Նա ճանկեց իր դանակն ու մխրճեց մոտակա ծառը։ Մյուս անգամ՝ ոչ մի գթություն։ Նա փրփրած շուռ եկավ տեսնելու, թե ով կհանդգնի առարկել։ Այստեղ նրանք անտառից դուրս եկան և որոշ ժամանակ զբաղված էին ուտելիք փնտրելով ու կլանելով, մինչև որ, բացատն ի վար, հասնեն հարթակին, նոր ժողով կանչելու։
=Երկրորդ գլուխ։ Կրակը լեռան վրա=
Երբ Ռալֆը դադարեց խեցին փչել, բոլորն արդեն հրմշտվում էին հարթակի վրա։ Այս ժողովը տարբերվում էր առավոտվանից։ Հարթակի մյուս ծայրից թափանցում էին մայր մտնող արևի թեք ճառագայթները, և երեխաներից շատերը, մաշկի վրա չափից ավելի ուշ զգալով արևի խայթող ուժը, այժմ հագնվել էին։ Երգչախումբը պակաս կազմակերպված տեսք ուներ և հրաժարվել էր թիկնոցներից։
Ռալֆր նստած էր ընկած ծառաբնին, ձախ կողն արևին տված։ Աջից տեղավորվել էր երգչախմբի մեծ մասը, ձախից նստած էին էվակուացիայից առաջ իրար անծանոթ քիչ թե շատ մեծ երեխաները, դիմացը խոտի մեջ պպզել էին մանուկները։ Բոլորը լուռ էին։ Ռալֆը կաթնավարդագույն խեցին դրեց ծնկներին, հարթակով մեկ թեթև քամի անցավ։ Ռալֆը տատանվում էր՝ կանգնե՞լ, թե՞ նստած մնալ։ Նա Նայեց ձախ, ծովափի կողմը՝ Խոզուկն այնտեղ էր, ոչնչով չէր օգնում։
Ռալֆը կոկորդը մաքրեց։
— Ուրեմն էսպես․․․
Հանկարծ նա հասկացավ, որ հիմա սահուն ու պարզ կկարողանա բացատրել իր ասելիքը։ Ձեռքով մազերը շտկեց և խոսեց․
— Մենք կղզի ենք ընկել։ Սարի գլխից չորս կողմը ջուր էր երևում։ Ոչ տուն կա, ոչ ծուխ, ոչ ոտնահետք, ոչ նավակ։ Մենք անմարդաբնակ մի կղզում ենք ու էստեղ ուրիշ մարդ չկա։
Ջաքը մեջտեղ ընկավ։
— Մեկ է, բանակը պետք է․․․ որսի համար։ Խոզեր բռնելու․․․
— Ճիշտ է, էստեղ խոզեր կան։
Երեքն էլ փորձեցին հաղորդել լիանաներում խճճված վարդագույն ճչացող կենդանու զգացումը։
— Տեսնեիք ո՜նց էր թպրտում․․․
— Ձենը գլուխն էր գցել․․․
— Հետո թողեց տռճիկ տվեց․․․
— Իսկի չհասցրի խփել, ոչինչ, մյուս անգամ․․․
Ջաքն իր դանակը նորից մխրճեց ծառն ու հանդուգն նայեց շուրջը։
Ժողովը հանդարտվեց։
— Էնպես որ,— ասաց Ռալֆը,— մեզ իսկապես որսորդներ են պետք միս ճարելու համար։ Բացի դրանից․․․
Նա խեցին ծնկներին դրեց և նայեց բոլորի արևահարված դեմքերին։
— Բացի դրանից մենք չենք կարող էստեղ բոլորս միանգամից խոսել։ Պետք է դպրոցի պես ձեռք բարձրացնել։
Նա խեցին պարզեց իր դեմքի առաջ և նայեց բացվածքին։
— Ես էս փողը կտամ նրան, ով ձայն խնդրի։
— Փողը՞։
— Հա, էս խեցու անունը փող է։ Ես սա կտամ հաջորդ խոսողին ու նա կարող է խոսելուց փողը պահել ձեռքին։
— Ախր․․․
— Իսկ․․․
— Ու նրան ոչ ոք իրավունք չի ունենա ընդհատել։ Բացի ինձանից։
Ջաքը ոտքի ցատկեց։
— Մենք օրենքներ կհնարենք։— Ոգևորված գոչեց նա,— Լիքը օրենքներ, ու եթե որևէ մեկը փորձի․․․
— Ճիշտ է․․․
— Ուռա՜ա․․․
— Ուխա՜յ․․․
— Շշմելո՜ւ․․․
Ռալֆի ձեռքից խեցին վերցրին։ Խոզուկը, խնամքով գրկած կաթնագույն մեծ փողը, կանգնեց մեջտեղում։ Աղմուկը լռեց։ Ջաքը հարցական մի հայացք նետեց Ռալֆի կողմը, բայց վերջինս ժպտաց և թխկթխկացրեց ծառի բունը։ Ջաքը նստեց։ Խոզուկն ակնոցը հանեց, և, աչքերը ճպճպացնելով, սկսեց շապիկի փեշով մաքրել։
— Դուք Ռալֆին խանգարում եք։ Չեք թողնում ամենակարևոր բանն ասի։
Նա տպավորիչ մի դադար արեց։
— Ո՞վ գիտի, որ մենք էստեղ ենք, հը՞։
— Օդակայանում գիտեն։
— Էն բարձրախոսով մարդը․․․
— Հայրիկս գիտի։
Խոզուկն ակնոցը դրեց։
