Իմ տերը լսում էր ինձ դեմքի շվարած արտահայտությամբ, որովհետև կասկածն ու երկմտությունն այնքան անծանոթ էին այս երկրում, որ նրա բնակիչները չգիտեն, թե ինչպես պիտի վարվեն նման դեպքերում։ Եվ ես հիշում եմ, երբ պատմում էի ուրիշ երկրների մարդկանց բնավորության մասին, և առիթ էի ունենում խոսելու նաև սուտ և կեղծ հասկացողությունների մասին, նա մեծ դժվարությամբ էր ըմբռնում ասածներս, չնայած որ նա ընդհանրապես շատ սուր մտքի տեր էր։ Նա դատում էր այսպես․ խոսելու կարողությունը նրա համար է, որ մենք հասկանանք միմյանց և ստանանք իրականության մասին տեղեկություններ․ բայց երբ մեկն ասում է մի բան, որ չի եղել, այն ժամանակ այդ կարողությունն ի դերև է ելնում, որովհետև նա չի կարող հասկանալ նրան, ով խոսում է իր հետ, և այդ մեկը ոչ միայն չի ստանում իսկական տեղեկություն, այլև ընկնում է ավելի վատթար վիճակի մեջ, որովհետև նրան ստիպում են հավատալ, որ սևը՝ սպիտակ է, իսկ երկարը՝ կարճ։ Այդ էր նրա ունեցած ըմբռնումը ստելու կարողության մասին, մի կարողություն, որ այնքա՜ն քաջ ծանոթ է և այնքան լայն տարածված բոլոր մարդկային հասարակություններում։
Սակայն չշեղվենք պատմությունից։ Երբ ես հավատացնում էի նրան, որ իմ հայրենի երկրում եհուները միակ տիրող կենդանիներն են, մի բան, որ իմ տիրոջ հասկացողությունից վեր էր, նա ցանկացավ իմանալ, թե արդյոք մեր մեջ հուիհընհընմներ չկա՞ն, իսկ եթե կան՝ ի՞նչ է նրանց պաշտոնը։ Ես պատասխանեցի, որ նրանց թիվը մեզանում շատ մեծ է, որ նրանք ամռանը արածում են դաշտում, իսկ ձմեռը նրանց տալով խոտ և գարի, պահում են հատուկ տներում, ուր եհուների ծառաները մաքրում են նրանց կաշին, սանրում բաշը, լվանում ոտքերը, հոգում նրանց կերը և քնելու տեղ պատրաստում։ Հիմա ես ձեզ շատ լավ եմ հասկանում, ― ասաց իմ տերը, ― և ինձ համար միանգամյան պարզ է ձեր ասածներից, որ ինչքան էլ ձեր եհուները հավակնություն ունենան իրենց բանական համարելու, այնուամենայնիվ ձեր տերերը հուիհընհընմներն են և ես անկեղծ կցանկանայի, որ մեր եհուներն էլ այդչափ հնազանդ լինեին։ Այն ժամանակ ես խնդրեցի, որ նորին մեծապատվությունը բարեհաճի թույլ տալ, որպեսզի չշարունակեմ խոսքս, որովհետև հավատացած էի, որ այն մանրամասնությունները, որոնց նա անհամբեր սպասում էր, վերին աստիճանի անհաճո պիտի թվան նրան։ Բայց նա պահանջեց, որ ես նրան հաղորդեմ թե՛ լավը և թե՛ վատը։ Ես խոստովանեցի, որ մեզանում հուիհընհընմները, որոնք կոչվում են ձիեր, ամենագեղեցիկ և ամենաազնիվ կենդանիներն են․ որ նրանք աչքի են ընկնում իրենց ուժով և արագաշարժությմաբարագաշարժությամբ, իսկ երբ նրանք պատկանում են երևելի մարդկանց, այն ժամանակ նրանց օգտագործում են ճանապարհորդությունների ժամանակ, ձիարշավներում, կամ զբոսակառք քաշելու համար ու նրանց հետ վարվում են մեղմ և մեծ խնամքով՝ քանի դեռ նրանց առողջությունը տեղն է և ոտքերը՝ ամուր․ հակառակ դեպքում նրանց ծախում են, չարքաշ աշխատանքի դնում, մինչև որ սատկում են․ մահից հետո նրանց կաշին քերթում են, ծախում չնչին գնով, իսկ դիակը նետում շներին ու գիշատիչ թռչուններին։ Սակայն հասարակ ցեղի պատկանող ձիերն այդքան բախտավոր չեն․ նրանք պատկանում են գյուղացիներին ու սայլապաններին և ուրիշ ստոր աստիճանի մարդկանց, որոնք նրանց չարաչար աշխատեցնում են և ավելի վատ կերակրում։ Ես մանրամասն նկարագրեցի, թե ինչպե՞ս ենք մենք ձի հեծնում, ինչպե՞ս է սանձի ձևն ու գործածելու եղանակը, ի՞նչ է մտրակը, թամբը, խթանը, ձիու սարքն ու կարգը, անիվը։ Ավելացրի, որ մենք ձիերի ոտների ստորին մասին ամրացնում ենք մի տեսակ կարծր նյութի կտոր, որ կոչվում է պայտ՝ որպեսզի նրանց սմբակները քարքարոտ ճանապարհներին փշուր֊փշուր չլինեն, քանի որ նրանք շարունակ աշխատում են այդպիսի ճանապարհների վրա։
