Changes

Մերոնք

Ավելացվել է 19 726 բայտ, 08:44, 3 Օգոստոսի 2013
/* ԳԼՈՒԽ ՅՈԹԵՐՈՐԴ */
Մառա քույրը չարաճճի էր ու խելացի։ Անելյա քույրը՝ չար ու կամակոր։
 
Ռոմա եղբայրը՝ կռվարար ու խուլիգան։ Ամենասովորական երեխան մայրս է եղել․․․
 
Շոպենհաուերը գրել է, թե մարդիկ ամբողջ կյանքում չեն փոխվում։
 
Հապա ինչպե՞ս եղավ, որ Մառա մորաքույրս վերածվեց անողոք գրաքննադատի։
 
Եվ ամենասովորական մարդ դարձավ կռվարար խուլիգան Ռոման քեռիս։
 
Ինչպե՞ս եղավ, որ կամակոր Անելյան վերածվեց ամենաբարի, ազնվագույն ու համեստ պահանջմունքների տեր անձնավորության։ Այնքան անթերի, որ նրա մասին գրելն անգամ ձանձրալի է․․․
 
Իսկ մայրս ապրում է կապիտալիստական ջունգլիում, կարդում է «Էխո» ու հանրախանություն անօգնականությունից անցնում է վրացերենի։
 
Մորս երիտասարդության մասին քիչ գիտեմ։ Երեսնական թվականներին քույրերը հեռանում են Վրաստանից։ Հիմավորվում են Լենինգրադում։
 
Այնելյա մորաքույրս աշխատում է հրատարակչությունում։
 
Մայրս փաստաթղթերը հանձնում է կոնսերվատորիա։ Զուգահեռ նաեւ՝ թատերական ինստիտուտ։ Քննությունները հանձնում է միաժամանկ։ (Այն ժամանակ կարելի էր)։ Եվ ընդունվում է երկու տեղում էլ։ Մայրս ասում է, որ այն ժամանակ բոլորին ընդունում էին։ Ձեւավորում էին նոր ապադասակարգային մտավորականություն։
 
Մայրս ընտրում է թատերական ինստիտուտը։ Կարծում եմ՝ իզուր։
 
Առհասարակ հարկավոր է խուսափել ստեղծագործական մասնագիտություններից։ Եթե չես կարող խուսափել, դա ուրիշ հարց է։ Ուրեմն ելք չկա։ Ուրեմն ոչ թե դու ես ընտրել մասնագիտությունդ, այլ մասնագիտությունդ է ընտրել քեզ․․․
 
Մի քանի տարի մայրս աշխատել է թատրոնում։ Կարդացածս հատուկենտ գրախոսություններում նրան գովում են։
 
Կոլետկտիվում էլ, ինչպես ասում են, հարգանք էր վայելում։ Դերասան Բեռնացկին, օրինակ, ասում էր․
 
― Դոնաթին մի լավ ծեծ է հասնում․․․ Բայց Նորկան մեղք է․․․
 
Դոնաթը հայրս է։ Նա արձագանքում էր այսպես․
 
― Ժենյա Բեռնացկու դեմքով մարդիկ չպետք է տնից դուրս գան...
 
Հետո ծնվեցի ես։ Հայրս ու մայրս հաճախ վիճում էին։ Հետո բաժանվեցին։ Իսկ ես մնացի։
Հյուրախաղերը մորս համար վերջացան։ Ու մայրս թողեց թատրոնը։
 
Եվ ճիշտ արեց։ Ես հետևել եմ մինչև կյանքի վերջը թատրոնին հավատարիմ մնացած նրա ծանոթների կյանքին։ Դա խոցված ինքնասիրությունների, ոտնահարված հավակնությունների, գործընկերոջ խաղի անվերջ փնովումների աշխարհ է։ Նրանք թշվառ, քինոտ ու նախանձ մարդիկ էին...
 