— Ոչ ոք չգիտի մենք ուր ենք։— Ասաց Խոզուկը։ Նա շատ գունատ էր և դժվարությամբ էր շնչում։— Նրանք ամենաշատը կարող են իմանալ, թե մենք ուր ենք գնում, բայց չգիտեն, թե հիմա ուր ենք, որովհետև մենք էնտեղ չհասանք։— Մի պահ նա օդ էր կուլ տալիս, հետո ճոճվեց ու նստեց տեղը։ Ռալֆը նրա ձեռքից խեցին վերցրեց։
— Ես էլ հենց էդ էի ուզում ասել,— շարունակեց նա,— երբ որ դուք․․․— Նա նայեց երեխաների ուշադիր դեմքերին։— Մեզ խփեցին, մեր ինքնաթիռը կրակ էր կպել․․․ Ոչ ոք չգիտի, որ մենք էստեղ ենք ու մենք կարող ենք դեռ շատ մնալ էս կղզում։
Բոլորն այնքան լուռ էին, որ լսվում էր Խոզուկի ծանր շնչառությունը։ Արևն իջել էր և ոսկեգույն լույսով ողողել հարթակի կեսը։ Կատվի ձագի պես ջրի վրա իր պոչի հետևից ընկած հովիկն այժմ հարթակի վրայով տեղափոխվում էր անտառի կողմը։
Ռալֆը ճակատից ետ գցեց խարտյաշ մազերի խուրձը։
— Էնպես որ կարող է էստեղ դեռ երկար մնանք։
Ոչ ոք ոչինչ չասաց։ Ռալֆն անսպասելի ժպտաց։
— Բայց սա լավ կղզի է։ Ես Ջաքի ու Սայմոնի հետ բարձրացա էն սարի գլուխը։ Շշմելու կղզի է՝ համ ուտելիք կա, համ ջուր, համ․․․
— Ժայռեր․․․
— Կապույտ ծաղիկներ․․․
Մասամբ ուշքի եկած Խոզուկը մատը տնկեց Ռալֆի խեցուն, և Ջաքն ու Սայմոնը լռեցին։
— Էնպես որ, քանի դեռ մեզ էստեղից չեն տարել, մենք էս կղզում, շատ լավ ժամանակ կանցկացնենք։
Նա լայն պարզեց ձեռքերը։
— Ոնց որ գրքերում։
Բոլորն իրար խառնվեցին։
— «Գանձերի կղզին»։
— «Ծիծեռնակներն ու ամազոնները»։
— «Մարջանի կղզին»։
Ռալֆը խեցին տարուբերեց։
— Սա մեր կղզին է։ Շատ լավ կղզի է։ Մենք էստեղ կուտենք, կխմենք, կուրախանանք մինչև մեծերի գալը։
Ջաքը ձեռքը բարձրացրեց և ստացավ խեցին։
— Էստեղ խոզեր կան,— ասաց նա,— ու լիքը ուտելիք, իսկ էն առվում՝ խմելու ջուր՝ ինչ որ քեֆներդ ուզի։ Ուրիշ ո՞վ ինչ է գտել։
Նա խեցին վերադարձրեց Ռալֆին և նստեց տեղը։ Կարծես թե ոչ ոք ուրիշ ոչինչ չէր գտել։
Նրանք մանուկին նկատեցին, երբ վերջինս սկսեց դիմադրել ու քացի տալ։ Փոքրիկների մի խումբ նրան առաջ էր հրում, բայց նա չէր ուզում գալ։ Մոտ վեց տարեկան վտիտ մի տղա էր, դեմքի մի կողմը ծածկում էր թանաքագույն խալը։ Բազմաթիվ հայացքների տակ շփոթված, նա ոտքով խոտն էր փորում, ինչ-որ բան թնգթնգում և քիչ էր մնում լաց լիներ։
Մյուս փոքրիկները, փսփսալով, նրան հրում էին Ռալֆի կողմը։
— Արի տեսնեմ։— Ասաց Ռալֆը։— Ի՞նչ է եղել։
Փոքրիկ տղան սարսափահար շուրջը նայեց։
— Դե ձայն հանի։
Մանչուկը ձեռքերը երկարեց խեցու կողմը, բոլորը փռթկացին, խեղճը ձեռքերն իսկույն ետ քաշեց և սկսեց լաց լինել։
— Թողեք վերցնի,— գոռում էր Խոզուկը,— թողեք փողը վերցնի։
Վերջապես Ռալֆը համոզեց նրան խեցին վերցնել, բայց համընդհանուր ծիծաղից փոքրիկի լեզուն կապ էր ընկել։ Խոզուկը ծունկի իջավ նրա կողքին, ականջ դրեց և սկսեց ժողովի համար մեկնաբանել նրա ասածները։
— Ուզում է իմանալ, թե օձին ինչ եք անելու։
Ռալֆը ծիծաղեց, մյուսները միացան նրան։ Փոքրիկ տղան մի բուռ դարձավ։
— Ասա տեսնենք, էդ ի՞նչ օձ էր։
— Ասում է, գազան էր։
— Ի՞նչ գազան։
— Օձի պես։ Մեծ-մեծ։ Ինքն է տեսել։
— Որտե՞ղ։
— Անտառում։
Դեգերող քամու կամ գուցե արևի ցածրության պատճառով հարթակը զովացել էր։ Տղաները սկսեցին սրթսրթալ։
— Սրա պես փոքր կղզիներում օձ ու գազան չի լինում։— Համբերատար բացատրեց Ռալֆը։— Դրանք մենակ Աֆրիկայի ու Հնդստանի պես մեծ երկրներում են ապրում։
Բոլորը փսփսացին ու բանիմացաբար գլխով արին։
— Ասում է, գազանը մթան մեջ եկավ։
— Բա որ մութ էր, ո՞նց տեսավ։
Ծիծաղ ու ծափահարություններ։
— Լսեցի՞ք, ասում է, մթան մեջ է տեսել գազանին։
— Ասում է, եկավ, թողեց-գնաց ու հետո նորից եկավ, որ իրան ուտի։
— Երազում տեսած կլինի։
Ռալֆը ժպտալով շուրջը նայեց, իր խոսքերի վավերացումը փնտրելով։ Ավագ տղաները համաձայնվեցին, բայց փոքրերի կասկածները փարատելու համար ողջամիտ բացատրությունը քիչ էր։
— Հաստատ երազի բոբոներից է եղել։ Էղքան լիանաների մեջ թափառելուց հետո զարմանալի չի։
Գլխով անողների թիվն ավելացավ՝ երազի բոբոներին շատերն էին ծանոթ։
— Ասում է, էդ գազանը, էդ օձը էս գիշեր հո հետ չի՞ գա։
— Ոչ մի գազան չկա։
— Ասում է, առավոտյան դառավ էն պարանների պես, որ էստեղ ծառերից կախած են։ Ասում է, էս գիշեր հո նորից չի՞ գալու։
— Ասեցինք, չէ՞, որ ոչ մի գազան չկա։
Այս անգամ ոչ ոք չծիծաղեց, բոլորը մռայլ դիտում էին, թե ինչպես է Ռալֆը ձեռքերը խրում մազերի մեջ և զարմանքով ու հիասթափությամբ նայում փոքրիկ տղային։
Ջաքր ճանկեց խեցին։
— Ճիշտ է ասում Ռալֆը՝ ոչ մի օձ էլ չկա։ Եթե նույնիսկ լիներ էլ, մենք նրան կբռնեինք ու կսպանեինք։ Մենք որսի ենք գնալու, որ խոզեր բռնենք ու բոլորի համար միս բերենք։ Էդ ձեր օձին էլ ման կգանք։
— Ախր չկա էլի էդ անտեր օձը։
— Մենք էլ հենց որս անելուց հաստատ կստուգենք։
Ռալֆն իրեն անօգնական ու մի պահ նաև՝ պարտված զգաց։ Ահա մի իրավիճակ, որից նա չէր կարողանում գլուխ հանել։ Նրան հառած հայացքները միանգամայն լուրջ էին։
— Ախր ոչ մի գազան չկա։
Չգիտես ինչու, ինքն էլ չհասկացավ, նա ոտքի կանգնեց և նորից, կտրուկ ու բարձրաձայն, հայտարարեց։
— Ասում եմ ձեզ, որ ոչ մի գազան չկա։
Ժողովը լուռ էր։
Ռալֆը խեցին բարձրացրեց և այն մտքից, թե հիմա ինչ պիտի ասի, նրա տրամադրությունն էլ բարձրացավ։
— Իսկ հիմա ամենակարևորը։ Ես մի լավ մտածեցի։ Սարը բարձրանալուց էլ էի մտածում։— Նա մյուս երկուսին թաքուն համախոհների պես ժպտաց։— Հենց հիմա էլ էի մտածում ու որոշեցի՝ մենք ուզում ենք մի լավ քեֆ անել ու մենք ուզում ենք փրկվել։
Խրախուսական բացականչություններն ալիքի պես ողողեցին Ռալֆին և կտրեցին նրա մտքի թելը։ Նա նորից մտածեց։
— Իմ հայրը նավատորմի սպա է։ Նա ասում է, որ աշխարհում էլ ոչ մի անհայտ կղզի չի մնացել։ Նա ասում է, որ թագուհին քարտեզներով լիքը մի մեծ սենյակ ունի, ու աշխարհի բոլոր կղզիներն էնտեղ կան։ Էնպես որ թագուհին մեր կղզու նկարն էլ ունի։
Նորից լսվեցին գոհ ու ցնծագին բացականչություններ։
— Շուտ թե ուշ էստեղ նավ կուղարկեն։ Մեկ էլ տեսար՝ նույնիսկ հորս նավը եղավ։ Էնպես որ, ոնց էլ լինի, մեղ էստեղից կտանեն։
Նա հապաղեց, որ իր ասածը տեղ հասնի։ Նրա խոսքերը տղաներին ապահովության զգացում ներարկեցին։ Նա վաղուց էր բոլորին դուր եկել, բայց այժմ շահեց նաև տղաների հարգանքը։ Հարթակով մեկ ինքնաբուխ ծափահարություն բռնկվեց։ Ռալֆր կարմրեց, աչքի տակով նկատեց Խոզուկի բացահայտ երկրպագությունը և, մյուս կողմում, Ջաքի ծիծաղն ու կեղծ ծափերը։
Ռալֆը խեցին տարուբերեց։
— Հերիք է, սուս կացեք, դե լսեք։
Հաջողությամբ ոգևորված, նա շարունակեց։
— Մի բան էլ կա։ Մենք մեզ փնտրողներին կարող ենք օգնել։ Կարող է պատահի, որ կողքից անցնող նավը մեզ իսկի չնկատի էլ։ Էնպես որ մենք պետք է սարի գլխին ծուխ սարքենք։ Պետք է խարույկ վառել։
— Խարո՜ւյկ, խարո՜ւյկ։
Բոլորն իսկույն վեր ցատկեցին։ Ջաքն ամենքից բարձր էր աղաղակում, խեցին մոռացության էր մատնված։
