==Գլուխ VIII։ «Հեռադիտակ» ցուցանակի տակ==
Երբ նախաճաշեցի, կալվածատերը տվեց ինձ մի գրություն, ուղղված «Հեռադիտակ» պանդոկի Ջոն Սիլվերին։ Նա բացատրեց, թե ինչպես պետք է գտնել Ջոնի պանդոկը. պետք է գնալ ծովափով, մինչև որ տեսնես մի դուռ վրան մի մեծ փող, ցուցանակի վախարեն։ Ես ուրախացա, որ հնարավորություն կունենամ մի անգամ էլ տեսնելու նավերը, նավաստիներին, և իսկույն ճանապարհ ընկա։ Դժվարությամբ անցնելով հոծ բազմության միջից, որ խռնվել էր նավահանգիստում, հակերի և սայլերի միջից, վերջապես պանդոկը գտա։
Պանդոկը փոքր էր և չափազանց հարմար, ցուցանակը նոր էր ներկված, պատուհաններին մաքուր, կարմիր վարագույրներ, հատակին մաքուր ավազ ցանված։ Պանդոկը երկու փողոցի վրա մուտք ուներ։ Դռները բաց էին և ընդարձակ, ցածրիկ սենյակը, չնայած ծխախոտի ծխի քուլաներին, բավականին լուսավոր էր։
Սեղանների շուրջը ծովայիններ էին նստած։ Նրանք այնքան բարձր էին խոսում, որ ես մուտքի մոտ կանգնեցի և չէի համարձակվում ներս մտնել։
Կողքի սենյակից մի մարդ դուրս եկավ։ Ես իսկույն հասկացա, որ դա Երկարահասակ Ջոնն է։ Նրա ձախ ոտը մինչև ազդրը կտրված էր։ Ձախ թևի տակ նա պահել էր հենակը, որն արտասովոր արագությամբ էր գործածում, թռչկոտելով ինչպես թռչուն։ Սա մի չափազանց բարձրահասակ և ուժեղ տղամարդ էր, լայն, տափակ ու գունատ, բայց խելոք և ծիծաղկոտ դեմքով։ Թվում էր, որ նա շատ ուրախ է։ Շվշվացնելով շտապ անցնում էր սեղանների արանքով, կատակելով և իր ամենասիրելի հաճախորդների ուսին խփելով։
Մեղքս ինչ թաքցնեմ, կալվածատիրոջ նամակի մեջ կարդալով Երկարահասակ Ջոնի մասին, սարսափելով մտածեցի, թե արդյոք դա այն միոտանի ծովագնացը չէ՞, որին այնքան հետամտել էին հինավուրց «Բենբոուում»։ Բայց հենց որ նայեցի նրան, բոլոր կասկածներս ցրվեցին։ Ես տեսել էի նավապետին, տեսել էի Սև գամփռին, կույր Պյուին, և ենթադրում էի, որ գիտեմ, թե ինչ կերպարանք ունեն ծովային ավազակները։ Ո՛չ։ Այս մաքրասեր և բարի պանդոկապետը ոչնչով ավազակի նման չէ։
Ես սիրտ առա, անցա շեմքի վրայից և գնացի ուղղակի Սիլվերի մոտ, որը, հենակին հենված, խոսում էր ինչ֊որ այցելուի հետ։
— Դուք պարոն Սիլվե՞րն եք,— ասացի ես՝ պարզելով նրան գրությանը։
— Այո՛, տղաս,– ասաց նա։— Իմ անունը Սիլվեր է, իսկ դու ո՞վ ես։
Բայց տեսնելով կալվածատիրոջ նամակը, նա միանգամից փայլեց։
— Օ՜,— բացականչեց նա ձեռքը դեպի ինձ պարզելով,— հասկացա։ Դու մեր նավի նոր փոքրավորն ես։ Ուրախ եմ, որ տեսնում եմ քեզ։
Եվ նա պինդ սեղմեց իմ ձեռքն իր լայն և ուժեղ ափում։
