Ես պատկանում եմ այն մարդկանց թվին, ովքեր սիրում են անձրևը։ Ոչ, ես ամենևին էլ ռոմանտիկ չեմ, ես սովորություն չունեմ անձրևի հոգեզվարճ մեղեդիների ներքո պատուհանի տակ նստած նայել հեռվի ալեծածան, կանաչին տվող դաշտերին, հորիզոնի հետ ձուլվող կապտավուն սարերին ու երազել գծագրված ապագայի մասին։ Ես սիրում եմ անձրևը այլ պատճառով։ Միգուցե... հստակ չգիտեմ։ Երևի միայն նրա համար, որ նա ակամայից հանգստություն է բերում։ Կարծես պարտադրում է, որ պետք է հանգստանալ, մի քանի ժամ քնել, կտրվել աշխարհից։Այդ չարաբաստիկ օրը նույնպես անձրև էր։ Իհարկե, ընթերցողս ինձ կների անփութության ու մի քիչ խճճված նախաբանի համար, բայց այս դիպվածը, որը կատարվել է տարիներ առաջ ու իր դրամատիկ ընթացքով խորը հետք է թողել իմ առանց այն էլ հեշտահույզ ներաշխարհի վրա, շատ ավելի լուրջ է։Ողջ օրը անձրև էր եկել և շարունակվում էր։ Երկու պատանի տղաներ` անձրևի ծակծկող հարվածներից աչքները կկոցած և քաղաքի` անձրևի պատճառով ցեխափոսերի վերածված ծայրամասային թաղամասի ճանապարհները ճարպկորեն շրջանցելով` բարձրանում էին վեր։ Դա ես էի և ընկերս` Վահանը։ Մենք գնում էին նրանց տուն։ Մեզ համար սովորական երևույթ էր միմյանց տներ այցելելը, բայց այդ օրը առանձնահատուկ պատճառ կար։ Մենք գրազ էինք եկել ֆուտբոլային մի հանդիպման խաղաելքի վրա և որոշել էինք այդ օրը նրանց տանը դիտել հանդիպումը։ Ես երկար ժամանակ տարակուսում էի, որովհետև Վահանի ընտանիքում ամենահարմար ժամանակաշրջանը չէր, բայց սրա մասին հետո։Վահանը իմ մոտ ընկերն էր։ Միակ ընդհանուր բանը մեր մեջ, հավանաբար, սերն էր ֆուտբոլի նկատմամբ։ Մնացած հարցերում մենք հակադիր էինք։ Նա կարծես կյանքում ոչ մի նպատակ չուներ, ես մեծ զարմանք կապրեի, եթե հանկարծ ինչ- որ բան նրան հուզեր, հետաքրքրեր։ Ես դրանից հետո էլ հանդիպել եմ շատ մարդկանց, ովքեր ճիշտ այդպիսին էին, մի դեպք, որ կարող է բոլորի վրա ցնցող տպավորություն թողնել, այդ մարդկանց հետաքրքրասիրությունն անգամ չի շարժում։ Բայց նաև արձանագրել եմ, որ այդպիսի մարդկանց մեծամասնության կյանքում մի փոքրիկ գաղտնիք կա, մի մութ անկյուն, կարելի է ասել դժբախտ դեպք, որը փուչ է դարձրել կյանքի բոլոր հետաքրքրությունները։ Վահանի կյանքում դա հավանաբար մոր...Կրկին շտապեցի։ Ամեն ինչ իր ժամանակին։Վահանը գեղեցկատես պատանի էր, փոքր-ինչ երկար մազերով, որոնք սովորություն ուներ անընդհատ ձեռքով շտկելու, ընդգծված այտոսկրերով, խիտ ունքերով ու սրատես աչքերով, արծվի քթով, ինչը այնքան սազական էր նրա լեռնական դիմագծերին։ Սակայն երբեմն բավական թափթփված էր, փնթի չէր, ուղակի չէր սիրում իրեն ավելորդ ուշադրություն դարձնել։ Նա երբեք էլ աչքի չի ընկել լավ սովորելու ընդունակությամբ, բայց ես միշտ հիացել եմ նրա հոյակապ տրամաբանությամբ, երբ մի դժվարին գլուխկոտրուկի վրա մտածում էր ամբողջ լսարանը ,հանկարծ վերջին նստարանից