Changes

Դատավարություն

Ավելացվել է 8877 բայտ, 15:27, 7 Հունվարի 2014
/* ՔԵՌԻՆ։ Լեննին */
― Յոզեֆ։― Կրկին ձայն տվեց քեռին ու դիմեց աղախնին։― Սի՞րտն է ցավում։
 
― Կարծում եմ, այո,― պատասխանեց աղջիկը։ Նա հասցրել էր մոմը բռնած առաջ անցնել ու բացել սենյակի դուռը։ Սենյակի մմի անկյունում, ուր դեռ չէր թափանցել մոմի լույսը, երկար մորուքով մեկը բարձրացավ անկողնու մեջ։
 
― Այդ ո՞վ է գալիս, Լեննի,― հարցրեց փաստաբանը։ Մոմի լույսը նրա աչքերին էր ընկել ու թույլ չէր տալիս ճանաչել հյուրերին։
 
― Ալբերտն է, քո հին ընկերը։
 
― Ա՜խ, Ալբերտ։― Փաստաբանը ետ ընկավ, կարծես այս այցելության հանդեպ կեղծելու ոչ մի անհրաժեշտություն չկար։
 
― ՎԻճակդ իրո՞ք այդքան վատ է։― Հարցրեց քեռին և նստեց մահճակալին եզրին։― Չեմ կարծում։ Սա քո սրտի նոպաներից մեկն է և մյուսների նման կանցնի։
 
― Հնարավոր է,― կամաց խոսեց փաստբանաը։― Բայց սա մյուսներից ավելի ծանր է։ Դժվարությամբ եմ շնչում, բնավ չեմ կարողանում քնել և օրըստօրե ավելի ուժասպառ եմ լինում։
 
― Այդպես։― Խոսեց քեռին և գլխարկը խոշոր ձեռքով ամուր սեղմեց ծնկին։― Վատ լուրեր են։ Ի դեպ, քեզ լա՞վ են խնամում։ Այստեղ այնպես տխուր ու մութ է։ Ահագին ժամանակ է անցել, ինչ վերջին անգամ այս սենյակում եմ եղել․ այն ժամանակ տունն ավելի բարետես էր թվում։ Նաև քո այս փոքրիկ ֆրոյլայնն է ոչ այնքան ուրախ երևում։ Թե՞ ձևանում է։
 
Աղջիկը մոմը ձեռքին առաջվա պես կանգնել էր դռան մոտ և, որքանով որ նրա անորոշ հայացն էր թույլ տալիս ենթադրել, ավելի շուտ Կ֊ին էր նայում, քան քեռուն, թեև վերջինս նրա մասին էր խոսում։ Կ֊ն մի բազմաթոռ էր քաշել աղջկան մոտ ու հենվել էր դրան։
 
― Ինձ նման հիվանդին հանգիստ է հարկավոր,― ասաց փաստաբանը և կարճ դադար տալուց հետո ավելացրեց։― Լեննին լավ է խնամում։ Ապրի նա։
 
Սակայն փաստաբանի խոսքեր չէին կարող համոզել քեռուն։ Նա բացահայտորեն վատ էր տրամադրվել աղախնի նկատմամբ, ու թեև ոչնչով չառարկեց հիվանդին, բայց խիստ հայացներով հետևեց աղախնին, երբ վերջինս մոտեցավ անկողնին, մոմը դրեց մահճակալի կողքի սեղանիկին, հիվանդի վրա կռացավ ու բարձն ուղղելու ժամանակ նրա հետ շշուկներ փոխանակեց։ Քեռին կարծես դադարեց ուշադրություն դարձնել հիվանդին, ոտքի կանգնեց, սկսեց աղախնի թիկունքում ետուառաջ քայլել, և Կ֊ին թվաց, թե չի զարմանա, եթե քեռին մեջքի կողմից բռնի աղախնի շորերն ու քաշի անկողնից։ Կ֊ն հանգիստ հետևում էր։ Փաստաբանի հիվանդությունը նրան այնքան էլ անցանակլի չէր․ այս գործում քեռու ձեռնարկած ջանքերին նա չէր կարող հակադրվել և հաճույքով էր հետևում այն անհաջողությանը, որ, առանց իր մասնակցության, մատնվում էին քեռու ջանքերը։
 
― Ֆրոյլայն,― երևի միայն աղախնին վիրավորելու մջադրությամբ խոսեց քեռին։― Խնդրում եմ, որոշ ժամանակով մենակ թողեք մեզ։ Իմ ընկերոջ հետ քննարկելու նեղանձնական գործ ունեմ։
 
