Նա իսկույն դադարեց ազատվելու փորձ անել, որ խնայի ուժերը․․․ Ահագին ժամանակ նրան կոխկրտում էին սապոգներով՝ կենտրոնացած, անխոս փնչացնելով ու հևալով։ Հետո բռնեցին ոտքերից ու քարշ տվին։ Երբ նրան քարշ էին տալիս ննջասենյակի մոտով, նա հասցրեց տեսնել նիզակով պատին գամված արքունիքի մինիստրին ու մահճակալի մեջ արյունաշաղախ սավանների կույտը։ «Ուրեմն սա հեղաշրջում էր, ― մտածեց նա։ ― Խե՜ղճ տղա․․․»։ Նրան աստիճաններով քարշ տվին, և նա կորցրեց գիտակցությունը։
==Գլուխ յոթերորդ==
Նա պառկել էր խոտածածկ թմբի վրա ու նայում էր խորունկ կապույտ երկնքում լողացող ամպերին։ Նա իրեն հանգիստ ու լավ էր զգում, սակայն հարևան թմբի վրա նստել էր փշոտ, ոսկրոտ ցավը։ Այդ ցավը նրանից դուրս էր ու միաժամանակ նրա ներսում էր, մանավանդ աջ կողմում և ծոծրակում։ Ինչ֊որ մեկը կռնչաց․ «Հը՞, հո չի սատկել։ Գլուխներդ կպոկեմ»։ Ու այդ ժամանակ երկնքից նրա վրա գահավիժեց սառը ջուրը։ Նա իրոք պառկած էր մեջքի վրա ու նայում էր երկնքին, բայց պառկած էր ոչ թե թմբի վրա, այլ ջրափոսի մեջ, ու երկինքն էլ ոչ թե կապույտ էր, այլ սևացած, արճճագույն ու կարմրավուն։ «Ոչինչ, ― ասաց մյուս ձայնը։ ― Նրանք կենդանի են, աչքերը պլստացնում են։ Այդ ես եմ կենդանի, մտածեց նա։ Այդ իմ մասին են խոսում։ Այդ ես եմ աչքերս պլստացնում։ Բայց ինչո՞ւ են սրանք ծամածռություններ անում։ Ինչո՞ւ մարդավարի չեն խոսում։
Կողքը ինչ֊որ մեկը շարժվեց և, ծանր ու մեծ, թփթփալով մտավ ջրի մեջ։ Երկնքում հայտնվեց սրածայր գդակով գլխի սև ուրվագիծը։
― Հը, ազնվազարմ դոն, ինքնե՞րդ կգաք, թե ձեզ քարշ տանք։
― Ոտքերս արձակեք, ― ջղային ասաց Ռումատան, զգալով, ինչպես են բացվում ուռած
շրթունքները։ Նա լեզուն քսեց շուրթերին։ Այս ի՞նչ շրթունքներ են, մտածեց նա, ոնց որ բլիթ լինեն։
Ինչ֊որ մեկը պպզեց նրա ոտքերի մոտ, կոպտորեն քաշքշելով պարանները։ Շուրջը կանգնածները խոսում էին իրար մեջ․
― Համա եկե՜լ եք սրա հախից։
― Բա ո՜նց, քիչ մնաց էն աշխարհը գնար։ Բայց կախարդված է, նետերը հետ էին թռջում։
― Ես սրա նման մեկին ճանաչում էի, որ կացնով էլ խփեիր՝ էլի բան չէր լինում․․․
― Դե նա երևի ռամիկ էր․․․
― Հենց ռամիկ էր։ Իսկ սա ազնվական է։
― Էհ, գրողը տանի․․․ Էս ոնց եք կապկպել, չի քանդվում։ Մի կրակ տվեք ինձ։
― Դու դանակով կտրիր։
― Հե՜յ, եղբայրներ, մի քանդեք դրա կապերը։ Թե չէ էլի վրա կպրծնի․․․ Քիչ մնաց գլուխս ջարդեր․․․
― Լավ, հիմա էլ չի անի․․․
― Չգիտեմ, եղբայրներ, դուք ինչպես կուզեք, համա ես սրան ոնց որ պետքն է ծեծել եմ նիզակով։ Սրա օղազրահն էի փորձում․․․
Մթության միջից լսվեց մի տիրական ձայն։
― Հե՜յ, վերջացրեք այդտեղ․․․
Ռումատան զգաց, որ ոտքերն ազատ են, ուժերը լարեց ու նստեց։ Մի քանի գորշ գրոհայիններ լուռ նայում էին, թե ինչպես է նա թպրտում ջրի մեջ։ Ռումատան ամոթից ու նվաստացումից սեղմեց շրթունքները։ Նա շարժեց թիակները, ձեռքերը այնպես ուժեղ էին ոլորված մեջքի հետևում, որ չէր էլ հասկանում որտեղ էին իր արմունկները, որտեղ՝ դաստակները։ Նա հավաքեց ուժերը, թափով ոտքի կանգնեց ու իսկույն էլ կծկվեց կողի սաստիկ ցավից։ Գրոհայինները ծիծաղեցին։
― Հաստատ չի փախչի, ― ասաց մեկը։
― Հա, շան օրի է, գրողի տարածը։
― Հը, դոն, լա՞վ չես․․․
― Հերիք է դուրս տաք, ― մթության միջից ասաց տիրական ձայնը։ ― Այստեղ եկեք, դոն Ռումատա։
Ռումատան գնաց ձայնի կողմը, զգալով, ինչպես է կողքից կողք օրորվում։ Ինչ֊որ տեղից հայտնվեց ջահով մեկը ու քայլեց նրա առջևից։ Ռումատան ճանաչեց այս տեղը․ սա թագի պահպանության մինիստրության անթիվ ներքին բակերից մեկն է, թագավորական ախոռների մոտերքում։ Նա արագ կողմնորոշվեց, եթե աջ տանեն՝ Ուրախ Աշտարակ են տանում, զնդան։ Եթե ձախ՝ գրասենյակ։ Նա ուժեղ ցնցեց գլուխը։ Ոչինչ, մտածեց։ Որ կենդանի եմ, ուրեմն կպայքարեմ։ Նրանք թեքվեցին դեպի ձախ։ Միանգամից չեն ուզում, մտածեց Ռումատան։ Նախնական քննություն կկատարեն։ Տարօրկնակ է։ Եթե բանը հասել է քննությանը, ապա ինչո՞ւմ կարող են ինձ մեղադրել։ Թերևս պարզ է։ Թունավորող Բուդախին հրավիրելը, թագի դեմ դավադրությունը․․․ Հնարավոր է նաև արքայազնի սպանությունը։ Եվ, բնականաբար, լրտեսություն հոգուտ Իրուկանի, Սոանի, բարբարոսների, բարոնների, սուրբ միաբանության և այլն, և այլն․․․ Ուղղակի զարմանալի է, թե ոնց եմ կենդանի մնացել։ Ուրեմն էլի ինչ֊որ բան է մտքին դրել այդ արնախում սարդը։
― Այս կողմը, ― ասաց տիրական ձայնով մարդը։
Նա բացեց ցածրիկ դուռը, և Ռումատան, կռանալով, մտավ տասնյակ ճրագներով լուսավորված ընդարձակ սրահը։ Մեջտեղում, մաշված գորգի վրա նստած կամ պառկած էին կապկպված, արնաշաղախ մարդիկ։ Նրանցից մի քանիսը կամ արդեն մեռած էին, կամ էլ ուշակորույս։ Գրեթե բոլորը բոբիկ էին, պատռված գիշերանոցներով։ Պատերի տակ, անփութորեն հենված կացիններին ու տապարներին, կանգնել էին կարմրամռութ գրոհայինները՝ այրունարբու և ինքնագոհ հաղթողները։ Նրանց առջևով, ձեռքերը մեջքին դրած, հետուառաջ էր քայլում գորշ համազգեստով ու յուղոտ օձիքով մի սպա, որի կողքից սուր էր կախված։ Ռումատայի ուղեկիցը՝ սև թիկնոցով բարձրահասակ մի մարդ, մոտեցավ սպային ու ինչ֊որ բան փսփսաց ականջին։ Սպան գլխով արեց, հետաքրքրությամբ նայեց Ռումատային ու անհետացավ սենյակի մյուս ծայրի գունավոր վարագույրների հետևում։
Գրոհայինները նույնպես հետաքրքրությամբ տնտղում էին Ռումատային։ Նրանցից մեկը, որի աչքը ուռած էր, ասաց․
― Ոնց որ լավն է դոնի քարը։
― Չտեսնվա՜ծ, ― համաձայնեց մյուսը։ ― Թագավորին վայել քար է։ Ապարոշն էլ մաքուր ոսկի է։
― Հիմա մենք ենք թագավոր։
― Ուրեմն ինչ, հանե՞մ։
― Վ֊երջ տվեք, ― ցածր հրամայեց սև թիկնոցով մարդը։
Գրոհայինները տարակուսած նայեցին նրան։
― Սա՞ որտեղից ծլեց մեր գլխին, ― ասաց ուռած աչքով գրոհայինը։
Թիկնոցավորն առանց պատասխանելու մեջքը դարձրեց նրանց կողմը, մոտեցավ Ռումատային ու կանգնեց կողքը։ Զայրացած գրոհայինները ոտից֊գլուխ տնտղում էին նրան։
― Հո տերտեր չէ՞, ― ասաց ուռած աչքովը։ ― Հե՜յ, տերտեր, ուզո՞ւմ ես ճակատիդ․․․
Գրոհայինները հռհռացին։ Ուռած աչքով գրոհայինը թքեց ափերի մեջ, կացինը շուռումուռ տվեց ու եկավ Ռումատայի կողմը։ Հո չեմ հասցնելու հիմա սրան, մտածեց Ռումատան, դանդաղ հետ տանելով աջ ոտքը։
