Աստված իմ, ո՞ւր․․․
==ԳԼՈՒԽ ՉՈՐՐՈՐԴ==
Լեոպոլդ հորեղբորս կյանքը ծածկված էր տարաշխարհիկ մշուշով։ Նրանում ինչ-որ բան կար Մայն Րիդի և Կապերի հերոսներից։ Նրա ճակատագիրը երկար տարիներ հանգիստ չէր տալիս երևակայությանս։ Հիմա դա անցել է։
Եկեք, սակայն, առաջ չընկնենք։
Հրեա պապս երեք որդի ուներ։ (Թող չշփոթեցնի ձեզ այդ բիլինայական երանգը)։ Նրանց կոչում էին Լեոպոլդ, Դոնաթ և Միխայիլ։
Կրտսերին՝ Լեոպոլդին, կարծես դիտմամբ էին անդրծովյան անուն տվել։ Հաշվի առնելով իր՝ ապագա կոսմոպոլիտի կենսագրությունը։
Դոնաթ անվան ծագումը անորոշ բալթյան-լիտվական է։ (Ինչը համապատասխանում է հորս անորոշ դրությանը։ Յոթանասուներկու տարեկան հասակում նա արտագաղթեց Ռուսաստանից)։
Զուտ ուղղափառ անուն կրող Միխայիլը թոքախտից մահացել է շրջափակված Լենինգրադում։
Անունը, համաձայնեք, նկատելիորեն կանխորոշում է մարդու բնավորությունն ու անգամ կենսագրությունը։
Անատոլին գրեթե միշտ լկտի ու կռվարար է լինում։
Բորիսը՝ գիրանալու հակում ունեցող խոլերիկ։
Գալինան՝ ճղճղան ու գռեհիկ բանսարկու։
Զոյան՝ միայնակ մայր։
Ալեքսեյը թուլակամ ու բարեհոգի։
Գրիգորի անվան մեջ ես նյութական բարեկեցության հնչերանգներ եմ լսում։
Միխայիլ անվան մեջ՝ վաղաժամ ողբերգական մահվան խուլ նախագույժ։ (Հիշեք Լերմոնտովին, Կոլցովին, Բուլգակովին...)։ Եվ այլն։
Միխայիլը ինքնամփոփ ու անմարդամոտ երեխա էր։ Բանաստեղծություններ էր գրում։ Հեռավոր Արևելքում ֆուտուրիստական խմբակ էր ստեղծել։ Նրան չափավոր լկտի, բարեկամական նամակ էր գրել անձամբ Մայակովսկին։
Հայրս պահում է ավագ եղբոր գրած երկու գրքերը։ Մեկը կոչվում է «Մ-ու-ու»։ Երկրորդի վերնադիրը մոռացել եմ։ Վերնագրի մի մասը հանրահաշվական բարդ բանաձեւ է։
Բանաստեղծությունները բավական անհեթեթ են։ Լիրիկական բանաստեղծությունների մեկը վերջանում է այսպես․
<center><em>Ամբողջ մարմնով դողում էի, եւ ցանկությունս միակ
Գլուխս պատին տալն ու ջարդված գլխով վայր ընկնելն էր․․․ </em></center>
Գրքի վերաբերյալ պահպանված մի գրախոսությունից հիշողությանս մեջ մնացել է գռեհիկ այս արտահայտությունը՝ «Ապուշին ուղարկիր Աստծուն աղոթելու, նա ճակատն էլ կջարդի»․․․
Միխայիլը արտասովոր ինքնամփոփ մարդ էր։ Ազգականները պատկերացում իսկ չունեին, թե նա ինչով է զբաղվում։ Մի անգամ, արդեն հասուն տարիքում, Դոնաթն ու Միխայիլը միմյանց անսպասելիորեն հանդիպում են Բրյանսկի ամառային թատրոնի հետնաբեմում։ Պարզվում է, որ եղբայրները մասնակցում են նույն էստրադային ծրագրում։ Դոնաթը երգիծական քառյակներ էր երգում։ Միխայիլը հանդես էր գալիս ասմունքով։
