Տեր Ֆյոդորը ժպտաց, և, ուշադիր նայելով հայելու մեջ, սկսեց խուզել իր բարեձև մորուքը։ Մազերը թափվում էին հատակին, մկրատը չխկչխկում էր, և հինգ րոպեից հետո տեր Ֆյոդորը համոզվեց, որ ինքը բնավ չի կարող մորուք խուզել։ Մորուքը դուրս եկավ մի կողմի վրա խուզած, անվայելուչ և նույնիսկ կասկածելի։
Մի քիչ էլ հայելու առջև ցցվելուց հետո տեր Ֆյոդորը չարացավ, կնաչեց կնոջը և, մկրատը նրան մեկնելով, ջղայնացած ասաց․
― Գոնե դու օգնիր ինձ, տիրուհի։ Ոչ մի կերպ չեմ կարողանում էս մազերիս հախից գալ։
Տիրուհին զարմանքից նույնիսկ ձեռքերը ետ տարավ։
― Այդ ի՞նչ ես արել,― վերջապես ասաց նա։
― Ոչինչ չեմ արել։ Խուզվում եմ։ Օգնիր, խնդրում եմ։ Այս կողմերը կարծես մի քիչ ծուռ է ստացվել․․․
― Աստվա՜ծ իմ,― ասաց տիրուհին, հարձակվելով տեր Ֆյոդորի խոպոպիկների վրա,― մի՞թե, Ֆեդենկա, պատրաստվում ես անցնելու նորոգչականների կողմը։
Խոսակցության նմանօրինակ ընթացքը ուրախացրեց տեր Ֆյոդորին։
― Իսկ ինչո՞ւ, տիրուհի, չանցնեմ նորոգչականների կողմը։ Նրանք մարդիկ չե՞ն, ինչ է։
― Մարդիկ, իհարկե, մարդիրկ են,― թունոտ համաձայնեց տիրուհին,― ինչպե՜ս չէ․ կինոներ են գնում, ալիմենտ են վճարում։
― Դե, ես էլ կինոները կվազեմ։
― Վազիր խնդրեմ։
― Ե՛վ կվազեմ։
― Քթիցդ կգա։ Ապա մի հայելու մեջ նայիր քեզ։
Եվ իրոք, հայելուց տեր Ֆյոդորին էր նայում սևաչյա կայտառ մի դեմք՝ փոքրիկ տարօրինակ մորուքով և անհեթեթորեն երկար բեղերով։
Սկսեցին խուզել բեղերը, հասցնելով նրանց համեմատական չափսերի։
Հետագա արարքներն էլ ավելի զարմացրին տիրուհուն։ Տեր Ֆյոդորը հայտնեց, որ հենց այս երեկո գործով մեկնելու է, և պանջեց Կատերինա Ալեքսանդրովնայից վազել հացթուխ եդղբոր մոտ՝ մի շաբաթով վերցնել նրանից ոչխարնու օձիքով վերարկուն և դարչնագույն բադանման կարտուզը։
― Ո՛չ մի տեղ չեմ գնա,― հայտարարեց տիրուհին ու լաց եղավ։
Տեր Ֆյոդորը կես ժամի չափ քայլեց սենյակում և իր փոխված դեմքով կնոջը վախեցնելով, անհեթեթություններ էր դուրս տալիս։ Տիրուհին մի բան միայն հասկացավ․ տեր Ֆյոդորն առանց որևէ պատճառի մազերը կտրել է, ուզում է հիմար կարտուզով մեկնել անհայտ ուղղությամբ, իսկ իրեն թողնում է։
― Չեմ թողնում,― պնդրում էր տեր Ֆյոդորը,― չեմ թողնում, մի շաբաթից կվերադառնամ։ Ախր մարդ կարող է մի գործ ունենալ։ Կարո՞ղ է, թե չի կարող։
― Չի կարող,― ասում էր իրիցկինը։
Տեր Ֆյոդորը, որը մերձավորների հետ հեզ ու խոնարհ էր, ստիպված եղավ բռունցքը խփել սեղանին։ Ու թեպետ նա խփում էր շատ զգույշ և անշնորհք կերպով, քանզի առաջներում երբեք այդ բանը չէր արել, այնուամենայնիվ իրիցկինը շատ վախեցավ և, շալը գլխին գցելով, վազեց եղբոր մոտ քաղաքացիական հագուստ բերելու։
