Changes

Վերադարձ ԽՍՀՄ֊ից

Ավելացվել է 41 970 բայտ, 15:29, 10 Հուլիսի 2013
:   Ոգին, որն այսօր անվանվում է «հակահեղափոխական», այն նույն հեղափոխական ոգին է, նույն խմորիչը, որը սկզբում հօդս ցնդեցրեց հին ցարական աշխարհի կիսով չափ նեխած խրամատային ջրափոսերը։ Շատ ցանկալի կլիներ, որ հնարավորություն ունենայինք մտածելու, թե նրանց սիրտը լցված է մարդկանց նկատմամբ անսահման սիրով կամ գոնե արդարության տիրական պահանջով։ Բայց հենց որ հեղափոխությունը կատարվեց, հաղթանակեց եւ ամրապնդվեց, մոռացվեցին այդ բոլորը եւ այն զգացմունքները, որոնք առաջնորդում էին նախկին հեղափոխականներին, դարձան անհանդուրժելի, կաշկանդող, ինչպես գործածությունից դուրս եկած իրեր։ Այդ զգացմունքներն, իմ կարծիքով, նման էին այն հենակներին, որոնցից օգտվում են կամարներ կառուցելիս, եւ որոնք հանում են կամարի ամրանալուց հետո։ Հիմա, երբ հեղափոխությունը հաղթանակել է, երբ կայունանում, հաստատվում եւ գործում է, ոմանց կարծիքով ավելի խելամիտ է դարնում։ Բոլոր նրանք, ովքեր դեռ պահպանել են հեղափոխական այդ խմորիչը եւ փոխհամաձայնություն են համարում հերթական ջիզումները, նրանք դարձել են անհարմար տարրեր, դուրս են մղվել, օտարվել։ Եվ արդյոք ավելի լավ չէ՞ր լինի բառախաղերի փոխարեն ընդունել, որ հեղափոխական (կամ պարզապես քննադատական) ոգին արդեն ապրել է իր դարը եւ որ այլեւս պետք չէ։ Այն ամենը, ինչ պահանջվում է ներկայումս, համաձայնություն է, հաշտվողականություն։ Այն, ինչ կամենում եւ պարտադրում են, ԽՍՀՄ֊ում կատարվող ամեն ինչին հավանություն տալն է, այն, ինչի ուզում են հասնել, այն է, որ հավանությունը չլինի ստիպողական, այլ անկեղծ, նույնիսկ խանդավառ։ Եվ ամենազարմանալին այն է, որ նրանք հասնում են դրան։ Բայց դրա հետ միասին ամենաչնչին հակաճառությունը, նվազագույն իսկ քննադատությունը հղի է վատթարագույն հետեւանքներով եւ, ի դեպ, անմիջապես ճնշվում է։ Եվ ես կարծում եմ, որ աշխարհի ոչ մի այլ երկրում, նույնիսկ հիտլերյան Գրեմանիայում, հնարավոր չէ պատկերացնել ավելի կաշկանդված, ճնշված, սարսափած ու ստրկացված ոգի։
==IV==
 
:   Սուխումի արվարձանում գտնվող նավթի վերամշակման գործարանում, որտեղ ամեն ինչ անթերի է թվում՝ ճաշարանը, բանվորների հանրակացարանները, ակումբը (ինչ վերաբերվում է գործարանին, ես նրանից ոչինչ չեմ հասկանում եւ հիանում եմ՝ վստահելով այլոց գովասանքներին), մենք մոտենում ենք «պատի թերթին», որն ըստ սովորության փակցված է ակումբի սրահներից մեկում։ Ժամանակի սղությունը մեզ թույլ չի տալիս կարդալ բոլոր հոդվածները, սակայն «Կարմիր օգնություն» բաժնում, որն հիմնականում նվիրված է արտերկրի լուրերին, չգտնելով Իսպանիայի մասին ոչ մի ակնարկ, շատ ենք զարմանում, քանզի այնտեղից արդեն մի քանի օր շարունակ տագնապալի լուրեր են գալիս։ Մենք չենք թաքցնում մեր փոքր֊ինչ ափսոսալից զարմենքը, որին հետեւում է թեթեւակի շփոթմունք։ Մեզ շնորհակալություն են հայտնում դիտողության համար․ անպայման հաշվի կառնեն։
:   Նույն երեկոյան փոքրիկ ճաշկերույթ է կազմակերպվում։ Ըստ սովորության, շատ են բաժակաճառերը։ Եվ երբ արդեն խմել ենք հրավիրյալներից յուրաքանչյուրի կենացը, Ժեֆ Լաստը վեր է կենում եւ ռուսերեն առաջարկում խմել իսպանական Կարմիր ճակատի հաղթանակի կենացը։ Հետեւում են ջերմ, սակայն ինչպես մեզ է թվում, փոքր֊ինչ անվստահ ծափահարություններ, եւ անմիջապես, ասես ի պատասխան, առաջարկվում է Ստալինի կենացը։ Իմ հերթին ես բարձրացնում եմ բաժակը Գերմանիյայի, Հարավսլավիայի, Հունգարիայի քաղբանտարկյալների կենացը… Ծափահարում են, այս անգամ անկեղծ ոգեւորությամբ․ բաժակները զարկում են միմյանց եւ խմում։ Հետո նորից, մի փոքր անց Ստալինի կենացը․ քանզի արդեն գիտեն՝ ինչ դիրք պիտի գրավեն Գերմանիայում եւ այլուր ֆաշիզմի զոհերի հարցում։ Ինչ վերաբերվում է Իսպանիայում տեղի ունեցող խռովություններին ու պայքարին, ապա հանրային եւ անհատական կարծիքը սպասում է «Պրավդայի» հրահանգներին, որը դեռ չի արտահայտվել այդ հարցի վերաբերյալ։ Նրանք չէին համարձակվում վտանգի ենթարկվել, դեռեւս չիմանալով, թե ինչ է պետք մտածել։ Միայն մի քանի օր անց (մենք ժամանել էինք Սեւաստոպոլ) Կարմիր հրապարակից համակրանքի մի վիթխարի ալիք հորդեց թերթերի մեջ, եւ ամենուր սկսեցին կազմակերպվել ստորագրությունների հավաքներ ի պաշտպանություն կառավարության կողմնակիցների։
:   Այդ գործարանի գրասենյակում մեզ ցնցեց մի մեծ խորհրդանշական ցուցապաստառ․ կենտրոնում պատկերված էր Ստալինը՝ խոսելիս, իսկ նրա աջ ու ձախ կողմերում կանգնած կառավարության անդամները ծափահարում էին։
:   Ստալինի պատկերը հանդիպում է ամենուր, նրա անունը բոլորի շուրթերին է, նրա գովքն է հնչում ամեն մի խոսակցության մեջ։ Մասնավորապես Վրաստանում ես չմտա որեւէ բնակելի տուն, թեկուզ լիներ ամենաետին ու կեղտոտ սենյակը, որտեղ պատին չլիներ Ստալինի դիմանկարը, անկասկած, այն տեղում, ուր նախկինում սրբապատկերն էր։ Պատահականություն է, սեր, թե սարսափ, չգիտեմ, բայց նա ներկա է միշտ եւ ամենուր։
:&nbsp;&nbsp;&nbsp;Թիֆլիսից Բաթում տանող ճանապարհն անցնում է Գորիով՝ այն փոքրիկ քաղաքով, որտեղ ծնվել է Ստալինը։ Ես մտածեցի, որ մեր կողմից քաղաքավարություն կլիներ նրան որեւէ ուղերձ հղել՝ ի պատասխան ԽՍՀՄ֊ում մեր ընդունելության, ուր ամեն տեղ մեզ ողջունում, պատվում ու փայփայում էին։ Ես երբեք ավելի լավ առիթ չէի ունենա։ Կանգնեցնում եմ մեքենան փոստի առջեւ եւ հանձնում հեռագրի տեքստը։ Այնտեղ մոտավորապես ասվում է․ «Մեր հիանալի ճամփորդության ընթացքում անցնելով Գորիով, ես ողջ սրտով անհրաժեշտություն զգացի Ձեզ հղել…»։ Բայց այստեղ թարգմանիչը կանգ է առնում․ ես այդպես չեմ կարող խոսել, «Ձեզը» բավական չէ, երբ այդ «Ձեզը» Ստալինն է։ Դա պատշաճ չէ, պետք է մի բան ավելացնել։ Եվ քանի որ որոշակի զարմանք եմ ցուցաբերում, նրանք խորհրդակցում են եւ ինձ առաջարկում․ «Դուք՝ աշխատավորների առաջնորդդ» կամ «ժողովուրդների տիրակալդ», կամ էլ… չգիտեմ թե ինչ<ref>Կմտածեք, թե հորինում եմ, այդպես չէ՞։ Ավաղ՝ ոչ։ Եվ ոչ ոք չի կարող ասել, որ տվյալ դեպքում մենք գործ ունեինք մի հիմար ու ձախողակ ստորադաս պաշտոնյայի հետ։ Ո՛չ, մեզ հետ էին եւ վիճաբանությանը մասնակցում էին բազմաթիվ անձինք, որոնք բարձր պաշտոններ էին զբաղեցնում եւ, համենայնդեպս, կատարելապես տեղյակ էին «սովորություններին»։</ref>։ Ես համարում եմ, որ դա անհեթեթություն է, առարկում եմ, մտածելով, որ Ստալինը վեր է կանգնած նման քծնանքներից։ Իզում փորձում եմ բանավիճել։ Ոչինչ չես անի։ Իմ հեռագիրը կընդունվի միայն այն դեպքում, եթե ես համաձայնեմ այդ լրացմանը։ Եվ քանի որ տեքստը պիտի թարգմանվեր, որը ես չէի կարող ստուգել, ի վերջո, հանձնվում եմ, սակայն հրաժարվելով ամեն տեսակի պատասխանատվությունից ու տխրությամբ մտածելով, որ այդ ամենը նպաստում է Ստալինի ու ժողովրդի միջեւ մի սարսափելի, անանցանելի անջրպետի հաստատմանը։ Եվ քանի որ արդեն հանդիպել էի նման ուղղումների ու լրացումների տարբեր ճառերի թարգմանություններում<ref>X֊ն ինձ բացատրում է, որ ընդունված է «ճակատագիր» բառից հետո (որը ես գործածել էի) նշել մի մակդիր, երբ խոսքը ԽՍՀՄ֊ի ճակատագրի մասին է։ Ես, ի վերջո, առաջարկեցի «փառավոր» բառը, որը, ինչպես