Changes

Ոդիսական

Ավելացվել է 55 082 բայտ, 13 Հունիս
/* Երգ տասնչորսերորդ։ Ոդիսևսը Եվմեոսի մոտ */
== Երգ տասնչորսերորդ։ Ոդիսևսը Եվմեոսի մոտ ==
<poem style='margin:0ex 5ex'>
{{տող|1}}Ոդիսևսը ծովածոցից ուղղվեց դեպի լեռնաշավիղը քարքարոտ
Անցավ վայրերն անտառախիտ, ուր, ըստ ցուցմանն Աթենասի,
Բնակվում էր խոզարածը աստվածակերպ, որ առավել հոգածությամբ
Պահպանում էր գույքը տիրոջ, քան մյուս բոլոր ծառաները Ոդիսևսի:
Եվ նա նրան գտավ նստած անդ, գավիթում լայնատարած:
Բակը շինված էր բաց տեղում, շուրջանակի հայտերևակ,
Գեղեցկակերտ ու բարձրաբերձ, մեծակառույց ու բոլորակ:
Դա շինել էր խոզարածը, հանց խոզաբուն, երբ թագավորն էր բացակա,
Սակայն առանց թույլտվության և տանտիկնոջ, և՛ զառամյալ Լաերտեսի։
{{տող|10}}Շուրջը պատել էր թփերով նա թանձրափուշ և քարերով մեծ ու ամուր,
Ապա դրսից, երկու կողմից, քաշել էր նա պիրկ ցանկապատ՝
Կեղևները արդեն պոկված կաղնու տոկուն խիտ ցցերից,
Իսկ բակի մեջ շինել էր նա տասնևերկու խոր խոզանոց
Իրար կողքի, հանց խոզերի խշտի և բուն, և դրանցից ամեն մեկում
Գետնաթավալ պառկում էին հիսուն հղի, փակված խոզեր:
Արու խոզերը գիշերում էին դրսում, խշտիներին, և շատ չէին.
Դրանց թիվը պակասում էր, լափում էին սեղեխները աստվածային:
Եվ խոզարածն ստիպված էր հաճույքների համար նրանց՝
Միշտ ուղարկել այդ պարարուն որձ խոզերից ընտիրներին։
{{տող|20}}Երեք հարյուր վաթսուն էին ընդամենը դրանք թվով.
Միշտ դրանց մոտ քնում էին չորս գամփռներ գազանակերպ,
Որոնց առատ կերակրում էր խոզարածն այդ մարդկանց իշխան։
Ծերուկ հովիվն այդ ժամանակ պատրաստում էր իր ոտքերին շքեղ մույկեր՝
Կարատելով պերճ, գունավոր եզան կաշին։ Մյուս հովիվներն
Ցրվել էին ամենուրեք, երեք հոգի խոզերն էին տարել հանդը,
Իսկ չորրորդին նա ակամա ուղարկել էր արդեն քաղաք՝
Խոզ տանելու ամբարտավան խոսնայրներին, որ անդ նրանք
Զոհ կատարեն, որ հագենան նրա մսով սրտերը ժանտ։
Ոդիսևսին հանկարծ տեսան այդ գամփռներն անվերջ հաչող
{{տող|30}}Ու կատաղի, զիլ հաչոցով հարձակվեցին նրա վրա,
Բայց Ոդիսևսը խորամանկ իսկույն նստեց և իր ցուպը գցեց գետին։
Քիչ մնաց որ նա խայտառակ փորձանքի գար այդ կալվածում իր սեփական,
Մինչ խոզարածն շտապ քայլերով աճապարեց իսկույն ևեթ
Եվ դուրս վազեց լայն գավիթից՝ վայր գցելով ձեռքից կաշին,
Ու, սաստկաբար գոռգոռալով, նա շներին սաստեց հուժկու և մեծագոչ.
Քարեր նետեց նրանց վրա զայրագնաբար, ապա խոսեց իր տիրոջ հետ.
«Ո՛հ, ծերունիդ, քիչ էր մնում, որ շները գզգզեին քեզ հանկարծակի,
Եվ այդ բանը ինձ կծածկեր քարվականքով ամոթալի:
Առանց այդ էլ աստվածները ինձ տվել են այս հառաչանքը տանջալի.
{{տող|40}}Ես, վշտակիր, ողբում եմ միշտ իմ արքային աստվածային
Ու շատերին կեր եմ տալիս, որ լափլփեն պարարտաճարպ խոզերը իմ,
Մինչ նա, գուցե, ուտեստների, հացի կարոտ ու ձեռնունայն,
Թափառում է դեպի օտար, այլալեզու քաղաքներն ու երկրները.
Կամ ո՞վ գիտի, կենդանի՞ է նա տակավին, տեսնո՞ւմ է նա լույսն Արևի։
Բայց ե՛կ, ծերուկ, տունս գնանք, որ դու սրտանց անդ հագենաս
Գեթ ուտեստով, այլև գինով։ Այնուհետև, ինչպես հարկն է, ինձ կը պատմես,
Թե ո՞վ ես դու կամ որտեղի՞ց, ի՞նչ աղետներ ես դու կրել»։
Ասաց` այդպես ու տուն տարավ իսկույն նրան խոզարածը աստվածային:
Եվ անհապաղ գետնին փռեց խիտ ու դալար կանաչ ճյուղեր,
{{տող|50}}Հարթեց ձեռքով և վերևից փռեց ապա նա թավամազ մի այծենի՝
Իր անկողինը մշտական, որի վրա բազմել տվեց իսկույն նրան:
Ուրախացավ Ոդիսևսը, որ ընդունեց խոզարածը, ուստի ասաց.
«Քե՜զ, հյուրընկալ, թող տան Զևսը և այլ անմահ աստվածները
Այն, ինչ սրտանց կցանկանաս, քանզի այսքան ինձ սրտալի ընդունեցիր»:
Այսպես նրան ի պատասխան խոսք ասացիր ո՜վ Էսմևոս դու խոզարած
«Օտարակա՜ն, վայել չէ, որ հյուր եկվորին անարգու վա՜տ ես ընդունեմ,
Թեկուզ լինի նա ավելի քեզնից նվաստ, քանզի հյուրեր ու մուրիկներ
Միայն Զևսից են մեզ գալի։ Քիչ եմ տալիս, բայց տալիս եմ ես սրտալի,
Այդ է սակայն հեգ վիճակը ծառաների միշտ երկյուղած,
{{տող|60}}Երբ իշխում են նրանց վրա նոր տերերը երիտասարդ։
Մինչ երևի աստվածները կարկանդեցին վերադարձը իմ արքայի,
Որ սիրում էր ինձ հոգատար, և այնքան ինձ գույք պիտի տար,
Որքան տալիս է բարեսիրտ տանուտերը հավատարիմ իր ծառային։
Նա ինձ և՛ տուն կտար անշուշտ և լավ կալված, կտար և կին բազմախոսնայր,
Հանց ազնվագույն մի ծառայի, գործը որի աստված կանի արդյունավետ,
Ինչպես իմ գործն է այժմ արդեն արգասավոր, քանի հովիվ եմ ես արի:
Շատ-շատ բարիք դեռ կընծայեր ինձ իմ արքան, եթե այստեղ նա ծերանար,
Բայց նա կորավ։ Երանի՜ թե կորչեր զարմը Հեղինեի այն չարաղետ,
Քանզի չէ՞ որ հանուն նրա ծունկը ծալվեց բյուրաբազում մեծ քաջերի,
{{տող|70}}Եվ նա նույնպես, հանուն միայն Ագամեմնոն դյուցազունի,
Գնաց Իլիոն ձիահարուստ, որպեսզի անդ կռվի ընդդեմ տրոյացոց»:
Ասաց այդպես, հապճեպ քաշեց, պատմուճանի վրա պնդեց նա իր գոտին
Եվ դուրս եկավ ու ժիր գնաց նա խոզանոց, ուր խոճկորներն էին փակված:
Վերցրեց, բերեց երկու խոճկոր. երկուսին էլ նա մորթոտեց,
Քերթեց ապա ու կտրատեց, շամփուրներին իսկույն զարկեց։
Երբ խորովեց ու պատրաստեց նա բոլորը շամփուրներով ու ջերմորեն
Բերեց տվեց Ոդիսևսին, ցանեց վրան գարի ալյուրը սպիտակ։
Ապա շուտով խառնարանում խառնեց գինին մեղրանուշիկ,
Նստեց հետո դեմ-հանդիման և խոսքն ասաց քաղցր ու խոհեմ.
