր և բարեհամբույր թռչուններ են։ Այս կեռնեխը շատ ծեր է, գուցեև նա վերջինն է կեռնեխների հնագույն ցեղից, որ ապրել են այս վայրերում և կուտ են կերել իմ հոր ու պապի ձեռքից։ Նրանց ցեղը հավերժական էր ու կախարդական։ Իսկ գուցե սա էլ է նրանցից, որ ապրել են սրանից մի երկու հարյուր տարի առաջ։ Դեյլի բնակիչները հասկանում էին նրանց լեզուն և որպես սուրհանդակ ուղարկում էին Լճաշեն քաղաք և ուրիշ տեղեր։
― Դե, այդ դեպքում իմ մոտ որոշ նորություններ կգտնվեն Լճաշեն քաղաքի համար,― մռայլ նկատեց Բիլբոն,― միայն հազիվ թե այնտեղ մեկը լինի, որ հասկանա կեռնեխների լեզուն։
― Ինչպե՞ս։ Ի՞նչ ես պատահել,― մեկը մյուսին ընդհատելով՝ գոռացին թզուկները։― Դե պատմիր․․․
Եվ Բիլբոն պատմեց վիշապի հետ ունեցած խոսակցությունը, խոստովանեց, որ իրեն մի սարսափելի միտք է տանջում՝ վիշապն իր հանելուկներից եզրակացություն արեց։
― Ինձ թվում է, նա գլխի ընկավ, որ մենք այստեղ ենք ընկել Լճաշեն քաղաքի միջով և նրա բնակիչներից օգնություն ստացել։ Այնպիսի նախազգացում ունեմ, որ հաջորդ գրոհը նա ձեռնարկելու է այդ ուղղությամբ։ Ո՞վ ինձ դրդեց, որ դուրս տամ տակառներով լոսալու մասին։
― Ոչինչ, ոչինչ․․․ Եղածն էլ ետ չես դարձնի։ Համ էլ ես լսել եմ, որ վիշապի հետ խոսելիս չես կարող սխալ թույլ չտալ, դժվար է,― հուսադրող տոնով ասաց Բալինը, որը շատ էր ուզում մխիթարել հոբիտին։― Եթե ուզում ես իմանալ, ապա իմ կարծիքով դու այդ վիճակից լավ ես դուրս եկել՝ պարզել ես շատ օգտակար բաներ և կենդանի մնացել, իսկ դրանով շատ քչերը կարող են պարծենալ՝ ում որ վիճակվել է վիշապի հետ մի քանի խոսք փոխանակել։ Հավանական է, մեզ դեռ շատ պետք կգա ծեր մողեսի ադամանդե անթև բաճկոնակի բացվածքը։
Նրա խոսքերը զրույցին նոր ուղղություն տվեցին և բոլորը սկսեցին քննարկել, թե ինչպես են սպանել վիշապներին կյանքում և հեքիաթներում, տարբեր տեսակի խոցող ու կտրող հարվածներ, հարվածներ ներքևից, կողքից, վերևից, զանազան ձևեր ու հնարաքներ և ռազմական խորամանկություններ։
Խոսակցության ընթացքում Բիլբոն նայում էր երկարող ստվերներին, և նրա թախիծն ու վատ նախազգացումները ավելի ու ավելի էին ուժեղանում։
Վերջապես նա ընդհատեց թզուկներին․
― Ես համոզված եմ, որ այստեղ մնալն այնքան էլ անվտանգ չէ, համ էլ այստեղ նստելն ինչ միտք ունի։ Թարմ խոտը վիշապը վառել է, արդեն գիշեր է, ցուրտ։ Կարող եմ երդվել, որ վիշապն էլի կհարձակվի մեր թաքստոցի վրա։ Սմոգը հիմա գիտի, թե ես ինչպես եմ մտել որջը և, վստահ եղեք, գլխի կընկնի, թե թունելն ուր է տանում։ Նա լանջը փշուր֊փշուր կանի, որպեսզի մեր մուտքի ճանապարհը փակի, իսկ եթե դրա հետ միաժամանակ ճզմի մեզ, ինչ կա որ, ավելի կուրախանա։
― Ի՜նչ մռայլ մտքեր են, միստր Բեգինս,― ասաց Տորինը։― Ինչո՞ւ Սմոգը թունելի մուտքն իր կողմից չի փակել, եթե չի ուզում մեզ ներս թողնել։ Եթե փակեր, կլսեինք։
― Չգիտեմ, չգիտեմ։ Երևի սկզբում ուզում էր երկրորդ անգամ ինձ այնտեղ քաշել, իսկ հիմա հետաձգել է գիշերվային որսից հետո կամ էլ չի ցանկանում իր ննջարանը կեղտոտել, մի՛ վիճեք, խնդրում եմ։ Ամեն րոպե Սմոգը կարող է դուրս թռչել։ Մեր միակ փրկությունն է՝ ավելի խոր մտնել թունել և դուռը փակել։
Նա այնքան կրակոտ էր խոսում, որ թզուկները հնազանդվեցին, ներս մտան, բայց հապաղեցին դուռը ծածկել։ Դա նրանց անմտություն էր թվում․ ով գիտե, կհաջողվի՞ դուռը որից բացել ներսից, իսկ բանտարվկած մնալ մի շինությունում, որտեղից մի ելք կար միայն՝ վիշապի որջի միջոց, նրանք շատ էլ չէին ուզում։ Առավել ևս, որ և՛ դրսում, և՛ ներսում ամեն ինչ խաղաղ էր։ Նրանք երկար ժամանակ նստել էին կիսաբաց դռնից ոչ հեռու և շարունակում էին զրուցել։ Խոսք բացվեց թզուկների վերաբերյալ վիշապի կեղտոտ ակնարկների մասին։ Երանի Բիլբոն դրանք լսած չլիներ։ Ինչպե՜ս էր նա ցանկանում հիմա թզուկներին հավատալ, երբ նրանք երդվում էին, իբրև թե իսկապես չեն մտածել այն ժամանակի մասին, երբ վիշապից գանձերն արդեն խլած կլինեն։
― Մենք նախօրոք գիտեինք, որ մեր փորձը մեծ վտանգի հետ է կապված,― բացատրեց Տորինը,― հիմա էլ գիտենք։ Բայց ես համոզված եմ, որ դեռ բավականաչափ ժամանակ կունենանք խորհելու, թե ինչպես վարվենք այսուհետև, այն բանից հետո, երբ մենք կտիրանանք հարստությանը։ Ինչ վերաբերում է ձեր բաժնին, միստր Բեգինս, ապա, հավատացնում եմ, անսահման երախտապարտ ենք ձեզ, և դուք կվերցնեք, ինչ որ կուզեք, հենց որ բաժանալու բան լինի։ Ես հասկանում եմ ձեր անհանգստությունը ոսկին տեղ հասցնելու կապակցությամբ, համաձայն եմ, որ բարդ խնդիր է, քանի որ ժամանակի ընթացքում այս վայրերը վտանգազերծ չեն դարձել, այլ ավելի շուտ հակառակը, բայց մենք անպատճառ կօգնենք և մեզ վրա կվերցնեք ոսկին տեղափոխելու ծախսերի մի մասը։ Ուզում եք հավատացեք, ուզում եք մի՛ հավատացեք․․․
