Ավելացվել է 57 198 բայտ,
22:07, 23 Նոյեմբերի 2013 {{Վերնագիր
|վերնագիր = Վարպետը
|հեղինակ = [[Հարրի Հարիսոն]]
|թարգմանիչ = Ջուլիետա Ղազարյան (ռուսերենից)
|աղբյուր = [[«Ուխտագնացություն դեպի երկիր»]]
}}
[[Category: Արձակ]]
Ծերուկի դեմքը աներեւակայելիորեն չարախինդ արտահայտություն ուներ՝ հավաստի նշանն այն բանի, որ ինչ֊որ մեկը ստիպված է լինելու լավ քրտնել։ Քանի որ մենք մենակ էինք, ես հեշտությամբ գլխի ընկա, որ աշխատանքը հենց ինձ է բաժին ընկնելու։ Եվ իսկույն հարձակվեցի նրա վրա, հիշելով, որ հարձակումը ամենալավ պաշտպանությունն է։
— Ես ազատվում եմ աշխատանքից։ Ու նեղություն մի՛ կրեք հայտնելու, թե ինչ կեղտոտ գործ եք գտել ինձ համար, որովհետեւ արդեն չեմ աշտխատում։ Դուք հարկ չունեք Ընկերության գաղտնիքները բացելու իմ առջեւ։
Իսկ նա նայում է ինձ ու քմծիծաղ տալիս։ Մատով սեղմելով պուլտի կոճակը, նա նույնիսկ հռհռաց։ Ճեղքից նրա սեղանին սողաց հաստլիկ պաշտոնական փաստաթուղթը։
— Ահա ձեր պայմանագիրը— հայտարարեց Ծերուկը։— Այստեղ նշված է, թե երբ եւ որտեղ պիտի աշխատեք։ Պողպատի եւ վանադիումի ձուլվածքից պատրաստված այս թիթեղիկը հնարավոր չէ ոչնչացնել նույնիսկ մոլեկուլյար քայքայիչով։
Ես կռացա, խլեցի թիթեղիկն ու վեր նետեցի։ Դեռ չէր հասցրել վայր ընկնել, երբ ձեռքումս հայտնվեց լազերը, ու պայմանագրից միայն մոխիր մնաց։
Ծերուկը նորից սեղմեց կոճակը, եւ նրա սեղանին սողաց մի նոր պայմանագիր։ Այժմ նա այնպես էր ծիծաղում, որ բերանը հասավ ականջներին։
— Ես ճիշտ չարտահայտվեցի… պետք էր ասել ոչ թե պայմանագիրը, այլ պատճենը… ոնց որ սա։
Նա արագ ինչ֊որ նշում կատարեց։
— Ես ձեր աշխատավարձից հանեցի տասներեք դոլար՝ պատճենի արժեքը։ Բացի այդ, շինության ներսում լազեր օգտագործելու համար դուք տուգանվում եք հարյուր դոլար։
Ես պարտված էի եւ, գլխիկոր, սպասում էի հարվածին։ Ծերուկը ձեռքով շոյում էր իմ պայմանագիրը։
— Համաձայն պայմանագրի, դուք չեք կարող թողնել աշխատանքը։ Երբեք։ Այդ իսկ պատճառով ես մի փոքր գործ ունեմ, որը հաստատ ձեր սրտովը կլինի։ Կենտավրոսի շրջանի փարոսը չի գործում։ Այդ փարոսը «Մարկ III» տիպի է…
— Դա ի՞նչ տիպ է,— հարցրի Ծերուկին։ Ես վերանորոգել էի հիպերտարածության փարոսները Գալակտիկայի ամենատարբեր ծայրերում եւ համոզված էի, որ ի վիճակի եմ նորոգելու ցանկացածդ տարատեսակը։ Բայց այդպիսի փարոսի մասին լսած անգամ չկայի։
— «Մարկ III»,— խորամանկորեն ժպտալով կրկնեց Ծերուկը։— Ես ինքս էլ դրա մասին իմացա միայն այն ժամանակ, երբ արխիվային բաժինը փորփրեց գտավ դրա բնութագիրը։ Գտել են ամենահին գրապահոցի անկյուններից մեկում։ Երկրացիների կառուցած փարոսներից ամենահինը, թերեւս, դա է։ Դատելով այն բանից, որ փարոսը գտնվում է Կենտավրոսի մոլորակներից մեկի վրա, շատ հավանական է, որ դա հենց ամենաառաջին փարոսն է։
Ես նայեցի գծագրերին, որ Ծերուկը մեկնել էր ինձ, եւ սարսափեցի։
— Հրեշավոր բան է։ Դա ավելի շուտ նման է օղեգործարանի, քան փարոսի… ու բարձրությունն էլ մի քանի հարյուր մետրից պակաս չի լինի։ Ես նորոգող եմ, եւ ոչ թե հնագետ։ Մետաղի այս ջարդոնը երկու հազար տարեկան կլինի։ Հրաժարվեք դրանից ու նորը կառուցեք։
Ծերուկը սեղանի վրայով առաջ եկավ ու շնչեց ուղղակի երեսիս։
— Նոր փարոս կառուցելու համար մեկ տարի է պետք եւ ահագին փող։ Բացի այդ, այս հնությունը գտնվում է մեր գլխավոր երթուղիներից մեկի վրա։ Մեր որոշ նավերը հիմա տասնհինգ լուսատարի տեւող կեռմաններ են անում։
Նա ես ընկավ բազկաթոռի թիկնակին, ձեռքերը սրբեց թաշկինակով եւ գլխիս կարդաց հերթական քարոզը Ընկերության հանդեպ իմ պարտքի մասին։
— Մեր բաժինը պաշտոնապես կոչվում է շահագործման եւ վերանորոգման բաժին, այնինչ իրականում պետք է կոչվեր վթարային։ Հիպերտարածության փարոսները այնպես են կառուցվում, որ դրանք հավերժ ծառայեն… կամ, ծայրահեղ դեպքում, աշխատում են այդպես կառուցել։ Եվ եթե դրանք շարքից դուրս են գալիս, ապա, ուրեմն, ամեն անգամ վիճակը լուրջ է լինում՝ ինչ֊որ մի մասի փոխարինումով չես պրծնի։
Եվ սա ինձ ասում էր այն մարդը, որը չաղլիկ աշխատավարձ էր ստանում արհեստական կլիմայով առանձնասենյակում շալվարը մաշելու համար։
Ծերուկը շարունակում էր խոսել։
— Էհ, եթե հնարավոր լիներ միայն մասե՜րը փոխել։ Այդ ժամանակ ես կունենայի պահեստամասերի մի տորմիղ եւ կրտսեր մեխանիկներ, որոնք իրենց գործը կանեին առանց ավելորդ խոսակցությունների։ Բայց ուր է, ամեն ինչ ճիշտ հակառակն է։ Ես ունեմ թանկարժեք նավերի մի տորմիղ, ու նրանց վրա ինչ ասես չկա… Իսկ անձնակազմերը ձեզ նման անբաններ են։