լսվում էր Վահանի ինքնագոհ ձայնը` Ես գտա։ Համոզված եմ` այդ նույն տոնով էլ Արքիմեդը գոչել է` Էվրիկա։Վահանը այդքան էլ շփվող ու մարդամոտ չէր, երբեմն որևէ մեկի հետ խոսելիս նա այնքան ակնհայտ էր ցույց տալի զրուցակցի` իրեն տհաճ լինելը, որ ես նրա փոխարեն ամաչում էի։ Կարծես չէր ուզում որևէ մեկի հետ ծանոթանալ, նոր մտերիմներ ձեռք բերել, ունեցածով ցանկապատել էր իրեն և չէր ցանկանում այդ ցանկապատը տեղահան անել։Երբ հասանք նրանց տան դարպասին, անձրևն արդեն դադարել էր։ Նրանց տունը գտնվում է քաղաքի վերևի ծայրամասում, այդ թաղամասում բոլորը առանձնատներ էին, կարծես դա մի առանձին գյուղ էր` անջատված քաղաքի ունկ խլացնող թոհուբոհից։ Մենք ամբողջությամբ թրջվել էինք։ Երբ նայեցի ցեխում կորած կոշիկներիս, այլևս չէի ցանկանում նրանց տուն մտնել։ Վահանն էլ` իմանալով բծախնդիր բնավորությունս, հատկապես երբ խոսքը գնում է կոշիկների մաքրությանը, արագ ինչ-որ փալասի կտոր ճարեց։ Բակում մեզ դիմավորեց Վահանի շունը` իր կատաղի ու ամբողջ կոկորդից դուրս պրծնող հաչոցներով։-Այս շունը տենց էլ ինձ չսիրեց, Վա՛հ-քմծիծաղով ասացի ես։-Էդ նրանից ա, որ ուշ-ուշ ես մեր տուն գալի- նույնպես քմծիծաղ տալով`կարծես մխիթարեց Վահանը։Աստիճաններով բարձրանալիս ես նորից մտածում էի. անձրև եղանակ, հնարավոր է նրանց տանը ամենևին էլ նպատակ չունեն այսօր հյուրեր ընդունելու։ Մանկուց ինձ ուղեցկել է բնավորության այդ գիծը, որ շատ դեպքերում այնքա՜ն խանգարում էր ինձ. արագ որոշումներ կայացնել, իսկ վերջում վրա էր հասնում սաստիկ ճնշող կասկածամտությունը` արդյո՞ք ճիշտ վարվեցի։ Վահանը, հավանաբար զգալով մտորումներս, ինձ ձեռքերով փոքր-ինչ առաջ հրեց, կարծես հասկացնելով, որ հետդարձի ճանապարհ չկա։Նա դիտմամբ ուժեղ հրեց դուռը, որ բոլորը հասկանան` մարդ է եկել։ Վահանենց հյուրասենյակը փոքր էր, պատերը էժանագին պաստառներով վերանորոգված, պատի տակ շարված էր կահույքը, որի վրա թիկն էր տվել նրա հայրը`Հուսիկը, ով մեզ տեսնելով անմիջապես վեր թռավ։ -Խնդրեմ, առաջին իսկ անախորժությունը։ Չպետք ա էլի ես էսօր գայի-մտածեցի ես։Հուսիկը մեզ դիմավորեց, ինչպես միշտ, սիրալիրությամբ։ Ես խորին հարգանք էի տածում այդ մարդու նկատմամբ, երևի թեկուզ այն պատճառով, որ նա շատ էր սիրում ընկերոջս, ամբողջ կյանքը նվիրել էր նրան, սակայն համոզված չեմ, որ Վահանը դա հասականում էր։ Նա հաճախ էր կռվել հոր հետ, նույնիսկ մի քանի անգամ էլ իմ ներկայությամբ, նրան մեղադրում էր մոր նկատմամբ անտարբեր լինելու մեջ, ինչն էլ, իր կարծիքով, պատճառ էր դարձել մոր` իրենց հարևան Սաշայի հետ տնից փախուստին։Ինձ թվում է` Վահանը շատ լավ հասկանում էր հոր անմեղությունը այդ հարցում, սակայն դա անում էր սեփական վիրավորված արժանապատվությունը վերջնականապես չսպանելու համար` այդ մեղադրանքների տակ քողարկելով մոր անառակությունը։ Այդ փախուստը տեղի էր ունեցել մոտավորապես