Գիշերը վրա հասնելուց հետո, բավական դժվարությամբ ես մտա իմ տունը, ուր պառկեցի գետնի վրա քնելու․ և այդպես շարունակեցի մոտ երկու շաբաթ․ այդ ժամանակամիջոցում կայսրը հրամայել էր, որ ինձ համար մի անկողին պատրաստեն։ Կառքով բերին իմ տունը վեց հարյուր սովորական մեծության ներքնակ․<ref>Վեց հարյուր ներքնակ․ ― Գուլիվերի ներքնակի տարածությունը, որ հավասար է լիլիպուտների 150 ներքնակի տարածությանը, համապատասխանում է սկզբից ևեթ ընդունված հարաբերությանը՝ 12֊ը՝ 1֊ին (12x12=144)։ Եվ Գուլիվերը միանգամայն արդարացի կերպով է գանգատվում իր անկողնու կոշտության համար, որովհետև հարկավոր էր միմյանց վրա փռել ոչ թե չորս, այլ 12 ներքնակ։</ref> դրանցից հարյուր հիսունը կարած էր միմյանց ըստ լայնության ու երկարության և չորս տակ արած, և հարմար էր ինձ համար, բայց իր կոշտությամբ շատ քիչ էր տարբերվում հատակից, որ ամբողջովին ողորկ քարից էր։ Նույն հաշվով պատրաստել էին սավանը, վերմակն ու ծածկոցը, որոնք միանգամայն տանելի էին ինձ պես վաղուց զրկանքների սովոր մի մարդու համար։ Հենց որ իմ գալու լուրը տարածվեց թագավորության մեջ, մեծ քանակությամբ հարուստ, պարապ և հետաքրքիր ժողովուրդ հավաքվեց ինձ տեսնելու համար․ այնպես որ գյուղերը համարյա թե դատարկվեցին, և մեծ թշվառություն կառաջանար գյուղատնտեսական և առտնին գործերի մեջ, եթե նորին կայսերական մեծությունը մի քանի հայտարարություններով ու հրամանով այդ անպատեհության առաջը չառներ։ Նա հրամայեց, որ նրանք, որոնք արդեն տեսել են ինձ, վերադառնան տուն և առանց արքունիքի թույլտվության չհամարձակվեն հիսուն յարդից ավելի մոտենալ իմ տանը, որ պետական պաշտոնյաներին զգալի արդյունք տվեց։
Միևնույն ժամանակ կայսրը հաճախ խորհրդի առաջ հարց էր դնում, թե ի՞նչ ընթացք պիտի բռնեն իմ հանդեպ։ Հետագայում մի մոտիկ բարեկամ, որ մի բարձր դիրքի անձնավորություն էր և ամենից իրազեկը պետական գաղտնիքներին, հավատացրեց ինձ, որ արքունիքն իմ հանդեպ մեծ դժվարությունների մեջ էր գտնվել։ Նրանք վախենում էին, որ կփախչեմ, իսկ մյուս կողմից գտնում էին, որ ինձ կերակրելը շատ թանկ կնստի և կարող է սովի պատճառ դառնալ։ Ոմանք ուզում էին սովամահ անել ինձ, կամ, հակառակ դեպքում, իմ ձեռներին ու երեսին թունավորված նետեր արձակել, որոնք կարող էին ինձ իսկույն ևեթ այն աշխարհն ուղարկել․ սակայն մյուսներն էլ մտածում էին, որ մի այսպիսի ահագին դիակի նեխումից կարող է ժանտախտ առաջանալ մայրաքաղաքում և տարածվել ամբողջ թագավորության մեջ։ Այդ խորհրդակցությունների կեսին բարձրագույն խորհրդարանի դռանը մոտեցան մի քանի զինվորականներ, նրանցից երկուսը ներս