Մայրս դարձավ սրբագրիչ։ Եվ հրաշալի սրբագրիչ։ Հավանաբար այդ գծով տաղանդ ուներ։ Որովհետև քերականություն բոլորովին չգիտեր։ Փոխարենը սրբագրչի հոտառություն աներ։ Այդպես երբեմն պատահում է։
 
Իմ կարծիքով, նա սրբագրիչ էր ի ծնե։ Նա, եթե կարելի է այդպես ասել, ուղղագրության էթիկական զգացողություն ուներ։ Որևէ մեկի մասին, օրինակ, կարող էր ասել.
 
― Գիտե՞ս որ մարդկանցից է։ Ովքեր «նախագահն» առանց «հ»–ի են գրում...
 
Ինչը հավասարազոր էր բարոյական ծայրագույն անկման։ Դատարկ, թեթևամիտ, բայց համակրելի մարդու մասին ասվում էր.
 
― «Արդյոք»–ը «ի»–ով...
 
Մայրս օր ու գիշեր աշխատում էր։ Ես չափազանց շատ էի ուտում, աճող օրգանիզմ էի։ Մայրս սնվում էր հիմնականում կարտոֆիլով։ Մինչև տասնյոթ տարեկանս միանգամայն համոզված էի, որ մայրս միայն կարտոֆիլ է սիրում։ (Այստեղ՝ Նյու Յորքում, վերջնականապես պարզվեց, որ այդպես չէ...)։
 
Մեր բնակարանը անհետաքրքիր էր, թեև՝ մարդաշատ։ Իրադարձությունները խիստ հազվադեպ էին։
 
Մի անգամ գնդապետ Տիխոմիրովի մոտ անսպասելիորեն եկավ հեռու ազգականներից մեկը՝ ոմն Սուչկով։ Բռնազբոս շարժուձևով հաղթանդամ երիտասարդ էր Դուլևո գյուղից։
 
― Քեռի, ― ասել էր Սուչկովը դեռ շեմին, ― նյութական օժանդակություն ցուցաբերեք երեք ռուբլու չափով։ Թե չէ կգնամ սխալ ճանապարհով...
 
― Մի սխալ արդեն թույլ տվեցիր, ― արտահայտվել էր Տիխոմիրովը, ― քանի որ փող ես ուզում։ Ես փող չունեմ։ Այնպես որ դրանից ձեռք քաշիր․․․
 
Զարմիկը նստել էր կոմունալ սնդունկին ու լաց եղել։ Այդպես մնացել էր մինչեւ ճաշ։
 
Ի վերջո, մայրս ասել էր․
 
― Ներս անցեք։ Դուք երեւի քաղցած եք։
 
― Վաղուց, ― անմիջապես հաստատել էր Սուչկովը։
 
Մնաց մեզ մոտ։ Անվերջ ուտում էր ու զբոսնում քաղաքում։ Երեկոները թեյ էր խմում ու հեռուստացույց նայում։ Հեռուստացույց առաջին անգամ էր տեսնում։
 
Գնդապես Տիխոմիրովը չեզոք կեցվածք էր ընդունել։ Միայն դադարել էր բարեւել մորս։
 
Վերջապես մայրս հարցնում է․
 
― Վոլոդյա, ի՞նչ ծրագիր ունես։
 
Սուչկովը հոգոցով ասում է․
 
― Եթե կարողանայի փող ճարել դասագրքերի համար․․․ Ու վառելափայտի․․․ Սովորել եմ ուզում, ― եզրափակում է երիտասարդ Լոմոնոսովի՝ ուսման ծարավ ձայնով ու անմիջապես ավելացնում, ― Թե չէ, Աստված չանի, կգնամ սխալ ճանապարհով։
 
Մայրս հարեւանուհուց պարտքով տասնհինգ ռուբլի վերցրեց։ Սուչկովի համար գնացքի տոմս առավ։
 
Մեկնելուց քառասուն րոպե առաջ Վոլոդյան թեյ խնդրեց։
 
Խմում էր բաժակ բաժակի հետեւից, եռման ջրում լուծելով շաքարի աներեւակայելի քանակություն։ Կարծես ուզում էր ցմրուր վայելել շրջակա աշխարհի անսպասելի բարեհաճությունը։
 
