Դուրս թռչելով դահլիճից՝ Ռումատան մտավ մի վարագույրի տակ ու սկսեց ծիծաղել։ Հարևան վարագույրի հետևում նույնպես ծիծաղում էին շնչահեղձ լինելով ու վնգվնգալով։
==Գլուխ վեցերորդ==
Արքայազնի ննջարանի մոտ հերթապահությունը սկսվելու էր կես գիշերիին, և Ռումատան որոշեց տուն գնալ, որ տեսնի, արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, և զգեստը փոխի։ Իրիկնային քաղաքը զարմացրեց նրան։ Փողոցները ընկղմված էին մեռելային լռության մեջ, պանդոկները փակ էին։ Բոլոր խաչմերուկներում խումբ֊խումբ կանգնած էին ջահերով գրոհայիններն ու զնգզնգացնում էին զրահները։ Նրանք լուռ էին և ասես ինչ֊որ բանի էին սպասում։ Մի քանի անգամ մոտեցան Ռումատյին, մոտիկից նայեցին և, ճանաչելով, դարձյալ լուռ ճանապարհ տվեցին։ Երբ մինչև տուն հասնելը մնացել էր հիսուն քայլ, մի խումբ կասկածելի անձինք կպան նրա հետևից։ Ռումատան կանգ առավ, թրերը իրար զարկեց, ու այդ մարդիկ հետ մնացին, բայց հենց նույն այդ պահին էլ մթության մեջ ճռճռաց ձգվող աղեղնազենը։ Ռումատան արագացրեց քայլերը ու սեղմվելով պատերին, գտավ իր դուռը, բանալին մտցրեց կողպեքի մեջ, անընդհատ զգալով իր անպաշտպան մեջքը, և թեթևացած շունք քաշեց, երբ հայտնվեց նախասենյակում։
Այնտեղ հավաքված էին բոլոր ծառաները և բոլորն էլ զինված էին՝ ով ինչպես կարողացել էր։ Պարզվեց, որ մի քանի անգամ արդեն փորձել էին դուռը բացել։ Դա դուր չեկավ Ռումատային։ Գուցե չգնա՞մ, մտածեց նա։ Գրողի ծոցը թող կորչի այդ արքայազնը․․․
― Որտե՞ղ է բարոն Պամպան, ― հարցրեց նա։
Չափազանց բորբոքված Ունոն, աղեղնազենը ուսին գցած պատասխանեց, որ բարոնը արթնացավ դեռ կեսօրին, խմեց տանը եղած ամբողջ թթվաջուրը ու նորից գնաց զվարճանալու։ Հետո, ձայնը ցածրացնելով, հայտնեց, որ Կիրան շատ է անհանգստանում և մի քանի անգամ հարցրել է տիրոջ մասին։
― Լավ, ― ասաց Ռումատան և ծառաներին հրամայեց զգոն լինել։
Ծառաները, չհաշված խոհարարուհուն, վեց հոգի էին, վեցն էլ շատ բան տեսած ու փողոցային ծեծկռտուքներին սովոր։ Նրանք, իհարկե, գորշերի հետ գլուխ չեն դնի, կվախենան ամենազոր մինիստրի զայրույթից, բայց գիշերային բանակի քրջոտներին պատասխան կտան, մանավանդ որ ավազակներն այս գիշեր հեշտ ավար կփնտրեն։ Երկու աղեղնազեն, չորս տապար, մսագործի ծանր դանակներ, սաղավարտներ։ Դռներն ամուր են, երկաթապատ․․․ Իսկ գուցե, այնուամենայնիվ, չգնա՞ հերթապահության։
Ռումատան բարձրացավ վերև ու ոտնաթաթերի վրա մտավ Կիրայի սենյակը։ Կիրան քնել էր շորերով, չբացված անկողնու վրա կուչ եկած։ Ռումատան ճրագը ձեռքին կանգնեց նրա գլխավերևում։ Գնա՞, թե չգնա։ Բոլորովին չի ուզում գնալ։ Նա աղջկա վրա ծածկոց գցեց, համբուրեց այտն ու հետ եկավ իր աշխատասենյակը։ Ինչ էլ որ տեղի ունենա,հետախույզը պարտավոր է լինել իրադարձությունների կենտրոնում։ Դրանից պատմաբանն էլ կշահի։ Նա դառը