{{տող|80}}«Անո՜ւշ արա, կե՛ր, ո՜վ եկվոր. ծառաների բաժինը այս խոճկորներն են,
Մինչ սեղեխներն ագահ լափում են միշտ խոզեր պարարտաճարպ՝
Զանց առնելով, որ կա պատիժ աստվածների, այլև գութը և գորովը:
Բայց չեն սիրում երանավետ աստվածները գործերը չար,
Միայն մարդկանց վեհ գործին են նրանք տալիս լավ հատուցում:
Աստվածների պատժից ահեղ իրենց սրտում և հոգու մեջ
Վախենում են անգամ ոսոխ ու չարագործ բոլոր մարդիկ,
Որոնք անցնում են հեռավոր, օտար երկիր և ավարը Զևսի տված,
Հավաքելով նավերի մեջ, վերադառնում, այդպես բերում են հայրենիք։
Գուցե, սակայն, սեղեխներն այս, աստվածներին այժմ ձայնալուր,
{{տող|90}}Մի բան գիտեն իմ արքայի մահվան մասին և չեն ուզում, հանց վայելուչ
Խնամախոս, կարգին վարվել թագուհու հետ կամ ետ գնալ տներն իրենց,
Այլ անխնա ու սառնասիրտ վատնում, լափում են վիսաբար գույքը ամբողջ,
Զի ամեն օր, ամեն գիշեր, որոնք նույնպես սահմանված են Զևսի կամքով,
Սրանք զոհում, կոտորում ես ոչ թե չափով, օրը մի հատ կամ իսկ երկուսն,
Այլ շատերին և գինին էլ արդեն լափում, ոչնչացնում են չափից դուր։
Մինչ իմ տիրոջ հարստությունն անսպառ էր, և այդքան գույք
Չի ունեցել ոչ մի հերոս կամ քաջազուն՝ թե՛ ցամաքի մեջ սևաթույր,
Եվ թե նույնիսկ Իթակեում, այլ միասին քսան դյուցազն իսկ մեծաշուք
Այդքան մեծ գույք չեն ունեցել։ Եվ կարող եմ քեզ թվարկել ես միառմի.
{{տող|100}}Տասնևերկու ենզնանախիր կար ցամաքում, նույնքան խաշինք
Եվ ճիշտ նույնքան խոզերամակ, նույնքան այծի մեծ հորաններ,
Որ արածում են սեփական կամ թե օտար հովիվների խնամքի տակ։
Նաև այստեղ, Իթակեում, կան տասնևմեկ այծի հոտեր,
Որոնք առատ արածում են սահմանի մոտ, խնամքի տակ ազնիվ մարդկանց:
Հովիվներից ամեն մեկը խոսնայրներին բերում է միշտ օրը մի այծ,
Այն Էլ ինչպե՞ս. լավագույնը ու ընտիրը պարարտներից:
Ես էլ այստեղ, ահավասիկ, պահպանում եմ խոզեր միայն,
Եվ առաքում նրանց համար այս խոզերից լավագույնը»։
Ասաց այդպես. Ոդիսևսը ուտում էր միսն ագահորեն, խմում գինին
{{տող|110}}Եվ իր մտքում հորինում էր խոսնայրներին վրեժ և մահ։
Երբ նա կերավ և իր սրտին հագուրդ տվեց այդ լիովին,
Եվմեոսը լցրեց բաժակն, որով ինքն էր ըմպում գինին այդ լուսաշող,
Եվ այն տվեց եկվոր հյուրին. ընդունելով՝ Ոդիսևսը խնդաց հոգով
Ու բարձրաձայն դիմեց իսկույն խոզարածին և խոսքն ասաց իր թևավոր.
«Ո՜հ, սիրելիդ, ո՞վ էր այն քաջ դյուցազունը, որ գնեց քեզ.
Հարո՞ւստ էր նա, քաջակորո՞վ, ինչպես արդեն դու պատմեցիր:
Դու ասում ես՝ նա կործանվեց պատվի համար Ագամեմնոն մեծ հերոսի,
Պատմիր դու ինձ: գուցե և ես գիտեմ նրան, հանդիպել եմ գուցե մի տեղ։
Թեպետ միայն Զևսը գիտի այդ ամենը, և անմահ այլ աստվածներն,
{{տող|120}}Գուցե և ես մի լուր տամ քեզ, քանզի չէ՛ որ թափառել եմ ես շատ ու շատ»:
Այնժամ նրան պատասխանեց խոզարածը՝ լավագույնը հովիվներից.
