=== XIII. Հարյուր օր ===
Նուարտիեն լավ մարգարե դուրս եկավ, և ամեն ինչ կատարվեց այնպես, ինչպես նախագուշակել էր։ Բոլորին հայտնի է Նապոլեոնի դարձը Էլբա կղզուց, այդ տարօրինակ, հրաշալի, անցյալում աննախադեպ և, թերևս, ապագայում անկրկնելի դարձը։
Լյուդովիկոս XVIII-ը դաժան հարվածը կասեցնելու լոկ մի թույլ փորձ արեց․ չվստահելով մարդկանց, նա չէր վստահում և դեպքերին։ Նրա հենց նոր վերականգնված թագավորական կամ ավելի ճիշտ, միապետական իշխանությունը երերաց իր դեռևս չամրացած հիմքերի վրա, և կայսեր ձեռքի առաջին իսկ շարժումով փուլ եկավ ամբողջ շենքը, հին նախապաշարումների և նոր գաղափարների այդ աններդաշնակ խառնուրդը։ Այդ պատճառով էլ այն պարգևը, որ Վիլֆորն ստացել էր իր թագավորից, ոչ միայն անօգուտ էր, այլև վտանգավոր, և նա ոչ ոքի ցույց չէր տալիս իր Պատվո Լեգեոնի շքանշանը, թեպետև Բլակասը, ի կատարումն թագավորի կամքի, իսկապես հոգացել էր նրան ուղարկել շքանշանի հրամանագիրը։
Նապոլեոնը անպայման կպաշտոնազրկեր Վիլֆորին, եթե չլիներ հովանավորությունը Նուարտիեի, որն ի հատուցումն իր կրած չարչարանքների ու մատուցած ծառայությունների, ամենազոր մարդն էր դարձել կայսեր արքունիքում։ 1793 թվականի Ժիրոնդիստը և 1806 թվականի սենատորը իր խոսքի տերը եղավ և օգնեց նրան, ով նախօրեին իրեն օգնության ձեռք էր մեկնել։
Կայսրության վերականգնման ժամանակ, որի վերստին կործանումը, ի միջի այլոց դժվար չէր գուշակել, Վիլֆորն իր ամբողջ իշխանությունը գործադրեց կոծկելու այն գաղտնիքը, որ քիչ էր մնացելԴանտեսը հրապարակ հաներ։
Իսկ թագավորական դատախազին պաշտոնազրկեցին բոնապարտիզմին ոչ բավականաչափ հարած լինելու կասկածանքով։
Դեռ նոր էր վերականգնվել կայսերական իշխանությունը, դեռ նոր էր Նապոլեոնը բնակություն հաստատել Տյուիլրիի պալատում, որը Լյուդովիկոս XVIII֊ը հենց նոր էր լքել, երբ նա սկսեց իր բազմաթիվ ու բազմատեսակ հրամաններն առաքել նույն այն առանձնասենյակից, ուր մենք Վիլֆորի հետևից ներս տարանք մեր ընթերցողներին և ուր ընկուզենու փայտից շինած սեղանի վրա կայսրը գտավ Լյուդովիկոս XVIII-ի գրեթե լիքը ծխախոտատուփը, երբ Մարսելում, տեղական իշխանության ջանքերին հակառակ սկսեց ծայր առնել Հարավում շարունակ միացող երկպառակությունը։ Վերջինս սպառնում էր չսահմանափակվել գոռում֊գոչյուններով, որոնցով պաշարում էին իրենց տներում տիտիկ արած ռոյալիստները, որ համարձակվում էին փողոց դուրս գալ։
Փոխված հանգամանքների բերումով, հարգարժան նավատերը, որ պատկանում էր պլեբեյական լագերին, եթե նույնիսկ ամենակարող չդարձավ, քանզի պ֊րն Մորելը զգույշ և փոքր֊ինչ երկչոտ մարդ էր, ինչպես բոլոր նրանք, ում առևտրական կարիերան դանդաղ ու դժվարին է եղել, ապա, այնուամենայնիվ, (թեպետև մոլի բոնապարտիստները, որոնք նրան կշտամբում էին չափավորության համար, նրանից առաջ էին ընկել), բավականաչափ կշիռ էր ձեռք բերել, որպեսզի կարողանար ձայնը բարձրացնել և բողոք ներկայացնել։ Այդ բողոքը, ինչպես հեշտ է կռահել վերաբերում էր Դանտեսի գործին։