ծիծաղեց, գլխից հանեց ապարոշը, փափուկ շորով խնամքով մաքրեց օբյեկտիվն ու նորից դրեց գլխին։ Հետո կանչեց Ունոյին և պատվիրեց բերել զինվորական զգեստն ու փայլեցրած պղնձե սաղավարտը։ Բաճկոնի տակից, հենց մայկայի վրա, հագավ մետաղապլստե շապիկը, որը կարված էր օղազրահի ձևով (այստեղի օղաձրահները վատ չէին պաշտպանում թրից ու դաշույնից, սակայն աղեղնազենից արձակված նետը տեղնուտեղը խոցում էր)։ Պինդ ձգելով մետաղե զարդերով համազգեստային գոտին, Ունոյին ասաց․
― Լսիր ինձ ճստիկ։ Ես բոլորից շատ քեզ եմ վստահում։ Ինչ էլ որ այստեղ պատահի, Կիրան պետք է կենդանի ու անվնաս մնա։ Թող տունը վառվի, թող բոլոր փողերը թալանեն, բայց Կիրային պիտի պաշտպանես։ Նրան այստեղից տար տանիքներով, նկուղներով, ինչպես կուզես, բայց ողջ֊առողջ լինի։ Հասկացա՞ր։
― Հասկացա։ Բայց լավ կլինի հիմա չգնաք․․․
― Շատ կուզեի։ Բայց չեմ կարող, ծառայություն է․․․ Դե, պինդ մնա։
Նա թեթևակի շրխկացրեց տղայի քթին և ժպտաց ի պատասխան նրա վհատ ժպիտի։ Ներքևում կարճ ու խրախուսիչ ճառ ասաց ծառաներին, դուրս եկավ դռնից և նորից հայտնվեց մթության մեջ։ Նրա հետևում զրնգացին դռան կողպեքները։
Արքայազնի ննջասենյակները միշտ էլ վատ են պահպանվել։ Գուցե դա է պատճառը, որ ոչ ոք և երբեք մահափորձ չի կատարել արկանարյան արքայազների դեմ։ Ու առավել ևս չէին հետաքրքրվում այժմյան արքայազնով։ Աշխարհում ոչ ոքի պետք չէր այդ հյուծված, կապտաչյա տղան, որը ում ասես նման էր, բայց ո՛չ հորը։ Տղան դուր էր գալիս Ռումատային։ Նրա դաստիարակությամբ շատ վատ էին զբաղվում, այդ պատճառով էլ նա հասկացող էր, դաժան չէր, տանել չէր կարող (ըստ երևույթին բնազդորեն) դոն Ռեբային, սիրում էր բարձրաձայն երգել Ցուրենի բառերով գրված տարբեր երգեր և «նավակներով» խաղալ։ Ռումատան նրա համար նկարազարդ գրքեր էր բերել տալիս մայր երկրից, պատմում էր աստղազարդ երկնքի մասին ու մի անգամ ընդմիշտ նվաճեց տղայի սերը, երբ պատմեց թռչող նավերի մասին։ Ռումատայի համար, որը շատ հազվադեպ էր շփվում երեխաների հետ, տասնամյա արքայազնը այս վայրենի ու բիրտ երկրի բոլոր խավերի հակապատկերն էր։ Հենց այսպիսի սովորական, կապտաչյա տղաները (որոնք նույն էին բոլոր խավերում) հետագայում դառնում էին գազանության մարմնավորողները, իսկ չէ որ նրանց՝ երեխաների մեջ, այդ գարշանքի ոչ հետքերը կային, ոչ էլ նախադրայլները։ Եվ Ռումատան երբեմն մտածում էր, թե ինչ լավ կլիներ, եթե մոլորակից անհետանային տասը տարեկանից մեծ բոլոր մարդիկ։
Արքայազնը արդեն քնած էր։ Ռումատան ընդունեց հերթապահությունը, պահակակետը հանձնող գվարդիականի հետ կանգնեց քնած տղայի մահճի մոտ, մերկ սրերով կատարելով պահանջվող բարդ շարժումները, սովորության համաձայն ստուգեց՝ փա՞կ են արդյոք բոլոր պատուհանները, տեղո՞ւմ են արդյոք բոլոր դարակները, բոլո՞ր սենյակներում են վառվում աշտանակները, ապա վերադարձավ նախասենյակ, հերթապահությունը հանձնած գվարդիականի հետ վեգ խաղաց ու հետաքրքրվեց, թե ազնվազարմ դոնը ի՞նչ կարծիքի է քաղաքում տեղի ունեցող անցուդարձի մասին։ Ազնվազարմ դոնը, որ մեծ խելքի մարդ էր, խորասուզվեց մտքերի մեջ և հայտնեց այն կարծիքը, որ ռամիկ ժողովուրդը պատրաստվում է սուրբ Միկայի օրը տոնելուն։