Այստեղ խոսքը շուռ եկավ բուն գանձի և առանձին իրերի վրա, որ մնացել էին Տորինի և Բալինի հիշողության մեջ։ Անվնաս պահապանվե՞լ են արդյոք վաղուց արդեն մահացած Բլեդորտին մեծ թագավորի բանակների համար պատրաստած նիզակները։ Երեք անգամ ջրդեղված ծայրերով և ոսկեզարդ կոթերով նիզակներն այդպես էլ չհասցրին թագավորին հանձնել և վարձն ստանալ։ Վահաններ, որ կռել էին վաղուց զոհված ռազմիկների համար։ Տրորի ոսկե մեծ գավաթը, երկու բռնակներով, թռչունների և ծաղիկների դրվագված ու փորագրված պատկերներով, թռչունների աչիկները և ծաղիկների թերթիկները թանկարժեք քարերից էին։ Օղազրահներ՝ ոսկեզոծ ու արծաթապատ, անխոցելի։ Դեյլի Տիրակալի՝ Գիրիոնի մանյակը հինգ հարյուր վառ կանաչ զմրուխտներով, որը նա թզուկներին էր տվել որպես վարձ՝ ավագ որդու համար նարնց պատրաստած օղազրահի դիմաց․ երբեք և ոչ ոք մաքուր արծաթե մանր օղակներից պատրաստած, իր ամրությամբ երեք անգամ պողպաատն գերազանցող նման օղազրահ չի կրել։ Բայց ամենասքանչելին հսկայական ադամանդն էր, որ թզուկներն ինչ֊ինչ ժամանակներում գտել էին Սարատակում և անվանել էին Սարի Սիրտ, Տրեյնի Արկենստոն։
― Արկենստոն, Արկենստոն․․․― մտախոհ կրկնում էր Տորինը՝ կզակը ծնկներին հենած։― Ասես հազարանիստ գունդ լիներ։ Օջախի լույսի տակ նա փայլում էր, ինչպես ջուրը արևից, ինչպես ձյունը աստղերի փայլից, ինչպես ցողը լուսնյակ գիշերին։
Բիլբոն այդ բոլոր խոսակցությունները մի ականջով էր լսում։ Գանձերի կախարդական ձգող ուժն այլևս նրան չէր գրավում։ Նա բոլորից ավելի մոտիկ էր նստել դռանը և որսում էր դրսից ու թունելի խորքից հասնող ամենաթույլ հնչյունները։
Քանի մութը խտանում էր, այնքան Բիլբոն նյարդայնանում էր։
― Փակե՛ք դուռը,― աղաչեց նա։― Շարունակ աչքիս վիշապ է երևում, վախենում եմ։ Լռությունն ինձ ավելի է սարսափեցնում, քան երեկվա դղրդյունը։ Փակեք դուռը, քանի ուշ չէ։
Հոբիտի ձայնի մեջ ինչ֊որ բան կար, որը թզուկներին ստիպեց կատարել նրա խնդրանքը։ Տորինը անուրջներից սթափվելով վեր կացավ և ոտքով մի կողմ հրեց դռան առջև դրված քարը, որ չէր թողնում դուռը փակվի։ Ինչ֊որ բան շրխկաց։ Դռան բանալու անցքն անհետացավ։ Նրանք փակվեցին Սարի մեջ․․․ ընդմիշտ։
Եվ առավել քան ժամանակին․․․ Հազիվ էին նրանք դռնից մի քիչ հեռացել, երբ ահավոր հարված իջավ Սարի լանջին, ասես հարվածեցին տիտանների ձեռքերում տարուբերվող վիթխարի կաղնե բաբաննեորվ։ Ժայռը գվվաց, թունելի պատերը ճաքճքեցին, քարերը թափվեցին թզուկների գլխին։ Թե ինչ տեղի կունենար, եթե դուռը չփակեին, վախենում եմ նույնիսկ երևակայել։ Նրանք նետվեցին թունելի խորքը, ուրախանալով, որ առայժմ կենդանի են, քանի դեռ թիկունքում լսում են մնչոց ու թնդյուն։ Կատաղությունից վիշապը ցրիվ էր տալիս ժայռերը, իր հսկայական պոչի հարվածներով փշրում էր քարերը, դարատափը, խանձված խոտը, որի վրա նստած էր կեռնեխը, խխունջածածկ պատերը, նեղ ելուստը․ բոլորը փոշի դարձրեց, հովտի վրա քարաբեկորների հեղեղ տեղաց։
Սմոգն ըստ երևույթին ծածուկ դուրս էր եկել որջից, սուսուփուս օդ բարձրացել և ապա դանդաղ ու ծանր, ինչպես մի հրեշավոր ագռավ, թռիչք կատարել սարի շուրջը, որոշելով արևմտյան կողմում հանկարծակիի բերել որևէ մեկին կամ որևէ բան և գտնել անցքը, որտեղով անցել էր գողը։ Երբ նա ոչ ոքի չգտավ և անցք չտեսավ այնտեղ, ուր ենթադրում էր, ապա, անզուսպ կատաղությամբ բռնկված, սկսեց խորտակել ատելի լանջը։
Այդպիսով իր չարությունը թափելով՝ Սմոգը որոշ չափով խաղաղվեց ու վճռեց, որ այդ կողմից իրեն այլևս չէին անհանգստացնի։ Այժմ մնում էր իրականացնել մեկ վրեժ ևս։
― Տակառների հեծյալ,― փնչացրեց նա։― Ջրի վրայով է ժամանել, նշանակում է գետով է լողացել։ Նրա հոտն ինձ ծանոթ չէ, բայց եթե նույնիսկ Լճաշենից էլ չէ, ապա, միևնույն է, առանց նրանց օգնության յոլա չէր գնա։ Նրանք իմ թափը կտեսնեն և միտները կպահեն, թե ով է Սարատակի իսկական թագավորը։
Վիշապը, կրակի ու ծխի մեջ կորած, երկինք խոյացավ և սուրաց հարավ, դեպի Արագահոս գետը։