Նա մատը տնկեց իմ կողմը, իսկ ես մռայլված գլխով արեցի։
— Ոնց կուզեի՜ ձեզ բոլորիդ վռնդել։ Ձեզանից յուրաքանչյուրի մեջ նստած է տիեզերական շրջմոլիկ, մեխանիկ, ինժեներ, զինվոր, ավազակ ու էլի սատանան գիտի թե ինչ, այն ամենը, ինչ հարկավոր է իսկական վարպետին։ Ես հարկադրված եմ լինում ահաբեկել ձեզ, կաշառել, շանտաժի ենթարկել, որ ստիպեմ կատարել մի հասարակ առաջադրանք։ Եթե դուք մինչեւ կոկորդներդ կուշտ եք, ապա պատկերացնրե՜ք իմ վիճակը։ Իսկ նավերը պետք է թռչեն։ Փարոսները պետք է գործեն։
Վճռելով, որ այդ անմահ ասացվածքը նա արտասանեց որպես բարեմաղթանք, ես վեր կացա տեղիցս։ Ծերուկը ինձ նետեց «Մարկ III»֊ի փաստաթղթերն ու խորասուզվեց իր թղթերի մեջ։ Երբ ես հասել էի արդեն դռանը, նա գլուխը բարձրացրեց եւ նորից մատը տնկեց իմ կողմը․
— ու չմխիթարվեք այն մտքով, որ ձեզ կհաջողվի խուսափել պայմանագրի կատարումից։ Մենք կալանք կդնենք Ալգոլե II֊ում ձեր ունեցած բանկային հաշվի վրա շատ ավելի շուտ, քան դուք կհասցնեք վերցնել ձեր փողերը։
Ես ժպտում էի, իբր մտքովս անգամ չի անցել հաշիվս գաղտնի պահել։ Սակայն վախենում եմ, որ այդ ժպիտս շատ ողորմելի պիտի լիներ։ Ծերուկի լրտեսները օր օրի ավելի արդյունավետ են աշխատում։ Քայլելով դեպի շենքի դուռը, ես փորձում էի մի ճար գտնել, որ աննկատ կերպով փողերս վերցնեմ բանկից։ Բայց գիտեի, որ հենց հիմա Ծերուկը մտածում է, թե ինչպես խորամանկի ինձ։
Այս ամենից տրամադրությունս բարձրացավ, դրա համար էլ նախ մտա պանդոկ, ու նոր հետո գնացի տիեզերակայան։
Այն ժամանակամիջոցում, երբ նավը պատրաստում էին թռիչքի, ես հասցրի գծել իմ երթուղին։ Կենտավրոսի Պրոկսիմայի խափանված փարոսին ամենից մոտ էր Բետա Ցիրցինիայի մոլորակներից մեկի վրա եղած փարոսը, ու ես նախ ճանապարհվեցի այնտեղ։ Հիպերտարածությունում այդ կարճ ճանապարհորդությունը տեւեց ընդամենը ինը օր։
Փարոսների նշանակությունը հասկանալու համար նախ պետք է իմանալ, թե ինչ բան է հիպերտարածությունը։ Շատ քչերը գիտեն ինչ է դա, բայց դժվար չէ մի բան հասկանալը՝ այնտեղ, ուր բացակայում է տարածությունը, սովորական ֆիզիկական օրենքները կիրառելի չեն։ Այնտեղ արագությունը եւ հեռավորությունը հարաբերական հասկացություններ են, այլ ոչ կայուն, ինչպես սովորական տիեզերքում։
Հիպերտարածություն մտնող առաջին նավերը չգտիեին որ կողմ գնան, հնարավոր չէր նույնիսկ որոշել՝ շարժվո՞ւմ են նրանք ընդհանրապես։ Փարոսները լուծեցին այդ խնդիրը եւ մատչելի դարձրին ողջ Տիեզերքը։ Կառուցված լինելով մոլորակների վրա՝ նրանք վիթխարի չափով էներգիա են արտադրում։ Այդ էներգիան վերածվում է ճառագայթման, որը ներթափանցում է հիպերտարածություն։ Ամեն մի փարոսը ճառագայթման հետ ուղարկում է նաեւ իր կոդային ազդանշանը, որով եւ կողմնորոշվում են հիպերտարածության մեջ։ Նավերի թռիչքները իրականացվում են ըստ փարոսի եռանկյունացման եւ քառակուսացման, միայն թե այստեղ կանոնները ուրիշ են, յուրատեսակ։ Դրանք շատ բարդ են եւ անկայուն, բայց եւ այնպես գոյություն ունեն, եւ նավորդը կարող է ղեկավարվել դրանցով։
Հիպերտարածության վրայով թռչելու համար պետք է ճշտորեն հաշվել ամենաքիչը չորս փարոս։ Երկար թռիչքների համար նավորդները օգտագործում են յոթից ութ փարոս։ Այդ իսկ պատճառով կարեւոր է յուրաքանչյուր փարոսը, դրանք բոլորն էլ պետք է աշխատեն։ Այ, հենց այստեղ էլ մենք ենք անցնում գործի՝ վթարայիններս։
Մենք ճանապարհորդում ենք այնպիսի նավերով, որոնց մեջ ամեն ինչից կա մի քիչ։ Նավ անձնակազմը բաղկացած է մեկ մարդուց։ Դա բավական է մեր գերարդյունավետ վերանորոգող սարքավորումը ղեկավարելու համար։ Աշխատանքի բնույթից ելնելով, մենք ժամանցի մեծ մասն անցկացնում ենք սովորական թռիչքների մեջ, սովորական տարածությունում։ Թե չէ ինչպե՞ս կգտնենք վնասված փարոսը։
Հիպերտարածության մեջ փարոսը չես գտնի։ Օգտագործելով մյուս փարոսները, կարելի է հնարավորին չափ մոտենալ վնասվածին, եւ միայն այդքանը։ Այնուհետեւ ճանապարհորդությունն ավարտվում է սովորական տարածության մեջ։ Եվ հաճախ այդ ամենը տեւում է ամիսներ։
Այս անգամ գործը կարծես հաջող էր ստացվում։ Ես ուղղություն վերցրի դեպի Բետա Ցիրցինիայի փարոսը եւ ուղերթային բլոկի օգնությամբ սկսեցի լուծել կողմնորոշման դժվարին խնդիրը ութ կետով, օգտագործելով ճանապարհին տեսածս բոլոր փարոսները։ Հաշվիչ մեքենան ինձ տվեց հիպերտարածությունից դուրս գալու մոտավոր ուղղությունը։ Անվտանգության բլոկը, որը ոչ մի կերպ չեմ կարողանում քանդել եւ դեն նետել, մտցրեց իր ճշգրտումները։