«Ո՜հ դու ծերուկ, եթե նույնիսկ շրջիկներից մեկնումեկը նրա մասին
Համբավ բերի, չի համոզի նա բնավին նրա կնոջն ու սիրելի իր զավակին։
Մինչ թափառող, շրջիկ մարդիկ անապաստան և անխնամ
Ստո՜ւմ են միշտ, չեն ցանկանում խոսքը ասել ճշմարտացի։
Եվ իսկապես, ով գալիս է, թափառելով, մեր Իթակեն,
Ներկայանում է մեր տիկնոջն ու զանազան բանե՝ր պատմում սուտ և անհույս:
Նա էլ դրանց ընդունում է շատ սիրալիր, հարցմունք անում միշտ մտահույզ,
Վշտանում է ապա սաստիկ և արտասուք թափում անվերջ ու դառնադառն,
{{տող|130}}Ինչպես հատուկ է այն կանանց, որոնց անբախտ ամուսինն է հեռվում կորած:
Նույնպես և դու, հեգ ծերունիդ, իրավ, հեքիաթ պիտի պատմես մեզ մի ցանցառ,
Եթե քեզ տան մի ցնցոտի, մի պատմուճան կամ մի բաճկոն, որպես մի վարձ:
Մինչդեռ, կարծեմ, թերևս արդեն արագ շներն և թռչունները գիշատիչ
Մաշկն են նրա ոսկորներից վաղուց քերթել, և թռել է հոգին մարմնից,
Կամ լափել են նրան ձկները ծովի մեջ, իսկ ոսկորները ծովափին
Թերևս հիմա ընկած են դեռ՝ խիտ ավազով նույնիսկ ծածկված:
Այդպե՜ս եղավ կորուստն անբախտ, բայց նա այստեղ թողեց մարդկանց իր սիրելի,
Ինձ մանավանդ՝ վիշտ ու ջայլանք։ Մինչդեռ երբեք էլ չեմ գտնի
{{տող|140}}Ես այդպիսի ազնվամեծար, սիրալիր տեր, ուր որ լինեմ, ուր որ գնամ,
Թեկուզ նույնիսկ վերադառնամ կրկին դեպի հայրն ու մայրն իմ բարեխնամ,
Դեպի մեր տուն, որտեղ մի օր ծնվել եմ ես, սնվել նրանց խնամքի տակ:
Ո՜չ, իմ վիշտը նրանց համար չէ բնավին, թեպետ սրտանց, մեծափափագ
Կը ցանկանամ գնալ երկիրն իմ հայրենի և գեթ տեսնել նրանց աչքով։
Ուստի ես այժմ ողբ եմ անում տարաշխարհիկ Ոդիսևսի աար միայն։
Ավա՜ղ, հյուր իմ, պատկառում եմ նրան նույնիսկ անվամբ կոչել,
Այնքա՜ն էր ինձ նա միշտ սիրում և այնքա՜ն էր ինձ հոգատար ու սրտալի,
Որ ես նրան, թեպետ չկա և հեռու է, պիտ անվանեմ միշտ սիրելի:
Այնժամ ասաց խոսքն իր նրան բազմաչարչար Ոդիսևսը աստվածազարմ.
{{տող|150}}« Բարեկա՜մս, թեպետ և դու դրժում ես և չես հավատում ամենևին,
Որ Ոդիսևսը պիտի գա, և սիրտն է քո կասկածանքով լցված հիմա,
Բայց ես ոչ թե միայն խոսքով, այդ միտ ասեմ, այլ կԸ երդվեմ
Որ Ոդիսևսն ետ կը դառնա, իսկ դու նվեր ինձ պատրաստիր,
Իբր ավետչյա։ Երբ նա իրոք վերադառնա, իր շեմքն անցնի և տուն մտնի,
Ինձ կընծայես մի լավ հագուստ. մի բաճկոն և մի պատմուճան:
Իսկ նախքան այդ նվերն, հարկավ, չեմ ընդունի, թեպետ շատ մեծ կարիք ունեմ:
Ժանտ Հադեսի դռների պես ատելի՜ է ինձ համար նա՚,
Ով, իսկապես, իր կարիքին հետևելով, սուտ է խոսում, կեղծում է զուր:
Երդվում եմ արդ՝ ես անունով սստվածների, աստվածահայր նաև Զևսի,
{{տող|160}}Այս սեղանով հյուրամեծար և օջախով ազնվաբարո Ոդիսևսի,
Որի տունն եմ ես այժմ եկել. կկատարվի այն ինչ ահա հայտնում եմ քեզ,
Հենց այս տարի. ինչ իր ուղին արևն անցնի, Ոդիսևսը արդեն կգա,
Երբ այս ամիսը վերջանս, նա մյուս ամսին ետ կդառնա
Ու իր վրեժն այն ժամանակ այստեղ կառնի նա բոլորից,
Ով հանդնեց անարգել իր կնոջը և չքնաղ որդուն»։
Այնժամ, նրան ի պատասխան, խոսք ասացիր դու, Եվմեոս, ո՜վ խոզարած.
«Ո՜հ, ծերրունիդ, ո՛չ ես կտամ քեզ որևէ աչքալուսանք,
Եվ ո՛չ էլ իսկ Ոդիսևսը ետ կը դառնա և տուն կը գա,
Այլ դու հանգիստ խմիր գինին ու եկ խոսենք մենք այլ մի բան, իսկ այդ մասին
{{տող|170}}Մի վրդովիր հուշերը իմ, քանզի սիրտս իմ կրծքի տակ տանջվում է խիստ,
Երբ մեկնումեկն հիշեցնում է ինձ արքային իմ փառավոր:
Թողնենք նաև երդումը այդ. եթե իրոք Ոդիսևսը վերադառնա,
Ապա ուրեմն այդ կլինի սիրակարոտ կատարումը իմ փափագի,
Պենելոպի, ծեր Լաերտի և անբասիր, աստվածակերպ Տելեմաքի:
Բայց ես սաստիկ վշտացած եմ որդու համար, Ոդիսևսից ծնունդ առած
Տելեմաքի, որին չէ՞ որ աստվածները լավ սնեցին, հանց շառավղի,
Ու ես սրտանց կարծում էի, որ մարդկանց մեջ մահկանացու
Նա գերհրաշ խելքով, տեսքով վատ չի լինի, քան սիրելի հայրը իր մեծ:
Մինչդեռ հիմա աստվածներից կամ մարդկանցից մեկը նրան խելքից հանեց,
{{տող|180}}Դու գնացել է սուրբ Պիլոս նա այժմ արդեն, որ հոր մասին լուր ստանա,
Իսկ խոսնայրները մեծարգո սպասում են դարանամուտ,
Որ սպանեն տուն ետ գալիս, որպեսզի զարմն աստվածակերպ Արկիսոսի
Իթակեում անփառունակ ոչնչանա ու վերանա:
Սակայն թողնենք խոսել նաև նրա մասին. գուցե իրոք նա կործանվի
Եվ կամ գուցե Կրոնոսյանի մեծ զորությամբ ու ձեռքի տակ խույս տա մահից:
Բայց դու, ծերո՜ւկ, պատմիր ինձ այժմ այն աղետներն, որ կրել ես դու իսկապես:
Արդ, ինձ ասա ճշմարտացի, որպեսզի լավ իմանամ ես.
Ի՛նչ մարդ ես դու կամ որ ցեղից, կամ որտե՞ղ են ծնողներդ, քաղաքը քո:
Ում նավով ես այստեղ եկել, ինչպե՞ս արդյոք նավորդները հասցըրին քեզ
{{տող|190}}Մինչ Իթակե։ Ովքե՞ր էին, ինչպես էին կոչվում նրանք.
Քանզի գիտեմ, դու հետիոտն չէիր կարող գալ ու հասնել երկիրը այս»:
Իսկույն նրան պատասխանեց և խոսք ասաց Ոդիսևսը բազմահնար.