Այդ վայրկյանին մի մարդ, որ նստած էր հեռավոր անկյունում, հանկարծ տեղից վեր ցատկեց և դեպի դուռը վազեց։ Դուռը նրա կողքին էր, և նա իսկույն փողոցում անհետացավ։ Սակայն նրա շտապողականությունը գրավեց իմ ուշադրությունը, և ես առաջին իսկ հայացքից ճանաչեցի նրան։ Դա այն եռամատ, ճարպից պլպլան դեմքով մարդն էր, որ գալիս էր մեր պանդոկը։
— Է՜յ,— գոչեցի ես,— բռնեցեք դրան։ Դա Սև Գամփռն է, Սև Գամփռը։
— Թքեմ ես նրա անվան վրա,— բացականչեց Սիլվերը․― բայց նա փախավ և իր խմածի գինը չվճարեց։ Հարրի, վազիր ու բռնիր նրան։
Դռան մոտ նստածներից մեկը վեր թռավ և ընկավ նրա ետևից։
— Եթե նա թեկուզ ծովակալ Գոկն էլ լիներ, այնուամենայնիվ, կստիպեի վճարել,— ասաց Սիլվերը։
Հետո, հանկարծ բաց թողնելով իմ ձեռքը, հարցրեց․
— Ի՞նչ է նրա անունը։ Դա ասացիր Սև՞․․․, իսկ հետո Սև ի՞նչ։
— Գամփռ, պարոն։ Մի՞թե պարոն Տրելոնին չի պատմել ձեզ մեր ավազակների մասին։ Սև Գամփռը նրանց խմբից է։
— Ի՞նչ,— մռնչաց Սիլվերը,— Իմ տա՞նը։ Վազի՛ր, Բեն, և օգնիր Հարիին, որ բռնի նրան։ Ուրեմն նա ավազա՞կ է, նրանց խմբից մե՞կը։ Է՛յ, Մորգան, դու կարծեմ սեղանի մոտ նրա կողքին էիր նստել։ Մի այստեղ արի։
Այն մարդը, որին նա Մորգան անվանեց, ծեր, ալեհեր, արևավառ դեմքով մի ծովային էր։ Նա ծխախոտը ծամելով, խոնարհաբար մոտեցավ նրան։
― Դե՛, Մորգան,— խստորեն հարցրեց Երկարահասակը,— դու առաջ երբևիցե տեսե՞լ ես այդ Սև․․․ Ինչպե՞ս է․․․ Սև գամփռին։
— Երբե՛ք, պարոն,— պատասխանեց Մորգանը և գլուխ տվեց։
— Անունն է՞լ չես լսել։
— Չեմ լսել, պարոն։
— Դե՛, քո բախտն է, Թոմ Մորգան,— բացականչեց պանդոկապետը։— Եթե սկսես գործ ունենալ ամեն մի սրիկայի հետ, էլ ոտ չես դնի իմ պանդոկը։ Նա քեզ հետ ինչի մասին էր խոսում։
— Լավ չեմ հիշում, պարոն,— պատասխանեց Մորգանը։
― Եվ դու կարող ես այն, որ քո ուսերի վրա է, գլո՞ւխ անվանել,— գոչեց Երկարահասակ Ջոնը։— Լավ չի հիշում։ Կարելի է դու հասկացողություն էլ չունես, թե ում հետ ես խոսում։ Դե՛, ասա՛, քեզ հետ ի՞նչի մասին էր խոսում։ Դուք խոսում էիք ծովային ճանապարհորդության, նավերի, նավապետների մասին։ Դե՛։ Շո՛ւտ։
— Մենք խոսում էինք այն մասին, թե ինչպես մեզ մոտ, նավատորմիղում, մարդկանց պարանով բարձրացնում են նավի ողնուցի տակից, պատասխանեց Մորգանը։
— Նավի ողնուցի տակից։ Քեզ համապատասխանող խոսակցության է։ Ա՜յ, դու։ Դե՛, նստիր տեղդ, Թոմ։
Երբ Մորգանը նստեց սեղանի մոտ, Սիլվերը բարեկամաբար, որ ինձ շատ դուր եկավ, կռացավ և իմ ականջին շշնջաց.