Մենակ մնալով, տեր Ֆյոդորը մի րոպե մտածեց և ասաց․ «Կանանց բանն էլ դժվար է», և մահճակալի տակից դուրս քաշեց թիթեղապատ սնդուկը։ Նման սնդուկներ մեծ մասամբ պատահում են կարմիրբանակայինների մոտ։ Նրանք սոսնձված են լինում զոլավոր պաստառներով, որոնց վրա փակցված է Բուդյոննու դիմանկարը կամ «ՊլյաԺ» ծխախոտատուփի ստվարաթուղթը՝ երեք գեղեցկուհիներ պառկել են Բաթումի կոպիճով պատված ծովափին։ Վոստրիկովների սնդուկը ևս, ի դժգոհություն տեր Ֆյոդորի, սոսնձված էր նկարներով, բայց այնտեղ ո՛չ Բուդյոննի կար, ո՛չ Բաթումի գեղեցկուհիներ։ Իրիցկինը սնդուկի ամբողջ ներսը պատել էր «1914 թվականի պատերազմի տարեգիր» ժուռնալից կտրած լուսանկարներով։ Այստեղ կար և՛ «Պերեմիշլի գրավումը», և՛ «Դիրքերում տաք հագուստների բաժանումը զինվորներին» և էլ ինչեր ասես որ չկար։
Հատակին դարսելով վերևում դրված գրքերը՝ «Ռուս ուխտավոր ամսագրի 1903 թվականի կոմպլեկտը, «Հերձվածի պատմությունը» հաստ գիրքը և «Ռուսները Իտալիայում» բրոշյուրը, որի կազմի վրա տպագրված էր ծխացող Վեզուվը, տեր Ֆյոդորը ձեռքը կոխեց մինչև սնդուկի հատակը և դուրս քաշեց կնոջ հնամաշ, գջլտված ձմեռային գլխարկը։ Նավթալինի հոտը հանկարծ դիպավ տեր Ֆյոդորի քթին և նա, աչքերը կկոցելով, պատառոտեց ժանյակներն ու միջադիր կտորենրը և գլխարկի միջից հանեց քաթանե ծանր մի երշիկ։ Երշիկն իր մեջ պարունակում էր քսան հետ ոսկյա տասանոց՝ այն ամենը, ինչ մնացել էր տեր Ֆյոդորի առևտրական արկածախնդրություններից։
Ձեռքի սովոր շարժումով նա բարձրացրեց փարջայի փեշը և երշիկը կոխեց զոլավոր շալվարի գրպանը։ Ապա մոտեցավ կոմոդին և կոնֆետի տուփից հանեց հիսուն ռուբլի՝ երեքնոցներով և հնգանոցներով։ Տուփի մեջ դեռ մնում էր քսան ռուբլի։
― Տանը կհերիքի,― որոշեց նա։
==Հեռավոր ուղևորությունների մուսան==
Իրիկվա փոստատար գնացքի ժամանումից մի ժամ առաջ տեր Ֆյոդորը կարճ, մինչև ծնկները հասնող վերարկուով և հյուսկեն զամբյուղով, դրամարկղի մոտ կանգնել էր հերթի և ահուդողով նայում էր մուտքի դռներին։ Նա վախենում էր, թե տիրուհին հակառակ իր պնդումների կվազի կայարան ճանապարհ գցելու, և այդ պահին փոքրիկ կրպակի վարիչ Պրուսիսը, որ բուֆետում նստած գարեջրով հյուրասիրում է ֆինտեսչին, անմիջապես կճանկի իրեն։ Տեր Ֆյոդորը զարմանքով և ամոթով էր նայում բոլոր աշխարհականների աչքերի առջև բաց իր զոլավոր շալվարին։