մի տարի առաջ։ Մի քանի ամիս Վահանը նույնիսկ ինձ չէր տեսակցում, նա իրեն մեկուսացրել էր աշխարհից, վերջակետ դրել ամեն ինչին։ Նա ձգտում էր փախչել այդ վայրից, այդ թաղամասից, կարծես մոր անբարոյականության խարանը դրոշմված էր նրա ճակատին, մարդկանց սովորականից ավել երկար տևող, իր վրա հառված հայացքները հոգնեցրել էին նրան, բայց նա, ի վերջո, դրան ընտելացավ։ Սխալ է ասել` ժամանակը բուժում է, այն չի բուժում, ընտելացնում է։Սակայն ամենազարմանալին այն էր, որ մի տարի անց նրա մայրը վերադարձավ, Վահանն ասում էր, որ մի քանի օր շարունակ լացով ներողություն խնդրելիս է եղել իրենից, ամեն ինչ բարդել է հոր անտարբերության վրա, ի վերջո նրան ընտանիքում հետ են ընդունել։ Խե՜ղճ Հուսիկ։ Ես չէի զարմանա, եթե նա նույնիսկ ուրախացած լիներ դավաճան կնոջ վերադարձի համար։ Նախ` նա թույլ մարդ էր, չէր կարող արդեն հասուն իր երեխաներին միայնակ պայծառ ապագա ապահովել, և հետո` ես նրա հոգնատանջ, փոս ընկած աչքերում միշտ թաքնված սեր ու ինչ-որ ջերմություն եմ նկատել կնոջ հանդեպ, թեև նա երևի դա երբեք էլ ցույց չի տվել։ Իսկ միգուցե ցույց չի տվել, որովհետև չէր կարողանում, այլ ոչ թե չէր ուզում։Իսկ Վահանի մոր հանդեպ ես միշտ ինչ-որ վարանոտ վերաբերմունք ունեի։Գիտեք, երբ մայրը սիրում է, նույնիսկ երբ արտասանում է որդու անունը առանց որևէ փաղաքշական խոսքի, նա իր տոնայնության մեջ է դնում իր մայրական սերը։ Իսկ այդ կնոջ դեպքում դա բացակայում էր։ Հիշում եմ, ինչպես էի տխրել, որ նա վերադարձել էր, կին, ով կործանել էր ընկերոջս, փշրել նրա միջի արժանապատվությունը, մարդկանց աչքերին համարձակ նայելու բնատուր հատկանիշը, պատանեկան երազանքները։Մի անգամ նույնիսկ փողոցում նրան չէի բարևել, իսկ նա պատմել էր Վահանին, տրամադրել իմ դեմ,այնպես, որ դրանից հետո դժվար եղավ վերականգնել մեր հարաբերությունները։ Բայց դա անցյալում էր։-Եկան, եկա՜ն թրջված հավերը։ Լի՛լ, երեք հատ կոֆե բեր-իր բնավորության համաձայն սրամտեց Հուսիկը։Լի՞լ։ Նա իր կնոջը Լի՞լ կոչեց։ Նրա անունը Լիլիթ էր։Դա այնքան զարմանալի էր, որ նույնիսկ Վահանը անթաքույց ժպտաց։ Կարծես թե հայրը փոխվել էր, փորձում էր ուշադրություն ցույց տալ կնոջը, ապացուցել, որ սիրում է նրան և սկզբի համար նրան մտերմիկ ձևով դիմելը վատ միտք չէր։ Կամ գուցե դա պատահաբար ստացվեց կամ իմ ներկայությամբ ուզում էր ցույց տալ, որ ընտանիքում ամեն ինչ նորմալ է, չգիտեմ,համենայն դեպս դա ուղղակի մանրուք էր, բայց դա Վահանին այդ պահին երջանկացրեց։ Երբ մարդ մոլեգներոն ձգտում է ինչ-որ նպատակի, նա նույնիսկ մարուքների մեջ է նկատում իր հաջողությունը։Հուսիկի սրամտությունը կարծես թոթափեց իմ կաշկանդվածությունը, ես համոզվեցի, որ այդ տանը միշտ էլ ուրախ են ինձ հյուր ընդունել, ձեռքով բարևեցի Հուսիկին և նստեցի նրա առաջարկած բազմոցին։Դրսում անձրևը ուժեղացել էր։ Անձրևի կաթիլները