Մնալով մենակ, Ռումատան բազկաթոռը մոտեցրեց պատուհանին, հարմար նստեց ու սկսեց նայել քաղաքին։ Արքայազնի տունը բլրի վրա էր, ու ցերեկը քաղաքն այստեղից երևում էր մինչև ծով, բայց հիմա ամեն ինչ ընկղմված էր խավարի մեջ, միայն այսուայնտեղ կրակներ էին երևում։ Դրանք խաչմերուկներում կանգնած ջահակիր գրոհայիններն էին, որոնք սպասում էին ազդանշանի։ Քաղաքը քնած էր, կամ քնած էր ձևանում։ Հետաքրքիր է, բնակիչներն զգո՞ւմ էին, որ այս գիշեր սոսկալի բան է կատարվելու։ Թե՞ մեծ խելքի տեր ազնվազարմ դոնի պես մտածում էին, որ ոմանք պատրաստվում են սուրբ Միկայի օրվա տոնակատարությանը։ Երկու հարյուր հազար տղամարդ ու կին։ Երկու հարյուր հազար դարբին, զինագործ, ոսկերիչ, տնային տնտեսուհի, պոռնիկ, վանական, չարչի, զինվոր, թափառաշրջիկ, ողջ մնացած ուսյալներ հիմա անհանգիստ շուռումուռ էին գալիս իրենց գաղջ, փայտոջիլի հոտով ներծծված անկողիններում, նրանք քնած են հիմա, սիրում են իրար, մտքում հաշվում են օրվա օգուտները, լաց են լինում, ատամները կրճտացնում վիրավորանքից կամ կատաղությունից․․․ Երկու հարյուր հազար մարդ։ Երկրից այստեղ եկածի համար նրանք բոլորն էլ մի ինչ֊որ ընդհանուր բան ունեին։ Երևի այն, որ բոլորը, առանց բացառության, դեռևս մարդիկ չէին այս բառի ժամանակակից իմաստով, այլ մարդու պատրաստուկ էին, կաղապար, որոնցից իսկական հպարտ ու ազատ մարդ կստեղծեն միայն պատմության արյունահեղ դարերը։ Նրանք պասիվ էին, ագահ ու անհավատալի, աներևակայելի եսասեր։ Հոգեբանական տեսակետից գրեթե բոլորն էլ ստրուկ էին՝ հավատի՛ ստրուկ, իրենց նմանների ստրուկ, կրքերի՛ ստրուկ, փառասիրությա՛ն ստրուկ։ Եվ եթե ճակատագրի կամոք նրանցից մեկնումեկը ծնվում էր կամ դառնում էր պարոն, տեր, նա չգիտեր ի՛նչ անի իր ազատությունը։ Ու շտապում էր նորից ստրուկ դառնալ՝ հարստությա՛ն ստրուկ, հակաբնական շռայլության ստրուկ, իր ստրուկների՛ ստրուկ։ Նրանք չափից դուրս պասիվ էին ու չափից դուրս ստրուկ։ Նրանց սրտրկությունը հիմնվում էր նրանց պասիվության և տգիտության վրա, իսկ պասիվությունը ու տգիտությունը կրկին ու կրկին ծնում էի ստրկություն։ Եթե նրանք բոլորը իրար նման լինեին, ապա ձեռքներս կթուլանային ու ոչ մի հույս չէր մնա։ Բայց և այնպես նրանք մարդ էին, բանականության կայծը կրողներ։ Եվ մշտապես, այս ու այնտեղ նրանց մեջ առկայծում և բռնկվում էին աներևակալիորեն հեռավոր ու անխուսափելի ապագայի կրակները։ Առկայծում էին՝ ի հեճուկս ամեն ինչի։ Ի հեճուկս նրանց թվացյալ ոչնչության։ Ի հեճուկս ճնշման։ Ի հեճուկս այն բանի, որ նրանք ոչ ոքի պետք չէին աշխարհում և աշխարհում բոլորը նրանց դեմ էին։ Ի հեճուկս այն բանի, որ ամենալավագույն դեպքում նրանք կարող էին արժանանալ արհամարհալից ու տարակուսելի խղճահարության։
