― Դեհ, տղերք, ― հիացմունքով ասաց Ռեդրիկը, ― այ, հիմա մենք կարգին քեֆ կանենք։
==4․ Ռեդրիկ Շուխարտ, 31 տարեկան==
Գիշերվա ընթացքում հովիտը սառել էր, իսկ լուսաբացին արդեն ցրտեց։ Նրանք քայլում էին հողաթմբի վրայով, ոտքերը դնելով ժանգոտած ռելսերի միջև ընկած փտած կոճերին, և Ռերդրիկը նայում էր, թե խտացած մառախուղի կաթիլներն ինչպես են փայլփլում Արթուր Բարբրիջի կաշվե բաճկոնի վրա։ Տղան շատ թեթև էր քայլում, ուրախ, ասես չէր եղել տառապալից գիշերը, չէր եղել այդ ջղային լարվածությունը, որի պատճառով մինչև հիմա ցնցվում էին նրա բոլոր ջղերը, չէին եղել ամայի բլրի թաց գագաթին այն երկու սոսկալի ժամը, որ նրանք անցկացրին տանջալի կիսաքուն վիճակում, մեջք մեջքի տված, որ տաքանան, սպասելով մինչև անցնի «կանաչի» հոսանքը, որը բլրից իջավ ու անհետացավ ձորում։
Հողաթմբի երկու կողմում թանձր մառախուղ էր։ Մերթ ընդ մերթ մեգը ծանր ու գորշ շիթերով սողում էր ռելսերի վրա, ու այդ ժամանակ նրանք առաջ էին գնում մինչև ծնկները խրված դանդաղ, քուլա֊քուլա գալարվող մշուշի մեջ։ Թաց ժանգի հոտ էր գալիս, հողաթմբի աջ կողմում գտնվող ճահճից նեխահոտ էր փչում։ Շուրջը ոչ մի բան չէր երևում, բացի մշուշից, բայց Ռեդրիկը գիտեր․ որ երկու կողմից էլ ձգվում է քարքարոտ հարթավայրը, իսկ հարթավայրից այն կողմ կանգանած են միգապատ լեռները։ Ու նաև գիտեր, որ երբ արևը դուրս գա, ու մառախուղը ցող դառած իջնի գետնին, ինքը ձախ կողմում պիտի տեսնի ջարթված ուղղաթիռի կմախքը, իսկ առջևում՝ փոքրիկ վագոններ, ու հենց այդ ժամանակ էլ կսկսվի իսկական գործը։
Առանց քայլերը դանդաղեցնելու, Ռեդրիկը ձեռքը տարավ մեջքի և ուսապարկի արանքը ու ավելի վեր բարձրացրեց ուսապարկը, որ հելիումով լի բալոնի ծայրը չցավեցնի մեջքը։ Ծանր է իժը, ես ո՞նց պիտի սրանով սողամ։ Մեկուկես կիլոմետր․․․ Լավ, մի՛ նվնվա, ստալկեր, գիտեիր ուր ես գնում։ Ճանապարհի վերջում քեզ է սպասում հինգ հարյուր հազարը, այնպես որ մի քիչ քրտնի։ Հինգ հարյուր հազար, համեղ պատառ է, չէ՞։ Հինգ հարյուր հազարից ոչ մի կոպեկ պակաս․․․ Եվ Գիշակերին էլ երեսունից ավելի չեմ տա․․․ Իսկ լակոտի՞ն․․․ Լակոտին ոչ մի բան։ Թե որ քավթառ սրիկան գոնե կեսճշմարտությունն է ասել, ապա լակոտին․․․ ոչ մի բան։
Նա նորից հայացքը գցեց Արտուրի մեջքին ու որոշ ժամանակ աչքերը կկոցած նայում էր, թե նա ինչպես թեթև է քայլում միանգամից երկու կոճի վրայով, նայում էր նրա լայն ուսերին, նեղ կոնքին և քրոջ մազերի պես երկար ու սև մազերին, որոնք ցնցվում էին քայլերին համաչափ։ Ինքը մեջ ընկավ, ինքը ուզեց, մռայլված մտածում էր Ռեդրիկը։ Ինքը։ Ու ինչո՞ւ էր այդպես աղաչում։ Ամբողջ մարմնով դողում էր, աչքերն արցունքոտվել էին․․․ «Ինձ տարեք, միստր Շուխարտ։ Ինձ տարբեր մարդիկ առաջարկել են, բայց ես միայն ձեզ հետ կուզեի, ախր նրանք բանի պետք չեն։ Հայրս․․․ բայց դե նա հիմա չի կարող»։ Ռեդրիկը ճիգ գործադրեց, որ չհիշի այս ամենը։ Այդ մասին մտածելն իսկ զզվելի էր, ու, թերևս, այդ պատճառով էլ նա սկսեց մտածել Արթուրի քրոջ մասին։ Ուղղակի ցնդելու բան է՝ այդքա՜ն շքեղ կին, իսկ իրականում դատարկ, խաբկանք, անկենդան տիկնիկ և ոչ թե կին։ Ոնց որ իր մոր կոֆտայի կոճակները, հիշեց նա, սաթից կոճակները, կիսաթափանցիկ, ոսկեգույն, ինքը միշտ ուզում էր այդ կոճակները գցել բերանն ու ծծել, սպասելով մի արտասովոր քաղցրության, ու երբ բռնում էր այդ կոճակներն ու ծծում, սոսկալի հիասթափվում էր, բայց հետո միշտ մոռանում էր հիասթափության մասին, նույնիսկ ոչ թե մոռանում էր, այլ պարզապես հրաժարվում էր հավատալ սեփական հիշողությանը՝ հենց որ տեսնում էր այդ կոճակները։
Իսկ գուցե հայրիկը ի՞նքն է սրան ուղարկել ինձ մոտ, մտածեց նա Արթուրի մասին։ Հրեն ոնց է ուռած հետևի գրպանը․․․ Չէ՛, դժվար։ Գիշակերն ինձ լավ գիտի։ Գիշակերը գիտի, որ ինձ հետ հանաք անել չի լինի։ Ու գիտի, թե ես ով եմ Գոտում։ Չէ, հիմար բաներ եմ մտածում։ Ո՜վ ասես, որ ինձ չի խնդրել, ո՜վ ասես արցունք չի թափել, ուրիշները նույնիսկ ծնկաչոք են աղաչել։ Ւսկ առաջին անգամ եկողները միշտ էլ ատրճանակ են վերցնում հետները։ Առաջին ու վերջին անգամ։ Մի՞թե սրանը վերջինն է։ Վա՜յ, վերջինն է, տղաս։ Ախր տես ինչ է ստացվում, Գիշակեր, վերջին անգամ։ Հա, հայրիկ, դու որ իմանայիր սրա մտադրությունը, հենակներով ջարդուփշուր կանեիր քո լակոտին, Գոտի եկողին։ Նա հանկարծ զգաց, որ առջևում ինչ֊որ բան կա, ոչ թե հեռվում, այլ երեսուն֊քառասուն մետր հեռավորության վրա։
― Կանգնի՛ր, ― ասաց նա Արթուրին։
Տղան հնազանդորեն քարացավ տեղում։ Նա լավ էր արձագանքում Ռեդրիկի հրամաններին․ քարացավ տեղում, ոտքը գետին չդրած, իսկ հետո դանդաղ ու զգուշորեն ոտքն իջեցրեց գետնին։
Ռեդրիկը կանգ առավ նրա կողքին։ Երկաթգիծն այստեղ նկատելիորեն ցած էր իջնում ու լրիվ կորչում էր մշուշում։ Եվ այնտեղ, մշուշի մեջ, ինչ֊որ բան կար։ Խոշոր ու անշարժ ինչ֊որ բան։ Անվտանգ բան։ Ռեդրիկը ռունգերով զգուշորեն հոտոտեց օդը։ Այո։ Անվտանգ։
― Առա՜ջ, ― ասաց նա ցածրաձայն, սպասեց մինչև Արթուրը քայլի ու գնաց նրա հետևից։ Աչքի պոչով նա տեսնում էր Արթուրի դեմքը, նրա գեղեցիկ կիսադեմը, այտերի նուրբ մաշկը, բարակ բեղերի տակ վճռականորեն սեղմված շրթունքները։
Նրանք մինչև գոտկատեղը խրվեցին մշուշի մեջ, հետո մինչև պարանոցները, իսկ ևս մի քանի վայրկայն անց առջևում երևաց վագոնների կույտը։
― Վերջ, ― ասաց Ռեդրիկը և ուզեց մեջքից իջեցնել ուսապարկը։ ― Նստիր, որտեղ որ կանգնած ես։ Դադար։
Արթուրն օգնեց նրան ուսապարկը հանել, իսկ հետո իրար կողքի նստեցին ժանգոտ ռելսի վրա։ Ռեդրիկը բացեց ուսապարկը, հանեց ուտելիքով փաթեթը, սուրճով թերմոսը, և մինչ Արթուրը բացում էր փաթեթն ու դասավորում բուտերբրոդները ուսապարկի վրա, նա ծոցից հանեց տափաշիշը, կափարիչը պտտեց և, աչքերը փակելով, մի քանի դանդաղ կում արեց։
― Կխմե՞ս, ― առաջարկեց նա, ափով սրբելով տափաշշի բերանը։ ― Որ չվախենաս․․․
Արթուրը նեղացած թափահարեց գլուխը։
― Ես չեմ վախենում, միստր Շուխարտ, ― ասաց նա։ ― Եթե թույլ կտաք՝ ես սուրճ կխմեմ։ Շատ խոնավ է այստեղ, չէ՞։
― Խոնավ է, ― համաձայնեց Ռեդրիկը։ Նա պահեց տափաշիշը, վերցրեց մի բուտերբրոդ ու սկսեց ծամել։ ― Այ, հիմա մառախուղը կցրվի, ու դու կտեսնես, որ չորս կողմը համատարած ճահիճ է։ Առաջ այս կողմերում անտանելի մոծակ կար, սարսափելի բան էր․․․
Նա լռեց ու սուրճ լցրեց իր համար։ Սուրճը տաք էր, թանձր ու քաղցր, և հիմա սուրճն ավելի հաճելի էր, քան վիսկին։ Սուրճից տան հոտ էր բուրում։ Գուտայի հոտը։ Եվ ոչ թե պարզապես Գուտայի, այլ տնային խալաթով Գուտայի, քնից նոր արթնացած, բարձից այտի վրա մնացած սպիով Գուտայի․․․ Ւզուր համաձայնեցի, մտածեց նա։ Հինգ հարյուր հազար․․․ Իսկ ինչի՞ս է պետք այդ հինգ հարյուր հազարը։ Հո դրանով պանդոկ չե՞մ գնելու․․․ Փողը պետք է, որ փողի մասին չմտածես։ Դա ճիշտ է։ Դիկը դա լավ ասաց։ Տունը կա, այգին կա, Հարմոնտում առանց աշխատանքի չես մնա․․․ Խաբեց ոնց որ լակոտի․․․
Միստր Շուխարտ, ― հանկարծ ասաց Արթուրը, հայացքն ուրիշ կողմ հառած, ― դուք լրջորեն հավատո՞ւմ եք, որ դա կատարում է ցանկությունները։
― Չէ՜ մի, ― ցրված պատասխանեց Ռեդրիկն ու իսկույն էլ քարացավ, բաժակը բերանին մոտեցրած։ ― Իսկ դու որտեղի՞ց գիտես, թե մենք ինչի համար ենք Գոտի եկել։
Արթուրը շփոթված ծիծաղեց, ձեռքը մտցրեց սևաթույր մազերի մեջ, խառնշտորեց ու ասաց․
― Գլխի եմ ընկել․․․ Ես հիմա չեմ էլ հիշում, թե հատկապես ինչից գլխի ընկա․․․ Դե, նախ, հայրիկը առաջ միշտ խոսում էր այդ Ոսկե գնդի մասին, իսկ վերջերս հանկարծ դադարեց խոսել ու դրա փոխարեն շուտ֊շուտ սկսեց ձեր տուն գալ, իսկ ես հո գիտեմ, որ դուք բոլորովին էլ ընկերներ չեք, ինչ էլ որ հայրս ասի․․․ Հետո նա վերջերս մի տեսակ տարօրինակ է դարձել, ― Արթուրը նորից ծիծաղեց ու գլուխն օրորեց, ինչ֊որ բան հիշելով։ ― Իսկ վերջնականապես համոզվեցի, երբ դուք նրա հետ դաշտում փորձում էիք դիրիժաբլը․․․ Նա ձեռքով թփթփացրեց ուսապարկին, որտեղ դրված էր օդապարիկի ամուր փաթաթված թաղանթը։ ― Անկեղծ ասած, ես այն ժամանակ ձեզ հետևում էի, ու երբ տեսա, ոնց եք քարերով լցված պարկը բարձրացնում, արդեն լրիվ ամեն ինչ հասկացա։ Իմ կարծիքով, Գոտում էլ ոչ մի ծանր բան չի մնացել, բացի Ոսկե գնդից։ ― Նա կծեց բուտերբրոդը, ծամեց ու խոսեց մտախոհ, բերանը լիքը։ ― Ես միայն մի բան չեմ հասկանում, թե ո՞նց պիտի բռնեք գունդը, նա, երևի, հարթ կլինի․․․