==ՔԱՆԻ ՏԱՆՏԵՐԸ ՏԱՆԸ ՉԷՐ==
Այդ միջոցին թզուկները նստած էին անթափանց խավարի մեջ։ Բոլոր կողմերից նրանց շրջապատում էր մեռելային լռությունը։ Նրանք քիչ էին ուտում և քիչ էլ խոսում էին։ Ժամանակն անցնում էր, ու նրանք չգիտեին հիմա գիշե՞ր է, թե ցերցկ կամ քանի՞ օր է անցել։ Վախենում էին շարժվել, քանի որ թունելում բարձր արձագանք էին տալիս իրենց ձայներն ու շփոփոցները։ Նրանք քնում ու արթնանում էին միևնույն անվերջանալի խավարի ու լռության մեջ։ Նստելով այնտեղ, ինչպես նրանց թվում էր, շատ օրեր, նրանք սկսեցին խեղդվել օդի անբավարարությունից, գլուխներն արդեն մթագնում էին։ Այլևս դիմանալ չէին կարող։ Թվում էր, թե նրանք կուրախանային նույնիսկ վիշապի վերադարձը վկայող ձայներից։ Լռության մեջ նրանց թվում էր, թե Սմոգը նոր դավ է նյութում։ Եվ հետո, նրանք հո չէին կարող այդպես հավերժ նստել։
Վերջապես Տորինը չհամբերեց․
― Փորձենք դուռը բացել։ Ես ուղղակի կմեռնեմ առանց մաքուր օդի։ Ավելի լավ է այնտեղ Սմոգն ինձ ոչնչացնի, քան թե այստեղ խեղդվեմ։
Թզուկներից մեկը վեր կացավ և խարխափելով հասավ այն տեղից, նորտեղ առաջ դուռն էր։ Բայց պարզվեց, որ թափված ժայռաբեկորները փակել են թունելի վերին ծայրը։ Բանալին ու հմայությունն այսուհետ անկարող էին բացել այն․
― Ծուղակն ընկանք,― ողբացին նրանք։― Վերջ։ Էստեղ էլ մեռնելու ենք։
Չգիտես ինչու, հենց այն պահին, երբ թզուկների հուսահատությունը ծայրահեղության հասավ, Բիլբոն զգաց, որ իր սիրտը թեթևացավ, ասես թե նրա անթև բաճկոնի տակից մի ծանրություն հանեցին։
― Դե, դե,― սիրտ տալով ասաց նա։― «Քանի ողջ ես՝ հուսա», ասում էր իմ հայրը։ Հիշեցեք, ամեն ինչ երեք անգամից է։ Ինչ լինում է՝ թող լինի, ես կիջնեմ ներքև։ Երկու անգամ եղել եմ այնտեղ, իմանալով, որ վիշապն ինձ սպասում է, երրորդ անգամ էլ սիրտ կանեմ։ Բոլոր դեպքերում միակ ելքը դեպի լույս աշխարհ տանում է ներքև։ Եվ այս անգամ դուք ստիպված կլինեք հետևել ինձ։
Նրանք համաձայնեցին․ էլ ի՞նչ էր մնում անելու։ Տորինն առաջինը մոտեցավ Բիլբոյին։
― Այժմ ավելի զգույշ եղեք,― շշնջաց հոբիտը,― կատարյալ լռություն պահպանեք։ Սմոգը գուցե իսկի տեղում էլ չէ, գուցեև տեղում է։ Իզուր ռիսկի չդիմենք։
Նրանք գնում էին ու գնում։ Թզուկները, բնական է, չէին կարող հոբիտի նման անշշուկ շարժվել, նրանք ամեն կերպ փնչացնում էին, ոտքերով քստքստացնում, իսկ արձագանքը բազմապատիկ ուժեղացնում էր փնչոցն ու քստքստոցը։ Բիլբոն շատ անգամ քարացավ տեղում ու վախով ականջ դրեց, բայց ներքևից ոչ մի ծպտում չէր լսվում։ Երբ մինչև ներքևի անցքը, ըստ նրա ենթադրության, քիչ էր մնացել, նա դրեց մատանին և թզուկներից բավական առաջ անցավ։ Մատանու անհրաժեշտություն չկար․ առանց դրան էլ բոլորն անտեսանելի էին, քանի որ համատարած խավար էր տիրում։ Այնքան, որ հոբիտը չնկատեց ինչպես դուրս եկավ թունելից․ նա ձեռքով հենվեց դատարկությանը և․․․ գլուխկոնծի թռավ փոսի մեջ։
Բիլբոն պառկած էր բերանքսնիվայր, շունչը պահած, չհամարձակվելով շարժվել։ Ոչինչ տեղի չունեցավ։ Երբ նա դանդաղ գլուխը բարձրացրեց, իր վերևում, բարձր ու հեռու, սպիտակին տվող մի կետ տեսավ, որ բոլորովին նման չէր վիշապի արձակած կարմիր լույսին։ Սակայն փոսում կանգնած էր վիշապի թանձր ու գարշ հոտը։
Վերջապես միստր Բիլբո Բեգինսը այլևս չկարողացավ տանել անորոշությունը։
― Անիծվես դու, ծեր մողես,― ծղրտաց նա բարձրաձայն։― Բավական է տափկնոցի խաղաս․․․ Լուսավորիր ինձ ու հետո խժռիր, եթե կարողանաս բռնել․․․
Անտեսանելի դահլիճում միայն թույլ արձագանք լսվեց։ Բիլբոն վեր կացավ և այդ ժամանակ գլխի ընակվ, որ չգիտե, թե որ կողմը գնա։ «Հետաքրքիր է, Սմոգն ինչո՞վ է զբաղված,― մտածեց նա։― Այսօր ցերեկը (թե երեկոյան) նա հաստատ տանը չէր։ Եթե Օյնն ու Գլոյնը աբեթն ու կայծքարը չեն կորցրել, կարելի է կրակ ստանալ ու մի լավ տնտղել շուրջը։ Հետո էլ, տեսնենք, գուցե որևէ բան տեղի ունենա»։
― Կրա՜կ,― գոռաց նա։― Ո՞վ կրակ կտա․․․
Թզուկներն, իհարկե, իրար իէն անցել, երբ Բիլբոն թրմփոցով փոսը գլորվեց, և մուքից ոչ հեռու խռնվել էին իրար գլխի։
― Շը՜շ֊շ․․․ ֆշշացին նրանք՝ հոբիտի ձայնը լսելով։
Հոբիտն այսպիսով հայտանաբերեց, թե որ կողմում են նրանք, բայց բոլորովին էլ միանգամից չհաջողվեց թզուկներից որևէ օգուտ ստանալ։ Միայն, երբ Բիլբոն ոտքերը գետնին խփելով սուր ձայնով գոռաց․ «Կրա՜կ, կրա՜կ»․― Տորինը սթափվեց և Օյնին ու Գլոյնին ուղարկեց թունելի մյուս ծայրը՝ աբեթն ու կայծքարը բերելու։