Ավագ եղբայրները հակում ունեին դեպի գրականությունը, արվեստը։ Կրտսերը՝ Լեոպոլդը, փոքրուց ընտրել էր այլ՝ ավելի ապահով ուղի։
Լեոպոլդը աֆերիստ էր մեծանում։
Տասնչորս տարեկանում ծխախոտ էր վերավաճառում նավահանգստում։ Արտսահմանցի նավաստիներից սիգարներ էր գնում Ուրին եղբայրների գիշերային ռեստորանի համար։ Հետո անցավ կանացի գուլպաներին ու կոսմետիկային։ Հարկ եղած դեպքում արտասահմանցիներին ուղեկցում էր Կոստյա փողոցի հասարակաց տունը։ Զուգահեռաբար բռնցքամարդ էր պարապում «Իկար» մարզական ակումբում։ Իսկ կիրակի օրերին շեփոր էր նվագում քաղաքային այգում։
Տասնութ տարեկանում Լեոպոլդը իրականացրեց իր առաջին մեծ խարդախությունը։ Այսպես եղավ։
Քաղաքի կենտրոնական խանութներից մեկն է մտնում մի վտիտ, համեստ պատանի՝ ձեռքին ճմրթված թերթերի մեջ փաթաթված ջութակ։ Պատանին դիմում է խանութի տիրոջը՝ Տանակիսին․
― Անձրեւը շատ հորդ է։ Վախենում եմ ջութակս թրջվի։ Կարո՞ղ եմ ժամանակավորապես այստեղ թողնել։
― Կարող ես, ինչո՞ւ չէ, ― անտարբեր ասում է Տանակիսը։
Մեկ ժամ անց խանութում հայտնվում է շքեղ հագնված մի օտարերկրացի՝ կասկածելիորեն շիկավառ բեղերով։ Երկար շրջում է ցուցադարակների արանքում՝ անշտապ դիտելով ապրանքը։ Հետո պարզում է ձեռքը, մի կողմ քաշում ճմրթված թերթն ու բացականչում.
― Չի՛ կարող պատահել։ Չե՛մ հավատում։ Երա՛զ է սա։ Արթնացրե՛ք ինձ։ Այս ի՜նչ բախտավորություն է իսկական Ստրադիվարի։ Ես գնում եմ այս ջութակը։
― Ջութակը չի վաճառվում, ― ասում է Տանակիսը։
― Պատրաստ եմ վճարել ցանկացած գումար։
― Ցավում եմ...
― Տասնհինգ հագար՝ կանխիկ։
― Խիստ ցավում եմ, պարոն...
― Քսան հազար, ― բացականչում է օտարերկրացին։
Տանակիսը շառագունում է.
― Ես կխոսեմ տիրոջ հետ։
― Դուք շռայլ միջնորդավճար կստանաք։ Ախր իսկական Ստրադիվարի է։ Ո՛չ, մի՛ արթնացրեք ինձ, մի՛ արթնացրեք... Քիչ անց վերադառնում է գունատ պատանին։
― Եկել եմ ջութակս տանելու։
― Ես ուզում եմ գնել ձեր ջութակը, ― ասում է Տանակիսը։
― Չեմ կարող վաճառել, ― տխուր ասում է պատանին։ ― Ցավոք, չեմ կարող։ Դա պապիկիս նվերն է։ Ունեցածս միակ արժեքավոր իրը։
― Երկու հազար ռուբլի կտամ։ Պատանու աչքերը լցվում են։
― Ես, իրոք, փողի կարիք ունեմ։ Կմեկնեի բուժվելու։ Բժիշկ Շվարցն ասում է, որ դա պարտադիր է առողջությանս համար։ Եվ այնուամենայնիվ՝ չեմ կարող... Նվեր է...
― Երեք հազար, ― ասում է խանութպանը։
― Ավաղ, չեմ կարող։
― Հինգ, ― վրա է տալիս Տանակիսը։
Մտքում արագ հաշվում է. «Հինգ հազար կտամ այս լակոտին։ Օտարերկրացին կվճարի քսան հազար՝ գումարած միջնորդավճարը։ Կստացվի...»