Անպլացկարտ գնացքի նստեցումը սովորականի պես սկանդալային բնույթի էր։ Ուղևորները հսկայական պարեկրի ծանրության տակ կքած վազում էին գնացքի գլխից մինչև պոչը և պոչից մինչև գլուխը։ Տեր Ֆյոդորը շշկլած բոլորի հետ վազում էր։ Նա ևս մյուսների պես ուղեկցողների հետ խոսում էր քծնող ձայնով, մյուսների պես վախենում էր, թե գանձապահը իրեն «սխալ» տոմս է տվել և վերջապես վագոն ներս թողնելուց հետո միայն վերստացավ իր նախկին հանդարտ վիճակը և նույնիսկ փոքր ինչ ուրախացավ։
Շոգեքարշը ճչաց լիաթոք, և գնացքը շարժվեց, տեր Ֆյոդորին հետ տանելով դեպի խորհրդավոր, բայց, ինչպես երևում է, մեծ օգուտներ խոստացող անհայտ հեռուները։
Հետաքրքիր բան թ երկաթուղագծի օտարման շերտը։ Ամենասովորական քաղաքացին, ընկնելով այնտեղ, զգում է իրեն մի տեսակ բազմահոգ և արագ դառնում է կամ ուղևոր, կամ բեռ ստացող կամ պարզապես անտոմս մի ավարա, որը սևացնում է կոնդուկտորական բրիգադաների և կառամատույցային հսկիչների կյանքն ու պաշտոնական գործունեությունը։
Այն րոպեից, երբ քաղաքացին մտնում է օտարման շերտը, որին նա դիլետանտորեն կայարան կամ վոկզալ է անվանում, նրա կյանքը շեշտակի փոխվում է։ Անմիջապես նրա վրա են արշավում սպիտակ գոգնոցներով և կրծքներին նիկելե թիթեղիկներ ունեցող Երմակ Տիմոֆերևիչներև և ծառայակամորեն ճանկում բագաժը։ Այդ րոպեից արդեն քաղաքացին ինքն իրեն չի պատկանում։ Նա ուղևոր է և սկսում է կատարել ուղևորի բոլոր պատրականությունները։ Այդ պարտականությունները բազմաբարդ են, բայց հաճելի։
Ուղևորը խիստ շատ ուտում է։ Հասարակ մահկանացուները գիշերները չեն ուտում, բայց ուղևորը ուտում է և գիշերը։ Ուտում է նա տապակած ճուտ, որը թանկ է նրա համար, պինդ խաշած ձվեր, որոնք վնաս են ստամոքսին, և ձիաթպտուղ։ Երբ գնացքը կտրում անցնում է սլաքը, դարակներում չխկրտում են բազմաթիվ թեյամաններ և վեր֊վեր են թռչում թերթերի մեջ փաթաթված ոտազուրկ ճտերը, որոնց ոտքերը արմատահան են արել ուղևորները։
Բայց ուղևորները այդ ամենը չեն նկատում։ Նրանք անեկդոտներ են պատմում։ Յուրաքանչյուր երեք րոպեն մեկ կանոնավոր կերպով ամբողջ վագոնը պայթում է ծիծաղից։ Ապա տիրում է լռություն, և թավշյա մի ձայն զեկուցում է հերթական անեկդոտը․
― Մեռնում է ծեր հրեան։ Մոտը կինն է կանգնած, երեխաները։ «Իսկ Մոնյան այստե՞ղ է»,― հազիվ֊հազ հարցնում է հրեան։ «Այստեղ է»։― «Իսկ Բրանա մորաքույրը եկե՞լ է»։―«Եկել է»։―«Իսկ ո՞ւր է տատիկը։ Ես նրան չեմ տեսնում»։―«Հրես կանգնած է»։―«Իսկ Իսա՞կը»։―«Իսակն այստեղ է»։―«Բա երեխեքը»։―«Ահա բոլոր երեխաները»։―«Բա ո՞վ է մնացել խանութում»։