Վիլֆորը, չնայած իր պետի ընկնելուն, կանգուն էր մնացել։ Նրա հարսանիքը թեև չէր խափանվել, բայց հետաձգվել էր է՛լ ավելի բարենպաստ ժամանակի սպասումով։ Եթե կայսրը դիմանար իր գահի վրա, ապա Ժերարը ստիպված կլիներ ուրիշի հետ ամուսնանալ, և Նուարտիեն նրա համար հարսնացու կգտներ, եթե Լյուդովիկոս XVIII-ը վերստին վերադառնար, ապա մարքիզ Սեն֊Մերանի ինչպես և իր՝ Վիլֆորի ազդեցությունը կկրկնապատկվեր, և այդ ամուսնությունն առանձնապես ձեռնտու կդառնար։
Այդպիսով, թագավորական դատախազի օգնականը Մարսելի դատարանական աշխարհում առաջին տեղն էր գրավում, երբ մի առավոտ նրան զեկուցեցին պր֊ն Մորելի գալու մասին։ Եթե նրա տեղը մի ուրիշը լիներ, կշտապեր դիմավորել նավատիրոջը և դրանով իսկ ցույց կտար իր թուլությունը։ Բայց Վիլֆորը խելացի մարդ էր և ուներ եթե ոչ փորձառություն, ապա հիանալի հոտառություն։ Նա Մորելին ստիպես սպասել նախասենյակում, ինչպես կաներ Ռեստավրացիայի օրոք, ոչ այն պատճատով, որ զբաղված էր, այլ որովհետև պարզապես ընդունված է, որ դատախազի օգնականը ստիպի նախասենյակում սպասել։ Մոտ մի քառորդ ժամ տարբեր ուղղությունների մի քանի լրագրեր աչքի անցկացնելուց հետո նա հրամայեց կանչել պր֊ն Մորելին։
Մորելը կարծում էր, թե Վիլֆորին ընկճված կգտնի, սակայն տեսավ, որ նա ճիշտ նույնն է, ինչ որ ամիսուկես առաջ, այսինքն՝ հանգիստ, վճռական, սառն քաղաքավարությամբ առլեցուն, իսկ վերջինս ամենաանհաղթահարելին է այն բոլոր պատվարներից, որ դիրք ունեցող մարդուն բաժանում են հասարակ մարդուց։ Մորելը դեպի Վիլֆորի աշխատասենյակը դիմեց այն համոզմամբ, որ իրեն տեսնելուն պես նա կդողա, բայց դրա փոխարեն ի՛նքը շփոթվեց ու դողաց՝ տեսնելով թագավորական դատախազին, որ գրասեղանի առջև նստած՝ իրեն էր սպասում։
Մորելը դռան շեմքին կանգ առավ։ Վիլֆորը այնպես նայեց նրան, որ կարծես չէր ճանաչում։ Վերջապես, փոքր֊ինչ լռությունից հետո, որի ընթացքում հարգարժան նավատերը գլխարկն էր խաղացնում ձեռքերի մեջ, նա ասաց․
― Եթե չեմ սխալվում, պարոն Մորելը պիտի լինեք։
― Այո՛, տեր, ես եմ,― պատասխանեց նավատերը։
― Խնդրե՛մ, մտեք,― ասաց Վիլֆորը հովանավորական ժեստով,― և ասացեք, թե ինչի՛ եմ պարտական, որ ինձ արժանացրել եք ձեր այցելությանը։
― Մի՞թե չէք կռահում,― հարցրեց Մորելը։
― Ո՛չ, բնավ չեմ կռահում։ Բայց այնուամենայնիվ պատրաստ եմ ձեզ օգտակար լինելու, եթե դա ինձնից է կախված։
― Ամբողջովին ձեզնից է կախված,― ասաց Մորելը։
― Ուրեմն, բացատրեք․ բանն ի՞նչ է։