Որոշ ժամանակ անց կրակն առկայծեց․ երևաց Օյնը, ոչ մեծ ջահը ձեռքին, Գլոյնը մի քանի հատ էլ թևի տակ դրած էր բերում։ Բիլբոն ճարպկորեն վազեց դեպի անցքը և հափշտակեց ջահը։ Բայց չկարողացավ համոզել թզուկներին, որ վառեն մնացած ջահերը և միանան իրեն։ Ինչպես հանգամանորեն բացատրեց Տորինը, միստր Բեգինսը դեռևս մնում էր պաշտոնական Գողն ու Հետախույզը։ Եթե նա իր կյանքը վտանգի ենթարկելով հարկ է համարում կրակ վառել, ապա դա իր գործն է։ Իսկ իրենք առանց թունելից դուրս գալու կսպասեն նրա զեկույցին։ Թզուկները նստեցին անցքի մոտ և սկսեցին հետևել Բիլբոյին։
Նրանք տեսան, թե ինչպես փոքրիկ գորշ կերպարանքը, ջահը բարձր բռնած, կտրեց անցավ քարայրը։ Քանի Բիլբոն մոտիկ էր, նրանք ջահի լուսյով տեսնում էին ոսկու փայլը և լսում զնգոցը, երբ հոբիտի ոտքը կպչում էր որևէ ոսկե առարկայի։ Հետո կրակն սկսեց հեռանալ, վետվետաց ինչ֊որ տեղ վերևում․ դա Բիլբոն էր մագլցում գանձերի կույտի վրա։ Շուտով նա հայտնվեց կույտի կատարին և շարունակեց ետ ու առաջ շարժվել։ Թզուկները տեսան, որ նա մի ակնթարթ կռացավ, բայց չկարողացան հասկանալ, թե ինչու։
Իսկ նա խոնարհվեց Արկենստոնի պատճառով։ Բիլբոն Սարի Սիրտը իսկույն ճանաչեց Տորինի նկարագրածով, ասենք ամբողջ աշխարհում չէր կարող երկու այդպիսի ադամանդ լինել, նույնիսկ մեկ ուրիշ այդպիսի նմանը չունեցող գանձարանում։ Դա էլ հենց այն սպիտակավուն փայլն էր, որ Բիլբոյին վեր էր քաշում։ Աստիճանաբար կետը վերածվեց լուսափայլ սպիտակ գնդի։ Այժմ գունդն առկայծում էր երփներանգ կայծով, որովհետև ջահի լույսը խաղում էր նրա նիստերի մեջ։ Վերջապես գունդը հայտնվեց ուղիղ հոբիտի առջև, և նրա շունչը կտրվեց։ Գանձերից ամենամեծագույնը լուսավորում էր խորքից եկող սեփական լույսով, միաժամանակ, անյիշելի ժամանակներում թզուկների հանած, հղկած ու փայլեցրած քարն իր մեջ էր հավաքում դրսի լույսը և բեկում տասնյակ հազարավոր սպիտակ կայծկլտուն նիստերով, և այդ սպիտակ լուսավորությունը հուրհրատում էր ծիածանի բոլոր գույներով։ Բիլբոյի ձեռքը, հնազանդվելով խորհրդավոր ուժին, ձգվեց դեպի Արկենստոնը և վերցրեց այն։ Նրա կարճ մատները չէին կարողանում պարփակել մեծ ու ծանր քարը, բայց Բիլբոն հաջողացրեց բարձրացնել այն և, աչքերը փակելով, խցկեց գրպանը։
«Այ հիմա ես իսկական գող եմ,― մտածեց նա։― Հասկանալի է, ես սրա մասին կասեմ թզուկներին․․․ իր ժամանակին։ Չէ որ նրանք ասում էին, որ ես կարող եմ իմ փայն ինքս ընտրել։ Ես կընտրեի Արկենստոնը, իսկ իրենք թող վերցնեն մնացած բոլորը»։ Բայց, այնուամենայնիվ, նրա սիրտը մի տեսակ անհանգիստ էր, ասես զգում էր, որ այն ժամանակ խոսքը գնում էր Արկենստոնի մասին, և որ դրա պատճառով Բիլբոն դեռ մեծ անախորժություններ կունենա։
Նա շարժվեց առաջ, իջավ կույտի մյուս կողմից, ջահի լույսը ծածկվեց։ Բայց շուտով թզուկները հեռվում նորից տեսան նրան․ Բիլբոն հատում էր քարայրը։ Վերջապես հասավ մեծ դռներին։ Նրա վրա թարմ օդի հոսանք փչեց, որը քիչ էր մնում ջահը հանգցներ։ Նա երկյուղածորեն նայեց դռնից դուրս և զանազանեց ընդարձակ միջանցքերի գծագրությունն ու լայն սանդուղքի սկիզբը, որ գնում էր վեր, դեպի խավար։ Բայց առաջվա նման վիշապի ոչ մի հետք չկար։ Հենց այն է Բիլբոն ուզում էր շրջվել, ինչ֊որ մի սև բան սրընթաց անցավ նրա մոտով՝ թեթևակի դեմքին դիպչելով։ Բիլբոն ճչաց, սայթաքեց ու փռվեց գետնին։ Ջահը ձեռքից ընկավ ու հանգավ։
«Երևի պարզապես չղջիկ էր,― շփոթված մռթմռթաց Բիլբոն։― Հիմա ի՞նչ անեմ․․․ Որտե՞ղ է արևելքը, որտեղ՝ հարավը, հյուսիսը կամ արևմուտքը․․․»։
― Տորին, Բալին, Օյն, Գյոլն, Ֆիլի, Կիլի,― գոռաց նա ողջ կոկորդով մեկ, բայց սև անընդգրկելի տարածության մեջ նրա ձայնը շատ բարալիկ ու հազիվ լսելի հնչեց։― Լույսը հանգավ․․․ Ո՞վ կա այդտեղ․․․ Եկե՜ք, օգնեցե՜ք․․․
Ո՞ւր կորավ հանկարծ նրա քաջությունը․․․
Թզուկներին հասան հոբիտի թույլ բացականչությունները, բայց նրանք հասկացան միայն «օգնեցե՜ք» բառը։
― Ի՞նչ պատահեց,― շվարած հարցրեց Տորինը։― Բանը, ինչպես երևում է, վիշապը չէր, թե չէ հոբիտը այլևս գոռալ չէր կարողանա։
Նրանք մի քիչ էլ սպասեցին ու ականջ դրին, բայց, բացի Բիլբոյի հեռավոր ճիչերից, ոչ մի ձայն չէր լսվում։
― Որևէ մեկդ մի ջահ էլ վառեք,― հրամայեց Տորինը։― Ինչ արած, ստիպված ենք օգնության գնալ մեր Գողին։