Նրանք չգիտեին, որ ապագան իրենցն է, որ ապագան հնարավոր չէ առանց իրենց։ Նրանք չգիտեին, որ անցյալի ահազդու ուրվականների այս աշխարհում իրենք են միակ իրողությունը ապագայի, որ իրենք հասարակության օրգանիզմի ֆերմենտն են ու վիտամինը։ Ոչնչացրեք այդ վիտամինը, և հասարակությունը կփտի, կսկսվի սոցիալական ցինգա, կթուլանան մկանունքը, աչքերը կկորցնեն սրատեսությունը, ատամները կթափվեն։ Ոչ մի պետություն չի կարող զարգանալ առանց գիտության, հարևանները կոչնչացնեն նրան։ Առանց արվեստի ու կուլտուրայի պետությունը կորցնում է ինքնաքննադատելու ունակությունը, սկսում է խրախուսել սխալ տենդենցներ, սկսում է ամեն վայրկայն ծնել շողոքորթներ ու հարմարվողներ, քաղաքցիների մեջ զարգանում է ընչաքաղցություն և ինքնահավանություն և ի վերջո նորից կուլ է գնում ավելի խելամիտ հարևաններին։ Ինչքան ասես կարելի է հալածել ուսյալներին, արգելել գիտությունները, ոչնչացնել արվեստները, բայց վաղ թե ուշ ստիպված են լինելու խելքի գալ և, ատամները կրճտացնելով, ճանապարհ բացել այն ամենի համար, ինչը ատելի է եղել իշխանատենչ բթամիտներին ու տգետներին։ Եվ որքան էլ որ ատեն գիտելիքները իշխանության գլուխ կանգնած այդ գորշ մարդիկ, նրանք ոչնչով չեն կարող կասեցնել պատմության առաջնթացը։ Նրանք կարող են ընդամենը արգելակել այն, բայց ոչ կանգնեցնել։ Արհամարհելով և սարսափելով գիտելիքներից, նրանք, այնուամենայնիվ, անխուսափելիորեն հանգում են այդ գիտելիքների խրախուսմանը, որպեսզի մնան իշխանության գլուխ։ Վաղ թե ուշ ստիպված են լինում բացել համալսարաններ, գիտական ընկերություններ, ստեղծել գիտահետազոտական կենտրոններ, աստղադիտարաններ, լաբորատորիաներ, ստեղծել մտքի ու գիտելիքների տեր մարդկանց կադրեր, իրենց կողմից արդեն չհսկվող, այլ հոգեբանությամբ, այլ պահանջմունքներով մարդկանց, իսկ այդ մարդիկ չեն կարող գույություն ունենալ և մանավանդ գործել ստոր շահամոլության, ընչասիրության, խոհանոցային հետաքրքրությունների, բութ ինքնագոհության ու մարմնական պահանջների նախկին գաղջ մթնոլորտում։ Նրանց նոր մթնոլորտ է հարկավոր, համընդհանուր և համապարփակ իմացության մթնոլորտ, որը հագեցած լինի ստեղծագործական լարվածությամբ, նրանց հարկավոր են գրողներ, նկարիչներ, կոմպոզիտորներ, և իշխանության գլուխ կանգնածները պարտավոր են այստեղ ևս զիջել նրանց։ Նա, ով կհամառի, կվերացվի իշխանություն տենչացող ավելի խորամանկ ախոյանների կողմից, բայց նա, ով զիջում է՝ անխուսափելիորեն և զարմանալիորեն, իր կամքին հակառակ փորում է իր իսկ գերեզմանը։ Քանզի տգետ եսասերների ու