― Ներիր, պապիկ, ― լացակումած ասում է պատանին, ― Ներիր ու մի բարկացիր։ Հանգամանքներն են ստիպում դիմել այս քայլին ․․․
Տանակիսը արդեն հաշվում էր թղթադրամները։
Պատանին համբուրում է ջութակը։ Հեռանում է՝ հազիվ զսպելով լացը։
Տանակիսը գոհունակությամբ շփում է ափերը․․․ Հասնելով շենքի անկյունին, պատանին կանգ է առնում։ Հաշվում է թղթադրամները։ Հետո գրպանից հանում է հսկայական շեկ բեղերը, գցում աղբարկղն ու հեռանում ․․․
Մի քանի ամիս անց Լեոպոլդը փախչում է տնից։ Օվկիանոսային շոգենավի նավանբարում հասնում է Չինաստան։ Ճանապարհին առնետը կծում է նրան։
Չինաստանից ուղեւորվում է Եվրոպա։ Հիմնավորվում է, չգիտես ինչու, Բելգիայում։
Իսահակ պապս նրա բացիկները չէր կարդում։
― Մալխամովես, ― ասում էր պապս, ― պերե օդոմ։
Ու կարծես մոռանում էր Լեոպոլդի գոյության մասին։ Տատս թաքուն լալիս ու աղոթում էր։
Անցնում է մի քանի տարի։ Իջնում է երկաթե վարագույրը։ Լեոպոլդից լուրեր չեն գալիս։
Հետո գալիս է ինչ֊որ Մոնյա։ Պապիս ու տատիս տանը ապրում մեկ շաբաթ։ Ասում է, թե Լեոպոլդը առեւտրի գծով է։
Մոնյան հիանում է հնգամյակների թափով։ Երգում է՝ «Մեր շոգեքարշ, սուրա առաջ․․․»․․․ Հետն էլ խիստ անկիրթ մարդ է լինում։ Զուգարանից բնակարանով մեկ գոռում է․
― Պապի՛ռ, պապի՛ռ։
Ու տատս կիսաբաց դռան ճեղքից նրան թերթ է տալիս։
Հետո Մոնյան մեկնում է։ Դրանից քիչ անց պապիս գնդակահարում են որպես բելգիական լրտեսի։
Լեոպոլդին քսան տարով մոռանում են։
Վաթսունմեկ թվականին հայր պատահաբար մտնում է կենտրոնական հեռագրատուն։ Աշծատակցուհիներից մեկի հետ զրուցելիս իմանում է, որ այդտեղ կան եվրոպական բոլոր մայրաքաղաքների հասցեներն ու հեռախոսները։ Բացում է Բրյուսելի հեռախոսագիրքը։ Ու անմիջապես գտնում իր բավական հազվադեպ ազգանունը․․․
― Խոսակցություն կարո՞ղ եմ պատվիրել։
― Իհարկե։
Երեք րոպեից միացնում են Բրյուսել։ Հստակ լսվում է ծանոթ ձայնը.
― Հելլոու։
― Լեոպոլդ, ― բացականչում է հայրս։
― Սպասիր, Դոդիկ,– ասում է Լեոպոլդը, ― տելեվիզիոնն անջատեմ..
․
Եղբայրներն սկսում են գրել միմյանց։ Լեոպոլդը գրում է, որ կին ունի՝ Հելենա, որդի՝ Ռոմանո, և դուստր՝ Մոնիկ։ Ինչպես նաև պուդել՝ Իգոր անունով։ Որ «իր գործն» ունի։ Որ գրամեքենաներ ու թուղթ է վաճառում։ Որ թուղթը թանկանում է, ինչը միանգամայն ձեռնտու է իրեն։ Որ սղաճը, այդուհանդերձ, գրեթե սնանկացրել է իրեն։
Իր աղքատությունը Լեոպոլդը նկարագրում էր այսպես. «Տներս վերանորոգման կարիք ունեն։ Մեքենաներս չորս տարի չեն թարմացվել...»։
Հորս նամակները անհամեմատ ավելի լավատեսական էին. «... Ես գրող եմ ու ռեժիսոր։ Ապրում եմ փոքրիկ, հարմարավետ բնակարանում։ (Նկատի ուներ ֆաներայի միջնապատով առանձնացված իր խուցը)։ Կինս մեքենայով մեկնել էր Մերձբալթիկա։ (Իրոք, հորս կինը պրոֆմիության ավտոբուսով գնացել էր Ռիգա գուգագուլպաներ գնելու)։ Իսկ թե ինչ բան է սղաճը, գաղափար անգամ չունեմ...»։
Հայրս բազմաթիվ հուշանվերներ ուղարկեց Լեոպոլդին։ Փայտե գդալների ու ափսեների մի ամբողջ նավատորմ։ Լև Տոլստոյի ինքնաեռի մելքիորե կրկնօրինակը։ Ուրալյան կիսաթանկարժեք քարերից պատրաստված մի քանի արձանիկ։ Շևչենկոյի «Կոբգարի» հոբելյանական հրատարակությունը, որ միջին տապանաքարի չափ էր։ Ինչպես նաև «Տապան զրահապատ» անունը կրող հուշանվերային արտադրանքը։
Լեոպոլդն արձագանքեց ձյունաճերմակ թաշկինակով՝ շատ գեղեցիկ տուփի մեջ։
Հետո հորս համար տրիկոտաժե մայկա ուղարկեց «Էդդի Շապիրո։ Անիվներ և անվադողեր» մակագրությամբ։ Հայրս չէր հանձնվում։ Զանգեց քաղկոմի իր ծանոթ հրահանգչին։ Վերջինիս միջոցով հայթայթեց մի եզակի հուշանվեր։ Դա շաքարի ութ կիլոգրամանոց ամբողջական կտոր էր։