― Վերջապես ժամանակն է, որ մենք էլ նրան օգնենք,― արձագանքեց Բալինը։― Ես հաճույքով կգնամ, մանավանդ որ հիմա, իմ կարծիքով, մեզ վտանգ չի սպառնում։
Գլոյնը մի քանի ջահեր վառեց, թզուկները մեկը մյուսի ետևից դուրս եկան թունելից և, պատերը բռնելով, շտապեցին ճիչերի կողմը։
Շատ շուտով նրանք դեմ առան Բիլբոյին, որը նույնպես ընդառաջ էր գալիս իրենց։ Հենց որ կրակի առկայծումը տեսավ, իրեն ձեռքը հավաքեց։
― Չղջիկից վախեցա, և ջահը հանգավ, այսքան բան,― բացատրեց նա։
Նրանք թեթևացած շունչ քաշեցին, բայց իսկույն էլ սկսեցին փնթփնթալ, դժգոհ այն բանից, որ զուր տեղը վախեցել են։ Իսկ ինչ կասեին, եթե Բիլբոն այդ րոպեին նրանց ցույց տար Արկենստոնը, ուղղակի չգիտեմ։ Բայց բավական էր գանձերի կողքով անցնելիս աչքի ծայրով նշմարել դրանց փայլը, որ նրանց սրտերը վառվեին գլխավոր կրքով։ Իսկ երբ թզուկի սրտում, թող նույնիսկ ամենապատվական թզուկի, վառվում է կիրքը ոսկու և թանկարժեք քարերի նկատմամբ, ապա նա դառնում է խիզախ, իսկ երբեմն նույնիսկ կատաղի։
Դրա համար էլ թզուկներին երկար համոզելու հարկ չեղավ։ Նրանք անհամբեր նետվեցին քարայրը զննելու։ Յուրաքանչյուրը մի վառվող ջահ վերցրեց, ու, դահլիճի շուրջը պտտվելուց հետո, թզուկները մոռացան վախի ու զգուշության մասին։ Սկսեցին բարձր֊բարձր խոսել, իրար կանչել, միմյանց զանազան իրեր ցույց տալ, որ հանում էին կույտի միջից կամ իջեցնում պատից։ Նրանք թանկարժեք իրերը մոտեցնում էին աչքներին, դիտում լույսի տակ, շոշափում էին ու շոյում, ջոկում էին թանկարժեք քարերը և խցկում գրպանները, իսկ ինչ որ տանել չէին կարող, հոգոց հանելով նորից գցում էին տեղը՝ մատների արանքից բաց թողնելով։ Տորինն այդ տեսակետից համարյա ոչնչով չէր տարբերվում մյուսներից։ Ընդ որում նա դեսուդեն էր նետվում, ինչ֊որ բան էր փնտրում ու չէր գտնում։ Նա Արկենստոնն էր փնտրում, բայց առայժմ ոչ ոքի ոչինչ չէր ասում։
Թզուկները պատերից իջեցրին զենք ու զրահը և հագան։ Այդ պահին ի՜նչ արքայական տեսք ուներ Տորինը՝ զգեստավորված ոսկե թեփուկավոր օղազրահով, ալսուտակներով զարդարված գոտիով, արծաթակոթ տապարը ձեռքին։
― Միստր Բեգինս,― ձայն տվեց նա։― Ստացեք առաջին պարգևը ձեր բաժնի հաշվին․․․ Հանեք հին թիկնոցը և հագեք այ սա․․․
Եվ նա Բիլբոյի վրա գցեց ոչ մեծ մի օղազրահ, որ հյուսված էր վաղ ժամանակներում, էլֆերի արքայազներից մեկի համար։ Արծաթակուռ պողպատից այդ օղազրահին, որ էլֆերը միտրիլ էին կոչում, մարգարտակուռ ու բյուրեղապակյա գոտի էր վայլեում։ Հոբիտի գլխին կաշվե թեթև սաղավարտ դրեցին՝ դրոշմվածքներով, ներսից պողպատե օղագոտիներով, եզրերին մանր ադամանդներ շարած։
«Ես ինձ հրաշալի եմ զգում,― մտածեց Բիլբոն։― Բայց իմ տեսքը պետք է որ շատ անհեթեթ լինի։ Այ թե ձեռ կառնեին ինձ տանը, Բլրատակում։ Այնուամենայնիվ, ափսոս, որ հայելի չկա այստեղ․․․»։
Միստր Բեինսը, ի տարբերություն թզուկների, հարստությունը տեսնելով գլուխը չկորցրեց և դիմացավ դրա հմայքներին։ Թզուկները դեռ փորփրում էին գանձարանը, բայց Բիլբոյին այդ զբաղմունքը ձանձրացրեց․
― Տորին,― բացականչեց նա։― Հետո՞ ինչ ենք անելու։ Մենք զինվեցինք, բայց մի՞թե զենքն ու զրահը երբևէ օգնել են հաղթելու Սմոգ Սարսափելուն։ Գանձերը դեռ նվաճված չեն։ Առայժմ մեզ համար կարևորը ոչ թե ոսկին է, այլ այստեղից դուրս գալը։ Առանց այդ էլ մենք բավական ժամանակ է դիմանում ենք ճակատագրի փորձությանը։
― Դուք ճիշտ եք,― ասաց Տորինը՝ ինքն իրեն բուռը բահաքելով։― Գնանք։ Այժմ ես ձեզ կտանեմ։ Հազար տարի էլ անցներ, պալատի ելքերն ու մուտքերը ես չէի մոռանա։
Նա թզուկներին ահվաքեց, և, ջահերը գլպներից վեր պահելով, բոլորը միասին դուրս եկան բարձր դռնից, ափսոսանքով ետ նայելով։
Փայլփլուն օղազրահները նրանք նորից ծածկեցին հին թիկնոնցերով, իսկ փայլուն սաղավարտները՝ մաշված կնգուղներով։ Նրանք գնում էին Տորինի ետևից, ասես մթության մեջ կրակների շղթա լինեին, շարունակ ականջ դնելով՝ վիշապի ձայնը չի՞ լսվում արդյոք։ Չնայած շուրջն ամեն ինչ ժամանակից քայքայված էր կամ քանդրտված, փչացած ու աղտոտված՝ հրեշի ելումուտ անելուց, Տորինը ճանաչում էր յուրաքանչյուր միջանցքը, յուրաքանչյուր շրջադարձը։ Նրանք մագլցում էին երկար սանդուղքով, նորից շրջադարձ կատարում ու նորից աստիճաններով վեր բարձրանում։ Աստիճանները ողորկ էին, փորված ուղղակի ժայռի մեջ, լայն ու հարմար։ Թզուկները բարձարոնւմ էին վեր ու վեր, բայց ոչ մի տեղ կենդանի շնչի մի հետք անգամ չհանդիպեցին, միայն ստվերներ էին գողերի պես այս ու այն կողմ փախչում՝ ջահերի միջանցիկ քամուց թրթռացող կրակների մոտենալու հետ։ Սանդուղքներն իրենց ողջ հարմարությամբ հանդերձ հոբիտի կարճլիկ ոտքերի համար չէին։ Բիլբոն արդեն ուժասպառվել էր և զգում էր, որ մի քիչ էլ՝ ու ինքը մի քայլ անգամ անել չի կարող։ Եվ այստեղ հանկարծ առաստաղը վեր նետվեց, դժգույն մի շող երևաց, օդը մաքրվեց, առջևում մի թույլ լույս առկայծեց լայն, կիսով չափ վառված դռներից, որ կորացած կախված էին ծխնիներից։
