Changes

Դատավարություն

Ավելացվել է 13 309 բայտ, 21:20, 22 Դեկտեմբերի 2013
/* Գանահարողը */
― Այլևս չեմ կարող սպասել,― ասաց գանահարողը, երկու ձեռքով բռնեց մտրակն ու, մինչ Վիլլեմը կծկված, առանց գլուխն իսկ շարժել համարձակվելու կանգնել էր մի անկյունում և նայում էր գողունի, ձաղկեց Ֆրանցին։ Լսվեց Ֆրանցի չմասնատված ու միօրինակ աղաղակը, և թվաց, թե մարդ չէր աղաղակողը, այլ տանջահարվող մի գործիք։ Միջանցքը ծայրեծայր թնդաց աղաղակից․ երևի ողջ շենքը լսեց։
 
 
― Մի՛ բաղվիր,― բացականչեց Կ֊ն։ Նա չկարողացավ զսպել իրեն և, երբ լարված նայում էր ծառաների գալու հնարավոր ուղղույամբ, ոչ այնքան ուժեղ, բայց բավական թափով խփեց Ֆրանցին, վերջինս խելքը թռցրած ընկավ ու սկսեց անպետք իրերի մեջ չանգռել հատակը։ Սակայն նա չխուսափեց հարվածներից․ անգամ հատակին ընկած ժամանակ մտրակը գտնում էր նրան, և երբ նա թավալվում էր հատակին, մտրակի լեզվակը կանոնավոր վերուվար էր ճախրում։ Նույն պահին միջանքցի հեռու ծայրում մի ծառա երևաց, նրանից մի քանի քայլ հեռու՝ երկրորդը։ Կ֊ն արագ վրա էր խփել դուռը, մոտեցել բակ նայող պատուհաններից մեկին և բացել։ Աղաղակը չէր լսվում այլևս։
 
― Ես եմ այստեղ,― բացականչեց նա՝ չցանկանալով ծառաներին թույլ տալ ավելի մոտենալ։
 
― Բարի երեկո, պարոն հավատարմատար,― արձագանքեցին ծառաները։― Որևէ բա՞ն է պատահել։
 
― Ոչ, ոչ։ Բակում մի շուն էր ոռնում։ Դուք կարող եք ձեր գործին գնալ,― ավելացրեց նա, երբ տեսավ, որ ծառաները չշարժվեցին տեղերից։
 
Նրանց հետ զրույցի չբռնվելու համար Կ֊ն լուսամուտից դուրս կախվեց, և, երբ քիչ անց նորից միջանցքի կողմը շրջվեց, նրանք արդեն հեռացել էին։ Սակայն Կ֊ն մնաց պատուհանի մոտ․ նա չէր համարձակվում մոտենալ խորդանոցին, չէր ուզում նաև տուն գնալ։ Բակը՝ ուր Կ֊ն էր նայում, փոքր էր, չորս կողմից պարփակված գրասենյակային սարհաներով։ Բոլոր պատուհանները մութ էին այս ժամին, միայն վերևի հարկերում էր արտացլվում լուսինը։ Կ֊ն հայացքը լարելով փորձեց նայել դեպի բակի մութ անկյունը, ուր մի քանի ձեռնասայլակներ էին իրար վրա դարսված։ Նրան տանջում էր այն միտքը, որ չկարողացավ կասեցնել ծեծը, սակայն անհաջողությունը իր մեղքով չէր։ Եթե Ֆրանցը չաղաղակեր, շատ հնարավոր է, որ Կ֊ն գանահարողին համոզելու որևէ միջոց գտներ։ Իհարեկ, հնարավոր է,որ հարվածը շատ ցավ պատճառած լիներ, սակայն վճռական պահերին մարդ պետք է ինքնիրեն տիրապետի։ Եթե բոլոր ենթակա պաշտոնյաներն էին ստահակներ, ինչո՞ւ պետք է հենց գանահարողը, որի գործը ամենաանմարդկայինն էր, բացառություն կազմեր։ Կ֊ն շատ լավ տեսավ, թե ինչպես դրամանիշների տեսքից պսպղացին նրա աչքերը, և հասականալի է, որ միայն կաշառքի գումարը մի փոքր էլ մեծացնելու համար նա անդրդվելի մնաց։ Կ֊ն իրոք չէր վարանի, նրա համար իսկապես կարևոր էր պահակներին ազատելը․ եթե արդեն սկսել էր այս դատավարության ապիկարության դեմ պայքարել, ապա ինքնին հասկանալի է, որ այս կողմից էլ էր ձեռնամուխ լինելու։ Սակայն Ֆրանցի աղաղակելու պահին ամեն ինչ անդառնալոիորեն կորավ։ Կ֊ն չէր կարող թույլ տալ, որ ծառաները, հնարավոր է՝ նաև ուրիշ մարդիկ, գային և խորդանոցի հասարակության հետ բանակցելու ժամանակ անակնկալի բերեին իրեն։ Նման ինքնազոհաբերություն, իրոք, ոչ ոք չէր կարող պահանջել նրանից։ Եթե նա մտադիր լիներ այդպես վարվել, ինչ խոսք, ավելի հեշտ կլիներ, եթե անձամբ հաներ շորերը և պահակների տեղակ իր մարմինը առաջարկեր գանահարողին։ Ի դեպ, վերջինս հազիվ թե համաձայներ փոխանակմանը, որովհետև առանց որևէ բան շահած լինելու, ծանր խախտում կատարած կլիներ, և, հավանաբար, կրկնակի խախտում թույլ տար,որովհետև քանի դեռ Կ֊ն հարցաքննության տակ էր, պետք է դատարանի բոլոր պաշտոնյաների համար անձեռնմխելի մնար։ Իմիջիայլոց, հնարավոր է, որ այնս հարցում ուրիշ որոշումներ էին ուժի մեջ։ Ինչ ուզում է լիներ, Կ֊ն, դուռը փակելուց բացի, ուրիշ ոչինչ չէր կարող անել․ նույնիսկ դրանով ոչ ամեն վտանգ էր նրա համար բացառվում։ Որ ինքը Ֆրանցին խփեց, ցավալի էր, և կարելի էր միայն իր հուզված վիճակով բացատրել։
 