Արտահայտելով իր բուռն ցասումը՝ իմ տերը զարմացավ, թե ինչպե՞ս ենք մենք համարձակվում նստել հուիհընհընմի մեջքին, քանի որ նա հավատացած էր, որ իր տան ամենաանզոր ծառան անգամ կարող է ցած գլորել ամենաուժեղ եհուին, կամ թե չէ, պառկելով գետնին ու մեջքի վրա թավալվելով՝ ջարդուփշուր անել այդ անասունին։ Ես պատասխանեցի, որ մեր ձիերին երեք֊չորս տարեկանից սկսած վարժեցնում են զանազան նպատակների համար, որ խելառներին լծում են բեռնատար կառքերի, որ երիտասարդ ժամանակ նրանց ամեն մի չարաճճի զանցառության համար սաստիկ ծեծում են․ որ հեծնելու կամ լծելու հատկացրած արու ձիերին մինչև երկու տարեկան դառնալը սովորաբար կրտում են, որպեսզի նրանց գլխի քամիները հանեն և դարձնեն նրանց ավելի ձեռնասուն և հլու․ որ նրանք չափազանց դյուրազգաց են պարգևների և պատիժների նկատմամբ․ սակայն նորին մեծապատվությունը թող բարեհաճի նկատի առնել, որ նրանք այս երկրի եհուների պես ցույց չեն տալիս բանիմացության նշույլ անգամ։
Անհրաժեշտ էր, որ ես բազմաթիվ այլաբանությունների դիմեի, որպեսզի իմ տերը ճիշտ գաղափար կազմեր ասածներիս մասին․ դժբախտաբար նրանց լեզուն հարուստ չէ բազմապիսի բառերով, որովհետև նրանց պահանջներն ու կրքերն ավելի սակավաթիվ են, քան մերը։ Սակայն անկարելի էր նկարագրել նրա ազնիվ զայրույթը, երբ լսեց մեր բարբարոս վերաբերմունքի մասին դեպի հուիհընհընմների ցեղը և մանավանդ մեր սովորության մասին՝ կրտելու նրանց, որպեսզի նրանք ավելի հլու դառնան և զրկվեն սերունդ արտադրելու կարողությունից։ Նա ասաց՝ եթե հնարավոր է, որ մի երկիր լինի, որտեղ բանականությամբ օժտված են միայն եհուները, ապա անշուշտ նրանք պիտի լինեն այդ երկրի տիրող կենդանիները, որովհրտև որովհետև բանականությունը միշտ վեր է բռնի ուժից։ Սակայն ի նկատի ունենալով մեր ցեղի և մանավանղ իմ մարմնի կազմությունը, նա գտնում է, որ իմ մեծության ոչ մի արարած, բանականությունը կյանքի առօրյա պահանջներին հարմարեցնելու տեսակետից, այդ աստիճանի անշնորհք չէ, ուստի նա ցանկություն ունի իմանալու, թե այդ արարածները, որոնց մեջ ես ապրում եմ, ու՞մն են ավելի նման՝ ի՞նձ, թե այդ երկրի եհուներին։ Ես հավատացրի նրան, որ ես նույնքան լավ կազմվածք ունեմ, որչափ իմ տարիքն ունեցողներից շատ֊շատերը․ որ պատանիներն ու կանայք ավելի նուրբ և քնքուշ են, իսկ վերջինների մարմինը կաթի նման սպիտակ է։ Նա ասաց, որ ես տարբերվում եմ մյուս եհուներից նրանով, որ ավելի մաքրասեր եմ և նրանց չափ այլանդակ չեմ, իսկ ինչ վերաբերում է իրական առավելություններին՝ ես նրանցից ամենևին չեմ տարբերվում։ Որ իմ ո՛չ առաջին և ո՛չ էլ հետին ոտքերի եղունգները բանի պետք չեն, իսկ ինչ վերաբերում է առաջին ոտքերին, նրանք մինչև անգամ այդ անունին արժանի չեն, որովհետև նա երբեք չի տեսել , որ ես ման գալու ժամանակ դրանք գործածեմ, որ նրանք շատ նուրբ են գետնին դիմանալու․ որ դրանց ես միշտ բաց եմ պահում, իսկ եթե երբեմն ծածկում եմ, ապա այդ ծածկոցները չունեն իմ հետին ոտքերի ծածկոցների ձևն ու ամրությունը։ Որ ես չեմ կարող վստահ կերպով քայլել, որովհետև, եթե իմ հետին ոտքերից մեկն ու մեկը սայթաքի՝ իմ անկումը կլինի անխուսափելի։ Ապա նա սկսեց