համառորեն ձգտում էին պատուհաններից ներս թափանցել, բայց վերջիններս աննկուն էին, կաթիլները բախվում էին նրանց ու հուսահատ հնչյուններ արձակելով` հոսում վար։ Հենց նոր թրջված տղաների համար հաճելի էր վառարանում փայտի պճպճոց լսելը, տպավորություն էր, որ ոչ այնքան փառվող փայտի ջերմությունն է տաքացնում, ինչքան այդ պճպճոցը։Իհարկե Հուսիկի պես զրուցասեր մարդու տանը հյուրին վիճարկված չէ ձանձրանալ։ Մենք զրուցեցինք եղանակից, դասերից, քաղաքի անցուդարձից, թանկացած մրգեղենից և էլի ինչ-որ թեմաներից, որոնք հիմա չեմ էլ հիշում։ Եթե զրուցում էինք նույնիսկ ամենալուրջ թեմայից, Հուսիկը մեկ է ինչ-որ դրվագ գտնում էր իր մեծավարի հումորներն անելու համար, որոնք մի դեպքում աչքերից արցունքներ հոսելու չափ ծիծաղեցնում էին ինձ, մյուս դեպքում ես ուղղակի քաղաքավարությունից դրդված էի ծիծաղում (ինչքա՜ն դժվար գործ է ստիպված ծիծաղելը)։Հանկարծ մենք ինչ-որ պահ լռեցինք, հետո Հուսիկը դեմքը նկատելիորեն լրջացրաց ինձ հարցրեց.-Արա՛մ, ի՞նչ ես մտածում, կա՞ հավիտենություն։Ես սպասում էի, որ նա հիմա կփռթկացնի, որ հերթական հումորն է ձեռնարկել։ Բայց նա անդրդվելիորեն լուրջ էր։ Վահանը ծլթացրեց, նրան դուր չեկավ մթնոլորտի այդպիսի փոփոխությունը, իսկ ինձ ընդհակառակը, ես սիրում էի զրուցել այդպիսի թեմաների շուրջ։-Կարծում եմ` մենք չենք կարող հասկանալ հավիտենությունը-լուրջ տոնով սկսեցի ես։-Մեզ մնում ա մենակ հավատալ դրան։Իսկ մարդը մոլորվում ու խճճվում ա, երբ փորձում ա հասկանալ էն, ինչը երբեք էլ չի կարա։ Գիտե՞ք խի են շատ մարդիկ աթեիստ, ձյաձ Հուսիկ։ Նրանց աթեիստ ա դարձրել ինքնապաշտությունը։ Նրանք աթեիստ են, որովհետև փորձել են հասկանալ հավիտենությունը ու չեն կարեցել։ Դուք ժպտում եք, ձեզ դուրս եկա՞վ իմ միտքը։ Այո՛, նրանց հանգիստ չի տվել այդ միտքը, որ իրենք կարող են ինչ-որ բան չհասկանալ և նրանք ասում են` չկա Աստված։ Նրանք չեն ասում չկա հավիտենություն, նրանք ասում են չկա Աստված, իսկ ո՞վ է Աստված, եթե ոչ` Հավիտենություն։Նույնիսկ կարող եմ ասել, որ նրանցից շատերը աթեիստ կոչվելու իրավունք էլ չունեն,, աթեիստը ժխտում ա Աստծո գոյությունը, բայց նրանք աստված ունեն` իրենց 《ես》-ը։-Ինձ շատ հոգեհարազատ ա քո միտքը տղես` մարդը խճճվում ա, երբ փորձում ա հասկանալ անհասկանալին։ Ինձ թվում ա, երբ Էյնշտեյնը ասում էր` ամեն բան հարաբերական է տիեզերքում, նա մոռացել էր Նրան, ով տիեզերքից էլ վեր է։Ինչը հարաբերական ա, նաև փոփոխելի ա, իսկ հավիտենությունը փոփոխման ենթակա չի։ Ըսենց խոսում եմ, բայց ես էլ էի խճճվել էդ մտքերից, նույնիսկ մոլորվել։ Էն դժվար պահերին, որոնք ինձ ամբողջ կյանքումս ուղեկցել են, ինձ երբեմն մնում էր միայն մի լուսավոր կետ կյանքում, որ ինձ դարձյալ առաջ էր մղում, որ օգնում էր ինձ չմնալ կյանքից ջախջախված ու անուժ ընկած հուսահատության խորունկ անդունդի մեջ։ Դա հավատն էր հավիտենության նկատմամբ։ Հավատը, որ էնտեղ կա Մեկը, ում կողքին ես հանգիստ կլինեմ, ում հետ կարող եմ անկեղծ զրուցել էնպես, ինչպես ոչ մեկի, ինձ թվում ա ` մի ուրիշ զգացողություն կլինի զրուցել Մեկի հետ, ով ամեն ինչ գիտի։Հուսիկը խոսում էր վառված, կրակոտ, կարծես իր միջից դուրս էր տալի իր ողջ կյանքի մտածմունքները, վառարանում փայտը թեժ այրվում էր, բայց նա քրտնել էր ոչ դրանից...