Եթե փորձենք որոշել կնոջ դեմքի գույնը, ապա անվերապահորեն պիտի ասենք, որ կարմիր էր, սակայն այդ կարմրությունը ոչ մի կապ չուներ ոչ բանաստեղծների երգած կարմիր վարդի, ոչ զատկվա կարմիր հավկիթի, ոչ արեւի, ոչ էլ ուրիշ կարմրությունների հետ։ Դա մի գունատ, բծավոր, խաթարված պուտերով կարմրություն էր, որը նրան տալիս էր հիվանդագին տեսք։ Նիհար էր նա կալանավորական նիհարությամբ եւ եթե չլինեին բարակ հոնքերի տակից նայող աշխույժ ու քննող, ավելին, հասկացող աչքերը, ապա կարելի էր նրան ոչ ավելի, ոչ պակաս՝ շարժուն ու թարմ դիակ համարել։
Բրուտանոցը վաղուց կին չէր տեսել։ Լյալյայի հետ կապված հիշողությունների վերջին մուժ ու փոշին տարավ իր հետ Սանոն։ Վերջինիս անիվի վրա հայտնվեց լիտվացի բարալիկ մի տղա՝ դեղին հոնքերով եւ ավելի դեղին բեղերով Իոնասը, որը գիտեր ամաչկոտ ու վախավոր ժպտալ, ժպտալ միատեսակ ժպիտով Մամոչին Մամոյին եւ ամենամեծ աստիճանավորին, ժպտալ, երբ մի հարց էին տալիս եւ նա պատասխանում էր իր դժվար ռուսերենով, ժպտալ, երբ պտտվում էր անիվն ու ձեւավորում բարակ մատներով հողե ամանները, ժպտալ անառիթ, իր մտքերին եւ հիշողություններին։
— Վի՛նի՛մանյե՜, — գոռաց Մամոն տաշտի միջից պետք եղածից ավելի բարձր ձայնով, եւ անիվները լռեցին։ Պետը, գոհ Մամոյից ու աշխարհից, դիմեց Աշոտ դայուն։