Հենց նույն վայրկյանին թեյամանները սկսվում են չխկ֊չխկալ, և ճտերը որոտընդոստ ծիծաղից անհանգստացած ցատկոտում են վերի թարքերում։ Բայց ուղևորները այդ բանը չեն նկատում։ Ամեն մեկի սրտում մի նվիրական անեկդոտ կա, որը թպրտալով սպասում է իր հերթին։ Նոր կատարողը, արմուկնով հարևաններին հրելով և աղերսագին «Ա՜յ ինձ պատմել են» բղավելով՝ դժվարությամբ գրավում է ուշադրությունը և սկսում․
― Մի հրեա տուն է գալիս ու պառկում կնոջ կողքին։ Հանկարծ նա լսում է՝ մահճակալի տակ ինչ֊որ մեկը քրովում է։ Հրեան ձեռքը կոխում է մահճակալի տակը և հարցնում․ «Այդ դո՞ւ ես, Ջեկ»։ Իսկ Ջեկը լիզում է նրա ձեռքն ու պատասխանում․ «Այդ ես եմ»։
Ուղևորները մեռնում են ծիծաղից, մութ գիշերը ծածկում է դաշտերը, շոգեքարշի ծխնելույզից թեթևսոլիկ կայծեր են դուրս թռչում, և պայծառ ու կանաչ ակնոցներով բարալիկ սեմաֆորները փափկանկատորեն անցնում են կողքով՝ նայելովգնացնքերի վերևից։
Հետաքրքի՜ր բան է օտարման շերտը։ Երկրի բոլոր կողմերն են վազում հեռավոր ուղևորման ծանր ու երկար գնացքներ։ Ճանապարհը բաց է ամենուրեք։ Ամեն տեղ վառվում է կանաչ կրակը՝ ճանապարհն ազատ է։ Բևեռային ճեպընթացը բարձրանում է Մուրմանսկ։ Սլաքի վրա կռանալով և կուչ գալով, Կուրսկի կայարանից դուրս է պրծնում «Առաջին―Կ»֊ն ճամփա հարթելով դեպի Թիֆլիս։ Հեռավոր արևելյան ճեպընթացը շրջանցում է Բայկալը, թափընթաց մոտենալով Խաղաղ օվկիանոսին։
Հեռավոր ուղևորության մուսան հրապուրում֊կանչում է մարդուն։ Նա արդեն պոկել է տեր Ֆյոդորին գավառական խաղաղ օթևանից և նետել չգիտես թե որ նահանգը։ Ազնվականության նախկին պարագլուխ, իսկ այժմ զագսի գործավար Իպոլիտ Մատվեևիչը ևս անհանգստացած է ներքուստ և սատանան գիտե՝ թե ինչ մտադրություններ ունի։
Մարդիկ շրջում են երկրում։ Մեկը ծառայության վայրից տասը հազար կիլոմետր հեռավորության վրա իր համար շողշողուն հարսնացու է ճարում։ Մյուսը գանձի ետևից ընկած թողնում է փոստ֊հեռագրական բաժանմունքը և վազում ԱԼդան։ Իսկ երրորդը հենց այնպես էլ նստում է տանը, սիրով շոյում է հասունացած ճողվածքը և կարդում մի ռուբլու փոխարեն հինգ կոպեկով գնած կոմս Սալիասի երկասիրուրությունը։
Թաղման երկրորդ օրը,― իսկ թաղման կազմակերպումը սիրալիր կերպով իր վրա էր վերցրել դագաղագործ վարպետ Բեզենչուկը,― Իպոլիտ Մատվեևիչը գնաց ծառայության և, կատարելով իր վրա դրած պարտականությունները, սեփական ձեռքով գրանցնեց հիսունինը տարեկն, տնային տնտեսուհի, անպարտիական, գավառական N քաղաքի բնակչուհի և ծագումով Ստարգորոդյան նահանգի ազնվականններից սերած Կլավդիա Իվանովնա Պետուխովայի մահը։ Այնուհետև Իպոլիտ Մատվեևիչը խնդրելով վերցրեց իր՝ օրենքով հասնելիք երկու շաբաթվա արձակուրդը, ստացավ քառասունմեկ ռուբլի արձակուրդային դրամ և աշխատակիցներին մնաս բարով ասելով գնաց տուն։ Ճանապարհին նա մտավ դեղատուն։