Ռեդրիկը բաժակի վերևից նայում էր նրան ու մտածում, թե որքան տարբեր են իրարից հայրն ու տղան։ Նրանք ոչ մի բանով նման չէին։ Ոչ դեմքով, ոչ ձայնով, ոչ հոգով։ Գիշակերի ձայնը խռպոտ է, մի տեսակ քծնող, ստոր, բայց երբ նա խոսում է գնդի մասին, ապա չտեսնվա՜ծ էր խոսում։ Հնարավոր չէր նրան չլսել։ «Շեկ, ― ասում էր նա այն ժամանակ, փռվելով սեղանի վրա։ ― Ախր մենք երկուսս ենք մնացել, բայց երկուսս՝ երկու ոտք ունենք, ու երկուսն էլ քոնն են․․․ Ո՞ւմը պիտի լինի, եթե ոչ քոնը։ Դա, երևի, ամենաթանկ բանն է, որ եղել է Գոտում․․․ Ո՞ւմ բաժինը պիտի դառնա, հը՞։ Հո էն փսլնքոտներին չի հասնելու, էն մեքենայով գործ անողներին․․․ Ախր դա ես եմ գտել, ե՛ս։ Մերոնցից քանի՜֊քանի՜սն են այդ ճանապարհին զոհ գնացել։ Իսկ գտնողը ե՛ս եմ։ Ու ինձ համար եմ պահել։ Եվ հիմա ոչ ոքի չէի տա, բայց թե ձեռքերս, տեսնում ես, կարճացել են։ Քեզնից բացի՝ ոչ ոքի։ Ինչքա՜ն կաթնակերների եմ բան հասկացրե՝ չեն կարողացել, դրանց ոսկորն էն չի․․․ Դե լավ, չե՞ս հավատում, մի՛ հավատա։ Քեզ փող է պետք։ Կտաս ինձ ու ինչքան որ փող ուզես՝ կստանաս, հո գիտեմ, որ դու խղճով ես, չես նեղացնի․․․ Իսկ ես, ով գիտի, մեկ էլ տեսար ոտքերս հետ բերի։ Ոտքերս, հասկանո՞ւմ ես։ Ոնց որ Գոտին ոտքերս խլեց, միգուցե Գոտին էլ հետ տա․․․»։
― Ի՞նչ, ― հարցրեց Ռեդրիկը սթափվելով։
― Ես հարցրի՝ կարելի՞ է ծխել, միստր Շուխարտ, ― ասաց Արթուրը։
― Այո, ― ասաց Ռեդրիկը։ ― Ծխի, ծխի․․․ Ես էլ կծխեմ։ Նա թափով խմեց սուրճը, հանեց մի սիգարետ ու, ձեռքի մեջ տրորելով, հայացքը հառեց նոսրացող մառախուղին։ Ցնդա՛ծ, մտածեց նա։ Խելագար։ Տականքին ոտքեր են պետք․․․
Այս բոլոր խոսակցություններից նրա հոգում մի ինչ֊որ նստվածք էր կուտակվում, մի անհասկանալի նստվածք։ Եվ ժամանակի ընթացքում այդ նստվածքը չէր վերանում, ընդհակառակը, կուտակվում էր ու կուտակվում։ Ու անհասկանալի էր, թե դա ինչ բան է, և դա խանգարում էր, ասես Գիշակերը ինչ֊որ բանով վարակել էր իրեն, բայց ոչ թե գարշանքով, այլ հակառակը․․․ Երևի ուժով, հա՞։ Չէ, դա ուժ չէր։ Իսկ ինչո՞վ։ Դե, լավ, ասաց նա ինքն իրեն։ Արի այսպես մտածենք։ Ենթադրենք ես չեկա այստեղ։ Արդեն պատրաստվել էի, ուսապարկս դասավորել էի, ու հանկարծ ինչ֊որ մի բան պատահեց․․․ Դե, ասենք, ինձ բռնեցին։ Վատ կլիներ, հա՞։ Իհարկե, վատ կլիներ։ Ինչո՞ւ պիտի վատ լիներ, փողերը կկորչեին։ Չէ, հարցը փողը չէ․․․ Այլ, որ դա պիտի տականքների ձեռքն ընկնի։ Խռպոտների ու Ոսկրոտների։ Ճիշտ է, այստեղ տհաճ բան կա։ Մի տեսակ ափսոս է։ Բայց ինձ ի՜նչ․․․ Միևնույն է, վերջ ի վերջո ամեն ինչ նրանց ձեռքն է ընկնում․․․
― Բըռ․․․ ― Արթուրը ցնցեց ուսերը։ ― Խոնավությունը ոսկորներիս մեջ է մտնում։ Միստր շուխարտ, գուցե հիմա կտա՞ք մի կում անեմ։
Ռեդրիկն անխոս հանեց տափաշիշն ու մեկնեց նրան։ Բայց չէ որ ես միանգամից չհամաձայնեցի, հանկարծ մտածեց նա։ Քսան անգամ քշեցի Գիշակերին, իսկ քսանմեկերորդ անգամ, այնուամենայնիվ, համաձայնեցի։ Չգիտեմ ինչու՝ չկարողացա քշել։ Ու մեր վերջին խոսակցությունն էլ կարճ էր ու գործնական։ «Բարև Շեկ, քարտեզը բերել եմ։ Միգուցե, այնուամենայնիվ, նայե՞ս»։ Իսկ ես նայեցի նրա աչքերին՝ դեղին, սև կետերով աչքերին, ու ասացի․ «Տուր»։ Եվ վերջ։ Հիշում եմ, որ այդ օրը խմած էի, ամբողջ շաբաթ խմած էի, սիրտս պայթում էր․․․ Ա՜հ, գրողը տանի, ամեն ինչ մեկ է․․․ Որոշեցի ու վերջ։ Ի՞նչ եմ հիմա ցնդածի պես քչփորում․․․ Գուցե վախենո՞ւմ եմ։
Նա ցնցվեց։ Հանկարծ մառախուղի միջից լսվեց երկար ու թախծոտ ճռինչ։ Ռեդրիկը վեր թռավ գնդակի պես, ու իսկույն էլ գնդակի պես վեր թռավ Արթուրը։ Բայց արդեն նորից լռություն էր, ու միայն նրանց ոտքերի տակից խշխշալով ցած էր թափվում մանր խիճը։
― Երևի ապարներն են թափվում, ― վեհերոտ, հազիվհազ արտասանելով բառերը, շշնջաց Արթուրը։ ― Ապարով վագոնները․․․ վաղուց են այստեղ կանգանծ․․․
Ռեդրիկը նայում էր ուղիղ իր դիմաց ու ոչինչ չէր տեսնում։ Նա հիշեց։ Գիշեր էր։ Ինքը զարթնեց հենց այդպիսի ձայնից՝ թախծոտ ու երկար, նվաղելով ինչպես երազի մեջ։ Միայն թե դա երազ չէր։ Դա Կապիկն էր ճչում՝ նստած իր անկողնու մեջ, պատուհանի մոտ։ Գուտան էլ զարթնեց ու բռնեց Ռեդրիկի ձեռքը, ու նա զգաց, որ կնոջ ուսը միանգամից պատվեց սառը քրտինքով։ Եվ նրանք այդպես պառկել ու ականջ էին դնում, իսկ երբ Կապիկը լռեց ու պարկեց, նա մի քիչ էլ սպասեց, հետո վեր կացավ, գնաց խոհանոց ու ագահորեն խմեց կես շիշ կոնյակ։ Եվ հենց այդ գիշերվանից էլ սկսեց խմել։
― Ապարը, ― ասաց Արթուրը։ ― Գիտեք, ժամանակի ընթացքում ապարն սկսում է մաղվել։ Խոնավությունից, էրոզիայից, հազարումի բանից․․․
Ռեդրիկը նայեց նրա գունատված դեմքին ու նորից նստեց։ Սիգարետը ընկել էր մատների արանքից, ու նա նորը վառեց։ Արթուրը մի քիչ էլ կանգնած մնաց, վախվորած աջուձախ պտտելով գլուխը, հետո նույնպես նստեց ու կամաց ասաց․
― Ես գիտեմ, պատմում են, որ իբր Գոտում ապրողներ կան։ Ինչ֊որ մարդիկ։ Ոչ թե եկվորներ, այլ հենց մարդիկ։ Իբր Այցելության ժամանակ նրանք պատահաբար այստեղ են եղել, ու հետո այդ մարդիկ փոխակերպվել են․․․ հարմարվել են նոր պայմաններին։ Դուք այդպիսի բան լսե՞լ եք․ միստր Շուխարտ։
― Այո, ― ասաց Ռեդրիկը։ ― Միայն թե նրանք այստեղ չեն։ Լեռներում են, հյուսիս֊արևմուտքում։ Հովիվներ են․․․
Այ թե նա ինձ ինչով վարակեց։ Իր խելագարությամբ վարակեց։ Այ թե ինչու, ուրեմն, ես եկա այստեղ․․․ Ինչ֊որ մի տարօրինակ և շատ նոր զգացողություն էր դանդաղորեն համակում նրան։ Նա գիտակցում էր, որ այդ զգացողությունը բնավ էլ նոր չէ, որ վաղուց արդեն բուն էր դրել իր մեջ, բայց հիմա միայն ինքը դա հասկացավ, ու ամեն ինչ ընկավ իր տեղը։ Եվ այն, ինչ առաջ հիմարություն էր թվում, ցնդած ծերուկի խելացնոր զառանցանք, այժմ դարձավ միակ հույսը, կյանքի միակ իմաստը, որովհետև հենց հիմա նա հասկացավ՝ աշխարհում միակ բանը, որ ինքը դեռ ունի, միակ բանը, հանուն որի ինքն ապրում էր այս վերջին մի քանի ամիսը՝ հույսն էր, որ հրաշք պիտի լինի։ Ինքը՝ հիմարը, ապուշը, վանում էր այդ հույսը, ոտնակոխ անում, ծաղրում, կոնծում էր այդ հույսը, որովհետև դրան էր սովոր, որովհետև մանկուց սովորել էր ոչ մեկի վրա հույս չդնել, բացի ինքն իրենից, և որովհետև մանկուց ինքն իր վրա հույս դնելը նրա համար արտահայտվում էր կանաչ թղթադրամների քանակով, որ հաջողվում էր պոկել, թռցնել իրեն շրջապատող անտարբեր քաոսից։ Միշտ է եղել այդպես, ու դարձյալ այդպես կլիներ, եթե վերջ ի վերջո չհայտնվեր այն քաոսում, որտեղից նրան չէին կարող դուրս հանել և ոչ մի փողով, և որտեղ լրիվ անիմաստ ու անհեթեթ բան էր ինքն իր վրա հույս դնելը։ Իսկ հիմա այդ հույսը, նույնիսկ ոչ թե հույսը, այլ հրաշքի հավատը, համակեց նրա ողջ էությունը, ու նա հիմա զարմանում էր, թե ինչպես էր կարողանում ապրել անլուսաշող ու անելանելի խավարում․․․ Նա ծիծաղեց ու խփեց Արթուրի ուսին․
― Հը՞, ստալկեր, ― ասաց նա, ― ի՞նչ ես կարծում, դեռ կապրենք, չէ՞։
Արթուրը զարմացած նայեց նրա վրա ու անվստահ ժպտաց։ Իսկ Ռեդրիկը ձեռքի մեջ տրորեց բուտերբրոդների թուղթը, գցեց վագոնիկի տակ ու պառկեց ուսապարկի վրա, արմունկով հենվելով գետնին։
― Դե լավ, ― ասաց նա։ ― Ենթադրենք, թե այդ Ոսկե գունդը իսկապես կա․․․ Դու ի՞նչ կցանկանայիր։
― Ուրեմն դուք, այնուամենայնիվ, հավատո՞ւմ եք, ― իսկույն հարցրեց Արթուրը։
― Դա կարևոր չէ՝ հավատում եմ, թե ոչ։ Դու իմ հարցին պատասխանիր։
Հանկարծ նրա համար իրոք շատ կարևոր եղավ, թե այսպիսի մի ջահելը, կաթնակերը, երեկվա դպրոցականը ինչ կարող է խնդրել Ոսկե գնդից, ու նա զվարճալի հետաքրքրությամբ նայում էր, թե Արթուրն ինչպես է խոժոռում դեմքը, հայացքը գցում է իր վրա ու նորից թաքցնում աչքերը։
― Դե, իհարկե, հորս ոտքերը․․․ ― վերջապես խոսեց Արթուրը։ ― Որ տանը ամեն ինչ լավ լինի․․․
― Սուտ ես ասում, ― բարեհոգաբար ընդհատեց նրան Ռեդրիկը։ ― Դու, եղբայրս, նկատի ունեցիր, Ոսկե գունդը կատարում է միայն նվիրական, ամենակարևոր ցանկությունները, որոնք եթե չկատարվեն, ավելի լավ է պարանը վիզդ գցես ու կախվես։
Արթուր Բարբրիջը կարմրեց, նորից հայացքը գցեց Ռեդրիկի վրա ու իսկույն էլ ցած նայեց, ամբողջովին կաս֊կարմիր կտրեց, նույնիսկ աչքերն արցունքով լցվեցին։ Ռեդրիկը քմծիծաղեց նրան նայելով․
― Ամեն ինչ հասկանալի է, ― գրեթե քնքշորեն ասաց նա։ ― Լավ, դա իմ գործը չէ, գաղտնիքդ քեզ պահիր․․․ Ու հանկարծ հիշեց ատրճանակի մասին ու մտածեց, որ քանի դեռ ժամանակ կա, պետք է ամեն ինչ հաշվի առնել, ամեն ինչ։ ― Այդ ի՞նչ է հետևիդ գրպանում, ― հարցրեց նա իմիջիայլոց։
― Ատրճանակ, ― փնչացրեց Արթուրն ու շրթունքը կծեց։
― Ինչի՞դ է պետք։
― Կրակելու համար, ― զայրացկոտ պատասխանեց Արթուրը։
― Դե, դե․․․ խիստ ասաց Ռեդրիկը և նստեց տեղում։ ― Հապա մի տուր ինձ։ Գոտում ատրճանակի կարիք չկա։ Տո՛ւր։
Արթուրն ինչ֊որ բան էր ուզում ասել, բայց լռեց, ձեռքը տարավ գրպանը, հանեց զինվորական ատրճանակն ու, փողից բռնած, մեկնեց Ռեդրիկին։