Կ֊ն հեռվից լսեց ծառաների ոտնաձայները։ Նրանց համար աննկատ մնալու համար նա փակեց պատուհանը և գնաց գլխավոր աստիճանների ուղղությամբ։Խորդանոցի դռան մոտ մի պահ կանգ առավ և ականջ դրեց։ Լուռ֊լուռ էր։ Գանահարողը գուցե ծեծելով սպանել էր ամբողջովին իր ձեռքը տրված պահակներին։ Կ֊ն ձեռքը խորդանոցի դռան բռնակին մեկնեց, բայց կրկին ետ քաշեց․ այլևս ոչ ոքի չէր կարողանա օգնել, մինչդեռ ծառաները ուր որ է կգային։ Սակայն նա երդվեց, որ այս մասին դեռ խոսք կբացի և իսկական մեղավորներին՝ բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնցից ոչ ոք առայժմ չէր համարձակվել երևալ Կ֊ի աչքերին, ուժերի ներածի չափով արժանի պատիժ կտա։ Բանկի գլխավոր մուտքով դուրս գալուց նա ուշադիր զննում էր անցորդներին, սակայն նույնիսկ հեռու֊հեռվում հնարավոր չէր որևէ մեկին սպասող աղջկա տեսնել։ Ֆրանցի խոսքերը, թե հարսնացուն ներքևում իրեն է սպասում, գուցեև ներելի, բայց սուտ դուրս եկան․ դրանց նպատակը երևի միայն ավելի մեծ կարեկցանք արթնացնելն էր։
 
Պահակների մասին միտքը հաջորդ օրը նույնպես չլքեզ Կ֊ին։ Աշխատանքի ժամանակ նա ցրված էր և, ցրվածությունը հաղթահարելու համար, հարկ եղավ նախորդ օրվանից ավելի երկար մնալ գրասենյակում։ Երբ տուն գանոլւց նորից անցավ խորդանոցի կողքով, կարծես ըստ սովորության, բացեց դուռը։ Այն, ինչ տեսավ սպասված խավարի փոխարեն, նորից հավասարակշռությունից հանեց նրան։ Նախորդ երեկոյի համեմատությամբ ոչ մի փոփոխություն չկար ներսում․ տառանիշերը և թանաքամանները շեմի ետևում էին, գանահարողը կանգնել էր մտրակը ձեռքին, պահակները կիսով չափ մերկացած էին, մոմը դարակին էր դրված։ Պահակները նորից սկսեցին բղավել ու կանչել․
 
― Պարոոո՝ն․․․
 
Կ֊ն իսկույն վրա դրեց դուռը և հարվածեց բռունցքներով․ կարծես այդպես ավելի ամուր կփակեր։ Համարյա լաց լինելով, նա վազեց պատճենահանող մեքենայի վրա աշխատող ծառաների մոտ։ Վերջիններս՝ մի պահ զարմացած, դադարեցին գործը։
 