մոլեռանդների համար մահացու է կուլտուրայի ուժն իր ողջ ընդգրկումով՝ բնագիտական հետազոտություններից մինչև երաժշտությամբ հիանալ կարողանալը․․․ Իսկ հետո սկսվում է վիթխարի սոցիալական ցնցումների դարաշրջանը, որն ուղեկցվում է գիտության աննախադեպ զարգացումով և դրա հետ առնչվող հասարակության համատարած ինտելեկտուալացման պրոցեսով, դարաշրջան, երբ գորշությունը իր վերջին մարտերն է մղում, որոնք իրենց դաժանությամբ մարդկությանը վերադարձնում են միջնադար, բայց այդ մարտերում նա պարտություն է կրում և արդեն ճնշումից ու հարստահարումից ազատ հաարակությունում ընդմիշտ վերանում է որպես իրավական ուժ։
Ռումատան հայացքը չէր կտրում խավարով պարուրված լռին քաղաքից։ Այնտեղ, մի նեխահոր հյուղակում, խղճուկ մահճի վրա կծկված, տենդի մեջ այրվում է խոշտանգված հայր Տառան, իսկ կոնծած, ուրախ ու չար եղբայր Նանինը նստել է նրա կողքը, օրորվող ոտքերով սեղանի մոտ ու գրում է իր «Լուրերի մասին» տրակտատը, հրճվանքով ծաղրելով գորշ կյանքը․․․ Ինչ֊որ տեղ, պերճաշուք, ամայի հարկաբաժիններում խարխափելով, կուրորեն շրջում է Գուր Քերթողը, սարսափահար զգալով, որ իր ծվատված, տրորված հոգու խորքերում ինչ֊որ անիմանալի ուժի ճնշման տակ հառնում են և այնուամանայնիվ գիտակցությանն են հասնում պայծառ աշխարհներ՝ լի հրաշալի մարդկանցով ու շշմեցուցիչ զգացմունքներով․․․ Եվ ինչ֊որ տեղ հայտնի չէ ինչպես է գիշերը լուսացնում կոտրված, ծնկի եկած բժիշկ Բուդախը՝ փշրված, բայց կենդանի․․․ Եղբայրներ իմ, մտածեց Ռումատան, ես ձերն եմ, մենք ձեր միս ու արյունից ենք։ Ու հանկարծ մի ամեհի ուժով նա զգաց, որ ինքը բնավ էլ աստված չէ, որն իր ձեռքերի ափերով պահպանում է բանականության լուսատիտիկնրին, այլ եղբորը օգնող եղբայր, հորը փրկող որդի։ «Ես կսպանեմ դոն Ռեբային»։ «Ինչու»։ ― «Նա սպանում է իմ եղբայրներին»։ ― «Նա չի հասկանում ինչ է անում»։ «Նա սպանում է ապագան»։ ― «Նա մեղավոր չէ, նա իր դարի զավակն է»։ ― «Այսինքն՝ նա չգիտի՞, որ ինքը մեղավոր է։ Բայց նա շատ բան կարող է չիմանալ։ Ես, ե՛ս գիտեմ, որ նա մեղավոր է»։ ― «Իսկ դու ի՞նչ կանես հայր Ցուպիկին։ Հայր Ցուպիկը շատ բան կտար նրան, ով կսպաներ դոն Ռեբային։ Լռո՞ւմ ես։ Ատիպված կլինեք շատերին սպանել, ճի՞շտ է»։ ― «Չգիտեմ, գուցե շատերին։ Իրար հետևից։ Բոլոր նրանց, ով ձեռք կբարձրացնի ապագայի վրա»։ ― «Դա արդեն եղել է։ Թունավորել են, ինքնաշեն ռումբեր են գցել։ Ու ոչինչ չի փոխվել»։ ― «Ո՛չ փոխվել է։ Այդպես է ստեղծվել հեղափոխության ստրատեգիան»։ ― «Քեզ հարկավոր չէ ստեղծել հեղափոխության ստրատեգիա։ Չէ՞ որ դու ուզում ես պարզապես սպանել»։ ― «Այո, ուզում եմ»։ ― «Իսկ դու կարո՞ղ ես»։ ― «Երեկ ես սպանեցի դոնա Օկանային։ Ես գիտեի, որ սպանում եմ, երբ գնում էի նրա մոտ փետուրը ականջիս հետևը խրած։ Ու ափսոսում եմ միայն, որ նրան սպանեցի առանց որևէ օգուտի։ Այնպես որ ինձ համարյա սովորեցրել են սպանել»։ «Իսկ չէ՞ որ դա վատ է։ Դա վտանգավոր է։ Հիշո՞ւմ ես Սերգեյ Կոժինին։ Իսկ Ջորջ Լենիի՞ն։ Իսկ Սաբինա Կրույզերի՞ն»։ Ռումատան ափով սրբեց խոնավ ճակատը։ Այ այսպես մտածում են, մտածում, մտածում, ու վերջ ի վերջո հնարում են վառոդը։