— Տղե՜րք, իմ ետևից։
Արմավների տակ կատարյալ իրարանցում գոյացավ։ Ռալֆը նույնպես կանգնեց, փորձելով բոլորին լռեցնել, բայց նրան ոչ ոք չէր լսում։ Ջաքին հետևելով, բոլորը միանգամից նետվեցին կղզու խորքն ու շուտով այլևս չէին երևում։ Նույնիսկ ամենափոքր մանչուկները համառորեն մագլցում էին կոտրված ճյուղերի ու մացառների միջով։ Խեցին ձեռքին, Ռալֆը մենակ մնաց Խոզուկի հետ։
Խոզուկի շունչը վաղուց տեղն էր ընկել։
— Ոնց որ երեխեք լինեն,— հանդիմանեց նա,— մաքուր երեխաների պես են իրենց պահում։
Ռալֆը կասկածանքով նայեց նրան և խեցին ցած դրեց։
— Ով գիտի արդեն ուտելու ժամը լինի։— Ասաց Խոզուկը։— Թե ի՞նչ են կորցրել էդ սարի գլխին։
Նա ակնածանքով շոյեց խեցին և վեր նայեց։
— Հեյ, Ռալֆ, էդ ո՞ւր։
Ռալֆն արդեն հաղթահարում էր անտառի սպիի առաջին փշրված գերանները։ Ծիծաղն ու աղմուկը գնալով հեռանում էին։
Խոզուկը նեղացած նայեց նրա հետևից։
— Իսկը ոնց որ երեխեք լինեն։
Նա հոգոց հանեց, կռացավ և սկսեց կոշիկները կապել։ Խելքահան արված ժողովի աղմուկը հետզհետե մարում էր սարն ի վեր։ Չարաճճի երեխայի քմայքներին նահատակվող ծնողի տեսքով, Խոզուկը վերցրեց խեցին և ջարդուխուրդ սպիի միջով դիմեց դեպի սարը։
Սարի հակառակ լանջին անտառապատ մի ելուստ կար։ Ռալֆն ափերն իրար միացրեց, ցույց տալով։
— Այ, էնտեղ ինչքան ասես ցախ կա։
Ջաքը գլխով արեց և քաշեց իր ներքևի շրթունքը։ Զառիթափ լանջով մի երեսուն մետր ներքևում գտնվող այդ ելուստն, ասես, հատուկ նախատեսված լիներ վառելիք մատակարարելու համար։ Խոնավ տապը ծառերին վեր էր մղում, բայց հողը քիչ էր, և նրանք, վաղաժամ չորանալով, տապալվում էին ու փտում, լիանաներով ու նոր ծիլերով շրջապատված։
Ջաքը շուռ եկավ կազմ ու պատրաստ երգչախմբի կողմը։ Նրանց խորհրդանիշ սև գլխարկները բերետների պես թեքվել էին կողքի։
— Մի մեծ խարույկ սարքելու, առա՛ջ։
Նրանք գտան ներթև տանող ամենահարմար ուղին և սկսեցին ծառերը քաշքշել։ Շուտով վրա հասան նաև փոքրիկներն ու իսկույն կպան գործի՝ բոլորն աշխատում էին, չկար միայն Խոզուկը։ Ծառաբների մեծ մասը փտած էր և դիպչելուն պես ցրիվ էր գալիս՝ մանր բեկորների, փայտոջիլների ու մգլած փոշու անձրև տեղալով, բայց որոշ բներ վերև էին հասնում անվնաս։ Այսպիսի մի գերան գտել էին երկվորյակները, Սամն ու Էրիքը, բայց չէին կարողանում հախից գալ, մինչև որ Ռալֆը, Ջաքը, Սայմոնը, Ռոջըրն ու Մորիսը չհասան օգնության։ Զավեշտական տեսք ունեցող անկենդան այդ գերանը նրանք միասին քարշ տվին վերև և գցեցին ընդհանուր կույտի վրա։ Տղաների ամեն մի խումբ ուժերի ներածին չափով իր բաժինն էր բերում, և վառելիքի կույտն արագ աճում էր։ Ռալֆը նորից հայտնվեց Ջաքի հետ մի գերան բռնած, և նրանք քմծիծաղ տվին միմյանց։ Բարձր գագաթին ընկնող թեք լույսի տակ, ծովից փչող թույլ քամու, աղմուկ-աղաղակի մեջ, նրանք կրկին միասին վայելում էին այդ անորսալի հմայքը, կիսում էին գոհունակության, արկածի և ընկերության զարմանալի շնորհը։
— Այ թե ծա՜նր գերան եմ ասել։
Ջաքն ի պատասխան ժպտաց։
— Երկուսիս համար ի՜նչ է որ։