ինձ ասաց X֊ը…, գործածվում էր բոլոր քվեարկություններին կից։ Դրան հակառակ նա ինձ խնդրեց ջնջել «մեծ» բառը, որը ես դրել էի «միապետից» առաջ։ Միապետը չի կարող «մեծ» լինել։</ref>, որ ես արտասանել էի ԽՍՀՄ֊ում, անմիջապես հայտարարեցի, որ իմ այստեղ գտնվելու ընթացքում ռուսերենով հրատարակված տեքստերիցս եւ ոչ մեկը չեմ ընդունում որպես իմը<ref>Եթե ինձ չստիպեին հայտարարել, որ Ֆրանսիայի երիտասարդությունն ինձ ոչ սիրում է եւ ոչ էլ հասկանում։ Եվ որ ես պարտավորվում էի այսուհետ գրել միայն ժողովրդի համար։</ref> եւ որ հենց այդպես էլ կասեմ․ ահա՛ թե ինչ։
:&nbsp;&nbsp;&nbsp;Օ՛հ, Աստված վկա, ես այդ ճղճիմ եւ հաճախ ակամա փոխակերպությունների մեջ չեմ ուզում տեսնել ոչ մի նենգամտություն․ ավելի շուտ դա ցանկություն է օգնել մեկին, որն անտեղյակ է իրենց մոտ ընդունված սովորություններին, եւ որի համար, անկասկած, ամենալավ ելքը հնազանդվելն է, իր մտքի եւ խոսքի հարմարեցումը այդ սովորություններին։
:&nbsp;&nbsp;&nbsp;Ստալինը առաջին եւ երկրորդ հնգամյա պլանի հաստատման ժամանակ այնպիսի իմաստություն եւ խելացի ճարպկություն ցուցաբերեց հերթական փոփոխություններում, որ ինքն իրեն պարտավոր համարեց կատարել դրանք․ այստեղից հարց է ծագում՝ արդյոք հնարավո՞ր էր ավելի երկար հավատարիմ մնալ, արդյոք առաջին գծից այդ աստիճանական անջատումը, լենինիզմից շեղումն անհրաժեշտություն չէ՞ր, եւ արդյոք հետագա համառությունը ժողովրդից չէր պահանջում գերմարդկային ջանքեր։ Համենայնդեպս ամեն ինչ հարթ չէ։ Եվ եթե ոչ Ստալինը, ապա մարդը, մարդկային արարածն է հիասթափեցնում։ Այն, ինչ փորձում էին, ինչի ձգտում էին հասնել, եւ ինչն արդեն շատ մոտ էր թվում այդքան պայքարից, արյունահեղությունից ու արցունքներից հետո, մի՞թե այդ ամենը «վեր էր մարդկային ուժերից»։ Պե՞տք է արդյոք էլի սպասել, հաշտվել կամ հույս կապել ավելի հեռու ժամանակների հետ։ Հենց այս հարցն են իրենց տագնապով տալիս ԽՍՀՄ֊ում։ Իսկ որ այդ հարցն արդեն շոշափում է ձեզ, արդեն չափազանց է։ Այդքան ամիսների ու տարիների ջանքերից հետո նրանք իրավունք ունեին իրենց հարցնելու՝ կարո՞ղ էին, ի վերջո, փոքր֊ինչ բարձրացնել գլուխները․
:&nbsp;&nbsp;&nbsp;— Երբե՛ք ոչ մի ճակատ ավելի խոնարհված չի եղել։
:&nbsp;&nbsp;&nbsp;Որ տարաձայնություններ կան համար առաջին իդեալի հանդեպ, չի կարող կասկածի ենթարկվել։ Բայց պե՞տք է արդյոք դրա հետ միասին կասկածի ենթարկել մեր սկզբնական ցանկությունների մոտալուտ իրականացման հնարավորությունը։ Պետք է ձախորդվի՞ ամեն ինչ, թե կա անսպասելի դժվարությունների հաղթահարման բարեպատեհ ու անվիճելի միջոց։
:&nbsp;&nbsp;&nbsp;Մի՞թե «միստիկականից» «քաղաքականին» այդ անցումն անխուսափելիորեն աղճատում է բերում։ Քանզի այստեղ այլեւս տեսությունը գործ չունի․ մենք գործնական ոլորտում ենք, պետք է հաշվի առնել menschliches֊ը, allzumenschliches֊ը<ref>Մարդկային, համամարդկային (գերմ․)։</ref> եւ հաշվի նստել թշնամու հետ։
:&nbsp;&nbsp;&nbsp;Ստալինի կողմից ընդունվել են մի շարք որոշումներ, որոնք գրեթե բոլորն էլ թելադրված են վերջին ժամանակներս Գերմանիայի ներկայացրած վտանգով եւ նրա ներշնչած վախով։
:&nbsp;&nbsp;&nbsp;Ընտանիքի, մասնավոր սեփականության ու ժառանգության աստիճանական վերկանգնումն ունի իր օրինական բացատրությունը․ շատ կարեւոր է, որ խորհրդային քաղաքացին ունենա այն զգացումը, որ ինքն ինչ֊որ անձնական ունեցվածք ունի պաշտպանելու։ Բայց հենց դրանով է, որ աստիճանաբար թուլանում, կորչում են առաջին մղումները, եւ հայացքը դադարում է առաջ ուղղվել։ Ինձ կասեն, որ դա անհրաժեշտ է, շտապ, քանզի կողքից հասցված մի հարված կվիժեցնի այդ ձեռնարկը։ Սակայն մի գործարքից մյուսին անցնելով՝ ձեռնարկն անվանարկվում է։
