Changes

Ճանճերի տերը

Ավելացվել է 49 559 բայտ, 11:01, 1 Մարտի 2014
Նա շուռ եկավ և սկսեց սարից իջնել։
 
 
=Հինգերորդ գլուխ։ Ծովի գազանը=
 
Զուրը գնալով ավելանում էր, նեղացնելով արմավների խորդուբորդ դարավանդի և ծուվ միջև ընկած կոշտ լողափը։ Ռալֆը գնում էր այգ հարթ շերտով, որովհետև մի լավ մտածելու կարիք ուներ, իսկ դա միակ ճանապարհն էր, որը թույլ էր տալիս ոտքերի տակ չնայել։ Ջրի կողքով քայլելով Ռալֆն ապշեցուցիչ մի հայտնություն արեց, հանկարծ գիտակցելով իր կյանքի տաղտկալիությունը, երբ ստիպված ես գլուխ դնել ամեն մի կածանի հետ, արթուն ժամանակվա մեծ մասն ուզած-չուզած ոտքի տակ նայելով։ Նա կանգ առավ և, կղզուն նայելով, որպես մանկության պայծառ մի հուշ, մտաբերեց իրենց առաջին խանդավառ հետախուզությունը։ Ռալֆը քմծիծաղ տվեց, շուռ եկավ և արևին ընդառաջ քայլեց դեպի հարթակը։ Ժողով անելու ժամանակն էր և, շլացուցիչ լույսի միջով անցնելով, նա կետ առ կետ ուշադիր վերանայում էր իր ճառը։ Այս ժողովը վճռորոշ էր լինելու, առանց պատրանքների հետևից ընկնելու․․․
 
Նրա մտքերը խճճվեցին, բառերը չէին հերիքում ծագող աղոտ գաղափարները ձևակերպելու համար։ Հոնքերը կիտելով, նա նորից փորձեց։
 
Այս ժողովը պիտի լուրջ լիներ, առանց խաղուպարի։
 
Այդ մտքի վրա նա քայլերն արագացրեց՝ միաժամանակ ընկալելով խնդրի հրատապությունը, արևի ցածր դիրքն ու արագությունից դեմքը զովացնող քամին։ Քամին կրծքին սեղմեց գորշ շապիկը և նա, իր այս նոր, ուշիմ հոգեվիճակով, նկատեց, թե ինչպես են կոշտացել ծալքերը, և ինչպես տաբատի քրջոտ եզրերը սկսել են ազդրերը հարել։ Ռալֆը սահմռկելով ըմբռնեց, թե ինքը որքան է կեղտոտվել ու ապականվել, հասկացավ, թե ինչքան չի սիրում անվերջ աչքերից քաշել խճճված մազերը և, արևը մայր մտնելուն պես, ամեն անգամ չոր տերևների վրա խշխշալով, պառկել քնելը։
 
Ավազանի ափին ժողովին սպասող տղաների ցաքուցրիվ խմբեր էին կանգնած։ Նրանք լուռ ճանապարհ էին տալիս Ռալֆին, հասկանալով, որ նա խարույկի պատճառով անտրամադիր է։
 