«Ճշմարիտը և ամեն ինչ քեզ կպատմեմ ես անթերի,
Սակայն եթե, երկարատև, շատ ժամանակ, մի ողջ տարի,
Նստած այստեղ սեղանի շուրջ, քաղցր գինին ու ուտեստը վայելելով,
Այսպես խնջույք մենք անեինք հանգստացած և անվրդով,
Իսկ մեր գործը ուրիշները կատարեին, և ես անվերջ պատմեի քեզ,
Նույնիսկ այդպե՜ս գլխովս անցած աղետների երկար խոսքը չէր վերջանա,
Աղետների ու դառնության, որ կրել եմ կամքով անմահ աստվածների։
{{տող|200}}Ծնվել եմ ես անդ, լայնալիր Կրետեում, և դրանով եմ միշտ հպարտ:
Ես զավակն եմ մեծահարուստ, քաջ մի մարդու, բայց նա ուներ և այլ որդիք,
Որոնք, ծնված օրինական մի կնոջից, սնվում էին տանը նրա։
Իսկ իմ մայրը հարճ էր միայն, մի ստրուկ կին, որին գնել էր նա մի օր:
Սակայն հայրս՝ ազնիվ Կաստոր Հիլակյանը, միշտ հարգում էր ինձ հավասար,
Օրինական իր որդոց պես. այդ ծագումով արդ կարող եմ ես պարծենալ։
Կրետեի ազգերի մեջ աստըծու պես հարգված էր նա,
Իբրև հարուստ մի մեծագով, իբր անբասիր քաջ զավակներ ունեցող մարդ։
Ահավասիկ՝ ճակատագիրը մահակուր հղեց նրան տունն Հադեսի։
Հանդուգն ու վես նրա որդիք գույքը նրա ամբողջովին
{{տող|210}}Իրարու մեջ և վիճակով բաժանեցին այդ ժամանակ,
Իսկ ինձ գույքից տվին միայն չնչին մասը, մի աննշան, փոքրիկ տնակ։
Ես կին առա պերճ դստրիկի մեծահարուստ ծնողների,
Եվ այդ միայն՝ շնորհիվ իմ քաջարության։ Թույլ չէի ես,
Ոչ էլ վախկոտ, այլ միշտ խիզախ և մարտունակ, բայց այդ բոլորն անցյալում է։
Երբ դու, կարծեմ, հարդն ես տեսնում, արտն ու բերքը պիտ ճանաչես։
Հարդ եմ ես այժմ, ինձ տանջել են բյուր բյուրավոր վիշտն ու աղետը չափազանց։
Ինձ Աթենասն ու Արեսը շնորհեցին քաջախիզախ ուժ և կորով
Եվ հաղթական հանդգնություն։ Ես, մեծազոր և ընտրովի քաջերի հետ
Դարանամուտ, քաջ մարտելիս, մահ ու կորուստ էի բերում իմ թշնամուն։
{{տող|220}}Սիրտս երբեք չէր վրդովվում մահվան ահով թշնամու դեմ,
Որ գերազանց էր ինձանից ոտքով արագ։ Նետվում էի դեպի առաջ՝
Նախահարձակ, ջարդում էի տեգ նիզակով։ Այդպես էի ես կռվի մեջ,
Ինձ հաճելի չէին բնավ ոչ դաշտային աշխատանքներ,
Ո՛չ էլ հոգսերը տնային կամ մեծափառ կրթությունը զավակների,
Այլ ես սրտանց սիրում էի նավերն արագ, թիավարվող,
Մարտակռիվն, ողորկագույն տեգ-նիզակըև թևավոր սլաքները,
Այն, որ այլոց միշտ թվում է զարհուրելի ու դժնդակ:
Ես նրանով էի հրճվում, ինչ որ աստված հաստատել էր իմ հոգու մեջ,
Զի ա՛յն գործն է սաստիկ սիրում ամեն մի մարդ, որն հատուկ է նրա սրտին։
{{տող|230}}Նախքան որդիք աքեացոց արշավեցին դեպի Տրոյա,
Ես ի՜նն անգամ քաջերի հետ ու նավերով արագընթաց
Հաջողակի արշավեցի ընդդեմ օտար և թշնամի հզոր մարդկանց,
Հարուստ ավար գրավեցի, և, բացի այդ, ինձ վիճակով էլ շատ հասավ:
Տունս արագ բարգավաճեց, լցվեց անբավ հարստությամբ բազմապիսի,
Ու շատ շուտով Կրետեում ես կորովի, գերամեծար մի մարդ դարձա։
Իսկ երբ Զևսը որոտագոչ հորինեց ժանտ ճանապարհը արշավանքի,
Որն, արդարև, ծալեց ծնկները բյուրավոր մեծ քաջերի,
Որոշեցին այդ ժամանակ, որ ես, նաև Իդոմենևսը մեծափառ,
Արագ նավով պիտի շարժվենք դեպի Իլիոն։ Էլ մերժելու հնար չկար,
{{տող|240}}Զի այդպիսին էր վճիռը մեծապահանջ, ժանտամբոխի։
Եվ շարունակ ի՜նը տարի անդ կռվեցինք մենք, զավակներս աքեյանց։
Մինչ տասներորդ տարում միայն, երբ քաղաքը Պրիամոսի ավերեցինք,
Մենք նավերով տուն ետ եկանք։ Բայց աքեյանց ցրիվ տվեց կամքն աստըծու,
Եվ Զևսն զգոն իմ հեգ գլխին թափեց ցավեր ու աղետներ դժբախտության:
Լոկ մի ամիս կարողացա մնալ իմ տանն, իմ հարկի տակ,
Ուր հրճվեցի զավակներով, օրինական իմ կնոջով, այլև գույքով։
Եվ ինձ հանկարծ սիրտս դրդեց սարքավորված խոր նավերով,
Աստվածակերպ ընկերներիս հետ միասին, լող տալ, գնալ դեպ Եգիպտոս:
Ու սարքեցի ես ինը նավ. հավաքվեցին համհարզներս բազմաբազում:
{{տող|250}}Իմ սիրելի ընկերները անդ շարունակ, վեց ամբողջ օր,
Խրախճանքներ կատարեցին. ես շատ զոհեր մատուցեցի աստվածներին,
Նույնիսկ եզներ շատ մորթեցի նրանց համար, իբրև ուտեստ:
Յոթերորդ օրն մենք մեկնեցինք լայնատարած Կրետե կղզուց
Ու լող տվինք Բորեասի հաղթ շնչի տակ հաջողությամբ,
Թեթև ու հեշտ, ասես խաղաղ մի գետի մեջ, և ոչ մեկը մեր նավերից
Անդ չտուժեց։ Գնում էինք մենք անվնաս և անվտանգ,
Իսկ նավերը քշում էին դեպի առաջ միայն հողմերն ու նավավարն։
Հինգ օր հետո եկանք հասանք մենք ջրերին Եգիպտոսի:
Հորդ հոսանքի բերանի մոտ կանգնեցրինք գեղեցկակերտ նավերը մեր.
