Այդժամ արդեն նա վախեցավ։ Նա այսպես վախեցել էր կյանքում միայն մեկ անգամ, երբ ինքը՝ այն ժամանակ դեռ երթուղային աստղաթիռի օդաչուն, զգաց դողէրոցքի առաջին նոպան։ Հայտնի չէ, թե որտեղից նրան կպավ այդ հիվանդությունը, և արդեն երկու ժամ հետո նրան բուժեցին զարմանալի կատակներով ու զվարճախոսություններով, բայց նա երբեք չէր մոռանում այն սարսափը, որ զգաց ինքը՝ բացարձակապես առողջ, երբեք չհիվանդացող մարդը այն մտքից, որ իր մեջ ինչ֊որ բան փուլ եկավ, որ ինքը դարձավ թերարժեք և, ասես, կորցրեց սեփական մարմնի նկատմամբ միանձնյա իշխանությունը։
Ես հո չէի ուզում, մտածեց նա։ Նույնիսկ մտքովս չէր անցնում։ Ախր նրանք առանձնապես բան չէին անում, կանգնել էին ու սեպերը բացել․․․ Շատ զզվելի էին բացել սեպերը, բայց դե երևի ես էլ շատ հիմար տեսք ունեի, երբ տակնուվրա էի անում գրպաններս։ Ախր քիչ մնաց նրանց կտոր֊կտոր անեի, հանկարծ հասկացավ նա։ Եթե նրանք չծլկեին, ես նրանց կտոր֊կտոր կանեի։ Նա հիշեց, ինչպես վերջերս, գրազ գալով, մեկ հարվածով վերից վար երկու կես արեց սոանյան կրկնակի զրահով խրտվիլակին, ու հիմա ամբողջ մարմնով սարսռաց։ Հիմա նրանք ընկած կլինեին այստեղ, մորթաց մորթած խոզերի պես, իսկ ես սուրս ձեռքիս կկանգնեի ու չէի իմանա ինչ անեմ։ Այ քեզ աստվա՜ծ․․․ Գազազեցիր․․․
Հանկարծ նա զգաց, որ բոլոր մկանները ցավում են, ինչպես լինում է ծանր աշխատանքից հետո։ Դե, դե, կամաց, ասաց նա ինքն իրեն։ Ոչ մի սարսափելի բան չի եղել։ Ամեն ինչ անցավ։ Պարզապես բռնկվեցիր, ու հիմա ամեն ինչ անցավ։ Չէ՞ որ ես, այնուամենայնիվ, մարդ եմ, և ամեն մարդկային բան ինձ հատուկ է․․․ Ուղղակի նյարդերս չեն դիմանում։ Նյարդերս ու այս վերջին օրերի լարվածությունը․․․ Ու ամենակարևորը՝ սողեսող մոտեցող այս ստվերի կանխազգացումը։ Հասկանալի չէ, թե որտեղից է սողում այս ստվերը, բայց սողում է ու սողում անխուսափելիորեն․․․
Այս անխուսափելիությունը զգացվում էր ամեն ինչում։ Եվ այն բանում, որ դեռ վերջերս զորանոցներում վախիծ վախից կծկված գրոհայիններն այժմ լկտիաբար, կացինը ձեռքներին, ազատ ման են գալիս հենց փողոցների մեջտեղում, որտեղով նախկինում իրավունք ունեին քայլել միմիայն ազնիվ դոները։ Զգացվում էր և այն բանում, որ քաղաքից անհետացել էին թափառական երգիչները, հեքիթասացները, պարողներն ու լարախաղացները։ Եվ այն բանում, որ քաղաքացիներն այլևս չէին երգում քաղաքական բովանդակությամբ քառյակներ, շատ էին լրջացել ու միանգամայն որոշակի գիտեին, թե ինչ է անհրաժեշտ հայրենիքի բարօրության համար։ Եվ այն բանում, որ հանկարծակի ու անհասկանալի կերպով փակվեց նավահանգիստը։ Եվ այն բանում, որ «զայրացած ժողովուրդը» ավերեց ու հրդեհեց հազվագյուտ գրքեր վաճառող բոլոր խանութները՝ ամբողջ թագավորության մեջ այն միակ տեղերը, որտեղ կարելի էր գնել կամ ժամանակավորապես վերցնել Կայսրության բոլոր լեզուներով գրված գրքերը, այդ թվում և Անդրնեղուցի բնիկների այժմ արդեն մեռած, հին լեզուներով գրած մագաղաթները։ Եվ այն բանում, որ քաղաքի զարդը՝ աստղադիտարանի շողշողուն գմբեթը, այսօր սև, փտած ատամի պես մխրճվել էր երկնքի կապույտում, զոհ դառնալով «պատահական հրդեհին»։ Եվ այն բանում, որ վերջին երկու տարվա ընթացքում ալկոհոլի օգտագործումն աճել էր չորս անգամ, և դա Արկանարում, որը հնուց ի վեր հայտնի էր իր անզուսպ հարբեցողությամբ։ Եվ այն բանում, որ ի ծնե տանջված, բազմաչարչար գյուղացիները վերջնականապես գետնի տակն էին մտել Բարեհուսներում, Դրախտավայրերում և Օդային Համբյուրենրում, չհամարձակվելով դուրս գալ իրենց գետնափոր հյուղակներից նույնիսկ անհետաձգելի դաշտային աշխատանքների համար։ Եվ, վերջապես, այն բանում, որ պառավ գիշակեր Վագա Անիվը, հարուստ ավարի հոտն առնելով, տեղափոխվել էր քաղաք․․․
Պալատի խորքերում ինչ֊որ տեղ, պերճաշուք հարկաբաժիններում, որտեղ հոդակապով տառապող և քսան տարի արևի լույս չտեսած թագավորը, իր իսկ նախապապի տղան, վախենալով սեփական ստվերից, ապուշավարի հռհռալով իրար հետևից ստորագրում էր ազնիվ ու անկաշառ մարդկանց տանջալի մահվան դատապարտող հրամաններ, այնտեղ այսօր հասունանում է մի հրեշավոր թարախագունդ, որը շատ շուտով պիտի պայթեր։