Ռեդրիկը վերցրեց ատրճանակը, վեր նետեց, բռնեց ու հարցրեց․
― Թաշկինակ կլինի՞ մոտդ։ Տուր փաթաթեմ․․․
Նա վերցրեց Արթուրի մաքուր, օդեկոլոնի հոտ արձակող թաշկինակը, ատրճանակը փաթաթեց ու դրեց կոճի վրա։
― Առայժմ թող այստեղ մնա, ― ասաց նա։ ― Աստված որ տա, վերադառնալիս կվերցնենք։ Միգուցե իրոք պետք գա պահակներին հանդիպելու դեպքում, հը՞։
Արթուրը վճռականորեն թափահարեց գլուխը․
― Ախր ինձ դրա համար չէր պետք, ― սրտնեղած ասաց նա։ ― Մեջը մի փամփուշտ կա։ Որ եթե․․․ հանկարծ․․․ հորս պես․․․
― Այ թե ի՜նչ․․․ ― ծոր տվեց Ռեդրիկը, հայացքը չկտրելով նրանից։ ― Դե, կարող ես չանհանգստանալ։ Եթե հորդ օրն ընկնես, մինչև այստեղ ես քեզ կհասցնեմ։ Խոստանում եմ։ Տես է, լուսացավ։
Մշուշը ցրվում էր ուղղակի աչքի առաջ։ Հողաթմբի վրա արդեն բոլորովին չկար, իսկ ներքևում ու հեռվում կաթնավուն մեգը նոսրանում էր ու հալվում։ Մշուշի միջից ավելի ու ավելի պարզ էին նշմարվում գագաթները, իսկ ներքևում տեղ֊տեղ արդեն երևում էր նեխած ճահիճը, որ ծածկված էր ցանցառ ուռուտով, իսկ հորիզոնում, բլուրների հետևում վառ դեղին բոցով հուրհրում էին լեռնագագաթները, և երկինքն այնտեղ վճիտ էր ու կապույտ։ Արթուրը հետ նայեց ուսի վրայով ու հիացած բացականչեց։ Ռեդրիկն էլ շրջվեց։ Արևելքում լեռները սև էին թվում, իսկ նրանց վերևում հուրհրում ու երփներանգում էր ծանոթ զմրուխտյա հրաշքը՝ Գոտու կանաչ այգաբացը։ Ռեդրիկը վեր կացավ, գնաց վագոնիկի հետևը, նստեց հողաթմբին ու, փնչացնելով, նայում էր, թե ինչպես արագ է մարում, վարդագույնով է լցվում կանաչ այգը, և արևի նարնջագույն եզրը դուրս է սահում լեռնաշղթայի հետևից, ու իսկույն էլ մանուշակագույն ստվերներ ձգվեցին բլուրներից, ամեն ինչ դարձավ հստակ, որոշակի ու այնքան տեսանելի, ասես ափիդ մեջ լիներ, և ուղիղ իր դիմաց, երկու հարյուր մետր հեռավորության վրա Ռեդրիկը տեսավ ուղղաթիռը։ Ըստ երևույթին, ուղղաթիռն ընկել էր «մժեղի ճաղատի» ամենամեջտեղը, և իրանը ճզմվել էր ու տափակել երկաթե բլիթի պես, միայն պոչը չէր վնասվել՝ մի փոքր ծռվել էր ու սև կեռի պես տնկվել էր բլուրների արանքում ընկած հովտում, և կայունացնող պտուտակն էլ էր անվնաս մնացել ու ճռճռում էր թեթև քամուց։ Երևում է, հզոր «ճաղատ» է եղել։ Նույնիսկ իսկական հրդեհ էլ չի եղել, և տափակած թիթեղի վրա հստակ երևում է թագավորական ռազմաօդային ուժերի կարմիր֊կապույտ խորհրդանշանը, որն արդեն քանի տարի Ռեդրիկը չէր տեսել ու նույնիսկ ոնց որ մոռացել էր, թե ինչ տեսք ունի։
Հետո Ռեդրիկը մոտեցավ իր ուսապարկին, հանեց քարտեզն ու դրեց վագոնիկի մեջ լցված ապարի վրա։ Քարհանքն այստեղից չէր երևում, այն գտնվում էր բլրի հետևում, որի գագաթին տնկված էր վառված ու սևացած մի ծառ։ Այս բլուրը պիտի շրջանցեին աջից, մի հովիտով, որն ընկած էր այդ բլրի ու մի ուրիշ բլրի միջև, որը նույնպես երևում էր այստեղից՝ լրիվ լերկ, ամբողջ լանջով մեկ սփռված մուգ շագանակագույն խճաքարով։
Բոլոր կողմնորոշիչները համընկնում էին, բայց Ռեդրիկը գոհունակություն չէր զգում։ Ստալկերի բազմամյա փորձը կտրականապես ըմբոստանում էր այդ մտքի դեմ, այդ անհեթեթ և հակաբնական մտքի դեմ՝ արահետ գցելու երկու մոտիկ բլուրների արանքում։ Լավ, մտածեց Ռեդրիկը, դա մենք հետո կորոշենք։ Տեղում կերևա։ Մինչև այդ հովիտը տանող արահետը ձգվում էր ճահճի վրայով, հարթ բաց տեղանքով, որն այստեղից անվտանգ էր թվում, սակայն ուշադիր նայելով, Ռեդրիկը չոր ճիմերի մեջ ինչ֊որ մուգ մոխրագույն բան էր տեսնում։ Նա նայեց քարտեզին։ Այնտեղ փոքրիկ խաչ էր դրված ու ծուռումուռ տառերով գրված էր՝ «Ճարպիկ»։ Արահետի կարմիր կետագիծն անցնում էր խաչի աջ կողմից։ Մականունը ոնց որ ծանոթ էր, բայց ո՞վ է այդ Ճարպիկը, ի՞նչ տեսք ուներ և ե՞րբ էր եղել։ Ռեդրիկը չէր կարողանում հիշել։ Միայն թե չգիտես ինչու հիշեց «Բորժչի» ծխոտ դահլիճը, բաժակները բռնած վիթխարի կարմիր թաթերը, ամպրոպաձայն քրքիջը, դեղին ատամներով երախները, տիտանների ու հսկաների մի ֆանտաստիկ հոտ, որոնք եկել էին իրենց ծարավը հագեցնելու։ Սա նրա մանկական ամենավառ հիշողություններից մեկն էր, առաջին այցելությունը «Բորժչ»։ Այն ժամանակ ի՞նչ էի բերել։ Կարծեմ «փուչիկ»։ Եկա հենց Գոտուց, թաց, սոված, շշմած, պարկը ուսիս գցած, ներս ընկա այս պանդոկն ու կատաղած շուրջս նայելով պարկը շպրտեցի Էռնեստի վաճառասեղանին։ Դիմացա ծաղրուծանակի տարափին, սպասեցի մինչև Էռնեստը (այդ ժամանակ դեռ երիտասարդ, միշտ փողկապով) հաշվեց մի քանի կանաչ թղթադրամ․․․ Չէ, այն ժամանակ դեռ կանաչ չէին, այն ժամանակ քառակուսի թղթադրամներ էին, թագավորական՝ մի կիսամերկ ու գլխին պսակով կնկա նկարով․․․ Փողը դրեցի գրպանս ու հանկարծ, ինքս ինձ համար էլ անսպասելի, ձեռքս գցեցի, վաճառասեղանից վերցրեցի գարեջրի ծանր գավաթն ու թափով հասցրի կողքիս հռհռացող երախին․․․ Ռեդրիկը քմծիծաղեց ու մտածեց․ գուցե դա հենց Ճարպի՞կն էր։
― Բա կարելի՞ է բլուրների արանքով, պարոն Շուխարտ, ― ականջի տակ հնչեց Արթուրի շշնջոցը։ Նա կանգնել էր Ռեդրիկի կողքը ու նույնպես նայում էր քարտեզին։
― Այնտեղ կորոշենք, ― ասաց Ռեդրիկը։ Նա աչքը չէր կտրում քարտեզից։ Քարտեզի վրա կային ևս երկու խաչ, մեկը՝ ծառով բլրի լանջին, մյուսը՝ քարքարոտ փլվածքի վրա։ Պուդելն ու Ակնոցավորը։ Արահետը ձգվում էր նրանց մեջտեղով։ ― Այնտեղ կորոշենք, ― կրկնեց նա, քարտեզը ծալեց ու նորից դրեց գրպանը։ Նայեց Արթուրին ու ասաց․ ― Ուսապարկը գցի մեջքիս․․․ Գնանք առաջվա պես, ― ասաց նա, թափ տալով ուսապարկն ու հարմարեցնելով մեջքին․․․ ― Դու կգնաս առջևից, որ ամեն րոպե ես քեզ տեսնեմ։ Աչքերդ մի՛ գցի չորս կողմ, իսկ ականջներդ՝ սրի։ Իմ հրամանը օրենք է։ Իմացիր, սողալով պիտի գնանք, ցեխից չվախենաս, որ հրամայեմ՝ առանց խոսքի մռութդ կմտցնես ցեխի մեջ․․․ Հա, բաճկոնդ էլ կոճկի։ Պատրա՞ստ ես։
― Պատրաստ եմ, ― խուլ ձայնով ասաց Արթուրը։ Նա շատ էր հուզվում։ Այտերի կարմրության հետքն անգամ չէր մնացել։
― Առաջին ուղղությունը՝ ահա, ― Ռեդրիկը ձեռքը կտրուկ թափ տվեց հողաթմբից հարյուր քայլի վրա գտնվող մոտակա բլրի կողմը։ ― Պա՞րզ է։ Գնա։
Արթուրը ջղաձգորեն շունչ քաշեց և, անցնելով ռելսերի վրայով, սկսեց իջնել հողաթմբից։ Նրա հետևից շրխկոցով ցած էր թափվում խիճը։
― Հանգիստ քայլիր, հանգիստ, ― ասաց Ռեդրիկը։ ― Շտապելու բան չկա։
Նա սկսեց զգուշորեն իջնել, ոտքերի մկաններով պահպանելով հավասարակշռությունը։ Աչքի պոչով նա անընդհատ հետևում էր Արթուրին։ Վախենում է տղան, մտածեց նա։ Ճիշտ է անում, որ վախենում է։ Երևի կանխազգացում է։ Եթե նա հորը քաշած լինի, ուրեմն պիտի կանխազգացում ունենա․․․ Եթե դու, Գիշակեր, իմանայիր, թե գործը ոնց է շուռ եկել։ Եթե իմանայիր, Գիշակեր, որ այս անգամ քեզ չեմ լսելու։ «Իսկ այ էստեղ, Շեկ, դու մենակ չես կարողանա անցնել։ Ուզած֊չուզած, ստիպված պիտի լինես մեկին հետդ վերցնել։ Կարող եմ իմոնցից մեկնումեկին տալ քեզ, ով որ ինձ պետք չի․․․»։ Համոզեց։
Կյանքումս առաջին անգամ եմ համաձայնվել այս տեսակ գործ անել։ Դե լավ, ոչինչ, մտածեց նա։ Միգուցե լավ կպրծնենք, այնուամենայնիվ, ես հո Գիշակերը չեմ, գուցե մի բան կմտածենք․․․
― Կանգնի՛ր, ― հրամայեց նա Արթուրին։
Տղան կանգնեց, մինչև կոճերը խրված ժանգագույն ջրի մեջ։
Երբ Ռեդրիկը ցած իջավ, նա արդեն խրվել էր մինչև ծնկները։
― Քարը տեսնո՞ւմ ես, ― հարցրեց Ռեդրիկը։ ― Հրեն, բլրի տակ է։ Այդ կողմը գնա։
Արթուրն առաջ շարժվեց։ Ռեդրիկը թողեց, որ նա տասը քայլ առաջ անցնի, ու նոր գնաց նրա հետևից։ Ճահիճը ճլմփում էր նրաց ոտքերի տակ։ Դա մեռյալ ճահիճ էր, ոչ մոծակ կար, ոչ գորտ, նույնիսկ ուռուտն էր այստեղ չորացած ու փտած։ Ռեդրիկը սովորականի պես չորս կողմն էր նայում, սակայն առայժմ կարծես ամեն ինչ խաղաղ էր։ Բլուրը դանդաղորեն մոտենում էր, սողում էր դեպի արևը, որը դեռ չէր բարձրացել, ու շուտով ծածկեց երկնքի ամբողջ արևելյան մասը։ Քարի մոտ Ռեդրիկը կանգ առավ ու նայեց հողաթմբի կողմը։ Արևը պայծառ լուսավորել էր հողաթումբը, այնտեղ կանգնած էր տասը վագոնիկներից բաղկացած գնացքը, մի քանի վագոններ ռելսերից ցած էին գլորվել ու ընկած էին գետնին, և հողաթումբն էլ ծածկված էր թափված ապարի կարմրավուն հետքերով։ Իսկ ավելի հեռվում, քարհանքի մոտերքում, գնացքից դեպի հյուսիս, ռելսերի վերևում օդը մի տեսակ պղտոր դողդողում էր ու երփներանգում, ու մերթ ընդ մերթ այնտեղ վայրկենապես առկայծում ու մարում էին փոքրիկ ծիածաններ։ Ռեդրիկը նայեց այդ դողդողացող օդին, թքեց ու շրջվեց։
― Գնացինք, ― ասաց նա, և Արթուրը նրա կողմը դարձրեց լարված դեմքը։ ― Տեսնո՞ւմ ես այն քրջերը։ Այդ կողմը մի՛ նայիր։ Աջ նայիր, աջ․․․
― Այո, ասաց Արթուրը։