:&nbsp;&nbsp;&nbsp;Կա նաեւ այլ մտավախություն՝ «տրոցկիզմը», եւ ինչպես այսօր անվանում են այնտեղ, «հակահեղափոխականության ոգին»։ Քանզի ոմանք հրաժարվում են ընդունել, որ զիջումներն անհրաժեշտ էին, եւ բոլոր գործարքները նրանց պարտություն են թվում։ Հնարավոր է, որ առաջին հրահանգների շեղումներն ունենան իրենց բացատրություններն ու արդարացումները․ նրանց համար կարեւորը միայն այդ շեղումներն են։ Բայց այսօր պահանջվողը հնազանդության ու հաշտվողականության ոգին է․ «տրոցկիստ» են որակվում բոլոր նրանք, ովքեր իրենց անբավարարությունն են արտահայտում, այնպես որ, ի վերջո, մտածում ես, թե ի՞նչ կլիներ, եթե Լենինն այսօր վերադառնար երկիր…
:&nbsp;&nbsp;&nbsp;Որ Ստալինը միշտ իրավացի պիտի լինի, նշանակում է, որ Ստալինն ամեն հարցում իրավացի է։
:&nbsp;&nbsp;&nbsp;Պրոլետարիատի դիկտատուրա՝ խոստանում էին մեզ։ Մեր հաշիվները սխալ դուրս եկան։ Այո, ճիշտ է, դիկտատուրա, սակայն մարդու եւ ոչ միացյալ պրոլետարների, սովետների դիկտատուրա։ Կարեւորն ինքն իրեն չխաբելն է, եւ ուժն այն է, որ խոստովանես առանց կեղծելու՝ մենք բոլորովին էլ դա չէինք կամենում։ Եվս մի քայլ, եւ մենք նույնիսկ կասենք՝ հենց դա է, որ չէինք կամենում։
:&nbsp;&nbsp;&nbsp;Վերացնել ընդդիմությունը պետության մեջ կամ պարզապես արգելել նրան արտահայտվել, գործունեություն ծավալել՝ ծայրահեղ լուրջ խնդիր է, ուղղակի ահաբեկչության կոչ։ Եթե պետության բոլոր քաղաքացիները նույն կերպ մտածեին, ղեկավարների համար, անշուշտ, ավելի լավ կլիներ։ Բայց ո՞վ կհանդգներ այդ ընդհանուր աղքատացման մեջ դեռ խոսել «մշակույթի» մասին։ Առանց հակակշիռ ունենալու՝ ինչպե՞ս միտքն ամբողջությամբ չհոսեր մի ուղղությամբ։ Ըստ իս, մեծ իմաստություն է լսել հակառակորդ կուսակցություններին, դաս տալ նրանց՝ անհրաժեշտության դեպքում, թույլ չտալով վնաս հասցնել, հակահարված տալ, բայց չջախջախել։ Վերացնե՛լ ընդդիմությունը… Անկասկած մեծ երջանկություն է, որ Ստալինին դա վատ է հաջողվում։
:&nbsp;&nbsp;&nbsp;«Մարդկությունը պարզասիտ չէ, պետք է նկատի ունենալ, եւ դրսից դրա պարզեցման, միասնականացման եւ թվական նվազեցման ամենայն փորձ միշտ կլինի նողկալի, կործանիչ եւ աղետալիորեն ծիծաղելի։ Քանզի Աթալիայի համար անախորժը միշտ Հելիացինն է, իսկ Հերովդեսի համար՝ որ «Սուրբ ընտանիքը» միշտ խույս է տալիս նրանից»,— գրում էի ես 1910֊ին։
 
==V==
 
:&nbsp;&nbsp;&nbsp;ԽՍՀՄ այցելելուց առաջ ես գրում էի․ «Կարծում եմ՝ գրողի արժեքը կապված է նրա հեղափոխական ուժի հետ, կամ ավելի ճիշտ (քանզի ես այնքան էլ հիմար չեմ, որ գեղարվեստական արժեքի մենաշնորհը վերագրեմ միայն ձախերին հարող գրողներին), նրա ընդդիմության ուժի հետ։ Այդ ուժը գոյություն ունի ինչպես Բոսյուեի, Շատոբրիանի կամ, մեր օրերում, Կլոդերի, այնպես էլ Մոլիերի, Վոլտերի, Հյուգոյի եւ շատ ուրիշների գործերում։ Մեր հասարակարգում մեծ գրողը, մեծ արվեստագետը էությամբ հակահարմարվողական է։ Նա նավարկում է հոսանքներին հակառակ։ Դա կարելի էր ասել Դանթեի, Սերվանտեսի, Իբսենի, Գոգոլի մասին… Բայց կարծես նույնը չէր կարելի ասել Շեքսպիրի եւ իր ժամանակակիցների մասին, որոնց մասին Ջոն Էդինգտոն Սայմոնդսը շատ ճիշտ էր ասում․ "What made the playwrights of that epoch so great... was that they (the authors) lived and wrote in fullest sympathy with the whole people"<ref>Այդ դարաշրջանի դրամատուրգների մեծությունն այն էր, որ նրանք (հեղինակները) ապրում