Պիկնիկների հրվանդանից մինչև հին Վինձորի շլյուզը ընկած հատվածում գետը շատ գեղեցիկ է։ Մի ստվերոտ հանապարհ, որի վրա այս ու այնտեղ սփռված են գողտրիկ, փոքրիկ տնակներ, ձգվում է վեր, դեպի «Աուսլեյան զանգակներ» պանդոկը։ Դա մի գեղատեսիլ պանդոկ է, ինչպես գետափնյա շատ պանդոկներ, որտեղ կարելի է հիանալի գարեջուր խմել։ Համենայն դեպս, այդպես է ասում Հարրիսը, իսկ նման հարցերում Հարրիսի խոսքին կարելի է հավատալ։ Հին Վինձորը հայտնի է յուրովի։
Էդվարդ Խոստովանահայրը այստեղ պալատ ուներ, և հենց այսրեղ այստեղ էր, որ փառապանծ կոմս Գոդվինը մեղավոր է ճանաչվել այն ժամանակվա դատավորների կողմից՝ թագավորի եղբոր սպանության համար։ Կոմս Գոդվինը հացի մի պատառ է կտրել և պահել ձեռքում։
― Եթե ես մեղավոր եմ, ― ասել է կոմսը, ― թող այս հացը խեղդի ինձ։