— Մաքուր տղա է այդ Թոմ Մորգանը, բայց սարսափելի հիմար։ Իսկ այժմ,— շարունակեց նա բարձր ձայնով,— փորձենք հիշել։ Սև Գա՞մփռ։ Չէ, այդպիսի մարդու մասին երբեք չեմ լսել։ Կարծես թե ես նրան մի տեղ տեսել եմ, նա հաճախ․․․ Այո՛․․․ Այո՛, գալիս էր այստեղ մի ինչ֊որ կույր մուրացիկի հետ։
— Այո՛, այո՛, կույրի հետ,— գոչեցի ես։— Ես այդ կույրին էլ էի ճանաչում։ Նրա անունը Պյու էր։
— Ճիշտ է,― բացականչեց Սիլվերը,— այս անգամ չափազանց հուզված,— Պյո՛ւ։ Հենց այդպես էին նրան կանչում։ Տեսքով նա սրիկա էր։ Եթե այդ Սև Գամփռը մեր ձեռքն ընկնի, նավապետ Տրելոնին չափազանց գոհ կլինի։ Բենը հիանալի ոտքեր ունի, հազվագյուտ ծովային կարող է վազել Բենի նման։ Ո՛չ, Բենի առջևից փախչել չես կարող։ Նա, ում ասես, կհասնի։ Ուրեմն նա խոսում էր այն մասին, որ ծովայիններին պարանով բարձրացնո՞ւմ են։ Լա՛վ, լա՛վ։ Հենց նրան կբարձրացնենք մենք։
Սիլվերը թռչկոտում էր իր հենակի վրա, բռունցքով խփում սեղաններին և խոսում այնպիսի անկեղծ հուզմունքով, որ նույնիսկ ամենակասկածոտ դատավորն էլ կհավատար, որ նա անմեղ է։
Հանդիպումը «Հեռադիտակում» Սև Գամփռի հետ իմ մեջ արթնացրին իմ առաջվա կասկածները, և ես ուշադիր կերպով հետևում էի խոհարարին։ Սակայն նա ինձ համար չափազանց խելոք էր, հնարագետ և ճարպիկ։
Վերջապես վերադարձան այն երկուսը, որոնց ուղարկել էր Սև Գամփռի ետևից։ Ծանր շնչելով, նրանք հայտնեցին, որ Սև Գամփռին հաջողվեց անհետանալ ամբոխի մեջ։ Պանդոկապետն սկսեց հայհոյել այնպիսի կատաղությամբ, որ ես վերջնականապես համոզվեցի, որ Երկարահասակ Ջոնն անմեղ է։
— Լսի՛ր, Հոկինս,— ասաց նա,— ինձ համար այս պատմությունը կարող է վատ վախճան ունենալ։ Ի՞նչ կմտածի իմ մասին նավապետ Տրելոնին։ Այդ անիծված բանդիտը նստել է իմ տանը և խմել իմ խմիչքը։ Հետո դու գալիս ես և ասում, որ նա ավազակային խմբից է։ Բայց, այնուամենայնիվ, ես թույլ եմ տալիս, որ նա ծլկի։ Դե՛, Հոկինս, նավապետ Տրելոնիի մոտ ինձ պաշտպանիր։ Դու ջահել ես, բայց հիմար չես։ Քեզ չեն կարող խաբել։ Այո՛, այո՛, այո՛։ Ես այդ իսկույն նկատեցի։ Բացատրիր նավապետին, որ ես իմ հենակով ոչ մի կերպ չկարողացա վազել այդ սատանա Գամփռի ետևից։ Եթե ես առաջնակարգ ծովագնաց լինեի, ինչպես հին ժամանակ, նա իմ ձեռքից չէր պրծնի, իսկ այժմ․․․
Նա հանկարծ լռեց և բերանը լայն բաց արավ, կարծես մի բան հիշեց։
― Իսկ փո՞ղը,— գոչեց նա։— Երեք գավաթի համար։ Այ սատանա, իսկ փողի մասին ես մոռացել էի։
Ընկնելով նստարանի վրա, նա հռհռաց ու հռհռաց այնքան Ժամանակ, մինչև որ արցունքներ հոսեցին նրա դեմքի վրայով։ Նրա հռհռոցն այնպես վարակիչ էր, որ ես չդիմացա և սկսեցի նրա հետ հռհռալ, մինչև որ ողջ պանդոկը դղրդաց հռհռոցից։