եւ ստեղծագործում էին ժողովրդի հետ լիակատար ներդաշնակության մեջ։</ref>։ Նույնկ, անշուշտ, չէինք ասի Սոֆոկլեսի եւ ոչ էլ մանավանդ Հոմերոսի մասին, որի միջոցով ասես ողջ Հունաստանն էր երգում։ Եվ դա կդադարեր այդպես լինելուց այն օրը, երբ… Բայց հենց դա է, որ տագնապալի հարցադրումով մեր հայացքներն ուղղում է դեպի ԽՍՀՄ։ Հեղափոխության հաղթանակը թույլ կտա՞ այդ արվեստագետներին քշվել հոսանքով, քանզի հարց է ծագում՝ ինչ կպատահի, եթե կերպարանափոխված հասարակական պետությունը վերացնի արվեստագետի բողոքելում բոլոր դրդապատճառները։ Ի՞նչ կանի արվեստագետը, եթե այլեւս ոչինչ չլինի, որի դեմ նա կարողանա դուրս գալ, եթե նրան մնա միայն հանձնվել հոսանքին։ Անշուշտ, քանի դեռ պայքարը շարունակվում է, եւ հաղթանակը կատարելապես ապահովված չէ, նա կարող է նկարագրել այն, եւ անձամբ կռվելով, օգնել հաղթանակին։ Բայց հետո… Ահա թե ո՛ր հարցն էր ինձ անհանգստացնում ԽՍՀՄ այցելելուց առաջ։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Հասկանում եք,— բացատրեց ինձ X֊ը,— բնավ այդ չէր, որ պահանջում էր հասարակությունը, եւ բոլորովին էր դա չենք ուզում մենք այսօր։
:&nbsp;&nbsp;&nbsp;Մինչ այդ նա շատ նշանավոր եւ ուշագրավ բալետ էր գրել (նա֊ն Շոստակովիչն էր, որի մասին ոմանք ինձ պատմում էին այնպիսի գովասանքով, որ տրվում է միայն հանճարներին)։ Բայց ի՞նչ կարող է անել ժողովուրդը մի օպերայի հետ, որից ոչ մի մեղեդի չի հիշելու, հենց դուրս գա թատրոնից։ (Ինչպե՞ս, ուրեմն նրանք դեռ այդ մակարդակին են։ Սակայն X֊ը, որն ինքն էլ արվեստագետ էր եւ շատ զարգացած անձնավորություն, մինչ այդ, ինձ հետ զրուցելիս շատ խելացի մտքեր էր արտահայտել)։ «Այսօր մեզ պետք են գործեր, որ կարողանան հասկանալ բոլորը եւ հասկանան անմիջապես։ Եթե Շոստակովիչն ինքը դա չզգա, նրան զգալ կտան՝ այլեւս նրա գործերը չլսելով»։
:&nbsp;&nbsp;&nbsp;Ես առարկեցի, ասելով, թե երբեմն ամենահրաշալի ստեղծագործությունները, եւ անգամ այնպիսիները, որոնք հետագայում դասվել են ամենաժողովրդական գործերի շարքը, սկզբում ընդունվել են միայն փոքրաթիվ մարդկանց կողմից, որ Բեթհովենն ինքը… Եվ տալով նրան մի գիրք, որ հենց այդ պահին ինձ մոտ էր, ասացի․ «Ահա, խնդրեմ, կարդացեք»․
:&nbsp;&nbsp;&nbsp;«Ես նույնպես տարիներ առաջ Բեռլինում համերգ տվեցի։ Ամբողջ հոգով նվիրվեցի դրան եւ կարծում էի, թե իսկապես ինչ֊որ բանի եմ հասել։ Ես, ըստ էության, հույս ունեի իսկական հաջողության հասնել։ Բայց հասկանում եք, երբ կատարել էի ներշնդանքիս լավագույն հատվածը, դահլիճը հավանության ոչ մի նշան ցույց չտվեց»։
:&nbsp;&nbsp;&nbsp;X֊ն ինձ պատասխանեց, որ ԽՍՀՄ֊ում մի այդպիսի Բեթհովենի համար շատ դժվար կլիներ ոտքի կանգնել նման անհաջողությունից հետո։ «Գիտեք,— շարունակեց նա,— արվեստագետը մեզ մոտ պետք է առաջին հերթին հետեւի ընդունված կարգին։ Այլապես ամենասքանչելի շնորհները կդիտվեն որպես ձեւապաշտություն։ Այո, այդ բառը ամենալավն է արտահայտում այն, ինչ մենք չենք կամենում տեսնել կամ լսել։ Մենք կամենում ենք ստեղծել մի նոր արվեստ, արժանի մի այնպիսի մեծ ժողովրդի, ինչպիսին մենք ենք։ Արվեստն այսօր պիտի լինի ժողովրդական կամ ընդհանրապես չլինի։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Դուք ձեր բոլոր արտիստներին կհարկադրեք հարմարվողականություն,— ասացի ես նրան,— իսկ լավագույնները, ովքեր չեն համաձայնի գռեհկացնել իրենց արվեստը կամ պարզապես ստորացնել այն, դուք նրանց կդատապարտեք լռության։ Այն արվեստը, որին դուք հավակնում եք ծառայել, որ փառաբանում ու պաշտպանում եք, կդատապարտի ձեզ ընդհանուրի արհամարպանքին։