Ինձ որ մնա, ավելի լավ է հիպերտարածությունից դուրս թռչեմ մի որեւէ աստղի մոտ, եւ ոչ թե ժամանակ ծախսեմ կրիայի պես սողալով սովորական տարածությունում։ Երեւում է, տեխնիկական բաժինը եւս նույն կերպ է մտածել։ Անվտանգության բլոկը շատ ամուր է սարված մեքենայի մեջ եւ, որքան էլ որ ցանկանաս, հնարավոր չէ կործանել՝ հիպերտարածությունից դուրս թռչելով մի որեւէ արեւի մեջ։ Ես համոզված եմ, որ այստեղ չեն գործում մարդասիրական դատողությունները։ Պարզապես նավը թանկ է ընկերության համար։
Նավային ժամանակով անցավ քսանչորս ժամ, ու ես հայտնվեցի սովորական տարածության մեջ ինչ֊որ տեղ։ Վերլուծող ռոսոտը ինչ֊որ բան էր փնթփնթում եւ սկսեց ուսումնասիրել բոլոր աստղերը, դրանց սպեկտրները համեմատելով Կենտավրոսի Պրոկսիմայի սպեկտրի հետ։ Վերջապես նա հնչեցրեց զանգը եւ ամպը վառեց։ Ես կպա ակնապակուն։
Ֆոտոտարրի օգնությամբ որոշելով իսկական մեծությունը՝ ես այն համեմատեցի բացարձակ մեծության հետ ու ստացա հեռավորությունը։ Այնքան էլ վատ չէ, ինչպես կարծում էի, վեց շաբաթվա ճանապարհ է, մի քանի օր ավել կամ պակաս։ Երթուղու գրառումը դնելով ավտոպիլոտի մեջ, ես արագացման ժամանակի համար փոկերով ինձ կապեցի նավի հատուկ հատվածամասում եւ քնեցի։
Ժամանակն արագ անցավ։ Ես տասներկուերորդ անգամ վերասարեցի իմ խցիկը եւ սկսեցի անգիր անել միջուկային ֆիզիկայի հեռակա դասընթացը։ Ընկերությունը աշխատավարձը բարձրացնում է նոր մասնագիտությունների տիրապետելու համար։ Սակայն այդպիսի հեռակա դասընթացները արժեքավոր են ինքնին, քանի որ նախապես երբեք չես կարող ասել, թե ինչ գիտելիքներ կարող են քեզ պետք գալ։ Այս ամենը, ինչպես նաեւ նկարչությունն ու մարմնամարզությունը, օգնում էին ինձ սպանելու ժամանակը։ Ես քնած էի, երբ հնչեց մոլորակի մոտիկությունն ազդարարող տագնապի ազդանշանը։
Երկրորդ մոլորակը, որտեղ ըստ հին քարտեզների գտնվում էր փարոսը, արտաքուստ խոնավ էր եւ սպունգի պես ծակոտկեն։ Ես մեծ դժվարությամբ գլուխ հանեցի հինավուրց ցուցումներից եւ, վերջապես, գտա ինձ հարկավոր շրջանը։ Հայտնվելով մթնոլորտի սահմաններից դուրս՝ ես «Թռչող աչքին» ուղարկեցի հետախուզության։ Մեր գործում նախապես գիտեն, թե երբ եւ որտեղ կարելի է վտանգի ենթարկել սեփական կաշին։ «Աչքը» լիովին հարմար էր այդ նպատակի համար։
Նախնիները բավական խելք են ունեցել փարոսը կողմնորոշիչ տեղում կառուցելու համար։ Նրանք դա կառուցել էին ուղիղ գծի վրա, երկու լեռնագագաթների արանքում։ Ես հեշտությամբ գտա այդ գագաթները եւ «աչքին» բաց թողեցի առաջին լեռնագագաթից դեպի եկրորդի ուղղությամբ։ «Աչքը» ե՛ւ առջեւի, ե՛ւ ետեւի կողմից ուներ ռադարներ, դրանցից ազդանշանները ամպլիտուդային կորերի ձեւով հասնում էին օսցիլոգրաֆի էկրանին։ Երբ երկու լեռնագագաթները համընկան, ես պտտեցի «աչքի» ղեկավարման բռնակները, ու նա սկսեց վայր իջնել։
Ապա անջատեցի ռադարը, միացրի հեռահաղորդիչը ու նստեցի էկրանի առաջ, որ հանկարծ բաց չթողնեմ փարոսը։
Էկրանը առկայծեց, հետո պատկերը դարձավ հստակ, եւ իմ տեսադաշտում հայտնվեց… մի վիթխարի բուրգ։ Ես հայհոյեցի ու սկսեցի «աչքին» վազեցնել շրջանագծով, դիտելով բուրգին հարող տեղանքը։ Դա մի հարթ, ճահճոտ, որեւէ բլրակից զուրկ վայր էր։ Տասը մղոնանոց շրջանագծում կանգնած էր միայն այդ բուրգը, իսկ նա որոշակիորեն ոչ մի կապ չուներ փարոսի հետ։
Իսկ գուցե ես սխալվո՞ւմ եմ։
Ավելի ցած իջեցրի «աչքը»։ Բուրգը կոշտ ու կոպիտ քարե կառույց էր, առանց որեւէ զարդանախշի։ Ինչ֊որ մի բան էր փայլում նրա գագաթին։ Ես ավելի ուշադիր նայեցի եւ տեսա, որ ջրով լցված ավազան է։ Այդ տեսնելուն պես գլխովս մի աղոտ միտք անցավ։
«Աչքը» անջատելով շրջանագծի ուղու վրա, ես սկսեցի քրքրել «Մարկ III»֊ի գծագրերը եւ… գտա այն, ինչ հարկավոր էր ինձ։ Փարոսի ամենավերեւում կար տեղումները հավաքելու հարթակ եւ ջրավազան։ Եթե ջուր կա, ուրեմն փարոսն էլ դեռեւս գոյություն ունի բուրգի ներսում։ Բնիկները, որոնց նույնիսկ չէին էլ նկատել փարոսը կառուցող ապուշները, փարոսը շրջափակել էին վիթխարի քարերից կառուցված հոյակապ բուրգով։
Ես նորից նայեցի էկրանին ու հասկացա, որ իմ «աչքը» թռչում է շրջանաձեւ ուղեծրով, բուրգից ընդամենը քսան ոտնաչափ բարձրությամբ։ Քարե զանգվածի գագաթն այժմ լցված էր ինչ֊որ մողեսներով, որոնք երեւի այստեղի բնակիչներն են։ Նրանք փայտեր էին նետում, կրակում էին ինքնանետերից, աշխատելով խփել «աչքին»։ Քարերի ու նետերի ամպը բռնել էր չորս կողմը։
