: Մենք այցելում ենք Սուխումի մերձակա մի օրինակելի կոլտնտեսություն։ Այն վեց տարվա պատմություն ունի։ Սկզբնական շրջանում վատ բերքատվություն ունենալուց հետո այն այսօր ամենածաղկուն կոլտնտեսություններից է։ Նրան կոչում են «միլիոնատեր»։ Այստեղ իշխում է երանելիության շունչը։ Կոլտնտեսությունը գտնվում է մի լայնարձակ տարածքում, որը կլիմայի շնորհիվ ունի առատ բուսականություն։ Բոլոր տներն այնտեղ կառուցված են փայտից, գետնից բարձրացված են փայտե ոտքերով եւ շատ գեղատեսիլ ու հմայիչ են՝ յուրաքանչյուրը շրջապատված մի մեծ մրգատու ծառերի, բանջարեղենի եւ ծաղիկների այգով։ Այս կոլտնտեսությունն անցյալ տարի աներեւակայելի շահույթներ է ունեցել, որի շնորհիվ շատ կարեւոր պահեստավորումներ է կատարել։ Բացի այդ, աշխատանքային օրվա սակագինը բարձրացել է վեց ռուբլի հիսուն կոպեկով։ Ինչպե՞ս է կազմվել այդ թիվը․ ճիշտ այն նույն հաշվարկով, որը, եթե կոլտնտեսությունը կապիտալիստական գյուղատնտեսական ձեռնարկություն լիներ, կթելադրեր բաժնետերերին հատկացվելիք շահագործում հանուն մի քանիսի շահի։ Այստեղ բաժնետերեր չկան։ Բանվորներն իրենք են (կոլտնտեսության բանվորներն են, անշուշտ) իրար մեջ բաժանում շահույթը, առանց պետության հանդեպ որեւէ պարտավորվածության<ref>Համենայն դեպս ինձ քանիցս այդպես են պնդել։ Բոլոր տեղեկությունները, քանի դեռ վերստուգված չեն, ես համարում եմ կասկածելի, ինչպես գաղութներից ստացվող տեղեկությունները։ Դժվարանում եմ հավատալ, թե այդ կոլտնտեսությունն այն աստիճան արտոնյալ է, որ խուսափում է այլ կոլտնտեսությունների վրա դրված գյուղատնտեսական հումքի յոթ տոկոսի հանձնման պարտավորվածությունից, չհաշված 35֊ից 39 ռուբլի անհատական հարկը։</ref>։ Դա հրաշալի կլիներ, եթե չլինեին ուրիշ կոլտնտեսություններ, ավելի աղքատ, որոնք հազիվ են ծայրը ծայրին հասցնում։ Քանզի, եթե ես ճիշտ եմ հասկացել, յուրաքանչյուր կոլտնտեսություն ունի իր ինքնավարությունը, եւ փոխօգնության մասին խոսելնն ավելորդ է։ Գուցե սխալվում եմ․ կուզենայի, որ այդպես լիներ<ref>Հավելում եմ մի քանի առավել ճշգրիտ տեղեկություններ։ Ես ստացել էի եւ շատ այլ տեղեկություններ, սակայն թվերն իմ տարերքը չեն, եւ զուտ տնտեսական հարցերը դուրս են մնում իմ իրավասությունից։ Բացի այդ, եթե սրանք ճիշտ եւ ճիշտ այն տեղեկություններն են, որ ինձ տվել են, ես այնուհանդերձ չեմ կարող երաշխավորել դրանց ճշգրտությունը։ Գաղութների փորձն ինձ սովորեցրել է չվստահել «տեղեկություններին»։ Ի վերջո, ամենագլխավորը՝ այս հարցերն արդեն բավական քննարկվել են մասնագետների կողմից։ Ես կարիք չունեմ նորից անդրադառնալու դրանց։</ref>։
: Ես այցելել եմ այդ ծաղկուն<ref>Մեծ թվով այլ բնակավայրերում ընդհանրապես անհատական բնակարաններ չկան։ Մարդիկ ապրում են ընդհանուր «ննջարաններում» եւ հանրակացարաններում։</ref> կոլտնտեսության բնակավայրերից շատերը… կուզենայի արտահայտել այն տարօրինակ ու ճնշող տպավորությունը, որ թողնում է այդ տներից յուրաքանչյուրը՝ լիակատար անինքնատիպության տպավորություն։ Ամենուր նույն գարշելի կահույքը, նույն Ստալինի դիմանկարը եւ բացարձակապես ուրիշ ոչինչ։ Ոչ մի անձնական իր կամ հիշատակ։ Բոլոր տները փոխադարձաբար փոխարինելի են եւ մինչեւ այն աստիճան, որ թվում է, թե կոլտնտեսականներն իրենք նույնպես փոխադարձաբար փոխարինելի են, կարող են տեղափոխվել մեկը մյուսի տունը, առանց նույնիսկ որեւէ բան կասկածելու<ref>Մարդկանց այդ ընդհանուր դիմազրկությունն ինձ հիմք է տալիս ենթադրելու, որ ընդհանուր ննջասենյակներում քնողներն ավելի