[[Կատեգորիա:Արձակ]]
Երբ ընկեր-բարեկամ, կամ այդ լուրն առած մարդիկ Մոնախովին հիշեցնում էին, որ ինքը շուտով հայր է դառնալու, նա սրանց տեսնում ու լսում էր հեռվից, միայն զարմացնում էին նրանց դեմքերի արտահայտությունները, որ խիստ տարբեր էին մեկը մյուսից՝ մերթ սրտահույզ, մերթ կարեկից, սակայն բոլորն էլ ձայնի թեթևակի դողով ու աչքով անելու պես մի երանգով։ Ընդ որում՝ ինչո՞ւ էին աչքով անում, ինչի՞ համար, ըստ երևույթին իրենք էլ չգիտեին՝ իրենց կամքից անկախ։ Սովորաբար այդ արտահայտություններին հետևում էր շատ ավելի արժանապատիվ մի կեցվածք։ Անկախ այն բանից՝ զավակների տե՞ր էին արդյոք, թե ոչ, այդ արժանապատիվ կեցվածքն ընդգծում էր առեղծվածին նրանց հասու լինելը, իրենք որ հաստատապե՛ս գիտեին, թե ինչ կա այնտեղ, այն դռնից անդին, որ Մոնախովը դեռ նոր պիտի բացեր։