պակասություններ գտնել իմ մարմնի մյուս մասերի վրա ևս՝ դեմքս տափակ է, քիթս դուրս ցցված, աչքերս զետեղված են ուղղակի ճակատիս վրա, այնպես որ առանց գլուխ դարձնելու, չեմ կարող աջ ու ձախ նայել․ որ ես չեմ կարող ինձ կերակրել, մինչև որ առջևի ոտքերիցս մեկը չտանեմ բերանս․ ու թերևս այդ նպատակն ունեն բնության կողմից ինձ տրված այդչափ հոդերը։ Նա չգիտեր, թե ինչի՞ են պետք, իմ հետին ոտքերի վրա գտնվող ճեղքերն ու բաժանումները․ նրա կարծիքով այդ ոտքերը շատ նուրբ են ու չեն կարող դիմանալ սուր և կոշտ քարերին, եթե ծածկված չլինեն ուրիշ կենդանու մորթուց շինած պատյանով, իսկ իմ ամբողջ մարմինը պաշտպանության կարիք ունի և՝ ցրտի, և՛ տաքի դեմ և ես դատապարտված եմ ամեն օր հագնվել ու հանվել, մի բան, որ շատ ձանձրալի է և դժվար։ Վեջապես, ըստ նրա դիտողության, այդ երկրում ամեն մի կենդանի բնական գարշանք ունի եհուների հանդեպ, տկարները նրանցից խուսափում են, իսկ զորեղները՝ վռնդում են նրանց։ Եթե անգամ ենթադրենք, որ մենք օժտված ենք բանականությամբ, ապա նա չգիտե, թե ինչպե՞ս կարելի է հաղթահարել այն բնական հակակրանքը, որով լցված են բոլոր արարածները դեպի մեզ։ Համենայն դեպս նա չուզեց (ինչպես նա ասաց) այլևս խոսել այդ մասին, որովհետև ավելի շատ նրա ցանկությունն էր լսել իմ մասին, թե որտեղ եմ ծնվել, և ի՞նչ էի անում, նախքան այստեղ գալը։
Ես պատասխանեցի, թե նրան ըստ ամենայնի բավարարելու ցանկությունս անսահման է․ միայն սաստիկ կասկածում եմ, որ հնարավոր լինի բացատրել այն բոլոր առարկաները, որոնց մասին նորին մեծապատվությունը ոչ մի գաղափար չունի, որովհետև այդ երկրում չկա մի այնպիսի իր, որի հետ կարելի լիներ բաղդատել։ Համենայն դեպս ձեռքիցս եկածը կանեմ ու կաշխատեմ արտահայտվել համեմատությունների միջոցով, միևնույն ժամանակ խոնարհաբար խնդրեցի, որ այն դեպքում, երբ անհրաժեշտ բառերի պակաս զգամ՝ աջակցի ինձ․ նորին մեծապատվությունը խոստացավ կատարել իմ խնդիրը։
Ես ասացի, որ ծնվել եմ պատվավոր ծնողներից, մի հեռավոր կղզու վրա, որ կոչվում է Անգլիա, որին հասնելու համար այնքան օրվա ճանապարհ է պետք, որքան որ նրա ուժեղ ծառաներից մեկը հազիվ կարողանա հասնել արևի մի տարվա շրջադարձի ընթացքում։ Որ ես մի ուսյալ վիրաբույժ եմ և բժկում եմ մարմնի վրա դժբախտ պատահարներից կամ հարձակումներից ստացած վերքերն ու վնասված տեղերը։ Որ իմ հայրենիքը կառավարում է մի էգ, որին մենք անվանում ենք թագուհի։ Որ ես հեռացել եմ իմ հայրենիքից հարստություն ձեռք բերելու նպատակով, որով ես պիտի հոգամ իմ և իմ ընտանիքի ապրուստը, հենց որ վերադառնամ տուն։ Որ իմ վերջին ճանապարհորդության ժամանակ նավի կապիտանն էի, և իմ ղեկավարության տակ հիսուն եհու կար, որոնցից շատերը ճանապարհին մեռան, և ես ստիպված էի նրանց փոխարինել զանազան ազգությունների պատկանող այլ եհուներով։ Որ մեր նավը երկու անգամ ընկղմվերլու ընկղմվելու վտանգի էր ենթարկվել․ առաջին անգամ՝ սաստիկ փոթորկի ժամանակ, իսկ երկրորդ անգամ՝ մի ժայռի կպչելուց հետո։ Այստեղ իմ տերն ընդհատեց ինձ՝ հարցնելով, թե այդքան կորուստներից և վերահաս վտանգներից հետո ես ինչպե՞ս կարողացա համոզել տարբեր երկրների օտարականներին, որ մասնակցեն իմ վտանգավոր ձեռնարկին։ Ես ասացի, թե նրանք բախտից հուսահատված մարդիկ են, որոնք ստիպված են փախչել իրենց ծննդավայրից կամ թշվառությունից դրդված և կամ ոճրագործություն անելուց հետո։ Ոմանք սնանկացել են դատավարությունների ժամանակ, ոմանք իրենց ունեցածը վատնել են հարբեցողությամբ, բախտախաղով ու անառակ կյանքի հետևանքով, ոմանք փախչում են մատնություն անելուց հետո, շատերին էլ փախուստի է մատնում մարդասպանությունը, գողությունը, ուրիշին թունավորելը, ավազակությունը, երդմնազանցությունը, կեղծիքը, դրամանենգությունը, բռնաբարությունը, զորքից փախչելը և թշնամու կողմն անցնելը, իսկ մեծագույն մասը՝ բանտից փախչողներ են։ Կախվելու կամ բանտում սովամահ լինելու վտանգը նրանցից ոչ մեկին թույլ չէր տալիս՝ վերադառնալ իր հայրենի երկիրը․ այդ էր պատճառը, որ նրանք ստիպված էին իրենց կյանքի ապրուստը հոգալ ուրիշ վայրերում։
Այս խոսակցության ժամանակ իմ տերը բարեհաճեց մի քանի անգամ ընդհատել ինձ։ Ես ստիպված էի շարունակ դիմել այլաբանությունների, որպեսզի նրան բացատրեմ բազմաթիվ ոճիրների էությունը, որոնց շնորհիվ իմ նավաստիներից շատերը հարկադրված փախել էին իրենց հայրենիքից։ Մի քանի օր տևող աշխատանքից հետո միայն նա կարողացավ հասկանալ ինձ։ Նրա համար առեղծված էր, թե ի՞նչն է դրդում կամ հարկադրում, որ այդ մարդիկ այդպիսի ոճիրներ գործեն։ Այդ ամենը պարզելու համար ես փորձեցի նրան որոշ գաղափար տալ անհագ ծարավի, հարստության տենչանքի, հեշտասիրության սոսկալի հետևանքների և շվայտության, չարակամության ու նախանձի մասին։ Այդ ամենն ստիպված էի որոշել և նկարագրել օրինակների և համեմատությունների օգնությամբ։ Դրանից հետո նա զարմացած ու ցասումով լի աչքերը վեր բարձրացրեց, ինչպես մի մարդ, որի երևակայության վրա ազդել է մի չտեսնված կամ չլսված բան։ Հուիհընհընմների լեզվով գոյություն չունեն համապատասխան տերմիններ իշխանության, պետության, պատերազմի, օրենքի, պատժի և ուրիշ շատ հասկացողությունների համար, մի բան, որ վերին աստիճանի դժվարացնում էր, որպեսզի ես իմ տիրոջը գաղափար կազմել տամ այն ամենի մասին, ինչի մասին ես խոսում էի։ Սակայն լինելով ի բնե խոշոր խելքի տեր և այդ խելքը կատարելագործած լինելով զանազան խորհրդակցությունների և խոսակցությունների ժամանակ, վերջի վերջո նա լիովին ըմբռնեց այն ամենը, ինչ կարող է անել մարդկային բնությունն աշխարհի մեզ պատկանող մասում, և ցանկություն հայտնեց, որ ես ավելի մանրամասն նկարագրեմ աշխարհի այն մասը, որը մենք անվանում ենք Եվրոպա, և մանավանդ իմ սեփական հայրենիքը։
==Գլուխ հինգերորդ==
Հեղինակը, իր տիրոջ հրամանով, տեղեկություններ է տալիս Անգլիայի կայսրության մասին։ Եվրոպայի թագավորների միմյամց միմյանց դեմ վարած պատերազմների պատճառը։ Հեղինակն սկսում է մեկնաբանել անգլիական սահմանադրությունը։
Ընթերցողը, թող բարեհաճի նկատի առնել, որ իմ տիրոջ հետ ունեցած զրույցների ներքոհիշյալ այս քաղվածքը պարունակում է իր մեջ համագումարն այն էական նյութերի, որոնց մասին հաճախ խոսել եմ նրա հետ մոտ երկու տարվա ընթացքում․ հուիհընհընմների լեզվում իմ արած առաջադիմության հետ զուգընթաց, նորին մեծապատվությունը պահանջում էր ինձնից ավելի շատ մանրամասնություններ։ Ես կարողացածիս չափ նկարագրեցի նրան Եվրոպայի ընդհանուր կացությունը․ պատմեցի առևտրի և արթյունաբերությանարդյունաբերության, գիտության և արվեստների մասին, իսկ զանազան նյութերի շուրջը նրա հարցերին իմ տված պատասխաններն անսպառ խոսակցությունների նոր աղբյուր էին դառնում։ Բայց ես այստեղ պիտի բերեմ իմ հայրենի երկրի վերաբերյալ մեր մեջ տեղի ունեցած խոսակցության հիմնական մասը, վերածելով այն որոշ կարգ ու կանոնի, և ուշադրություն չդարձնելով ժամանակագրական հետևողականության և այլ կողմնակի հանգամանքների վրա, որովհետև ինձ մտահոգություն պատճառողը ճշմարտությունն է։ Ինձ համար միակ կարևորն այն է, որ ես կարողանամ ճշգրիտ տալ իմ տիրոջ առարկություններն ու արտահայտությունները, որոնք կարող են տուժել թե՛ իմ անկարողության և թե՛ մեր բարբարոս լեզվով թարգմանելու շնորհիվ։