{{տող|260}}Այնտեղ իսկույն սպատվիրեցի ես սիրելի համհարզներիս՝
Մնալ կողքին մեր նավերի և անվրդով ու բարեհույս հսկել դրանք,
Իսկ մյուսներին հորդորեցի՝ բարձր տեղից շուրջը դիտել, հետախուզել:
Մինչդեռ նրանք, ամբարտավան, խիզախությամբ ոգեշնչված,
Հարձակվեցին, ավերեցին եգիպտացոց դաշտն ու արտը պերճագույն
Ու փախցըրին նրանց կանանց և անպաշտպան մանուկներին,
Եվ իրենց էլ՝ տղամարդկանց, կոտորեցին։ Բարձրացավ ճիչ և աղաղակ,
Որը գնաց, քաղաքն հասավ։ Քաղաքացիք, այդ լսելով, վաղ առավոտ,
Արշալույսին, դուրս վազեցին։ Դաշտում զնգաց սուր պղինձը հեծյալների
Ու հետիոտն անթիվ մարդկանց, սակայն Զևսը շանթազվարճ՝ ընկերներիս
{{տող|270}}Մատնեց ահեղ ու խայտառակ խուճապի, չը կարողացավ թշնամու դեմ
Կանգնել ոչ ոք։ Որոտացին շուրջը աղետն, արհավիրքը,
Շատ շատերը անդ մերոնցից սուր պղինձով կոտորվեցին,
Շատերին էլ գերի տարան, որ աշխատեն ստրկաբար:
Բայց հարուցեց Զևսն իմ սրտում այնժամ ձգտում մի փրկարար,
Ա՜խ, ես ինչո՞ւ չմահացա այնտեղ, ափին Եգիպտոսի,
Ենթարկվելով իմ օրհասին, քանզի հետո ես աղետից չազատվեցի:
Արդ, անհապաղ դեն գցեցի սաղավարտը ես ամրակերտ ու նկարեն,
Նաև ասպարն իմ ուսերից, շպրտեցի տեգ–նիզակը ես իմ ձեռքից
Եվ վազեցի ես շեշտակի դեպ զորակառքը արքայի
{{տող|280}}Ու, գրկելով նրա ծնկներն, համբուրեցի։ Ինձ նա խղճաց ու պաշտպանեց,
Նստեցըրեց կառքի վրա և տուն տարավ։ Լալիս էի ես դառնադառն,
Մինչ հարձակվում էին շատերն՝ ձեռքին իրենց սուր գեղարդներ,
Փափագելով ինձ սպանել խիստ կատաղած էին այնժամ նրանք իմ դեմ:
Բայց թագավորն ինձ ազատեց՝ պատկառելով հյուրախնամ Զևսի ոխից,
Որ չարաչար պատժում է միշտ վատ, անիրավ գործի համար:
Ես յոթ տարի անդ մնացի, Եգիպտոսում հավաքեցի
Ես բազմաբյուր գույք և ընծա, բոլորն էին սիրով տալիս ինձ նվերներ։
Երբ ութերորդ տարին հասավ այնուհետև, այնտեղ հանկարծ
Փյունիկեցի մի մարդ եկավ, մեծահռչակ և շահասեր մի ստախոս,
{{տող|290}}Մի խաբեբա, որ շատերին պատճառել էր արդեն չարիք ու վնասներ։
Նա ինձ խաբեց և, պատրանքով սիրտս լցրած, ինձ համոզեց,
Որ այցելեմ ես Փյունիկիա, ուր իբրև թե ա իր տանը շատ գույք ուներ:
Եվ նրա մոտ ես մնացի ու ապրեցի մի ողջ տարի,
Մինչդեռ արդեն եկան անցան և օրերը, և՛ ամիսներն,
Շուտով հասավ երկրորդ տարին, երբ ժամանակը կատարեց շրջանը իր,
Եվ նա այնժամ ինձ նենգաբար խորհուրդ տվեց՝ ծովագնաց նավի վրա,
Որպես հսկիչ իր բեռների, իր հետ մեկնել դեպի Լիբիա,
Բայց իսկապես նա միտք ուներ բարձր գնով ինձ վաճառել։
Սիրտս լցված կասկածանքով և հակառակ իմ ցանկության՝ ես գնացի:
{{տող|300}}Նավն ընթացավ Բորեասի զիլ շնչի տակ և հաջողակ։
Մենք Կրետեն անցանք արդեն, մինչդեռ Զևսը նրանց նյութում էր արհավիրք։
Երբ Կրետեն հեռու մնաց, երկիրն այլևս չէր երևում,
Եվ մեր շուրջը տեսնում էինք մենք միայն ծովն ու երկինքը,
Հանկարծ այնտեղ Կրոնոսյանն մի թուրաթուխ, մթագույն ամպ
Նետեց մեր խոր նավի վրա։ Խիստ մթագնեց ծովն ամպի տակ,
Զևսը վերուստ թունդ որոտաց ու կայծակով զարկեց նավին։
Զևսի ահեղ շանթ-հարվածից նավը ցնցվեց ու դողդողաց
Եվ ծծմբի հոտով լցվեց, իսկ համհարզներն թափվեցին ցած
Ու սևաթույր նավի շուրջը, հորդ ալյաց մեջ, նմանվելով ագռավների՝
{{տող|310}}Նրանք արագ գալարվեցին. այդպես նրանց վերադարձից զրկեց աստված:
Երբ սիրտն էր իմ լցրել աղետն, այնժամ Զևսը ներշնչեց ինձ
Բռնել ձեռքով սևակտուց նավի երկար կայմը իսկույն,
Որ խուսափեմ գեթ այդպիսով մահից դաժան։ Ես բռնեցի կայմը շուտով,
Սեղմ գրկեցի ու սլացա՝ հանձնված ուժին կործանարար այդ փոթորկի:
Ինը օր ես քաշքշվեցի ալյաց մեջքին, տասներորդ օրն, մի մութ գիշեր,
Հորձանքն հուժկու ինձ դուրս նետեց, քշեց, հանեց երկրի ափը թեսպրոտցոց,
Եվ թագավորը թեսպրոտյանց՝ քաջ Փիդոնը, հյուրընկալեց ինձ իր տան մեջ,
Քանզի նրա սիրանվեր, ազնիվ որդին ինձ ծովափին
Այնժամ գտավ խիստ ցրտահար և խոնջանքից ուժասպառված:
{{տող|320}}Ինձ նա իսկույն վերցրեց ձեռքով և տունն իր հոր հապճեպ տարավ,
Հազցրեց ապա ինձ հագուստներ՝ մի հատ բաճկոն և մի թիկնոց:
Ոդիսևսի մասին այնտե՛ղ ես լսեցի. Փիդոնն ասաց, որ հենց նրան
Ինքն է սիրով, մեծարանքով հյուրընկալել՝ դեպ հայրենիք ետ դառնալիս:
Նա ցույց տվեց գույքը ամբողջ, որն հավաքել էր Ոդիսևսն.
Ոսկի, պղինձ, այլև երկաթ, որ մշակվում է շատ դժվար,
Եվ այնքա՜ն շատ, որ կարող էր պահել, սնել տասնյակ սերունդ։
Աղքան ահա թանկարժեք գույք կուտակված էր տանն արքայի,
Իսկ Ոդիսևսն այնժամ անձամբ գնացել էր դեպ Դոդոնե,
Որ անդ լսի բարձրակատար կաղնի ծառից, ինչպես պատմեց Փիդոն արքան,
{{տող|330}}Զևսի խորհուրդն՝ ինչպե՞ս արդյոք ինքը, որպես երկրից երկար բացակայած,
Պիտ ետ դառնա դեպ Իթակե, բացեիբաց, թե՞ գաղտնաբար։
Երդվեց նույնիսկ արքա Փիդոնն՝ աստվածներին զոհ անելով իր հարկի տակ,
Որ պատրաստ է նավը արդեն, հավաքված են նավորդները,
Որպեսզի շուտ տանեն նրան իր երկիրը հայրենավանդ ու սիրելի:
Բայց նախ նա ինձ ճանապարհեց, քանզի նավը թեսպրոտացոց
Այնժամ ի դեպ մեկնում, գնում էր Դուլիքիոն ցորենաշատ:
Նա պատվիրեց, որ խնամքով տանեն հանձնեն ինձ Ակաստին իշխանազոր,
Սակայն նրանք դաժան սրտով իմ դեմ դավանք անդ հղացան,
Որ ինձ մատնեն թշվառության և ահռելի տվայտանքի:
{{տող|340}}Հենց որ նավը ծովագնաց թեսպրոտացոց ափը թողեց ու հեռացավ,
Նավորդները իսկույն ևեթ ստրկության ինձ մատնեցին.