― Ուրեմն լսիր, ժամանակին եղել է Ճարպիկ անունով մեկը։ Վաղուց է եղել։ Նա չի լսել մեծերին, ու հիմա այնտեղ հատուկ պառկած է այն բանի համար, որ խելոք մարդկանց ցույց տա ճանապարհը։ Այդ ճարպիկից երկու մատ աջ գնա․․․ Եղա՞վ։ Հիշիր այդ կետը։ Դե, մոտավորապես այնտեղ, որտեղ ավելի խիտ է․․․ Շարժվիր այդ կողմը։ Գնա՛։
Հիմա նրանք հողաթմբին զուգահեռ էին առաջ գնում։ Քայլ առ քայլ ջուրը ավելի էր պակասում, ու շուտով արդեն գնում էին չոր, ասես զսպանականման ճիմերի վրայով։ Իսկ ըստ քարտեզի՝ այստեղ պիտի լրիվ ճահիճ լիներ, մտածեց Ռեդրիկը։ Հնացել է քարտեզը։ Բարբրիջը վաղուց չի եղել այս կողմերում, ու դրա համար էլ քարտեզը հնացել է։ Լավ չի։ Իհարկե, չոր տեղերով քայլելն ավելի հեշտ է, բայց լավ կլիներ, որ այստեղ ճահիճը մնար․․․ Տե՜ս է, ոնց է քայլում։ Ոնց որ կենտրոնական պողոտայում լինի։
Երևում է, Արթուրն արդեն սրտապնդվել էր և հիմա հանգիստ էր քայլում։ Մի ձեռքը մտցրել էր գրպանը, իսկ մյուս ձեռքն ուրախ թափահարում էր, ասես զբոսանքի էր դուրս եկել։ Այդ ժամանակ Ռեդրիկը ինչ֊որ բան փնտրեց գրպանում, հետո հանեց քսանգրամանոց մի պնդօղակ ու, նշան բռնելով, խփեց Արթուրի գլխին։ Պնդողակը դիպավ Արթուրի ծոծրակին։ Պատանին տնքաց, ձեռքերով բռնեց գլուխը և, կծկվելով, փռվեց չոր խոտի վրա։
Ռեդրիկը կանգնեց նրա կողքը։
― Այ թե ոնց է լինում այստեղ, Արչի, ― ասաց նա խրատական տոնով։ ― Սա քեզ համար պուրակ չէ, ես ու դու զբոսանքի չենք եկել։
Արթուրը դանդաղ վեր կացավ։ Նրա դեմքը ճեփ֊ճերմակ էր։
― Հասկացա՞ր, ― հարցրեց Ռեդրիկը։
Արթուրը թուքը կուլ տվեց և գլխով արեց։
― Դե լավ։ Մյուս անգամ մռութիդ կհասցնեմ։ Եթե կենդանի մնաս։ Գնա՛։
Իսկ այս տղայից ստալկեր կստացվի, մտածում էր Ռեդրիկը։ Ու նրա անունը կդնեին, երևի, Սիրուն Արչի։ Մենք ժամանակին ունեինք մի սիրուն, նրան անունը Դիքսոն էր, իսկ հիմա բոլորը Փորսուղ են կանչում։ Միակ ստալկերը, որն ընկել է «մսաղացի» մեջ ու կենդանի է մնացել։ Բախտը բերել է։ Այդ հիմարը մինչև հիմա էլ կարծում է, թե Բարբրիջն է իրեն «մսաղացից» դուրս հանել։ Ո՜նց չէ։ «Մսաղացից» հանել չի լինի․․․ Գոտուց Բարբրիջը դուրս է բերել նրան, այդ մեկը ճիշտ է։ Այս հերոսությունն արել է, բայց հապա թող փորձե՛ր չանել։ Նրա այլանդակություններն արդեն բոլորին զզվացրել էին, ու տղերքն այն ժամանակ նրան ուղղակի ասացին․ թե մենակ պիտի վերադառնաս՝ լավ կանես չգնաս։ Ու հենց այդ ժամանակ էլ Բարբրիջի անունը դրին Գիշակեր, թե չէ առաջ նրա անունը Ձի էր․․․
Հանկարծ Ռեդրիկը ձախ այտի վրա զգաց օդի գրեթե աննկատելի հոսանքը ու իսկույն, չհասցնելով որևէ բան մտածել, գոռաց․
― Կանգնի՛ր։
Նա ձեռքը մեկնեց դեպի ձախ։ Օդի հոսանքն այնտեղ ավելի շատ էր զգացվում։ Իրենց ու հողաթմբի արանքում ինչ֊որ տեղ ընկած էր «մժեղի ճաղատը», իսկ գուցե այն շարժվում էր հենց հողաթմբով՝ հո պատահականությո՞ւն չէր վագոնիկների գլորվելը։ Արթուրը ասես մեխված լիներ տեղում, նա նույնիսկ չշրջվեց։
― Աջ գնա, ― հրամայեց Ռեդրիկը։ ― Գնա՛։
Այո, վատ ստալկեր չէր լինի․․․ Գրողը տանի, ոնց որ խղճում եմ նրան։ Միայն դա էր պակաս։ Իսկ երբևիցե որևէ մեկը ինձ խղճացե՞լ է․․․ Հա, ոնց որ խղճացել են։ Կիրիլն ինձ խղճում էր։ Դիկ Նունանն էլ է խղճում։ Ճիշտ է, նա երևի այնքան ինձ չի խղճում, որքան Գուտային է կպչում։ Բայց հնարավոր է, որ ինձ էլ է խղճում, մեկը մյուսին չի խանգարում կարգին մարդկանց մոտ․․․ Այ, միայն թե ես ոչ ոքի չեմ խղճում։ Ես ընտրում եմ ՝ կամ֊կամ․․․ Նա առաջին անգամ ամենայն հստակությամբ պատկերացրեց այդ ընտրությունը՝ կամ այս տղան կամ իմ Կապիկը։ Այստեղ իսկի ընտրություն էլ չկա, ամեն ինչ պարզ է։ Եթե միայն հրաշքը հնարավոր է, ասաց ներսից ինչ֊որ մի ձայն, ու Ռեդրիկը սարսափահար ու կատաղած խեղդեց իր մեջ այդ ձայնը։
Նրանք անցան գորշ քրջերի մոտով։ Ճարպիկից ոչ մի բան չէր մնացել, միայն չորացած խոտերի մեջ ընկած էր երկար, ամբողջովին ժանգոտած ձողը՝ ականորսը։ Այն ժամանակ շատերն էին ականորս օգտագործում, թաքուն գնում էին զինվորականներից ու հույսները դրանց վրա էին դնում՝ ոնց որ աստծու վրա, իսկ երկու ստալկեր զոհվեցին ստորերկրյա լիցքերից։ Այնուամենայնիվ, ո՞վ է այս Ճարպիկը։ Գիշակե՞րն է նրան այստեղ բերել, թե նա ինքն է եկել։ Ու ինչո՞ւ էին բոլորը գալիս այս քարհանքի մոտ։ Ինչո՞ւ ես ոչ մի բան չեմ լսել այդ մասին․․․ Գրողը տանի, ոնց է այրում․․․ Ու հալա դեռ առավոտ է, իսկ հետո ի՞նչ է լինելու․․․
Արթուրը, որ հինգ քայլ առաջ էր նրանից, կանգ առավ ու սրբեց ճակատի քրտինքը։ Ռեդրիկը նայեց արևին։ Արևը դեռ շատ չէր բարձրացել։ Ու հանկարծ նա գիտակցեց, որ չոր խոտն այլևս առաջվա պես չի խշշում իրենց ոտքերի տակ, այլ ասես ճռճռում է, ոնց որ կարտոֆիլի ալյուր, ու էլ առաջվա պես փշոտ ու ծակծկուն չէ, այլ փափուկ ու երերուն, իսկույն փշրվում է ոտքերի տակ, ոնց որ մրի քուլա․․․ Ու նա նորից տեսավ Արթուրի հստակ դրոշմված հետքերը և փռվեց գետնին, գոռալով՝ «Պառկիր»։
Նա բերանքսիվայր ընկավ խոտի վրա, ու խոտը հենց նրա այտի տակ փոշիացավ։ Կատաղությունից կրճտացրեց ատամները, որ ընկավ այս փորձանքի մեջ։ Նա պառկել էր, աշխատելով չշարժվել, դեռևս հույս փայփայելով, որ միգուցե կպրծնեն, թեև հասկանում էր, որ իրենք կորած են։ Տաքը սաստկանում էր, փլվում նրա վրա, պարուրում ամբողջ մարմինը և Ռեդրիկը ուշացումով գոռաց Արթուրին՝ «Չշարժվես։ Դիմացիր»։ Ու ինքն էլ աշխատեց դիմանալ։
Ու նա կդիմանար, և ամեն ինչ լավ կվերջանար, միայն մի քիչ կքրտնեին, բայց Արթուրը չդիմացավ։ Կամ նա չէր լսել Ռեդրիկի ասածը, կամ էլ շատ էր վախեցել․ իսկ գուցե նրան ավելի ուժեղ էր վառել, քան Ռեդրիկին․ համենայն դեպս նա անզոր եղավ ղեկավարելու ինքն իրեն ու կուրորեն, արձակելով կոկորդային մի ոռնոց, կռացած նետվեց այն կողմը, որտեղ նրան քշում էր անիմաստ բնազդը, նետվեց դեպի հետ՝ հենց այն կողմը, որտեղ արդեն ոչ մի կերպ չէր կարելի վազել։ Ռեդրիկը հազիվհազ հասցրեց բարձրանալ ընկած տեղից ու երկու ձեռքով բռնել նրա ոտքից, ու Արթուրն ամբողջ մարմնով շրմփաց գետնին, մոխրի ամպեր բարձրացնելով, աղեկտուր ճչաց անբնական բարձր ձայնով, ազատ ոտքով աքացի տվեց Ռեդրիկի դեմքին, ցնցվեց ու թպրտաց, բայց Ռեդրիկը, արդեն ոչինչ չհասկանալով ցավից, սողալով բարձրացավ նրա վրա, այրված դեմքով սեղմվելով նրա բաճկոնին, աշխատելով նրան խրել, մտցնել հողի մեջ, երկու ձեռքով բռնեց նրա երկարամազ, թպրտացող գլուխը, և կոշիկների քթերով ու ծնկներով կատաղորեն սկսեց խփել ոտքերին, հետևին, գետնին։ Նա աղոտ լսում էր իր տակից եկող տնքոցներն ու փնչոցները, ու սեփական խռպոտ ոռնոցը․ «Պառկի՛, դոդոշ, պառկի՛, կսպանեմ․․․»։ Իսկ վերևից նրա վրա էին լցվում ու լցվում շիկացած ածուխի կույտերը, ու արդեն բոցավառվում էր նրա հագուստը, ճարճատում, ուռչում և բշտիկ֊բշտիկ պայթում էր ոտքերի ու կողերի մաշկը, և նա, ճակատը խրելով մոխրի մեջ ու կրծքով ջղաձգորեն պահելով այդ անիծյալ լակոտի գլուխը, չդիմացավ ու աղեկտուր ոռնաց․․․
Նա չէր հիշում, երբ այդ ամենը վերջացավ։ Հասկացավ միայն, որ նորից կարող է շնչել, որ օդը նորից դարձել է օդ, այլ ոչ թե կոկորդն այրող շիկացած գոլոշի, ու մտածեց, որ պետք է շտապել, որ պետք է հնարավորին չափ շուտ դուրս գալ այդ դժոխային հնոցի տակից, քանի դեռ նորից չի իջել իրենց վրա։ Նա ցած սահեց Արթուրի վրայից, որը բոլորովին չէր շարժվում, նրա ոտքերը մտցրեց թևերի տակ ու ազատ ձեռքի օգնությամբ սողաց առաջ, աչքը չկտրելով այն գծից, որի մյուս կողմում նորից խոտ էր, մեռած, չոր, փշոտ, բայց իսկական խոտ, որը հիմա նրան թվում էր կյանքի մեծագույն ապաստան։ Մոխիրը խշրտում էր նրա ատամների տակ, վառված դեմքը պարուրվում էր ջերմության մնացորդներով, քրտինքը լցվում էր աչքերը, երևի այն պատճառով, որ նա այլևս ոչ հոնքեր ուներ, ոչ էլ թարթիչներ։ Իր հետևից նա քաշում էր Արթուրին, որն ասես դիտավորյալ այս ու այնտեղ էր կարչում անիծյալ բաճկոնով, այրվում էին խաշված ձեռքերը, իսկ ուսապարկն անընդհատ խրվում էր վառված ծոծրակը։ Ցավից ու հեղձուկից Ռեդրիկը սոսկումով մտածեց, որ ինքը ամբողջովին այրվել է և այլևս տեղ չի հասնի։ Այդ սարսափից նա ավելի ուժեղ աշխատեց ազատ արմունկով ու ծնկներով, միայն թե մի քիչ էլ առաջ սողա, մի քիչ էլ, Ռե՜դ, շարժվիր,Շեկ, այ այսպե՜ս, այ այսպես, դե՛հ, մի՛ քիչ էլ։
