: Ուրեմն, ընկերներ, ի՞նչ է իրենից ներկայացնում մեր այս կյանքը։ Եկեք ծուռ նստենք, բայց շիտակ խոսենք․ մեր կյանքը ողորմելի է, տքնաջան եւ կարճատեւ։ Մենք ծնվում ենք, մեզ մի բուռ լափ են տալիս՝ ինչ է, թե շունչներս չփչենք, նրանց, ովքեր ընդունակ են, անխնա բանեցնում են, քամելով ուժերի վերջին կաթիլը, եւ այն նույն պահին, երբ մեր պիտանիությունը սպառվում է, մեզ հրեշավոր անգթությամբ մորթում են։ Մեկ տարին բոլորած եւ ոչ մի կենդանի Անգլիայում չգիտե, թե ինչ է երջանկությունը կամ հանգիստը։ Անգլիայում եւ ոչ մի կենդանի ազատ չէ։ Կենդանու կյանքն անցնում է թշվառության եւ ստրկության մեջ՝ ահա զուտ եղելությունը։
: Սակայն արդյո՞ք սա է իրերի բնական ընթացքը։ Մի՞թե մեր այս երկիրն այնքան աղքատիկ է, որ ի վիճակի չէ ապահովել իր բնակիչների պատշաճ կյանքը։ Ոչ, ընկերնե՛ր, հազար անգամ ոչ։ Անգլիայի հողը բերրի է, եղանակը՝ նպաստավոր։ Մեր երկիրն այժմ կարող է պարենով լիուլի ապահովել իրեն բնակեցնող կենդանիներից բազմապատիկ ավելիին։ Հենց միայն մեր ֆերման կկերակրեր տասնյակ ձիերի, քսան կովի, հարյուրավոր ոչխարների եւ այն էլ՝ կյանքի այնպիսի հարմարավետ ու արժանավայել պայմաններում, որոնք այժմ գրեթե վեր են մեր երեւակայությունից։ Ապա ինչո՞ւ է, ուրեմն, շարունակվում մեր այս ողորմելի վիճակը։ Որովհետեւ մեր աշխատանքի համարյա ամբողջ արդյունքը բռնագրավվում է մարդկային ցեղի կողմից։ Ահա, ընկերներ, մեր բոլոր հարցերի պատասխանը։ Այն պարփակված է միակ բառի մեջ՝ Մարդ։ Մարդն է մեր ունեցած միակ թշնամին։ Վերացրեք ասպարեզից մարդուն, եւ մեր քաղցի ու շահագործման հիմնական պատճառը կչքվի հավիտյան։
: Մարդը միակ արարածն է, որը սպառում է առանց արտադրելու։ Նա ոչ կաթ է տալիս, ոչ՝ ձու, նա գութանը քաշելու ուժ չունի, նա անկարող է անգամ ընկնել նապաստակների հետեւից։ Եվ չնայած դրան, նա բոլոր կենդանիների տերն է։ Նա անխնա բանեցնում է կենդանիներին, վերադարձնելով նրանց արտադրածի չնչին մի մասնիկը՝ նվազագույնը սովամահ չլինելու համար, եւ յուրացնում մնացածը։ Մեր ջանքերով հողը մշակվում է, մեր թրիքով՝ պարարտացվում, բայց մեզանից եւ ոչ մեկը չի տիրում ոչնչի, սեփական կաշվից բացի։ Ահա դուք, կովեր, որ նստած եք իմ առջեւ, քանի՞ հազար լիտր կաթ եք տվել թեկուզ հենց վերջին տարում։ Իսկ ի՞նչ եղավ այդ կաթը, որը պիտի ժիր հորթուկներ սներ։ Դրա ամեն մի կաթիլ լցվեց մեր թշնամիների կոկորդը։ Իսկ դուք, հավեր, քանի՞ ձու եք ածել այս տարում, եւ քանիսի՞ց են երբեւէ ճտեր դուրս եկել։ Մնացածը տարվեց շուկա, որ Ջոնզի ու իր մարդկանց համար փող բերի։ Իսկ դու, Երեքնուկ, որտե՞ղ են քո բերած չորս քուռակները, որ ծերության օրոք պիտի քո զորավիգն ու մխիթարությունը լինեին։ Նրանցից ամեն մեկը տարին չբոլորած հանվեց վաճառքի՝ դու նրանց էլ երբեք չես տեսնի։ Եվ ի՞նչ ես դու ստացել քո քուռակի երկունքի ու չարքաշ աշխատանքի դիմաց՝ ոչինչոչի՛նչ, չնչին օրաբաժնից ու գոմից բացի։
: Ավելին՝ ողորմելի այս կյանքի բնական տեւողությունն իսկ բռնադատվում է։ Ես ինձ համար չեմ տրտնջում՝ ես երջանիկ բացառությունների թվին եմ պատկանում։ Ես տասներկու տարեկան եմ եւ ունեցել եմ չորս հարյուրից ավել զավակներ։ Եվ դա է խոզի բնական կյանքը։ Սակայն ոչ մի կենդանու չի հաջողվում վերջում փրկվել անգութ դանակից։ Դուք, ջահել գոճիներ, որ նստած եք իմ առջեւ, ձեզանից ամեն մեկը մի տարի չանցած վնգստալու է սպանդարանում։ Եվ այդ արհավիրքը վիճակված է բոլորիս՝ կովերին, խոզերին, հավերին, ոչխարներին, բոլորին։ Անգամ ձիերն ու շները չեն արժանանա ավելի լավ բախտի։ Այ դու, Դմբուզ, այն նույն օրը, երբ քո վիթխարի մկանները կորցնեն իրենց ուժը, Ջոնզը կծախի քեզ քերթողներին, որ քեզ կտոր֊կտոր անեն ու խաշեն որսաշների համար։ Ինչ վերաբերվում է շներին՝ երբ ծերությունից նրանց ատամները թափվեն, Ջոնզը նրանց վզից աղյուս կկապի ու կխեղդի մոտակա ջրափոսում։
: Մի՞թե պարզից էլ պարզ չէ, ուրեմն, ընկերներ, որ մեր կյանքի բոլոր չարիքները մարդու բռնակալության հետեւանք են։ Վերացրե՛ք մարդուն, եւ մեր աշխատանքի պտուղները մեզ կմնան։ Գրեթե մեկ օրում մենք ազատ ու հարուստ կդառնանք։ Ուրեմն ի՞նչ անել։ Անշո՛ւշտ՝ գիշեր ու ցերեկ, հոգով ու մարմնով, ջանք չխնայել մարդկային ցեղը տապալելու համար։ Ահա իմ պատգամը ձեզ, ընկերներ՝ Ապստամբությո՛ւն։ Ես չգիտեմ, թե երբ կգա Ապստամբությունը, գուցե մի շաբաթից կամ թերեւս հարյուր տարուց, բայց ես գիտեմ, նույնքան ստույգ, ինչպես տեսնում եմ ոտքիս տակի հարդը, որ վաղ թե ուշ կհաստատվի՛ արդարությունը։ Մի՛ մոռացեք այդ մասին, ընկերներ, ձեր կյանքի չնչին մնացորդների ընթացքում։ Եվ, ամենակարեւորը, փոխանցեք իմ այս պատգամը ձեզ հաջորդողներին, որպեսզի ապագա սերունդները պայքարը շարունակեն մինչեւ հաղթանակ։