քիչ են տանջվում նեղվածությունից, քան եթե նրանք ընդունակ լինեին անհատականացման։ Սակայն այդ ընդհանուր դիմազրկությունը, որին ԽՍՀՄ֊ում ամեն ինչ հեշտ ու հանգիստ է թվում, կարո՞ղ է արդյոք համարվել առաջընթաց։ Ես անձամբ այդպես չեմ կարծում։</ref>։ Անշուշտ, այդպես ավելի հեշտ կարելի է հասնել երջանկության։ Եվ նաեւ այն պատճառով, կասեն ինձ, որ կոլտնտեսականն իր բոլոր հաճույքները վայելում է ընդհանուրի հետ։ Նրա սենյակն ընդամենը բույն է քնելու համար, նրա կյանքի ողջ հետաքրքրությունն ամփոփված է ակումբի, կուլտուրայի այգու, հավաքույթների մեջ։ Էլ ուրիշ ի՞նչ է պետք։ Բոլորի երջանկությանը կարելի է հասնել միայն յուրաքանչյուրին անհատականությունից զրկելու գնով։ Բոլորի երջանկությանը կարելի է հասնել միայն յուրաքանչյուրի հաշվին։ Եթե ուզում եք երջանիկ լինել, եղե՛ք միանման։
==III==
: ԽՍՀՄ֊ում նախապես եւ մեկընդմիշտ ընդունված է, որ մի բանի մասին երկու կարծիք լինել չի կարող։ Բացի այդ, մարդկանց մտածողությունն այնպիսին է, որ այդ համանմանությունը նրանց թվում է բնական, դյուրին, աննկատելի, մինչեւ այն աստիճան, որ չեմ կարծում, թե այստեղ որեւէ երեսպաշտություն լինի։ Մի՞թե իրոք այս մարդիկ են արել հեղափոխությունը։ Ո՛չ, սրանք պարզապես օգտվում են նրանցից։ Ամեն առավոտ «Պրավդան» նրանց ուսուցանում է այն, ինչ պատշաճ է իմանալ, մտածել, կարծել։ Եվ լավ չէ այդ սահմաններից դուրս գալը։ Այնպես որ, ամեն անգամ, երբ խոսում եմ որեւէ ռուսի հետ, թվում է՝ խոսում եմ բոլորի հետ։ Ոչ այն պատճառով, որ բոլորը ճշգրտությամբ հետեւում են մի նշանաբանի, այլ ամեն ինչ դասավորված է այնպես, որ հնարավոր չէ չնմանվել։ Եվ պատկերացրեք, որ այս մտածողության ձեւավորումն սկսվում է դեռ ամենավաղ մանկությունից… Այդտեղից է գալիս մարդկանց այն ընդհանուր համախոհությունը, որից, օտարերկրացի լինելով, երբեմն զարմանում ես։ Եվ երջանկության մի շարք այնպիսի հնարավորություններ, որոնք ուղղակի ապշեցնում են։
: Դու խղճում ես նրանց, ովքեր ժամեր շարունակ հերթ են կանգնում, բայց նրանք շատ բնական են համարում սպասելը։ Հացը, բանջարեղենը, մրգերը քեզ անորակ են թվում, սակայն ուրիշը չկա։ Այդ գործվածքները, իրերը, որ առաջարկում են քեզ, անհրապույր են թվում, բայց ընտրություն չկա։ Համեմատության ամենայն հնարավորության բացակայության պայմաններում, երբ քիչ ես ափսոսում քո անցյալի համար, ուրախությամբ կգոհանաս նրանով, ինչ քեզ առաջարկում են։ Կարեւորն այն է, որ համոզես մարդկանց, թե իրենք նույնքան երջանիկ են, որքան կարող է լինել լավագույնին սպասող մարդը, համոզես, որ բոլոր այլ տեղերում մարդիկ պակաս երջանիկ են, քան իրենք։ Դրան կարելի է հասնել՝ միայն դրսի հետ (այսինքն՝ սահմաններից այն կողմ ընկած աշխարհի) ամենայն հաղորդակցությունը մանրախնդրորեն արգելելով։
: Դրա շնորհիվ կյանքի հավասար կամ նույնիսկ զգալիորեն ցածր պայմաններում ռուս բանվորն իրեն երջանիկ է համարում, ավելին, շատ ավելի երջանիկ, քան ֆրանսիացի բանվորը։ Նրա երջանկությունը բաղկացած է հույսից, վստահությունից եւ անգիտակցությունից։
: Ինձ համար չափազանց դժվար է կարգի բերել իմ այս մտորումները, այնքան խնդիրներ են այստեղ խաչաձեւվում եւ տարուբերվում։ Ես տեխնիկ չեմ, եւ տնտեսական խնդիրներն ինձ հետաքրքրում են միայն իրենց հոգեբանական կողմով։ Ես հոգեբանորեն հիմնավորում եմ, թե ինչու է այդքան կարեւոր գործել փակ դռների ետեւում, անթափանց դարձնել սահմանները, մինչեւ նոր կարգավիճակի հաստատումը եւ դրության բարելավումը։ ԽՍՀՄ֊ի բնակիչների երջանկության համար շատ կարեւոր է, որ այդ երջանկությունը հեռու մնա արտաքին ազդեցություններից։