Նրանք միասին ուսերին առան այդ բեռը և, օրորվելով, հաղթահարեցին սարի վերջին զառիվերը։ Միասին գոռացին «Մեկ, երկու, երեք», նետեցին այդ գերանը բարձր կույտի գագաթին և հետ կանգնեցին, ցնծագին հաճույքից ծիծաղելով՝ այն աստիճան, որ Ռալֆը նորից գլխի վրա կանգնեց։ Ներքևում տղաները դեռ աշխատում էին, չնայած փոքրերից շատերն արդեն հետաքրքրությունը կորցրել և նոր անտառում միրգ էին փնտրում։ Երկվորյակները, զարմանալի ձեռներեցությամբ, չոր տերևների խուրձեր բերին և լցրեցին կույտի վրա։ Տղաները մեկ առ մեկ հայտնաբերում էին, որ խարույկը պատրաստ է, և մնում էին վերևում, վարդագույն ժայռերի միջև։ Քրտինքը չորանում էր, շնչառությունը՝ տեղն ընկնում։
Ռալֆն ու Ջաքը կենտրոնում կանգնած իրար էին նայում, մինչ ժողովուրդը սպասում էր։ Երկուսն էլ ամոթալի մի եզրկացության էին հանգել և չգիտեին, թե ինչպես խոստովանվեն։
Առաջինը շիկնած Ռալֆը խոսեց։
— Գուցե դու․․․
Նա կոկորդը մաքրեց և շարունակեց։
— Գուցե խարույկը վառե՞ս։
Արտառոց վիճակը բացահայտվեց, Ջաքը նույնպես շիկնեց և սկսեց մրթմրթալ։
— Պետք է երկու փայտիկ վերցնել ու իրար քսել, քսել իրար․․․
Նա նայեց Ռալֆին, որը վերջնականապես հանձն առավ իրենց անճարակությունը, պոռթկալով։
— Ոչ ոք լուցկի չունի՞։
— Փայտիկը պետք է աղեղով պտտել,— ասաց Ռոջըրն ու ձեռքով ցույց տվեց,— դըժ-վըԺ, դըժ-վըժ․․․
Սարի վրայով քամի անցավ, և հայտնվեց Խոզուկը։ Կարճ տաբատն ու շապիկը հագին, խեցին թևի տակ խնամքով սեղմած, նա զգուշորեն դուրս էր դալիս թավուտից, իրիկնային արևի փայլն ակնոցից արտացոլելով։
Ռալֆը, նրան տեսնելով, գոռաց։
— Խոզուկ, հո լուցկի չունե՞ս։
Մնացած տղաները միացան նրան, սարը դղրդացնելով։ Խոզուկը գլուխը տարուբերեց և մոտեցավ խարույկին։
— Տես է՜, ինչ էլ մեծ կույտ եք դիզել։
Հանկարծ Ջաքը գլխի ընկավ։
— Ակնոցները․․․ Ախր սրա ակնոցները խոշորացույց են, չէ՞․․․
Խոզուկը չհասցրեց ծպտուն հանել, երբ արդեն շրջապատված էր։
— Թողեք, հո չե՞ք գժվել։— Սարսափահար ճչաց նա, մինչ Ջաքը նրա քթից պոկում էր ակնոցը։— Լսեք, ակնոցս տվեք, ես բան չեմ տեսնում, վա՜խ, ախր փողը կջարդեք։
Ռալֆը նրան մի կողմ հրեց և ծունկի իջավ խարույկի կողքին։
— Էն կողմ, լույսը մի փակեք։
Նրա շուրջը հրմշտոց և ավելորդ իրարանցում ստեղծվեց։ Ռալֆը ոսպնյակները հետ ու առաջ էր շարժում, վերև-ներքև անում, մինչև որ կարողացավ մայր մտնող արևից պայծառ մի բիծ կենտրոնացնել փտած ճյուղերից մեկի վրա։ Իսկույն բարալիկ ծուխ բարձրացավ, որից Ռալֆը սկսեց հազալ։ Ջաքը ծունկի իջավ նրա կողքին և զգուշությամբ փչեց։ Ծուխը բեկվեց, հաստացավ և, վերջապես, կրակի մի փոքրիկ լեզվակ ցույց տվեց։ Պայծառ լույսի տակ սկզբում համարյա անտեսանելի, բոցը շուտով հասավ մի փոքրիկ ճյուղի, աճեց, գույն առավ և թռավ մի ուրիշ ճյուղի, որն իսկույն ճարճատյունով բռնկվեց։ Խարույկը վառվեց, և տղան երբ հրճվանքով աղաղակեցին։
— Ակնոցս,— կաղկանձում էր Խոզուկը,— ակնոցս տվեք։
Ռալֆը խարույկից ետ կանգնեց և ակնոցը խոթեց Խոզուկի խարխափող ձեռքը։
Վերջինս արդեն հազիվ լսելի մրթմրթում էր։
— Ամեն ինչ լղոզված է, ձեռս հազիվ եմ տեսնում։
Տղաները պար էին բռնել։ Խարույկի փայտն այնքան նեխած էր ու չոր, որ գերանները միանգամից անձնատուր էին լինում դեղին կրակին, վեր մղելով յոթ-ութ մետրանոց բոցավառ թպրտացող մորուսը։ Շուրջբոլորն անտանելի շոգ էր, քամին կայծերի հոծ վտառներ էր ցրում։ Ծառերի հաստ բներն անհետ կորչում էին սպիտակ փոշում։
— Էլի փայտ բերեք, բոլորդ փայտ բերեք,— բացականչեց Ռալֆը։