Հետո նա երկար պառկել էր, դեմքն ու ձեռքերը մտցրած սառը ժանգոտ ջրի մեջ, ու հաճույքով շնչում էր նեխահոտ զովը։ Նա կուզեր ընդմիշտ այդպես պառկած մնալ, բայց ստիպեց իրեն վեր կենալ և, ծնկաչոք, մի կողմ նետեց ուսապարկը, չորեքթաթ մոտեցավ Արթուրին, որը դեռ անշարժ ընկած էր ճահճից մի երեսուն քայլ հեռու, ու նրան շրջեց մեջքի վրա։ Հը՜մ, այո, սիրուն տղա էր։ Իսկ հիմա այդ սիրուն մռութը թվում էր չորացած ածուխից ու մոխրից սարքած մի դիմակ, ու Ռեդրիկը մի քանի վայրկյան բութ հետաքրքրությամբ նայում էր այդ դիմակի վրայի երկայնակի ակոսներին՝ ճիմերի ու քարերի հետքերին։ Հետո նա ոտքի կանգնեց, բռնեց Արթուրի թևատակից ու քաշեց դեպի ջուրը։ Արթուրը խռռացնում էր ու մերթ ընդ մերթ տնքում։ Ռեդրիկը նրա դեմքը մտցրեց ամենախոր ջրափոսի մեջ ու ինքն էլ պառկեց կողքը, նորից ըմբոշխնելով սառը և թաց գուրգուրանքի հաճույքը։ Արթուրը բլթբլթացրեց շարժվեց, ձեռքերը մտցրեց տակը ու վեր բարձրացրեց գլուխը։ Նրա աչքերը չռվել էին, նա ոչինչ չէր հասկանում ու ագահորեն օդ էր շնչում՝ հազալով ու թքելով։ Հետո նրա հայացքը դարձավ իմաստալից ու կանգ առավ Ռեդրիկի վրա։
― Թո՛ւ․․․ թո՛ւ․․․ ― ասաց նա ու տարուբերեց դեմքը, կեղտոտ ջուրը ցփնելով չորս կողմը։ ― Սա ի՞նչ բան էր, միստր Շուխարտ։
― Դա մահն էր, ― կամաց ասաց Ռեդրիկն ու հազաց։ Նա շփեց երեսը։ Ցավաց։ Քիթն ուռել էր, բայց հոնքերն ու թարթիչները, որքան էլ որ դա տարօրինակ էր, իրենց տեղում էին։ Ձեռքերի մաշկը նույնպես չէր վնասվել, միայն կարմիր էր։
Արթուրը ևս մատներով զգուշորեն շոշափում էր դեմքը։ Այժմ, երբ ջուրը լվաց տարավ սարսափելի դիմակը, պարզվեց, որ նրա դեմքը նույնպես, հակառակ սպասելիքների, համարյա չէր վնասվել։ Մի քանի քերծվածք կար ճակատի վրա, պատռվել էր ներքևի շրթունքը, իսկ ընդհանուր առմամբ՝ ոչինչ։
― Առաջին անգամ եմ լսում այսպիսի բան, ― փնթփնթաց Արթուրն ու հետ նայեց։
Ռեդրիկը նույնպես հետ նայեց։ Մոխրածածկ գորշ խոտի վրա շատ հետքեր էին մնացել, ու Ռեդրիկն ապշեց, թե որքան, պարզվում է, կարճ է եղել այն ահավոր ու անվերջանալի ճանապարհը, որն ինքն անցավ սողալով՝ փրկվելով կործանումից։ Խանձված տարածությունը ծայրից ծայր կլիներ մոտ քսան֊երեսուն մետր, ոչ ավելի, բայց նա սարսափահար ու կուրորեն սողացել էր սոսկալի զիգզագներ անելով, ինչպես ուտիչը շիկացած թավայի մեջ, և դեռ պետք է շնորհակալ լինել, որ ի վերջո սողացել է այնտեղ, որտեղ պետք է սողար, իսկ չէ՞ որ կարող էր սողալ դեպի ձախ կողմի «մժեղի ճաղատը», էլ չասած, որ կարող էր ընդհանրապես դեպի հետ շրջվել․․․ Ոչ, չէր կարող, մտածեց նա կատաղորեն։ Մի ինչ֊որ կաթնակեր լակոտ կարող էր, իսկ ես քեզ համար կաթնակեր չեմ, և եթե այդ հիմարը չլիներ, ընդհանրապես ոչինչ չէր լինի, ոտքերս կխաշեի ու հենց այդքանով էլ կպրծնեի։
Նա նայեց Արթուրին։ Արթուրը լվացվում էր փնչացնելով ու տնքտնքալով, երբ հանկարծ դիպչում էր ցավոտ տեղերին։ Ռեդրիկը վեր կացավ տեղից ու, այրված մաշկին շոգից կոշտացած հագուստի կպչելուց առաջացած ցավից կնճռոտվելով, դուրս եկավ մի չոր տեղ և կռացավ ուսապարկի վրա։ Այ, ուսապարկը շատ էր տուժել։ Վերին գրպաններից ընդհանրապես բան չէր մնացել․ դեղի սրվալները պայթել էին ուժեղ ջերմությունից, ու ամբողջ պարկից մի սոսկալի դեղահոտ էր փչում։ Ռեդրիկը ապակու ռ պլաստիկի բեկորներն ու մնացորդները թափեց ուսապարկից, ու հենց այդ ժամանակ էլ թիկունքից լսեց Արթուրի ձայնը․
― Շնորհակալություն, միստր Շուխարտ, դուք ինձ փրկեցիք։
Ռեդրիկը չպատասխանեց։ Գրո՛ղի ծոցը քո շնորհակալությունը։ Շա՜տ ինձ պետք էր քեզ փրկելը։
― Ինքս եմ մեղավոր, ― ասաց Արթուրը։ ― Ախր ես լսեցի, որ դուք ինձ հրամայեցիք պառկել, բայց շատ վախեցա, իսկ երբ սկսեց այրել, լրիվ գլուխս կորցրի։ Ես ցավից շատ եմ վախենում, միստր Շուխարտ․․․
― Վեր կաց, վեր կաց, ― ասաց Ռեդրիկը, շրջվելով նրա կողմը։ ― Սա դեռ փառք է․․․ Վեր կաց, ի՜նչ ես փռվել։
Ցավից ֆշշացնելով, նա պարկը գցեց այրված ուսերին ու ձեռքերը մտցրեց ձգափոկերի մեջ։ Այնպիսի զգացում ուներ, ասես այրված տեղերի մաշկը կծկվել էր ու պատվել ցավոտ կնճիռներով։ Ցավից վախենո՜ւմ է․․․ Սրա՜ն տեսեք․․․ Նա շուրջը նայեց։ Ոչինչ, արահետից դուրս չեն եկել։ Հիմա էլ սկսվելու են հանգուցյալների բլուրները։ Գարշելի բլուրներ են, ոնց որ սատանի գլուխներ լինեն տնկված, իսկ նրանց միջև ընկած հովիտը․․․ Նա ակամա քթով հոտոտեց օդը։ Վա՜յ, անիծյալ հովիտ, այ հենց սա է ամենագարշելին։
― Տեսնո՞ւմ ես բլուրների արանքի հովիտը, ― հարցրեց նա Արթուրին։
― Տեսնում եմ։
― Ուղիղ այնտեղ։ Մա՛րշ։
Արթուրը ձեռքի հակառակ կողմով սրբեց քիթն ու առաջ շարժվեց, չլմփացնելով ջրափոսերի միջով։ Նա կաղում էր և արդեն առաջվա պես սլացիկ ու ձիգ չէր, կռացել էր, ու հիմա շատ զգույշ էր առաջ գնում։ Ահա մեկին էլ փրկեցի, մտածեց Ռեդրիկը։ Սա ո՞րերորդն է արդեն։ Հի՞նգը։ Վե՞ցը։ Ու հիմա հարց է ծագում՝ ինչո՞ւ։ Ինչ է, նա հարազա՞տս է։ Խոստացե՞լ եմ օգնել նրան։ Լսիր, Շեկ, ինչո՞ւ էիր դու նրան քարշ տալիս․․․ Չէ՞ որ քիչ մնաց նրա պատճառով դու էլ խրվեիր․․․ Հիմա արդեն՝ պարզ գլխով, գիտեմ, որ ճիշտ արեցի, ես առանց նրա չեմ կարողանա, նա ոնց որ պատանդ լինի Կապիկիս համար։ Ես ոչ թե մարդու էի քարշ տալով բերում, այլ իմ ականորսը։ Իմ ականազերծիչը։ Իմ․․․ Իսկ այնտեղ, վառվելիս, ես այս մասին իսկի չէի էլ մտածում։ Փրկում էի նրան, ոնց որ հարազատիս, ու մտքովս մի պահ անգամ չէր անցնում, որ լքեմ նրան, չնայած ոչ մի բանի մասին չէի հիշում՝ ոչ խայծի, ոչ Կապիկի․․․ Ուրմեն ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ ես իսկապես բարի մարդ եմ։ Դա ինձ Գուտան էլ է անընդհատ ասում, հանգուցյալ Կիրիլն էր ասում։ Ու Ռիչարդն էլ է մի գլուխ ասում․․․ Ոնց չէ, լա՜վ բարի ես գտել։ Դու այս բոլորը վերջացրու, ասաց նա ինքն իրեն։ Այստեղ քո բարության տեղը չէ։ Նախ պետք է մտածել, հետո նոր ձեռքերն ու ոտքերը գործի դնել։ Ու սա լինի առաջին ու վերջին անգամ, հասկացա՞ր։ Բարի՜․․․ Ես նրան պետք է պահեմ «մսաղացի» համար, սառն ու հստակ մտածեց նա։ Այստեղ ամեն ինչից կարելի է պրծնել, բացի «մսաղացից»։
― Կանգնի՛ր, ― ասաց նա Արթուրին։
Հովիտն արդեն մոտ էր, և Արթուրը կանգնեց, շփոթված նայելով Ռեդրիկին։ Հովիտը ծածկված էր նեխած կանաչավուն, արևի տակ ճարպի պես փայլփլող ջրիկ խյուսով։ Նրա վերևում քուլա֊քուլա բարձրանում էր գոլորշին, որը բլուրների արանքում ավելի էր թանձրանում, և երեսուն քայլի վրա արդեն ոչինչ չէր երևում։ Եվ ժանտահոտությունը․․․ «Էստեղ մի քիչ հոտ կգա, Շեկ, բայց թե դու․․․ ը․․․ ը․․․ դիմացիր․․․»։
Արթուրը ինչ֊որ կոկորդային ձայն հանեց ու հետ֊հետ եկավ։ Այդ ժամ Ռեդրիկը ասես թափ տվեց իրեն՝ ազատվելով անհարկի մտքերից, գրպանից իսկույն մի փաթեթ հանեց, դեզոդորատորով ներծծված բամբակով քթածակերն ամուր փակեց ու մնացածը մեկնեց Արթուրին։
― Շնորհակալություն, միստր Շուխարտ, ― նվաղած ձայնով ասաց Արթուրը։ ― Իսկ վերևով չի՞ կարելի․․․
Ռեդրիկն առանց խոսելու բռնեց նրա մազերից ու գլուխը շրջեց քարքարոտ փլվածքի վրա երևացող քրջերի կողմը։
― Դա Ակնոցավորն է, ― ասաց նա։ ― Իսկ ձախ բլրի վրա՝ այստեղից չի երևում, ընկած է Պուդելը։ Նույն տեսքով։ Հասկացա՞ր։ Առա՛ջ։
Խյուսը տաք էր, կպչուն։ Սկզբում նրանք գնում էին մինչև գոտկատեղը խրված խյուսի մեջ, բարեբախտաբար, հատակը քարքարոտ էր և բավականին հարթ, բայց շուտով Ռեդրիկը երկու կողմից լսեց ծանոթ բզզոցը։ Արևով լուսավորված ձախ բլրի վրա ոչ մի բան չէր երևում, իսկ աջ կողմի բլրի ստվերոտ տեղերում բաց մանուշակագույն կրակներ վետվետացին։
― Կռացի՛ր, ― ատամների արանքից նետեց Ռեդրիկն ու ինքն էլ կռացավ։ ― Ավելի շատ կռացիր, հիմա՛ր, ― գոռաց նա։
Արթուրը վախեցած կռացավ, ու հենց այդ պահին օդը թրատվեց որոտաձայն լիցքերից։ Հենց նրանց գլխավերևում մոլեգին դղրդոցով պտտվեց ճյուղավոր կայծակը, որը հազիվ էր նշմարվում երկնքի ֆոնի վրա։ Արթուրը պպզեց ու մինչև ուսերը խրվեց խյուսի մեջ, ստվերում, տեսավ վառ կարմիր, արագ անհետացող կետը, ու իսկույն էլ խփեց երկրորդ կայծակը։
― Ա՛ռաջ։ Առա՛ջ, ― գոռաց նա, ինքն էլ չլսելով իր ձայնը։
Հիմա նրանք առաջ էին շարժվում պպզած, սագի քայլքով, դրսում թողնելով միայն գլուխը, ու ամեն անգամ կայծակի բռնկումից Ռեդրիկը տեսնում էր, ինչպես են ցից֊ցից կանգնում Արթուրի երկար մազերը, ու զգում էր, ինչպես են հազարավոր ասեղներ խրվում իր դեմքի մաշկի մեջ։ «Առա՛ջ, ― միապաղաղ կրկնում էր նա։ ― Առա՛ջ»։ Նա արդեն ոչ մի բան չէր լսում։ Մի անգամ Արթուրը դեմքը շրջեց նրա կողմը, ու նա տեսավ իրեն ուղղված սարսափից չռված աչքերը, սպիտակ, դողդողացող շրթունքները և կանաչոտված ու քրտնքով պատած այտը։ Հետո կայծակներն այքան ցածրացան, որ նրանք ստիպված եղան գլուխներն էլ մտցնել խյուսի մեջ։ Կանաչ լորձը սոսնձում էր բերանները, և շնչելը շատ դժվար էր։ Բերանով որսլով օդը, Ռեդրիկը քթից հանեց բամբակը ու հանկարծ զգաց, որ գարշահոտությունը վերացել է, որ օդը հագեցած է մաքուր օզոնի թարմացուցիչ հոտով, իսկ գոլորշին էլ ավելի է բարձրացել, կամ գուցե աչքերն են շաղվում, և նա արդեն չէր տեսնում ոչ աջ, ոչ ձախ կողմի բլուրները, ոչինչ չէր երևում, բացի Արթուրի կանաչ՝ ցեխով պատված գլխից և շուրջը գալարվող դեղին գոլորշուց։