― Տես, չուշանաս, ― տագնապած ասում էր մայրս։
 
Սուչկովը թերթով չորացնում էր դեմքը՝ անընդհատ կրկնելով․
 
― Ինչ֊որ շատ եմ ծարավ։ Անվերջ ջուր եմ ուզում․․․
 
Մայրս չդիմացավ․
 
― Դե գնա գետում խեղդվիր։
 
Ուրիշի ազգականը մռայլվեց։ Կշտամբալի հայացքն ուղղեց մորս։
 
Լարված լռություն տիրեց․
 
― Ինչ մանրախնդիրն եք, Նոննա Ստեփանովնա, ― ասաց ապագա Լոմոնոսովը, խեղաթյուրելով անուն֊հայրանունն ու փաստերը․․․
 
Այդպես էլ ապրում էինք։
 
Ու միշտ վշտացնում էի մորս։
 
Սկզբում վատ էի սովորում։ Վատ ու բազմազան։ Այսինքն՝ երբեմն անսպասելիորեն դառնում էի որևէ շրջանային քիմիական օլիմպիադայի մասնակից։ Իսկ հետո՝ կրկին համատարած «երկու»–ներ։ Նույնիսկ գրականությունից։
 
Հիսունչորս թվականին դարձա պատանի բանաստեղծների համամիութենական մրցույթի հաղթող։ Հաղթողներս երեքն էինք՝ Լյոնյա Դյատլովը, Սաշա Մակարովը և ես։ Հետագայում Լյոնյա Դյատլովը հարբեցող դարձավ։ Մակարովը թարգմանություններ է անում կոմի լեզվից։ Իսկ ես հայտնի էլ չէ, թե ինչով եմ զբաղվում։ Բայց այն ժամանակ մենք դափնեկիրներ էինք։ Մրցանակները մեզ հանձնեց Սամուիլ Յակովլևիչ Մարշակը։
 
Մրցույթը մնաց հետևում։ Կրկին ծայր առան «երկու»–ները։ Ընդ որում՝ ոչ թե ազատամտության, այլ բթության համար։ Անաստված կերպով արտագրում էի պարզունակ դասարանային աշխատանքները։ Իսկ «Երիտասարդ գվարդիան» մինչև օրս չեմ կարդացել։ (Եվ արդեն երբեք չեմ կարդա...)։
 
Կարճ ասած՝ վատ էի սովորում։ Ընկերություն էի անում դպրոցական թափթփուկների հետ։ Ավելին՝ ծխում էի, երբեմն նաև՝ խմում։
 
Համալսարանում էլ վատ եմ սովորել։ Փոխարենը մորս միշտ սպառնում էի, թե կամուսնանամ։ Այն էլ՝ ում հետ ասես...
 
Հետո ինձ բանակ տարան։
 
Բանակում էլ վատ եմ ծառայել։ Կտրիճ-կորովի զինվոր այդպես էլ չդարձա։
 
Հետո ինձ զորացրեցին։
 
Սկսեցի աշխատել բազմատիրաժ թերթերում։ Անվերջ աշխատանք էի փոխում։ Հավելումն՝ պատմվածքներ սկսեցի գրել։
 
Պատմվածքներս, բնականաբար, չէին տպագրում։ Սկսեցի ավելի շատ խմել։ Չճանաչված հանճարի դիմակը մի տեսակ դյուրին էր դարձնում գոյությունս։
 
Ընկերներս էլ համապատասխան էին։ Մորուքավոր, ներփակ ու մռայլ։ Հետն էլ՝ զուգարանից հետո ձեռքները չէին լվանում։ Մինչդեռ մայրս այդ առումով շատ խիստ էր։ Թերևս ավելի խիստ, քան ուղղագրության հարցում։
 