― Ամբողջ կյանքումս ես դրանց սատկացրել եմ, ― շարունակեց գրոհայինը, ― կանգնելով նրա առաջ ու ոտից գլուխ տնտղելով սև թիկնոցավորին, ― սատկացրել եմ էս տերտերներին, հազարումի ուսյալների ու արհեստավորների։ Պատահել է, որ․․․
Թիկնոցավոր մարդը իսկույն ափն ի վեր բարձրացրեց ձեռքը։ Առաստաղի տակ ինչ֊որ բան զընգաց՝ ժը՜․․․ ժը՜․․․ ժը՜․․․ Ուռած աչքով գրոհայինը կացինը ձեռքից գցեց ու փռվեց հատակին։ Նրա ճակատի մեջտեղում տնկվել էր փետրազարդ հաստ նետը։ Իսկույն լռություն տիրեց։ Գրոհայինները հետ֊հետ գնացին, վախվորած նայելով առաստաղի տակի օդանցքներին։ Թիկնոցավորը ձեռքն իջեցրեց ու հրամայեց․
― Այս լեշը տարեք, արա՛գ։
Մի քանի գրոհային առաջ նետվեցին, բարձրացրին սպանվածին, ու բռնելով ոտքերից և ձեռքերից, քարշ տալով դուրս տարան։ Վարագույրի հետևից դուրս եկավ սպան ու ձեռքով արեց․
― Գնանք, դոն Ռումատա, ― ասաց թիկնոցավորը։
Ռումատան քայլեց դեպի վարագույրները, անցնելով գերիների կույտի կողքով։ Ոչ մի բան չեմ հասկանում, մտածեց նա։ Վարագույրների հետևում մթության մեջ նրան բռնեցին, գոտուց պոկեցին դատարկ պատյանները և հրեցին դեպի լույս։
Ռումատան իսկույն հասկացավ, թե ինքն ուր է ընկել։ Դա դոն Ռեբայի ծանոթ աշխատասենյակն էր մանուշակագույն հարկաբաժնում։ Դոն Ռեբան նստած էր իր տեղում և նույն այն դիրքով, ձված, արմունկները սեղանին դրած և մատներն իրար հյուսած։ Ախր ծերուկը թութք ունի, չգիտես ինչու հանկարծ խղճաց նրան Ռումատան։ Դոն Ռեբայի աջ կողմում բազմել էր հայր Ցուպիկը՝, լուրջ, մտախոհ, կենտրոնացած տեսքով, շրթունքներն իրար սեղմած, իսկ ձախ կողմում նստած էր գորշ համազգեստով հաստլիկ մի կապիտան, որը բարեհոգաբար ժպտում էր։ Նրանցից բացի աշխատասենյակում ուրիշ մարդ չկար։ Երբ Ռումատան ներս մտավ դոն Ռեբան կամաց ու քնքշորեն ասաց․
― Բարեկամներ, ահա և ազնվազարմ դոն Ռումատան։
Հայր Ցուպիկն արհամարհալից ծռմռվեց, իսկ հաստլիկը բարյացակամորեն գլխով արեց։
― Մեր հին ու խիստ հետևողական հակառակորդը, ― ասաց դոն Ռեբան։
― Որ հակառակորդ է՝ կախել, ― խռպոտ ասաց հայր Ցուպիկը։
― Իսկ ձե՞ր կարծիքը, եղբայր Աբա, ― հարցրեց դոն Ռեբան, բարեհոգաբար թեքվելով հաստլիկի կողմը։
― Դուք գիտեք․․․ Ես նույնիսկ չգիտեմ․․․ Եղբայր Աբան մանկան պես ժպտաց, տարածելով կարճլիկ ձեռքերը։ ― Դե գիտեք, ինձ համար ոնց որ մեկ է․․․ Միգուցե վառենք, հա՞, դոն Ռեբա։
― Այո, թերևս, ― մտախոհ ասաց դոն Ռեբան։
― Դուք հասկանում եք, ― շարունակեց հմայիչ եղբայր Աբան, քնքշորեն ժպտալով Ռումատային, ― կախում են քրջոտներին, մանր֊մունր բաներին․․․ Իսկ մենք պարտավոր ենք պահպանել բարձր խավերի նկատմամբ ժողովրդի հարգանքը։ Չէ՞ որ, համենայն դեպս, հինավուրց տոհմի ժառանգ է, իրուկանյան խոշոր լրտես․․․ Չեմ սխալվում, չէ՞, իրուկանյան․․․ Նա սեղանից վերցրեց թերթիկն ու մոտեցրեց կարճատես աչքերին։ ― Ահ, նաև ստոնյան․․․ Առվել ևս․․․
― Այրել ուրեմն այրել, ― համաձայնեց հայր Ցուպիկը։
― Լավ, ― ասաց դոն Ռեբան։ ― Պայմանավորվեցինք։ Այրե՛լ։
― Ի դեպ, ես կարծում եմ, որ դոն Ռումատան կարող է թեթևացնել իր վիճակը, ― ասաց եղբայր Աբան։ Դուք ինձ հասկանո՞մ եք, դոն Ռեբա։
― Ճիշտն ասած, այնքան էլ չեմ հասկանում․․․
― Ունեցվածքը։ Իմ ազնվազարմ դոն, նրա ունեցվածքը։ Ռումատաները շատ հարուստ տոհմ են․․․
― Դուք, ինչպես միշտ, իրավացի եք, ― ասաց դոն Ռեբան։
Հայր Ցուպիկը հորանջեց, ձեռքով փակելով բերանը, և խեթ հայացք գցեց սեղանի աջ կողմի մանուշակագույն վարագույրներին։
― Դե, ուրեմն, սկսենք ինչպես կարգն է, ― հոգոց հանելով ասաց դոն Ռեբան։
Հայր Ցուպիկն անընդհատ աչքի պոչով նայում էր վարագույրներին։ Նա, հաստատ, ինչ֊որ բանի էր սպասում ու բոլորովին չէր հետաքրքրվում հարցաքննությամբ։ «Սա ի՞նչ կատակերգություն է, ― մտածեց Ռումատան։ ― Սա ի՞նչ է նշանակում»։
― Եվ այսպես, իմ ազնվազարմ դոն, ― ասաց դոն Ռեբան, դիմելով Ռումատային, ― չափազանց հաճելի կլինի լսել ձեր պատասխանները մեզ հետաքրքրող մի քանի հարցերին։
― Ձեռքերս արձակեք, ― ասաց Ռումատան։
Հայր Ցուպիկը ցնցվեց ու կասկածանքով ծամծմեց շրթունքները։ Եղբայր աբան հուսահատորեն թափահարեց գլուխը։
― Հը՞, ասաց դոն Ռեբան ու նայեց նախ եղբայր Աբային, հետո՝ հայր Ցուպիկին․․․ Ես ձեզ հասկանում եմ, եղբայրք։ Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքները, որոնց մասին դոն Ռուբատան, հավանաբար կռահում է․․․ ― Նա արտահայտիչ մի հայացք գցեց առաստաղի տակի օդանցքներին։ ― Արձակեք նրա ձեռքերը, ― ասաց նա, առանց ձայնը բարձրացնելու։
Հետևից անձայն մոտեցավ ինչ֊որ մեկը։ Ռումատան զգաց, որ մեկի արտասովոր փափուկ, ճարպիկ մատները դիպան իր ձեռքերին, ու լսեց կտրտվող պարանի ճտճտոցը։
Եղբայր Աբան, իր մարմնի համար անսպասելի արագությամբ, սեղանի տակից հանեց աղեղն ու դրեց սեղանին, իր դիմացի թղթերի վրա։ Ռումատայի ձեռքերը մտրակների պես կախվեցին կողքերից։ Նա համարյա չէր զգում իր ձեռքերի գոյությունը։
― Դե, սկսենք, ― առույգացած ասաց դոն Ռեբան։ ― Ձեր անո՞ւնը, տո՞հմը, կոչո՞ւմը։
― Ռումատա։ Էստորյան Ռումատաների տոհմից։ Քսաներկուերորդ սերնդի տոհմիկ ազնվական։
Ռումատան մի հայացք գցեց շուրջը, նայեց բազմոցին ու սկսեց շփել դաստակները։ Եղբայր Աբան, հուզմունքից ֆսֆսացնելով, իրար հետևից սկսեց հարցեր տալ։
― Ձեր հա՞յրը։
― Իմ ազնվազարմ հայրը կայսերական խորհրդական էր, կայսեր հավատարիմ հպատակն ու մտերիմ բարեկամը։
― Նա կենդանի՞ է։
― Նա մահացել է։
― Վաղո՞ւց։
― Տասնմեկ տարի առաջ։
― Դուք քանի՞ տարեկան եք։
Ռումատան չհասցրեց պատասխանել։ Մանուշակագույն վարագույրի հետևից աղմուկ լսվեց, և եղբայր Աբան դժգոհ այդ կողմը նայեց։ Հայր Ցուպիկը, չարախնդորեն ժպտալով, դանդաղ վեր կացավ տեղից։
― Դեհ, ահա և բոլորը, տյարք․․․ ― ուրախ ու չարախնդորեն սկսեց նա։
Վարագույրի հետևից դուրս թռան երեք մարդ, որոնց այստեղ տեսնել Ռումատան բնավ չէր սպասում։ Հայր Ցուպիկը, ըստ երևույթին՝ նույնպես։ Դրանք երեք հաղթանդամ վանականներ էին՝ սև փարաջաներով, վեղարներն իջեցրած մինչև աչքերը։ Նրանք անշտապ ու անձայն ոստնեցին դեպի հայր Ցուպիկը ու բռնեցին նրա արմունկներից։
― Ը՜․․․ ը․․․ չէ․․․ ― մրմնջաց հայր Ցուպիկը։ Նրա դեմքը ծածկվեց մեռելային գունատությամբ։ Կասկած չկար, որ նա բոլորովին ուրիշ բան էր սպասում։
― Ի՞նչ եք կարծում, եղբայր Աբա, ― անխռով հարցրեց դոն Ռեբան, թեքվելով հաստլիկի կողմը։
