Իսկ նավապետն ամբողջ երեկոն հանգիստ ու մեղմ էր և հետևյալ երեկոներին էլ այդպես մնաց։
==Գլուխ II: Սև Գամփռը գալիս է ու գնում==
Շուտով պատահեց առաջինն այն առեղծվածային դեպքերից, որոնց միջոցով մենք, վերջապես, ազատվեցինք նավապետից։ Սակայն ազատվելով նրանից, ինչպես կտեսնեք, մենք չազատվեցինք նրա հոգսաշատ գործերից։
Ցուրտ ձմեռ էր, երկար ճռճռան սառնամանիքներով և կատաղի քամիներով։ Եվ հենց սկզբից պարզվեց, որ իմ խեղճ հայրը հազիվ թե գարունը տեսնի։ Օրեցօր նրա դրությունը վատանում էր։ Պանդոկում աշխատում էինք ես ու մայրիկս։ Մեր գործը շատ-շատ էր, և մենք քիչ էինք ուշադրություն դարձնում մեր անհաճո կենվորի վրա։
Հունվարի սառնամանիքոտ առավոտ էր: Եղյամից ողջ ծովախորշը մոխրագույն էր։ Թեթև ալեծածանումը լիզում էր առափնյա քպրերը։ Արևը դեռ չէր դուրս եկել, այլ միայն իր ճառագայթները գցել էր բլուրների կատարների և ծովի հեռուների վրա։ Նավապետը սովորականից շուտ զարթնեց և ուղղվեց դեպի ծովը։ Նրա մաշված բաճկոնի լայն փեշերի տակ տատանվում էր բարակ թուրը։ Կռան տակին հեռադիտակ կար։ Գլխարկը քաշել էր ծոծրակի վրա։ Ես հիշում եմ, նրա բերանից գոլորշի էր դուրս գալիս և ծխի նման քուլա-քուլա օդ բարձրանում։ Ես լսեցի, թե ինչպես նա զայրույթով փնչացրեց, երբ մտնում էր մեծ ժայռի ետևը։ Երևի դեռևս չէր կարողանում մոռանալ իր ընդհարումը բժիշկ Լիվսիի հետ։
Մայրիկս վերևում էր, հորս մոտ, իսկ ես, մինչև նավապետի գալը, նախաճաշի սեղանն էի պատրաստում։
Հանկարծ դուռը բացվեց և սենյակ մտավ մի մարդ, որին ես առաջ երբեք չէի տեսել։
Նա գունատ էր, գորշ երեսով։ Ձախ ձեռքի երկու մատը պակաս էր։ Թեև նրա գոտկից թուր էր կախված, թայց ոչ մի բանով զինվորականի նման չէր։ Ես շատ լավ հետևում էի յուրաքանչյուր ծովայինի, լինի նա մի, թե երկու ոտանի և հիշում եմ, որ այդ մարդն ինձ շատ մտահոգություն պատճառեց։ Նա ծովայինի քիչ էր նման, բայց, այնուամենայնիվ, ես զգում էի, որ նա ծովային է։
Ես հարցրի, թե ի՞նչ է ուզում, և նա ռոմ պահանջեց։ Վազեցի, որ դուրս գամ սենյակից նրա հրամանը կատարելու, բայց նա նստեց սեղանի մոտ և ինձ կրկին իր մոտ կանչեց։ Ես կանգնեցի՝ անձեռոցիկը ձեռքիս։
— Այստեղ արի, որդիս,— ասաց նա,— մոտ արի։
Ես մոտեցա։
— Այս սեղանը պատրաստել եք իմ ընկերոջ, ղեկապետ Բիլիի՞ համար,— հարցրեց նա քմծիծաղ տալով։ Ես պատասխանեցի, թե ոչ մի ղեկապետ Բիլի չեմ ճանաչում և որ սեղանը պատրաստված է մեր մի կենվորի համար, որին մենք նավապետ ենք կանչում։