Հնազանդվելով նորին մեծապատվության հրամանին, ես պատմեցի նրան Օրանի պրինցի առաջնորդուցյամբ առաջնորդությամբ տեղի ունեցած մեր վերջին ռևոլյուցիայի մասին․ նաև վերոհիշյալ պրինցի կողմից Ֆրանսիայի դեմ սկսած բազմամյա պատերազմի մասին, որ նորից սկսեց նրա հաջորդը՝ թագուհի Աննան, մի պատերազմ, որին մասնակցեցին բոլոր քրիստոնյա պետությունները և որը մինչև օրս էլ շարունակվում է։ Իմ տիրոջ խնդրի համաձայն ես հաշվեցի, որ այդ պատերազմի ժամանակ սպանվել է մոտ մի միլիոն եհու և թերևս հարյուրավոր քաղաքներ են գրավված եղել և երեք անգամ ավելի նավեր են այրվել, կամ ծովի տակ ընկղմվել։
Նա հարցրեց, թե սովորաբար ի՞նչն է դրդապատճառը, որ մի երկիր պատերազմ է մղում մյուսի դեմ։ Ես պատասխանեցի, որ այդ պատճառներն անթիվ ու անհամար են, բայց ես կհիշեմ գլխավորներից մի քանիսը։ Երբեմն թագավորների փառասիրությունը, որոնք միշտ կարծում են, որ իրենց իշխանության տակ եղած հողն ու ժողովուրդը քիչ է, երբեմն՝ ապիկարությունը մինիստրների, որոնք իրենց թագավորին դեպի կռիվ են մղում, որպեսզի խեղդեն կամ խոտորեն հպատակների դժգոհությունն իրենց կառավարության հանդեպ։ Կարծիքների տարբերությանը զոհ է գնացել միլիոնավոր մարդկանց կյանք, օրինակ՝ մարմինը հա՞ց է, թե՞ հացն է մարմին, պտուղներից մի քանիսի հյութը արյու՞ն է , թե՞ գինի․ սուլելը մոլությու՞ն է, թե՞ առաքինություն, ավելի լավ է փայտի կտորը համբուրե՞ս, թե՞ նետես կրակի մեջ, հագուստն ի՞նչ գույնի պիրի պիտի լինի՝ սև՞, սպիտա՞կ, թե՞ գորշ, և ինչպե՞ս պիտի լինի նա՝ կա՞րճ՝ թե՞ երկար, նե՞ղ, թե՞ լայն, կեղտո՞տ, թե՞ մաքուր և այլն։ Ես ավելացրի, որ ոչ մի կռիվ այնքան կատաղի և արյունահեղ կամ երկարատև չէ, քան այն կռիվները, որոնց պատճառը կարծիքների տարբերությունն է, մանավանդ, երբ այդ տարբերությունը վերաբերում է ոչ էական խնդիրներին։ Երբեմն երկու թագավոր կռվում են միմյանց հետ, թե նրանցից ո՞ր մեկը պիտի գահընկեց անի երրորդ թագավորին, թեև նրանցից ոչ մեկն էլ չունի այդ իրվունքը։ Երբեմն մի թագավոր կռվում է մյուսի հետ՝ վախենալով, թե միգուցե վերջինս պատերազմի իր դեմ։ Երբեմն պատերազմն սկսվում է, որովհետև թշնամին շատ է ուժեղ, երբեմն էլ, որովհետև թշնամին շատ է թույլ։ Երբեմն, որովհետև մեր հարեևանները չունեն այն, ինչ մե՛նք ունենք, կամ ունեն այն, ինչ մենք չունենք․ ու մենք կռվում ենք իրաի իրար հետ, մինչև որ նրանք վերցնեն մեր ունեցածը, կամ թե չէ տան իրենց ունեցածը։ Պատերազմի համար շատ արդարացի պատճառ է համարվում, երբ հարձակվում ես մի երկրի վրա, որի ժողովուրդը սովահար է եղել, կամ ժանտախտի է մատնվել և կամ ներքին խռովություններից հետո՝ տկարացել։ Մեր մտերիմ դաշնակցի դեմ սկսած պատերազմն արդարացի է համարվում նաև այն դեպքում, երբ նրա քաղաքներից մեկի դիրքը հարմար է մեզ համար, և նրա հողերի մի որևէ կտորը կարելի է կցել մեր տերության հողերին իբրև լրացում։ Երբ մի որևէ թագավոր իր զորքերն ուղարկում է մի երկիր, որի ժողովուրդը թշվառ է ու տգետ, նրան քաղաքակիրթ դարձնելու և բարբարոս վիճակից ազատելու նպատակով, նա կարող է այդ ժողովրդի մի մասը միանգամայն հանուն օրենքի կոտորել, իսկ մյուս մասը՝ ստրուկ դարձնել։ Լայն տարածված է նաև հետևյալ ազնիվ և արքայական գործողությունների ձևը․ մի թագավոր շատ սիրալիր և պատվավոր կերպով ցանկանում է օգնել մի ուրիշ թագավորի ՝ պաշտպանելու համար նրան մի որևէ հարձակումից և հարձակվող կողմը վռնդելուց հետո նա գրավում է իր պաշտպանած թագավորի հողերը, թագավորին սպանում, բանտարկում կամ աքսորում։ Արյունակցական կամ ամուսնական հողի վրա կնքված դաշինքը երկու թագավորների միջև հաճախ առիթ է դառնում պատերազմների․ և որքան մոտ է նրանց խնամությունը, այնքան խոշոր է միմյանց դեմ կռվելու միտումը։ Չքավոր ազգերն ագահ են լինում, իսկ ունևոր ազգերը՝ ամբարտավան, իսկ ամբարտավանությունն ու քաղցը երբեք իրար հետ հաշտ չեն լինում։ Ուստի, այդ իսկ պատճառներով զինվորի պաշտոնը ամենապատվավոր պաշտոնն է, որովհետև ամեն մի զինվոր եհու է, որին վարձում են սառնասիրտ կերպով սպանելու իր նման շատերին, որոնք երբեք նրան ոչ մի վնաս չեն պատճառել։
Եվրոպայում գոյություն ունեն մի տեսակ մուրացիկ թագավորներ, որոնք անկարող լինելով պատերազմ մղելու ինքնուրույն, իրենց զորքը, մարդագլուխ, վարձով են տալիս հարուստ պետություններին և իրենք վերցնում են այդ վարձի երեք քառորդ մասը, որ խոշոր տեղ է բռնում նրանց եկամուտների մեջ․ այդպես է ընդունված, գոնե Գերմանիայում և Եվրոպայի հյուսիսային երկրներում։
Ձեր բերանը գտնվում է ձեր դեմքին, մի հարթության վրա, և դուք դժվար թե կարողանաք միմյանց կծել, առանց փոխադարձ համաձայնության։ Ապա ինչ վերաբերում է ձեր առաջի և հետևի ոտքերի եղունգներին՝ նրանք այնքան կարճ են և նուրբ, որ մեր եհուներից մեկը կարող է ետ մղել ձեզ պես տասներկուսին։ Ուստի ինչ վերաբերում է մարդկանց այն թվին, որ դուք սպանել եք պատերազմի ժամանակ, ինձ թվում է, որ ասացիք այն, ինչ չկա։
Ես չկարողացա ինձ զսպել և գլուխս շարժելով ժպտացի նրա անգիտության վրա։ Ու անծանոթ չլինելով պատերազմական արհեստին, ես նկարագրեցի, թե ինչ է թնդանոթը, կուլվերինը, մուշկեթը, կարաբինը, ատրճանակը, գնդակը, վառոդը, թուրը, սվինը, պաշարումը, նահանջը, գրոհը, ականն ու հակաականը, ռմբակոծումը, ծովերի խորտակումը, հազարավոր մարդկանցով լիքը նավերի խորտակումը, երկուստեք տասնյակ հազար մարդկանց կոտորածը, մահամերձների հառաչանքը, օդի մեջ թռչող մարդկային մարմնի մասերը, ծուխը, աղաղակը, խուճապը, մահը՝ ձիերի ոտքերի տակ, փախուստը, հետապնդումը, հաղթանակը․ շներին, գայլերին և գիշատիչ թռչուններին բաժին դարձած դիակներով ծածկված դաշտերը, ավազակությունը, կողոպուտը, բռնաբարությունը, հրդեհն ու ավերերումը։ ավերումը։ Եվ իմ սիրելի հայրենակիցների քաջագործությամբ պարծենալու նպատակով, ես նրան հավատացրի, որ պաշարման ժամանակ մի անգամ տեսել եմ, թե ինչպես հարյուրավոր թշնամիներ հոդս հօդս ցնդեցին, և մի այդքան էլ ծովային կռվի ժամանակ, երբ մարդկային դիակները թափվում էին կարծես երկնքի ամպերից և մեծ բավականություն պատճառում ականատեսներին։
