― Դյուրավառ ջուր, ― հայտարարեց նա խռպոտ ձայնով։ ― Խարույկները կպցնելու և զանազան զվարճալի օյինբազությունների համար։ Եվ դա ի՞նչ ջուր է, եթե կարելի է խմել։ Եթե գարեջրի հետ խառնենք՝ գարեջուրն անգին բան կդառնա։ Չեմ տա։ Ե՛ս ինքս կխմեմ․․․ Ու խմում եմ։ Ցերեկը խմում եմ։ Գիշերը խմում եմ։ Լրիվ ուռել եմ։ Անընդհատ ընկնում եմ։ Քիչ առաջ, չես հավատա, դոն Ռումատա, մոտեցա հայելուն ու․․․ վախեցա։ Նայում եմ, տե՜ր աստված, ո՞ւր է հայր Կաբանին։ Իսկը ծովային գազան՝ ութոտնուկ, հարյուր գույն եմ առնում։ Մեկ կարմրում եմ։ Մեկ՝ կապտում։ Ջուր եմ հորինել, այսպես ասած, օյինբազությունների համար․․․ ― Հայր Կաբանին թքեց հատակին ու ոտքով տրորեց։ Հետո հանկարծ հարցրեց․ ― Այսօր ի՞նչ օր է։
― Դահիճ բարեպաշտի Բարեպաշտի նախօրյակը, ― ասաց Ռումատան։
― Իսկ ինչո՞ւ արև չկա։