— Դե, ինչ կա որ,— ասաց նա,— իմ ընկեր ղեկապետ Բիլիին էլ կարելի է նավապետ անվանել։ Այդ դրությունը չի փոխում։ նրա երեսին սպի կա և շատ հաճելի վերաբերմունք ունի, հատկապես երբ նա հարբած է։ Ահա թե ինչպիսին է ղեկապետ Բիլին։ Ձեր նավապետն էլ երեսին սպի ունի, իսկ և իսկ աջ այտին։ Ուրեմն ամեն ինչ կարգին է։ Այդպես չէ՞։ Ես կուզենայի իմանալ, ապրո՞ւմ է արդյոք այստեղ, այս տանն իմ սիրելի ընկեր Բիլին։
Ես պատասխանեցի, որ նա գնացել է զբոսնելու։
— Ո՞ր ճանապարհով, որդիս, ո՞ր ճանապարհով է գնացել։
Ես ցույց տվի այն ժայռը, որի վրա ամեն օր լինում էր նավապետը և ասացի, որ նա, երևի, շուտով կվերադառնա։
— Բայց ե՞րբ։ Մի՞ ժամի՛ց, Երկո՞ւ ժամից։
Էլի մի քանի զանազան հարցեր տալուց հետո վերջում ասաց․
— Այո՛, իմ ընկեր Բիլին ինձնով կուրախանա, ինչպես խմիչքով։
Այնուամենայնիվ, այս խոսքերն ասելիս նրա դեմքը մռայլ էր, և ես հիմք ունեի կարծելու, որ նավապետը նրան հանդիպելով, այնքան էլ ուրախ չի լինի։ Բայց ես իսկույն ինքս ինձ ասացի, որ այդ ինձ չի վերաբերում։ Բացի դրանից, այդ պայմաններում որևէ բան ձեռնարկել դժվար էր։ Անծանոթը մուտքի մոտ տափ արած, ակնապիշ հետևում էր դռանը, ինչպես կատուն մկանը։ Ես ուզում էի բակ դուրս գալ, բայց նա իսկույն կանչեց ինձ։ Ես նրան միանգամից չհպատակվեցի, և նրա ճարպոտ երեսը զայրույթից հանկարծ այնպես այլանդակվեց, և նա սկսեց այնպիսի հայհոյանք տալ, որ ես վախից ետ թռա։ Բայց հենց որ վերադարձա։ Նա սկսեց ինձ հետ առաջվա պես խոսել, շողոքորթելով, թե ծաղրելով, ուսիս խփեց, ասաց որ ես հիանալի տղա եմ, և՝ որ ինքը միանգամից սիրեց ինձ։
— Ես մի տղա ունեմ,– ասաց նա,— և դու նման ես նրան, ինչպես ջրի երկու կաթիլ։ Նա իմ ծնողական սրտի հպարտությունն է։ Բայց տղաների համար ամենագլխավորը հնազանդ լինելն է։ Այո, որդյակ, հնազանդությունն է։ Եվ եթե դու Բիլիի հետ նավով ճանապարհորդած լինեիր, այն ժամանակ քեզ երկու անգամ կանչելու կարիք չէր լինի։ Բիլին երբեք իր հրամանը չէր կրկնում։ Ոչ, Բիլին ուրիշ կարգ ու կանոն ուներ։ Ահա և նա, իմ սիրելի ղեկապետը՝ Բիլին, հեռադիտակը կռնատակին, աստված օրհնի նրան։ Արի թաքնվենք դռան ետևում, հանկարծ դուրս գանք՝ Բիլիին ուրախացնենք, աստված օրհնի նրան։