: ԽՍՀՄ֊ում մեզ դուր է գալիս կրթության եւ մշակույթի նկատմամբ արտասովոր հարգանքը, սակայն այդ կրթությունը սովորեցնում է միայն այն, ինչ կրկին ստիպում է մտքին գոհանալ իրերի ներկա վիճակով եւ մտածել․ ԽՍՀՄ… Ave! Spes unica!<ref>Ողջույն քեզ, միակ հույս</ref> Մշակույթն ամբողջությամբ ուղղված է նույն կողմը։ Նրա մեջ անշահախնդիր ոչինչ չկա․ այն կուտակում է, իսկ քննադատական միտքը (չնայած մարքսիզմին) համարյա ամբողջովին բացակայում է։ Ես գիտեմ, այնտեղ շատ մեծ նշանակություն են տալիս այն բանին, ինչը կոչվում է «ինքնաքննադատություն»։ Ես հեռվից հիանում էի դրանով ու մտածում, որ այն հիանալի արդյունքներ կտա, եթե կիրառվի լրջորեն եւ անկեղծորեն։ Սակայն շատ շուտ հասկացա, որ մատնություններից ու բողոքներից բացի (ճաշարանում ապուրը վատ է եփված կամ ակումբի ընթերցասրահը լավ չի ավլած) այդ քննադատությունն ընդամենն այն է, որ մարդիկ մտորում են՝ այս կամ այն բանը կարգի՞ն է, թե ոչ։ Ո՛չ, կարգը չէ, որ վիճարկում են նրանք։ Վիճում են, որ իմանան, թե այս գործը, այսինչ շարժումը կամ այնինչ տեսությունը համապատասխանո՞ւմ է այդ սրբազան կարգին։ Եվ վա՜յ նրան, ով կփորձի ավելի հեռուն գնալ․ քննադատություն այս կողմում, որքան կամենաք, դրանից այն կողմ՝ չի կարելի, եւ պատմության մեջ դրա օրինակները շատ են։
: Եվ ոչ մի բան, քան այդ մտածողությունը, չի վտանգում մշակույթը։ Ես դա կբացատրեմ ավելի մանրամասնորեն։
: Խորհրդային քաղաքացին սարսափելիորեն չի ճանաչում օտարերկրացուն<ref>Կամ գոնե գիտի միայն այն, ինչ հաստատում են նրա կարծիքն ու պատկերացումները։</ref>։ Ավելին, նրան համոզում են, որ արտասահմանում բոլոր բնագավառներում ամեն ինչ շատ ավելի վատ վիճակում է, քան ԽՍՀՄ֊ում։ Այս պատրանքը նրանք շատ վարպետորեն պահպանում են, քանզի կարեւոր է, որ յուրաքանչյուր ոք, եթե նույնիսկ լիովին բավարարված չէ, փառաբանի այն վարչակարգը, որը նրան պահպանում է առավել վատթար ցավերից։ Այդտեղից է գալիս նրանց սեփական գերազանցության բարդույթը, որի որոշ օրինակներ կբերեմ հիմա։
: Յուրաքանչյուր ուսանող պարտավոր է սովորել որեւէ օտար լեզու։ Ֆրանսերենն ամբողջությամբ անտեսված է․ նրանք ավելի շուտ կարող են իմանալ անգրեծեն, հատկապես գերմաներեն։ Ես զամրանում եմ, երբ տեսնում եմ, որ այդքան վատ են խոսում այդ լեզուներով․ մեր երկրորդ դասարանի աշակերտներն ավելի լավ գիտեն դրենք։
: Նրանցից մեկը, որին մենք հարցաքննեցինք, տվեց հետեւյալ բացատրությունը (ռուսերեն, եւ Ժեֆ Լաստը մեզ թարգմանում է)․
: — Դեռ մի քանի տարի առաջ Գերմանիան եւ Միացյալ Նահանգները մեզ ինչ֊որ բան կարող էին սովորեցնել։ Բայց հիմա մենք այլեւս ոչինչ չունենք սովորելու օտարերկրացիներից։ Ուրեմն ինչի պետք է սովորել նրանց լեզուն<ref>Մեր անթաքույց զարմանքի առջեւ ուսանողն, իհարկե, ավելացրեց․ «Ես հասկանում եմ, եւ մենք հասկանում ենք այսօր, որ դա անհեթեթ դատողություն է։ Օտար լեզուն, երբ այլեւս պիտանի չէ կրթելու համար, կարող է դեռեւս սովորեցնել»։</ref>։
: Ասենք, եթե նրանք, այնուամենայնիվ։ անհանգստացում են նրանով, ինչ կատարվում է արտասահմանում, ապա դա ավելի շուտ մտահոգություն է, թե ինյ է մտածում արտասահմանանն իրենց մասին։ Նրանց պետք է միայն իմանալ, թե արդյոք մենք բավականաչավ հիանո՞ւմ ենք իրենցով։ Նրանք վախենում են, որ մենք պետք եղածին չափ տեղյակ չենք իրենց արժանիքներին։ Նրանք ուզում են, որ մենք ոչ թե սովորեցնենք, այլ հաճոյախոսություններ անենք իրենց։