Աղախինը, որ ավելի խորն էր կռացել հիվանդի վրա և պատի կողմում սավանն էր ուղղում, միայն գլուխը շրջեց։
 
― Ինքներդ եք տեսնում։ Պարոնն այնքան հիվանդ է, որ չի կարող ոչ մի նեղանձնական գործ քննարկել։― Աղախինը շատ հանգիստ պատասխանեց, և նրա պատասխանը շատ տարբերվեց զայրույթից կակազող, հետո նորից սահուն խոսող քեռու խոսքերից։ Նա հավանաբար միայն հաճույքի համար կրկնեց քեռու խոսքերը (զրույցին անմասն մարդու դա կարող էր նաև ծաղրական թվալ), մինչդեռ քեռին՝ խոցվածի նման, իհարկե, վեր թռավ։
 
― Անիծյալ արարած։― Հուզմունքի անմիջական ազդեցության տակ, չգիտես ինչու բացականչեց քեռին։ Կ֊ն կարկամեց․ թեև նման բան սպասում էր, բայց երկու ձեռքով քեռու բերանը փակելու ցանկությամբ շտապեց նրա կողմը։ Բարեբախտաբար, աղջկա թիկունքում բարձրացավ հիվանդը։ Քեռու մթնած դեմքից կարելի էր ենթադրել, թե նա ինչ֊որ զզվելի բան կուլ տվեց ու հետո՝ արդեն ավելի հանգստացած, ավելացրեց․
 
― Մենք, ինչ խոսք, դեռ խելքներս չենք կորցրել։ Եթե իմ պահանջը անհնարին լիներ, ես ոչինչ չէի ասի։ Խնդրում եմ, գնացեք այժմ։
 
Աղախինը՝ դեմքով դեպի քեռին շուռ եկած, ուղիղ կանգնեց մահճակալի մոտ և, ինչպես Կ֊ին թվաց, մի ձեռքով շոյում էր փաստաբանի ձեռքը։
 
― Լեննիի ներկայությամբ կարող ես ամեն ինչ պատմել։― Համառ խնդրանքի տոնով խոսեց փաստաբանը։
 
― Խոսակցությունն ինձ չի վերաբերում,― պատասխանեց քեռին։― Դա իմ գաղտնիքը չէ։― Նա այնպես շուռ եկավ, կարծես այլևս մտադիր չէր բանակցությունների մեջ մտնել, բայց դիմացինին մտածելու կարճ ժամանակ տրամադրում էր դեռ։
 
― Իսկ ո՞ւմ է վերաբերում։― Մարող ձայնով խոսեց փաստաբանը և պառկեց նորից։
 
― Իմ զարմիկին։ Նա այստեղ է, ինձ հետ։ Հավատարմատար Յոզեֆ Կ․։― Ներկայացրեց քեռին։ Ի պատասխան, փաստաբանը ավելի աշխույ «օհ» արեց և ձեռքը մեկնեց Կ֊ին։
 
― Ներեցեք, խնդրեմ։ Ես չէի նկատել Ձեզ։ Լեննի, գնա,― դիմեց նա աղջկան և, կարծես երկար ժամանակով էր հրաժեշտ տալիս, պաևզեց ձեռքը։ Այս անգամ աղախինը այլևս չառարկեց։
 
― Ուրեմն դու,― վերջապես քեռուն դիեմց փաստաբանը․ քեռին իր հերթին նույնպես խաղաղվել էր և մոտեցել էր մահճակալին,― ինձ այցելելու համար չես եկել, այլ միայն գործո՞վ։
 
Փաստաբանը երևի մինչև այս պահը մտածել էր, թե ընկերը հիվանդատեսի է եկել, և այդ պատկերացումը ուժազրկել էր նրան, մինչդեռ այժմ նա կարծես վերգրտել էր ուժերը․ պառկել էր շարունակ մի արմունկին հենված (իսկ դա պետք է որ շատ ուժ խլեր նրանից), միաժամանակ խաղալով մորուքի մեջտեղի փնջի հետ։
 
― Հենց այդ կախարդը հեռացավ, դու ավելի առողջ ես երևում։ Գրազ եմ գալիս, որ նա ականջ է դնում,― շշնջաց քեռին ընդհատեց խոսքը, մի ցատկով հայտնվեց դռան մոտ, սակայն դռան հետևում ոչ ոք չկար։ Նա ոչ թե հիասթաված, ավելի շուռ՝ դառնացած ետ եկավ իր տեղը․ այն, որ աղախինը թաքուն չէր լսում, ավելի վատ տպավորություն թողեց նրա վրա։