Այս խոսքերից հետո Նա ինձ քշեց ընդհանուր սենյակի անկյուններից մեկը և իր մեջքի ետևում թաքցրեց։ Բաց դուռը մեզ երկուսիս էլ ծածկում էր։ Ինձ համար և՛ տհաճ էր, և՛ մի քիչ էլ երկյուղալի, մանավանդ երբ նկատեցի, որ անծանոթն ինքն էլ է վախենում։ Նա ազատեց իր թրի կոթը, մի քիչ շեղբից հանեց և ամբողջ ժամանակ այնպիսի շարժումներ էր անում, որ կարծես թե կոկորդում մնացած բանն է կուլ տալիս։
Վերջապես ներս ընկավ նավապետը, դուռը շրխկացրեց և առանց շուրջը նայելու, ուղղվեց դեպի սեղանը, որտեղ նրան սպասում էր նախաճաշը։
— Բիլի՛,― գոչեց անծանոթը, աշխատելով տալ իր ձայնին ամրություն և համարձակություն։
Նավապետը կրունկների վրա ետ դարձավ և անմիջապես հայտնվեց մեր առջևում։ Նրա դեմքի արևայրուկը կարծես անցավ, մինչև անգամ քիթը կապտեց։ Նա այնպիսի տեսք ուներ, որ կարծես թե ուրվականի է պատահել։ Եվ, ճիշտն ասած, ես խղճացի նրան, որ նա միանգամից դարձավ ծեր ու թառամած։
— Մի՞թե դու ինձ չես ճանաչում, Բիլի։ Մի՞թե դու չես ճանաչում քո հին ընկերոջը, Բիլի,— ասաց անծանոթը։
Նավապետը բերանը բացեց, կարծես շնչել չէր կարողանում։
— Սև գամփռ,— գոչեց նա հանկարծ։
— Նա ինքն է,— պատասխանեց անծանոթը, քիչ աշխուժանալով։— Սև գամփռը եկել է տեսնելու իր հին բարեկամին, իր սիրելի Բիլիին, որն ապրում է «Ծովակալ Բենբոու» պանդոկում։ Ա՜խ, Բիլի, Բիլի։ Որքան ջուր է անցել այն օրից, երբ ես զրկվեցի իմ երկու ճանկերից,— բացականչեց նա, բարձրացնելով իր այլանդակված ձեռքը։
— Լա՛վ,— ասաց նավապետը,― դու հետամտել ես ինձ, և ես կանգնած եմ քո առջև։ Ասա՛, ինչո՞ւ ես եկել։
— Ճանաչում եմ քեզ, Բիլի,— պատասխանեց Սև գամփռը։― Դու ճիշտ ես ասում, Բիլի։ Այս հիանալի տղան, որին ես այնքան սիրեցի, մի բաժակ ռոմ կբերի ինձ համար։ Մենք քեզ հետ կնստենք, եթե ուզում ես և կխոսենք առանց այլաբանության, ուղղակի, ինչպես հին ընկերներ։ Ճիշտ չէ՞։
Երբ վերադարձա և շիշը բերի, նրանք արդեն նստել էին սեղանի մոտ։ Սև գամփռը դռան մոտ էր նստել, նստարանի ծայրին և մի աչքով նայում էր իր հին բարեկամին, իսկ մյուս աչքով դռանը, որ նա փախչել չկարողանա։
Նա հրամայեց ինձ, որ գնամ և դուռը բաց թողնեմ։
— Դու, որդիս, բանալու ծակից չնայես,— բացատրեց նա։
Ես նրանց թողի և վերադարձա հաշվեսեղանի մոտ։
Երկար ժամանակ, չնայած իմ ջանքերին, ես, բացի շշուկից, ոչինչ չլսեցի։ Բայց հետզհետե ձայները բարձրացան, և վերջապես ինձ հաջողվեց մի քանի խոսք լսել, գլխավորապես հայհոյանք, որը դուրս էր գալիս նավապետի բերանից։
Վերջապես նավապետը գոչեց։
— Ո՛չ, ո՛չ, ո՛չ։ Բավական է այդ մասին։ Լսո՞ւմ ես։
Եվ հեաո կրկին.