― Պարոն,― սկսեց Մորելը, փոքր֊ինչ հանգստանալով և հետն էլ իր խնդրանքի արդարացիությունից ու իր դիրքի պարզությունից սիրտ առնելով,― դուք երևի հիշում եք, որ կայսեր վերադառնալու լուրը հայտնի դառնալուց մի քանի օր առաջ ես եկա ձեզ մոտ ներողամտություն խնդրելու մի երիտասարդ ծովայինի, իմ նավապետի օգնականի համար։ Նրան, եթե հիշում եք, մեղադրում էին Էլբա կղզու հետ հարաբերություններ ունենալու մեջ։ Նման հարաբերությունները, որ այն ժամանակ հանցագործություն էին համարվում, հիմա իրավունք են տալիս պարգևի արժանանալու։ Այն ժամանակ դուք ծառայում էիք Լյուդովիկոս XVIII֊ին և չխնայեցիք մեղադրյալին։ Դա ձեր պարտականությունն էր։ Հիմա ծառայում էք Նապոլեոնին և պարտավոր եք պաշտպանել անմեղին․ դա ևս ձեր պարտականությունն է։ Ուստի ես եկել եմ ձեզ հարցնելու, թե նրա վերջն ի՞նչ եղավ։
Վիլֆորը մեծ ճիգ գործադրեց իրեն զսպելու համար։
― Անունն ի՞նչ է,― հարցրեց նա,― բարի եղեք անունն ասել։
― Էդմոն Դանտես։
Վիլֆորի համար, անշուշտ, ավելի հաճելի կլիներ մենամարտի ժամանակ քսանհինգ քայլ հեռավորության վրա ճակատը դեմ անել հակառակորդի ատրճանակին, քան լսել իր երեսին շպրտված այդ անունը։ Սակայն նա աչքն իսկ չթարթեց։
«Ոչ ոք չի կարող ինձ մեղադրել, թե այդ երիտասարդին ձերբակալել եմ անձնական նկատառումներով»,― մտածեց Վիլֆորը։
― Դանտե՞ս,― կրկնեց նա,― ասում եք՝ Դանտե՞ս։
― Այո, պարոն։
Վիլֆորը բացեց մի ահագին մատյան, որ դրված էր կողքին գտնվող բարձր սեղանի վրա, ապա մոտեցավ մի ուրիշ սեղանի, այդ սեղանից դիմեց դեպի գործերի թղթապանակը և, Մորելին դառնալով, հարցրեց ամենասովորական ձայնով․
― Իսկ դուք չե՞ք սխալվում, ողորմած պարոն։
Եթե Մորելն ավելի կռահող լիներ կամ ավելի լավ իմանար այդ գործի հանգամանքները, ապա տարօրինակ կհամարեր, որ դատախազի օգնականը նրան պատասխանի է արժանացնում իրեն բոլորովին չվերաբերող գործի առթիվ․ նա ինքն իրեն հարց կտար, թե ինչու՞ Վիլֆորը նրան չի ուղարկում կալանավորների ցուցակները նայելու բանտապետների մոտ, դեպարտամենտի պրեֆեկտի մոտ։ Բայց Մորելը, որ իզուր վախի նշաններ էր որոնում, նրա վարքագծի մեջ, միայն բարյացակամություն տեսավ։ Վիլֆորն իր հաշվարկը ճիշտ էր արել։
― Ո՛չ,― պատասխանեց Մորելը,― չեմ սխալվում։ Տասը տարի է, որ ես ճանաչում եմ խեղճ տղային, ինձ մոտ էլ չորս տարի ծատայել է։ Մեկուկես ամիս առաջ, հիշու՞մ եք, ձեզ խնդրեցի մեծահոգի լինել նրա նկատմամբ, ինչպես հիմա խնդրում եմ արդարադատ լինել․ դուք ինձ ընդունեցիք նույնիսկ սառնությամբ և տհաճությամբ պատասխանեցիք։ Այն ժամանակ ռոյալիստները սիրալիր չէին բոնապարտիստների նկատմամբ։
― Ողորմած պարոն,― պատասխանեց Վիլֆորը, հարվածը վանելով իրեն հատուկ սառնությամբ ու ճարպկությամբ,― ես ռոյալիստ էի, երբ կարծում էի, թե Բուրբոնները ոչ միայն գահի օրինական ժառանգներն են, այլև ժողովրդի ընտրյալները, բայց հրաշալի վերադարձը, որի վկաները եղանք մենք, ինձ ապացուցեց, որ սխալված եմ եղել։ Միայն սիրված միապետն է օրինական միապետ։
― Լա՛վ եք ասում,― բացականչեց Մորելը բռի սրտաբացությամբ։― Հաճելի է ձեզ լսել այդպես խոսելիս, և ես դրանում լավ նշան եմ տեսնում խեղճ Էդմոնի համար։
----
<references/>