Դեղագործ Լեոպոլդ Գրիգորևիչը, որրին տնեցիները և բարեկամները Լիպա էին անվանում, կանգնել էր կարմիր լաքած վաճառասեղանի ետևում՝ շրջապատված թույնի կաթնագույն բանկաներով և ներվայնությամբ հրշեջ պետի զոքանչին վաճառում էր «կրեմ անգո, արևայրուկի և եպենների դեմ, բացառիկ սպիտակություն է տալիս մաշկին»։ Սակայն հրշեջ պետի զոքանչը պահանջում էր «պուդրա Ռաշել ոսկեգույն, մարմնին տալիս է հավասար, բնության մեջ անհասանելի արևայրուկ»։ Բայց դեղատանը միայն կերմ Անգո կար՝ արևայրուկի դեմ, և պարֆյումերիայի այդչափ հակադիր արտադրանքների պայքարը տևեց կես ժամ։ Հաղթեց այնուամենայնիվ Լիպան, որը հրշեջ պետի զոքանչին ծախեց շրթունքի պոմադա և փայտոջիլաեռ․ ինքնաեռի սկզբունքով կառուցած, բայց արտաքուստ ցնցուղի տեսք ունեցող մի անոթ։
― Ի՞նչ կկամենայիք։
― Մազերի դեղ։
― Աճելցնելո՞ւ, ոչնչացնելո՞ւ, ներկելո՞ւ։
― Ի՜նչ աճեցում,― ասաց Իպոլիտ Մատվեևիչը։― Ներկելու։
― Ներկելու համար ունենք հիանալի բուժամիջոց «Տիտանիկ»։ Ստացված է մաքսատնից։ Կոնտրաբանդ ապրանք է։ Չի լվացվում ո՛չ սառը ջրով, ո՛չ տաք, ո՛չ սապոնի փրփուրով, ո՛չ նավթով։ Արմատական սև գույն։ Կես տարվա սրվակն արժե երեք ռուբլի տասներկու կոպեկ։ Հանձնարարում եմ իբրև լավ ծանոթի։
Իպոլիտ Մատվեևիչը շուռումուռ տվեց ձեռքում «Տիտանիկի» քառակուսի սրվակը, հառաչանքով նայեց պիտակին ու փողը դրեց վաճառասեղանի վրա։
Իպոլիտ Մատվեևիչը տուն վերադարձավ և զզվելով սկսեց «Տիտանիկով» ջրել գլուխն ու վիզը։ Բնակարանում գարշահոտություն տարածվեց։
Ճաշից հետո գարշահոտը պակասեց, բեղերը չորացել, կպել էին և միայն մեծ դժվարությամբ էր հնարավոր սանրել։ Արմատական սև գույնը մի քիչ կանաչավուն երանգով ստացվեց, բայց երկրորդ անգամ ներկելու ժամանակ չուներ։
Իպոլիտ Մատվեևիչը զոքանչի զարդատուփից հանեց նախօրյակին գտած թանկարժեք իրերի ցուցակը, հաշվեց մոտն եղած կանխիկ դրամը, փակեց բնակարանը, բանալին թաքցրեց ետևի գրպանում, նստեց N7 արագընթաց գնացքը և մեկնեց Ստարգորոդ։
==Մեծ կոմբինատորը==
Տասներկուսի կեսին հյուսիս֊արևմուտքից, Չմարովկա գյուղի կողմից, Ստարգորոդ մտավ քսանութ տարեկն մի երիտասարդ։ Նրա հետևից վազում էր մի խուժան։
― Քեռի,― զվարթ կանչում էր նա,― տասը կոպեկ տուր։
Երիտասարդը գրպանից հանեց տաքացած մի խնձոր և տվեց խուժանին, բայց նա ձեռք չէր քաշում։ Այդ ժամանակ հետիոտը կանգ առավ, հեգնորեն նայեց տղային և կամացուկ ասաց․
― Միգուցե քեզ պետք է տալ այն բնակարանի բանալին, որտեղ փո՞ղ է դրված։