— Եթե բանը կախաղանի հասնի, թող նրա վրա ճոճվեն բոլորը։
Հետո հանկարծ հայհոյանքի սարսափելի տարափ և այլ անսպասելի ձայներ, սեղանն ու աթոռները դղրդյունով շրջվեցին հատակին, զրնգաց շեղբերի պողպատը, մեկը ցավից գոռաց, և մի րոպեից հետո ես տեսա Սև գամփռին, որը ամբողջ թափով դեպի դուռն էր վազում։ Նավապետը հետևում էր նրան։ Նրանց սրերը մերկացված էին։ Սև գամփռի ձախ ուսից արյուն էր հոսում։ Հենց դռան մոտ նավապետը սուրը թափահարեց և ուզում էր փախչողին էլի մի ամենասարսափելի հարված հասցնել, բայց սուրը դիպավ մեր «Ծովակալ Բենբոուի» մեծ ցուցանակին։ Ցուցանակի շրջանակին մինչև այժմ էլ կարելի է հետքը տեսնել։
Սրանով էլ կռիվը վերջացավ։
Ճանապարհ դուրս գալով, Սև գամփռը, չնայելով իր վերքին, սլացավ այնպիսի արագությամբ, որ կես րոպեից հետո անհետացավ բլրի ետևում։ Նավապետը խելագարի պես կանգնել նայում էր ցուցանակին։ Հետո մի քանի անգամ ձեռքը քսեց աչքերին և տուն դարձավ։
— Ջի՛մ,– հրամայեց նա։— Ռո՜մ։
Այս խոսքերն ասելիս նա թեթև երերաց և ձեռքով հենվեց պատին։
— Դուք վիրավորվա՞ծ եք,— գոչեցի ես։
— Ռո՜մ,— կրկնեց նա։— Ես պետք է հեռանամ այստեղից։ Ռո՛մ։ Ռո՛մ։
Ես վազեցի ռոմ բերելու, բայց հուզմունքից բաժակը կոտրեցի և տակառի ծորակը ցեխոտեցի։ Եվ մինչև ամեն բան կարգի էի բերում և ուրիշ բաժակ լցնում, հանկարծ լսեցի, թե ինչպես ընդհանուր սենյակում ինչ-որ մի բան թրմփաց հատակին։ Ես ներս մտա և տեսա նավապետին, որն իր ամբողջ երկարությամբ ձգված էր հատակին։ Մայրիկս, աղմուկից ու կռվից անհանգստացած, ցած իջավ ինձ օգնելու։ Մենք բարձրացրինք նավապետի գլուխը։ Նա շատ ծանր էր շնչում։ Աչքերը փակ էին, դեմքր՝ շառագունած։
― Աստված իմ,— գոչեց մայրիկս։— Ի՞նչ խայտառակություն է մեր պանդոկի համար։ Իսկ քո խեղճ հայրը, կարծես դիտմամբ, հիվանդ պառկած է։
Մենք չգիտեինք, թե ինչպես օգնենք նավապետին և համոզված էինք, որ անծանոթի հետ մենամարտելուց առաջացած նրա վերքը մահացու է։ Ես ռոմ բերեցի և փորձեցի լցնել նրա բերանը։ Սակայն նրա ուժեղ ծնոտները սեղմված էին, կարծես երկաթից լինեին։
Բարեբախտաբար դուռը բացվեց, և սենյակ մտավ բժիշկ Լիվսին, որ եկել էր հորս տեսնելու։
— Բժի՛շկ, օգնեցե՛ք,— բացականչեցինք մենք։— Ի՞նչ անենք։ Ո՞րտեղից է վիրավորված։
— Վիրավորվա՞ծ,— ասաց բժիշկը։– Նա այնպես է վիրավորված, ինչպես դու կամ ես։ Նա կաթվածահար է եղել։ Դե՞, տիկին Հոկինս, ետ դարձեք վերև, ձեր ամուսնու մոտ և եթե կարելի է, ոչինչ մի ասեք նրան։ Իսկ ես կփորձեմ ազատել այս երիցս անպետք կյանքը։ Ջիմ, մի թաս բեր։
