Ավելացվել է 12 087 բայտ,
06:56, 22 Փետրվարի 2014 {{Վերնագիր
|վերնագիր = Տարագիրները
|հեղինակ = [[Ռեյ Բրեդբերի]]
|աղբյուր = [[«451 աստիճան ըստ Ֆարենհայթի»]]
|թարգմանիչ = Լևոն Անանյան
}}
[[Կատեգորիա:Արձակ]]
{{անավարտ}}
Նրանց աչքերը բոցկլտում էին շիկացած ածուխների նման, շուրթերը կրակ էին ժայթքում, երբ կռացած՝ կաթսայի մեջ էին մտցնում մերթ ճենճոտ փայտը, մերթ ոսկրոտ մատները։
Երբ պիտի մենք կրկին խմբվենք երեքով՝
Որոտով ու կայծակով կամ անձրևով։
Հարբած, օրորվելով, նրանք պարում էին ցամաքած ծովի ափին, պղծելով օդը անեծքներով և շանթահարելով չար կատվային հայացքով։
Կաթսայի շուրջ պտույտ գործենք,
Թունոտ աղիք մեջն ածենք։
Դյութվի՜ր, դյութվի՜ր, տաժա՜նք, նյութվի՜ր,
Կաթսա՜, փրփրա՜, բո՜ց, վառվի՜ր։
Նրանք կանգ առան, շուրջը նայեցին։
― Որտե՞ղ է հուռութքը։ Ո՞ւր են ասեղները։
― Ահա։
― Լավ է, ի՜նչ լավ է։
― Դեղին մոմը պնդացե՞լ է։
― Լցրեք կաղապարը։
― Պատրաստ է։
― Եղավ, եղավ,— նրանք ափի մեջ պահում էին մոմե արձանիկը, և փափուկ մոմը մաթի պես կպչում էր նրանց գոսացած մատներին։
― Հիմա ասեղով՝ ուղիղ սրտի մեջ։
― Հուռութքը, ո՞ւր է հուռութքը։ Բախտ գուշակելու քարտերի մոտ է, փոշին վրայից թափ տվեք, իսկ հիմա նայեք...
Վհուկները աչքերը չռեցին մոգական հուռութքի վրա։ Նրանք գունատվեցին։
― Նայեք, նայեք, նայեք։
Տիեզերանավը Երկրից թռչում էր դեպի Մարս։ Նավի մեջ մեռնում էին մարդիկ։
Հրամանատարը հոգնած բարձրացրեց գլուխը։
― Ստիպված ենք մորֆի տալ։
― Բայց, հրամանատար...
― Ի՞նչ է, չե՞ք տեսնում, որքան վատ է վիճակը։
Հրամանատարը բարձրացրեց բրդյա ծածկոցը։ Խոնավ սավանի տակ պառկած մարդը շարժվեց, տնքաց։ Օդը հագեցած էր այրված ծծմբի հոտով։
― Ես տեսա, տեսա...― Մեռնողը բացեց աչքերը, և նրա հայացքը կանգ առավ լուսանցույցի վրա, որի ետևում տիեզերական անհունն էր, աստղաբույլերը, հեռվում մնացած Երկիր մոլորակը և բոլորովին մոտակայքում՝ Մարսի հսկայական կարմիր գունդը։
― Ես տեսա նրան... մարդու դեմքով հսկայական արնախում հրեշը․․․ թևերն էր թափահարում, թափահարում էր... թափահարում էր...