:&nbsp;&nbsp;&nbsp;Նա առարկեց, ասելով, որ ես դատում եմ բուրժուայի նման։ Ինքն անձամբ լիովին համոզված է, որ մարքսիզմը, որը բազմաթիվ այլ ոլորտներում արդեն մեծ արդյունքների է հասել, կկարողանա նաեւ ստեղծել արվեստի գործեր։ Նա ավելացրեց, որ այդ նոր գործերի երեւան գալն ուշանում է այն պատճառով, որ մենք դեռ մեծ կարեւորություն ենք տալիս ավարտված անցյալի գործերին։
:&nbsp;&nbsp;&nbsp;Նա աստիճանաբար բարձրացնում էր ձայնը․ կարծես դասախոսություն էր կարդում կամ դաս էր արտասանում։ Դա տեղի էր ունենում Սոչիի հյուրանոցի սպասասրահում։ Ես, առանց մի բառ պատասխանելու, հեռացա նրանից։ Բայց մի քանի վայրկյան անց նա եկավ իմ համարը եւ, այս անգամ ցածրաձայն, ասաց․
:&nbsp;&nbsp;&nbsp;— Օ՜հ, գրողը տանի, ես գիտեմ… Բայց քիչ առաջ մեզ լսում էին եւ… Շուտով պիտի բացվի իմ ցուցահանդեսը։
:&nbsp;&nbsp;&nbsp;X֊ը նկարիչ է, եւ նա շուտով պիտի հասարակությանը ներկայացնի իր վերջին կտավները։
 
:&nbsp;&nbsp;&nbsp;Երբ մենք ժամանեցինք ԽՍՀՄ, ձեւապաշտության մեծ վեճի հետքերը դեռ լիովին չէին ջնջվել հասարակական կարծիքի վրայից։ Ես փորձում էի հասկանալ, թե ինչ նկատի ունեին նրանք այդ բառի տակ, եւ ահա թե ինչ պարզեցի․ ձեւապաշտության մեջ մեղադրվում էր յուրաքանչյուր արվեստագետ, որը թերանում էր՝ ձեւին ավելի մեծ ուշադրություն հատկացնելով, քան բովանդակությանը։ Ավելացնենք անմիջապես, որ այդ բովանդակությունը ուշադրության արժանի է համարվում միայն այն դեպքում, երբ ձեռք է բերվում որոշակի ուղղվածություն։ Արվեստի գործը կհամարվի ձեւապաշտական, երբ չի ունենա ոչ մի ուղղվածություն, եւ հետեւաբար, կորակվի որպես «զուրկ ուղղությունից» (այստեղ ինձ թույլ եմ տալիս փոքրիկ բառախաղ)։ Խոստովանում եմ, որ չեմ կարող այդ «ձեւ» ու «բովանդակություն» բառերը գրել առանց ժպիտի։ Չնայած ավելի շուտ պետք էր լաց լինել, տեսնելով, որ այդ անհեթեթ տարբերակումը կանխորոշում է քննադատությունը։ Հնարավոր է, որ այն օգտակար է քաղաքականության տեսակետից, բայց այստեղ այլեւս չխոսենք մշակույթի մասին։ Այն վտանգի մեջ է հայտնվում, հենց որ քննադատությունն այլեւս ազատ է։
:&nbsp;&nbsp;&nbsp;ԽՍՀՄ֊ում, որքան էլ գեղեցիկ լինի արվեստի գործը, եթե այն չի համապատասխանում «կարգին», մերժվում է։ Գեղեցկությունը համարվում է բուրժուական արժեք։ Որքան էլ հանճարեղ լինի արվեստագետը, եթե չի աշխատում ընդունված «կարգի» սահմաններում, անուշադրության է մատնվում․ այն, ինչ պահանջվում է արվեստագետից, գրողից, համապատասխան լինելն է, իսկ մնացածը նրան կտրվի վերադիր։
:&nbsp;&nbsp;&nbsp;Թիֆլիսում ես այցելեցի ժամանակակից գեղանկարչության մի ցուցահանդես, որի մասին չեմ պատմի՝ ձեզ խղճալով։
:&nbsp;&nbsp;&nbsp;Բայց, ի վերջո, այդ բոլոր արվեստագետները հասել էին իրենց նպատակին, այն է՝ մշակել (համոզիչ օրինակով), համոզել, միավորել։ (Ստալինի կյանքի որոշ դրվագներ օգտագործած էին որպես այդ պատկերազարդումների նյութ)։ Ա՜հ, անկասկած, դրանք ֆորմալիստներ չէին։ Ցավն այն է, որ նրանք ոչ էլ նկարիչներ էին։ Նրանք ինձ հիշեցնում էին պատմությունն առ այն, թե ինչպես Ապոլոնը Ադմետոսին ծառայելիս ստիպված էր եղել մարել իր բոլոր ճառագայթները, բայց որով նա ոչ մի արժեքավոր կամ գոնե կարեւոր բան չէր արել։ Բայց քանի որ ԽՍՀՄ֊ը հեղափոխությունից ոչ առաջ եւ ոչ էլ հետո աչքի չի ընկել կերպարվեստի բնագավառում, ավելի լավ է սահմանափակվենք գրականությամբ։