Ժողովի վայրը քիչ թե շատ եռանկյունաձև էր, բայց, իրենց հիմնած ամեն ինչի պես՝ ծուռումուռ և անտաշ։ Հիմքում ընկած էր մի գերան, որին ինքը Ռալֆն էր նստում՝ հարթակի ծառերի համեմատ բացառիկ հաստ մի բուն, որը երևի քշել-բերել էր խաղաղօվկիանոսյան առասպելական փոթորիկներից մեկը։ Գերանը լողափին զուգահեռ էր, և Ռալֆը նստելով նրա վրա, նայում էր կղզուն, մինչդեռ տղաները տեսնում էին միայն ծովախորշի փայլի դիմաց ուրվագծվող մութ ստվերը։ Մյուս կողմերը պակաս ակնբախ էին։ Աջից անհանգիստ նստատեղերով փայլեցված մի ուրիշ գերան էր, որն իր չափով և հարմարավետությամբ զիջում էր առաջնորդինին։ Ձախից չորս կարճ գերաններ էին, որոնցից մեկը, չարաբաստիկ վերջին գերանը, անընդհատ ոստոստում էր։ Ամեն անգամ ժողովը ծիծաղից պայթում էր, երբ չափից հեռու նստելով, որևէ մեկը գերանը վեր էր թռցնում, խոտին գլորելով միանգամից հինգ-վեց հոգու։ Ռալֆը նոր միայն տեսավ, որ ոչ ոք, անգամ ինքը, Ջաքը կամ Խոզուկը, գլխի չէր ընկել մի քար բերել ու դնել այդ գերանի տակ։ Ուստի նրանք պիտի շարունակեին գերանից ցած գլորվել, քանի որ․․․ նա նորից մոլորվեց մտքերի թավուտում;
 
Գերանների տակ խոտը տրորված էր, չնայած բուռն աճում էր եռանկյուն ու կենտրոնում ու նաև գագաթի մոտ, որտեղ ոչ ոք չէր նստում։ Եռանկյունին շրջապատված էր ուղիղ և թեք գորշ բներով, որոնց սաղարթները, միահյուսվելով, ցածր կտուրով ծածկում էին հավաքատեղին։ Երկու կողմից ափն էր, հետևում՝ ծովախորշը, իսկ առջևից՝ կղզու խավարը։
 
Ռալֆը մոտեցավ առաջնորդի տեղին։ Նրանք դեռ երբեք այսքան ուշ ժողով չէին արել։ Այդ էր պատճառը, որ հիմա ամեն ինչ ուրիշ տեսք ուներ։ Սովորաբար կանաչ կտուրին ծովախորշից ընկնում էին ջրի ցոլքերը և նրանց դեմքերը լուսավորում տակից, ճիշտ այնպես, մտածեց Ռալֆը, ինչպես երբ ձեռքիդ լապտեր ես բռնում։ Բայց հիմա արևն իջել էր, և ստվերներն ավանդական ձևով էին ընկնում։
 
Ռալֆն անհանգիստ շուռումուռ եկավ։ Վատն այն է, որ եթե առաջնորդ ես, ապա պետք է մտածես, իմաստուն լինես։ Պետք է հարկ եղած դեպքում կայծակնային որոշումներ ընդունես։ Ուզած-չուզած սկսում ես մտածել, որովհետև միտքը կարևոր բան է, արդյունավետ․․․
 
«Մենակ թե»,— վճռեց Ռալֆը, առաջնորդի տեղին նայելով,— «Ես մտածել չգիտեմ։ Ի տարբերություն Խոզուկի»։
 
Երեկոյի ընթացքում Ռալֆն արղեն երկրորդ անգամ էր վերանայում իր արժեքները։ Խոզուկն իր գոնչո գլխով ամեն ինչ կարողանում էր ծանր ու թեթև անել, բայց դե Խոզուկից ի՜նչ առաջնորդ։ Խոզուկը հաստափոր էր ու զավեշտական, չնայած նրա ուղեղն անկասկած լավ էր գործում։ Ռալֆն արդեն մասնագիտացել էր մտածելու գործում և ընդունակ էր մտածողին մյուսներից տարբերել։
 
Արևը խփեց նրա աչքին, հիշեցնելով, որ արդեն ուշ է, և նա ծառից վերցրեց ու սկսեց ուսումնասիրել փողը։ Խեցու վարդագույն և դեղին փայլն օդից խամրել էր՝ սպիտակ, համարյա թափանցիկ դարձել։ Ռալֆը մի տեսակ քնքուշ ակնածանք էր տածում այդ խեցու հանդեպ, չնայած ինքն էր ծովախորշից այն հանել։ Դեմքը դարձնելով հավաքատեղի կողմը, նա սկսեց փչել։
 