: Մի մանկապարտեզում (ուր, ի դեպ, ամեն ինչ գովելի է, ինչպես այն ամենը, ինչ արվել է այստեղ երիտասարդության համար) մի քանի փոքրիկ անուշիկ աղջիկներ սեղմվում են ինձ եւ հարցերի տարափ տեղում վրաս։ Այն, ինչ նրանք ուզում են իմանալ, այն չէ, թե մենք մանկապարտեզներ ունենք Ֆրանսիայում, ալյ արդյոք գիտենք, որ իրենք ԽՍՀՄ֊ում այդքան գեղեցիկ մանկապարտեզներ ունեն։
: Ինձ տրվող հարցերն երբեմն այնքան ապշեցուցիչ են, որ դժվարանում եմ հիշատակել։ Կկարծեն, թե ես եմ հորինել։ Նրանք կասկածամտորեն ժպտում են, երբ ասում եմ, որ Փարիզում եւս մետրո կա։ Ունե՞նք մենք հանրակառքեր, ավտոբուսներ… Մեկը հարցնում է (եւ դրանք այլեւս երեխաներ չեն, այլ կրթված բանվորներ), թե արդյո՞ք մենք դպրոցներ ունենք։ Մեկ ուրիշը՝ մի փոքր ավելի բանիմաց, ուսերն է թոթվում․ դպրոցներ, այո, ֆրանսիացիներն ունեն, բայց այնտեղ երեխաներին ծեծում են․ նա այդ գիտի ստույգ աղբյուրներից։ Որ մեզ մոտ բանվորները դժբախտ են, ինքնըստինքյալ հասկանալի է, քանի որ մենք դեռ «հեղափոխություն» չենք արել։ Նրանց համար ԽՍՀՄ֊ից դուրս խավար է։ Մի քանի խայտառակ կապիտալիստներից բացի, աշխարհի մնացած ողջ մասը խարխափում է խավարի մեջ։
: Արտեկ ճամբարի կրթված ու բավական նրբաճաշակ աղջիկները (այդ ճամբարը ընդունում է միայն արտասովոր երեխաների) շատ զարմացան, երբ ես, ռուսական ֆիլմերի մասին խոսելիս, ասացի, որ «Չապաեւը» եւ «Մենք Կրոնշտադտից ենք» կինոնկարները Փարիզում մեծ հաջողություն են ունեցել։ Չէ՞ որ նրանց բազմիցս պնդել էին, որ ռուսական բոլոր ֆիլմերը Ֆրանսիայում արգելված են։ Եվ քանի որ դա նրանց ասել էին իրենց ուսուցիչները, ապա ես տեսնում էի, որ նրանք կասկածի տակ են առնում իմ խոսքը։ Չէ՞ որ ֆրանսիացիները հայտնի կատակաբաններ են։
: Ծովային սպաների հասարակության մեջ, մի հածանավի վրա, որն ինձ նոր էին ներկայացրել, եւ որով ես հիացել էի («այս մեկն ամբողջությամբ պատրաստված է ԽՍՀՄ֊ում»), ես համարձակվեցի ասել, թե վախենում եմ, որ ԽՍՀՄ֊ում ավելի քիչ են տեղյակ, թե ինչ է կատարվում Ֆրանսիայում, քան Ֆրանսիայում են տեղյակ, թե ինչ է կատարվում ԽՍՀՄ֊ում։ Բարձրացավ անհամաձայնության մի շշուկ․ «Պրավդան» ամեն ինչի մասին բավականաչափ տեղեկացնում է։ Հենկարծ ինչ֊որ մեկը, հավանաբար սենտիմենտալ մի անձնավորություն տեղից վեր թռչելով, գոչում է․ «ԽՍՀՄ֊ում կատարվող ամբողջ նորը, վեհն ու գեղեցիկը պատմելու համար ողջ աշխարհում չի գտնվի բավականաչափ թուղթ»։ Այդ նույն Արտեկ մոդել֊ճամբարում՝ մոդել երեխաների, հրաշամանուկների, մրցանակակիր պատանիների դրախտում (որի համար էլ ես այն գերադասում եմ բազմաթիվ այլ, ավելի համեստ եւ պակաս բարձրաշխարհիկ ճամբարներից) մի տասներեքամյա պատանի, որը, եթե ես ճիշտ եմ հասկացել, եկել է Գերմանիայից, սակայն Միությունն արդեն հասցրել է ձեւավորել նրան, ինձ ուղեկցում է զբոսանքի՝ ուշադրությունս հրավիրելով այգու գեղեցկությունների վրա, եւ արտասանում է․ «Նայեցե՛ք, այստեղ դեռ վերջերս ոչինչ չկար… եւ հանկարծ, ահա այս աստիճանը։ Ես այսպես ողջ ԽՍՀՄ֊ում։ Երեկ ոչինչ, վաղն՝ ամեն ինչ։ Նայեք այնտեղ, այն բանվորներին։ Ինչպե՜ս են նրանք աշխատում։ Եվ ամբողջ ԽՍՀՄ֊ում այսպիսի դպրոցներ ու ճամբարներ կան։ Բնականաբար, ոչ բոլորն են այսքան գեղեցիկ, որովհետեւ Արտեկ ճամբարն իր նմանը չունի ողջ աշխարհում։ Ստալինը հատուկ հետաքրքրվում է նրանով։ Այստեղ եկող բոլոր երեխաներն առանձնահատուկ են»։