― Դե, անշուշտ, ― վճռականորեն արձագանքեց վերջինս։ ― Անպայման։
Դոն Ռեբան մի թույլ շարժում արեց ձեռքով։ Վանականները տեղից հանեցին հայր Ցուպիկին ու, դարձյալ անաղմուկ, տարան վարագույրի հետևը։ Ռումատան զզվանքով կնճռոտվեց։ Եղբայր Աբան շփեց փափլիկ թաթիկներն ու աշխուժորեն ասաց․
― Ամեն ինչ գերազանց ստացվեց, ի՞նչ կարծիքի եք, դոն Ռեբա։
― Այո, վատ չէր, ― համաձայնեց դոն Ռեբան։ ― Սակայն շարունակենք։ Եվ, այսպես, քանի՞ տարեկան եք, դոն Ռումատա։
― Երեսունհինգ։
― Ե՞րբ եք ժամանել Արկանար։
― Հինգ տարի առաջ։
― Որտեղի՞ց։
― Մինչ այդ ես ապրում էի Էստորում, մեր տոհմական դղյակում։
― Իսկ ի՞նչ նպատակ էր հետապնդում ձեր այդ տեղաշարժը։
― Հանգամանքներն ինձ ստիպեցին հեռանալ Էստորից։ Ես փնտրում էի մի այնպիսի մայրաքաղաք, որն իր պերճաշքությամբ կհամեմատվեր մետրոպոլիայի մայրաքաղաքի հետ։
Վերջապես ձեռքերը սկսեցին կսկծալ։ Ռումատան համառորեն շարունակում էր շփել ուռած դաստակները։
― Իսկ չե՞ք ասի, թե, այնուամենայնիվ, ի՞նչ հանգամանքներ էին դրանք, ― հարցրեց դոն Ռեբան։
― Մենամարտում ես սպանեցի Օգոստոսափայլ ընտանիքի անդամին։
Ի՜նչ եք ասում։ Իսկ ո՞ւմ։
― Երիտասարդ հերցոգ Էկինին։
― Ի՞նչն էր մենամարտի պատճառը։
― Մի կին, ― հակիրճ պատասխանեց Ռումատան։
Նա այնպիսի զգացողություն ուներ, որ այս բոլոր հարցերը ոչինչ չեն նշանակում։ Որ սա մի նույնպիսի խաղ է, ինչպես որ մահապատժի եղանակի քննարկումը։ Երեքս էլ ինչ֊որ բանի ենք սպասում։ Ես սպասում եմ, թե երբ ձեռքերիս թմրածությունը կանցնի։ Եղբայր Աբան՝ տխմարը, սպասում է, թե դոն Ռումատայի տոհմիկ գանձարանի հարստությունները երբ կթափվեն իր գոգը։ Դոն Ռեբան նույնպես ինչ֊որ բանի է սպասում․․․ Բայց վանականները․․․ Պալատում ի՞նչ գործ ունեն վանականները։ Այն էլ այդպիսի ճարպիկ, եռանդուն տղերք։
― Այդ կնոջ անու՞նը։
― Դոնա Ռիտա, ― պատասխանեց նա։
― Չէի սպասում, որ կպատասխանեք։ Շնորհակալություն․․․
― Միշտ պատրաստ եմ ծառայելու ձեզ։
Դոն Ռեբան խոր գլուխ տվեց։
― Դուք երբևէ եղե՞լ եք Իրուկանում։
― Ոչ։
― Համոզվա՞ծ եք։
― Դուք էլ։
― Մենք ճշմարտությունն ենք կամենում , ― խրատական տոնով ասաց դոն Ռեբան։ Եղբայր Աբան գլխի շարժումով հաստատեց։ ― Միմիայն ճշմարտություն։
― Ա՜հ, ― ասաց Ռումատան։ ― Իսկ ինձ թվաց․․․ ― Նա լռեց։
― Ի՞նչ թվաց ձեզ։
― Ինձ թվաց, որ դուք գլխավորապես ուզում եք ձեռքներդ գցել իմ տոհմիկ հարստությունը։ Բնավ չեմ պատկերացնում, դոն Ռեբա, թե դուք ինչպե՞ս եք այն ստանալու։
― Իսկ պարգևագի՞րը։ Իսկ պարգևագի՞րը, ― ճչաց եղբայր Աբան։
Ռումատան ծիծաղեց, աշխատելով որքան հնարավոր է լկտի երևալ։
― Եղբայր Աբա, դու տխմարի մեկն ես, կամ էլ․․․ Իսկույն երևում է, որ խանութպան ես։ Ինչ է, քեզ հայտնի չէ՞, որ մայորատը ենթակա չէ ուրիշի հանձնվելու։
Երևում էր, որ եղբայր Աբան կատաղեց, բայց իրեն զսպեց։
― Պետք չէ, որ դուք այդ տոնով խոսեք, ― մեղմ ասաց դոն Ռեբան։
― Դուք ճշմարտությո՞ւնն եք կամենում, ― առարկեց Ռումատան։ ― Ահա ձեզ ճշմարտությունը և միայն ճշմարտությունը։ Եղբայր Աբան տխմարի մեկն է ու խանութպան։
Սակայն եղբայր Աբան արդեն տիրապետել էր իրեն։
― Ինձ թվում է, մենք մի քիչ շեղվեցինք, ― ասաց նա ժպտալով։ ― Դուք ի՞նչ կարծիքի եք դոն Ռեբա։
― Դուք, ինչպես միշտ, իրավացի եք, ― ասաց դոն Ռեբան։ ― Ազնվազարմ դոն, իսկ դուք երբևէ եղե՞լ եք Սոանում։
― Սոանում ես եղել եմ։
― Ի՞նչ նպատակով։
― Գիտությունների ակադեմիան տեսնելու համար։
― Արտառոց նպատակ է ձեր դիրքի երիտասարդի համար։
― Դա իմ քմահաճույքն էր։
― Իսկ դուք ծանո՞թ եք Սոանի գերագույն դատավոր դոն Կոնդորի հետ։
Ռումատան զգուշացավ։
― Նա մեր ընտանիքի հին բարեկամն է։
― Ազնվագույն մարդ է, չէ՞։
― Չափազանց հարգարժան ամձնավորություն է։
― Իսկ ձեզ հայտնի՞ է, որ դոն Կոնդորը մասնակցել է նորին մեծության դեմ նյութած դավադրությանը։
Ռումատան վեր տնկեց կզակը։
― Ականջներիդ օղ արեք, դոն Ռեբա, ― ասաց նա գոռոզամտորեն, ― որ մեզ համար՝ մետրոպոլիայի բնիկ ազնվականության համար, այս բոլոր սոանները և իրուկանները, հենց արկանարն էլ եղել են ու միշտ կմնան կայսերական թագի վասալները։ ― Նա ոտքը գցեց ոտքին ու դեմքը շրջեց։
Դոն Ռեբան մտախոհ նայում էր նրան։
― Դուք հարո՞ւստ եք։
― Ես կարող էի գնել ամբողջ Արկանարը, բայց աղբանոցներն ինձ չեն հետաքրքրում․․․
Դոն Ռեբան խոր հառաչ արձակեց։
― Սիրտս կտոր֊կտոր է լինում, ― ասաց նա։ Ինչպե՞ս կտրեմ այսքան փառահեղ տոհմի այսքան փառահեղ շյուղը․․․ Դա ոճրագործություն կլիներ, եթե չբխեր պետական անհրաժեշտությունից։
― Ավելի քիչ մտածեք պետական անհրաժեշտության մասին, ― ասաց Ռումատան, ― ավելի շատ մտածեք սեփական կաշվի մասին։
― Դուք իրավացի եք, ― ասաց դոն Ռեբան ու մատները չրխկացրեց։
Ռումատան արագորեն լարեց և իսկույն էլ թուլացրեց մկանները։ Մարմինը, կարծես, աշխատում է։ Վարագույրի հետևից նորից ներս ընկան երեք վանականները։ Դարձյալ նույն անորսալի արագությամբ և ճշգրտությամբ (որը վկայում էր վիթխարի փորձի մասին) նրանք խմբվեցին դեռևս երանավետ ժպտացող եղբայր Աբայի շուրջը, բռնեցին նրան ու ձեռքերը ոլորեցին մեջքին։
― Վա՜յ֊վա՜յ֊վա՜յ․․․ ― աղեկտուր ճչած եղբայր Աբան։ Նրա հաստ դեմքը ցավից աղավաղվեց։
― Արա՛գ֊արա՛գ, մի՛ դանդաղեք, ― զզվանքով նետեց դոն Ռեբան։
Հաստլիկը կատաղորեն դիմադրում էր, մինչև որ նրան քարշ տվին վարագույրների հետևը։ Լսվում էր, թե ինչպես է նա ճչում ու հեծեծում, հետո հանկարծ գոռաց մի անմարդկային, անճանաչելի ձայնով և իսկույն լռեց։ Դոն Ռեբան վեր կացավ տեղից ու նետը հանեց աղեղի միջից։ Ռումատան շշմած հետևում էր նրա շարժումներին։ Դոն Ռեբան հետուառաջ էր քայլում սենյակում, նետով մտախոհ քորելով մեջքը։ «Լավ, լավ, ― գրեթե քնքշորեն մրմնջաց նա։ ― Հոյակապ է․․․»։ Ասես մոռացել էր Ռումատային։ Նրա քայլերն ավելի ու ավելի էին արագանում, քայլելիս նա ձեռքի նետը թափահարում էր դիրիժորական փայտիկի պես։ Հետո հանկարծ կտրուկ կանգ առավ սեղանի մոտ, շպրտեց նետը, զգուշորեն նստեց ու ժպտաց ամբողջ դեմքոով մեկ։
― Ոնց էր հը՞․․․ Ոչ մեկը ծպտուն էլ չհանեց․․․ Կարծում եմ, որ ձեզ մոտ այդպես չեն կարողանա․․․
Ռումատան լուռ էր։
― Այ․․․ո՜ ― երազկոտ ծոր տվեց դոն Ռեբան։ ― Լավ է։ Դեհ ինչ, իսկ հիմա խոսենք, դոն Ռումատա․․․ Իսկ գուցե ո՞չ Ռումատա․․․ Իսկ գուցե դո՞ն էլ չեք։ Հը՞․․․