Եթե ընկերս գնում էր զուգարան, մայրս անշարժանում էր։ Թափվող ջրի ձայնով որոշում էր, լվանում է ձեռքերը, թե ոչ։ Մայրս կանգնում ու լսում էր։ Սկզբում լուռ էր լինում։ Հետո հզոր հոսքով թափվում էր բաքի ջուրը։ Ու անմիջապես բացվում էր դուռը՝ ուրեմն չի լվացվել․․․
 
Մայրս շփոթված ժպտում ու իրար էր անցնում․
 
― Երեւանի աճառն է վերջացել։ Մաքուր սրբիչ տա՞մ։
 
Ուղղորդող հարցեր էր տալիս։ Համառորեն ընկերուս մղում էր մաքրակենցաղության։
 
Ընկերս պատասխանում էր․
 
― Մի անհանգստացեք։ Ամեն ինչ կարգին է․․․
 
Քչերն էին զարմացած հոնքերը վեր բարձրացնում։
 
Իսկ եթե ընկերս մի փոքր ավելի երկար էր մնում, եթե բաքից թափվող ջրի ձայնին հետեւում էր ծորակի ջրի կարկաչյունը, մայրս գոհունակությամբ ժպտում էր։ Ականջները սրած փորձում էր լսել սրբիչի խշշոցը։
 
Այդպիսի հյուրսին սուրճ էր առաջարկում․․․
 
Ընկերներիս էլ չէին տպագրում։ Նրանք ցավոտ ու բարձրագոչ էին արձագանքում դրան։ Թունդ գինի էին խմում ու միմյանց հանճար համարում։ Հանճարեղ էին գրեթե բոլոր ընկերներս։ Կային այնպիսիք, որ հանճարեց էին միաժամանակ մի քանի բնագավառներում։ Սաշա Կոնդրատովը, օրինակ, հանճար էր մաթեմատիկայի, լեզվաբանության, պոեզիայի, ֆիզիկայի եւ կրկեսային արվեստի բնագավառներում։ Ճկույթին կրում էր ինքնաշեն անագե մատանի՝ վրան գանգ․․․
 
Մայրս համակրում էր ընկերներիս, կերակրում էր նրանց։ Համբերությամբ լսում էր նրանց անզուսպ ինքնագովաբանությունը։
 
Նա ամբոխի դեր էր կատարում։ (Ի՞նչ հանճար առանց ամբոխի, առանց խուժանի․․․)։ Նա դիտմամբ միամիտ հարցեր էր տալիս։ Դրանք լեփ֊լեցուն դահլիճից հնչող բացականչություններ էին։
 
― Ասացեք, Պաուստովսկին տաղանդավո՞ր է, ― հետաքրքրվում էր նա։
 
― Պաուստովսկի՞ն։ Աղբ է, ― ակադեմիական ոճով արձագանքում էր զրուցակիցը։
 
― Իսկ Կատաեւը։
 
― Կատարյալ աղբ։
 
76 թվականին իմ պատմվածքներից երեքը հրատարակվեցին Արեւմուտքում։ Խորհրդային հրատարակչություններն ընդմիշտ փակվեցին ինձ համար։ (Մինչեւ այդ էլ առանձնապես բաց չէին)։
 
Միաժամանակ հպարտ ու վախեցած էի։
 
Ընկերներիս արձագանքը միանշանակ չէր։ Ոմանք նախազգուշացնում էին.
 
― Քեզ կբանտարկեն, կտեսնես։ Քրեական գործ կսարքեն գլխիդ ու կնստեցնեն։
 
Մյուսներն արտահայտվում էին այսպես.
 
― Տպեցին, հետո՞ ինչ։ Տպաքանակներն Արևմուտքում չնչին են։ Այնտեղ քեզ չեն նկատի։
 
― Իսկ այստեղ բոլոր ճանապարհները կփակեն։
 
Ոմանք կարծես դատապարտում էին.
 
― Գրողը պետք է հայրենիքում հրատարակվի։
 
Եվ միայն մայրս էր անդադար կրկնում.
 