Նա վեր թռավ տեղից ու պատուհանը բացեց։ Մթին քաղաքում կրակի փնջերն սկսեցին շարժվել, ցրվել ու ձգվեցին շխթա կազմած, հայտնվելով ու անհետանալով չերևացող տների արանքում։ Քաղաքում տարածվեց ինչ֊որ ձայն, հեռավոր ու բազմազան ոռնոց։ Երկու տուն հրդեհվեցին ու լուսավորեցին հարևան տների տանիքները։ Ինչ֊որ բան բոցավառվեց նավահանգստում։ Իրադարձությունները սկսվեցին։ Մի քանի ժամ հետո պարզ կդառնա, թե ինչ է նշանակում գորշերի ու գիշերային բանակի դաշինքը, խանութպանների ու թալանչի ավազակների հակաբնական դաշինքը, պարզ կդառնա, թե ինչ նպատակ է հետապնդում դոն Ռեբան և ինչ նոր պրովոկացիա է հնարել։ Պարզ ասած՝ ո՞ւմ են այսօր կոտորում։ Հավանաբար, սկսվել է երկար դանակների գիշերը՝ լկտիացած գորշ ղեկավարության կոտորածը, միաժամանակ նաև քաղաքում գտնվող բարոնների ու առավել անհաճո ազնվականների կոտորածը։ Պամպա՞ն որտեղ է, մտածեց նա։ Միայն թե քնած չլինի․․․
Նրա մտքերն ընդհատվեցին։ Աղեկտուր ճչալով «Բացե՜ք դուռը։ Հերթապա՛հն է, բացե՜ք», ինչ֊որ մեկը բռունցքներով սկսեց ծեծել դուռը։ Ռումատան փակը բացեց։ Ներս ընկավ կիսահագնված, վախից կապտած մի մարդ, բռնեց Ռումատայի բաճկոնի օձիքից ու, ամբողջ մարմնով ցնցվելով, գոռաց․
― Որտե՞ղ է արքայազնը։ Բուդախը թունավորել է թագավվորին։ Իրուկանի լրտեսները խռովություն են բարձրացրել քաղաքում։ Փրկեցե՜ք արքայզնին։
Դա արքունիքի մինիստրն էր՝ հիմար ու ծայրաստիճան նվիրված մի մարդ։ Մի կողմ հրելով Ռումատային՝ նա նետվեց արքայազնի ննջարանը։ Կանայք վայնասուն գցեցին։ Իսկ դռներից արդեն ներս էին խցկվում գորշ շապիկներ հագած հաստամռութ ու քրտնած գրոհայինները՝ թափահարելով ժանգոտ կացինները։ Ռումատան մերկացրեց սրերը։
― Հետ դարձե՛ք, ― սառը ասաց նա։
Նրա թիկունքում գտնվող ննջասենյակից լսվեց մի կարճ, խեղդված ճիչ։ Գործերը վատ են, մտածեց Ռումատան։ Ոչ մի բան չեմ հասկանում։ Նա ոստնեց անկյունը և պաշտպանվեց սեղանով։ Գրոհայինները ծանր հևալով, լցվեցին սենյակ։ Նրանք կլինեին տասնհինգ հոգի։ Նեղ, գորշ համազգեստով լեյտենանտը առաջ եկավ՝ ձեռքին մերկ դաշույն։
― Դոն Ռումատա, ― ասաց նա հևիհև։ ― Դուք ձերբակալված եք։ Տվեք ձեր սրերը։
Ռումատան հեգնալից ծիծաղեց։
― Վերցրե՛ք, ― ասաց նա՝ հայացքը գցելով պատուհանին։
― Բռնե՜լ նրան, ― կռնչաց լեյտենանտը։