Խարույկի հետ մրցելով, տղաները ցրվեցին մոտակա անտառում։ Նրանց առաջնահերթ մտահոգությունը դարձավ գագաթին ցոլացող բոցը վառ պահելը՝ թե հետո ինչ կլինի, ոչ ոքի չէր հետաքրքրում։ Նույնիսկ ամենափոքր մանուկները, եթե մրգերով չէին զբաղված, ցած էին բերում և գցում կրակի մեջ։ Քամին փոքր-ինչ ուժեղացավ՝ խարույկի մի կողմում օդը զով էր, մյուս կողմում անտանելի շոգի թեքն իսկույն ևեթ խանձում էր անզգույշ տղաների մազերը։ Իրիկնային զով քամու թարմությունը դեմքերին զգալով, տղաները հասկանում էին, որ ուժասպառ են, և ժայռերի ստվերի տակ փռվում գետնին։ Բոցն անշեղորեն պակասում էր, քիչ անց խարույկը ներս ընկավ և մարմանդ հոգոցով փլվեց, կայծերի ծառանման մի բույլ ժայթքելով, որը քամու հետ ճյուղավորվեց-գնաց։ Տղաները պառկել էին, շների պես հաճախակի շնչելով։
Ռալֆը գլուխն արմունկներից բարձրացրեց։
— Օգուտ չուներ։
Ռոջըրը ճարպկորեն թքեց ածուխների մեջ։
— Ասածդ ի՞նչ է։
Խոզուկը նստել էր երկու քարի միջև, խեցին ծնկներին գրած։
— Ձեր սարքած խարույկը բանի պետք չէր։— Ասաց նա, դրա պես խարույկը երկար պահել չի լինի, նույնիսկ եթե կաշվից դուրս գաս։
— Թե քո հաստ կաշվի նմանը լինի, իհարկե բան դուրս չի գա,— ծեփեց Ջաքը,— դու քեզ համար նստած էիր։
— Ինչի՞, նա էլ օգնեց,— ասաց Սայմոնը, դաստակով լղոզելով իր առանց այդ էլ սև այտը։— Մենք նրա ակնոցը վերցրինք, չէ՞։
— Թողեք ես խոսեմ,— վրդովվեց Խոզուկը,— փողը մոտըս է, չէ՞։
— Սարի գլխին փողը հաշիվ չի,— ասաց Ջաքը,— էնպես որ ձենդ կտրի։
— Փողն ի՛մ ձեռքին է։
— Պետք էր դալար ճյուղեր ավելացնել։— Ասաց Մորիսը։— Ծուխ անելու լավագույն ձևն էդ է։
— Ախր փողը ես եմ բռնել․․․
Ջաքը զայրացած շուռ եկավ։
— Չասեցի՞ ձենդ կտրի։
Խոզուկը սսկվեց։ Ռալֆը խեցին նրա ձեռքից վերցրեց և նայեց շուրջը։
— Մենք պիտի կրակը պահող հատուկ մարդիկ ունենանք։ Նավը երբ ասես կարող է գալ։— Նա ձեռքով ցույց տվեց հորիզոնի գիծը։— Ու եթե մենք նրանց իմաց չտանք, մեզ չեն փրկի։ Ու մի բան էլ։ Մեզ նոր օրենքներ են պետք։ Որտեղ խեցին՝ էնտեղ Ժողով, մեկ է՝ վերևում թե ներքևում։
Բոլորը համաձայնեցին։ Խոզուկը բերանը բացեց, բայց, դեմ առնելով Ջաքի հայացքին, միտքը փոխեց։ Ջաքը ձեռքը մեկնեց, մրոտ ափերով զգուշորեն վերցրեց խեցին և խոսեց։
— Ռալֆը ճիշտ է ասում։ Մեզ նոր օրենքներ են պետք, որ բոլորը ենթարկվեն։ Վերջապես վայրենիներ հո չե՞նք։ Մենք անգլիացի ենք, իսկ անգլիացիներն ամեն ինչում լավագույնն են։ Էնպես որ մենք պետք է ամեն ինչ կարգին անենք։
Նա դիմեց Ռալֆին։
— Ռալֆ, ես իմ երգչախումբը, այսինքն, որսորդներին, կբաժանեմ խմբերի ու մենք պատասխանատու կլինենք կրակի համար․․․
Նրա մեծահոգությունը հատուկենտ ծափեր առաջացրեց։ Ջաքը քմծիծաղ տվեց և, խեցին թափահարելով, լռություն պահանջեց։
— Հիմա կթողնենք, որ խարույկը հանգի, մեկ է, գիշերով ոչ մի ծուխ չի երևա։ Սրանից հետո, երբ ուզենանք, կվառենք։ Այս շաբաթ կրակ պահողներն առաջին ձայները կլինեն, իսկ մյուս շաբաթ՝ երկրորդները։
Ժողովը լուռ համաձայնվեց։
— Բացի դրանից մենք նաև դիտորդներ կլինենք։ Եթե էնտեղ,— բոլորը նայեցին նրա մատնանշած կողմը,— նավ երևա, դիտորդները կրակին դալար ճյուղեր կավելացնեն, որ ծուխ գա։
Բոլորն անթարթ նայում էին հորիզոնին, ասես այնտեղ ուր որ է պիտի հայտնվեր նավի հազիվ նշմարելի ուրվագիծը։
Արևի ոսկեգույն կաթիլը գլորվելով մոտենում էր աշխարհի շեմին։ Հանկարծ բոլորը գիտակցեցին, որ ջերմությունն ու լույսը շուտով կվերջանան։
Խեցին վերցրեց Ռոջըրն ու մռայլ հայացքը շրջեց բոլորի դեմքերով։
— Ես վաղուց եմ նայում ծովին՝ նավի նշույլ էլ չի եղել, վայ թե մեզ երբեք չփրկեն։