Ռումատան լռեց, հետաքրքրությամբ զննելով նրան։ Դալուկ, անգույն քթի վրա երևում էին կարմիր երակները, ամբողջ մարմնով դողում էր գրգռվածությունից։ Ռումատան քիչ էր մնում գոռար և ասեր նրան ծափ տալով․ «Իսկ ես գիտե՜մ։ Իսկ ես գիտե՜մ»։ Բայց չէ՞որ դու ոչ մի բան չգիտես, շան որդի։ Իսկ որ իմանաս էլ՝ չես հավատա։ Դե խոսի՛ր, խոսի՛ր, ես քեզ լսում եմ։
― Ես ձեզ լսում եմ, ― ասաց նա։
― Դուք դոն Ռումատան չեք, ― հայտարարեց դոն Ռեբան։ ― Դուք ինքնակոչ եք։ ― Նա անթարթ նայում էր Ռումատային։ ― Ռումատա Էստորացին մահացել է հինգ տարի առաջ ու թաղված է իր տոհմական դամբարանում։ Եվ սրերը վաղուց արդեն խաղաղեցրել են նրա խռովարար ու, պարզ կասեմ, ոչ այնքան մաքուր հոգին։ Դուք ինքնե՞րդ կխոստովանեք, թե օգնենք ձեզ։
― Ինքս կխոստովանեմ, ― ասաց Ռումատան։ ― Իմ անունը Ռումատա Էստորացի է, ու ես սովոր չեմ, որ իմ խոսքերին կասկածեն։
Հապա փորձեմ մի քիչ ջղայնացնել քեզ, մտածեց նա։ Կողքս ցավում է, թե չէ հիմա սևդ կտայի։
― Ես տեսնում եմ, որ ստիպված ենք լինելու խոսակցությունն այլ տեղ շարունակել, ― չարագույժ ասաց դոն Ռեբան։
Նրա դեմքի վրա տարօրինակ փոփոխություններ էին կատարվում։ Անհետացավ հաճելի ժպիտը, շրթունքները սեղմվելով՝ ուղիղ գիծ կազմեցին։ Տարօրինակ ու սարսափելիորեն կնճռոտվեց ճակատի մաշկը։ Այո, մտածեց Ռումատան, սրանից կարելի է վախենալ։
― Ճի՞շտ է, որ դուք թութք ունեք, ― կարեկցանքով հարցրեց Ռումատան։
Դոն Ռեբայի աչքերում ինչ֊որ բան առկայծեց, բայց նա չփոխեց դեմքի արտահայտությունը։ Ձևացրեց, իբր չլսեց Ռումատայի ասածը։
― Դուք վատ օգտագործեցիք Բուդախին, ― ասաց Ռումատան։ ― Նա հրաշալի մասնագետ է։ Էր․․․ ― ավելացրեց նա բազմանշանակ։
Ռեբայի անգույն աչքերում նորից ինչ֊որ բան առկայծեց։ Ըհը, մտածեց Ռումատան, Բուդախը, ուրեմն, դեռ կենդանի է․․․ Նա ավելի հարմար նստեց և ձեռքերով բռնեց ծունկը։
― Ուրեմն դուք հրաժարվում եք խոստովանել, ― ասաց դոն Ռեբան։
― Ի՞նչը։
― Որ դուք իքնակոչ եք։
― Հարգարժան Ռեբա, ― ասաց Ռումատան հորդորանքով, ― այդպիսի բաներն ապացուցում են։ Չէ՞ որ դուք ինձ վիրավորում եք։
Դոն Ռեբայի դեմքին մեղուշություն հայտնվեց։
― Իմ թանկագին դոն Ռումատա, ― ասաց նա։ ― Կներեք, առայժմ ձեզ այս անունով եմ դիմում։ Լսեք, ուրեմն, սովորաբար ես երբեք ոչ մի բան չեմ ապացուցում։ Ապացուցում են այնտեղ՝ Ուրախ Աշտարակում։ Դրա համար ես պահում եմ փորձառու, լավ վարձատրվող մասնագետների, որոնք սուրբ Միկայի մսաղացի, տեր աստծու զանգապանների, նահատակ կույս Պատայի ձեռնոցների օգնությամբ կամ, ասենք, Տոց ռազմիկի նստարանի, ը․․․ ը․․․ ը՜․․․ մեղավոր եմ՝ բազկաթոռի օգնությամբ ինչ ասես կարող են ապացուցել։ Ձեզ, թերևս, հայտնի չէ, բայց գոյություն ունի ապացույցներ կորզելու մի ամբողջ գիտություն։ Ինքներդ դատեցեք․ ինչո՞ւ պիտի ես ապացուցեմ այն, ինչ ինքս գիտեմ։ Եվ հետո, չէ որ խոստովանելը ձեզ ոչ մի բանով չի սպառնում։
― Ինձ չի սպառնում, ― ասաց Ռումատան։ ― Ձեզ է սպառնում։
Դոն Ռեբան բավականին երկար ժամանակ մտածում էր։
― Լավ, ― ասաց նա։ Երևում է, ես, այնուամենայնիվ, պիտի սկսեմ։ Եկեք տեսնենք, թե դոն Ռումատա Էստորացին Արկանարյան թագավորությունում անցկացրած իր անդրշիրիմյան կյանքի հինգ տարիների ընթացքում ինչով է աչքի ընկել։ Իսկ հետո դուք ինձ կբացատրեք այդ ամենի իմաստը։ Համաձա՞յն եք։
― Ես չէի ցանկանա անխոհեմ խոստումներ տալ, ― ասաց Ռումատան, ― բայց ձեզ հետաքրքրությամբ կլսեմ։
Ինչ֊որ բան փնտրելով գրասեղանի դարակում, դոն Ռեբան հանեց մի հաստ, քառակուսի թուղթ և, հոնքերը վեր բարձրացնելով, զննեց այն։
― Թող ձեզ հայտնի լինի, ― սկսեց նա, բարյացակամորեն ժպտալով, ― թող ձեզ հայտնի լինի, որ իմ՝ արկանարյան թագի պահպանության մինիստրի կողմից, որոշ միջոցներ ձեռնարկվեցին, այսպես կոչված, ուսյալների, գիտնականների և պետության համար վնասակար ու ոչ պիտանի մարդկանց դեմ։ Այս գործողությունները որոշ տարօրինակ դիմադրության հանդիպեցին։ Այն ժամանակ, երբ բոլորը, հավատարիմ մնալով իրենց թագավորին, ինչպես նաև արկանարյան ավանդույթներին, ամեն կերպ աջակցում ու օգնում էին ինձ՝ մատնելով թաքնվածներին, ինքնադատաստան տեսնելով նրանց հետ և նշելով կասկածյալներին, որոնք սպրդել էին իմ ուշադրությունից, նույն այդ ժամանակ, ոմն անհայտ, սակայն շատ եռանդուն մեկը, մեր քթի տակից փախցնում էր և թագավորության սահմաններից դուրս էր տանում ամենանողկալի և ամենաանուղղելի հանցագործներին։ Այդպես մեզնից խուսափեցին անաստված աստղաբան Բագիր Կիսենացին, հանցագործ ալքիմիկոս Սինդան, որը, ինչպես ապացուցվել է, կապված էր սատանայի ու իրուկանյան իշխանությունների հետ։ Նողկալի պամֆլետներ գրող և անդորրը խանգարող Ցուրենը և մի շարք այլ՝ ավելի ցածր կարգի հանցագործներ։ Անհետացել է ցնդած կախարդ և մեխանիկ Կաբանին։ Ինչ֊որ մեկը ահագին ոսկի է ծախսել, որպեսզի խանգարեր նորին մեծության նախկին լեյբհեքիմների, լրտեսների ու թունավորողների նկատմամբ արդար դատաստանի ի կատար ածմանը։ Ոմն մեկը, հիրավի ֆանտաստիկ հանգամանքներում, որը դարձյալ ստիպում է մտածել մարդկային ցեղի թշնամու մասին, բանտից ազատեց այլասերված ճիվաղ և ժողովրդական հոգիները ավաղաղող, գեղջկական խռովության պարագլուխ Արատա Սապատավորին․․․ ― Դոն Ռեբան դադար տվեց ու, շարժելով ճակատի մաշկը, բազմանշանակ նայեց Ռումատային։
Ռումատան, աչքերը գցելով առաստաղին, երազկոտ ժպտում էր։ Արատա Սապատավորին ինքը փախցրեց ուղղաթիռով։ Պահակների վրա դա ահավոր տպավորություն էր թողել։ Ի դեպ՝ նաև Արատայի վրա։ Ինչևիցե, կեցցե՛մ ես, մտածեց նա։ Լա՛վ եմ աշխատել։
― Ու թող հայտնի լինի ձեզ, ― շարունակեց դոն Ռեբան, ― որ վերոհիշյալ ավազակը այժմ գլխավորում է մետրոպոլիայի արևելյան մարզերում ապստամբած ռամիկներին, առատորեն հեղեղելով ազնիվ մարդկանց արյունը, և ոչ փողի կարիք է զգում, ոչ էլ զենքի։
― Հավատում եմ, ― ասաց Ռումատան։ ― Նա միանգամից ինձ վրա թողեց խիստ վճռական մարդու տպավորություն։
― Եվ այսպես, դուք խոստովանո՞ւմ եք, ― իսկույն ասաց դոն Ռեբան։
― Ի՞նչը, ― զարմացավ Ռումատան։
Որոշ ժամանակ նրանք նայում էին իրար աչքերի մեջ։
