Երգում էին բլբուլները՝ գորշ զգեստ հագած և լուսեղեն աչուկներով երգում էին իրենց դյութական սիրո կրակով կրակված,— ու երգում էին Սաադիի սրտի մեջ։
Քնքուշ հովը վարդերի ականջներին կուսական շնչով բարևագրեր էր շշնջում, որ բերել էր հեռավոր սիրահար վարդերից,– — և կարդում էր Սաադիի հոգին սիրո բարևագրերը…
«Սիրող սիրտը լսում է միշտ այն բոլոր խոսքերը, որ մրմնջում են իրերը։ Աշխարհը լի է հնչուն դաշնակություններով։ Աշխարհը թրթռում է անվախճան և սիրավառ արբեցումով»,— հիշեց Սաադին իր հին խոսքերը։