Կ֊ն դանդաղ խորացավ նրբանցքի մեջ։ Կարծես այժմ արդեն ժամանակ ուներ կամ քննիչը պատուհաններից մեկից տեսնում էր իրեն և տեղյակ էր ուրեմն, որ ինքը ճիշտ ժամանակին է եկել։ Ժամը իննից մի քանի րոպե էր անցել։ Նշված տունը բավական հեռու էր ընկած և անսովոր կերպով ձգված էր․ հատկապես մուտքի դարպասն էր բարձր, լայն։ Դարպասը հաստատ նախատեսված էր ապրանքային տարբեր խանութների պատկանող, գործատների վերտառությունը կորղ (դրանցից մի քանիսին Կ֊ն բանկից էր ծանոթ) բեռնատար սայելրի համար, որոնք խցանել էին ընդարձակ բակը։ Հակառակ իր սովորության, այդ ամեն անկարևոր բաներով տարված, նա մի պահ մնաց մուտքի մոտ կանգնած։ Նրանցից քիչ հեռու, արկղի վրա ոտաբոբիկ մի մարդ էր նստած և թերթ էր կարդում։ Ձեռնասայլակի վրա երկու տղա էին ճոճվում, ջրի պոմպի մոտ, գիշերազգեստը հագին, մի վտիտ աղջիկ էր կանգնել և, մինչև ջուրը նրա ամանն էր լցվում, նայում էր Կ֊ին։
Բակի անկյունում երկու պատուհանների միջև պարան էր ձգված, վրան՝ կախված լվացք։ Ներքևում կանգնած մարդը երբեմն֊երբեմն ձայն տալով ղեկավարում էր աշխատանքը։ Քննչական սենյակը գտնելու համար Կ֊ն շրջվեց աստիճանի կողմը, սակայն նորից կանգնեց լուռ, որովհետև այդ աստիճանից բացի բակ դուրս եկող երեք տարբեր մուտքեր տեսավ, բացի այդ, թվաց, թե բակի խորքում գտնվող անցումը երկրորդ բակն է տանում։ Նա զայրացավ, որ սենյակի դիրքը ճշգրիտ չեն նկարագրել (զարմանալի անտարբերությամբ կամ անփութությամբ էին վարվել իր հետ), մտադրվեց աղմուկ բարձրացնել և հստակություն մտցնել այդ հարցում։ Ի վերջո նա բարձրացավ աստիճանն ի վեր և հիշեց պահակ Վիլլեմի խոսքը․ հանցանքն է դատարան առաջնորդում։ Հետևաբար, քննչական սենյակը պետք է պատահաբար ընտրված աստիճանների մոտ լիներ։ Վեր բարձրանալիս նա խանգարում էր ասիտճանների վրա խաղացող երեխաներին, որոնց չարացած էին նայում, երբ Կ֊ն անցնում էր իրենց արանքով։
«Հաջորդ անգամ գալուց շաքարի մի ամբողջ գործարան կվերցնեմ հետս, որ սիրաշահեմ սրանց, կամ էլ՝ ձողափայտ, որ քշեմ»,― մտածեց նա։