Դուրս կգամ, դուրս կգամ, մտածում էր Ռեդրիկը։ Առաջին անգամը չէ, ամբողջ կյանքումս սա է եղել․ ինքս կեղտի մեջ, իսկ գլխիս վերևում՝ կայծակներ, ուրիշ բան չի եղել իմ կյանքում․․․ Տեսնես որտեղի՞ց է այս զիբիլը։ Ու ինչքան էլ շատ է․․․ խելագարվել կարելի է, ինչքան զիբիլ կա կուտակված մի տեղում։ Սա Գիշակերն է, մտածեց նա գազազած։ Գիշակերն է անցել այս տեղով, ու նրանից հետո է այս զիբիլը մնացել․․․ Ակնոցավորը աջ կողմում է պառկել, Պուդելը՝ ձախ, ու այդ բոլորը նրա համար, որ Գիշակերը գնա նրանց արանքով ու իրենից հետո այս գարշանքը թողնի․․․ Քեզ տեղն է, ասաց նա ինքն իրեն։ Ինչ է, չգիտեի՞ր այս բոլորը։ Ով որ Գիշակերից հետո է գնում, նա միշտ էլ միչև կոկորդը կեղտի մեջ է խրվում։ Ինչ է, դու դա չգիտեի՞ր․․․ Դրանք շատ֊շատ են, այդ գիշակերները, ու դրա համար էլ այստեղ ոչ մի մաքուր տեղ չի մնացել․․․ Նունանը հիմար է, որ ինձ ասում է․ դու, Շեկ, հավասարակշռություն խախտող ես, կարգուկանոնը խախտող, դու, ասում է, միշտ էլ քեզ վատ կզգաս, լավ կարգերի դեպքում էլ, վատի էլ, քո նմանների պատճառով երկրի վրա երբեք երկնային արքայություն չի լինի։ Բայց թե դու այդ ամենից ի՞նչ ես հասկանում, Հաստլիկ։ Դու այդ ե՞րբ ես մեզ մոտ լավ կարգեր տեսել։ Դու այդ ե՞րբ ես ինձ տեսել քո լավ կարգերի օրոք․․․
Նա սայթաքեց ոտքի տակ ընկած քարից, գլխով խրվեց խյուսի մեջ, հետո դուրս պրծավ, կողքը տեսավ Արթուրի չռված աչքերով ու վախից այլայլված դեմքը, և հանկարծ ինքն էլ սարսռաց։ Նրան թվաց, թե ուղղությունը կորցրել է։ Բայց ուղղությունը չէր կորցրել։ Նա անմիջապես էլ հասկացավ, որ պետք է գնալ այն կողմ, որտեղ խյուսի միջից դուրս է ցցվել քարի գլուխը, հասկացավ, չնայած այդ քարից բացի ոչ մի բան չէր երևում դեղին մշուշի մեջ։
― Կանգնի՛ր, ― գոռաց նա։ ― Ա՛ջ գնա։ Քարից դեպի աջ։
Նա նորից չլսեց իր ձայնը ու այդ ժամանակ արագ հասավ Արթուրին, բռնեց նրա ուսից ու սկսեց ձեռքով ցույց տալ․ քարից աջ գնա ու գլուխդ ներքև պահիր։ Դուք դեռ ինձ պատասխան կտաք սրա համար, մտածեց նա։ Արթուրը քարի մոտ գլուխը մտցրեց խյուսի մեջ, ու նույն ակնթարթին կայծակը սոսկալի ճայթունով զարնվեց քարի սև կատարին, և շիկացած բեկորները թռան չորս կողմ։ Դուք սրա համար ինձ պատասխան կտաք, նորից կրկնեց Ռեդրիկը, գլուխը մտցնելով խյուսի մեջ ու ամբողջ ուժով աշխատեցնելով ոտքերն ու ձեռքերը։ Ականջներում խուլ թնդաց կայծակի նոր հարվածը։ Ես ձեզ ցույց կտամ սրա համար։ Ու իսկույն էլ մտածեց․ ո՞ւմ եմ ասում սա։ Չգիտեմ։ Բայց ինչ֊որ մեկը ինձ պատասխան պիտի տա այս ամենի համար։ Դուք դեռ սպասեք, թողեք հասնեմ գնդին, միայն թե հասնեմ գնդին, ես ձեզ համար Գիշակեր չեմ, դուք ինձ պատասխան կտաք ի՛մ ուզածով։
Երբ նրանք խյուսից դուրս եկան չոր տեղ, արևից շիկացած քարերի վրա՝ խլացած, տակնուվրա եղած, օրորվելով ու իրարից բռնելով, որ չընկնեն, Ռեդրիկը տեսավ ծռմռված ավտոֆուրգոնը ու աղոտ հիշեց, որ այստեղ, ֆուրգոնի մոտ կարելի է դադար առնել ստվերի տակ։ Նրանք մտան ստվերի տակ։ Արթուրը պառկեց մեջքի վրա ու թույլ մատներով սկսեց արձակել բաճկոնի կոճակները, իսկ Ռեդրիկը ուսապարկով հենվեց ֆուրգոնին, ափերը խճին քսելով մի քիչ մաքրեց կեղտից ու ձեռքը տարավ ծոցը։
― Ւնձ էլ․․․ ― շշնջաց Արթուրը։ ― Ինձ էլ տվեք, միստր Շուխարտ։
Ռեդրիկը զարմանքով նկատեց, թե ինչ բարձր ձայն ունի այդ տղան, մի կում արեց, աչքերը փակեց ու տափաշիշը մեկնեց Արթուրին։ Վե՛րջ։ Թուլացած մտածեց նա։ Անցանք։ Սա էլ անցանք։ Չէ։ Ես ամեն ինչ հիշում եմ։ Կարծում եք, ես ձեզ շնորհակալությո՞ւն պիտի հայտնեմ, որ դուք ինձ կենդանի թողեցիք, չխեղդեցիք։ Ցա՛վ ձեզ, ոչ թե շնորհակալություն։ Հիմա ձեր բոլորի վերջը եկել է, հասկացա՞ք։ Ես սրանից ոչ մի բան չեմ թողնելու։ Հիմա ե՛ս եմ որոշելու։ Ե՛ս, Ռեդրիկ Շուխարտս, ողջամիտ ու սթափ հիշողությամբ պիտի վճռեմ ամեն ինչ ու ամենքի փոխարեն։ Իսկ դուք բոլորդ, հազարումի գիշակերներդ ու իժերդ, եկվորներդ ու ոսկրոտներդ, քվոթերբլադներդ ու պարազիտներդ, կանաչներդ ու խռպոտներդ, փողկապավորներդ ու հանազգեստավորներդ, մաքուրներդ, ձեր պայուսակներով, ճառերով ու բարեգործություններով, հավերժական ակումուլյատորներով, հավերժական շարժիչներով, «մժեղի ճաղատներով», սուտ խոստումներով բավական է ինչքան ինձ մատի վրա խաղացրիք, ամբողջ կյանքումս քթիցս բռնած ման ածեցիք, իսկ ես, հիմարս, պարծենում էի, որ ոնց կուզեմ՝ այնպես էլ կանեմ, իսկ դուք ինձ հաճոյանում էիք, տաքացնում, իսկ ինքներդ, իժեր, իրար աչքով էիք անում ու քթիցս բռնած քարշ էիք տալիս, տանում բանտ, տանում պանդոկ․․․ Հերիք է։ Նա քանդեց ուսապարկի փոկերը և Արթուրի ձեռքից վերցրեց տափաշիշը։
― Երբեք մտքովս չի անցել, ― ասաց Արթուրը՝ ձայնի մեջ հեզ տարակուսանք, ― նույնիսկ չեմ պատկերացրել․․․ Իհարկե գիտեի, որ մահ կա, կրակ․․․ Բայց այսպիսի բաներ․․․ Ոնց պիտի հետ դառնանք։
Ռեդրիը չէր լսում նրան։ Այն ինչ հիմա ասում է այս մարդը, այլևս ոչ մի իմաստ չունի։ Առաջ էլ ոչ մի իմաստ չուներ, բայց առաջ նա գոնե մարդ էր։ Իսկ հիմա․․․ խոսող գործիք է։ Թող խոսի։
― Լավ կլիներ՝ լվացվեինք․․․ ― Արթուրը մտահոգ շուրջը նայեց։ ― Գոնե դեմքներս թրջեինք։
Ռեդրիկը ցրված նայեց նրան, տեսավ թաղիքի նման իրար կպած մազերը, չորացած լորձով պատված դեմքը՝ վրան մատների թողած հետքերը, ու ոչ խղճահարություն զգաց, ոչ էլ զայրույթ։ Ո՛չ մի բան։ Խոսող գործիք։ Նա դեմքը շրջեց։ Առջևում փռված էր լքված շինհրապարակի պես մռայլ մի տարածություն, որը լցված էր սուր խճաքարով, պարուրված էր սպիտակ փոշով, ողոված էր արևի շլացուցիչ լույսով, անտանելիորեն սպիտակ, այրող, չարագույժ ու մեռյալ լույսով։ Քարհանքի հեռավոր ծայրն արդեն երևում էր այստեղից՝ նույնպես շլացուցիչ սպիտակ, և այստեղից թվում էր շատ հարթ ու լերկ, իսկ մոտիկ ծայրը՝ նշմարվում էր խոշոր բեկորների կույտով, և քարհանք իջնում էին այնտեղից, որտեղ բեկորների մեջ կարմիր գույնով երևում էր էքսկավատորի խցիկը։ Դա միակ կողմնորոշիչն էր։ Հարկավոր էր ուղիղ գնալ դեպի այդ էքսկավատորը, ապավինելով սոսկ միայն սովորական հաջողությանը։
Հանկարծ Արթուրը մի քիչ ձգվեց պառկած տեղից, ձեռքը մտցրեց ֆուրգոնի տակ ու այնտեղից հանեց պահածոյի մի ժանգոտած տուփ։
― Հապա նայեք, միստր Շուխարտ, ― ասաց նա աշխուժանալով։ ― Սա, երևի, հայրս է թողել․․․ Այնտեղ էլի կա։
Ռեդրիկը չպատասխանեց։ Իզուր էլ գտար, մտածեց նա անտարբեր։ Ավելի լավ կանես հիմա հորդ չհիշես, ավելի լավ է հիմա սսկվես։ Այսինքն միևնույն է․․․ Նա վեր կացավ ու ցավից ֆշշացրեց, որովհետև հագուստը կպել էր մարմնին, այրված մաշկին, ու հիմա ներսում ինչ֊որ բան ցավոտ պատռվում էր, պոկվում, ինչպես վերքին կպած չորացած վիրակապը։ Արթուրն էլ տեղից վեր կացավ և նույնպես տնքած, ֆսֆսաց ու կարեկցանքով նայեց Ռեդրիկին, երևում էր, որ շատ է ուզում ցավերից խոսել, բայց չի համարձակվում։ Նա միայն խեղճացած ասաց․
― Մի կում էլ տվեք, խնդրում եմ, միստր Շուխարտ։
Ռեդրիկը ձեռքում պահած տափաշիշը դրեց ծոցն ու ասաց․
― Քարերի միջի կարմիրը տեսնո՞ւմ ես։
― Տեսնում եմ, ― ասաց Արթուրն ու ջղաձգորեն շունչ քաշեց։
― Ուղիղ այդ կողմը։ Գնա։
Արթուրը տնքալվ ձգվեց, ուղղեց ուսերը, ցավից ծռմռվեց ու, շուրջը նայելով, շշնջաց․
― Գոնե մի քիչ լվացվեինք․․․ Ամեն ինչ կպել է իրար․․․
Ռեդրիկը լուռ սպասում էր։ Արթուրը հուսակտուր նայեց նրան և արդեն ուզում էր շարժվել, բայց իսկույն կանգ առավ։
― Ուսապարկը, ― ասաց նա։ ― Ուսապարկը մոռացել եք, միստր Շուխարտ։
― Մա՛րշ, ― հրամայեց Ռեդրիկը։
Նա ոչ բացատրել էր ուզում, ոչ խաբել։ Դա արդեն լրիվ անիմաստ էր։ Առանց դրա էլ կգնա։ Ուրիշ ի՞նչ պիտի անի։ Կգնա։ Եվ Արթուրը գնաց։ Օրորվելով, կռացած, ոտքերը քարշ տալով, աշխատելով պոկել երեսին չորացած կեղտը, մի տեսակ փոքրացած, նիհարած, ոնց որ անձրևից թրջված կատվի ձագ։ Ռեդրիկը շարժվեց նրա հետևից, ու հենց որ դուրս եկավ ստվերից, արևն այրեց ու կուրացրեց նրան, և նա ձեռքով փակեց աչքերը, ափսոսալով, որ սև ակնոց չի վերցրել։