― Սա Տրորի գլխավոր դահլիճն է,― ասաց Տորինը,― այստեղ խնջույքներ էին անում և հավաքվում էր թագավորական խորհուրդը։ Այստեղից արդեն Գլխավոր դարպասը հեռու չէ։
Նրանք անցան նախկին դահլիճի միջոց․ այնտեղ փտել էին սեղանները, փոշիացել էին ածխացած, շուռ եկած աթոռներն ու նստարանները․ հատակին, շշերի, թասերի ու կոտրված եղջյուրե գավաթների արանքներում, փոշու մեջ, գանգեր ու ոսկորներ էին ընկած։ Նրանք մի դուռ էլ անցան, էլի մի դուռ անցան, և հանկարծ ականջներին ջրի քչքչոց հասավ, և լույսն ավելի պայծառ դարձավ։
― Այստեղից իր սկիզբն է առնում Արագահոս գետը,― ասաց Տորինը։― Նա մեզ դուրս կբերի Գլխավոր դարպասի մոտ։
Ժայռի մութ անցքից դուրս էր վազում վարար գետն ու հոսում հանգույն վարպետների հմուտ ձեռքերով քարի մեջ փորված նեղ ջրհորդանով։ Կողքով գնում էր սալարկած ճանապարհը, այնքան լայն, որ այնտեղով իրար կողքի շատ մարդիկ կարող էին անցնել։ Բարեկամները սլացան այդ ճանապարհով, շրջանցեցին ելուստը և․․․ ո՜վ հրաշք,, հորդեց ցերեկային լույսը։ Նրանց առջև մի բարձր կամար հայտնվեց՝ սևացած, պլոկված, բայց հնագույն փորագրությունների հետքերով։ Միգապատ արևը Սարի ճյուղավորումների միջով թույլ շողեր էր ուղարկում, որոնք ոսկեզօծում էին շեմքը։ Ջահերի ծխից տագնապահար՝ չղջիկների երամը փոթորկի պես անցավ նրանց գլխավերևով։ Ճամփորդները վախեցած առաջ նետվեցին և սայթաքեցին քարերի վրա, որոնք հղկվել էին ու ծածկվել լորձով, որովհետև դրանց վրայով մշտապես սողացել էր վիշապը։ Այնուհետև գետը սլանում էր դեպի հովիտ՝ ազատ խշշալով, փրփրելով։ Նրանք ցած գցեցին այժմ արդեն ոչ պիտանի ջահերն ու քարացան՝ իրենց աչքերին չհավատալով․ խումբը դուրս էր եկել Գլխավոր դարպասից և նրանց առջև փռված էր հովիտը, որտեղ առաջ Դեյլ քաղաքն է եղել։
― Այո,― ասաց Բիլբոն։― Այ արդեն չէի սպասում, թե մի օր կհաջողվի նայել այս դարպասից։ Երբեք ավելի մեծ հաչույքով չեմ զմայլվել արևով և դեմքիս չեմ զգացել քամին։ Բու֊ու֊ո՜ւ։Բայց լավ էլ պաղ քամի է, հա՜։
Իրոք որ արևելյան սուր քամի էր փչում՝ անգթորեն ձմեռ գուշակելով։ Սարի ճյուղավորումների վրա պտույտ գործելով՝ քամին թռչում էր հովիտ և ոռնում ժայռերի մեջ։ Ճամփորդներն այնքան էին խաշվել վիշապի քարայրի շոգ խորխորատներում, որ հիմա բաց օդում նրանց վրա դող էր գալիս։
Հանկարծ Բիլբոն հոգնածությունից բացի նաև սաստիկ քաղց զգաց։
― Այժմ ամեն ինչից դատելով, վաղ առավոտ է,― ասաց նա,― և, ուրեմն, նախաճաշելու ժամանակն է, եթե ուտելու բան ճարվի։ Բայց ես վստահ չեմ, թե Սմոգի քարայրի գլխավոր մուտքը այդ նպատակի համար ամենաանվտանգ տեղն է։ Չի՞ կարելի արդյոք ավելի հանգիստ տեղ գտնել։
― Ճիշտ է,― ձայնարկեց Բալինը։― Ես, երևակայեք, մի այդպիսի տեղ գիտեմ․ հին պահակակետը Սարի հարավ֊արևմտյան ծայրին։
― Իսկ հեռո՞ւ է,― տեղեկացավ հոբիտը։
― Հինգ ժամվա ոտքի ճանապարհ է։ Գնալը դժվար կլինի, նախազգուշացնում եմ։ Դարպասից գետի ձախ ափով գնացող ճանապարհը քարուքանդ է եղել։ Դրա փոխարեն նայեք այստեղ․․․ Գետը Դեյլի ավերակների մոտից թեքվում է դեպի արևելք։ Այնտեղ մի ժամանակ կամուրջ կար։ Կամուրջը տանում է դեպի աջ ափը բարձրացող զառիվեր սանդուղքը։ Այնտեղից կընկնենք Ագռավի Բարձունքը տանող ճանապարհը։ Այնտեղ էլ կա, կամ եղել է, մի արահետ, որ ճանապարհից թեքվում է դեպի պահակակետ։ Եթե նույնիսկ սանդուղքը պահպանվել է, միևնույն է, այնտեղ բարձրանալը հեշտ բան չէ։
― Ով երկնային ուժեր,― տնքաց հոբիտը։― Նորից գնալ, նորից ինչ֊որ տեղ մագլցել, նույնիսկ նախաճաշել չեն թողնում։ Հետաքրքիր է, որքան նախաճաշ, ճաշ ու ընթրիք ենք բաց թողել, մինչև նստած էին այդ զզվելի բնում առանց ժամ ու ժամանակի։