Ես «աչքը» վեր բարձրացրի, հետո տարա մի կողմ եւ ղեկավարման բլոկին առաջադրանք տվեցի՝ հետախույզի վերադարձնել նավ։
Հետո գնացի խոհանոց ու մի լավ կոնծեցի։ Քիչ է, որ իմ փարոսը բանտարկված է քարե լեռան մեջ, ես հասցրեցի նաեւ զայրացնել բուրգը կառուցած արարածներին։ Լա՜վ սկիզբ է աշխատանքի համար, եւ իմ տեղն ով լիներ, որ չդիմեր շշին։
Մեր եղբայր նորոգող֊վարպետները սովորաբար աշխատում են հեռու մնալ անդրենածիններից։ Նրանց հետ շփվելը մահացու վտանգավոր է։ Մարդաբանները, թերեւս, դեմ չեն հանուն գիտության իրենց զոհաբերելուն, բայց դե մեզ նման վարպետը իրեն զոհաբերելու կարիքը բոլորովին չի զգում։ Դրա համար էլ փարոսները մեծ մասամբ կառուցվում են անբնակ մոլորակներում։ Իսկ եթե ստիպված են լինում փարոս կառուցել բնակելի մոլորակում, ապա սովորաբար այն կառուցում են մի որեւէ անմատչելի տեղում։
Թե ինչո՞ւ էին այս փարոսը կառուցել անդրենածիններին մատչելի տեղում՝ ես դեռ չգիտեի, բայց հույս ունեի, որ կիմանամ ժամանակի ընթացքում։ Առաջին հերթին, հարկավոր էր կապ հաստատել։ Իսկ դրա համար պետք էր իմանալ տեղի լեզուն։
Նման դեպքի համար ես ունեի վաղուց մշակած եւ անխափան գործող մի սիստեմ։ Ես ինքս սարքել էի մի հարմարանք, որը թույլ էր տալիս գաղտագողի հետեւել եւ լսել։ Արտաքուստ այդ գործիքը նման էր մեկ ոտնաչափ երկարության քարի։ Երբ այն դրված էր լինում գետնին, ոչ ոք նրա վրա ուշադրություն չէր դարձնում, իսկ այ, երբ սավառնում էր օդում, պատահական ականատեսները շփոթության էին մատնվում նրա տեսքից։
Մողեսների քաղաքը ես գտա բուրգից մոտավորապես հազար կիլոմետր հեռավորության վրա եւ գիշերն այնտեղ նետեցի իմ «լրտեսին»։ Նա սուլոցով ներքեւ սուրաց եւ իջավ մի մեծ ջրափոսի ափին, որտեղ սիրում էին լողալ անդրենածինները։ Ցերեկը նրանք բավական շատ էին հավաքվում այնտեղ։ Առավոտ շուտ, երբ հայտնվեցին առաջին մողեսները, ես միացրի ձայնագրիչը։
Մոտավորապես հինգ տեղական օր հետո թարգմանիչ֊մեքենայի հիշողության բլոկում գրանցված էին անհամար քանակությամբ ամեն տեսակ խոսակցություններ, ու ես արդեն առանձնացրել էի որոշ արտահայտություններ։ Դա անելը շատ հեշտ է, եթե դուք աշխատում եք մեքենայական հիշողությամբ։ Մողեսներից մեկը ինչ֊որ բան ասաց մյուսի հետեւից, եւ սա ետ շրջվեց։ Ես այդ արտահայտությունը նմանեցրի մեր մարդկային «հեյ»֊ի հետ ու հարմար առիթի էի սպասում, որ ստուգեմ ենթադրությանս ճշտությունը։ Նույն օրը, հարմար պահ ընտրելով, երբ մի մողես մենակ էր մնացել, ես գոռացի նրան՝ «հե՜յ»։ Բացականչությունս բարձրախոսով հնչեց տեղի լեզվով, ու մողեսը ետ շրջվեց։
Երբ հիշողության մեջ հավաքվեց այսպիսի հենակետային արտահայտությունների բավական մեծ քանակություն, գործի անցավ թարգմանիչ մեքենայի ուղեղը ու սկսեց լրացնել բացթողումները։ Հենց որ մեքենան սկսեց թարգմանել լսված խոսակցությունները, ես որոշեցի, որ արդեն ժամանակն է կապ հաստատել մողեսների հետ։
Զրուցակից գտա շատ հեշտությամբ։ Նա նման էր կենտավրոսյան հովվի, որովհետեւ նրա խնամակալության տակ էին գտնվում ինչ֊որ չափազանց կեղտոտ ստորակարգ արարածներ, որոնք ապրում էին քաղաքից դուրս գտնվող ճահիճներում։ Իմ «լրտեսներից» մեկը թեք լանջի մեջ քարայր փորեց ու այնտեղ սպասեց մողեսի հայտնվելուն։
Հաջորդ օրը ես տեսա այդտեղով անցնող հովվին ու միկրոֆոնով շշնջացի նրան․
— Ողջույն, թոռնիկս։ Քեզ հետ պապիդ հոգին է խոսում դրախտից։
Ես արդեն գիտեի, որ դա չէր հակասում տեղական հավատալիքներին։
Հովիվը քարացավ տեղում։ Մինչեւ նա կհասցներ ուշքի գալ, ես սեղմեցի կոճակը, ու քարայրից նրա ոտքերի մոտ գլորվեցին մի բուռ խեցիներ, որոնք այստեղ դրամի դեր էին կատարում։
— Վերցրու դրախտից ուղարկված այս փողերը, որովհետեւ դու լավ տղա ես։
«Դրախտային» փողերը նախորդ գիշերը հանել էի տեղի գանձարանից։
— Վաղն արի մի քիչ զրուցենք իրար հետ,— գոռացի ես փախչող մողեսի ետեւից։ Ու գոհունակությամբ տեսա, որ նա չէր մոռացել «փողերը» վերցնել։
Այնուհետեւ պապիկը դրախտից մի քանի անգամ սրտառուչ խոսեց թոռան հետ, որի վրա անչափ ազդել էին աստվածային պարգեւները։ Պապիկը հետաքրքրվում էր իր մահից հետո տեղի ունեցած իրադարձություններով, եւ հովիվը հաճույքով տեղեկացնում էր նրան ամեն ինչի մասին։
Ես ստացա ինձ անհրաժեշտ բոլոր պատմական տեղեկությունները եւ պարզեցի այժմյան վիճակը, որը բնավ չէր կարելի համարել բարենպաստ։ Բավական չէ, որ փարոսը փակել էին բուրգով, հիմա էլ այդ բուրգի շուրջը կրոնական պատերազմ էին մղում։