― Ես շարունակում եմ, ― ասաց դոն Ռեբան։ ― Հոգիներն ապականող այս մարդկանց փրկելու համար դուք, դոն Ռումատա, իմ համեստ ու ոչ լրիվ հաշվումներով, ծախսել եք ոչ պակաս երեք փութ ոսկի։ Ես չեմ խոսում այն մասին, որ Արկանարյան թագավորությունում գտնվելու ողջ ընթացքում դուք ձեր Էստորյան տերությունից մի գրոշ անգամ չեք ստացել, ասենք, ինչո՞ւ պիտի ստանայիք։ Ինչո՞ւ պիտի փող մատակարարեն հանգուցյալին, թեկուզ նա լինի իրենց հարազատը։ Բայց ձեր ոսկին․․․ ― Նա բացեց թղթերի կույտի տակ դրած զարդատուփը և Պիցա Վեցերորդի պատկերով մի բուռ ոսկեդրամ հանեց այնտեղից։ ― Հենց միայն այս ոսկին բավական կլիներ, որ ձեզ այրեինք խարույկի բոցերի մեջ, ― ճչաց նա։ Սա դիվային ոսկի է։ Մարդկային ձեռքերն անկարող են պատրաստել այսպիսի մաքրության ոսկի։ ― Նա հայացքով շաղափեց Ռումատային։
Այո, մեծահոգաբար մտածեց Ռումատան, դա լա՛վ է գտել։ Կեցցե՛։ Այդ մասին մենք, թերևս չէինք մտածել։ Ու, թերևս, նա առջինն է նկատել։ Սա պետք է հաշվի առնել․․․
Հանկարծ Ռեբան նորից հանգեց։ Նրա ձայնի մեջ հնչեցին կարեկցական, հայրական նոտաներ․
― Եվ ընդհանրապես, դուք շատ անզգույշ եք պահում ձեզ, դոն Ռումատա։ Ես այս ամբողջ ժամանակաընթացքում շատ էի անհանգստանում ձեզ համար․․․Դուք այնպիսի մենամարտիկ եք, այնպիսի կռվասեր․․․ Հինգ տարվա ընթացքում՝ հարյուր քսանվեց մենամարտ։ Եվ ոչ մի սպանված․․․ Վերջ ի վերջո դրանից կարելի էր հետևություններ անել։ Ես, օրինակ, արեցի։ Եվ ո՛չ միայն ես։ Օրինակ, այս գիշեր եղբայր Աբան, տհաճ բան է հանգուցյալների մասին վատ խոսելը, բայց նա շատ դաժան մարդ էր, ես, խոստովանում եմ, միշտ դժվարությամբ եմ նրան դիմացել․․․ Այսպես, ուրեմն, եղբայր Աբան ձեզ ձերբակալելու համար տրամադրել էր ոչ թե ամենահմուտ ռազմիկներին, այլ ամենահաստերին ու ամենաուժեղներին։ Եվ նա ճիշտ դուրս եկավ։ Մի քանի հոդահանված ձեռքերը, ճմլված վզերն ու ջարդված ատամները հաշիվ չեն․․․ Եվ ահա դուք այստեղ եք։ Իսկ չէ՞ որ դուք չէիք կարող չիմանալ, որ ձեր կյանքը փրկելու համար էիք կռվում։ Դուք վարպետ եք։ Դուք, անկասկած, Կայսրության լավագույն սուրն եք։ Դուք, անկասկած, ձեր հոգին ծախել եք սատանային, քանզի միայն դժոխքում կարելի է սովորել կռվելու այդ անհավանական, առասպելական եղանակները։ Ես նույնիսկ պատրաստ եմ ընդունել, որ այդ հմտությունը ձեզ տրվել է մի պայմանով՝ չսպանել։ Թեև դժվար է պատկերացնել, թե սատանայի ինչի՞ն է պետք նման պայմանը։ Բայց թող դրա վրա գլուխ կոտրեն մեր տիրացուները․․․
Խոճկորային բարակ ճղճղոցն ընդհատեց նրան։ Նա դժգոհ հայացք գցեց մանուշակագույն վարագույրների կողմը։ Այնտեղ կռվում էին։ Լսվում էին խուլ հարվածներ ու ճչոցներ․ «Թողե՛ք, բաց թողե՜ք», ու էլի ինչ֊որ խռպոտ ձայներ, հայհոյանք, անծանոթ բարբառով բացականչություններ։ Հետո վարագույրը ճռթճռթալով պոկվեց տեղից ու ընկավ հատակին։ Աշխատասենյակ ներս ընկավ ու հատակին չորեքթաթ փռվեց ճաղատ, արյունոտ կզակով ու սոսկալիորեն չռված աչքերով մի մարդ։ Վարագույրի հետևից մեկնվեցին վիթխարի թաթեր, բռնեցին այդ մարդու ոտքերից ու հետ քաշեցին։ Ռումատան ճանաչեց նրան․ դա Բուդախն էր։ Նա կատաղած գոռում էր։
― Խաբեցի՜ք․․․ Խաբեցի՜ք․․․ Ախր դա թույն էր․․․ Ինչի՞ համար։
Նրան քարշ տվին մթության մեջ։ Սևազգեստ մեկը արագ տեղը կախեց վարագույրը։ Վրա հասած լռության մեջ վարագույրի հետևից լսվեցին զզվելի ձայներ․ ինչ֊որ մեկը սիրտը թափում էր։ Ռումատան հասկացավ։
― Որտե՞ղ է Բուդախը, ― կտրուկ հարցրեց Ռումատան։
― Ինչպես տեսնում եք, նրան ինչ֊որ դժբախտություն է պատահել, ― պատասխանեց Դոն Ռեբան, սակայն, նկատվում էր, որ նա շփոթված է։
― Գլուխ մի՛ տարեք, ― ասաց Ռումատան։ ― Որտե՞ղ է Բուդախը։
― Ա՜խ, դոն Ռումատա, ― ասաց դոն Ռեբան՝ գլուխն օրորելով։ Նա արդեն տիրապետել էր իրեն։ ― Ձեր ինչի՞ն է պետք Բուդախը։ Ինչ է, նա ձեր ազգակա՞նն է։ Չէ՞ որ դուք նրան ոչ մի անգամ չեք տեսել։
― Լսեք, Ռեբա, ― կատաղած ասաց Ռումատան։ ― Ես կատակ չեմ անում ձեզ հետ։ Եթե Բուդախին մի բան պատահի, դուք շան պես կսատկեք։ Ես ձեզ փոշի կդարձնեմ։
― Չեք հասցնի, ― արագ ասաց դոն Ռեբան։ Նա շատ գունատ էր։
― Դուք հիմար եք, Ռեբա։ Դուք փորձված բանսարկու եք, բայց ոչ մի բան չեք հասկանում։ Կյանքում ոչ մի անգամ դուք այսպիսի վտանգավոր խաղ չէիք ձեռնարկել, ինչպես հիմա։ Եվ նույնիսկ չեք էլ կռահում դրա վտանգավորությունը։
Դոն Ռեբան կծկվեց նստած տեղը, նրա աչքերն վառվում էին ածուխների պես։ Ռումատան զգում էր, որ ինքն էլ երբեք այդքան մոտ չի եղել կործանման։ Խաղաթղթերը բացվում էին։ Վճռվում էր, թե այս խաղում ով պիտի լիներ հաղթողը։ Ոչ մի զենք՝ ոչ նիզակը, ո՛չ նետը, ակնթարթաբար չի սպանում։ Այս միտքն ակնհայտորեն արտահայտվեց դոն Ռեբայի մռութի վրա։ Թութքավոր ծերուկն ապրել էր ուզում։
― Դեհ, ինչ եք խոսում, ախր․․․ ― լացակումած ասաց նա։ ― Նստած խոսում էինք․․․ Դեհ, կենդանի է ձեր Բուդախը, հանգստացեք, ողջ֊առողջ է։ Նա դեռ պիտի ինձ բուժի։ Մի՛ տաքացեք։
― Որտե՞ղ է Բուդախը։
― Ուրախ աշտարակում։
― Նա ինձ հարկավոր է։
― Նա ինձ էլ է հարկավոր, դոն Ռումատա։
― Լսեք, Ռեբա, ― ասաց Ռումատան, ― ինձ մի՛ ջղայնացրեք։ Ու վերջ տվեք ձևեր թափելուն։ Դուք հո վախենում եք ինձնից։ Եվ ճիշտ եք անում։ Բուդախն ինձ է պատկանում, հասկանո՞ւմ եք։ Ինձ։
Հիմա երկուսն էլ կանգնած էին։ Ռեբան ահավոր էր, զարզանդելի։ Նա կապտել էր, շրթունքները ջղաձգորեն ցնցվում էին, նա ինչ֊որ բան էր շշնջում՝ թուք շաղ տալով շուրջը։
― Լակո՜տ, ― ֆշշացրեց նա։ ― Ես ոչ ոքից չեմ վախենում։ Ես կարող եմ տզրուկի պես ճզմել քեզ։ ― Նա հանկարծ հետ դարձավ ու պոկեց իր մեջքի հետևում կախած գոբելենը։ Բացվեց մի լայն պատուհան։ ― Նայի՛ր։
Ռումատան մոտեցավ պատուհանին, որը նայում էր պալատի հրապարակին։ Արդեն լուսանում էր։ Գորշ երկինք էր բարձրանում հրդեհնեի ծուխը։ Հրապարակում դիակներ էին թափված։ Իսկ կենտրոնում սևին էր տալիս մի անշարժ, հավասարաշար քառակուսի։ Ռումատան լարեց տեսողությունը։ Դրանք հեծյալներ էին, որ կանգնած էին աներևակայելիորեն հավասար շարքով, երկար, սև թիկնոցներով, սև վեղարներով, որոնց տակից աչքերը չէին երևում։ Ձախ ձեռքում նրանք պահում էին եռանկյունի, սև վահաններ, իսկ աջով՝ երկար տեգեր։