Բոլորը վաղուց դրան էին սպասում և անմիջապես հավաքվեցին։ Նրանք, ովքեր գիտեին, որ նավ էր անցել, իսկ խարույկը հանգած էր եղել, ընկճված էին, կանխազգալով Ռալֆի զայրույթը, մյուսները, այդ թվում և փոքրերը, ազդվել էին ընդհանուր մթնոլորտից։ Հավաքատեղն արագ լցվում էր, Ջաքը, Սայմոնը, Մորիսը և որսորդների մեձ մասը նստել էին աջից, մնացածը՝ ձախից, արևի տակ։ Խոզուկը եռանկյունուց դուրս էր կանգնել, հասկացնելով, որ լսելու է, բայց չի խոսի, որպես բողոքի նշան։
 
— Էսպես ուրեմն՝ մենք պիտի ժողով անենք։
 
Ոչ ոք ձայն չհանեց, բոլորն անհամբեր նայում էին Ռալֆին, որը խեցին էր գուրգուրում։ Փորձը նրան ցույց էր տվել, որ նման ծանրակշիռ դատողությունները տեղ հասցնելու համար, հարկավոր էր առնվազն մեկ անգամ կրկնել։ Պետք էր նստել, բոլորի ուշադրությունը գրավել խեցուն և, ծանր կլոր քարերի պես, խոսքերը նետել գերաններին ծվարած տղաներին։ Նա փնտրում էր այն պարզ խոսքերը, որոնք նույնիսկ փոքրերին կստիպեին հասկանալ, թե ժողովն ինչի մասին է։ Հետո թող փորձված ճարտասանները՝ Ջաքը, Մորիսր, Խոզուկը, ինչ ուզեին ասեին, կարևորը հենց սկզբից, հստակ ու անվերապահ, ժողովին ճիշտ ընթացք տալն էր։
 
— Մենք պետք է ժողով անենք։ Ոչ թե հաճույքի, ծիծաղելու ու գերանից ընկնելու համար,— ճոճվող գերանին նստած փոքրերը քրքջացին,— ոչ թե իրար ձեռ առնելու կամ,— նա խեցին բարձրացրեց, դիպուկ բառ փնտրելով,— փիլիսոփայելու համար։ Էդ բոլորը գլխներիցդ հանեք։ Մենք Ժողով ենք անում, որ մեր հարցերը լուծենք։
 
Նա մի կարճ դադար արեց։
 
— Էստեղ գալուց ես երկար մտածում էի ինչն ինչոց է։ Ու արդեն գիտեմ մեզ ինչ է պետք՝ հարցերը լուծող ժողով։ Դե հիմա լսեք, ինչ եմ ասում։
 
Նա կանգ առավ և մեքենայաբար մազերը հետ քաշեց։ Խոզուկը մատների ծայրերի վրա մոտեցավ եռանկյունուն, վերջ տալով իր ապարդյուն ցույցին, և միացավ մնաց ածներին։
 
— Մենք գիշեր-ցերեկ ժողով ենք անում՝ ո՞վ չի սիրում ելույթ ունենալ ու իրար գլխի հավաքվել։ Ամեն անգամ բաներ ենք որոշում։ Բայց դրանք անո՞ղն ով է։ Որոշել էինք փուչ կոկոսներով գետակից ջուր բերել ու տերևներով ծակած պահել։ Մի երկու օր էդպես էլ արինք ու պրծ։ Հիմա էլ ջուր չունենք՝ կոկոսներր դատարկ են։ Բոլորը գնում գետից են խմում։
 