— Ես թեև ծեր եմ, բայց ծովային հորթի դեր կատարեցի,― ասաց նա վերջապես աչքերը սրբելով։— Տեսնում եմ, Հոկինս, որ ես ու դու լավ զույգ կլինենք։ Չէ՞ որ ես այժմ էլ հոգով նավի փոքրավորն եմ։ Այնուամենայնիվ, պետք է գնալ. գործ կա, գործ, թանկագին ընկերներ։ Ես կդնեմ իմ եռանկյունի գլխարկը և քեզ հետ կգնամ նավապետ Տրելոնիի մոտ, զեկուցելու նրան այն բոլորի մասին, ինչ որ պատահել է։ Չէ՞ որ գործը լուրջ է, Հոկինս, և պետք է խոստովանել, որ այդ գործը պատիվ չի բերում ո՛չ քեզ, ո՛չ ինձ։ Ո՛չ, ո՛չ, ո՛չ։ Ո՛չ ինձ, ո՛չ քեզ պատիվ չի բերում. երկուսիս էլ լավ ծաղրեցին։ Սակայն, սատանան տանի, ոնց խաբեց ինձ և փողը չտվեց։
Նա նորից հռհռաց այնպես ուժգին, որ թեև ծիծաղելու բան չկար, ստիպված էի կրկին միանալ նրան։
Մենք գնացինք ծովափով, և Սիլվերը շատ գրավիչ խոսակից դուրս եկավ։ Յուրաքանչյուր նավի մասին, որի մոտից անցնում էինք, նա ինձ շատ տեղեկություններ էր հաղորդում․ ինչպես են պատրաստված նրա առագաստները, որքան բեռ կարող է վերցնել, որտեղից է եկել։ Նա բացատրեց այն աշխատանքի մասին, որ կատարվում էր նավահանգստում․ մի նավ բարձում են, մյուսը՝ բեռնաթափում, իսկ այն, երրորդը, իսկույն բաց ծովն է դուրս գալիս։ Նավերի և ծովայինների մասին նա ինձ ուրախ պատմություն պատմեց։ Նա հաճախ զանազան ծովային խոսքեր էր գործածում և կրկնում մի քանի անգամ, որ լավ հիշեմ։ Ես քիչ-քիչ սկսեցի հասկանալ, որ Սիլվերից ավելի լավ ընկեր, ծովային ճանապարհորդության համար, չես գտնի։
Վերջապես մենք եկանք պանդոկ։ Կալվածատերը և բժիշկ Լիվսին գարեջուր էին խմում և սպիտակ հացի բոված կտորներ ուտում։
Նրանք պատրաստվում էին գնալ նավը, տեսնելու, թե ինչպես են սարքավորում։
Երկարահասակ Ջոնը պատմեց նրան այն բոլորը, ինչ որ պատահել էր գինետանը սկզբից մինչև վերջ, չափազանց կրակոտ և միանգամայն ճշմարիտ։
— Չէ՞ որ այդպես եղավ, այնպես չէ՞, Հոկինս,― հարցնում էր ինձ ամեն րոպե։
Եվ ես ամեն անգամ լրիվ հաստատում էի նրա խոսքերը։ Երկուսն էլ չափազանց ափսոսում էին, որ Սև Գամփռը կարողացել է փախչել։ Բայց ի՞նչ կարելի էր անել։ Նրանց գովասանքները լսելով, Երկարահասակ Ջոնը վերցրեց իր հենակը և դեպի դուռն ուղղվեց։
— Անձնակազմը պետք է լինի նավում ժամը 4֊ին,— գոչեց կալվածատերը նրա ետևից։
— Լա՛վ, պարոն,— պատասխանեց խոհարարը։
— Պարզ ասած,— ասաց բժիշկ Լիվսին,― ես հավանություն չեմ տալիս ձեր արած գյուտերի մեծամասնությանը, սակայն այս Ջոնն իմ ճաշակի մարդ է։
— Հրաշալի տղա է,— ձայն տվավ կալվածատերը։
— Ջիմն իսկույն մեզ հետ կգնա նավը, այնպես չէ՞,― ավելացրեց բժիշկը։
— Իհարկե՛, իհարկե՛,― ասաց կալվածատերը։
— Հոկինս, գլխարկդ վերցրու, այս րոպեիս գնում ենք մեր նավը տեսնելու։
==Գլուխ IX։ Վառոդ և զենքեր==