Երբ թասը բերեցի, բժիշկն արդեն քշտել էր նավապետի թևը և մերկացրել նրա մեծ, մկանոտ ձեռքը։ Ամբողջ թևը դաջված էր։ Ուսի և արմունկի միջև կապտին էին տալիս հետևյալ մակագրությունները՝ «բախտավոր եղիր», «բարեհաջող քամի», «թող իրականանան Բիլի Բոնսի երազանքները»։ Հենց ուսի մոտ նկարված էր կախաղան, որի վրա մի մարդ էր ճոճվում։ Այս նկարը, ինչպես ինձ թվաց, նկարված էր վարպետորեն։
— Մարգարեական նկար է,— նկատեց Բժիշկը, ձեռքը դնելով նկարին։
— Իսկ այժմ, պարոն Բիլի Բոնս, եթե իսկապես ձեզ այդպես են կանչում, մենք կտեսնենք, թե ինչ գույնի է ձեր արյունը։ Ջիմ,— դիմեց նա ինձ,— դու արյունից չե՞ս վախենում։
— Ո՛չ, պարոն,— ասացի ես։
— Շատ լավ,— ասաց բժիշկը,― այն ժամանակ բռնիր թասը։
Նա վերցրեց նշտարը և երակը բացեց։
Նավապետից շատ արյուն հոսեց, մինչև որ նա աչքը բացեց և մռայլ հայացքով նայեց մեզ։ Նա բժշկին ճանաչեց և ունքերը կիտեց։ Հետո նկատեց ինձ և կարծես մի քիչ հանգստացավ։ Ապա հանկարծ կարմրեց և, ցանկանալով վեր կենալ, գոչեց.
— Որտե՞ղ է Սև գամփռը։
— Այստեղ ոչ մի շուն չկա, բացի ձեզանից,— ասաց բժիշկը։— Դուք չափազանց շատ ռոմ եք խմել։ Եվ ահա ձեզ կաթված է խփել, ինչպես ես նախագուշակել էի։ Եվ ես, իմ ցանկության հակառակ, հանեցի ձեզ գերեզմանից։ Դե, պարոն Բոնս․․․
― Ես Բոնս չեմ,— ընդհատեց նավապետը։
— Կարևոր չէ,— ասաց բժիշկը։— Ես մի ծանոթ ծովահեն ունեմ, որին Բոնս են կանչում, և ես այդ անունը տվել եմ կարճ լինելու պատճառով։ Հիշեցեք, ինչ-որ ասեմ ձեզ․ մի բաժակ ռոմը ձեզ, իհարկե, չի սպանի, բայց եթե մի բաժակ խմեք, կցանկանաք էլի ու էլի խմել։ Եվ երդվում եմ ձեզ իմ կեղծամով, որ եթե խմելը չթողնեք, դուք շատ շուտով կմեռնեք։ Հասկանալի՞ է։ Կվերադառնաք երկինք, ինչպես ասված է ավետարանում։ Դե՛, փորձեցեք վեր կենալ։ Ես կօգնեմ ձեզ, որ հասնեք ձեր անկողնին։
Մեծ դժվարությամբ նավապետին քարշ տվինք վերև և պառկեցրինք անկողնում։ Գլուխը թուլությունից ընկավ բարձին։ Նա համարյա թե անզգա էր։
— Եվ այդպես, հիշեցեք,— ասաց Բժիշկը,— ձեզ մաքուր խղճով եմ ասում․ ռոմ և մահ բառերը ձեզ համար միևնույն նշանակությունն ունեն։
Իմ ձեռքից բռնելով, նա ճանապարհ ընկավ հիվանդ հորս մոտ։
— Դատարկ բան է,— ասաց նա, հենց որ դուռը փակեցինք։– Ես նրանից այնքան արյուն բաց թողի, որ նա երկար ժամանակ հանգիստ կլինի։ Մի շաբաթ կպառկի անկողնում, իսկ դա օգտակար է թե նրա և թե ձեզ համար։ Իսկ երկրորդ կաթվածի ժամանակ նա կենդանի չի մնա։
==Գլուխ III։ Սև նշանը==