Չափ ու սահմանն անցկացրած խուժաը հասկացավ իր պահանջների ողջ անհիմնությունը և ձեռք քաշեց։
Երիտասարդը խաբեց․ նա ո՛չ փող ուներ, ո՛չ բնակարան, ուր կարող էր փող դրված լինել, ո՛չ բանալի, որով կարելի էր բացել բնակարանի դուռը։ Նա նույնիսկ վերարկու չուներ։ Երիտասարդը քաղաք մտավ գոտկատեղում նեղ, կանաչ կոստյումով։ Նրա հուժկու վիզը մի քանի անգամ փաթաթված էր բրդե հին շարֆով, ոտքերին լաքած կոշիկներ էին՝ զամշե նարնջագույն երեսով։ Կոշիկների տակ գուլպաներ չկային։ Ձեռքին երիտասարդը բռնած ուներ աստրոլյաբիա<ref>Աստղագիտական կամ գեոդեզիական գործիք։</ref>:
«Օ բայադե՜րկա, տի֊րի֊րիմ, տի֊րի֊րա»,― երգեց նա, մոտենալով շուկային։
Այստեղ նրա համար շատ գոչծ ճարվեց։ Նա խցկվեց հնոտիավաճառանոցում առևտուր անողների շարքերը, առջևը դրեց աստրոլյաբիան և սկսեց լուրջ ձայնով բղավել․
― Ո՞ւմ տամ աստրոլյաբիա։ Էժան աստրոլյաբիա է ծախվում։ Պատգամավորներին և կինբաժիններին զեղչ։
Անսպասելի առաջակրը երկար ժամանակ պահանջարկ չէր ծնում։ Տնային տնտեսուհների պատգամավորությունները ավելի շատ հետաքրքրվում էին դեֆիցիտային ապրանքներով և խռնվում էին մանուֆակտուրային կրպակների շուրջը։ Աստրոլյաբիա վաճառողի կողքով երկու անգամ անցավ Ստարգուբռոզիսկի գործակալը։ Բայց քանի որ աստրոլյաբիան ոչ մի բանով նման չէր Մասլոցենտրի գրասենյակից երեկ գողացած գրամեքենային, գործակալը դադարեց երիտասարդին աչքերով հիպնոսելուց և հեռացավ։
Ճաշվա կողմ աստրոլյաբիան երեք ռուբլով ծախվեց մի փականագործի։
― Ինքն էլ չափում է,― ասաց երիտասարդը, աստրոլյաբիան գնորդին հանձնելվ,― միայն թե չափելու բան լինի։
Ուրախ երիտասարդը, բարդ գործիքից ազատագրվելով, ճաշեց «Համի անկյուն» ճաշարանում և գնաց քաղաքը դիտելու։ նա անցավ Սովետական փողոցով և դուրս եկավ Կարմիր֊բանակային (նախկին Մեծ Պուշկինյան) փողոցը, կտրեց անցավ Կոոպերատիվայինը և նորից հայտնվեց Սովետական փողոցի վրա։ Բայց դա արդեն այն Սովետականը չէր, որով անցել էր․ քաղաքում երկու Սովետական փողոց կար։ Բացական զարմանալով այդ հանգամանքի վրա, երիտասարդը հայտնվեց Լենայի դեպքերի փողոցում (նախկին Դենիսովյան)։ Երկհարկանի գեղեցիկ N28 առանձնատան մոտ, որն ուներ
ՍՍՌՄ, ՌՍՖՍՌ
ՍՏԱՐՆԱՀԱՆԳՍՈՑԱՊԻ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ 2֊ՐԴ ՏՈՒՆ
ցուցանակը, երիտասարդը կանգ առավ, որպեսզի ծխախոտը կպցնի դռնապանից, որը նստել էր դարբասի մոտ, քարե նստարանին։
― Իսկ ի՞նչ է, հայրիկ,― հարցրեց երիտասարդը, ծուխը ներս քաշելով,― ձեր քաղաքում հարսանցուներ կա՞ն։
― Մարդ կա որ մատակն էլ նրա համար հարսնացու է,― պատասխանեց նա, սիրով խոսակցության բռնվելով։