: «Դուք հիմա կլսեք մի տասներեքամյա պատանյակի, որը դառնալու է աշխարհի լավագույն ջութակահարը․ նրա տաղանդն այնքան է գնահատվել մեզանում, որ նրան պատմական ջութակ են նվիրել, հին ժամանակների մի շատ նշանավոր վարպետի գործ։<ref>Հետո ես լսեցի այդ հրաշամանուկին, ստրադիվարիուսի վրա նա կատարեց Պագանինիի եւ Գունոյի մի պո֊պուրի, եւ պետք է խոստովանեմ, որ ցնցող էր։</ref>
: Նայեք այնտեղ, այն պատին․ կարո՞ղ էիք պատկերացնել, որ այն կառուցվել է տաս օրում»։
: Այդ երեխայի հիացումն այնքան անկեղծ էր թվում, որ զգուշացա նրան նկատել տալ, որ հապշտապ շարված այդ հիմնապատն արդեն ճաքճքում է։ Նա ուզում է եւ կարող է տեսնել միայն այն, ինչը շոյում է նրա հպարտությունը։ Նա ավելացնում է խանդավառ․
: — Նույնիսկ երեխաներն են զարմանում։<ref>Էժեն Դաբին, որի հետ խոսում էի գերազանցության այդ բարդույթի մասին, եւ որի ծայրահեղ համեստությունը նրան առանձնահատուկ զգայուն էր դարձնում այդ բարդույթի նկատմամբ, ինձ մեկնեց «Մեռած հոգիների» երկրորդ հատորը, որը վերընթերցում էր։
: «Մեզնից շատերը, հատկապես երիտասարդները, չափազանց շատ են փառաբանում ռուսական առաքինությունները, բայց այդ առաքինություններն իրենց մեջ զարգացնելու փոխարեն նրանք մտածում են միայն դրանք ցուցադրելու մասին, եւ գոռում են Եվրոպային․ «Նայե՛ք, օտարերկրացիներ, մենք ձեզնից լավն ենք»։
: Այդ սնապարծությունը սարսափելի վնասակար է։ Ուրիշներին նյարդայնացնելուց բացի, այն վնասում է նաեւ այն ցուցաբերողին։ Պարծենկոտությունը ստորացնում է աշխարհիս ամենագեղեցիկ արարքը… Անձամբ ես անցողակի վհատությունը գերադասում եմ ինքնաբավականությունից։ Ռուսական այդ սնապարծությունը, որի մասին ցավով էր խոսում Գոգոլը, զարգացվում եւ խրախուսվում է այսօրվա դաստիարակությամբ։</ref>
: Մանկական այդ խոսքերը (թելադրված, գուցե սերտած խոսքեր) ինձ այնքան բնորոշ թվացին, որ ես դրանք գրի առա նույն երեկոյան եւ այստեղ ներկայացնում եմ ամբողջությամբ։ Այսուհանդերձ չէի կամենա, որ մտածեիք, թե Արտեկն ինձ ուրիշ ոչ մի հիշողություն չի թողել։ Ճիշտ է, որ այս մանկական ճամբարն հիանալի է, զարմանալի եւ շատ վարպետորեն հարմարեցված տեղանքում՝ տարածվելով հարկ֊հարկ բարձրացող հարթակների վրա, որոնք ավարտվում են ծովի մոտ։ Այն ամենը, ինչ միայն կարելի է պատկերացնել երեխաների բարօրության, հիգիենայի, սպորտային մարզման, ժամանցի, զվարճության համար, հավաքված եւ դասավորված է այդ զվարճության համար, հավաքված եւ դասավորված է այդ զառիվայրի հարթակներին, նրանց ողջ երկայնքով։ Բոլոր երեխաները շողում են առողջությունից ու երջանկությունից։ Շատ տխրեցին, երբ ասացինք, որ չենք կարող մնալ մինչեւ գիշեր․ նրանք վառել էին ավանդական խարույկը եւ մեր պատվին այգու ծառերը զարդարել դրոշակներով։ Ես խնդրեցի, որ տարբեր զվարճալիքները, երգերն ու պարերը, որ պիտի լինեին երեկոյան, տեղափոխվեն հինգ ժամ առաջ, քանզի ուզում էի Սեւաստոպոլ վերադառնալ մինչեւ երեկո։ Եվ ճիշտ էլ արեցի, քանզի նույն երեկոյան Էժեն Դաբին, որն ինձ ուղեկցում էր, հիվանդացավ։ Սակայն երեխաների ներկայացման ժամանակ հիվանդության ոչ մի նշույլ չկար, եւ նա կարողացավ վայլել։ Նրան զվարճություն պատճառեց հատկապես փոքրիկ, սքանչելի տաջկուհու պարը, որի անունը երեւի Թամար էր, հենց նույն Թամարը, որը Ստալինի հետ գրկված երեւում է մոսկովյան բոլոր մեծ ցուցապաստառներում։ Ոչինչ չի կարող արտահայտել այդ պարի հմայքն ու երեխայի շնորհքը։ «ԽՍՀՄ֊յան ամենահիանալի հուշերից մեկն է սա»,— ասում էր Դաբին, եւ ես համաձայն էի նրա հետ։ Դա եղավ նրա վերջին երջանիկ օրը։