ընդունվելով զեկուցեցին իմ վարմունքի մասին՝ հանդեպ վերոհիշյալ վեց ոճրագործների, և դա մի այնպիսի նպաստավոր տպավորություն թողեց նորին մեծության և ամբողջ ժողովի վրա, որ անմիջապես կայսերական հրովարտակով պարտավորեցրին մայրաքաղաքից ինը հարյուր յարդ հեռավորության վրա գտնվող բոլոր գյուղերին, ամեն առավոտ բերելու վեց եզ, քառասուն ոչխար և այլ ուտելիք ինձ կերակրելու համար, հացի, գինու և այլ խմիչքի համապատասխան քանակության հետ միասին, սահմանված սակով և ի հաշիվ նորին մեծության սեփական գանձարանից հատկացրած միջոցների։ Պետք է նկատել, որ այդ միապետն ապրում է գլխավորապես իր սեփական կալվածքների արդյունքով, երբեմն միայն, ամենաանհրաժեշտ դեպքերում, դիմելով իր հպատակների աջակցությանը, որոնք սակայն պարտավոր են իրենց սեփական ծախքով պաշտպանել նրան պատերազմի ժամանակ։ Բացի այդ, ինձ ծառայություն մատուցելու համար նշանակեցին վեց հարյուր մարդ, որոնք ունեին օրապահիկ և իմ դռան երկու կողքին պատշաճ վրաններ։ Նաև հրամայված էր, որ երեք հարյուր դերձակ ինձ համար իրենց տարազով մի ձեռք հագուստ կարեն և նորին մեծության ամենախոշոր գիտնականներից վեց հոգի սովորեցնեն ինձ իրենց լեզուն, և վերջապես հրամայված էր, որ կայսեր ազնվականության ու թիկնապահ զորքի ձիերը մարզանքներ պիտի կատարեն իմ ներկայությամբ, որպեսզի ձիերը վարժվեն ինձ։ Այդ բոլոր հրամանները կանոնավոր կերպով ի կատար էին ածվում, և ես երեք շաբաթում մեծ առաջադիմություն արի լիլիպուտային լեզվի ուսումնասիրության մեջ։ Այդ ժամանակամիջոցում կայսրը հաճախ պատվում էր ինձ իր այցելությամբ և բարեհաճում ներկա գտնվել իմ դասերին։ Մենք արդեն սկսում էինք խոսել միմյանց հետ, և առաջին խոսքը, որ ես սովորեցի արտահայտելու համար իմ ցանկությունը, դա այն էր, որ նա բարեհաճի ինձ տալ իմ ազատությունը, և դա ես կրկնում էի ամեն օր ծնկաչոք։ Նրա պատասխանը, որքան ես կարողացա ըմբռնել, այն էր, թե դա ժամանակի խնդիր է, և չի կարելի շնորհել ինձ ազատություն առանց պետական խորհրդի, որ ես պետք է լումուս կելմին պեսսո դեսմար լոն էմպոզո, այսինքն՝ երդվեմ, որ նրա ու նրա թագավորության հետ խաղաղություն պիտի պահպանեմ։ Համենայն դեպս ինձ հետ կվարվեն ազնիվ և նա խորհուրդ էր տալիս, որ ես իմ համբերությամբ և խոհեմ վարմունքով աշխատեմ ստեղծել նրա և նրա հպատակների մեջ իմ մասին լավ կարծիք։ Նա ցանկանում էր, որ ես վիրավորական չհամարեմ, եթե նա հրամայի իր հատուկ պաշտոնյաներին խուզարկելու ինձ, որովհետև, հավանաբար, մոտս կարող է լինել զենք, որ շատ վտանգավոր պետք է լինի, եթե նա համապատասխանում է մի այսպիսի վիթխարի մարդու զանգվածին։ Ես