===I — Ուղեկիցներ===
: Անչափ վախենալով, թե մենակ չեմ կարողանա գործը գլուխ բերել, հոգ էի տարել ինձ օգնական վերցնել հինգ ուղեկիցների։ Բայց նաեւ ցանկություն ունեի, որ նրանք եսւ եւս օգտվեին այդ ճանապարհորդության արտակարգ բարեհաճություններից ու հաճույքներից։ Նրանք բոլորն էլ ինձ նման նախապես հիացած, զմայլված, խանդավառված ու դյութված էին ԽՍՀՄ֊ով, նրա խոստումնալից ապագայով եւ վարչակարգի ջերմեռանդ համախոհներն էին։ Սակայն նրանք շատ տարբեր էին ինձնից եւ՛ տարիքով (բոլորն էլ ինձնից շատ երիտասարդ էին), եւ՛ խառնվածքով, եւ՛ կրթությամբ ու միջավայրով։ Նրանք տարբերվում էին նաեւ միմյանցից, բայց, չնայած դրան, մենք հիանալի հասկանում էինք իրար։ Այո, ես մտածում էի, որ լավ տեսնելու ու լսելու համար վեց զույգ աչքն ու ականջը չափազանց շատ չէր լինի, եւ կունենայինք տարբեր մարդկանց կարծիքներն ու վերաբերմունքը։
: Այդ ուղեկիցներիս դուք արդեն գիտեք․ դրանք էին Ժեֆ Լաստը, Շիֆրենը, Էժեն Դաբին, Պիեռ Հերբերը, Լուիս Գիյուն։
: Նրանցից երկուսը վաղուց արդեն մտել էին կուսակցության մեջ եւ շատ գործունյա ու անձնվեր անդամներ էին։ Երկուսը խոսում էին ռուսերեն։ Բացի այդ, Ժեֆ Լաստը չորրորդ անգամ էր ԽՍՀՄ֊ում։ Պիեռ Հերբարը արդեն վեց ամսից ավելի ապրում էր Մոսկվայում։ Նա այնտեղ ղեկավարում էր քաղոզչական մի ամսագիր, որը լույս էր տեսնում միանգամից չորս լեզվով՝ «Միջազգային գրականությունը»֊ը․ դա նրան թույլ էր տալիս միշտ իրազեկ եւ տեղյակ լինել բոլոր մեքենայություններին։ Դրանից բացի, օժտված էր եզակի խորաթափանցությամբ։ Նա, հիրավի, շատ օգնեց ինձ իր տեղեկություններով, այսինքն՝ բացատրեց որոշ երեւույթներ, որոնք ես ինքս, անշուշտ, չէի հասկանա։ Բերեմ մի փոքրիկ օրինակ։