― Խընդ֊րեմ, ― ասաց դոն Ռեբան կափկափող ձայնով։ Նա ամբողջ մարմնով դողում էր։ ― Մեր տիրոջ խոնարհ զավակներն են, Սուրբ Միաբանության հեծելազորը։ Այս գիշեր են ժամանել Արկանարի նավահանգիստ, որ ճնշեն Վագա Անվի գիշերային քնձռոտների ու սնապարծ խանութպանների բարձրացրած բարբարոսական խռովությունը։ Խռովությունը ճնշված է։ Սուրբ Միաբանությունը տիրացել է քաղաքին ու երկրին, այսուհետև՝ Միաբանության Արկանարյան մարզին։
Ռումատան բնազդաբար քորեց ծոծրակը։ Այ քեզ բա՜ն, մտածեց նա։ Ահա թե ում համար էին ճանապարհ բացում ողորմելի խանութպանները։ Այ սա պրովոկացիա է։ Դոն Ռեբան հաղթանակած ժպտում էր՝ բացելով ատամները։
― Մենք դեռևս անծանոթ ենք, ― նույն կափկափող ձայնով շարունակեց նա։ ― Թույլ տվեք ներկայանալ․ Արկանարի մարզի Սուրբ Միաբանության կուսակալ, եպիսկոպոս և ռազմական մինիստր, աստծո սպասավոր Ռեբա։
Բայց չէ՞ որ կարելի էր գլխի ընկնել, մտածում էր Ռումատան։ Այնտեղ, ուր տնօրինում է գորշությունը, իշխանությունը միշտ էլ ընկնում է սևերի ձեռքը։ Է՛հ, պատմաբաններ, գրողը տանի ձեզ․․․ Նա ձեռքերը դրեց մեջքին և սկսեց ետ ու առաջ օրորվել։
― Հիմա ես հոգնել եմ, ― զզվանքով ասաց նա։ ― Ես քնել եմ ուզում։ Ուզում եմ լվացվել տաք ջրով ու վրայիցս մաքրել ձեր մարդասպանների արյունն ու փսլինքը․․․ Վաղը․․․ ավելի ճիշտ, այսօր, ասենք մայրամուտից մեկ ժամ հետո ես կգամ ձեր գրասենյակը։ Մինչև այդ պետք է պատրաստ լինի Բուդախի ազատման հրամանը։
― Նրանք քսան հազա՜ր են, ― գոռաց դոն Ռեբան, ձեռքով ցույց տալով պատուհանը։
Ռումատան դեմքը կնճռոտեց։
― Խնդրում եմ, մի քիչ կամաց, ― ասաց նա։ ― Ու հիշեք, Ռեբա, ես շատ լավ գիտեմ, որ դուք ոչ մի եպիսկոպոս էլ չեք։ Ես ձեզ շատ լավ եմ ճանաչում։ Դուք պարզապես կեղտոտ դավաճան եք ու անշնորհք, էժան բանսարկու․․․ ― Դոն Ռեբան լիզեց շրթունքները։ Նրա աչքերն ապակիացան։ Ռումատան շարունակեց․ ― Ես անողորմ եմ։ Իմ կամ ի՛մ բարեկամների նկատմամբ ձեր կատարած ամեն մի ստորության համար դուք պատասխան կտաք ձեր գլխով։ Ես ձեզ ատում եմ, նկատի ունեցեք սա։ Ես համաձայն եմ հանդուրժել ձեզ։ Բայց դուք ստիպված կլինեք սովորել ժամանակին հեռանալ իմ ճանապարհից։ Դուք ինձ հասկացա՞ք։
Դոն Ռեբան, աղերսալից ժպտալով, շտապեց ասել․
― Ես մի բան եմ ուզում, որ դուք ինձ մոտ լինեք, դոն Ռումատա։ Ես չեմ կարող ձեզ սպանել։ Չգիտեմ ինչո՞ւ, բայց չեմ կարող։
Վախենում եք, ― ասաց Ռումատան։
― Դե վախենում եմ, ― համաձայնեց դոն Ռեբան։ ― Միգուցե դուք սատանա եք։ Միգուցե՝ աստծո որդի։ Ո՞վ գիտի։ Իսկ գուցե անդրծովյան հզոր երկրից եկած մարդ եք․ ասում են, որ այդպիսիք էլ կան․․․ Ես նույնիսկ չեմ փորձում նայել այն անդունդը, որտեղից դուք հայտնվել եք։ Գլուխս սկսում է պտտվել, ու ես զգում եմ, որ մոլորվում եմ։ Բայց ես էլ կարող եմ ձեզ սպանել։ Ուզած պահին։ Հիմա։ Վաղը։ Երեկ։ Դուք դա հասկանո՞ւմ եք։
― Դա ինձ չի հետաքրքրում, ― ասաց Ռումատան։
― Իսկ ի՞նչը․․․ ի՞նչն է ձեզ հետաքրքրում։
― Ինձ ոչ մի բան չի հետաքրքրում, ― ասաց Ռումատան։ ― Ես զվարճանում եմ։ Ես ոչ սատանա եմ և ոչ էլ աստված, ես Ռումատա Էստորացի ասպետն եմ, ուրախ, տոհմիկ ազնվական, որն ունի իր քմահաճույքներն ու նախապաշարումները և սովոր է ազատ լինել բոլոր պարագաներում։ Կհիշե՞ք։
Դոբ Ռեբան արդեն ուշքի էր եկել։ Նա թաշկինակով սրբեց դեմքը ու հաճելի ժպտաց։
― Ես գնահատում եմ ձեր համառությունը, ― ասաց նա։ ― Ի վերջո դուք էլ եք ինչ֊որ իդեալների ձգտում։ Եվ ես հարգում եմ այդ իդեալները, թեև չեմ հասկանում դրանք։ Ես շատ ուրախ եմ, որ մենք բացատրվեցինք։ Հնարավոր է, որ դուք երբևիցե կշարադրեք ձեր հայացքները, ու լիովին բացառված չէ, որ ինձ կստիպեք վերանայել իմ հայացքները։ Մարդիկ հակված են սխալներ կատարելու։ Միգուցե ես սխալվում եմ և ձգտում եմ հասնել ոչ այն նպատակին, հանուն որի արժեր տքնել այսքան ջանադիր ու անշահախնդիր կերպով, ինչպես ես եմ աշխատում։ Ես լայն հայացքների տեր մարդ եմ ու լիովին կարող եմ պատկերացնել, որ երբևիցե ուս ուսի տված կաշխատեմ ձեր հետ․․․
― Դա հետո կերևա, ― ասաց Ռումատան ու քայլեց դեպի դուռը։ Ողորմելի, մտածեց նա։ Չէ մի՝ աշխատակի՜ց։ Ուս ուսի տված․․․
․․․ Քաղաքը բռնված էր անտանելի սարսափով։ Կարմրավուն վաղորդյան արևը մռայլ լուսավորում էր ամայի փողոցները, ծխացող ավերակները, պոկված խլափեղկերը, կոտրված դռները։ Փոշու մեջ արնակարմիր գույներով փայլփլում էին ապակիների բեկորները։ Բյուրավոր ագռավներ երամներով իջել էին քաղաք, ինչպես իջնում են բաց դաշտում։ Հրապարակներում և խաչմերուկներում երկու֊երեք հոգանոց փոքրիկ խմբերով տնկված սևազգեստ հեծյալները ամբողջ մարմնով դանդաղ շուռումուռ էին գալիս թամբի վրա ու նայում էին աչքներին իջեցրած վեղարների նեղ ճեղքերից։ Հողի մեջ հապճեպ խրված սյուների վրա շղթայակապ օրորվում էին ածխացած մարմինները, որոնց տակ վառած կրակն արդեն հանգել էր։ Թվում էր, թե քաղաքում ոչ մի կենդանի շունչ չկա․ միայն կռնչացող ագռավներ և սևազգեստ գործնական մարդասպաններ․․․
Ռումատան ճանապարհի կեսն անցավ փակ աչքերով։ Նա շնչահեղձ էր լինում, անտանելի ցավում էր ջարդված մարմինը։ Մա՞րդ են սրանք, թե մարդ չեն։ Ի՞նչ կա սրանց մեջ մարդկային։ Ոմանց սպանում են հենց փողոցում, մյուսները նստած են տանը և հնազանդորեն սպասում են իրենց հերթին։ Ու ամեն մեկը մտածում է՝ ում ուզում են թող սպանեն, բայց ոչ ինձ։ Սպանողների սառնարյուն գազանություն ու սպանվողների սառնարյուն հնազանդություն։ Սառնարյունություն, ահա թե ինչն է ամենասարսափելին։ Սարսափից քարացած տասը մարդ կանգնել ու հնազանդորեն սպասում են, իսկ մեկը մոտենում է, ընտրում է զոհին և սառնարյունությամբ մորթում նրան։ Այս մարդկանց հոգիները ապականված են, ու հլու հնազանդ սպասողականության յուրաքանչյուր ժամը ավելի ու ավելի է ապականում նրանց հոգիները։ Այ հենց հիմա, այս մեռյալ տներում աներևութաբար ծնվում են ստորներ, մատնիչներ, մարդասպաններ, ամբողջ կյանքում ահաբեկված մարդիկ իրենց երեխաներին էլ կսովորեցնեն վախենալ, ու սրանք էլ իրենց երեխաներին կփոխանցեն այդ վախը։ Ես այլևս չեմ կարող, ինքն իրեն ասաց Ռումատան։ Մի քիչ էլ, ու կցնդեմ, կդառնամ սրանց նման։ Մի քիչ էլ, ու ես իսպառ կդադարեմ հասկանալ, թե ինչու եմ այստեղ։ Պետք է պառկել, երեսը շրջել այս ամենից, հանգստանալ․․․