Տղաներով շշուկներ անցան։ Ռալֆը ետ վերցրեց խեցին։
— Ես ձեզ ասում եմ, որ մեզ շուտ թե ուշ կփրկեն, պարզապես պիտի սպասենք, ուրիշ ոչինչ։
Վրդովված Խոզուկը խեցին անվախ խլեց։
— Բա ես ինչ էի ասում, ես չէի՞ ասում, որ կարգուկանոն է պետք, իսկ դուք՝ «ձենդ կտրի»․․․
Նրա ձայնն արդարացի կշտամբանքից սրվել և ճղճղան էր դարձել։ Ոմանք փորձեցին նրան լռեցնել։
— Ասեցիք, ուզում եք փոքր խարույկ անել, բա էդ հսկա կույտն ո՞վ դիզեց։ Հենց ես ուզում եմ բերանս բացել,— ճչում էր դառը ճշմարտության ջատագովը,— վրա եք տալիս՝ «ձենդ կտրի», իսկ երբ Ջաքը, կամ Մորիսը, կամ Սայմոնը․․․
Խառը ժխորի մեջ նա մի պահ կանգ առավ, բոլորի գլխների վրայով նայելով դիմացի լանջի ելուստին, որից մինչ այդ վառելիք էին բերում։ Հանկարծ նա պոռթկաց այն աստիճան տարօրինակ մի ծիծաղով, որ բոլորը սսկվեցին ու մի պահ ապշած նայում էին նրա ցոլցլուն ակնոցին։ Ապա հետևեցին այդ հայացքին և գտան նրա մռայլ բերկրանքի պատճառը։
— Խնդրեմ, էս էլ ձեր փոքրիկ խարույկը։
Տապալված բներին փաթաթված լիանաների արանքից ծուխ էր բարձրանում։ Բոլորի աչքի առաջ բռնկվեց փայտի խուրձերից մեկը, ծխի բարալիկ շիթերը հետզհետե հաստացան։ Տեղ-տեղ կրակի փոքրիկ լեզվակները սկսեցին լպստել տերևները, թփերն ու ճյուղերը, գնալով բաժանվելով ու բազմանալով։ Մի մեծ ծառի դիպչելով, կրակը պայծառ սկյուռիկի պես ակնթարթաբար մագլցեց վեր։ Ծուխն ավելանում էր, թանձրանում, քուլա-քուլա գլորվում վեր։ Սկյուռիկը քամուց թևեր առավ և ցատկեց հարևան ծառին, այս անգամ արդեն ներքև վազելով։ Ծխածածկույթի և սաղարթների ստվերի տակ, կրակը սողոսկելով, բռնկել էր ամբողջ անտառը և հիմա, գազազած, խժռում էր ինչ պատահի։ Շիկավուն և սև ծխի հսկայածավալ զանգվածներն անշեղորեն սողում էին ծովի կողմը։ Կործանարար հրդեհի տեսքից երեխաները սկսեցին բորբոքված ճչալ։ Կրակն ասես կենդանի լիներ, հովազի պես փորսող տալով, նա մոտեցել էր կեչիներ հիշեցնող ծառերի մատաղ մի պուրակի, որը բմբուլների խավի պես ծածկել էր վարդագույն ժայռերից մեկը։ Ցատկելով առաջին ծառին, բոցն այն վայրկենապես վերածեց վառվռուն ջահի, ապա հեշտությամբ հաղթահարեց փոքրիկ բացատը, և, պար գալով, սկսեց միանգամից խժռել ամբողջ պուրակը։ Հիացմունքից թռվռացող տղաների ոտքի տակ մոլեգնող հրդեհը բռնկել էր անտառի քառորդ քառակուսի մղոնը, անխնա ծուխ արձակելով։ Հրդեհի առանձին ձայները միահյուսվել էին խլացուցիչ մի հռնդյունի մեջ, որից ամբողջ սարն ասես դղրդար։
— Խնդրեմ, էս էլ ձեր փոքրիկ խարույկը։
Ռալֆն անսպասելիորեն նկատեց, որ տղաներն աստիճանաբար լռում են և հանդարտվում, սկսելով երկյուղել իրենց քթերի տակ սանձարձակվող ահեղ ուժից։ Այդ գիտակցությունը, խառնված նույն երկյուղի հետ, կատաղության դուռը հասցրեց նրան։
— Վերջապես ձայնդ կտրելո՞ւ ես, թե չէ։
— Փողն իմ ձեռքին է։— Վիրավորված ասաց Խոզուկը։— Ես խոսելու իրավունք ունեմ։
Նրան նայում էին չտեսնող հայացքներով, ականջները լարած հրդեհի հռնդյունին։ Խոզուկն անհանգստացած նայեց այդ դժոխքի կողմն ու խեցին պինդ գրկեց։
— Ուզեք, չուզեք, պիտի թողնեք վառվի։ Իսկ դա մեր ամբողջ փայտի պաշարն էր։
Նա շուրթերը լպստեց։
— Մենք բան չենք կարող անել։ Սրանից հետո պետք է ավելի ուշադիր լինել։ Ոնց եմ վախենո՜ւմ։
Ջաքն աչքերը հրդեհից կտրեց։
— Իսկ դու ե՞րբ չես վախենում որ, Հաստաքամակի մեկը։