― Այլևս հարցեր չունեմ,― արագ վրա բերեց երիտասարդը։
Եվ անմիջապես նոր հարց տվեց․
― Այսպիսի տուն ու առանց հարսնացուի՞։
― Մեր հարսնացուներին,― առարկեց դռնապանը,― վաղո՜ւց էն աշխարհում ճրագով են փնտրում։ Մեզ մոտ էստեղ պետական անկելանոց է․ պառավներ են ապրում լրիվ պենսիոնով։
― Հասկանում եմ։ Այդ նրանք են, որոնք մինչև պատմական մատերիալիզմն են ծնվել։
― Էդ մեկը ճիշտ է։ Երբ ծնվել են, էն վախտ էլ ծնվել են։
― Իսկ այս տանը ի՞նչ կար մինչև պատմական մատերիալիզմը։
― Ե՞րբ ինչ կար։
― Այն ժամանակ, հին ռեժիմի։
― Հին ռեժիմի ժամանակ իմ աղան էր ապրում։
― Բուրժո՞ւյ։
― Ինքդ ես բուրժույ։ Ասացի քեզ՝ ազնվականների պարագլուխ։
― Պրոլետա՞ր, ուրեմն։
― Ինքդ ես պրոլետար։ Ասացի քեզ՝ պարագլուխ։
Խոսակցությունը խելոք դռնապանի հետ, որը լավ գլուխ չէր հանում հասարակության դասակարգային կառուցվածքից, դեռ աստված գիտե որքան ժամանակ կշարունակվեր, եթե երիտասարդը վճռական կերպով գործի չանցներ
― Ահա թե ինչ, պապի,― ասաց նա,― վատ չէր լինի գինի խմեինք։
― Դե, հյուրասիրիր։
Մի ժամով երկուսն էլ անհետացան, իսկ երբ վերադարձան, դռնապանն արդեն երիտասարդի ամենահավատարիմ բարեկամն էր։
― Ուրեմն քեզ մոտ կգիշերեմ,― ասում էր նոր բարեկամը։
― Թեկուզ ամբողջ կյանքդ ապրի, մի բան որ լավ մարդ ես։
Հյուրը, այդպես արագ իր նպատակին հասնելով, շտապով իջավ դռնապանի սենյակը, հանեց նարնջագույն կոշիկները և մեկնվեց նստարանին, մտորելով վաղվա գործունեության ծրագիրը։
Երիտասարդին կոչում էին Օստապ Բենդեր։ Սովորաբար նա իր կենսագրությունից միայն մի մանրամասնություն էր հաղորդում․ «Իմ հայրը,― ասում էր նա,― թուրքահպատակ էր»։ Թուրքահպատակի զավակը իր կյանքում շատ զբաղմունքներ էր փոխել։ Բնավորության աշխուժությունը, որը խանգարում էր որևէ գործի նվիրվելու, շարունակ նետում էր նրան երկրի զանազն կողմերը և հիամ բերել էր Ստարգորոդ՝ առանց գուլպաների, առանց բանալու, առանց բնակարանի և առանց փողի։
Դռնապանի գարշահոտության աստիճանի տաք սենյակում պառկած, Օստապ Բենդերը մտքում որոշում էր իր կարիերայի երկու հնարավոր վարիանտները։
Կարելիէր դառնալ բազմակին և հանգիստ տեղափոխվել քաղաքից քաղաք, հետևից քարշ տալով հերթական կնոջից հափշտակած թանկարժեք իրերով լի նոր ճամպրուկը։
Բայց կարելի էր վաղն ևեթ գնալ Ստարգորոդի մանկհանձնաժողովը և առաջարկել նրանց իրենց վրա վերցնելու դեռ չնկարված, բայց հանճարեղորեն մտահղացված, նկարիչ Ռեպինի հանրահայտ «Զապորոժոցները նամակ են գրում սուլթանին» նկարի նմանողությամբ «Բոլշևիկները նամակ են գրում Չեմբեռլենին» նկարի տարածումը։ Հաջողության դեպքում այդ վարիանտը կարող էր չորս հարյուր ռուբլի օգուտ բերել։