«․․․ Ջրի տարվա վերջում (նոր թվարկության ինչ֊որ տարում) հինավուրց Կայսրությունում զգալիորեն ուժեղացան, կենտրոնախույս երևույթները։ Օգտվելով դրանից, Սուրբ Միաբանությունը, որն ըստ էության ներկայացնում էր ֆեոդալական հասարակության ամենառեակցիոն խմբերի շահերը և որը ամեն կերպ ձգտում էր կասեցնել դիսիպացիան․․․»։ Իսկ դուք գիտե՞ք, թե ինչ հոտ ունեին սյուներին շխթաներով կապված վառվող դիակները։ Իսկ դուք երբևիցե տեսե՞լ եք փողոցի փոշու մեջ ընկած ճղված փորով մերկ կին։ Իսկ դուք տեսե՞լ եք քաղաքներ, որտեղ մարդիկ լռում են և միայն կռնչում են ագռավները։ Դո՛ւք, Արկանարի հանրապետության դպրոցներում ոսումնական ստերեոցույցների դիմաց նստած տղաներ ու աղջիկներ, որ դեռ չեք ծնվել։
Նա կրծքով կպավ ինչ֊որ պինդ և սուր բանի։ Նրա դիմաց կանգնած էր մի սև հեծյալ։ Ռումատայի կրծքին էր կպել սրածայր ատամներով երկար տեգը։ Հեծյալը իր վեղարի սև ճեղքերից մռայլ նայում էր նրան։ Վեղարի տակին միայն երևում էին բարակ շրթունքներով բերանը և փոքրիկ կզակը։ Պետք է ինչ֊որ բան անել, մտածեց Ռումատան։ Բայց ի՞նչ։ Ձիուց ցա՞ծ գցեմ սրան։ Ոչ։ Հեծյալը դանդաղ հետ քաշեց տեգը նրա կրծքից։ Ախ, հա՜․․․ Ռումատան ծուլորեն բարձրացրեց ձախ ձեռքը ու մի քիչ վեր քաշեց թևքը ցույց տալով երկաթե ապարանջանը, որը նրան տվել էին պալատից դուրս գալուց։ Հեծյալը ուշադիր նայեց, հետո բարձրացրեց նիզակն ու հեռացավ։ «Հանուն աստծո», ― խուլ ձայնով և տարօրինակ առոգանությամբ ասաց նա։ «Հանուն նրա», ― մրմրնջաց Ռումատան և առաջ անցավ մի ուրիշ հեծյալի մոտով, որը նիզակով ճգնում էր ցած բերել տանիքի տակ դրված փայտից քանդակված ուրախ սատանայի արձանիկը։ Երկրոդ հարկի կիսաբաց փեղկի հետևից երևվաց սարսափից քարացած մի հաստ դեմք, երևի մեկն այն խանութպաններից, որոնք դեռ երեք օր առաջ գարեջուր էին խմում, գոռում էին «Կեցցե՜ դոն Ռեբան» և հաճույքով ունկնդրում էին պայտած սապոգների հատու դոփյունը՝ «դը՛մփ, դը՛մփ, դը՛մփ․․․»։ Ա՜խ, գորշություն, գորշություն․․․ Ռումատան դեմքը շրջեց։
Ւսկ իմ տո՞ւնը, հանկարծ հիշեց նա ու արագացրեց քայլերը։ Վերջին թաղամասը անցավ գրեթե վազելով։ Տունը կանգուն էր։ Աստիճանների վրա նստած երկու վանականները վեղարները հանել էին ու վատ սափրված գլուխները դեմ տվել արևին։ Տեսնելով Ռումատային՝ նրանք վեր կացան։ «Հանուն տեր աստծո», ― միաձայն ասացին նրանք։ «Հանուն նրա, ― պատասխանեց Ռումատան։ ― Ի՞նչ եք անում այստեղ»։ Վանականները խոր գլուխ տվին նրան՝ ձեռքները խաչելով փորերին։ «Դուք եկաք, ու մենք կգնանք», ― ասաց նրանցից մեկը։ Վանականները իջան աստիճաններից և դանդաղ հեռացան՝ կծկվելով ու ձեռքները մտցնելով թևքերի մեջ։ Ռումատան նայեց նրանց հետևից ու հիշեց, որ փողոցներում մի հազար անգամ տեսել էր այս սքեմավոր հնազանդ կերպարանքները, միայն թե այն ժամանակ նրանց հետևներից փոշում մեջ քարշ չէին գալիս երկար թրերը։ Աչքաթող արինք, ա՜խ, ինչպես աչքաթող արինք, ― մտածեց նա։ ― Ազնվազարմ դոները ինչպե՜ս էին զվարճանում, երբ կպչում էին միայնակ վանականի։ Հետևից ու նրա գլխի վրայով իրար պատմում էին անվայելուչ պատմություններ։ Իսկ ինքը, հարբած ձևանալով, քայլում էր նրանց հետևից ու բարձրաձայն քրքջում, ուրախանալով, որ Կայսրությունը գոնե չի բռնված կրոնական մոլեռանդությամբ․․․ Իսկ ի՞նչ կարելի է անել։ Այո, ի՞նչ կարելի է անել։
― Ո՞վ է, ― հարցրեց մի դողդոջուն ձայն։
― Մուգա, բաց արա, ես եմ, ― կամաց ասաց Ռումատան։
Շրխկացին փակերը, դուռը բացվեց, և Ռումատան մտավ միջանցք։ Այստեղ ամեն ինչ նույնն էր, և Ռումատան թեթևացած շունչ քաշեց։ Ծերուկ, ճերմակահեր Մուգան, գլուխը ցնցելով, սովորական ակնածանքով ձեռքը մեկնեց՝ վերցնելու սաղավարտն ու թրերը։
― Կիրան որտե՞ղ է, ― հարցրեց Ռումատան։
― Կիրան վերևում է, ― ասաց Մուգան։ ― Նա ողջ առողջ է։
― Հրաշալի է, ― ասաց Ռումատան, վրայից հանելով թրերով գոտին։ ― Իսկ Ունո՞ն որտեղ է։ Ւնչո՞ւ չի դիմավորում ինձ։
Մուգան թրերը վերցրեց նրա ձեռքից։
― Ունոն սպանված է․․․ ― հանգիստ ասաց նա։ ― Ծառաների սենյակում է։
Ռումատան աչքերը փակեց․
― Ունոն սպանված է․․․ ― կրկնեց նա։ ― Ո՞վ սպանեց նրան։
Չսպասելով պատասխանի, նա քայլերն ուղղեց ծառաների սենյակ։ Ունոն պառկած էր սեղանի վրա և մինչև գոտկատեղը ծածկված էր սավանով՝ ձեռքերը կրծքին ծալված, աչքերը լայն բացված, բերանը ծռված։ Վշտահար ծառաները կանգնել էին սեղանի շուրջը և լսում էին անկյունում աղոթք մրմնջացող վանականին։ Խոհարարուհին լաց էր լինում։ Աչքերը չկտրելով տղայից, Ռումատան անհնազանդ մատներով սկսեց արձակել բաճկոնի օձիքի կոճակները։
― Սրիկաներ․․․ ― ասաց նա։ ― Բոլորը սրիկա են։
Նա օրորվելով մոտեցավ սեղանին, նայեց սառած աչքերին, մի քիչ բարձրացրեց սավանն ու իսկույն էլ իջեցրեց։
― Այո, ուշ է, ― ասաց նա։ ― Ուշ է․․․ Անհուսալի․․․ Ա՜խ, սրիկաներ։ Ո՞վ սպանեց նրան։ Վանականնե՞րը։ ― Նա շրջվեց վանականի կողմը, թափով վեր բարձրացրեց ու նայեց նրա դեմքին։ ― Ո՞վ սպանեց, ― ասաց նա։ ― Ձերո՞նք։ Խոսի՛ր։
― Վանականները չեն սպանել, ― նրա թիկունքից ցածր ասաց Մուգան։ ― Գորշ զինվորներն են սպանել․․․
Ռումատան դեռ շարունակում էր նայել վանականի նիհար դեմքին, դանդաղորեն լայնացող բիբերին․ «Հանուն աստծո․․․» ― շշնջաց վանականը։ Ռումատան ցած դրեց նրան, նստեց Ունոյի ոտքերի մոտ դրված աթոռին ու լաց եղավ։ Նա լաց էր լինում, դեմքը ձեռքերով ծածկած, և լսում էր Մուգայի բեկբեկուն ու անտարբեր ձայնը։ Մուգան պատմում էր, թե ինչպես երկրորդ պահակությունից հետո դուռը բախեցին թագավորի անունով, և Ունոն գոռում էր, որ չբացեն, բայց ստիպված եղան բացել, որովհետև գորշերը սպառնում էին տունը հրդեհել։ Նրանք ներխուժեցին միջանցք, ծեծեցին ու կապկպեցին ծառաներին, իսկ հետո աստիճաններով վեր բարձրացան։ Ունոն, որ կանգնած էր ննջարանի դռան մոտ, սկսեց նետեր արձակել նրանց վրա։ Նա երկու աղեղնաազեն ուներ և հասցրեց երկու անգամ նետ արձակել, բայց մի անգամ վրիպեց։ Գորշերը նրա վրա շպրտեցին դանակները, և Ունոն վայր ընկավ։ Նրանք ցած իջեցրին տղային ու սկսեցին կոխկրտել և կացիններով խփել, բայց հենց այդ ժամանակ ներս մտան չորս վանական։ Նրանք տեղնուտեղը սպանեցին գորշ զինվորներից երկուսին, իսկ մնացածների զենքերը խլեցին, պարանները գցեցին նրանց վզները ու քարշ տալով տարան փողոց։
Մուգայի ձայնը լռեց, բայց Ռումատան դեռ երկար նստած մնաց Ունոյի ոտքերի մոտ՝ արմունկները հենած սեղանին։ Հետո ծանրորեն վեր կացավ, թևքով սրբեց արցունքները, որ մնացել էին երկու օր չսափրված դեմքի մազերի մեջ, համբուրեց տղայի սառը ճակատն ու, դժվարությամբ շարժելով որքերը, դանդաղ բարձրացավ վերև։