Ամեն ինչ սկսվեց պարանոցից։ Հավանաբար, փարոսը կառուցելու ժամանակներում մողեսներն ապրել են հեռավոր ճահիճներում, եւ շինարարները նրանց ոչ մի նշանակություն չեն տվել։ Մողեսների զարգացման մակարդակը չափազանց ցածր է եղել, եւ բացի այդ, նրանք ապրել են մյուս մայրցամաքում։ Եվ փարոսը կառուցող ինժեներների մտքով անգամ չի անցել, որ բնիկները կարող են այդքան զարգանալ ու հասնել այս մայրցամաքը։ Բայց հենց դա էլ տեղի է ունեցել։
Երկրաբանական ոչ մեծ տեղաշարժի հետեւանքով առաջացել է ճահճոտ պարանոց, եւ մողեսներն սկսել են գալ ու բնակություն հաստատել այս հովտում, որտեղ կանգնած էր փարոսը։ Եվ այստեղ ստեղծել են իրենց կրոնը։ Դա հենց շողշողուն մետաղյա աշտարակն էր, որից անընդհատ թափվում էր կախարդական ջրի շիթը (այդ ջուրը, հովացնելով ռեակտորը, ցած էր թափվում տանիքից, որտեղ հավաքվում էր մթնոլորտից)։ Ջրի ռադիոակտիվությունը վնասակար ազդեցություն չէր գործում բնիկների վրա։ Նրա հարուցած մուտացիաները նպաստավոր էին։
Աշտարակի շուրջը քաղաք կառուցվեց, եւ բազում դարերի ընթացքում փարոսն աստիճանաբար ներգրավվեց բուրգի մեջ։ Աշտարակը սպասարկում էին հատուկ քրմերը։ Ամեն ինչ լավ էր գնում, մինչեւ որ քրմերից մեկը թափանցեց աշտարակի ներսը եւ կործանեց սուրբ ջրի աղբյուրը։ Այդ ժամանակից ի վեր ծայր առան խռովություններն ու երկպառակությունները, կռիվներն ու խառնակությունները։ Սակայն սուրբ ջուրն այլեւս չէր հոսում։ Այժմ զինված ամբոխները ամեն օր էին գոտեմարտում բուրգի մոտ, իսկ սրբազան աղբյուրը հսկում էին նոր քրմերը։
Եվ ես պետք է մտնեի այդ շիլափլավի մեջ ու վերանորոգեի փարոսը։
Դա անելը դժվար չէր լինի, եթե մեզ թույլ տային գեթ մի քիչ զվարճանալ։ Ես կարող էի փոշի դարձնել այդ մողեսներին, կարգի բերել փարոսն ու հեռանալ։ Սակայն «տեղական բնակիչները» հուսալի պաշտպանության տակ էին գտնվում։ Իմ նավի մեջ սարված էին էլեկտրոնային լրտեսներ (ես դեռ բոլորին չեմ գտել), ու դրանք անպայման կմատնեին ինձ վերադառնալուց հետո։
Մնում էր դիմել դիվանագիտության։
Հառաչելով՝ ես հանեցի պլաստիկից արարած սարքելու համար նախատեսված հարմարանքները։
Համեմատելով ծավալուն լուսանկարները (դրանք հովվի նկարներն էին), ես դեմքիս տվեցի սողունի գծեր։ Ծնոտս մի քիչ կարճ է, բերանս շատ քիչ է նման երախի։ Բայց մի բան կանեմ։
Ինձ պետք չէր, որ ամենայն ճշտությամբ նմանվեի մողեսի, պարզապես պահանջվում էր մի քիչ նմանություն, որ շատ չվախեցնեմ տեղաբնակներին։ Դրա մեջ կա տրամաբանություն։ Եթե ես լինեի Երկրի տգետ անդենաթին ու հանդիպեի Սպիկ մոլորակի բնակչի, որը նման է չորացրած խեժի երկու ֆուտանոց գնդի, ապա վախից կմեռնեի։ Բայց եթե սպիկացու հագին լիներ պլաստիկ հյուսվածքից հագուստ, որով նա գեթ հեռավոր չափով կնմանվեր մարդու, ապա ես հանգիստ կկանգնեի ու կխոսեի հետը։ Այնպես որ ես ուզում էի մեղմացնել տպավորությունը, հենց որ հայտնվեի կենտավրոսցիների առաջ։
Դիմակը սարքելուց հետո հանեցի գլխիցս եւ ամրացրի կանաչ պլաստիկից սարքած գեղեցիկ պոչավոր հագուստին։ Պոչն ինձ անկեղծորեն ուրախացնում էր։ Մողեսները առանց հագուստի են ման գալիս, իսկ ես պիտի հետս բազմաթիվ էլեկտրոնային սարքեր վերցնեի։ Պոչի պլաստիկը ձգեցի մետաղե կմախքի վրա եւ ամրացրի գոտկատեղիցս։ Հետո կմախքը լցրեցի այն ամենով, ինչը կարող էր պետք գալ ինձ, եւ քուղերով կապկպեցի կոստյումս։ Հագնվելուց հետո կանգնեցի մեծ հայելու առջեւ։ Տեսքս զարհուրելի էր, բայց ես շատ գոհ էի։ Պոչը իրանս ձգում էր դեպի ետ եւ ներքեւ, որի պատճառով բադի պես շորորալով էի քայլում, եւ դա է՛լ ավելի էր ինձ նմանեցնում մողեսի։
Գիշերը նավը կանգնեցրի լեռներում, բուրգից ոչ հեռու մի չոր հարթավայրում, ուր երկկենցաղները երբեք չէին հասնում։ Լուսաբացից առաջ «աչքը» կպավ ուսիս, ու մենք թռանք։ Մենք սավառնում էինք աշտարակի վերեւում՝ երկու հազար մետր բարձրության վրա։ Հենց որ լուսացավ, մենք ցած իջանք։
Հավանաբար, դա մի հոյակապ տեսարան էր։ «Աչքը», որին քողարկել էի թեւավոր մողեսի կերպարանքով, դանդաղ թափահարում էր ստվարաթղթե պտերոդակտիլի իր թեւերը, ինչը, ի դեպ, ոչ մի առնչություն չուներ այն սկզբունքների հետ, որոնց վրա հիմնվում էր թռչելու նրա ունակությունը։ Բայց դա բավական էր, որ ցնցեր տեղաբնակների երեւակայությունը։ Ինձ նկատած առաջին իսկ մողեսը գոռաց եւ ընկավ մեջքի վրա։ Նրա մոտ վազեցին ուրիշները։ Խմբերով՝ նրանք հրմշտում էին, բարձրանում իրար վրա, եւ երբ ես արդեն վայրէջք էի կատարում, տաճարի հրապարակում հայտնվեցին քրմերը։