Ես ուզում էի կանգ առնել մանրամասնությունների վրա, երբ իմ տերը հրամայեց, որ լռեմ։ Նա ասաց, թե ով ծանոթ է եհուների բնավորությանը, հեշտությամբ կարող է հավատալ, որ այդ գարշելի անասունները լիովին ընդունակ են իմ հիշած բոլոր արաքներինարարքներին, եթե միայն նրանք իրենց ուժի և խորամանկության համեմատ չարամտություն ունենան։ Դեպի այդ ցեղը նրա ունեցած գարշանքը իմ ասածներից հետո ավելի ևս սաստկացավ և մտքում անհանգստություն սերմանեց, մի բան, որ մինչ օրս անծանոթ էր նրան։ Նա վախենում էր, որ իր ականջները կվարժվեն այդ զզվելի խոսքերին և որոշ չափով կնվազի եհուների հանդեպ իր ունեցած գարշանքը։ Թեև նա ատում էր այդ երկրի եհուներին․ սակայն ավելի չէր մեղադրում նրանց՝ իրենց զզվելի հատկությունների համար, քան մի զննայհ֊ի (գիշտիչ գիշատիչ թռչունի), որովհետև նա դաժան է, կամ մի սրածայր քարի, որովհետև նա վնասել է իր սմբակը։ Իսկ երբ մի արարած հավակնություն ունի իրեն բանական համարելու և ընդունակ է նման վայրագությունների, անտարակույս այդ այլասերված բանական կարողությունը կարող է ավելի վատթար լինել, քան ինքը՝ գազանային դաժանությունը։ Ուստի նա կարծում է, որ բանականության փոխարեն մենք օժտված ենք մի տեսակ հատկությամբ, որի միջոցով մենք բազմացնում ենք մեր բնական պակասությունները․ ինչպես ջրի անհանգիստ հոսանքի արտացոլումը, որ տալով մի որևե տգեղ մարմնի պատկերը, ոչ միայն խոշորացնում է նրան, այլև ավելի անճոռնի դարձնում։
Նա ավելացրեց, որ բավականաչափ լսեց պատերազմի մասին թե՛ այս և թե՛ նախկին խոսակցությունների ժամանակ։ Այժմ նրան մի փոքր շփոթություն է պատճառում մի այլ խնդիր։ Ես նրան հաղորդել էի, որ մեր նավաստիներից ոմանք թողել էին իրենց հայրենիքը, որովհետև օրենքը սնանկացրել է նրանց․ թեև ես արդեն բացատրել էի այդ բառի իմաստը, սակայն նա տարակուսանքի մեջ էր, թե ինչպես կարող է պատահել, որ ամենքի պաշտպանության համար սահմանված օրենքը որևէ մեկին ավերի։ Ուստի նա ցանկացավ հանգամանորեն իմանալ, թե ի՞նչ է իմ կարծիքն օրենքի և նրա գործադրողների մասին, համաձայն այն ամենի, ինչ այժմ, իրականում, գոյություն ունի իմ հայրենիքում, որովհետև, նրա կարծիքով, բնությունն ու իմացականությունը լավագույն առաջնորդներն են բանական արարածների համար, ինչպիսին մենք հավակնություն ունենք մեզ համարելու, և որոշակի կեպով ցույց են տալիս, թե ի՛նչ պետք է մենք անենք և ինչի՛ց խուսափենք։
Ես հավատացրի նորին մեծապատվությանը, որ օրենքը մի գիտություն է, որին ես այնքան տեղյակ չեմ, և իմ ծանոթությունը սահմանակվում է նրանով, որ կարիքի դեպքում դիմում եմ փաստաբաններին, երբ ես տուժում եմ մի որևէ անարդարությունից․ այնուամենայնիվ, կարողացածիս չափ ես կաշխատեմ բավարարություն տալ նրա հետաքրքրասիրությանը։
Ես ասացի, որ մեզանում գոյություն ունի մարդկանց մի ընկերակցություն, որը պատանեկությունից սովորում է մի արհեստ՝ շատախոսությամբ ապացուցելու, որ սպիտակը՝ սև է, իսկ սևը՝ սպիտակ, նայած, թե որքա՞ն են նրանց վճարում։ Այդ ընկերակցությունը ողջ ժողովրդին պահում է ստրկության մեջ։ Օրինակ, եթե իմ հարևանը հավանում է իմ կովը, իսկույն մի օրենսգետ է վարձում՝ ապացաուցելու, որ նա ունի իրավունք խլելու իմ կովը։ Իրավունքս պաշտպանելու համար ստիպված ես մի ուրիշ օրենսգետ եմ վարձում, քանի որ օրենքը թույլ չի տալիս, որ մեկն իրեն անձամբ պաշտպանի։ Այդ դեպքում, իբրև իրավատեր իմ կացությունը կրկնակի աննպաստ է։ Նախ իմ օրենսգետը, որ գրեթե օրորից վարժված է պաշտպանելու սուտը, իր տարերքի մեջ չի գտնվում, երբ պիտի պաշտպանի արդարությունը։ ԳտնեկովԳտնելով, որ իր կացությունն անբնական է, նա գործում է անշնորհք կերպով և հաճախ նույնիսկ չարամտորեն։ Ապա իմ օրենսգետը մեծ զգուշություն պետք է բանեցնի, եթե ոչ՝ պիտի արժանանա դատավորների հանդիմանությանը և իր ընկերակիցների դժկամությանը, որովհետև նա այդպիսով նվաստացնում է իրենց պրոֆեսիոնալ արժանապատվությունը։ Ուստի կովը պաշտպանելու համար մնում է երկու ելք։ Կա՛մ պետք է կրկնակի վարձով կաշառեմ հակառակորդի օրենսգետին, որը դավաճանելով իր պաշտպանյալին՝ ակնարկով հասկացնել է տալիս դատարանին, որ արդարությունը նրա կողմն է, կամ իմ օրենագետը պիտի աշխատի իմ գործը ձևացնել իբրև մի անարդարացի գործ, ընդունելով, որ իմ կովը պատկանում է հակառակորդին, և եթե նա այդ անի հմուտ կերպով, անկասկած պիտի շահեմ դատարանի հավանությունը։