Հոգնածությունից ու ապրումներից նա ուժասպառ էր եղել։ Մի կերպ հաղթահարելով աստիճանները, անցավ հյուրասենյակով, հասավ մահճակալին ու տնքալով ընկավ բարձերի վրա։ Վազելով եկավ Կիրան։ Ռումատան այնքան տանջված էր, որ նույնիսկ չկարողացավ աղջկան օգնել իր շորերը հանելիս․․․ Կիրան նրա հագից հանեց երկարաճիտ կոշիկները, հետո լաց լինելով, երբ տեսավ նրա ուռած դեմքը, հանեց պատռված համազգեստը, մետաղապլաստե շապիկը և նորից լաց եղավ նրա ծեծված մարմնի տեսքից։ Միայն հիմա Ռումատան զգաց, որ բոլոր ոսկորները ցավում են, ինչպես լինում էր գերբեռնվածության փորձարկումների ժամանակ։ Կիրան քացախի մեջ թրջված սպունգով շփում էր նրա մարմինը, իսկ նա, աչքերը չբացելով, տնքում էր ատամների արանքից ու մրմնջում․ «Բայց չէ՞ որ կարող էի նրան շրխկացնել։ Կոխքն էի կանգնած․․․ Կարող էի երկու մատով խեղդել։ Մի՞թե սա կյանք է, Կիրա։ Գնանք այստեղից․․․ Սա փորձ էր իմ գլխին, և ոչ թե նրանց․․․»։ Նա նույնիսկ չէր զգում, որ ռուսերեն է խոսում։ Կիրան արցունքներից ապակիացած աչքերով վախվորած նայում էր նրան ու անխոս համբուրում դեմքը։ Հետո մաշված սավաններով ծածկեց նրան (Ունոն այդպես էլ չգնեց նորերը) ու նորից ներքև վազեց, որ գինի տաքացնի նրա համար, իսկ նա սողալով իջավ անկողնուց և, բոբիկ ոտքերը քստքստացնելով ու ցավից տնքալով, գնաց աշխատասենյակ, բացեց սեղանի գաղտնի դարակը, հանեց դեղարկղն ու սպորամինի մի քանի հաբ կուլ տվեց։ Երբ Կիրան վերադարձավ արծաթե սկուտեղի վրա դրված գոլորշապատ կաթսայով՝ նա արդեն պառկած էր անկողնում ու լսում էր, թե ինչպես է ցավը հեռանում, լռում է աղմուկը գլխում, և մարմինը լցվում է նոր ուժով ու ավյունով։ Դատարկելով կաթսայիկը, նա իրեն լրիվ լավ զգաց, կանչեց Մուգային և հրամայեց հագուստները բերել։
― Մի՛ գնա, Ռումատա, ― ասաց Կիրան։ ― Մի՛ գնա։ Տանը մնա։
― Պետք է փոքրիկս։
― Ես վախենում եմ, մնա․․․ Քեզ կսպանեն։
― Ի՞նչ ես ասում։ Ինչո՞ւ պիտի սպանեն։ Նրանք ինձնից վախենում են։
Կիրան նորից լաց եղավ։ Նա լալիս էր կամացուկ, մի տեսակ երկյուղած, ասես վախենում էր, որ Ռումատան կբարկանա։ Ռումատան նրան նստեցրեց ծնկներին ու սկսեց շոյել մազերը։
― Ամենասոսկալին արդեն անցավ, ― ասաց նա։ ― Եվ հետո՝ մենք չէ՞ որ մեկնելու ենք այստեղից։
Կիրան լռեց ու փարվեց նրան։ Մուգան, գլուխը ցնցելով, անտարբեր կանգնել էր նրանց կողքը, տիրոջ ոսկե բոժոժիկներով տաբատը ձեռքին պահած։
― Բայց նախ պետք է ահագին բան անել այստեղ, ― շարունակեց Ռումատան։ ― Այս գիշեր շատերին են սպանել։ Հարկավոր է իմանալ, թե ով է սպանվել, ով ողջ մնացել։ Եվ հարկավոր է փրկել նրանց, ում ուզում են սպանել։
― Իսկ ո՞վ կօգնի քեզ։
― Երջանիկ է նա, ով մտածում է ուրիշների մասին․․․ Եվ, բացի այդ, ինձ ու քեզ օգնում են շատ զորեղ մարդիկ։
Ես չեմ կարող ուրիշների մասին մտածել, ― ասաց Կիրան։ ― Դու գրեթե կիսամեռ ես վերադարձել։ Ես տեսնում եմ՝ քեզ ծեծել են։ Իսկ Ունոյին սպանեցին։ Որտե՞ղ էին քո զորեղ մարդիկ։ Ինչո՞ւ նրանք չկանխեցին այս սպանությունները․․․ Չեմ հասկանում․․․
Կիրան փորձեց դուրս պրծնել նրա գրկից, բայց նա ամուր գրկել էր աղջկան։
― Ինչ արած, ― ասաց Ռումատան։ ― Այս անգամ նրանք մի քիչ ուշացան։ Բայց հիմա դարձյալ հետևում են մեզ ու պահպանում։ Ինչո՞ւ ինձ չես հավատում այսօր։ Չէ՞ որ միշտ հավատում էիր ինձ։ Դու ինքդ էլ տեսար, որ ես կիսամեռ հասա տուն, իսկ հիմա նայիր ինձ․․․
― Չեմ ուզում նայել, ― ասաց Կիրան, դեմքը թաքցնելով։ ― Չեմ ուզում նորից լաց լինել։
― Դե լավ, մի քանի քերծվածքները հեչ բան են․․․ ամենասոսկալին անցած է։ Համենայն դեպս՝ ինձ ու քեզ համար։ Բայց կան շատ լավ մարդիկ, որոնց համար այս արհավիրքը դեռ չի վերջացել։ Ու ես պարտավոր եմ օգել նրանց։
Կիրան խոր հառաչեց, համբուրեց Ռումատայի պարանոցն ու կամացուկ դուրս եկավ նրա գրկից։
― Այսօր երեկոյան տուն արի, ― խնդրեց նա։ ― Կգա՞ս։
― Անպայման, ― ջերմորեն ասաց Ռումատան։ ― Ես ավելի շուտ կգամ և հավանաբար, ո՛չ մենակ։ Ճաշին սպասիր ինձ։
Կիրան նստեց բազկաթոռին ու, ձեռքերը դնելով ծնկներին, նայում էր, թե ինչպես է նա հագնվում։ Քթի տակ ռուսերեն բառեր փնթփնթալով, Ռումատան հագավ բոժոժիկներով տաբատը (Մուգան իսկույն պպզեց ու սկսեց կոճկել բազմաթիվ կոճակներն ու ճարմանդները), մաքուր մայկայի վրայից կրկին հագավ օրհնյալ օղազրահը և, վերջապես, հուսահատ ասաց․
― Դե հասկացիր, փոքրիկս, որ ես պետք է գնամ։ Ի՞նչ արած։ Չեմ կարող չգնալ։
Հանկարծ Կիրան մտախոհ ասաց․
― Չեմ հասկանում, թե ինչո՞ւ դու ինձ չես ծեծում։
Շքեղ օձիքով շապիկը կոճկող Ռումատան մի պահ քարացավ։
― Այսինքն, ոնց թե՝ ինչո՞ւ չեմ ծեծում, ― շփոթված հարցրեց նա։ ― Մի՞թե քեզ կարելի է ծեծել։
― Դու ոչ միայն բարի, լավ մարդ ես, ― շարունակեց Կիրան, առանց նրան լսելու, ― այլ նաև շատ տարօրինակ ես։ Ոնց որ հրեշտակապետ լինես․․․ Երբ դու իմ կողքին ես, ես ոչ մի բանից չեմ վախենում։ Այ հիմա չեմ վախենում․․․ Մի օր անպայման մի բան կհարցնեմ քեզ։ Դու հետո, հիմա չէ, հետո, երբ ամեն ինչ կանցնի, ինձ կպատմես քո մասին։
Ռումատան երկար լռեց։ Մուգան տվեց նրան նարնջագույն բաճկոնը, որը զարդարված էր կարմրավուն ժապավեններով։ Ռումատան զզվանքով հագավ ու գոտին ամուր ձգեց։
― Այո, ― վերջապես ասաց նա։ ― Երբևիցե ես քեզ ամեն ինչ կպատմեմ, փոքրիկս։
― Ես կսպասեմ, ― մտահոգ ասաց Կիրան։ ― Իսկ հիմա գնա և ուշադրություն մի՛ դարձրու ինձ։
Ռումատան մոտեցավ աղջկան, իր ցավոտ շրթունքներով ամուր համբուրեց նրա շրթունքները, հետո ձեռքից հանեց ու նրան մեկնեց երկաթե ապարանջանը։
― Հագիր ձախ ձեռքիդ, ― ասաց նա։ ― Այսօր էլ չեն գա մեր տան կողմը, բայց եթե հանկարծ գան, սա ցույց կտաս։
Կիրան նայում էր նրա հետևից, ու Ռումատան հաստատ գիտեր, թե աղջիկն ինչ է մտածում։ Կիրան մտածում է․ «Ես չգիտեմ, գուցե դու սատանա ես կամ աստծո որդի, կամ էլ անդրծովյան հեքիաթային երկրներից եկած մարդ, բայց եթե դու չվերադառնաս՝ ես կմեռնեմ»։ Եվ որովհետև աղջիկը չէր խոսում, Ռումատան անասելիորեն երախտապարտ էր նրան, քանզի իր համար էլ չափազանց դժվար էր գնալը, ասես զմրուխտյա արևաշող ափից գլխիվայր նետվում էր գարշահոտ ճահիճը։