Ընդհանուր առմամբ ասած, այն րորպեից, ինչ վիշապը ջախջախեց կախարդական դուռը, անցել էր երկու գիշեր ու մեկ ցերեկ․ և լավ թե վատ, բայց ինչ֊որ ուտելիք կար, իսկ Բիլբոն բոլորովին կորցրել էր ժամանակի հաշիվը, և նրա համար մի գիեշերը, թե մի շաբաթը մեկ էր։
― Ի՜նչ եք ասում,― ծիծաղեց Տորինը (նա նորից ուրախացել էր ու թանկարժեք քարերը զնգզնգացնում էր գրպաններում)։― Այդ իմ պալա՞տն եք զզվելի բույն անվանում։ Կացեք, այ մի օր կհավաքեն, կմաքրեն ու կրկին կվերանորոգեն․․․
― Որը տեղի կունենա Սմոգի մահից հետո,― խոժոռ փնթփնթաց Բիլբոն։― Ի դեպ, ո՞ւր է նա։― Ես համեղ նախաճաշ կտայի այդ բանն իմանալու համար։ Հուսով եմ, նա սարի կատարին չի նստել ու վերևից մեզնով հիանում։
Այդ միտքը մեծ իրարանցում առաջացրեց, և թզուկներն արագ համաձայնեցին Բիլբոյի ու Բալինի հետ։
― Հարկավոր է հեռանալ այստեղից,― ասաց Դորին։― Ես ամբողջ ժամանակ թիկունքիս զգում եմ նրա հայացքը։
― Այստեղ շատ ցուրտ է ու տհաճ,― ավելարցրեց Բոմբուրը։― Ծարավից այստեղ չենք մեռնի՝ ջուրը կողքներիս է, իսկ այ, ուտելիք, ինչ֊որ չեմ տեսնում։ Վիշապն այստեղ, հավանական է, միշտ էլ սով է զգում։
― Գնացինք, գնացինք,― գոռացին մյուսները։― Արագ դեպի Բալինի արահետը։
Ժայռից դեպի աջ ճանապարհ առհասարակ չկար։ Նրանք գլաքարերի միջով առաջ շարժվեցին գետի ձախ ափով։ Ամայությունը, անմարդաբնակությունը նորից սթափեցրին նույնիսկ Տորինին։ Կամուրջը, որի մասին հիշում էր Բալինը, վաղուց քանդվել էր, դրա քարերը, որպես հասարակ գլաքարեր, թափվել էին ծանծաղ, աղմկոտ գետը։ Նրանք առանց դժվարության հաղթահարեցին ծանծաղուտը և հինավուրց աստիճաններով մագլցեցին բարձր ափը։ Կարճ ժամանակ անց ընկան հին ճանապարհը և շուտով դուրս եկան ժայռերի մեջ ծածկված խոր լեռնագոգը։ Այստեղ մի քիչ հանգստացան, նախաճաշեցին չորահացով, վրայից էլ ջուր խմեցին։ (Եթե ուզում եք իմանալ ինչ բան է չորահացը, ապա կարող եմ ասել միայն, որ նրա հիմքում չորացած հացն է, որ գործանակնում հավիտյանս չի փչանում, սննդարար է համարվում, բայց ամենևին ոչ համեղագույն, քանի որ հետաքրքրություն ներկայանցում է միայն ծնոտների վարժության տեսակետից։ Լճաշեն քաղաքի բնակիչները դա հատուկ պատրաստում էին երկար ճանապարհորդությունների համար)։
Ապա նրանք շարժվեցին առաջ։ Ճանապարհը գետից թեքվեց, և այժմ անշեղորեն սկսեց մոտենալ Սարի հարավային ճյուղին։ Վերջապես նրանք ոտք դրին լեռնային արահետի վրա, որը կտրուկ դեպի վեր էր գնում։ Դանդաղ և երկար բարձրանում էին ճամփորդները մեկը մյուսի ետևից և կեսօրից հետո մի կերպ հասան գագաթի ծայրն ու տեսան, որ արևմուտքում աշնանային պաղ արևը մայր է մտնում։
Նրանք մի հարթ տեղ գան, որ երեքն կողմերից զառիվայր իջնող եզրեր ուներ, իսկ չորրորդը վերջանում էր ժայռով, որի մեջ դռան նման մի անցք կար։ հարթակից լայն տեսադաշտ էր բացվում դեպի Արևելք, Հարավ և Արևմուտք։
― Այստեղ,― ասաց Բալինը,― վաղ ժամանակներում միշտ ժամապահներ էին կանգնում։ Այս դուռը տանում էր ժայռափոր մի սենյակ, որ փոխարինում էր պահակային շինությունը։ Սարի շուրջը մի քանի այդպիսի պահակակետեր կային, բայց մեր բարեբախտ ժամանակներում առանձնապես դրանց անհրաժեշտությունը չկար, և մեր ժամապահները, հավանաբար, երես էին առել ու կորցրել զգոնությունը, հակառակ դեպքում մենք աղետից դեռ շատ առաջ կլսեինք մեր կողմերում վիշապի հայտնվելու մասին, և ամեն ինչ կարող էր այլ ընթացք ստանալ։ Մենք կարող ենք թաքնվել այստեղ և շատ բան տեսնել՝ մնալով անտեսանելի։
― Ինչ միտք ունի, քանի որ մեզ արդեն նկատել են բարձրանալիս,― առարկեց Դորին, որն անդադար հայացքներ էր գցում վերև, ասես սպասում էր այնտեղ տեսնել Սմոգին՝ ծանրումեծ բազմած բարձունքին, ինչպես ագռավը զանգակատան վրա։
― Ուրիշ ոչինչ չի մնում անելու,― պատասխանեց Տորինը։― Այսօր մենք այլևս քայլել չենք կարող։
― Իմաստուն խոսքեր,― բացականչեց Բիլբոն՝ գետնին փռվելով։ Պահակատանը ինչքան ասես մարդ կտեղավորվեր․ ետևի պատի մեջ մի ելք կար դեպի մեկ ուրիշ սնեյակ, որը դրսի ցրտից ավելի լավ էր պաշտպանված։ Երևում էր, Սմոգի տիրապետության ժամանակներում նույնիսկ վայրի գազաններն այստեղ չէին մտել։ Ճամփորդներն այնտեղ դարսեցին իրենց ուղեբեռը, ոմանք իսկույն պառկեցին ու քնեցին, մյուսները նստեցին դրսի դռան մոտ և սկսեցին քննարկել հետագա գործողությունները։ Ինչի մասին էլ որ խոսում էին, ամեն անգամ վերադառնում էին միևնույն հարցին՝ որտե՞ղ է Սմոգը։ Նրանք հայացքները դարձրին դեպի Արևմուտք և ոչ ոքի չտեսան, Արևելքում՝ նույնպես, Հարավում վիշապի ոչ մի նշան, բայց այնտեղ թռչունների երամներ էին վխտում։ Ճամփորդները նայեցին այդ կողմն ու մտածեցին՝ տեսնես դա ի՞նչ է նշանակում․․․ Արդեն հայտվեցին սառը փայլով առկայծող առաջին աստղերը, իսկ նրանք այդպես էլ ոչ մի մտքի չհանգեցին։