Արքայավայել արժանապատվությամբ ես ձեռքերս խաչեցի կրծքիս։
— Ողջունում եմ ձեզ, մեծ աստծու ազնվագույն սպասավորներ,— ասացի ես։ Հասկանալի է, բարձրաձայն չասացի, այլ միայն շշնջացի լարինգոֆոնի մեջ։ Ռադիոալիքները իմ բառերը հասրցին թարգմանիչ մեքենային, որը, իր հերթին, բարբառում էր տեղացիների լեզվով, ծնոտիս տակ թաքցրած դինամիկի միջոցով։
Բնիկներն իրար անցան, եւ նույն պահին հրապարակում տարածվեց իմ ասածի թարգմանությունը։ Ես ձայնն ուժեղացրի, այնպես որ լսելի լինի ամբողջ հրապարակում։
Ամենադյուրահավատ բնիկներից մի քանիսը երեսնիվայր ընկան գետնին, մյուսները վայնասունով փախան։ Մի սասկածամիտ մողես բարձրացրեց նիզակը, բայց երբ «աչք» պտերոդակտիլը բռնեց նրան ու գցեց ճահճի մեջ, ոչ ոք այլեւս չփորձեց նման բան անել։ Քրմերը շատ բան տեսած ժողովուրդ էին․ ուշադրություն չդարձնելով մյուս մողեսների վրա՝ նրանք չէին շարժվում տեղներից ու ինչ֊որ բան էին շշնջում։ Ես ստիպված էի վերսկսել գրոհը։
— Չքվիր, հավատարիմ նժույգ,— ասացի «աչքին» եւ միաժամանակ սեղմեցի ափիս մեջ պահած փոքրիկ պուլտի կոճակը։
«Աչքը» վեր նետվեց մի փոքր ավելի արագ, քան ես կուզեի․ օդի դիմադրությունից կոտրված նրա պլաստիկի կտորները ցած թափվեցին։ Մինչ ամբոխը ինքնամոռաց հետեւում էր այդ համբարձմանը, ես ուղղվեցի դեպի տաճարի մուտքը։
— Ես ուզում եմ ձեզ հետ խոսել, օ՜ ազնվագույն քրմեր,— ասացի ես։
Մինչ նրանք կորոշեին, թե ինչ պատասխան տան ինձ, ես արդեն տաճարի ներսում էի, որը բուրգի ստորոտին կից մի ոչ մեծ կառույց էր։ Հնարավոր է, որ առանձնապես շատ «տաբուներ» չէի խախտել՝ ինձ չկանգնեցրին, ուրեմն, ամեն ինչ կարծես լավ է գնում։ Տաճարի խորքում երեւաց կեղտոտ ջրով ավազան։ Նրա մեջ լողում էր մի զառամյալ սողուն, որն ըստ երեւույթին պատկանում էր տեղական ղեկավարությանը։
Ես շորորացի նրա կողմը, իսկ նա սառը ձկնային հայացք նետեց վրաս ու ինչ֊որ բան բլթացրեց։
Թարգմանիչ մեքենան շշնջաց ականջիս․
— Հանուն տասներեքերորդ մեղքի, ասա՝ ո՞վ ես դու եւ ի՞նչ ես փնտրում այստեղ։
Ես նրբագեղորեն թեքեցի թեփուկավոր մարմինս եւ ձեռքով ցույց տվի առաստաղը։
— Ձեր նախնիները ինձ ուղարկել են, որ օգնեմ ձեզ։ Ես եկել եմ, որպեսզի կյանքի կոչեմ Սրբազան աղբյուրը։
Իմ ետեւում խուլ աղմկեցին մողեսները, բայց առաջնորդը ոչ մի բառ չասաց։ Նա դանդաղ սուզվում էր ջրի մեջ, մինչեւ որ դրսում մնաց միայն աչքը։ Ինձ թվում էր, թե լսում եմ ինչպես է շարժվում նրա ուղեղը մամռակալած ճակատի տակ։ Հետո նա դուրս թռավ ջրից եւ դեպի ինձ տնկեց վերջավորությունը, որից կաթկթում էր ջուրը։
— Դու խաբեբա՛ ես։ Դու մեր նախնի՛ն չես։ Մենք…
— Լռի՛ր,— որոտացի ես, թույլ չտալով նրան հասնել այդքան հեռու, որտեղից նա արդեն չէր կարողանա ետ գալ։— Ես ասացի, որ ձեր նախնիներն են ինձ ուղարկել… Ես չեմ պատկանում ձեր նախնիների թվին։ Մի ճգնիր վնաս պատճառել ինձ, այլապես զայրույթը նրանց, ովքեր գնացել են այլ աշխարհ, կթափվի քո գլխին։
Ասելով այս խոսքերը, ես սպառնալից շարժում արեցի մյուս քրմերի կողմը, եւ իմ ու նրանց արանքը մի փոքրիկ նռնակ նետեցի։ Հատակին մի մեծ ձագար առաջացավ, իսկ որոտն ու ծուխը բավական շատ էին։
Քրմապետը որոշեց, որ իմ փաստարկները համոզիչ են, եւ անմիջապես շամանների խորհուրդ հրավիրեց։ Դա, հասկանալի է, տեղի ունեցավ հանրային ավազանում, ու ես էլ էի ստիպված մտնել այնտեղ։ Մենք բացեցինք երախներս ու բլթբլթացինք մոտ մեկ ժամ, եւ այս ընթացքում մճռվեցին օրակարգի բոլոր գլխավոր կետերը։
Ես իմացա, որ քրմերն այնքան էլ վաղուց չեն հայտնվել այստեղ, բոլոր նախորդ քրմերին եփել են եռացող ջրի մեջ այն մեղքի համար, որ թույլ են տվել ցամաքի Սրբազան աղբյուրը։ Ես նրանց բացատրեցի, որ ժամանել եմ միայն մեկ նպատակով․ օգնել նրանց՝ վերակենդանացնելու ջրի հոսքը։ Քրմերը որոշեցին ռիսկի դիմել, եւ մենք միասին դուրս եկանք ավազանից։ Ցեխը շիթ֊շիթ հոսում էր մեր վրայից եւ թափվում հատակին։ Փակ եւ մողեսների կողմից հսկվող դուռը տանում էր դեպի բուրգի ներսը։ Երբ այն բացեցին, քրմապետը դիմեց ինձ։
— Դու, անկասկած, գիտես օրենքը,— ասաց նա։— Քանի որ նախկին քրմերը չափազանց հետաքրքրասեր էին, այժմ նոր օրենքը բարբառում է, որ միայն կույրերը կարող են մտնել սրբության սրբոցը։
Ես պատրաստ եմ գրազ գալու, որ նա ժպտում էր, եթե միայն հին ճամպրուկի նմանվող նրա երախի ճեղքից երեւացող երեսուն ժանիքներով կարելի է ժպտալ։