: Սոչիի հյուրանոցն ամենահաճելի հյուրանոցներից է, իր գեղեցիկ պարտեզներով, շատ հմայիչ լողափով։ Բայց լողացողներն անմիջապես մեզ ստիպեցին խոստովանել, որ Ֆրանսիայում ոչ մի նման բան չկա։ Համեստորեն մենք խուսափում էինք ասել, որ Ֆրանսիայում մենք ավելի, շատ ավելի լավ լողափներ ունենք։
: Ո՛չ, ամենալավն այնտեղ այն է, որ այս շքեղությունն ու հարմարությունը դրված է ժողովրդի տրամադրության տակ (եթե, իհարկե, նրանք, ովքեր գալիս են այստեղ բնակվելու, արտոնյալ անձինք չեն)։ Առհասարակ արտոնյալ են միայն ամենաարժանավորները, սակայն բոլորն էլ պայմանով, որ լինեն համանման, հետեւեն «կարգին»․ արտոնություններից օգտվում են միայն նրանք։
: Ամենահիանալին Սոչիում քաղաքի շուրջը կառուցված մեծ թվով առողջարանների, հանգստյան տների առկայությունն է։ Եվ հրաշալի է, որ այդ ամենը կառուցված է աշխատավորների համար։ Սակայն նույնքան ցավալի է տեսնել, թե ինչպես են դրա կողքին բանվորներն աշխատում նոր թատրոնի շինարարության վրա՝ չնչին վճառով եւ գիշերելով սարսափելի կեղտոտ ճամբարներում։
: Ամենահիանալին Սոչիում Օստրովսկին է (տես հավելվածը)։
: Եթե արդեն գովում եմ Սոչիի հյուրանոցը, ապա ինչ պիտի ասեմ Սուխումին մերձակա Սինոպի հյուրանոցի մասին, որը գերազանցում է նրան եւ դիմանում արտասահմանյան լավագույն, ամենահարմարավետ առողջարանային հյուրանոցների հետ համեմատությանը։ Նրա հրաշալի այգին մնացել է դեռ նախկին վարչակարգից, սակայն հյուրանոցի շենքը նոր կառույց է։ Այն շատ խելացիորեն է ձեւավորված, ունի եւ՛ հաճելի ներքին, եւ՛ արտաքին տեսք։ Յուրաքանչյուր համար ունի լոգասենյակ եւ հատուկ լայն պատշգամբ։ Կահույքն ընտրված է գերազանց ճաշակով, խոհանոցը հիանալի է՝ ԽՍՀՄ֊ում մեր ճաշակած լավագույն խոհանոցներից մեկը։ Սինոպի հյուրանոցը թվում է աշխարհի այն վայրերից մեկը, ուր մարդը առավել մոտ է երջանկությանը։
: Հյուրանոցի կողքին ստեղծվել է մի սովխոզ՝ այն սննդամթերքով ապահովելու համար։ Ես հիանում եմ տնտեսության ցուցանմուշային ախոռով, գոմով, խոզանոցով եւ հսկայական՝ «նորաձեւության վերջին ճիչը», հավանոցով։ Յուրաքանչյուր հավ տոտիկներով բռնել է համարակալված փայտիկ, ածած ձվերը մեկառմեկ հաշվառկվում են, յուրաքանչյուրն ունի իր հատուկ փոքրիկ արկղիկը, ուր նրան փակում են, եւ որտեղից նա դուրս է գալիս միայն ածելուց հետո (անհրաժեշտ չեմ համարում ասել, որ այդքան հոգածություններից հետո հյուրանոցում մատուցվող ձվերը գերազանց որակի չեն)։ Ավելացնեմ, որ այդ շենքերը մտնել կարելի է միայն ստերիլիզացնող նյութով ներծծված գորգի վրա ոտքերը մաքրելուց հետո՝ կոշիկներն ախտահանելու համար։ Իսկ անասուններն անցնում են գորգի կողքով․ ի՜նչ արած։
: Սովխոզը եզերող առվի մյուս կողմում կողք֊կողքի կանգնած են մի քանի հյուղակներ։ Այնտեղ չորս հոգով տեղավորվում են երկուսուկես մետր երկարությամբ եւ երկու մետր լայնությամբ մի սենյակում, որը վարձակալվում է յուրաքանչյուր շնչին ամսական երկու ռուբլի վարձով։ Ճաշը սովխոզի ճաշարանում արժե երկու ռուբլի, շքեղություն, որ չեն կարող իրենց թույլ տալ ամսական յոթանասունհինգ ռուբլի աշխատավարձ ստացող մարդիկ։ Նրանք պիտի բավարարվեն, հացից բացի, մեկ չորացրած ձկով։
: Ես չեմ բողոքում աշխատավարձի անհավասարության դեմ, համաձայն եմ, որ այն անհրաժեշտ է։ Սակայն սոցիալական տարբերությունները կրճատելու միջոցներ կան, թեպետ վախենում եմ, որ այդ տարբերությունները մեղմանալոո փոխարեն, գնալով ցայտուն են դառնում։ Վախենում եմ, որ շուտով ստեղծվի բանվորական հագեցած (եւ պահպանողական, գրողը տանի) բուրժուազիայի մի նոր տեսակ, հար եւ նման մեր մանր բուրժուազիային։ Ամենուր տեսնում եմ դրա խոսուն նշանները<ref>Վերջերս հրապարակված արհեստական վիժեցման դեմ օրենքը շփոթության մեջ է գցել բոլոր նրանց, ովքեր անբավարար աշխատավարձի պատճառով ի վիճակի չեն ընտանիք կազմել եւ երեխաներ մեծացնել։ Միեւնույն ժամանակ այն շփոթույան մեջ է գցել նաեւ այլ մարդկանց, եւ բոլորովին այլ պատճառներով․ չէ՞ որ այդ օրենքի կապակցությամբ խոստացել էին կազմակերպել մի փոքրիկ հանրաքվե, ժողովրդական հարցում, որը պիտի որոշեր նրա ընդունումն ու գործադրումը։ Զգալի մեծամասնությունը (ճիշտ է, քիչ թե շատ բացահայտորեն) դեմ է արտահայտվել այդ օրենքին։ Սակայն հասարակական կարծիքը շրջանցվել է, եւ օրենքն, այնուամենայնիվ, ընդունվել է, ի զարմանս համարյա բոլորի։ Թերթերը, հասկանալի է, տպագրել են միայն հավանություններ։ Այս թեմայով ես որոշ բանվորների հետ զրույցներ եմ ունեցել, որոնց ընթացքում լսել եմ միայն զուսպ կշտամբանքներ, հաշտվողական գանգատ։
: Բայցեւայնպես, արդյոք ինչ֊որ իմաստով արդարացված չէ՞։ Այն հրապարակվել է ի պատասխան բազմաթիվ ցավագին չարաշահումների։ Բայց ի՞նչ ասել, մարքսիստական տեսանկյունից մի փոքր ավելի առաջ համասեռամոլների դեպ հրապարակված օրենքի մասին, որը նրանց հավասարեցնելով հակահեղափոխականներին (քանզի ոչհարմարվողականությունը հետապնդվում է նաեւ սեռական հարցերում), դատապարտում է հինգ տարվա աքսորի, պատճի կրկնության սպառնալիքով, եթե նրանք չուղղվեն աքսորի ընթացքում։</ref>։ Եվ քանի որ, ավա՜ղ, այլեւս կասկած չկա, որ քաղքենիական այդ թուլամորթ, վայելքի հակված, ուրիշի նկատմամբ անտարբեր բնազդները ննջում են շատերի սրտում՝ հակառակ ամենայն հեղափոխության (քանզի մարդու վերափոխումը չի կարող կատարվել միայն արտաքին աշխարհի միջոցով), շատ եմ անհանգստանում, տեսնելով, որ այսօրվա ԽՍՀՄ֊ում այդ բնազդներն անուղղակիորեն շոյվում եւ քաջալերվում են վերջերս ընդունված մի շարք որոշումներով, որոնք, ցավոք, հավանության են արժանանում մեզանում։ Ընտանիքի, ժառանգության (որպես հասարակական օղակ) վերականգնումից հետո շահությի եւ սեփական ունեցվածքի ձգտումը սկսում է դուրս մղել ընկերության, կիսվելու եւ համատեղ կյանքի պահանջը, ոչ բոլորի, իհարկե, բայց շատերի համար։ Եվ նորից կազմվում են հասարակական շերտեր, եթե ոչ արդեն դասակարգեր, մի ինչ֊որ արիստոկրատիա․ խոսքն այստեղ արժանիքի եւ անձնական արժեքի արիստոկրատիայի մասին չէ, այլ ճիշտ մտածելու, հարմարվողականության արիստոկրատիայի մասին, որը հաջորդ սերնդի ժամանակ կդառնա փողի արիստոկրատիա։
: Արդյոք չափազանցված չե՞ն իմ մտավախությունները։ Կցանկանայի, որ այդպես լիներ։ Ասենք ԽՍՀՄ֊ը մեզ ցույց տվեց, որ ընդունակ է կտրում շրջադարձերի։ Բայց եւ այնպես, վախենում եմ, որ այսօր ղեկավար անձանց քաջալերած եւ աջակցվող այդ բուրժուականացմանը վերջ տալու համար շուտով կարիք կլինի նոր կտրում գործողությունների, որոնք կարող են լինել նույնքան դաժան, որքան ՆԵՊ֊ին վերջ դնող գործողությունները։
: Ինչպե՞ս չապշես այն արհամարհանքից կամ առնվազն անտարբերությունից, որ «վերեւում» գտնվողները եւ իրենց այդպիսին զգացողները ցուցաբերում են «ստորին խավի», ծառաների<ref>Եվ ասես ի արտացոլումն դրա, ինչպիսի ստրկամտություն, ինչպիսի ստորաքարշություն կա ծառաների մեջ․ ոչ հյուրանոցների ծառաների, որոնք շատ հաճախ ունեն կատարյալ արժանապատվության զգացում (թեեւ շատ սրտակից են), այլ նրանց մեջ, ովքեր գործ ունեն ղեկավարների, «պատասխանատուների» հետ։</ref>, աշխատավորների, «օրավարձով» ապրող տղամարդկանց ու կանանց նկատմամբ (ուզում էի ասել «աղքատների»)։ ԽՍՀՄ֊ում այլեւս դասակարգեր չկան, դա անվիճելի է։ Բայց կան աղքաթներ, չափազանց շատ աղքաթներ։ Իսկ ես հուսով էի, որ այլեւս նրանց չեմ գտնի, կամ ավելի ճիշտ՝ այլեւս նրանց չտեսնելում համար է, որ եկել էի ԽՍՀՄ։