-Դու ճիշտ նկատեցիր,-շարունակեց նա` չորացած բերանը մի կում սառը ջրով հագեցնելուց հետո,- մենք չենք կարող հասկանալ հավիտենությունը։ Ես կարող եմ ավելի հեռուն գնալ ու բացատրել` ինչու՞։ Ես լարվեցի ու փոքր ինչ առաջ եկա, ցույց տալու համար, որ այդ հարցը սաստիկ հետաքրքում է ինձ։ Դա այն զրույցներից էր, երբ ցանկանում ես, որ երբեք էլ չավարտվի, բայց դրա անխուսափելիությունը ակամայից տխրեցնում է քեզ։ Իսկ Հուսիկը, դրանից ավելի ոգևորված, շարունակեց.-Մենք չենք կարող հասկանալ հավիտենությունը, որովհետև հավիտենության մեջ սպասում չկա։ Հապա մի քննիր մարդուս կյանքը։ Ի՞նչ ա իրենից ներկայացնում` սպասումների մի ամբողջ շարան։ Քանի դեռ փոքր ես, սպասում ես մեծանալուն, մեծացար` սպասում ես երկրորդ կեսիդ հանդիպելուն, հետո երեխայի ծնվելուն, իսկ հետո նրա մեծանալուն ու էսպես շարունակ։ Քնելիս սպասում ես արթնանալուն, գնում ես աշխատանքի, սպասում ես աշխատանքային օրվա ավարտին։Էդպիսի սպասումները բոլոր մարդկանց մոտ տարբեր են։ Բայց կա մի սպասում, որ բոլորի մոտ ընդհանուր ա։ Դրա մասին մարդը մտածում ա ավելի շուտ ենթագիտակցորեն, դա մեծ հաշվով չի էլ հուզում նրան, բայց նա սպասում ա դրան։ Դա ամենամեծ սպասումն ա կյանքից` մահը։《Ամենամեծ սպասումը կյանքից` մահն է》։ Այս նախադասությունը դաջվեց իմ մտքին` այնտեղից երբեք չմաքրվելու հեռանկարով։-Ըտե՞նց ա չէ, մենք ամբողջ կյանքում սպասում ենք մահվանը, բայց զարմանալին էն ա, որ երբ մահը գալիս ա, հանկարծ պարզվում ա ,որ ամենևին էլ սպասելի չէր։Հավիտենության մեջ մենք ինչ-որ բանի չենք սպասելու, մեր կյանքի իմաստը չեն լինելու ակնթարթային երջանկություն պարգևող ինչ-որ սպասումներ։ Գիտե՞ս, ես շատ եմ կարդացել Աստվածաշունչը, իրոք որ երկնային գիրք ա, բայց էնտեղ շատ քիչ ա գրված երկնային կյանքի մասին։ Գիտես ինչի՞։ Որովհետև մենք կսկսեինք սպասել դրան, իսկ ինչը սպասելի ա, ժամանակի ընթացքում կորցնում ա իր արժեքը։Հուսիկի ճառը ավարտվեց։ Այն, իրոք, ոգեշնչող էր ու հուզումնալից։ Երևում էր, որ նա երկար էր սպասել դրա արտահայտմանը ու կցանկանար դա անել ավելի մեծ լսարանի առջև, բայց, հավանաբար, հոգնել էր այդ 《մեծ լսարանին》սպասելուց։Այդ ճառի ավարտին կսազեր բուռն ծափահարությունների տարափը ու հիացական բացականչությունները, բայց նա բավարարվեց իմ ու Վահանի` հիացմունք ու զարմանք արտահայտող հայացքներով։Այդ պահին էլ ներս մտավ Վահանի քույրը` Աննան` խախտելով այդ խոսկացությունից առաջացած