― Անչափ ուրախ եմ, որ քեզ վերջապես տպագրում են...
 
Դրանից հետո սկսեցին տհաճ իրադարձություններ տեղի ունենալ։ Ինձ վռնդեցին բոլոր տեղերից։ Զրկեցին անգամ չնչին խալտուրայից։
 
Պահակություն էի անում ինչ-որ հիմար լաստանավի վրա. այդտեղից էլ վռնդեցին։
 
Սկսեցի շատ խմել։ Կինս ու դուստրս մեկնեցին Արևմուտք։ Մնացինք երկուսով։ Ավելի ճիշտ՝ երեքով։ Մայրս, ես ու Գլաշա անունով շունը։
 
Իսկական որս էին սկսել։ Մեղադրվեցի քրեական օրենսգրքի երեք հոդվածներով միաժամանակ՝ պորտաբուծության, իշխանություններին չհնազանդվելու, «այլ սառը զենք» կրելու մեջ։
 
Բոլոր երեք մեղադրանքներն էլ փուչ էին։
 
Միլիցիան մեզ մոտ հայտնվում էր գրեթե ամեն օր։
 
Ես որոշեցի պաշտպանական միջոցներ ձեռնարկել։
 
Ապրում էինք հինգերորդ հարկում՝ առանց վերելակի։ Դիմացի շենքի իր պատուհանի մոտ առավոտից երեկո նստում էր Գենա Սախնոն։ Հարբեցող դարձած նախկին լրագրող էր և, ինչպես հարբեցողներից շատերը՝ շլացուցիչ վեհանձնության տեր մարդ։ Օրեր շարունակ պորտվեյն էր խմում լուսամուտի մոտ։
 
Եթե միլիցիան մոտենում էր մեր մուտքին, Գենան վերցնում էր լսափողը։
 
― Բոզերը գալիս են, ― տեղեկացնում էր լակոնիկ։ Անմիջապես դուռը կողպում էի սողնակով։
 
Միլիցիան ձեռնունայն հեռանում էր։ Գենան ստանում էր ազնվորեն վաստակած ռուբլին։
 
Այդպես էլ ապրում էինք։
 
Մայրս անդադար կրկնում էր․
 
― Անչափ ուրախ եմ, որ քեզ վերջապես տպագրում են․․․
 
Հետո ինձ անսպասելիորեն նստեցրին՝ Կալյաեւյան բանտ։ Մանրամասները չեմ ուզում շարդարել։ Կասեմ միայն, որ բատը չհավանեցի։
 
Առաջ ասում էի ավագ եղբորս․
 
― Դու ճամբարում նստել ես․․․ Ես ճամբարում ծառայել եմ․․․ Ի՞նչ տարբերություն։ Նույն բանն է․․․
 
Հիմա հասկացա։ Նույն բանը չէ։ Իսկ մանրամասները շարադրել չեմ ուզում․․․
 
Հետո ինձ անսպասելիորեն բաց թողեցին։ Եվ առաջարկեցին մեկնել։ Համաձայնեցի։
 
Մորս չեմ էլ հարցրել, ուզո՞ւմ է մեկնել, թե՞ ոչ։ Ապշել էի, երբ իմացա, որ կան ընտանիքներ, որտեղ այդ հարցը տեւականորեն քննարկվում ու ողբերգական լուծումներ է ստանում։
 
Գալշայի հետ կապված էլ խնդիրներ չառաջացան։ Փող մուծեցինք։ Երկեւ ռուբլի վաթսուն կոպեկ՝ յուրաքանչյուր կիլոգրամի համար։ Գալշային մի փոքր ավելի թանկ էին գնահատել, քան խոզի միսը։ Եվ զգալիորեն ավելի էժան, քան թառափը․․․
 
Հիմա Նյու Յորքում ենք։ Եվ այլեւս չենք բաժանվի։ Առաջ էլ չէինք բաժանվում։ Նույնիսկ երբ ես երկար ժամանակով մեկնում էի․․․