Կացիններով զինված տասնհինգ հաղթանդամ դանդալոշները այնքան էլ շատ չեն մի մարդու համար, որը տիրապետում է կռվի այնպիսի եղանակների, որոնք այստեղ հայտնի կդառնան սոսկ երեք հարյուրամյակ հետո։ Ամբոխը հարձակվեց նրա վրա և հետ գլորվեց։ Հատակին ընկած մնացին մի քանի կացին, երկու գրոհային կծկվեցին և, զգուշորեն փորերին սեղմելով դուրս ընկած ձեռքերը, խցկվեցին հետևի շարքերը։ Ռումատան կատարելապես էր տիրապետում հովհարաձև պաշտպանությանը, երբ հարձակվողների դիմաց համատարած շողշողուն վարագույրի պես պտտվում էր պողպատը ու թվում էր, թե անհնարին է ճեղքել այդ վարագույրը։ Գրոհայինները, հևալով ու փնչացնելով, իրար էին նայում անվճռականորեն։ Նրանցից փչում էր գարեջրի ու սոխի սուր հոտ։
Ռումատան մի կողմ հրեց սեղանը և պատի տակով զգույշ գնաց դեպի պատուհանը։ Հետևի շարքից ինչ֊որ մեկը դանակ նետեց, բայց վրիպեց։ Ռումատան նորից ծիծաղեց, ոտքը դրեց պատուհանի գոգին ու ասաց․
― Մի անգամ էլ որ խցկվեք՝ ձեռքերդ կկտրեմ։ Դուք ինձ լավ գիտեք։
Նրանք ճանաչում էին Ռումատային։ Նրանք լավ էին ճանաչում, ու ոչ մեկը տեղից չշարժվեց, չնայած սպան հայհոյում էր ու գոռգոռում, ինքն էլ, ի դեպ, աշխատելով հեռու մնալ։ Ռումատան բարձրացավ պատուհանի գոգը, շարունակելով սպառնալ սրերով, և հենց այդ պահին մթության միջից, բակից նրա մեջքին դիպավ ծանր նիզակը։ Հարվածը սոսկալի ուժեղ էր։ Նիզակը չծակեց մետաղապլաստիկե շապիկը, բայց Ռումատային ցած գլորեց պատուհանից։ Նա սրերը ձեռքից գցեց, չնայած դրանցից արդեն ոչ մի օգուտ չկար։ Ամբողջ ոհմակը միանգամից նետվեց նրա վրա։ Նրանք միասին, երևի, մեկ տոննայից ավելի կլինեին, բայց խանգարում էին իրար, և Ռումատային հաջողվեց ոտքի կանգնել։ Նա բռունցքով շրմփացրեց ինչ֊որ մեկի թաց շրթունքներին, ինչ֊որ մեկը նապաստակի նման ծվծվաց նրա թևի տակ, և նա խփում էր ու խփում արմունկներով, ուսերով (վաղուց իրեն այդքան ազատ չէր զգացել), բայց չկարողացավ նրանց ցած գցել իր վրայից։ Վիթխարի դժվարությամբ իր հետևից քարշ տալով մի կույտ մարմիններ, նա մոտեցավ դռանը, ճանապարհին կռանալով ու պոկելով ոտքերից կառչաց գրոհայիններին։ Հետո սոսկալի ցավ զգաց ուսին ու ընկավ մեջքի վրա, բայց իսկույն ոտքի ելավ՝ աջ ու ձախ կտրուկ ու հատու հարվածներ հասցնելով, որոնցից գրոհայինները անզոր շրխկում էին պատերին՝ թափահարելով ոտքերն ու ձեռքերը։ Նրա աչքի առաջ արդեն լեյտենանտի ծռված դեմքն էր, բայց հանկարծ դուռը բացվեց ու ներս լցվեցին նորանոր քրտնած մռութներ։ Ռումատայի վրա ցանց գցեցին, ոտքերը կապկպեցին պարաններով ու վայր գլորեցին։
Նա իսկույն դադարեց ազատվելու փորձ անել, որ խնայի ուժերը․․․ Ահագին ժամանակ նրան կոխկրտում էին սապոգներով՝ կենտրոնացած, անխոս փնչացնելով ու հևալով։ Հետո բռնեցին ոտքերից ու քարշ տվին։ Երբ նրան քարշ էին տալիս ննջասենյակի մոտով, նա հասցրեց տեսնել նիզակով պատին գամված արքունիքի մինիստրին ու մահճակալի մեջ արյունաշաղախ սավանների կույտը։ «Ուրեմն սա հեղաշրջում էր, ― մտածեց նա։ ― Խե՜ղճ տղա․․․»։ Նրան աստիճաններով քարշ տվին, և նա կորցրեց գիտակցությունը։