:&nbsp;&nbsp;&nbsp;«Իմ երիտասարդության տարիներին,— պատմում էր ինձ X֊ը,— մեզ հանձնարարում էին որոշ գրքեր եւ արգելում մի շարք այլ գրքեր, որոնք, բնականաբար, գրավում էին մեր ուշադրությունը։ Ամենամեծ տարբերությունն այն է, որ այսօր երիտասարդները կարդում են միայն այն, ինչ իրենց հանձնարարում են եւ նույնիսկ չեն էլ կամենում այլ բան կարդալ։ Եվ, այդպիսով, Դոստոեւսկին, օրինակ, այլեւս չունի իր ընթերցողը, բայց հնարավոր չէ ճշգրիտ ասել՝ երիտասարդությո՞ւնն է երես թեքել նրանից, թե երիտասարդությանը նրանից խրտներցել են, այնքան որ մարդկանց ուղեղները ձեւափոխված ու ներծծված են նոր գաղափարախոսությամբ։
:&nbsp;&nbsp;&nbsp;Երբ մարդուն պարտադրում են հետեւել որեւէ նշանաբանի, ապա նրա միտքն առնվազն զգում է, որ ազատ չէ։ Բայց եթե նա այնպես է ձեւված, որ նույնիսկ չի էլ սպասում նշանաբանին՝ պատասխանելու համար, միտքը կորցնում է անգամ իր ստրկացման գիտակցությունը։ Կարծում եմ՝ շատ կզարմանային երիտասարդ խորհրդային քաղաքացիները եւ կառարկեին, եթե նրանց ինչ֊որ մեկն ասեր, թե իրենք ազատ չեն մտածում։ Եվ քանի որ միշտ լինում է այնպես, որ մենք որոշ առավելությունների արժեքը հասկանում ենք միայն դրանք կորցնելուց հետո, անհրաժեշտ է մեկ անգամ լինել ԽՍՀՄ֊ում (կամ Գերմանիայում անկասկած), որպեսզի գնահատենք մտքի այն անգին ազատությունը, որ մենք դեռ ունենք Ֆրանսիայում եւ որը երբեմն չարաշաում ենք։
:&nbsp;&nbsp;&nbsp;Լենինգրադում ինձ խնդրեցին մի փոքրիկ ճառ պատրաստել գրականագետների եւ ուսանողների մի ժողովում արտասանելու համար։ Ես ընդամենը ութ օր էր, ինչ գտնվում էի ԽՍՀՄ֊ում եւ նոր֊նոր էի փորձում ծանոթանալ միջավայրին, ուստի իմ տեքստը ներկայացրի X֊ի եւ Y֊ի դատին։ Նրանք ինձ անմիջապես հավատացրին, որ այդ տեքստը չի համապատասխանում ոչ ճիշտ ուղղությանը, ոչ էլ ճիշտ տոնին, եւ որ այն, ինչ ես պատրաստվում էի ասել, շատ անպատշաճ կթվա։ Է՜հ, գրողը տանի, ես դա ինքս էլ ըմբռնեցի հետագայում։ Եվ հետո այդ ճառն արտասանելու առիթ էլ չունեցա։ Ահա այն․ «Ինձ շատ հաճախ կարծիք են հարցրել ԽՍՀՄ֊ի արդի գրականության վերաբերյալ։ Կուզենայի բացատրել, թե ինչու եմ հրաժարվել այդ մասին արտահայտվելուց։ Դա ինձ միեւնույն ժամանակ թույլ կտա լուսաբանել իմ այն ճառի որոշ կետեր, որ ես արտասանել եմ Կարմիր հրապարակում, Գորկու հուղարկավորության հանդիսավոր օրը։ Այնտեղ ես խոսում էի նոր խնդիրների մասին, որոնք ծագել էին խորհրդային հանրապետությունների հաղթանակի հետեւանքով․ խնդիրներ, որոնց մասին ասում էի, թե պատմության մեջ դրանց ստեղծումն ու մեր խորհրդածությանն առաջադրումը ԽՍՀՄ֊ի ամենամեծ ձեռքբերումներից չէր։ Քանի որ մշակույթի ապագան, ըստ իս, սերտորեն կապված է այդ խնդիրների լուծման հետ, անօգուտ չեմ համարում վերադառնալ դրանց եւ տալ որոշ ճշգրտումներ»։
:………………………………………………………………………………………………………
:&nbsp;&nbsp;&nbsp;«Մարդկանց մեծամասնությունը, անգամ եթե այն կազմված է լավագույն ներկայացուցիչներից, երբեք չի ծափահարում որեւէ գործի նոր, հավանական, ապշահար եւ ապշեցուցիչ կողմերին, այլ միայն նրան, ինչ արդեն ճանաչում է նրա մեջ, այսինքն՝ պարզունակությանը։ Ինչպես կան բուրժուական պարզունակություններ, այնպես էլ կան հեղափոխական պարզունակություններ, շատ կարեւոր է համոզվել դրանում։ Կարեւոր է համոզվել, որ այն, ինչ նրանում համապատասխանում է որեւէ ուսմունքի, թեկուզ լինի ամենաառողջ եւ ամենաամուր հաստատված ուսմունքը, երբեք այն չէ, ինչը կազմում է արվեստի գործի խոր արժեքը, եւ ոչ էլ այն, ինչը նրան թույլ կտա գոյատեւել։ Նա կգոյատեւի միայն այն դեպքում, երբ առաջադրի նոր հարցումներ՝ կանխելով ապագայի հարցումները, երբ այն տա դեռեւս չծագած հարցերի պատասխանները։