ասացի, որ նորին մեծությունն անհոգ մնա, որովհետև ես պատրաաստ եմ մերկանալ և շուռ տալ նրա առաջ իմ գրպանները։ Այդ ամենը ես հաղորդեցի մասամբ խոսքերով, մասամբ նշաններով․ նա պատասխանեց, թե ըստ թագավորական օրենքների ինձ պիտի խուզարկեն նրա պաշտոնյաներից երկուսը․ գիտե, որ դա չի կարելի անել առանց իմ համաձայնության ու աջակցության, որ նա այնքան բարձր կարծիքի է իմ վեհանձնության և արդարամտության մասին, որ վստահում է իր պաշտոնյաներին իմ ձեռքը տալու․ իսկ ինչ որ նրանք վերցնեն ինձնից, նորից կվերադարձնեն ինձ, երբ ես հեռանամ այս երկրից, կամ թե չէ փոխարժեքը կվճարեն, ինչ գին էլ որ ես նշանակելու լինեմ։ Ես վերցրի երկու պաշտոնյաներին և նախ դրի վերարկուիս գրպանի մեջ, ապա մյուս գրպանների մեջ, բացի իմ ժամացույցի երկու գրպանից ու մի այլ գաղտնի գրպանից, որ ես չէի ուզի, որ նրանք խուզարկեն, որովհետև մեջն ունեի մի քանի անհրաժեշտ բաներ, որ ուրիշ ոչ ոքի համար պետքական չէին։ Փոքրիկ գրպաններիցս մեկում կար մի արծաթե ժամացույց, իսկ մյուսում՝ քսակի մեջ մի քանի ոսկի։ Այդ պարոններն ունենալով թանաք, գրիչ և թուղթ՝ կազմեցին իրենց տեսած իրերի մանրամասն ցուցակը։<ref>Ցուցակը․ ― ծաղր է գաղտնի կոմիտեի արաքների վրա, այն կոմիտեի, որ հիմնել էր Ուոլպոլը (վիգերի մինիստրությունների պետը Գեորգ i֊ի ժամանակ) հակոբականների (այսինքն՝ արտաքսված Հակոբ ii Ստյուարտի որդուն գահ բարձրացնելու կողմնակիցների) ինտրիգներն ու դավադրությունները քննելու համար։ Խուզարկության նկարագրությունը Սվիֆտն արել է վարպետորեն։</ref> Եվ երբ այդ ամենը նրանք վերջացրին, խնդրեցին, որ իրենց ցած իջեցնեմ, որպեսզի կարողանան ներկայանալ կայսրին։ Այդ ցուցակը ես հետագայում թարգանեցի թարգմանեցի անգլերենի, որ բառ առ բառ հետևյալն է․
Նախ և առաջ, Հսկա Լեռ֊Մարդու (այդպես եմ թարգմանում Քուիբուս Ֆլեստրին բառերը) վերարկուի աջ գրպանում, մանրազնին խուզարկությունից հետո, մենք գտանք միայն կոշտ կտավի մի մեծ կտոր, որ կարող է ձերդ մեծության գլխավոր շքասենյակում գորգի տեղ ծառայել։ Ձախ գրպանում մենք տեսանք մի վիթխարի արծաթե արկղ, նույն մետաղից շինած կափարիչով, որ մենք՝ խուզարկուներս չկարողացանք բարձրացնել։ Մենք պահանջեցինք բաց անել արկղը և մեզանից մեկը մտավ ներս ու մինչև ծունկը խրվեց մի տեսակ փոշու մեջ, որի մի մասը մեր երեսին դիպչելով՝ ստիպեց մեզ երկուսիս իրար վրա մի քանի անգամ փռշտալ։ Բաճկոնի աջ գրպանում մենք գտանք մի ահագին հակ, մոտ երեք մարդու հաստությամբ, մեջը սպիտակ բարակ նյութեր, մեկը մյուսի վրա դարսած, ամուր թոկերով միմյանց կապած և սև նշաններով նախշած, որոնք, մեր համեստ ենթադրությամբ, գրություններ են և որոնց ամեն մի տառը համարյա թե մեր ձեռքի ափի կեսի չափ է։ Ձախ գրպանում կար մի տեսակ գործիք, որի կողքին տնկած է քսան հատ ձող, ձերդ մեծության պալատի դիմացի ցանկապատը հիշեցնող․ դրանով, մեր ենթադրությամբ, Լեռ֊Մարդը սանրում է իր գլուխը, մենք նրան միշտ չէինք նեղում մեր հարցերով, որովհետև մենք գտնում էինք, որ շատ դժվար է նրան մի բան հասկացնել։ Նրա միջին ծածկոցի (այդպես եմ թարգմանում րանֆուլո բառը, որով նրանք ուզում էին ասել ― անդրավարտիք) աջ կողմի մեծ գրպանում մենք տեսանք մի մարդահասակ, խոռոչավոր երկաթե գերան, կպցրած մի կտոր ամուր տախտակից, որ ավելի մեծ է, քան գերանը, գերանի կողքին կար դուրս ցցված մի մեծ կտոր երկաթ, տարօրինակ ձևով տաշած, որ մենք չիմացանք, թե ինչ բան է։ Ձախ գրպանում էլ կար դրա նման մի ուրիշ գործիք։ Աջ կողմի փոքրիկ գրպանում կար սպիտակ և կարմիր գույնի մետաղի մի քանի կլոր և տափակ կտոր, տարբեր մեծության․ սպիտակներից մի քանիսը, որ կարծես թե արծաթ լինեին, այնքան մեծ էին ու ծանր, որ իմ ընկերն ու ես հազիվ կարողացանք բարձրացնել։ Ձախ գրպանում կար երկու հատ անկանոն ձևի սյուն․ մեր ձեռը չկարողացավ այնքան էլ հեշտ կերպով հասնել նրանց ծայրին, քանի որ կանգնած էինք գրպանի հատակում։ Սյուներից մեկը կարծես թե ամբողջովին ձուլված էր, իսկ մյուսի վերին ծայրին կար սպիտակ գույնի մի կլոր մարմին, որ մեր գլխից մոտ երկու անգամ ավելի մեծ էր։ Նրանցից ամեն մեկի մեջ կար պողպատի մի ահագին շերտ․ ենթադրելով, որ դա կարող է վտանգավոր զենք լինել, մեն՝ք հրամայելով ստիպեցինք նրան, որ մեզ ցույց տա։ Հանելով պատյաններից, նա բացատրեց մեզ, որ իրենց երկրում դրանցից մեկը գործ են ածում երես սափրելու, իսկ մյուսը՝ միս կտրատելու համար։ Բացի այդ ուրիշ երկու գրպան էլ կար, ուր մենք չկարողացանք մտնել, այդ գրպանները նա անվանում էր ժամացույցի գրպաններ․ դրանք նրա միջին ծածկոցի վերին մասում շինած և նրա փորի ճնշումից խիստ սեղմված երկու նեղ ճեղքեր էին։ Աջ գրպանից կախված էր արծաթե մի մեծ շղթա, իսկ հատակին կար մի զարմանալի մեքենա։ Մենք պահանջեցինք, որ այդ շղթայի ծայրին կպցրած բանը հանի, որ նման էր մի գնդի, որի կեսը արծաթ էր, իսկ մյուս կեսը՝ թափանցիկ մետաղի պես մի բան։ Թափանցիկ կողմի վրա մենք տեսանք տարօրինակ նշաններ՝ շրջանաձև դասավորված, և ուզեցինք ձեռք տալ և տեսանք, որ մեր մատները կանգ առան այդ պսպղուն իրի վրա։ Լեռ֊Մարդը մեր ականջին մոտեցրեց այդ մեքենան, որը ջրաղացի պես անընդհատ աղմուկ էր հանում։ Մենք ենթադրում ենք, որ դա կամ մի անծանոթ կենդանի է, կամ մի աստված, որին նա պաշտում է, բայց մենք հակամետ ենք վերջինին, որովհետև նա մեզ հավատացրեց (եթե նրան ճիշտ հասկացանք, որովհետև նա շատ թերի էր արտահայտվում), որ նա հազիվ է մի որևէ բան անում, առանց նրա խորհրդի։ Նա այդ առարկան համարում էր իր պատգամախոսը, և ասում է, որ ցույց է տալիս իր կյանքի ամեն մի քայլափոխի ժամանակը։ Ձախ գրպանից նա հանեց մի ցանց, որ գրեթե ուռկանի մեծություն ունի և կարելի է փոքր քսակի նման բաց անել և փակել, և ծառայում է նրան նույն նպատակի համար։ Այդ ցանցի մեջ մենք գտանք մի քանի հատ դեղին մետաղի ձույլ կտոր, որոնք, եթե իսկական ոսկուց են, ապա պիտի հսկայական արժեք ունենան։
Այս ամենից հետո, հնազանդ ձերդ մեծության հրամանին, ուշի ուշով խուզարկելով նրա բոլոր գրպանները, մենք նրա մեջքին նկատեցինք մի գոտի, որ շինած էր մի ինչ֊որ վիթխարի կենդանու կաշուց և որից, ձախ կողքին, կախված էր մի թուր՝ հինգ մարդու երկարությամբ․ աջ կողքին կախված էր մի տոպրակ կամ պայուսակ, երկու խորշի բաժանված, իսկ ամեն մի խորշի մեջ կարող են ձերդ մեծության հպատակներից երեք հոգի տեղավորվել։ Այդ խորշերից մեկի մեջ կային բազմաթիվ ծանրակշիռ մետաղյա գնդեր, գրեթե մեր գլխի չափ և բարձրացնելու համար մեծ ուժ պահանջող․ մյուս խորշն իր մեջ պարունակում էր մի տեսակ սև հատիկներ, բայց ոչ այնքան մեծ ու ծանր, որովհետև մենք կարողացանք դրանցից մոտ հիսուն հատ տեղավորել մեր բռի մեջ։
Այս է ճիշտ ցուցակը այն ամենի, ինչ որ մենք գտանք Լեռ֊Մարդու մարմնի վրա, որը խուզարկության ժամանակ մեզ հետ վերաբերվեց շատ քաղաքավարի և ձերդ մեծության հրամանատարների հետ հարգանքով վարվեց։ Ստորագրված և կնքված է ձերդ մեծության բարեբախտ թագավորության ութսուննիներորդ ութսունիներորդ լուսնի չորրորդ օրը։
:::Կրեֆլին Ֆրելոկ,
:::Մարսի Ֆրելոկ։
Երբ այս ցուցակը կարդացին կայսրին, նա ինձ կարգադրեց, թեև շատ փափկանկատ ձևով, որ ես նրան տամ ցուցակի մեջ հիշված առարկաներից մի քանիսը։ Սկզբում նա պահանջեց իմ թուրը, որ ես հանեցի տվի իրեն պատյանի հետ միասին։ Միևնույն ժամանակ նա կարգադրել էր երեք հարյուր հոգուց բաղկացած իր ամենաընտիր զորքին (որ պահպանում էր նրան) շրջապատել ինձ որոշ հեռավորության վրա, նետ ու աղեղներն արձակելու պատրաստ․ սակայն ես այդ չնկատեցի, որովհետև աչքերս հառել էի նորին մեծության վրա։ Ապա նա ցանկացավ, որ մերկացնեմ թուրս, որը թեև ծովի ջրից տեղ֊տեղ ժանգոտել էր, բայց էլի սաստիկ փայլում էր։ Ես այդպես էլ արի, և ամբողջ զորքն իսկույն սարսափից ու զարմանքից ճչաց, որովհետև արևը պայծառ շողում էր և արևի ցոլքը շլացրեց նրանց աչքերը, երբ ես ձեռքիս մեջ պտտեցնում էի թուրը։ Նորին կայսերական մեծությունը, որն