Բոլոր հրամաններն այժմ արձակվում էին Զռանի կամ մնացած խոզերից մեկի միջոցով։ Նապոլեոնն անձամբ երեւում էր ամիսը մեկ֊երկու անգամ։ Շների շքախմբից բացի, նրան ուղեկցում էր նաեւ մի սեւ աքաղաղ, որը, առջեւից քայլելով, շեփորահարի պես բարձր «ծուղրուղու» էր կանչում Նապոլեոնի ամեն խոսելուց առաջ։ Ասում էին, որ անգամ տան մեջ Նապոլեոնը մնացածներից զատ առանձին հարկաբաժին է զբաղեցնում։ Նա ճաշում էր մենակ, երկու սպասավոր շների ներկայությամբ եւ ուտում էր միայն Արքայական Դերբի սպասքից, որը գտնվում էր հյուրասենյակի ապակեկատ պահարանում։ Ազդարարվել էր նաեւ, որ հրացանն ամեն տարի պարպվելու է Նապոլեոնի ծննդյան օրը, մյուս երկու հոբելյաններից բացի։
Նապոլեոնին այլեւս երբեք պարզապես «Նապոլեոն» չէին կոչում։ Պաշտոնական ոճում նրան անդրադառնում էին որպես «Մեր Առաջնորդ ընկեր Նապոլեոն»֊իս Նապոլեոն»֊ի, իսկ խոզերը նրա համար բազմապիսի կոչականներ էին հորինում, ինչպես, օրինակ՝ Անասունների Հայր, Մարդկության Սարսափ, Ոչխարների Պահապան, Բադիկների Բարեկամ, եւ այլն։ Զռանն արցունքախեղդ էր լինում իր ճառերում, վկայակոչելով Նապոլեոնի իմաստությունը, անսահման բարությունը ու այն խորը սերը, որը նա տածում է բոլոր անասունների եւ մանավանդ այն թշվառների հանդեպ, որոնք դեռ տգիտության ու ստրկացման մեջ են մյուս ֆերմաներում։ Սովորություն էր դարձել Նապոլեոնին փառք տալ ամեն նվաճման ու բախտի բերման համար։ Հաճախ կարելի էր լսել, թե ինչպես հավերից մեկը մյուսին ասում է․ «Շնորհիվ մեր Առաջնորդ ընկեր Նապոլեոնի ղեկավարության, ես այսօր հինգ ձու ածեցի», կամ ինչպես երկու կով ջրավազանի մոտ բացականչում էին․ «Փա՜ռք ընկեր Նապոլեոնին, ինչ համեղ է ջուրը»։ Ֆերմայում տիրող ընդհանուր տրամադրությունը լավ էր արտահայտում «Ընկեր Նապոլեոն» բանաստեղծությունը, որը գրել էր Մինիմուսը․
<poem>
:::Ով զրկվածների միա՜կ հենարան,