Ժողովը ի համաձայնություն գվվաց։
 
— Գետակից խմելու մեջ վատ բան չկա, ո՞վ չի ուզի հին կոկոսի փոխարեն ջուրն էնտեղից խմի, ինքներդ գիտեք, էն, որ լճակի մոտ ջրվեժ կա։ Բայց ախր, ինքներս ենք որոշել բերել, չէ՞։ Իսկ հիմա, խնդրեմ, էսօր մենակ երկու լիքը կոկոս կար։
 
Նա շուրթերը լիզեց։
 
— Բա քոլիկնե՞րը՝ քնելու տեղի հարցը։
 
Նորից մրմունջ ծագեց ու մարեց։
 
— Մեծ մասդ քոլիկներում եք քնում։ Էս գիշեր, բացի խարույկի հերթապահներ Սամներիքից, բոլորդ էլի էնտեղ կքնեք։ Բայց էդ քոլիկներն ո՞վ է շինել։
 
Ժխոր առաջացավ։ Քոլիկները բոլորն էլ շինել էին։ Ռալֆը ստիպված էր խեցին թափահարել։
 
— Իմ ասածն էն է, թե ով շինեց բոլոր երեքը։ Առաջինը բոլորով էինք շինում, երկրորդը՝ չորսով, իսկ երրորդը՝ մենակ ես ու Սայմոնը։ Դրա համար էլ քիչ է մնում փուլ գա։ Ինչ եք բերաններդ բացել։ Հենց անձրև գա, տեղնուտեղը կփլվի։ Իսկը, երբ որ ամենաշատը պետքներս լինի։
 
Նա դադար առավ ու կոկորդը մաքրեց։
 
— Հետո մի բան էլ կա։ Մենք ինքներս պայմանավորվեցինք, որ զուգարանը ավազանի հետևի էն քարերում կլինի։ Ու շատ էլ ճիշտ արինք։ Նույնիսկ էս ճստոները գիտեն, որ ծովն իրան-իրան մաքրում է էդ տեղը։
 
Ոմանք նորից քրքջացին ու իրար նայեցին։
 
— Իսկ հիմա որտեղ պատահի պպզում եք, նույնիսկ քոլիկների ու էս հարթակի մոտ։ Այ դուք, ճստոներ, հենց որ միրգ ուտելուց բռնի․․․
 
Ժողովը ոռնաց։
 
— Ասում եմ, որ էդ ժամանակ հանկարծ փորներդ բռնի, գոնե մրգերից հեռու գնացեք, թե չէ եղած-չեղածը մուռտառում եք։
 
Բոլորը նորից հոհռացին։
 
— Մարդու սիրտ է խառնում։
 
Նա բռնեց իր գորշ, կոշտացած շապիկը։
 
— Զզվելս գալիս է։ Չէ, իսկականից, որ տեսաք էլ չեք դիմանում, վազեք, էն քարերի մոտ, եղա՞վ։
 
Խոզուկը ձեռքը պարզեց խեցուն, բայց Ռալֆը գլուխը տարուբերեց։ Նա կետ առ կետ ծրագրել էր իր ճառը։
 
— Սրանից հետո բոլորդ կգնաք էդ քարերի մոտ։ Թե չէ կեղտի մեջ կորում ենք։— Նա դադար արեց։ Ժողովը, վճռական պահը կանխազգալով, լարված սպասում էր։— Ու մեկ էլ խարույկը։
 
Ռալֆն ավելորդ շունչը դուրս թողեց մի հոգոցով, որը բոլորից արձագանք բերեց։ Ջաքը սկսեց դանակով մի փայտ տաշել ու ինչ-որ բան փսփսաց Ռոբերտի ականջին, որը երեսը թեքեց։
 
— Խարույկն էս կղզու ամենակարևոր բանն է։ Առանց դրա մեզ կյանքում չեն փրկի, եթե, իհարկե, շան պես բախտներս չբերի։ Մի խարույկի եղածն ի՜նչ է, որ չենք կարում պահել։
 