Նա իսկույն նշան արեց սպասավորին, եւ սա բերեց փայտածուխով եւ շիկացած երկաթներով կրակարանը։ Ես բերանս բաց կանգնել ու նայում էի, թե ինչպես նա խառնեց ածուխները, դրանց միջից հանեց ամենակարմիր ձողիկը ու եկավ իմ կողմը։ Նա արդեն նշան էր բռնել իմ աջ աչքին, երբ ես վերստին ստացա խոսելու շնորհը։
— Այդ օրենքը, անշուշտ, ճիշտ է,— ասացի ես։— Կուրացնելն անհրաժեշտ է։ Սակայն տվյալ դեպքում դուք ինձ պիտի կուրացնեք սրբության սրբոցից դուրս գալուց հետո, եւ ոչ թե հիմա։ Ես պետք է աչքեր ունենամ, որ տեսնեմ ինչ է պատահել Սրբազան աղբյուրին։ Երբ ջուրը նորից կհոսի ներքեւ, ես կծիծաղեմ ու ինքս էլ աչքս դեմ կանեմ շիկացած երկաթին։
Մի րոպե պահանջվեց, որպեսզի քրմապետը խորհի ասածներիս վրա ու համաձայնի ինձ հետ։ Դահիճը խռխռաց եւ ածուխը գցեց կրակարանի մեջ։ Դուռը ճռռոցով բացվեց, ու ես մեն֊մենակ հայտնվեցի մթության մեջ։
Բայց ոչ երկար… Մոտիկից ինչ֊որ քստքստոց լսվեց։ Ես լապտերը վառեցի։ Խարխափելով ինձ էին մոտենում երեք քուրմ, նրանց ակնախնձորների տեղում երեւում էր կարմիր, վառված հյուսվածքը։ Նրանք գիտեին, ես ինչ եմ ուզում եւ, ոչ մի խոսք չասելով, ինձ տարան։
Ճաքճքված եւ փշրվող քարե աստիճանները մեզ հասցրին մի ամուր մետաղյա դռան մոտ, որի վրա փակցված ցուցանակին հնաոճ տառերով գրված էր․ «Փարոս «Մարկ֊III», կողմնակի անձանց մուտքն արգելվում է»։ Դյուրահավատ շինարարները իրենց հույսը դնում էին միայն ցուցանակի վրա․ դուռը կողպեք չուներ։ Մողեսներից մեկը ուղղակի շրջեց բռնակը, եւ մենք հայտնվեցինք փարոսի ներսում։
Ես բացեցի իմ քողարկիչ կոստյումի կրծքի «կայծակը» եւ հանեցի գծագրերը։ Հավատարիմ քրմերի հետ միասին, որոնք սայթաքելով գալիս էին իմ ետեւից, գտա այն սենյակը, որտեղ գտնվում էր կառավարման պուլտը, ու միացրի լույսը։ Վթարային մարտկոցները գրեթե լիցքաթափվել էին, էլեկտրականությունը բավականացնում էր միայն աղոտ լույս տալու համար։ Ինդիկատորները եւ սանդղակները, կարծես լավ վիճակում էին, դրանք փայլում էին, ի՜նչ֊ի՜նչ, բայց սրանց անընդհատ մաքրումը ապահովված էր։
Ես կարդացի սարքերի ցուցումները, ու իմ ենթադրությունները հաստատվեցին։ Ջերմեռանդ մողեսներից մեկը ինչ֊որ ձեւով բացել էր անջատիչներով մեկուսարանը եւ մաքրել էր դրանք։ Պատահաբար նա սեղմել էր անջատիչներից մեկը, ու դա էլ հենց եղել էր վթարի պատճառը։
Ավելի ճիշտ, հենց այդտեղից էլ սկսվել էր ամեն ինչ։ Վթարը չէր կարելի վերացնել անջատիչի հասարակ չրխկոցով, հետո ջրի կափույրը նորից կաշխատեր։ Այդ կափույրը կարելի էր օգտագործել միայն վերանորոգման դեպքում, այն բանից հետո, երբ ջուրը կլցվեր ռեակտորի մեջ։ Երբ ջուրն անջատվում էր գործող ռեակտորից, սկսում էր եզրից թափվել, եւ ավտոմատ ապահովիչ սիստեմը շիթն ուղղում էր ջրհորի մեջ։
Ես շատ հեշտությամբ կարող էի ջուրը բաց թողնել, բայց ռեակտորի մեջ վառելանյութ չկար։
Վառելանյութով զբաղվելու ոչ մի ցանկություն չունեի։ Էներգիայի նոր աղբյուր դնելը շատ ավելի հեշտ էր։ Իմ նավում ես ունեի մի հարմարանք, որն իր չափերով մոտ տասը անգամ փոքր էր «Մարկ III֊ի» վրա դրվաց հինավուրց դույլից, եւ ամենաքիչը մոտ չորս անգամ ավելի հզորություն ուներ։ Բայց դա անելուց առաջ ես մի լավ զննեցի ամբողջ փարոսը։ Գոնե մի բան պիտի որ մաշված լիներ երկու հազար տարվա ընթացքում։
Ծերուկները՝ մեր նախնիները, պետք է արժանվույնը հատուցենք նրանց, լավ էին կառուցել։ Մեխանիզմների իննսուն տոկոսը շարժվող մասեր չունեին եւ չէին էլ կարող մաշվել։ Օրինակ, խողովակը, որով ջուրն իջնում էր տաիքից։ Այդ խողովակի պատերի հաստությունը երեք մետր էր… եւ դա այն դեպքում, երբ իմ գլուխը հազիվ թե մտներ այդ խողովակի մեջ։ Որոշ փոքր֊մոքր գործեր գտնվեցին ինձ համար, ու ես կազմեցի անհրաժեշտ մասերի ցուցակը։
Մասերը, էներգիայի նոր աղբյուրը եւ հազարումի մանր բաները խնամքով դասավորված էին նավում։ Նայելով էկրանին՝ ես մանրակրկիտ ստուգեցի բոլոր մասերը, նախքան դրանք կդրվեին մետաղյա արկղի մեջ։ Լուսաբացից առաջ, գիշերվա ամենամութ ժամին, հզոր «աչքը» արկղը իջեցրեց տաճարի կողքը եւ աննկատ սլացավ։
«Լրտեսի» օգնությամբ ես հետեւում էի, թե քրմերը ինչպես են փորձում այն բացել։ Երբ նրանք համոզվեցին, որ իրենց ջանքերն ապարդյուն են, արկղի մեջ թաքցված դինամիկի միջոցով հրաման արձակեցի նրանց։ Գրեթե ամբողջ օրը նրանք չարչարվեցին, ծանր արկղը վեր բարձրացնելով աշտարակի նեղլիկ աստիճաններով, իսկ այդ ընթացքում ես կուշտ քնեցի։ Երբ արթնացա, արկղն արդեն հասել էր փարոսի դռներին։