Ամեն մի քայլից սպիտակ փոշու ամպ էր բարձրանում, փոշին նստում էր կոշիկներին, արձակելով մի անտանելի հոտ, ավելի ճիշտ՝ այդ հոտը Արթուրից էր փչում, հնարավոր չէր հետևից քայլել, ու Ռեդրիկը նոր միայն հասկացավ, որ ամենից շատ իր վրայից է փչում այդ հոտը։ Դա մի նողկալի հոտ էր, բայց նաև ծանոթ, այդ հոտն էր տարածվում քաղաքով մեկ այն օրերին, երբ հյուսիսային քամին գործարանի ծուխը լցնում էր քաղաքի փողոցները։ Իր հորից էլ էր նույն հոտը փչում, երբ նա տուն էր գալիս՝ աժդահա, մռայլ ու արյունով լցված կատաղի աչքերով, և Ռեդրիկը շտապ թաքնվում էր մի հեռու անկյունում ու այնտեղից վախվորած նայում, թե հայրն ինչպես է վրայից հանում աշխատանքային շորերն ու շպրտում մորը, հետո վիթխարի ոտքերից պոկելով հանում է մաշված կոշիկները, խցկում կախիչի տակ, ու ինքը, գուլպաներով, քստքստացնելով մերկ մարմինն, շրխկացնելով թասերը, քթի տակ ինչ֊որ բան մռթմռթալով, իսկ հետո գոռում է տնով մեկ․ «Մարիա՜։ Քնե՞լ ես»։ Պետք էր սպասել մինչև հայրը լողանա, նստի սեղանի մոտ, որտեղ արդեն դրված էր շիշը, թանձր ապուրով ափսեն ու կետչուպով բանկան, և սպասել, մինչև նա խպշտի ապուրը, անցնի մսին ու լոբուն, և ահա այդ ժամանակ արդեն կարելի էր դուրս գալ լույս աշխարհ, բարձրանալ նրա ծնկներին ու հարցնել, թե այսօր ո՛ր վարպետին ու ո՛ր ինժեներին է նա խեղդել արջասպի յուղի մեջ․․․
Շուրջն ամեն ինչ շիկանալուց սպիտակել էր, և Ռեդրիկը սրտխառնոց էր զգում չոր ու դաժան տապից,հոգնածությունից, ճաքճքած մաշկը անտանելիորեն մղկտում էր ու մռմռում էր ծալքերում, ու նրան թվում էր, որ գիտակցությունը մթագնող այս կիզիչ մշուշի միջով մաշկը ճգնում է լսելի դարձնել իր ձայնը, աղերսելով դադար, ջուր ու զովություն։ Անճանաչելիության չափ մաշված հիշողությունները ահագնանում էին այտուցված ուղեղում, հրմշտում ու ցած գլորում իրար, խռնվում, ձուլվելով ու դառնալով ճերմակ, հրակեզ ու տոթ մի աշխարհ, որը պարում էր նրա կիսափակ աչքերի առաջ, ու այդ բոլոր հիշողությունները դառն էին, ու բոլորը ծնում էին ճանկռոտող խղճահարություն կամ ատելություն։ Նա փորձում էր խառնվել այդ մղձավանջին, ճգնում էր անցյալից հիշել մի որևէ քաղցր պատրանք, քնքշություն կամ առույգության զգացողություն, հիշողության խորքերից ճզմելով հանում էր Գուտայի նուրբ, ծիծաղկոտ դեմքը, աղջկական դեմքը՝ տենչալի ու անմատչելի, ու երբ արդեն ասես հայտնվելու վրա էր, հանկարծ ծածկվում էր ժանգով, աղավաղվում ու դառնում մռայլ, կոշտ կարմրավոին բրդով ծածկված կապիկի մռութ, նա ճգնում էր հիշել Կիրիլին, սուրբ մարդուն, նրա արագ, վստահ շարժումները, նրա ծիծաղը, նրա ձայնը, որ խոստանում էր աննման ու սքանչելի վայրեր և ժամանակներ, ու Կիրիլը հայտնվում էր նրա առաջ, իսկ հետո արևի վրա բռնկվում էր մի արծաթավուն սարդոստայն, և Կիրիլն արդեն չկար, ու նրա փոխարեն չթարթող, հրեշտակային աչքերով Ռեդրիկի դեմքին իր հայացքն էր գամում Խռպոտ Խյուն, ու նրա խոշոր սպիտակ ձեռքը ափի վրա ծանրութեթև էր անում ճենապակյա կոնտեյները․․․ Գիտակցուցյան մեջ պտտվող ինչ֊որ չար ուժեր անմիջապես թուլացնում էին կամային պատնեշը ու մարում այն քիչ լավը, որ դեռ մնում էր նրա հիշողության մեջ, ու արդեն թվում էր, որ երբեք ոչ մի լավ բան չի եղել, այլ միայն մռութներ, մռութներ, մռութներ․․․
Եվ այդ ամբողջ ժամանակ նա մնում էր ստալկեր։ Առանց մտածելու, առանց գիտակցելու, առանց նույնիսկ հիշելու, նա ասես զգում էր ողնուղեղով, որ ձախից, անվտանգ հեռավորության վրա, հին տախտակների կույտի վերևում կանգնած է «ուրախ ուրվականը»՝ հանգիստ ու հալիծ ընկած։ Ահ, թքած նրա վրա։ Իսկ աջից քամի փչեց, ու մի քանի քայլ այն կողմ բացվեց հայելու պես հարթ ու լերկ «մժեղի ճաղատը»՝ ծովաստղի նման մի քանի պոչով, հեռու է, սարսափելի չէ, իսկ նրա կենտրոնում՝ ստվերի պես տափակած թռչուն, հազվադեպ մի բան, քանի որ Գոտում ընդհանրապես թռչուններ չեն թռչում։ Իսկ այ արահետի մոտ ընկած են երկու «փուչիկ»։ Երևում է Գիշակերն է գցել հետ դառնալիս, վախը հաղթել է ագահությանը․․․ Նա տեսնում էր այս ամենը և այս ամենը հաշվի առնում, ու հենց որ կռացած ու կծկված Արթուրը մի քայլ շեղվում էր ճիշտ ուղղությունից, Ռեդրիկի բերանը բացվում էր ինքն իրեն, ու խռպոտ, նախազգուշացնող գոռոցը ինքն իրեն դուրս էր թռչում նրա կոկորդից։ Մեքենա եմ, մտածեց նա։ Դուք ինձ մեքենա սարքեցիք․․․ Իսկ քարհանքի ծայրի քարեղեն բեկորները ավելի ու ավելի էին մոտենում, և էքսկավատորի կարմիր խցիկի տանիքին արդեն կարելի էր տեսնել ժանգի քմահաճ նախշերը։
Հիմար ես, Բարբրիջ, մտածում էր Ռեդրիկը։ Խորամանկ ես, բայց հիմար։ Դու ո՞նց հավատացիր ինձ, հը՞։ Դու հո ինձ վաղուց գիտես, դու պիտի որ ինձ ավելի լավ իմանայիր, ինձանից էլ լավ։ Պառավել ես, պառավել․․․ Խելքդ թռցրել ես։ Էլ չեմ ասում, որ ամբողջ կյանքումդ հիմարների հետ ես գործ ունեցել․․․ Ու նա պատկերացրեց, թե ինչպես կծռմռվի Գիշակերի մռութը, երբ իմանա, որ Արթուրը, իր սիրուն Արչին, իր արյունը․․․ Իր՝ Գիշակերի ոտքերի համար Շեկի հետ Գոտի է գնացել ոչ թե մի ինչ֊որ լակոտ, այլ իր հարազատ որդին, իր կյանքը, իր հարստությունը․․․ Ու, պատկերացնելով այդ մռութը, Ռեդրիկը ծիծաղեց։ Իսկ երբ Արթուրը վախեցած շրջվեց ու նայեց նրան, նա, շարունակելով ծիծաղել, ձեռքը թափ տվեց՝ գնա՛, գնա՛․․․ Ու նորից գիտակցության մեջ, ինչպես էկրանի վրա, սողացին մռութները․․․ Պետք էր ամեն ինչ փոխել։ Պետք էր փոխել ոչ թե մեկ կյանք, ոչ էլ երկու կյանք, պետք էր փոխել այս ստոր, ժահրահոտ աշխարհի ամեն մի պտուտակը․․․
Արթուրը կանգ առավ քարհանքի ուղղաբերձ պռնկի մոտ ու, ձգելով երկար վիզը, քարացավ, հայացքը հառած ներքև ու հեռուն։ Ռեդրիկը մոտեցավ ու կանգնեց նրա կողքը, բայց չնայեց այնտեղ, ուր նայում էր Արթուրը։
Հենց նրանց ոտքերի տակից քարհանքի խորքն էր իջնում մի ճանապարհ, որը դեռ շատ տարիներ առաջ բացել էին ծանր բեռնատարների անիվներն ու թրթուրները։ Ճանապարհի աջ կողմում շոգից ճաքճքած սպիտակ զառիկող պատն էր, իսկ ձախից զառիկողը կիսաքանդված էր, և քարերի ու խճի կույտի մեջ կանգնած էր մի կողմի վրա թեքված էքսկավատորը, նրա շերեփը ներքև էր կախվել և անուժ խրվել ճամփեզրի մեջ։ Ու, ինչպես և պետք էր սպասել, էլ ոչ մի բան չէր երևում ճանապարհին, միայն հենց շերեփի մոտ, զառիկողից կախ էին ընկել ծռմռված սև ելուստ լեզվակներ, որոնք նման էին ձուլածո հաստ մոմերի, ու փոշու մեջ երևում էին բազմաթիվ սև կետեր, ասես այնտեղ հանքաձյութ էին թափթփել։ Ահա և այն ամենը, ինչ մնացել էր նրանցից, նույնիսկ հնարավոր չէ ասել, թե ինչքան մարդ է այստեղ եղել։ Երևի ամեն մի սև կետը մի մարդ է, Գիշակերի մի ցանկությունը։ Ահա այն կետը․ դա Գիշակերն է ողջ ու առողջ հետ եկել յոթերորդ կորպուսի նկուղից։ Իսկ այն մեծը Գիշակերն է, որ առանց դժվարության Գոտուց դուրս է բերել «շարժվող մագնիսը»։ Իսկ այն լեզվակը Դինա Բարբրիջն է, շքեղ գեղեցկուհին, որը նման չէ ոչ մորը, ոչ էլ հորը։ Իսկ այ սա Արթուր Բարբրիջն է, որը նույնպես նման չէ ոչ հորը, ոչ էլ մորը՝ սիրուն Արչին, հպարտությունը․․․
― Հասա՜նք, ― մոլեգնած խռխռացրեց Արթուրը։ ― Միստր Շուխարտ, այնուամենայնիվ, հասա՜նք, չէ՞։
Նա ծիծաղեց երջանիկ ծիծաղով, պպզեց ու բռունցքներով սկսեց ուժգին խփել գետնին։ Նրա գագաթի մազերը ծիծաղելիորեն ցնցվում էին ու թռչում չորս կողմ։ Եվ միայն այդ ժամանակ Ռեդրիկը բարձրացրեց աչքերը ու նայեց գնդին։ Զգուշորեն։ Վախենալով։ Մի գողունի վախով, որ այդ գունդը հանկարծ չի լինի այնպիսին՝ կհիասթափեցնի, կասկած կհարուցի, ցած կնետի երկնքից, որտեղ իրեն հաջողվեց մագլցել՝ կուլ տալով ժանտահոտ խյուսը․․․
Գունդը ոսկե չէր, այն ավելի շուտ պղինձ էր, կարմրավուն, բացարձակապես հարթ, և աղոտ փայլատակում էր արևի տակ։ Այն ընկած էր քարհանքի հեռավոր պատի տակ, հարմար տեղավորված էր վաղուց թափված ապարի կույտի մեջ ու նույնիսկ այստեղից էլ էր երևում, թե որքան հոծ է ու ինչպես է ծանրությամբ ճզմել ընկած տեղը։
Նրա մեջ ոչ մի հիասթափեցնող կամ կասկած հարուցող բան չկար, բայց չկար նաև հուսադրող բան։ Չգիտես ինչու, միանգամից այն միտքն էր ծագում, որ սնամեջ է, ու եթե ձեռքով շոշափես, շատ տաք պետք է լինի՝ արևն է շիկացրել։ Նա հաստատ չէր լուսարձակում ու հաստատ ընդունակ չէր օդ թռչելու և պարելու, ինչ նրան վերագրում էին բազմաթիվ առասպելները։ Նա գտնվում էր այնտեղ, ուր ընկել էր։ Միգուցե ընկել էր մի ինչ֊որ վիթխարի գրպանից, կամ էլ գլորվել ու կորել էր ինչ֊որ աժդահաների խաղի ժամանակ։ Գունդը չի դրվել այստեղ, այն ընկել մնացել էր, ինչպես որ այստեղ ընկել մնացել էին բոլոր «փուչիկներն» ու «ապարանջանները», «մարտկոցներն» ու Այցելությունից հետո մնացած ամեն տեսակ ազբը․․․
Բայց և այնպես նրա մեջ ինչ֊որ բան կար, և որքան շատ էր Ռեդրիկը նայում, այնքան հստակորեն էր հասկանում, որ գնդի վրա նայելը հաճելի է, որ ուզում ես մոտենալ նրան, ձեռքերով շոյել, ու չգիտես որտեղից հառնեց այն միտքը, թե լավ կլինի, եթե նստես նրա կողքը, իսկ էլ ավելի լավ կլինի, եթե մեջքով հենվես նրան, գլուխդ հետ գցես ու, աչքերդ փակելով, մտածես, հիշես, իսկ գուցեև պարզապես քնես, հանգստանաս․․․