ամենաքաջարի միապետն է, ավելի քիչ վախեցավ, քան ես կարող էի սպասել։ Նա հրամայեց ինձ սուրը նորից պատյանը կոխել և որքան կարելի է զգուշությամբ գետնին դնել, իմ շղթայից մոտավորապես վեց ոտնաչափ հեռավորության վրա։ Հետևայլ Հետևյալ բանը, որ նա պանանջեցպահանջեց, այդ խոռոչավոր երկաթե գերաններից մեկն էր, այսինքն՝ իմ գրպանի ատրճանակներից մեկը։ Ես հանեցի ատրճանակը և նրա խնդիրքի համաձայն, այնպես, ինչպես կարող էի, բացատրեցի նրա գործածության եղանակը, և լցնելով լոկ վառոդ, որ չէր թրջվել ծովում իմ հերմետիկ փակված վառոդամանի մեջ (բոլոր կանխատես ծովագնացներն այդ տեսակետից նախազգուշության հատուկ միջոցներ են ձեռք առնում), ես նախորոք նախօրոք զգուշացրի կայսրին, որ չվախենա, և կրակեցի օդի մեջ։ Սարսափն այս անգամ ավելի մեծ էր, քան իմ թուրը տեսած ժամանակ։ Հարյուրավոր մարդիկ ուշաթափ եղան, և անգամ կայսրը, որ թեև ոտքի վրա մնաց, սակայն մի առ ժամանակ չկարողացավ ուշքի գալ։ Ես հանձնեցի իմ զույգ ատրճանակները, ապա տվի վառոդի և գնդակների պարկերը, խնդրեցի նորին մեծությանը, որ վառոդը հեռու պահեն կրակից, որովհետև նա կարող է չնչին կայծից բոցավառվել և օդ ցնդեցնել կայսերական պալատը։ Նույնպես հանձնեցի իմ ժամացույցը, որը տեսնելու համար կայսրը շատ հետաքրքրվեց և հրամայեց իր պահակազորի երկու պարթև զինվորներին, ձողին անցկացրած տանեն ուսերի վրա այնպես, ինչպես Անգլիայում բեռնակիրները տակառով էլ են տանում։ Նրան զարմացրեց ժամացույցի անընդհատ աղմուկն ու սլաքի շարժումը, որ նա հեշտությամբ նշմարեց, որովհետև լիլիպուտների տեսողությունը ավելի սուր է, քան մերը։ Հետո նա իր գիտնականների կարծիքը հարցրեց այդ մասին, սակայն ընթերցողն առանց իմ ասելու էլ կգուշակի, որ նրանց կարծիքը շատ անորոշ ու թերի էր, հեռու՛ ճշմարտությունից, թեև ես, ի միջի այլոց, չկարողացա նրանց լիովին հասկանալ։ Հետո ես հանեցի իմ արծաթե և պղնձե դրամները, իմ փողի քսակը՝ ինը հատ խոշոր և մի քանի հատ մանր ոսկե դրամներով, իմ դանակն ու ածելին, իմ սանրն ու քթախոտի արծաթե տուփը, իմ թաշկինակն ու ծոցի տետրակը։ Իմ թուրը, ատրճանակն ու վառոդամանը սայլերի վրա ուղարկվեցին նորին մեծության զինապահեստը, իսկ մնացած իրերը վերադարձրին ինձ։
Ես ունեի, ինչպես մի փոքր առաջ ասի, մի գաղտնի գրպան, որ զերծ մնաց խուզարկությունից, ուր կար մի ակնոց (որ կարճատեսության պատճառով երբեմն գործ եմ ածում), մի գրպանի հեռադիտակ և մի քանի այլ մանրուքներ, որոնք չէին կարող ունենալ ոչ մի արժեք կայսեր համար։ Ուստի պարտք չհամարեցի հայտնել դրանց մասին, մանավանդ որ վախեցա, թե չլինի կորչեն կամ փչանան, եթե ընկնեն ուրիշի ձեռքը։