Նորոգումն ինձնից շատ ժամանակ չխլեց։ Կուրացած քրմերը աղերսալի տնքում էին, երբ ես բացում էի միջնորմները, որ հասնեմ ռեակտորին։ Ես նույնիսկ հատուկ սարքավորում դրեցի խողովակի մեջ, որ ջուրն օժտվի սողուններին թարմացնող ռադիոակտիվությամբ, որպիսին ուներ նախկին Սրբազան աղբյուրը։ Այդքանով ավարտվեց այն աշխատանքը, որ ինձնից պահանջվում էր անել։ Ես չրխկացրի անջատիչը, եւ ջուրը նորից սկսեց հոսել։
Մի քանի վայրկյան ջուրը բլթբլթում էր չոր խողովակների մեջ, իսկ հետո բուրգի պատերից դուրս լսվեց մի ոռնոց, որից ցնցվեց նույնիսկ նրա քարե մարմինը։ Ձեռքերս վեր կարկառելով՝ ես գնացի հանձնվելու աչքերս այրելու արարողությանը։
Կուրացած մողեսները դռան մոտ ինձ էին սպասում, եւ նրանց տեսքն ավելի ողորմելի էր, քան առաջ։ Դրա պատճառը ես հասկացա, երբ փորձեցի բացել դուռը․ այն ամուր պատնեշով փակված էր մյուս կողմից։
— Վճռված է,— ասաց մի մողես,— որ դու հավերժ մնաս այստեղ եւ հետեւես Սրբազան աղբյուրին, իսկ մենք կմնանք ու կծառայենք քեզ։
Հրապուրի՜չ հեռանկար է՝ ընդմիշտ բանտարկված մնալ փարոսի մեջ, երեք կույր մողեսների հետ միասին։ Չնայած նրանց հյուրընկալությանը, ես չէի կարող այդ մեծարանքն ընդունել։
— Ինչպե՜ս։ Դուք հանդգնում եք բանտարկել ձեր նախնիների պատգամաբերի՞ն։
Ես միացրի դինամիկը ողջ ուժգնությամբ, եւ թրթռոցից քիչ մնաց գլուխս պայթեր։
Մողեսները սարսափահար կծկվեցին, իսկ ես լազերի բարակ ճառագայթն ուղղեցի դռան կողափայտերին։ Լսվեց փլվող պատնեշի դղրդոցն ու ճարճատյունը, եւ դուռն ազատվեց։ Ես բացեցի դուռը։ Կույր քրմերը չէին հասցրել ուշքի գալ, երբ նրանց հրելով դուրս գցեցի։
Նրանց կոլեգաները կանգնել էին սանդուղքի ներքեւում եւ հուզված աղմկում էին, մինչեւ որ ես ընդմիշտ զոդեցի դուռը։ Վազելով բազմության միջով, ես կանգ առա քրմապետի առաջ, որը դարձյալ պառկած էր իր ավազանում։ Նա դանդաղ սուզվեց ջրի տակ։
— Ինչպիսի՜ անպատկառություն,— գոռացի ես։ Մողեսը ջրի տակից պղպջակներ էր բաց թողնում։— Նախնիները զայրացան եւ ընդմիշտ արգելեցին ձեզ մտնել ներքին աշտարակը։ Ի դեպ, նրանք այնքան բարի են, որ աղբյուրը թողեցին ձեզ։ Հիմա ես պետք է վերադառնամ… Շուտ վերջացրեք արարողությունը…
Դահիճն այնքան վախեցած էր, որ տեղից չշարժվեց։ Ես նրա ձեռքից խլեցի շիկացած երկաթե ձողիկը։ Երբ ձողը դիպավ այտիս, պլաստիկատե մաշկի տակից աչքերիս վրա իջավ թիթեղիկը։ Հետո շիկացած երկանթ ամուր սեղմեցի կեղծ ակնախնձորներիս, եւ պլաստիկատն արձակեց այրվող մսի հոտ։ Ամբոխը հեծկլտաց, երբ ես մի կողմ նետեցի երկաթը եւ, սայթաքելով, մի քանի շրջան կատարեցի։ Պետք է խոստովանեմ, որ այնքան էլ վատ չէի խաղում կույրի դերը։
Վախենալով, որ մողեսների գլխով հանկարծ մի ուրիշ պայծառ միտք կարող է անցնել, սեղմեցի կոճակը, ու հայտնվեց իմ պլաստիկատե պտերոդակտիլը։ Պարզ բան է, որ ես չէի կարող նրան տեսնել, բայց երբ նրա ճանկերի սողնակները կառչեցին իմ ուսերը ծածկող պողպատե թիթեղներին, զգացի, որ նա այստեղ է։
Աչքերս այրելուց հետո ես շրջվեցի ոչ այն կողմը, ու իմ թեվավոր գազանը ետեւի կողմից բռնեց ինձ։ Ես ուզում էի թռչել գնալ արժանապատվությամբ, կույր աչքերս պետք է նայեին մայր մտնող արեւին, այնինչ դեմքով շրջվել էի բազմության կողմը։ Բայց ես արեցի այն ամենը, ինչ կարող էի՝ ողջույն հղեցի մողեսներին։ Հաջորդ ակնթարթին արդեն շատ հեռու էի։
Երբ հանեցի պողպատե թիթեղը եւ անցքեր բացեցի այրված պլաստիկատի մեջ, բուրգը սրնթացորեն փոքրացավ իր չափերով․ նրա հիմքում բլթբլթում էր աղբյուրը, իսկ սողունների երջանիկ ամբոխը թավալվում էր ռադիոակտիվ ջրի մեջ։ Ես սկսեցի մտածել, թե արդյո՞ք արել եմ ամեն ինչ։
Նախ, փարոսը վերանորոգված է։
Երկրորդ․ դուռը ամուր զմռսված է, այնպես որ ոչ մի վնաս, ակամա թե դիտավորյալ, այլեւս չի լինի։
Երրորդ․ քրմերը պետք է որ գոհ լինեն։ Ջուրը նորից հոսում է, համաձայն օրենքի՝ աչքերս այրված են, քրմերի դասը նորից իր գործն ունի։
Եվ չորրորդ․ ապագայում մողեսները, երեւի, կընդունեն նույն պայմաններով մի նոր վարպետի, եթե փարոսը հանկարծ նորից խափանվի։ Համենայն դեպս, ես ոչ մի վատ բան չարեցի նրանց։ Եթե սպանած լինեի նրանցից մեկնումեկին, ապա հետագայում նրանց կտրամադրեի նախնիների կողմից ուղարկվող պատգամաբերների դեմ։
Նավի մեջ հանելով թեփուկավոր հանդերձս, ես ուրախ էի, որ հաջորդ անգամ այստեղ կթռչի արդեի մի ուրիշ վարպետ։