― Զարկերա՞կը,― հարցրեց հրամանատարը։
Բուժակը շոշափեց զարկերակը։
― Հարյուր երեսուն։
― Այդպես երկար չի դիմանա, մորֆի տվեք։ Գնացինք, Սմիթ։
Նրանք առաջ անցան։ Թվում էր՝ հատակի նախշերը կազմված են լուռ ճչացող մարդկային ոսկորներից ու գանգերից։ Հրամանատարը քայլում Էր, ջանալով չնայել ոտքերի տակ։
― Փըրսն այստե՞ղ է,— հարցրեց նա, բացելով հաջորդ խցիկի դուռը։
Սպիտակ վերնոցով վիրաբույժը հեռացավ սեղանին մեկնված մարմնից։
― Ոչինչ չեմ հասկանամ։
― Ինչի՞ց է մեռել։
― Չգիտենք, հրամանատար։ Սրտից չէ, ուղեղից չէ, գիտակցության կորստի հետևանք էլ չէ։ Ուղղակի դադարեց շնչել։
Հրամանատարը բռնեց բժշկի դաստակը, փնտրեց զարկերակը։ Տենդագին զարկերը խայթի պես թակեցին մատները։ Հրամանատարի դեմքն անկիրք էր։
― Խնայեք ձեզ, ձեր սրտի զարկերն էլ արագացած են։
Բժիշկը գլխով արեց։
― Փըրսը գանգատվում էր ոտքերի ու դաստակների ցավից, ասում էր՝ կարծես ասեղներով ծակծկում են, և որ ինքը մոմի պես հալչում է։ Հետո ընկավ։ Օգնեցի, որ ոտքի ելնի։ Երեխայի պես լալիս էր։ Ասում էր՝ իբր սրտի մեջ արծաթե ասեղ կա։ Նա մեռավ։ Ահա Նրա մարմինը։ Եթե ուզում եք, կարող ենք կրկնակի դիահերձում կատարել։ Լրիվ առողջ է։
― Անհավանական է, պետք է, չէ՞, մի պատճառ լինի։
Հրամանատարը մոտեցավ լուսանցույցին։ Նա զգում էր, որ մենթոլի, յոդի և բժշկական օճառի հոտ են արձակում իր խնամված ձեռքերը։ Ճերմակ ատամները ողողված էին թանկարժեք էլիքսիրով, մաքուր լվացված ականջներն ու այտերը վարդագույն էին, համազգեստը հիշեցնում էր պսպղուն աղակտոր, փայլեցրած կոշիկները նման էին երկու սև հայելու։ Գանգուր, կարճ կտրած մազերից օծանելիքի սուր բույր էր գալիս։ Նույնիսկ հրամանատարի շունչը մաքուր էր և թարմ, ինչպես օդը սառնամանիքին։ Նրա վրա ոչ մի բիծ չկար։ Նա նման էր նոր վիրադանակի՝ վարակազերծված և վիրահատության պատրաստ։ Ճիշտ այդպիսին էր նաև նրա ողջ անձնակազմը։ Թվում էր, նրանցից յուրաքանչյուրի մեջքին բանալի կա, որով եթե լարես՝ գործի կընկնեն։ Կարծես թանկ ու լավ հղացված խաղալիքներ էին՝ հլու և անխափան։
Հրամանատարը նայում էր, թե ինչպես է մեծանում մոտեցող Մարսը։
— Մի ժամ հետո վայրէջք կկատարենք այս անիծյալ մոլորակի վրա։ Սմիթ, դուք երբևէ երազում արնախում հրեշներ և այլ նողկալի մղձավանջներ տեսե՞լ եք։
— Տեսել եմ, սըր։ Նյու Յորքից մեր նավի արձակումից մի ամիս առաջ։ Սպիտակ առնետները կրծում էին պարանոցս, արյունս էին ծծում։ Վախենում էի ձեզ ասել, մտածում էի՝ չեք տանի ձեզ հետ։
— Դե լավ,— հոգոց հանեց հրամանատարը,— ես էլ եմ երազ տեսել։ Կյանքիս հիսուն տարիների ընթացքում առաջին անգամ։ Թռիչքից մի քանի շաբաթ առաջ։ Իսկ հետո՝ ամեն գիշեր։ Իբր ես ճերմակ գայլ եմ, որի հետ հաշվեհարդար են տեսել ձյունոտ բլրի վրա։ Ինձ վրա կրակել են, կապարե գնդակը մխրճվել է մարմնիս մեջ։ Իսկ հետո թաղել են հողում և սիրտս ցից խրել։– Նա գլխով Մարսը ցույց տվեց։