: Ավելացնենք, որ ոչ ֆիլանտրոպիան եւ ոչ էլ հասարակ ողորմածությունն<ref>Շտապում եմ, սակայն, ավելացնել հետեւյալը։ Սեւաստոպոլի քաղաքային զբոսայգում մի հաշմանդամ երեխա, որը չի կարողանում շարժվել առանց հենակների, անցնում է նստարանների առջեւով, որտեղ նստած են զբոսանքի եկած մարդիկ։ Ես երկար դիտում եմ, թե ինչպես է նա ողորմություն հավաքում։ Այն 20֊ից, որոնց նա դիմում է, 18֊ը տալիս են, բայց, անշուշտ, սրտաշարժվելով նրա հիվանդությունից։</ref> այլեւս ընդունված չեն։ Պետությունն այն վերցրել է իր վրա։ Նա իր վրա է վերցնում ամեն ինչ, եւ ոչ ոք այլեւս ոչ մի օգնության կարիք չունի, դա անվիճելի է։ Դրանից է բխում մարդկային հարաբերություններում տիրող որոշակի չորությունը, անկախ ամեն մի ընկերության գաղափարախոսությունից։ Եվ բնականաբար այստեղ մենք գործ ունենք ոչ հավասարների միջեւ հարաբերությունների հետ․ այդ «ստորին խավի» նկատմամբ, որի մասին խոսում էի, մյուսների վերաբերմունքում լիակատար իշխում է գերազանցության բարդույթը։
: Այդ մանր բուրժուական մտածողությունը, որը, վախենում եմ, այնտեղ միտում ունի զարգանալու, ըստ իս, խորապես եւ հիմնովին հակահեղափոխական է։
: Բայց այն, ինչ ԽՍՀՄ֊ում համարում են «հակահեղափոխական», բոլորովին էլ դա չէ։ Այն նույնիսկ համարյա դրա հակառակ երեւույթն է։
: Ոգին, որն այսօր անվանվում է «հակահեղափոխական», այն նույն հեղափոխական ոգին է, նույն խմորիչը, որը սկզբում հօդս ցնդեցրեց հին ցարական աշխարհի կիսով չափ նեխած խրամատային ջրափոսերը։ Շատ ցանկալի կլիներ, որ հնարավորություն ունենայինք մտածելու, թե նրանց սիրտը լցված է մարդկանց նկատմամբ անսահման սիրով կամ գոնե արդարության տիրական պահանջով։ Բայց հենց որ հեղափոխությունը կատարվեց, հաղթանակեց եւ ամրապնդվեց, մոռացվեցին այդ բոլորը եւ այն զգացմունքները, որոնք առաջնորդում էին նախկին հեղափոխականներին, դարձան անհանդուրժելի, կաշկանդող, ինչպես գործածությունից դուրս եկած իրեր։ Այդ զգացմունքներն, իմ կարծիքով, նման էին այն հենակներին, որոնցից օգտվում են կամարներ կառուցելիս, եւ որոնք հանում են կամարի ամրանալուց հետո։ Հիմա, երբ հեղափոխությունը հաղթանակել է, երբ կայունանում, հաստատվում եւ գործում է, ոմանց կարծիքով ավելի խելամիտ է դարնում։ Բոլոր նրանք, ովքեր դեռ պահպանել են հեղափոխական այդ խմորիչը եւ փոխհամաձայնություն են համարում հերթական ջիզումները, նրանք դարձել են անհարմար տարրեր, դուրս են մղվել, օտարվել։ Եվ արդյոք ավելի լավ չէ՞ր լինի բառախաղերի փոխարեն ընդունել, որ հեղափոխական (կամ պարզապես քննադատական) ոգին արդեն ապրել է իր դարը եւ որ այլեւս պետք չէ։ Այն ամենը, ինչ պահանջվում է ներկայումս, համաձայնություն է, հաշտվողականություն։ Այն, ինչ կամենում եւ պարտադրում են, ԽՍՀՄ֊ում կատարվող ամեն ինչին հավանություն տալն է, այն, ինչի ուզում են հասնել, այն է, որ հավանությունը չլինի ստիպողական, այլ անկեղծ, նույնիսկ խանդավառ։ Եվ ամենազարմանալին այն է, որ նրանք հասնում են դրան։ Բայց դրա հետ միասին ամենաչնչին հակաճառությունը, նվազագույն իսկ քննադատությունը հղի է վատթարագույն հետեւանքներով եւ, ի դեպ, անմիջապես ճնշվում է։ Եվ ես կարծում եմ, որ աշխարհի ոչ մի այլ երկրում, նույնիսկ հիտլերյան Գրեմանիայում, հնարավոր չէ պատկերացնել ավելի կաշկանդված, ճնշված, սարսափած ու ստրկացված ոգի։
<references/>