Արթուրը վեր թռավ, արձակեց իր բաճկոնի բոլոր կոճակները, պոկեց֊հանեց հագից այդ բաճկոնը ու շպրտեց ոտքերի տակ, բարձրացնելով սպիտակ փոշու սյուն։ Նա ինչ֊որ բան էր գոռում, ծամածռելով դեմքն ու թափահարելով ձեռքերը, իսկ հետո ձեռքեըը դրեց մեջքին ու, պարելով, ճարպկորեն վեր նետելով ոտքերը, սկսեց թռչկոտելով ցած իջնել թեքությմբ։ Նա արդեն չէր նայում Ռեդրիկին, նա մոռացել էր իր Ռեդրիկին, նա մոռացել էր ամեն ինչ, նա գնում էր կատարելու իր բոլոր ցանկությունները, քոլեջի աշակերտի իր փոքրիկ, բաղձալի ցանկությունները, այդ տղան, որը կյանքում ոչ մի փող չէր տեսել, բացի այսպես կոչված գրպանի փողերից, այդ կաթնակերը, որին տանը անխնա ծեծում էին, եթե վրայից թեկուզ մի քիչ օղու հոտ էին առնում, որին ուզում էին անպայման նշանավոր իրավաբան դարձնել, իսկ հեռանկարում՝ մինիստր, իսկ էլ ավելի հեռավոր ապագայում ինքներդ եք հասկանում՝ պրեզիդենտ։ Կուրացնող լույսից կկոցելով բորբոքված աչքերը, Ռեդրիկը լուռ նայում էր նրա հետևից։ Նա սառն էր ու հանգիստ, նա գիտեր հիմա ինչ է կատարվելու, ու գիտեր, որ ինքը չի նայելու դրան, բայց առայժմ դեռ կարելի էր նայել, ու նա նայում էր, առանձնապես ոչ մի բան չզգալով, միայն թե ներսում, շատ֊շատ խորքում, հանկարծ մի անդադրում որդ շարժվեց ու պտտեցրեց փշոտ գլուխը։
Իսկ տղան անընդհատ իջնում էր՝ պարելով ու թռչկոտելով զառիկող ճանապարհին, և սպիտակ փոշին վեր էր բարձրանում «չեչոտկա» դոփող նրա ոտքերի տակից, ու նա ամբողջ ձայնով ինչ֊որ բան էր գոռում, զրնգուն և շատ ուրախ ձայնով, և շատ հանդիսավոր, ինչպես երգ կամ անեծք, ու Ռեդրիկը մտածեց, որ հանքի գույության ողջ ընթացքում առաջին անգամ են այս ճանապարհով իջնում այսպես, ասես տոնախմբության են գնում։ Ու սկզբում չէր լսում, թե ինչ է գոռում այդ խոսող գործիքը, իսկ հետո կարծես նրա մեջ ինչ֊որ բան միացավ, ու նա լսեց․
― Երջանկությո՜ւն բոլորի համար․․․ Ձրի՜․․․ Ինչքա՜ն կուզեք երջանկություն․․․ Բոլո՛րդ հավաքվեցեք այստեղ․․․ Կհասնի՜ բոլորին․․․ Ոչ ոք նեղացած չի գնա․․․ Ձրի՜․․․ Երջանկությո՜ւն․․․ Ձրի՜․․․
Իսկ հետո հանկարծ լռեց, ասես մի վիթխարի ձեռք թափով խցոց մտցրեց նրա բերանը։ Ու Ռեդրիկը տեսավ, ինչպես էքսկավատորի շերեփի ստվերում թաքնված թափանցիկ դատարկությունը ճանկեց նրան, նետեց օդ ու դանդաղորեն, ասես ճիգ գործադրելով, քամեց, ինչպես կանայք լվացք են քամում։ Ռեդրիկը հասցրեց նկատել, ինչպես փոշոտ կոշիկներից մեկը պոկվեց թպրտացող ոտքից ու թռավ հանքի վերևով։ Ապա նա շրջվեց ու նստեց գետնին։ Նրա գլխում չկար և ոչ մի միտք, ու նա դադարեց զգալ ինքն իրեն։ Չորս կողմը լռություն էր, ու հատկապես լուռ էր թիկունքում, ճանապարհի վրա։ Այդժամ նա հիշեց տափաշշի մասին, հիշեց առանց սովորական ուրախության, որպես դեղ, որն ընդունելու ժամն էր։ Նա բացեց կափարիչն ու սկսեց խմել փոքրիկ, ժլատ կումերով և կյանքում առաջին անգամ ցանկացավ, որ տափաշշում ոչ թե վիսկի լինի,այլ սառը ջուր․․․
Անցավ բավականին երկար ժամանակ, ու նրա գլծում սկսեցին հայտնվել քիչ թե շատ կապակցված մտքեր։ Դե, ամեն ինչ վերջացավ, մտածում էր նա։ Ճանապարհը բաց է։ Հիմա արդեն կարելի է գնալ, բայց ավելի լավ է մի քիչ էլ սպասի։ «Մսաղացները» սիրում են օյիններ խաղալ։ Համ էլ՝ մտածել է պետք։ Արտառոց բան է մտածելը, այ դա է դժվարը։ Ի՞նչ է նշանակում «մտածել»։ Մտածել՝ նշանակում է ստել, ճարպկորեն ճողոպրել, մատի վրա խաղացնել․․․ Բայց չէ՞ որ այս ամենը հիմա պետք չէ․․․
Դե լավ, Կապիկ, հայրիկ․․․ Վրեժխնդիր լինել բոլորից, այդ իժերի հոգին հանել, թող նրանք էլ այդ զիբիլը լափեն, ոնց որ ես էի լափում․․․ Չէ՛, Շեկ, չեղավ․․․ Այսինքն, հենց դա է․․․ Իհարկե։ Բայց ի՞նչ է նշանակում այս ամենը։ Իսկ ես ի՞նչ եմ ուզում։ Չէ՞ որ սա հայհոյանք է, և ոչ թե մտածել։ Նա սառեց ինչ֊որ մի ահավոր կանխազգացումից և, միանգամից թռչելով բազում ամենատարբեր դատողությունների վրայից, որոնք դեռ պիտի լինեին, մոլեգնորեն հրամայեց ինքն իրեն․ Դո՛ւ, Շեկ, այստեղից ոչ մի տեղ չես գնա, մինչև կարգին չմտածես ինչն ինչոց է, կսատկես այդ գնդիկի կողքին, կտապակվես, կփտես, բայց չես գնա․․․
Աստված իմ, որտե՞ղ են բառերը, որտե՞ղ են իմ մտքերը։ Նա կիսաբաց բռունցքով ուժգին խփեց դեմքին։ Չէ՞ որ ամբողջ կյանքում նա ոչ մի միտք չէր ունեցել։ Սպասիր, սպասիր, Կիրիլն էլ էր ինչ֊որ նման բան ասում․․․ Կիրիլ։ Նա տենդագին փորփրում էր հիշողությունները, ու հառնում էին ինչ֊որ բառեր՝ ծանոթ ու անծանոթ, բայց դրանք այն բառերը չէին, որովհետև Կիրիլից բառեր չէին մնացել։ Կիրիլից մնացել էին ինչ֊որ աղոտ պատկերներ՝ շատ բարի, սակայն բացարձակապես անճշմարտանման պատկերներ։
Ստորություն, ստորություն․․․ Այստեղ էլ նրանք ինձ խաբեցին, առանց լեզու թողեցին ինձ․․․ Իժեր․․․ Սրիկաներ․․․ Ոնց որ սրիկա եղել է, այնպես էլ սրիկա պառավել է․․․ Այ դա պիտի չլինի։ Դու լսո՞ւմ ես։ Որ ապագայում դա մեկընդմիշտ արգելվի։ Մարդը ծնվել է, որպեսզի մտածի (ահա նա՝ Կիրիլը, վերջապես․․․): Միայն թե ես դրան չեմ հավատում․․․ Առաջ էլ չեմ հավատացել, հիմա էլ չեմ հավատում, ու թե ինչի համար է մարդը ծնվել՝ չգիտեմ։ Ծնվել է, ուրեմն ծնվել է։ Ուտում են՝ ով ինչ կարողանում է։ Թող մենք բոլորս էլ առողջ լինենք, իսկ նրանք բոլորորը թող սատկեն։ Իսկ ովքե՞ր ենք մենք։ Ովքե՞ր են նրաք։ Անհասկանալի բաներ են։ Ես ինձ լավ եմ զգում՝ Բարբրիջն է իրեն վատ զգում, Բարբրիջն է լավ զգում՝ Ակնոցավորի համար է վատ, Խռպոտն իրեն լավ է զգում՝ բոլորն էլ վատ են զգում, և ինքը Խռպոտն էլ է վատ, միայն թե նա՝ հիմարը, երևակայում է, թե կկարողանա ժամանակին գլուխը պրծացնել․․․ Տեր աստված, չէ որ սա շիլափլավ է, շիլափլավ։ Ես ամբողջ կյանքումս կռվում եմ կապիտան Քվոտերբլադի հետ, իսկ նա իր ողջ կյանքում կռվել է Խռպոտի հետ, ու ինձնից՝ դմբոյիցս միայն մի բան է ուզել՝ որ ես թողնեմ ստալկերությունը։ Բայց թե ո՞նց կարող էի թողնել ստալկերությունը, երբ պետք է կերակրեի ընտանիքս։ Աշխատեի՞։ Բայց ես չեմ ուզում ձեզ համար աշխատել, սիրտս խառնում է ձեր աշխատանքից․ դուք կարո՞ղ եք սա հասկանալ։ Ես այսպես եմ կարծում․ եթե ձեր մեջ մարդը աշխատում է, ուրեմն նա աշխատում է ձեզանից մեկնումեկի համար, ու նա ստրուկ է և ուրիշ ոչինչ, իսկ ես միշտ ուզել եմ ազատ լինել․ ուզել եմ լինել ես ինքս, որ թքեմ բոլորի վրա, ձեր թախիծի ու ձեր ձանձրույթի վրա․․․
Նա խմեց մնացած կոնյակը ու, ինչքան ուժ ուներ, տափաշիշը զարկեց գետնին։ Տափաշիշը վեր թռավ, փայլատակելով արևի տակ, ու գլորվեց ինչ֊որ տեղ, և Ռեդրիկն իսկույն մոռացավ նրա մասին։ Հիմա նա նստած էր աչքերը ձեռքերով փակած, ու փորձում էր արդեն ոչ թե հասկանալ, ոչ թե մտածել, այլ գոնե տեսնել ինչ֊որ մի բան, ինչպես պետք է որ լինի․․․ Բայց դարձյալ ու դարձյալ տեսնում էր միայն մռութներ, մռութներ, մռութներ․․․ Կանաչ փողեր, շշեր, քրջերի կույտեր, որոնք ժամանակին մարդ են եղել, թվերի սյունակներ․․․ Նա գիտեր, որ պետք է ոչնչացնել այդ ամենը, և ուզում էր ոչնչացնել, բայց գլխի էր ընկնում, որ եթե այդ ամենը ոչնչացվի, ապա բան չի մնա, բացի հարթ ու ամայի հողից։ Անզորությունից ու հուսահատությունից նա նորից ուզեց մեջքը հենել ու գլուխը հետ գցել։ Նա վեր կացավ, մեքենաբար թափ տվեց շորերին կպած փոշին ու սկսեց իջնել քարհանք։
Արևն այրում էր, աչքերի առջև լողում էին կարմիր բծեր, քարհանքի հատակին դողդողում էր օդը, և այդ դողդողուն օդի մեջ թվում էր, թե գունդը պարում է տեղում, ինչպես լողանը ալիքների վրա։ Ռեդրիկն անցավ շերեփի մոտով, սնահավատորեն ոտքերը բարձրացնելով և ուշադիր հետևելով, որ չտրորի սև բծերը, իսկ հետո, խրվելով փխրուն հողի մեջ, քարհանքի մեջտեղով ուղիղ գնաց դեպի պարող ու թրթռացող գունդը։ Նա կորել էր քրտնքի մեջ, շնչահեղջձ էր լինում շոգից, բայց միաժամանակ սառը մի դող պատում էր նրա մարմինը, ու նա ցնցվում էր, ինչպես հարբած ժամանակ, իսկ ատամների տակ կրճտում էր անհամ կավճափոշին։ Ու նա այլևս չէր փորձում մտածել։ Միայն հուսահատորեն կրկնում էր աղոթքի պես․ «Ես կենդանի եմ, դու հո տեսնում ես, որ ես կենդանի եմ։ Ես բառեր չունեմ, ինձ բառեր չեն սովորեցրել, ես չեմ կարողանում մտածել, այդ իժերը չթողեցին, որ ես մտածել սովորեմ։ Բայց եթե դու իսկապես այդպիսին ես․․․ ամենազոր, ամենակարող, ամենագետ՝ ինքդ հասկացիր։ Նայիր իմ հոգու մեջ, ես գիտեմ, որ այնտեղ կա այն ամենը, ինչ քեզ պետք է։ Պետք է լինի։ Չէ՛ որ ես իմ հոգին երբեք և ոչ մեկին չեմ ծախել։ Դա իմն է, մարդկայի՛ն։ Դու ինքդ ինձնից դուրս քաշիր իմ ուզածը, չէ որ անհնարին բան է, որ ես վատը կամենամ։ Անիծյալ լինի ամեն ինչ, ես ոչ մի բան չեմ կարողանում մտածել, բացի նրա բառերից․ «Երջանկություն բոլորի համար, ձրի, ու թող ոչ ոք նեղացած չգնա»։