— Սմիթ, կարծում եք նրանք սպասո՞ւմ են մեզ։
— Ով գիտե, գուցե, մարսեցինե՞ր կան այնտեղ, սըր։
— Ուրիշ էլ ով։ Նրանք սկսեցին մեզ ահաբեկել թռիչքից դեռ երկու ամիս առաջ։ Այսօր նրանք սպանեցին ՓըրսիՆ և Ռեյնոլդսին։ Երեկ կուրացավ Գրենվիլը։ Ինչո՞ւ։ Ոչ ոք չգիտե։ Հրեշներ, ասեղներ, երազներ, առանց պատճառի մեռնող մարդիկ։ Ուրիշ ժամանակ լիներ կասեի՝ կախարդանք է, բայց մենք ապրում ենք 2120 թվականին, Սմիթ։ Սենք գիտակից մարդիկ ենք։ Ոչ մի նման բան չպետք է տեղի ունենար։ Բայց արի տես, որ տեղի է ունենում։ Ովքեր էլ որ լինեն այդ մարդիկ իրենց արնախում հրեշներով ու ասեղներով, նրանք, հավանաբար, ձգտում են վերջ տալ բոլորիս։— Նա կտրուկ շրջվեց,– Սմիթ, բերեք այստեղ իմ պահարանի բոլոր գրքերը, ուզում եմ վայրէջքի ժամանակ ինձ մոտ լինեն։
Սեղանին ոչ պակաս, քան երկու հարյուր գրքից բաղկացած կույտ գոյացավ։
— Շնորհակալ եմ, Սմիթ։ Դուք երբևէ աչքի անցկացրե՞լ եք սրանք։ Կարծում եք՝ խելագարվե՞լ եմ։ Գուցե։ Վերջին պահին դուրս գրել տվեցի պատմության թանգարանից, պատճառը այդ հիմար երազներն էին։ Քսան գիշեր շարունակ ինձ խողխողում էին, կտոր-կտոր անում, ճղավող հրեշը գամված էր վիրահատության սեղանին, ինչ-որ զազրելի ու գարշահոտ բան պահվում էր հատակի տակ՝ սև արկղում։ Մղձավանջային, սարսափելի երազներ։ Մենք բոլորս կախարդների, չարքերի, վհուկների, ուրվականների ու հրեշների մասին մղձավանջային երազներ էինք տեսնում, որոնց մասին երբևէ պատկերացում չենք ունեցել։ Ինչո՞ւ։ Որովհետև հարյուր տարի առաջ ոչնչացվել են բոլոր գրքերը, որոնցում խոսվում էր այդ մասին։ Օրենքով արգելված են այդ սարսափելի գրքերը։ Սրանք, որ դուք տեսնում եք, Սմիթ, վերջին նմուշներն են։ Պատմության թանգարանի գրապահոցներում են պահում։
Սմիթը կռացավ, ջանալով կարդալ փոշոտ կազմերի վրայի անվանումները։
― էդգար Ալան Պո՝ «Մտացածին և խորհրդավոր պատմություններ», Բրեմ Ստոքըր՝ «Դրակուլա», Մերի Շելլի՝ «Ֆրանկենշտայն», Հենրի Ջեյմս՝ «Պտուտակի դարձը», Վաշինգտոն Իրվինգ՝ «Քնկոտ հովտի առասպելը», Նաթանիել Հոթորն՝ «Ռապաչինիի դուստրը», Ամբրոզ Բիրս՝ «Աուլքրիք կամրջի միջադեպը», Լուիս Քերոլ՝ «Ալիսան հրաշքների աշխարհում», Ալջըրնոն Բլեքվուդ՝ «Ուռիները», Ֆրենկ Բաում՝ «Խորհրդավոր ստվեր Ինսմութի վրա»։ Հապա Ուոլտեր դե լա Մերի, Ուեյքֆիլդի, Հարվիի, Ուելսի, Ասկվիթի, Հաքսլիի գրքե՞րը։ Սրանք բոլորն արգելված հեղինակներ են, որոնց գրքերն այրեցին նույն այն տարում, երբ դադարեցին նշել սրբերի օրերն ու ծննդյան տոները։ Բայց մեր ինչի՞ն են պետք այդ գրքերը։
― Չգիտեմ,― հոգոց հանեց հրամանատարը,– առայժմ չգիտեմ։