— Փողը ես եմ բռնել։— Նվազ ձայնով ասաց Խոզուկը և շուռ եկավ Ռալֆի կողմը։— Ճիշտ չի՞, Ռալֆ։
Ռալֆը դժկամությամբ երեսը դարձրեց սքանչելի ու սարսափազդու տեսարանից։
— Հը՞, ի՞նչ կա։
— Փողն ի՛մ ձեռքին է, ե՛ս պիտի խոսեմ։
Երկվորյակները քրքջացին։
— Ծուխ էիք ուզում, ո՞նց չէ, էս էլ ձեր ծուխը․․․
Ծխի վիթխարի ամպը տարածվում էր համարյա մինչև հորիզոնը։ Խոզուկից բացի բոլորը սկսեցին քրքջալ, հետզհետե անցնելով բուռն հռհռոցի։
Խոզուկը համբերությունը կորցրեց։
— Լսեք, ախր փողը ես եմ բռնել։ Դուք պարտավո՛ր եք ինձ լսել։ Առաջին հերթին ի՞նչ էր պետք անել՝ ծովափին քոլիկներ սարքել։ Մտքներովդ իսկի չանցավ էլ, որ գիշերն էստեղ շան պես մրսելու եք։ Բայց հենց Ռալֆն ասեց «խարույկ», բոլորդ հարայհրոցով թռաք սարը։ Ոնց որ փոքր երեխեք։
Հիմա արդեն նրա ճառին ականջ էին դնում։
— Ո՞նց եք ուզում, որ ձեզ փրկեն, եթե չեք իմանում սկզբից ինչ անել։
Նա ակնոցը հանեց և փորձեց խեցին ցած դնել, բայց ավագ տղաներից շատերն իսկույն ձեռքերը պարզեցին, և նա միտքը փոխեց։ Խոզուկը խեցին դրեց թևի տակ և պպզեց ժայռին։
— Էստեղ էլ էս ախմախ խարույկը սարքեցիք ու կղզին վառեցիք։ Հիմա որ ամբողջ կղզուց բան չմնա, ո՞վ է մեղավոր։ Խորոված միրգ ու տապակած խոզ եք ուտելու, հա՞։ Ոչ մի ծիծաղելու բան չկա։ Դուք Ռալֆին առաջնորդ ընտրեցիք ու իսկի չթողիք մի կարգին մտածի։ Իսկ երբ նա մի բան ասեց, բոլորդ գժի պես․․․
Նա կանգ առավ, որ շունչ քաշի։ ներքևում մռլտում էր հրդեհը։
— Էդ դեռ ի՜նչ, բա պուճուրները, նրա՞նց ով մարդու տեղ դրեց, ո՞վ գիտե, թե նրանք քանի հոգի են։
Ռալֆն առաջ անցավ։
— Բա ես քեզ չասի՞, որ ցուցակ սարքես։
— Մենակ ո՞նց սարքեի,— վրդովված գոռաց Խոզուկը,— թողում-փախնում էին, ջուրն էին ընկնում, ուր ասես չէին խցկվում։ Ի՞նչ իմանայի որը որն էր։
Ռալֆը լպստեց իր գունատ շուրթերը։
— Ուրեմն դու հիմա չգիտե՞ս էստեղ քանի հոգի պիտի լինի։
— Ո՞նց իմանամ, երբ որ էդ բլոճներն անընդհատ վազվզում էին։ Իսկ երբ դուք երեքով հետ եկաք, հենց խարույկի անուն տվիր, տնով-տեղով առաք փախաք, ես իսկի չհասցրի․․․
— Հերիք եղավ։— Կտրուկ ընդհատեց նրան Ռալֆն ու խեցին խլեց։— Ինչ չես արել՝ չես արել։
— ․․․ Իսկ հետո հարձակվեցիք ու ակնոցս ձեռիցս առաք․․․
Ջաքը նրան սաստեց։
— Ձենդ կտրի․․․
— ․․․ Իսկ պուճուրներն էնտեղ թրև էին գալիս՝ հրդեհի տեղը։ Ի՞նչ իմանաք, թե հիմա էլ էնտեղ չեն։
Խոզուկը կանգնեց և մատը տնկեց կրակի ու ծխի քուլաների կողմը։ Տղաներով անհանգիստ մրմունջ անցավ։ Խոզուկը շնչակտուր լռեց՝ նրան ինչ-որ տարօրինակ բան էր պատահել։
— Էն ճստոն․․․— հևում էր Խոզուկը,— խալով տղան, աչքիս չի երևում, հիմա ո՞ւր է․․․
Մեռյալ լռություն տիրեց։
— Էն որ օձերից էր բողոքում, ինքն էլ էր ներքևում․․․
Բոցերի մեջ մի ծառ ռումբի պես պայթեց։ Օդում լիանաների երկար պատառներ ցրիվ եկան, և, հոգևարքի մեջ գալարվելով, ընկան ցած։ Մանուկները գոռացին,
— Օձե՜րը, տեսե՜ք, օձե՜րը։
Արևմուտքում, հորիզոնից ընդամենը մի մատնաչափ վերև, անուշադրության էր մատնված արևը։ Բոլորի դեմքերը լուսավորված էին կարմիր գույնով։ Խոզուկն իրեն գցեց մի թեք ժայռի վրա և ձեռքերով այն գրկեց։
— Էն խալով ճստոն․․․ Ո՞ւր կորավ, ձեզ եմ ասում, աչքիս չի երևում․․․
Տղաները վախվորած, տարակուսանքով իրար էին նայում։
— Ո՞ւր կորավ․․․
Ռալֆը շփոթված մրթմրթաց։
— Երևի հետ գնաց էնտեղ, էն․․․ էն․․․
Ներքևում, սարի զառիթափ լանջին, շարունակվում էր սոսկալի հռնդյունը։