Արդ, հանեցին իմ վրայից նրանք բաճկոնն ու պատմուճանն,
Եվ հագցըրին մի ցնցոտի պատառոտած ու այլանդակ,
Որ տեսնում ես ինքդ անձամբ դու իմ վրա արդ, քո աչքով։
Եվ նավորդներն երեկոյան հայտերևակ Իթակեի ափը հասան,
Գեղեցկակերտ նավի ներսում պինդ չվանով ինձ անհապաղ
Եվ ամրապինդ կապկպեցին, այնուհետև իրենք անվախ
Այնտեղ ծովափը դուրս եկան՝ ընթրիքն իրենց վայելելու:
Բայց կապանքն իմ աստվածները իսկույն հեշտիվ արձակեցին,
{{տող|350}}Եվ ես շուտով գլուխը իմ քողարկեցի ցնցոտիով մի քրքրված,
Ապա իսկույն, ողորկագույն ղեկին փարված, ցած սողալով, հասա ջրին
Եվ սկսեցի, երկու ձեռքով ջուրն ճեղքելով, լող տալ արագ:
Ես նրանցից ավելի շուտ մի կողմ անցա ու հեռավոր ափ դուրս եկա,
Որտեղ հապճեպ ես պառկեցի խիտ անտառի ծաղկափթիթ թավուտի մեջ։
Մինչդեռ նրանք վազվզեցին գոռգոռալով և սկսեցին որոնել ինձ,
Սակայն հետո ինձ փնտրելը իրենց համար էլ օգտակար անդ չթվաց,
Ուստի շուտով վերադարձան և, խորափոր նավը նստած,
Ճամփա ընկան ու գնացին։ Իսկ ինձ շատ հեշտ աստվածները թաքցրին անդ
Եվ հետո էլ ցույց տվեցին ինձ խրճիթը մի իմաստուն, ազնիվ մարդու:
{{տող|360}}Ինձ, երևի, վիճակված է առայժմ ապրել արևի տակ, կյանքը սիրել»։
Իսկույն նրան ի պատասխան խոսք ասացիր դու, Եվմեոս, ով խոզարած.
«Դժբա՜խտ շրջիկ, սիրտս սաստիկ դու հուզեցիր այդքան երկար քո պատմածով
Թե որքա՜ն ես տանջանք կրել կամ որքան ես դու թափառել.
Բայց հիշեցիր Ոդիսևսին զուր, անտեղի և վարվեցիր դու անվայել։
Երբեք դու ինձ չես համոզի, կամ իսկապես ի՞նչ կարիք կա,
Որ աստ երկար այդպես խոսես, հեքիաթ հյուսես։ Ինքս գիտեմ գործն արքայի,
Որ երևի, ատելի էր երանավետ աստվածների սրտին իրոք,
Քանզի նրանք թույլ չտվին, որ գեթ երկրում տրոյական նա մանանար
Եվ կամ նունիսկ ռազմից հետ՝ ձեռքի վրա իր սիրելի, ազնիվ մարդկանց
{{տող|370}}Զի այդ դեպքում աքեացիք կկանգնեին նրան կոթող, մի հուշարձան,
Իսկ իր փառքը մեծահռչսկ իր զավակին պիտի թողներ նա հավիտյան։
Մինչդեռ հիմա անփառունակ նրան փախցրին Հարպիաները,
Իսկ ես այսպես առանձնացած ապրում եմ այս խոզերի մոտ
Եվ քաղաքն էլ չեմ աձցելում, մինչև որ ինձ Պենելոպեն
Չդրդի և չկանչի, երբ որ հանկարծ մի որևէ լուր է գալիս:
Լրաբերին շրջապատած՝ բոլորեքյան միշտ մանրամասն հարց են տալիս
Նրանք, որ ջերմ ողբում են միշտ բացակայող թագավորին,
Այլև նրանք, որ նրա գույքը լափում են այժմ անպատիժ ու բերկրալի:
Իսկ ինձ բնավ հաճելի չէ տեղեկանալ կամ այդ մասին հարցմունք անել՝
{{տող|380}}Հենց այն օրից, երբ ինձ խաբեց հերյուրանքով՝ էտոլացի մի ստախոս:
Մարդ էր այստեղ նա սպանել, ուստի, երկար թափառելով երկրե-երկիր,
Մի օր խրճիթն իմ նա եկավ, իսկ ես նրան ընդունեցի շատ սիրալիր:
Ասաց, որ անդ, Կրետեում, նրան տեսել է Իդոմեն իշխանի մոտ,
Ուր իբրև թե նորոգում էր մրրիկներից խորտակված իր նավերը նա։
Հայտնեց նաև, որ նա անշուշտ ետ պիտի գա նույն ամառը կամ աշունքին
Ու կբերի, աստվածակերպ ընկերների հետ միասին, բյուր գանձ ու գույք:
Եվ դու նույնպես, բազմաչարչար ով ծերունիդ, որ աստըծո հյուր ես ինձ մոտ,
Մի՛ աշխատիր ինձ գուրգուրել կամ սուտ խոսքով ուրախացնել,
Քանզի ես քեզ արդ մեծարում և սիրում եմ ոչ թե միայն դրա համար,
{{տող|390}}Այլ պատկառում եմ վանատուր Զևսից անմահ և ցավակցում եմ քեզ սրտանց»։
Եվ Ոդիսևսն ամենագետ պատասխանեց ու խոսք ասաց.
«Ո՜հ, որպիսի՜ կասկածամիտ սիրտ ունես դու քո կրծքի տակ
Եվ բնավին քեզ չազդեցին ոչ երդումն իմ, ոչ հորդորը,
Ուստի լսիր. եկ գրազ գանք, պայման կապենք. և թոծ վերուստ
Օլիմպակյաց աստվածները վկա լինեն մեզ, երկուսիս.