― Վերջապես մաքրեք խորդանոցը,― բղավեց Կ֊ն։― Մենք ախր խեղդվում ենք աղբի մեջ։
 
Ծառաները պատրաստակամություն հայտնեցին հաջորդ օրն իսկ անել այդ գործը։ Կ֊ն գլխով արեց։ Թեև նա մտադրվել էր անհապաղ մաքրել տալ խորդանոցը, սակայն հասկացավ, որ այս ուշ երեկոյան ծառաներին չի կարող ստիպել֊աշխատեցնել։ Նրանց որոշ ժամանակ իր մոտ պահելու համար նա նստեց, մի քանի պատճեն խառնեց, մտածեց, որ դրանով կարող է այն տպավորությունը թողնել, թե ստուգում է, և որովհետև զգաց, որ ծառները չեն համարձակվի իր հետ հեռանալ, հոգնած, մեխանիկորեն տուն գնաց։
 
==ՔԵՌԻՆ։ Լեննին==
 
Մի անգամ, ճաշից հետ (փոստի հետ կապված աշխատանքների վերջում Կ֊ն խիստ զբաղված էր) փաստաթղթերը բերող երկու ծառաների արանքից ներս խցկվեց Կ֊ի քեռին՝ գյուղական փոքր կալվածատեր Կարլը։ Նրան տեսնեոլվ Կ֊ն ավելի քիչ սարսափեց, քան վախեցել էր գալու մասին երկար ժամանակ ի վեր համակած մտքերից։ Մոտ մի ամիս առաջ արդեն Կ֊ն հաստատ գիտեր, որ քեռին գալու է։ արդեն այն ժամանակ նրան թվում էր, թե տեսնում է քեռնուն․ փոքր֊ինչ կռացած, ձախ ձեռքում ճզմված պանաման, աջ ձեռքը դեռ հեռվից ընդառաջ պարզած, ոչ մի բանի վրա ուշադրություն չդրաձնելով, փութով առաջ է մեկնում գրասեղանի վրայով, իր ճամփին ամեն ինչ շուռ տալով։ Նա միշտ շտապում էր, նրան շարունակ հալածում էր այն տարաբախտ միտքը, թե մի օորվ մայրաքաղաք գալու ժամանակ պետք էկարողանա նախատեսած ամեն ինչ իրականացնել և, դրանից բացի, իրավունք չունի զրույցի, գործարքի մեջ մտնելու կամ վայելքի պատահաբար ստեղծված որևէ առիթ ձեռքից բաց թողնելու։ Միաժամանակ Կ֊ն, որ պարտական էր իր երբեմնի խնամակալին, պետք է հնարավոր ամեն ինչում սատար լիներ նրան և գիշերելու տեղ տրամադրեր իր մոտ։ «Գյուղի ուրվական»՝ սովորաբար այսպես էր անվանում նա քեռուն։ Ողջույնից անմիջապես հետո քեռին խնդրեց առանձին զրուցել։ Նա ժամանակ չուներ և մերժեց Կ֊ի՝ թիկնաթոռին նստելու առաջարկը։
 
― Անհրաժեշտ է։― Դժվարությամբ թուքը կուլ տալով, արտաբերեց նա։― Ինձ հանգստացնելու համար է անհրաժեշտ։
 
Կ֊ն ծառաներին դուրս ուղարկեց և պատվիրեց ոչ ոքի ներս չթողնել։
 
― Այդ ի՞նչ եմ իմացել, Յոզեֆ։― Երբ արդեն մենակ էին, բացականչեց քեռին, նստեց սեղանին և ավելի հարմար տեղավորվելու համար տարբեր թղթեր խցկեց տակը՝ առանց դրանց բովանդակությանը նայելու։
 
Կ֊ն լռեց։ Նա գիտեր ինչ է լինելու, սակայն լարված աշխատանքից հետո մի պահ թուլանալով, տրվեց հանկարծահաս հաճելի մի հոգնածության և նայեց պատուհանից դուրս՝ փողոցի դիմացի կողմը։ Նստած տեղից փողոցի միայն եռանկյուն հատվածն էր երևում և,երկու խանութների ցուցափեղկերի արանքում՝ դատարկ պատերի մի մասը։
 
― Պատուհանից ես նայում։― Ձեռքերը բարձրացրած բացականչեց քեռին։― Աստծո սիրուն, Յոզեֆ, պատասխանիր ախր, ինձ ճի՞շտ են ասել։ Մի՞թե ճիշտ է։