Երբ գյուղ հասանք, մութը դեռ լրիվ չէր իջել, ձիու աչքերի մեջ պատկերներ կային։ Մեղուները փեթակներն էին մտել, պապս արթնացել էր թունավոր անզգայությունից, ձին կապել էր ցանկապատին ու թիմարում էր, ձիու թրթռացող մաշկի հետ ձեռքը դողում էր, ամբողջ մարմնով ինքն էլ էր ցնցվում։ Ձիու խոշոր, սեւ աչքերի մեջ մենք երեքս էլ դեմքով երեւում էինք, ու մորս մի ականջօղը չկար։ Ասաց․ «Սամվելը դեռ չի վերադարձել, հայրդ գնացել է նրան որոնելու»։ Ես ու մայրս, էլ գնացինք ու «Սամվե՛լ, Սամվե՛լ» գոռալով` եղբորս էինք որոնում գյուղի թաղերում։ Գյուղացիներից էլ ոչ ոք նրա տեղը չգիտեր։ Երկու հաղթանդամ հորեղբայրներս արյուն իջած աչքերով էին․առնական ու բամբ ձայնով, քրտինքը ճակատներին` բոլորին հարցաքննում եւ հրամաններ էին տալիս, շատերը միացան մեզ, ու մինչեւ լուսադեմ, լապտերները վառած, բոլոր հավանական ու կասկածելի տեղերում նրան էին որոնում։
Հովիվներից մեկը` Ավոն, ասաց․ «Վայ թե ես տեսել եմ նրան»։ Մորս հարցրեց․ «Ճերմակ սարոշկա՞ էր հագած, եթե սպիտակ էր հագինը, ուրեմն Սամվելն էր։ Դեղին լճում ձուկ էր որսում։ Ես էլ ասի` էս մատմ երեխուն ինչո՞ւ են միայնակ ծովը թողել, ճիշտ է, շատ հեռվից տեսա, բայց հագինը հաստատ ճերմակ սարոշկա էր»։ Ճնշումից արնակոխ աչքերով հորեղբայրներս` առաջնորդ, լապտերներով ճանապարհներս լուսավորելով` հասանք լճափ ու, խմբերի բաժանված, նրան էինք որոնում։ Մենք էլ բազմու ֊Սկզբից բազմության հետ մթան մեջ, լճի ուղղությամբ նրա անունն էինք գոռում։ Սկզբից հորս ծնկներին, կրծքին, հետո կոկորդին ջուրը հասավ` առաջանում էր ու գոռում, առաջանում էր ու գոռում։ Մայրս էլ էր կանչում թիկունքից` բազմության միջից, նրա ձայնը տարբերակող, տարորոշ լսվեց, երեւի դրա համար հայրս ետ եկավ։
Մորս զգեստի` կրծքերը սքողող մի կոճակը չկար, վաղուց, երբ ճանապարհ ընկանք, այն ժամանակ էի նկատել, բայց չէի ուզում ասել։