==VII==
: Նոր Սահմանադրությունը մեկից ավելի հոդվածներում ասես հոգացել է նախօրոք պատասխանել այն քննադատություններին եւ կանխել այն գրոհները, որոնք հաստատապես պիտի վաստակեր։ Ղեկավարները հիանալի գիտեն, որ մեքենայի կառավարումը ժողովրդին չի պատկանում, եւ որ ժողովրդի ու նրա ենթադրյալ ներկայացուցիչների միջեւ խզված է ամեն մի իրական կապ։ Նրանց հենց դա է պետք։ Կարեւորն ուրեմն այն է, որ ստեղծեն այն պատրանքը, թե այդ կապը երբեք ավելի սերտ չի եղել, եւ որ պիտի «ուժեղացվի» զանգվածների վերահսկողությունը խորհրդային իշխանության մարմինների վրա եւ բարձրացվի «այդ մարմինների պատասխանատվությունը զանգվածների նկատմամբ», ինչպես ասում է մարտի 13֊ի Հյումանիտեն։ Թերթն այնուհետեւ ավելացնում է․ «Նոր ընտրական համակարգը կամրապնդի ժողովրդի ընտրյալների կապը ընտրողների զանգվածների հետ»։ Հրաշալի՜ է, այնքան հրաշալի, որ նույն հոդվածը կարող է այնուհետեւ բոլորովին չթաքցնել, որ նրանք մտադրություն ունեն «առաջնորդել ընտրությունները, քննադատել վատ թեկնածությունները եւ ընդդիմանալ առանց սպասելու գաղտնի քվեարկության ժամանակ նրանց ջախջախմանը», այնպես որ շատ էլ չես կարող հիանալ նրանց զգուշավոր շրջահայացությամբ։ Մնածեք Մտածեք միայն, որքան տհաճ կլիներ կրկնել 1934 թվականի հոկտեմբերի 19֊ի սխալը, երբ ժողովրդին թույլ տրվեց ընտրել (ինչպես, օրինակ, Կիեւի շրջանային կոմիտեի պլենումի ժամանակ) «այսօր դիմակազերծված այնպիսի մարդկանց, ինչպիսիք են կուսակցության թշնամիները»։ Այդտեղից էլ գալիս է շատ արագ ընտրություններից առաջ «կուսակցության ակտիվ կորիզի զարգացմանը խոչընդոտող ցանկացած բանի արգելման անհրաժեշտությունը»։ Որից հետո միայն ընտրությունները կարող են լինել «ազատ»։ Այդ իսկ պատճառով վախենում եմ, որ խիստ դաս կտան մի թերթի ոմն հրատարակչի, որի անունը զգուշանում եմ տալ՝ վախենալով նրան վնաս պատճառել, որը, չնայած ստալինյան ԽՍՀՄ֊ին եւ նոր Սահմանադրությանն իր նվիրվածությանը, համարձակվում է գովաստանքներին գովասանքներին զուգահեռ անել հետեւյալ համեստ դիտողությունները․ «Մենք մտավախություն ունենք, որ ներկա համակարգում պետական մարմիններն այլեւս չեն շփվում աշխատավորական զանգվածների հետ, ինչպես Խորհուրդների համակարգում, այլ ընդհակառակը, միտում ունեն նրանցից տարանջատվելու։
: — Ինչո՞ւ…
: — Դե, նկատի ունենալով իրենց ընտրողների միջեւ եւ ընտրողների ու նրանց պատգամավորների միջեւ եղած հեռավորությունը»։
: Եվ անզգույշ քննադատն համարձակվում է հիշեցնել, որ «այդ խորհուրդը, ինչպիսին էլ լիներ, բուրգի մի քարն էր եւ իր ազդեցությունն էր գործում երկրի ընդհանուր քաղաքականության վրա»։ Ուստի հենց դա էր, որ անհարմարություն էր առաջացնում եւ հենց դա էր պետք կարգի բերել։ «Հիմնային մշտական քաղաքական բջիջն այլեւս գոյություն չունի»<ref>Ես ամենեւին չեմ հավատում մեծամասնության իմացությանը․ բայց խոսքն այդ մասին չէ։ Այլ այն մասին, որ այդ մեծամասնությանը թույլ տան իր բողոքի ձայնը տեղ հասցնել, երբ նա տառապում է, որ համաձայնեն լսել այն ընտրյալին, որը հաղորդում է այդ բողոքը։</ref>։
: Մենք կարող ենք միայն ամբողջովին համաձայնել կըր սըր Ուոլտեր Սիտրայնի այն հայտարարության հետ, որտեղ նա իր համոզվածությունն է արտահայտում, թե «ԽՍՀՄ֊ը մյուս բռնապետությունների նման ղեկավարվում է մի բուռ մարդկանց կողմից, եւ որ ժողովրդական մեծ զանգվածները ոչ մի մաս չունեն<ref>Սիտրայնը գրում է․ «Չի ունեցել մինչեւ այսօր» բայց այն, ինչ նա ասում էր 1935֊ին, կարող էր կրկնվել, եւ առավել վստահությամբ, նոր Սահմանադրության ընդունումից հետո։</ref> կամ էլ չնչին մաս ունեն երկրի կառավարման մեջ»։
: ***
: Այսպես թե այնպես, վերջին հաշվով վճարում է միշտ էլ ժողովուրդը, որքան էլ անուղղակի լինի դա։ Այսպես թե այնպես սննդամթերային հումքի արտահանման (որի կարիքը սակայն ժողովուրդը խիստ ունի), գյուղատնտեսական ապրանքների եւ սպառման առաքվող նույն ապրանքների գների հրեշավոր տարբերության կամ ուղղակի պահպանումների միջոցով, միշտ էլ բանվորագյուղացիական դասակարգի եւ նրանց սպառման միջոցների հաշվին է կազմվում անհրաժեշտ ու երբեք չլրացող խնայողությունների հիմնադրամը։ Դա այդպես էր առաջին իսկ հնգամյա պլանի ժամանակ ու շարունակվում է այդպես լինել եւ այսօր։ Դեռ կարելի է ընդունել, որ հիմնադրամը, բացի այն զարգացման թափից, որ պիտի հաղորդի ողջ մեքենային, օգտագործվում է գործնական, օգտակար, մարդասիրական նպատակներով։ Դեռ կարելի է հավատալ, որ ժողովուրդը օգտվում է, կամ հուսալ, որ կօգտվի հիվանդանոցներից, հանգստյան տներից, մշակութային հաստատություններից եւ այլն։ Բայց ինչ ասես, երբ այդ դժբախտության մեջ ողջ հիմնադրամը ծախսվում է Խորհուրդների պալատի կառուցման վրա՝ առավել եւս հիացնելով Ժան Պոնսին։ Պատկերացրեք միայն․ 415մ բարձրությամբ մի հուշարձան (նյույորքցիներն, ասում են, կապտում են զայրույթից), որի վերեւում կանգնեցված է չօքսիդացող պողպատից կառուցված 70֊80 մետրանոց Լենինի արձանը՝ ամեն մի մատը, ինչպես ասում են, 10մ երկարությամբ<ref>Մենք ոչ մի դեպքում կասկածի չենք ենթարկի Ժան Պոնսի տրամադրած թվերը ոչ այստեղ, ոչ որեւէ այլ տեղ։ Բայց 10 մետրանոց մատ՝ ընդհանուր 70֊80 մետր բարձրության դեպքո՞ւմ… Հուսանք գոնե, որ Լենինը նստած է։</ref>։ Է՛հ, գոնե բանվորը կիմանա, թե ինչու է սովից մեռնում։ Նա կարող է նույնիսկ մտածել, որ արժի այդ ամենը։ Քանի որ հաց չկա, նրանք գոնե դրանով կարող են պարծենալ (բայց կպարծենան թերեւս հենց մյուսները)։ Եվ ամենահիանալին այն է, որ նրան կստիպեն քվեարկել հօգուտ այդ պալատի, դուք կտեսնեք, եւ դեռ միաձայն։ Ռուս ժողովրդին կհարցնեն, թե որն է նախընտրում, լավ ապրե՞լը թե պալատը։ Եվ ոչ մեկը չի լինի, որ չպատասխանի կամ իրեն պարտադրված չզգա պատասխանելու՝ պալատն ամենից առաջ։