Երկու վարիանտներն էլ Օստապի գլխում ծագել էին վերջին անգամ Մոսկվայում գտնվելու օրերին։ Բազմակնության վարիանտը ծագել էր երեկոյան թերթում կարդացած դատական հաշվետվության ազդեցության տակ։ Այնտեղ պարզ ասված էր, որ մի բամակին մարդ ստացել է ընդամենը երկու տարի առանց խիստ մեկուսացման։ N2 վարիանտը Բենդերի գլխում ծագեց, երբ կոնտրամարկայով դիտում էր ԱԽՌՌ֊ի<ref>ԱԽՌՌ ֊ հապավված բառ է՝ Ռևոլյուցիոն Ռուսաստանի նկարիչների ասոցիացիա։</ref> ցուցահանդեսը։
Սակայն երկու վարիանտներն էլ իրենց թերություններն ունեին։ Առանց զարմանահրաշ, մոխրագույն խալերով կոստյումի անհնարին էր սկսել բազմակնոջ կարիերան։ Բացի այդ, պետք էր ունենալ, գնոե տասը ռուբլի՝ վայելչատեսության և գայթակղեցնելու համար։ Կարելի էր, իհարկե, ամուսնանալ և ճամփորդական կանաչ կոստյումով, որովհետև Բենդերի առնական ուժն ու գեղեցկությունը միանգամայն անվանելի էին գավառական հասած Մարգարիտների համար, բայց դա, ինչպես Օստապն էր ասում, կլիներ «ցածր տեսակի, ոչ մաքուր աշխատանք»։ Պատկերի գործն էլ լավ վիճակում չէր․ կարող էին հանդիպել զուտ տեխնիկական դժվարություններ։ Արդյոք հարմա՞ր է ընկ․ Կալինինին նկարել փափախով և սպիտակ յափունջով, իսկ ընկ․ Չիչերինին՝ մինչև գոտկատեղը մերկ։ Հակառակ դեպքում կարելի է, իհարկե, բոլոր պերսոնաժներին նկարել սովորական կոստյումներով, բայց դա արդեն էն չի լինի։
― Էն էֆեկտը չի ունենա,― արտասանեց Օստապը բարձրաձայն։
Այդ պահին նա նկատեց, որ դռնապանը վաղուց արդեն տաք֊տաք խոսում է ինչ֊որ բանի մասին։ Պարզվեց, որ դռնապանը անձնատուր է եղել նախկին տանջիրոջ վերաբերյալ հիշողություններին․
― Ոստիկանապետը նրան պատիվ էր տալիս․․․ Գնում էիր մոտը, ասենք թե նոր տարվա օրը շնորհավորելու, երեքնոց էր տալիս․․․ Զատկին, օրինակի համար ասենք, էլի երեքնոց։ Ու ասենք թե նրանց անվանակոչության օրն ես շնորահվորում․․․ Է՜, միայն էդ շնորհավորանքներից տարեկան տասնհինգ ռուբլի փող էր գալիս․․․ Ինձ հալա խոստացել էր մեդալ տալ։ «Ես, ասում էր, ուզում եմ, որ իմ դռնապանը մեդալով լինի»։ Հենց էդպես էլ ասում է․ «Դու, Տիխոն, քեզ արդեն մեդալով հաշվիր․․․»։
― Հետո ինչ, տվեցի՞ն։
― Կաց հալա․․․ «Ինձ, ասում էր, անմեդալ դռնապան պետք չէ»։ Սանկտ֊Պետերբուրգ գնաց մեդալ բերելու։ Դե առաջին անգամը, ասել է պետք, բան դուրս չեկավ։ Պարոնայք չինովնիկները չուզեցին։ «Թագավորն, ասում է, արտասհաման է գնացել, հիմա հնարավոր չէ»։ Աղաս ինձ հրամայեց սպասել։ «Դու, ասում է, Տիխոն, սպասի, առանց մեդալ չես մնա»։