Եթե իրոք իր տունն, այստեղ, վերադառնա քո տերն արքա,
Այդ դեպքում դու պիտ շնորհես ինձ մի բաճկոն և մի թիկնոց, իբրև հագուստ,
Եվ ուղարկես ինձ Դուլիքիոն, ուր գնալու փափագ ունեմ սիրակարոտ։
Սակայն եթե ետ չդառնա քո տերն արքա, ինչպես պնդում ես դու հիմա,
{{տող|400}}Հրամայիր ծառաներիդ, որ ցած նետեն ինձ բարձրաբերձ ժայռի գլխից,
Որ այնուհետ ոչ մի շրջիկ չհանդգնի քեզ այդպիսով խաբել նորից»։
Եվ խոզարածն աստվածային պատասխանեց և խոսք ասաց այնժամ նրան,
«Ո՜հ դու շրջիկ, էլ ես ի՞նչ փառք պիտ վաստակեմ առաքինի գործիս համար
Կամ ի՞նչ պատիվ ես կունենամ թե՛ ներկայումս և թե՛ հետո մարդկության մեջ,
Եթե, ես քեզ՝ իմ հարկի տակ հյուրամեծար ու պատվարժան ընդունվածիդ,
Հանկարծ վերցնեմ ու սպանեմ և այդպիսով գրկեմ կյանքից փափագատե՞նչ։
Ինչպե՞ս այնժամ սիրանվեր պիտ աղերսեմ Զևսին, որդուն Կրոնոսի:
Բայց ընթրիքի ժամն է արդեն. ահավասիկ, ընկերներս կգան շուտով,
Եվ մենք այստեղ, այս խրճիթում կպատրաստենք ընթրիքը ճոխ»։
{{տող|410}}Երբ որ նրանք այդպես խոսում, դատում էին իրարու հետ,
Եկան արդեն երամակները խոզերի և հովիվները խոզարած,
Որոնք իսկույն ներս քշեցին խոզերամակը գոմի մեջ՝ գիշերելու:
Թնդաց իսկույն այդ ժամանակ սարսափելի խանչյուն-աղմուկը խոզերի,
Եվ պատվիրեց ընկերներին իսկույն ևեթ խոզարածը աստվածային.
«Բռնե՜ք, բերե՜ք դուք լավագույնը խոզերից, որ աստ զոհեմ հատուկ՝ պատվին
Հեռուստ եկած հյուր-եկվորի, որ նաև մենք առժամանակ ուրախանանք,
Զի վաղո՜ւց է, որ կրում ենք տանջանք հանուն ճերմակատամ այս խոզերի,
Քանի որ այժմ ուրիշները լափլփում են մեր աշխատանքը անհատույց»:
Այդպես ասաց նա բարձրաձայն և սկսեց փայտ կտրատել սուր տապարով,
{{տող|420}}Մինչդեռ նրանք ներս բերեցին խոզն հնգամյա և պարարուն,
Որը իսկույն տեղավորվեց, կանգնեց այնտեղ օջախի մոտ։
Խոզարածը, որ բարեպաշտ հոգի ուներ, չմոռացավ աստվածներին,
Նա սկսեց ճերմակատամ խոզի գլխից քաղել մազերն արագորեն,
Կրակի մեջ դրանք նետել։ Նա աղոթեց աստվածներին երկնաբնակ՝
Աղերսելով, որ ետ դառնա դեպ իր տունը Ոդիսևսը ամենագետ։
Ապա վերցրեց կոճղը կաղնի, զարկեց խոզին, որ տապալվեց թավալգլոր,
Հոգին թռավ մարմնի միջից։ Եվ մորթեցին նրանք այդ խոզն ու քերթեցին,
Հետո հապճեպ կտրատեցին և կտորներն անդամների
Խոզարածը իսկույն ևեթ շուրջանակի ճարպով պատեց
{{տող|430}}Եվ հոշվածին գարե ալյուր՝ նաշիհ ցանեց ու այն գցեց կրակի մեջ,
Իսկ մնացյալը, բրդելով, շուտ զարկեցին շամփուրներին։
Խորովեցին զգուշորեն, այնուհետև շամփուրներից դուրս քաշեցին
Ու սեղանի վրա ամբողջը դրեցին: Կանգնեց այնժամ խոզարածը
Եվ սկսեց միսը բաժանել արդարացի, քանզի ազնիվ նա սիրտ ուներ։
Ահավասիկ, ամբողջն այդպես նա բաժանեց յոթ մասերի,
Մեկը ձոնեց նիմփաներին և Հերմեսին, որը զավակն է Մեասի,
Եվ աղոթեց նա ջերմեռանդ, իսկ մնացյալը մի առ մի բաշխեց նրանց։
Ոդիսևսին նա մեծարեց ճերմակատամ խոզի երկայն թիկնամսով.
Այդ գերակա պատվի համար նրա տիրոջ սիրտը խնդաց,
{{տող|440}}Ուստի խոհեմ Ոդիսևսը նրան դիմեց և այս ասաց,
«Ո՜վ Եվմեոս, թող որ այնքան Զևսի համար հավերժ լինես դու սիրելի,
Որքան հիմա ինձ՝ դժբախտիս, այսպես ահա դու հարգեցիր»։
Այնժամ նրան ի պատասխան խոսք ասացիր, ո՜վ Եվմեոս դու խոզարած.
«Համեցիր, կե՛ր, ա՜յ տնաքանդ, հրճվիր դու այժմ նրանով,
Ինչ որ դրված է քո առաջ, չէ՞ որ աստված մեկը կտա, իսկ մյուսըՙ ոչ,
Ինչպես ուզում է սիրտը յուր, քանզի նա է ամենազոր»։
Ասաց, ձոնեց երախայրիքն աստվածներին հավերժակյաց,
Լցրեց գինին նա հրավառ, ձեռքը դրեց քաղաքավեր Ոդիսևսի,
Որը բազմած էր վայելուչ նրա կողքին այդ ժամանակ։
{{տող|450}}Հացը բերեց և բաժանեց Մեսավլիոսն, որին ինքն էր, խոզարածը,
Անձամբ գնել, երբ որ արդեն բացակա էր տերն իր արքա,
Սակայն առանց թույլտվության իր տանտիկնոջ և Լաերտի ծերունազարդ:
Եվ գնել էր նրան անձամբ՝ տափոսացուց միջոցներով իր սեփական։
Այդպես նրանք ձեռք մեկնեցին իրենց առաջ պատրաստ դրված ուտեստներին,
Իսկ երբ արդեն կերուխումով այդ հագեցան, որքան սիրտը փափագ ուներ,
Անմիջապես հացն հավաքեց Մեսավլիոսն, մինչդեռ նրանք,
Երբ հագեցան ուտեստներով, քուն մտնելու շտապեցին։
Վրա հասավ մի անլուսին և չար գիշեր, Զևսը հեղեց անդուլ անձրև։
Փչում, ճչում էր սաստկաշունչ զիլ Զեփյուռը խոնավաշունչ
{{տող|460}}Ոդիսևսը խոսք սկսեց՝ ցանկանալով խոզարածին փորձել մի կերպ.
Թիկնոցն արդյոք նա կհանի՞, կտա՞ իրեն, կամ կստիպի՞ ընկերներից
Մեկնումեկին նույն բանն անել. այդ մասին էր մտահոգված նա չափազանց.
«Ակա՜նջ դիր ինձ, ով Եվմեոս, նմանապես և դուք, նրա ընկերներդ.
Խոսք եմ ուզում ձեզ այժմ ասել հպարտորեն։ Չէ՞ որ գինին
Խենթացնում է ամեն մարդու, նույնիսկ մարդկանց խոհեմամիտ։
Դրդում է այն սրտանց ժպտալ, բարձր երգել ու կաքավել,
Այլև ասել այնպիսի խոսք, որն իսկապես, լավ կլիներ չասել երբեք։
Երբ ես արդեն սկսել եմ շատախոսել, անհնար է էլ ինձ զսպել։
Ա՜խ եթե ես այժմ լինեի այնպես ջահել, լի զորությամբ, տոկուն ու սեգ,
{{տող|470}}Ինչպես առաջ, երբ Տրոյայում դարան մտանք մենք մի ամբողջ զորախմբով...