անհասկանալի մթոլորտը։Աննան իսկական գեղեցկուհի էր։ Նրա միշտ կկոցված թվացող աչքերը հայացքին տալիս էին այն լիրիկական գեղեցկությունը, որը մի քանի վայրկյանում չես ընկալի։ Այդ գեղեցկությունը ուսումնասիրել է պետք։ Նա այն գեղեցկուհիներից չէր, ում կարելի է փողոցում քայլելիս տեսնել ու հաջորդ վայրկյանին մոռանալ, նրան տեսնողը դեռ մի երկու օր կփորձի վերհիշել նրա վրձնային դիմագծերը։ Ես համակրում էի նրան, ինչը իհարկե փորձում էի ողջ ուժերով ճնշել որովհետև նա ինձնից մեկ տարով մեծ էր և բացի այդ, իմ ընկերոջ քույրն էր։ Ու համոզված էի, որ վաղ թե ուշ դա ինձ կհաջողվի։ Պետք է դարձյալ դիմել ժամանակի այն հատկանիշին` ընտելացնելուն։Նա մոտեցրեց սուրճը սեղանին և ժպտալով բարևեց ինձ։ Ես շփոթվեցի։ Այդ ժպիտը բավականին շատ էր ինձ համար։Ֆուտբոլն սկսվեց։ Մենք մեր գործին անցանք։ Հուսիկը խոսք էր տվել, որ մեզ հետ կդիտի, բայց ամբողջ օրն աշխատած մարդու համար դժվար է բազմոցին նստած մնալը։ Նա նստած տեղում էլ քնեց, իսկ մենք որոշեցինք չարթնացնել նրան։Արդեն մութն էր։ Պատուհանից երևում էր ամբողջ քաղաքը իր հմայքով։ Ինչպես աստղերը սփռված անծայրածիր տիեզերքի մեջ, այնպես էլ տների` այդ լուսավոր կետերի բազմությունը ասես շաղ էր տրված քաղաքի մեջ և դա արված էր այնպիսի նրբանկատ զգուշավորությամբ, որ կարծես եթե խախվեր դրանցից մեկի տեղը, կխամրեր ողջ գեղեցկությունը։Մենք անզուսպ դիտում էինք հանդիպումը, բարձր մեկնաբանելով գործողությունները, չվախենալով արթնացնել մեր կողքին յոթներորդ երազը տեսնող Հուսիկին։Եվ հանկարծ էլի նա։ Գոնե այդ ժամանակ չհայտնվեր այդտեղ։ Այդ կնոջը կարծես վիճարկված էր ամեն լավ բան փչացնելու։ Նա մտավ հյուրասենյակ, սառը, անտարբեր կեցվածքով, ես շարունակ նրան էի նայում, գուցե թե բարևի։ Բայց նա անցավ մեր առաջից ու դուրս եկավ։ -Մամ, դուրս գա՞մ հետդ-ձայն տվեց Վահանը։ -Չէ, հեսա կգամ-իրեն բնորոշ սառնությամբ պատասխանեց նա արդեն դրսից։Վահանի գոռոցի վրա Հուսիկը վեր էր կացել ու տնտղում էր աչքերը։ Դա այն անհաղթահարելի վայրկյանն էր, երբ մարդ հնարավոր է իր ունեցվածքն էլ տա, միայն թե այդ պահին թողնեն քնի, բայց երբ արթնանում է, թարմանում, զարմանում է` ինչպե՞ս կարելի է երկար քնել։Հանկարծ բակից լսվեց շան հաչոցը։ -Էս շանն ի՞նչ եղավ-տեղից զոռով պոկվեց Հուսիկը ու կնոջ հետևից դուրս եկավ։ Իսկ մենք խորասուզված նայում էինք։ Իհարկե, այդ տարիքում ես ծաղրում էի այդպիսի արտահայտություն անողներին, բայց աստիճանաբար հասկանում ես, որ ֆուտբոլը, իրոք, մի խաղ է, ուր 《քսաներկու տղաներ վազում են մի գնդակի հետևից》։Այս պահին ես զբաղված եմ ձեռքերիս դողի կանխմամբ, որը առաջանում է, երբ վերհիշում եմ այդ պահը։ Ա՜յդ ձայնը. Հուսիկի 《վա՜յ》-ը, դա բացականչություն չէր ուղակի, դա մի ողջ, անհանգիստ ու կուտակված ներաշխարհի վայրկենական պոռթկում էր։ Մենք առանց մի բառ խոսալու դուրս վազեցինք։