Կարող եք պատկերացնել իմ վիճակը, երբ ես, դեռ ուշքի չեկած, տառապելով գլխացավից, այրոցից և վատ մարսված ուտելիքից, քարշ էի տալիս դեպի մեքենան ապագայի ընկեր֊հետնորդների համար նախատեսված նվերներով լցված ճամպրուկը։
Կինս առաջ էր վազում, անիծելով ինձ, դանդաղ քայլելու համար, և ինձ մի քիչ տարօրինակ թվաց, որ նա այդպես այդքան շտապում է ինձ ճանապարհ դնել։ Նրա համար հեշտ էր խոսելը, քանի որ ձեռքին միայն մի փոքրիկ «դիպլոմատ» տիպի փոքրիկ ճամպրուկ կար, որի մեջ ես շտապ գցել էի այն ամենը, ինչը անհրաժեշտ կլինի առաջին ժամանակ․ ներքնաշապիկներ, կիսավարտիկներ, գուլպաներ, և էլի տարբեր բաներ, որոնցով սափրվում են, սանրվում, եղունգներ կտրում և ատամներ մաքրում։
Ճիշտն ասած մենք դեռ բավականին ժամանակ ունեինք, բայց երբ հասանք մեքենային պարզվեց, որ նախօրեին ես մոռացել էի հանգցնել լույսերը, և մարտկոցը սատկել է։ Կանչեցինք տաքսի, բայց օդանավակայանի մոտ ընկանք խցանի մեջ․ ոստիկանությունը փակել էր ճանապարհը երկու իրար խփած ավտոբուսների պատճառով։