:&nbsp;&nbsp;&nbsp;Վախենում եմ, որ մեծ թվով գործեր, որոնք ամողջությամբ ներծծված են զուտ մարքսիստական ոգով եւ որին էլ պարտական են իրենց այսօրվա հաջողությամբ, ապագայի մարդկանց համար հիվանդանոցային անտանելի հոտ արձակեն։ Եվ ես կարծում եմ, որ ամենաարժեքավոր գործերը կլինեն միայն նրանք, որոնք կկարողանան ազատվել նման մտահոգություններից։
:&nbsp;&nbsp;&nbsp;Մինչ հեղափոխությունը հաղթանակում է, հաստատվում եւ ամրապնդվում, արվեստը ենթարկվում է սարսափելի վտանգի, գրեթե նույնքան մեծ վտանգի, որքան ֆաշիզմի ամենավատթար ճնշումների սպառնալիքը՝ խիստ հետեւողականության վտանգը։ Եթե արվեստը ենթարկվում է խիստ հետեւողականության, թեկուզ ամենաառողջ ուսմունքում, այն կարծանված է։ Այն սուզվում է հարմարվողականության մեջ։ Այն, ինչ հաղթանակած հեղափոխությունը կարող է եւ պարտավոր է տալ արվեստագետին, առաջին հերթին ազատությունն է։ Առանց նրա արվեստը կորցնում է նշանակությունն ու արժեքը։
:&nbsp;&nbsp;&nbsp;Ուոլթ Ուիթմենը Լինքոլնի մահվան առիթով գրեց իմ ամենագեղեցիկ երգերից մեկը։ Բայց եթե այդ ազատ երգը բռնազբոսիկ կլիներ, եթե Ուիթմենին ստիպեին գրել ինչ֊որ մեկի հրամանով եւ ընդունված կանոնի համաձայն, այդ երգը կկորցներ իր ուժն ու գեղեցկությունը, կամ ավելի շուտ Ուիթմենն այն չէր կարողանա գրել։
:&nbsp;&nbsp;&nbsp;Եվ քանի որ բնականաբար մեծամասնության հավանությունը, ծափահարությունները, բարեհաճությունը եւ հաջողությունը բաժին են ընկնում նրան, ինչը հասարակությունը կարող է անմիջապես ընդունել ու հավանել, այսինքն՝ հարմարվողականությանը, ես անհանգստությամբ եմ մտածում, որ գուցե այսօրվա փառաբանված ԽՍՀՄ֊ում կա մի Բոդլեր, Քիտս կամ Ռեմբո, որը, ամբոխի կողմից չճանաչված, կորչում է, հենց իր իսկ արժեքի պատճառով դժվարանում է լսել տալ իր ձայնը։ Եվ սակայն հենց նա է, որ ամենակարեւորն է բոլորի մեջ, քանժի սկզբում արհամարհվածներն են՝ Ռեմբոները, Քիտսերը, Բոդլերները եւ նույնիսկ Ստենդալները, որ վաղը կդառնան ամենամեծերը։<ref>Բայց, կասեն նրանք, ի՞նչ գործ ունենք մենք այսօր Քիտսերի, Բոդլերների, Ռեմբոների եւ նույնիսկ Ստենդալների հետ։ Նրանց արժեքը մեր աչքին պահպանվում է միայն այնքանով, որքանով նրանք արտացոլում են այն մահամերձ եւ նեխած հասարակությունը, որի պտուղներն են իրենք։ Եթե նրանք չեն կարող գոյատեւել այսօրվա հասարակության մեջ, ապա ավելի վատ նրանց համար եւ ավելի լավ մեզ համար, որ այլեւս ոչինչ չունենք սովորելու ոչ նրանցից, ոչ իրենց նմաններից։ Գրողը, որը կարող է մեզ կրթել այսօր, նա է, ով այսորվա հասարակարգում գտնում է իր լիարժեք տեղը, եւ որին ընդհակառակը, կարող է հուզավառել այն, ինչը կկաշկանդեր առաջիններին։ Այլ կերպ ասած՝ նա, ով հավանություն է տալի, շնորհավորում է ինքն իրեն ու ծափահարում։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Բայց ես կարծում եմ, որ ճիշտ այդ ծափահարողների գրվածքներն են, որ շատ քիչ դաստիարակչական արժեք ունեն եւ որ իր մշակույթը զարգացնել կամեցող ժողովուրդը կարիք չունի լսելու նրանց։ Ոչինչ այնքան արժեքավոր չէ կրթվելու համար, որքան այն, ինչը մտորելու տեղիք է տալիս։
:&nbsp;&nbsp;&nbsp;Ինչ վերաբերում է այսպես կոչված հայելու գրականությանը, այսինքն այն, որը սահմանափակվում է միայն հասարակության, իրադարձությունների, դարաշրժանի պարզ արտացոլանքը լինելով, ապա ես արդեն ասել եմ իմ կարծիքը։
:&nbsp;&nbsp;&nbsp;Ինքնահայեցողությունը (եւ ինքնազմայլումը) կարող թ լինել դեռ շատ երիտասարդ հասարակության առաջին հոգսը, բայց շատ ցավալի կլիներ, որ այդ առաջին հոգսը լիներ նրա միակն ու վերջինը։</ref>
<references/>