Ուրեմն ձերդ մեծապատվությունը պիտի իմանա, որ այդ դատավորերն այնպիսի մարդիկ են, որոնք նշանակված են որոշելու սեփականատիրական վեճերն ու քրեական գործերը և ընտրված են ամենահմուտ օրենսգետներից, որոնք արդեն թե՛ ծեր են և թե՛ ծույլ։ Իրենց կյանքում մշտապես հանդես գալով ճշմարտության և արդարության դեմ, նրանք ճակատագրական անշրաժեշտությամբ անհրաժեշտությամբ հովանավորում են կեղծիքը, սուտ երդումն ու հարստահարությունը․ և ես գիտեմ, որ նրանցից շատերը հրաժարվել են ընդունելու խոշոր կաշառքներ այն կողմից, ուր արդարույունն արդարությունն է, որպեսզի չխախտեն իրենց արտոնությունը մի այնպիսի գործով, որ անվայել է թե՛ իրենց բնությանը և թե՛ պաշտոնին։
Այդ օրենսգետները կարգ են սահմանել, որ մի անգամ հանած վճիռը կարելի է գործադրել համանման դեպքում։ Ուստի նրանք ամենայն ջանքով պահպանում են նախկին որոշումները, որոնք դեմ են թե՛ սովորական արդարությանը և թե՛ մարդկային առողջ դատողությանը։ Այդ որոշումները, որոնք հայտնի են նախընթաց անունով, նրանք օգտագործում են իբրև հեղինակություն՝ ամենաանարդարացի կարծիքները պաշտպանելու համար․ և դատավորները նրանցով ղեկավարվելու առիթը բաց չեն թողնում։
Դատավարության ժամանակ նրանք ամենայն խնամքով անտեսում են գործի էական մասը, իսկ բուռն եռանդով և խռպոտության աստիճանի գոռում այնպիսի հանգամանքների մասին, որոնք ոչ մի արժեք չունեն։ Օրինակ՝ մի փոքր առաջ հիշածս գործի ժամանակ, նրանք երբեք չեն ցանկանում իմանալ, թե ի՞նչ իրավունք ունի հակառակորդը իմ կովի նկատմամբ և ի՞նչ ապացույցներ, այլ միայն սկսում են խոսել, թե կովը կարմի՞ր գույն ունի, թե՞ սև, նրա եղջույրները երկա՞ր են, թե՞ կարճ, և այն դաշտը, ուր ես արածացնում եմ նրան, շրջանաձև՞ է, թե՞ քառակուսի, տա՞նն եմ կթում, թե՞ դուրսը, ի՞նչ հիվանդությունների է նա ենթակա և այլն, և այլն․ այդ ամենից հետո նրանք տեղեկություն են պահանջում նախընթաց որոշումների մասին, գործը հետաձգում մի ժամկետից մյուսը, և տասը, քսան կամ երեսուն տարուց հետո մի որևէ որոշման հանգում։
Բացի այդ պետք է նկատել, որ դատավորական այդ ընկերակցությունն ունի իր սեփական առանձնակի լեզուն և ժարգոնը, որ ուրիշ ոչ մի մահկանացու չի կարող հասկանալ և որով գրված են նրանց բոլոր օրենքները․ այդ օրենքները նրանք մի մասնավոր ջանքով բազմացնում են, և այդպիսով վեջնականապես խեղաթյուրում ճշմարտության և ստության, արդարության և անարդարության իսկական էությունը․ այնպես որ երեսուն տարի է հարկավոր՝ որոշելու համար, թե դաշտը, որ մնացել է ինձ իմ նախնիներից, սրանից վեց սերունդ առաջ, ի՞նձ է պատկանում, թր՞ թե՞ մի օտարականի, որ ապրում է երեք հարյուր մղոն հեռավորության վրա։
Պետության դեմ հանցանք գործած մարդկանց դատավարությունն ավելի կարճատև է և գովելի․ նախ և առաջ դատավորն իմանում է այն մարդկանց տրամադրությունը, որոնք իշխանություն ունեն, ապա նա հեշտությամբ մեղադրյալին կամ կախում է, կամ ազատ արձակում, անշեղ կերպով պահպանելով օրենքի բոլոր պատշաճ ձևականությունները։