==ԿՐԱԿ ՈՒ ՋՈՒՐ==
Իսկ հիմա, եթե դուք, ինչպես և թզուկները, ուզում եք նորություններ իմանալ Սմոգի մասին, վերադառնանք երկու օր ետ, երբ նա լանջը գաղտնի դռան հետ միասին կործանեց ու մոլեգնած թռավ գնաց։
Երեկո էր։ Էսգարոտի Լճաշեն քաղաքի բնակիչները նստած էին իրենց տներում, վախեցած ուժեղ քամուց ու խորնավ օդից, բայց մի քանիսն, այնուամենայնիվ, զբոսնում էին առափին ու հիանում լճի հայելու մեջ արտացոլվող աստղերով։ Մենավոր Լեռը միշտ աչքից ծածկում էին լճի հեռավոր ծայրին գտնվող ոչ բարձր բլուրները, որոնց միջև հյուսիսից հոսում էր Արագահոս գետը։ Բնակիչները միայն սրածայր գագաթն էին տեսնում, այն էլ պարզ եղանակին, բայց նրանք հազվադեպ էին նայում այդ կողմը, որովհետև նույնիսկ առավոտվա լույսով Սարը չարագույժ էր ու մռայլ։ Այժմ գիշերային խավարն էր քողարկում նրան։
Հանկարծ գագաթը բռնկվեց ինչ֊որ լույսով։ Բայց միայն մի ակնթարթ։
― Նայեք,― ասաց զբոսնողներից մեկը։― Նորից լույս․․․ Այնցյալ գիշեր ժամապահներն էլ են կրակ տեսել այնտեղ՝ կեսգիշերից մինչև լուսաբաց․ կրկաները մեկ երևացել են, մեկ անհետացել։ Ինչ֊որ վատ բան է կատարվում այնտեղ։
― Գուցե Սարատակի արքան ոսկի է հալում,― նկատեց մյուսը։― Նա վաղուց է ուղևորվել Հյուսիս։ Արդեն ժամանակն է, որ երգերն իրականանան։
― Էլ ի՞նչ արքա․․․― փնթփնթաց մի մռայլ ձայն։― Միտներդ պահեք իմ ասածը․ կրակը ժայթքում է վայրագ վիշապը, Սարատակի միակ թագավորը, որինմենք գիտենք։
― Դու միշտ վատ բաներ ես կանխագուշակում,― փնթփնթացին հարևանները։― Մեկ ջրհեղեղ, մեկ ձկների ժանտամահություն։ Գոնե մի անգամ որևէ ուրախ բան մտածեիր․․․
Հանկարծ բլուրների միջև պայծառ մի լույս երևաց և ոսկեզօծեց լճի հյուսիսային ծայրը։
― Սարատակի թագավո՜րը․․․― գոռացին բոլորը։― «Ոսկե գետեր կհոսեն հովիտ»։ Սարերից ոսկի գետ է հոսում։
Ամենուր բացվեցին պատուհանները, վազող ոտքերի ձայներ լսվեցին։ Նորից համընդհանուր ցնծություն բարձրացավ, բայց մռայլ ձայնի տերը վազեց քաղաքագլխի մոտ։
― Վիշա՜պը։ Վիշա՜պն է թռչում։ Գետինը մտնեմ․․․― բղավեց նա։― Կամուրջները կտրեք։ Ի զե՜ն։ Ի զե՜ն։
Լսվեց փողերի ձայնը, մարտական տագնապ հնչեց, արձագանքը սփռվեց ժայռապատ ափորին։ Ցնծությունը դադարեց, ուրախությունը սարսափի փոխվեց։ Ահա այսպես եղավ, որ վիշապը քաղաքը հանկարծակիի չբերեց։
Շուտով լճաբնակները կարմիր մի կայծ տեսան, որ դեպի իրենց կողմն էր շարժվում, վայրկյան առ վայրկյան բոցավառվելով ու մեծանալով՝ այնքան որ մեծ էր վիշապի թռիչքի արագությունը։ Այստեղ նույնիսկ ամենահիմարները ստիպված եղան խոստովանել, որ մարգարեությունը ինչ֊որ ուրիշ կերպ կատարվեց։ Նրանց շատ քիչ ժամանակ էր մնում։ Քաղաքում բոլոր ամենները ջուր լցրեցին, բոլոր ռազմիկները զինվեցին, յուրաքանչյուր նետը և յուրաքանչյուր տեգը պատրաստ վիճակի բերեցին, կամուրջը հավաքեցին և ոչնչացրին։ Հազիվ էին նախապատրաստությունները վերջացրել, երբ լսվեց ուժգնացող մի մռնչյուն․ լիճը, վիշապի թևերի հզոր բախյունից ալեկոծված, ծփում էր կարմիր ալիքներով։
Մարդկանց գոռում֊գոչյունի ուղեկցությամբ Սմոգը սուրաց ցած, ուղիղ կամրջի վրա, և մտահոգ կանգ առավ։ Կամուրջն անհետացել էր, մարդիկ խռնվել էին կղզում, որ շրջապատված էր չափազանց խոր, մութ ու սառը ջրով։ Եթե Սմոգը սուզվեր լիճը, այնպիսի ծուխ ու գոլորշի կբարձրանար, որ մառախուղը ցամաքը կպատեր մի քանի օր շարունակ։ Բայց լիճը Սմոգից ուժեղ էր, արագորեն կհանցներ նրան։ Սմոգը մռնչոցով նետվեց քաղաքի վրա։ Սև նետերի ամպը սուրաց վերև, նետերը չրպկոցով զարկվում էին նրա զրահին, իսկ նրա շնչից բոցավառվող կոթերը ֆշշոցով ընկնում էին լիճը։ Ոչ մի հրավառություն չէր կարող համեմատվել գիշերային այդ տեսարանի հետ։ Լսելով նետերի սուլոցը, փողերի սուր ձայնը՝ վիշապը կատաղությունից վերջնականորեն խելքը թռցրեց։ Արդեն շատ վաղուց ոչ ոք չէր համարձակվել դիմադարձ լինել նրան։ Հիմա էլ ոչ ոք չէր համարձակվի, եթե չլիներ մռայլ ձայնով մարդը, որի անունը Բերդ էր․ նա վազում էր ետ ու առաջ, խրախուսում նետաձիգներին, համոզում քաղաքագլխին՝ մարտնչել մինչև վերջին նետը։