Ոդիսևսն էր և Ատրիդես Մենելայը մեզ առաջնորդ,
Իսկ ես այնտեղ երրորդն էի. նրանք իրենք ինձ կանչեցին։
Երբ մենք եկանք, քաղաքն հասանք, պարիսպներին այն բարձրաշեն,
Մենք պառկեցինք անդ խտագույն թփերի տակ, շամբուտի մեջ մի ճահճավետ,
Քաղաքին մոտ՝ ծածկված միայն վահաններով։ Գիշերն հասավ դաժանագույն,
Վերուստ անվերջ ձյուն էր տեղում, և մռընչում էր Բորեասը ցրտաշունչ:
Վահանների ու մեր վրա ձյունը ցրտից եղյամ դարձավ, ասես բյուրեղ:
Բայց բոլորը հագած էին տաք բաճկոններ ու պատմուճան,
Ուստի հանգիստ քնած էին՝ վահաններով իրենց ուսերը քողարկած։
{{տող|480}}Իսկ ես այնտեղ հիմարացա ու թողեցի ընկերներիս իմ վերարկուն,
Քանզի բնավ չէի կարծում, որ ցրտահար պիտի լինեմ ես այդ գիշեր։
Տարա ինձ հետ գեղեցկակերտ միայն գոտին և իմ վահանն։
Երբ գիշերվա երրորդ մասը արդեն հասավ, և չքացան աստղերը իսկ,
Ոդիսևսին, որ պառկած էր անդիմ կողքին, ինձ մերձակա,
Ես հրեցի իմ արմունկով ու ասացի, և նա իսկույն ինձ լավ լսեց.
«Դյուցասնունդ Լաերտածին, ո՜վ Ոդիսևս բազմահնար,
Վերջն է կյանքիս. էլ կենդանի ես չեմ մնա, սպանում է այս ցուրտը ինձ,
Ո՜հ, վերարկու չունեմ ահա ես ցրտահար, ինձ թերևս դևը խաբեց
Լոկ մի բաճկոն հագած ունեմ, այլևս այսպես ինձ փրկություն չկա մահից»:
{{տող|490}}Այդպես այնտեղ ես ասացի, և ահա թե ինչ մտածեց անդ նա իսկույն,
Ինչպես և միշտ` խորհուրդներում կամ կռվի մեջ թշնամու դեմ.
Եվ նա կողքիս մեղմիկ ձայնով ու կամացուկ ինձ շշնջաց.
«Սուս կաց, լռիր, որ չը լսի մեկնումեկը աքեյանց մեջ»։
Ասեց այդպես և արմունկին իր գլուխը թեքած ՝ խոսեց.
«Ակա՛նջ դրեք, սիրելիներ, արդ քնի մեջ աստվածակերպ երազն եկավ
Եվ ինձ հայտնեց, որ չափազանց հեռացել ենք մենք նավերից։ Թող մեկնումեկն
Գնա, խնդրի ազգերի տեր Ագամեմնոն Ատրիդեսին,
Որ նավերից մեզ օգնության զինված մարդիկ նա ուղարկի»։
Այդպես ասաց, և վեր կացավ իսկույն ևեթ քաջ Թոասը Անդրեմոնյան
{{տող|500}}Ու անհապաղ իր վրայից հանեց, գցեց նա վերարկուն իր ծիրանի,
Ու վազ տվեց դեպի նավերն, իսկ ես նրա հագուստն հագա
Եվ քնեցի ուրախացած, մինչև ծագեց վառ Արշալույսը ոսկեգահ։
Ա՜խ, երանի այժմ լինեի այդպես ուժեղ, զորությամբ լի,
Այնժամ անշուշտ մեկնումեկը հովիվներից այս փարախի,
Ակածելով քաջի հանդեպ, հանց մեծարանք, ինձ կզիջեր իր վերարկուն,
Սակայն հիմա, նողկ ցնցոտի հագուստի մեջ, ինձ էլ երբե՜ք չեն մեծարի»։
Այնժամ նրան ի պատասխան խոսք խոսեցիր, ո՜վ Եվմեոս դու խոզարած.
«Որ, ծերունիդ, հրաշալի պատմություն էր, որ պատմեցիր այստեղ դու մեզ,
Դու ամեն ինչ լավ ասացիր, և խոսքիդ մեջ ունայն ու սին ոչինչ չկար:
{{տող|510}}Ուստի այժմ ոչ մի կարիք չես ունենա, ո՛չ հագուստի, ո՛չ այլ բանի,
Որին, հարկավ, արժանի է թշվառ մուրիկը վատաբախտ և աղերսող,
Սակայն վաղը պետք է կրկին հագնես դու այդ քո ցնցոտին,
Քանզի այստեղ չկան բազում պատմուճաններ, կամ բաճկոններ,
Եվ միմիայն մի հատ ունի ամեն մեկս մեզնից այստեղ,
Բայց երբ ետ գա, վերադառնա Ոդիսևսի սիրանվեր որդին ազնիվ,
Նա և՛ բաճկոն, և՛ պատմուճան քեզ կընծայի այստեղ անշուշտ
Ու կառաքի քեզ նա այնտեղ, ուր որ սիրտդ կկամենա»։
Այդպես ասաց ու վեր կացավ, բերեց, փռեց օջախի մոտ
Այծենիները և օդենիք, հանց փափկագույն մի անկողին,
{{տող|520}}Եվ մեկնըվեց Ոդիսևսը, իսկ հովիվը իսկույն քաշեց նրա վրա
Հաստ, մեծագույն իր վերարկուն, որն, հիրավի, նրա միակ հագուստն էր անդ,
Եվ որը նա հագնում էր միշտ ահեղաշունչ ձմռան ցրտին։
Այդպես պառկեց Ոդիսևսը, իսկ առընթեր անդ պառկեցին
Մյուս հովիվներն երիտասարդ, բայց խոզարածն ինքը չուզեց
Անդ, նրանց մոտ իր անկողինը ունենալ և խոզերից հեռու պառկել,
Ուստի իսկույն նա պատրաստվեց, որ դուրս գնա։ Ոդիսևսը ուրախացավ,
Որ նա այդպես, իր բացակա եղած ժամին, հոգատար է գույքի հանդեպ։
Նախ սայրասուր թուրը վերցրեց և այն կախեց իր ամրապինդ նա ուսերին,
Վերցրեց տեգը՝ պաշտպանն ընդդեմ գամփռների ու չար մարդկանց,
{{տող|530}}Եվ դուրս գնաց, որ քուն մտնի ժայռի տակին, ուր, Բորեաս դաժանհողմից
Պատսպարված, նիրհում էին հույլ խոզերը ճերմակատամ։
</poem>
== Երգ տասնհինգերորդ։ Ոդիսևսի որդին Լակեդեմոնից վերադառնում է Իթակե ==
96
edits