Այդ բանը հիշեցրեց սարքելու մի զվարճալի ժամանց, որին ես նվիրեցի իմ պարապ ժամերի մեծ մասը։ Ես խնդրեցի թագուհու սպասուհուն, որ ինձ համար հավաքի օգոստափառ թագուհու սանրվելուց մնացած մազերը, որից մի փոքր ժամանակ հետո ահագին մազ հավաքվեց։ Ապա խորհրդակցելով իմ բարեկամ պալատական հյուսնի հետ, որ հրաման ուներ ինձ համար մանր իրեր շինելու, իմ ցուցմունքներով պատրաստել տվի երկու բազկաթոռ, իմ արկղիս մեջ ունեցածներիցս ոչ ավելի մեծ և այդ աթոռների այն մասեի շուրջը, որ հատկացված են մեջքի ու նստատեղի համար մախաթով բացել տվի ծակոտիներ։ Այդ ծակոտիների մեջ ես հյուսեցի թագուհու մազերը՝ այն ձևով, ինչպես անգլիական եղեգնյա աթոռներն են շինում։ Վերջացնելուց հետո աթոռները նվիրեցի օգոստափառ թագուհուն, որը դնելով իր առանձնասենյակում, իբրև հազվագյուտ բան, ցույց էր տալիս ամենքին․ և ով տեսնում էր, իսկապես զարմանում էր։ Թագուհին ցանկություն հայտնեց, որ ես նստեմ այդ բազկաթոռներից մեկի վրա, բայց ես կտրականապես մերժեցի կատարելու նրա հրամանը, բողոքելով, թե ես հազար անգամ կուզենայի մեռնել, քան իմ մարմինը տեղավորել այն անգին մազերի վրա, որոնք երբեմն զարդարել են օգոստափառ թագուհու գլուխը։ Բացի այդ նրա մազերից ես շինեցի մի փոքրիկ չքնաղ քսակ (արհեստների մեջ ես միշտ շնորհք եմ ունեցել), որ հինգ ոտնաչափ երկարություն ուներ, վրան ոսկով դրոշմեցի օգոստափառ թագուհու սկզբնատառերն ու թագուհու համաձայնությամբ նվիրեցի Գլյումդալկլիչին։ Ճիշտն ասած, այդ քսակն ավելի շատ ցույց տալու համար էր, քան գործադրելու, որովհետև նրանց դրամների ծանրությունը պահելու համար այս քսակն այնքան ամուր չէր, ուստի դրա մեջ նա դնում էր մանր խաղալիքներ, որոնց աղջիկները շատ սիրահար են։
Թագավորը երաժշտություն շատ էր սիրում․ <ref>Թագավորը երաժշտություն շատ էր սիրում․ ― Մի ակնարկ է այն հովանավորության մասին, որ ցույց է տվել Գեորգ I֊ը Հենդելին, որն անգլիական բարձր հասարակության մեջ մեծ հաջողություն ուներ։ Երաժշտությամբ զբաղվելը Սվիֆտը ծաղրում է նաև «Ճանապարհորդություն դեպի Լապուտա» մասում։</ref> և արքունիքում հաճախ սարքում էին համերգներ, և ինձ ևս երբեմն տանում էին լսելու, սակայն գործիքների աղմուկն այնքան ուժգին էր, որ ես չէի կարողանում ըմբռնել եղանակը։ Հավատաված եմ, որ անգլիական թագավորական բանակի բոլոր թմբկահարներն ու փողահարները, եթե միանգամից թմբակահարեին ու փողահարեին ձեր ականջի տակ, չէին կարող հավասարվել այդ երաժշտությանը։ Սովորաբար համերգի ժամանակ իմ արկղը հեռացնում էի երաժիշտներից, ապա փակում արկղիս դուռն ու պատուհանները և իջեցնում վարագույրները․ դրանից հետո միայն գտնում էի, որ նրանց երաժշտությունն այնքան էլ անհաճո չէ։
Երիտասարդ ժամանակ ես մի փոքր սովորել էի սպինետի վրա նվագել․ դրանից մեկը դրված էր Գլյումդալկլիչի սենյակում, ու շաբաթը երկու անգամ նրան դաս տալու համար ուսուցիչ էր գալիս։ Դրան ես անվանում էի սպինետ, որովհետև շատ նման է այն գործիքին և նվագելու ձևն էլ նույն է։ Մի անգամ մտքովս անցավ այդ գործիքի վրա անգլիական եղանակներ նվագելով զվարճացնել թագավորին ու թագուհուն։ Բայց այդ բանը շատ դժվար հաջողվեց, որովհետև սպինետը վաթսուն ոտնաչափ երկարություն ուներ, իսկ ամեն մի կլավիշը՝ պակասը երկու ոտնաչափ երկարություն, այնպես որ որքան էլ տարածեի իմ բազուկները՝ հինգ կլավիշից ավելի ձեռքս չէր հասնի, իսկ նրանց սեղմելու համար հարկավոր էր բռունցքի սաստիկ հարված, որ մեծ ջանք էր պահանջում ու նպատակին չէր հասցնում։ Իմ հնարած միջոցն այս էր։ Ես երկու հատ կլոր գավազան պատրաստեցի, սովորական ցուպի չափ, դրանց մի ծայրն ավելի հաստ էր, քան մյուսը․ հաստ ծայրերը ես փաթաթեցի մկան կաշիով, որպեսզի զարկելու ժամանակ չվնասեմ կլավիշներն ու չխանգարեմ նվագը։ Սպինետի առաջ, չորս ոտնաչափ ցածր, մի նստարան էր դրած, որի վրա դրին ինձ։ Ես սկսեցի արագ֊արագ այդ նստարանի վրա ետ ու առաջ վազել, ձեռքիս գավազաններով զարկելով հարկավոր կլավիշներին և այդպիսով նվագել մի պարի եղանակ, պատճառելով թագավորին ու թագուհուն խոշոր բավականություն։ Սակայն դա մինչև օրս ունեցած ամենադժվար մարմնամարզություններիցս մեկն էր․ և, չնայած դրան, ես ավելի քան տասնվեց կլավիշի չէի կարողանում զարկել ու հետևապես միանգամից չէի կարողանում նվագել բասի և դիսկանտի կլավիշների վրա, ինչպես անում են ուրիշ արտիստները, որից խիստ վնասվում էր եղանակի ներդաշնակությունը։