Նա ձեռքն առաջ պարզեց։
 
— Նայեք, թե քանի հոգի ենք։ Ու էսքանով չենք կարում մի խարույկ պահել, որ ծուխ տա։ Ախր ո՞նց չեք հասկանում՝ որ մեռնենք էլ, խարույկը պիտի վառ պահենք։
 
Որսորդները քաշված քրքջացին։ Ռալֆը կրքոտ նրանց կողմը դարձավ։
 
— Որսորդ եք, ինչ եք, դեռ ծիծաղում եք, հա՞։ Ո՞նց գլուխներդ չի մտնում, որ ծուխը ձեր խոզերից կարևոր է, ինչքան էլ որ դրանցից սպանեք։ Հիմա գոնե հասկացա՞ք։
 
նա լայն պարզեց ձեռքերն ու դիմեց բոլորին։
 
— Մենք պետք է սարի գլխին ծուխ ունենանք, թե չէ կմեռնենք։
 
Նա դադար առավ, ծանրութեթև անելով հաջորդ կետը։
 
— Մի բան էլ։
 
Ինչ-որ մեկը բացականչեց։
 
— Բաներդ շատ չեղա՞ն։
 
Բոլորը փռթկացին։ Ռալֆն ուշադրություն չդարձրեց։
 
— Մի բան էլ։ Մենք քիչ էր մնում կղզին վառեինք։ Հիմա էլ իզուր ժամանակ ենք ծախսում, քար-մար հավաքելով ու մանր-մունր օջախներ սարքելով։ Ես որպես առաջնորդ նոր օրենք եմ սահմանում՝ սրանից հետո սարի գլխից բացի ուրիշ ոչ մի տեղ կրակ չի լինելու։ Ոչ մի դեպքում։
 
Իսկույն իրարանցում ստեղծվեց։ Տղաները վեր էին ցատկում ու ինչ-որ բան գոռում, Ռալֆն ի պատասխան նույնպես գոռաց․
 
— Մի ձուկ կամ խաչափառ խորովելու համար էլ կբարձրանաք, չեք մաշվի։ Էգպես ավելի ապահով կլինի։
 
Մայր մտնող արևի լույսի տակ բազում ձեռքեր ձգվում էին խեցին վերցնելու։ Ռալֆը ցատկեց գերանի վրա։
 
— Էսքան բան։ Դուք ինձ ինքներդ եք առաջնորդ ընտրել ու ինչ որ հիմա ասեցի, պիտի անեք։
 
Բոլորը հետզհետե հանգստացան և նստեցին իրենց տեղերը։ Ռալֆը ցած իջավ ու իր սովորական ձայնով շարունակեց։
 
— Տեսե՛ք չմոռանաք։ Զուգարանը՝ քարերի մոտ, սարի գլխին՝ միշտ խարույկ ու ծուխ, էնտեղից կրակ չիջեցնել, ինչ որ խորովելու եք՝ տանել վերև։
 
Ջաքը ոտքի ելավ, խավարի մեջ մռայլվելով, և ձեռքը երկարեց խեցուն։
 
— ես դեռ չեմ պրծել։
 
— Մեռար խոսելով։
 
— Փողն իմ ձեռքին է։
 
Ջաքը բրդբրդալով նստեց տեղը։
 
— Ուրեմն ամենավերջինը։ Դրա մասին առանց էն էլ արդեն խոսում են։
 
Նա սպասեց, մինչև կատարյալ լռություն հաստատվի։
 
— Ինչքա՜ն լավ էինք սկսել, քեֆներիս քեֆ չէր հասնի։ Բայց հետո, խելքս չի կտրում ինչի, համը սկսեց դուրս գալ։ Երբ որ․․․
 
Նա խեցին մեղմ օրորեց, բոլորի վրայով նայելով ունայնությանը, հիշելով գազանը, օձը, հրդեհը, վախի մասին շշուկները։
 
— Երբ որ ժողովուրդը սկսեց վախենալ։
 
Ժողովով հառաչանքի պես մրմունջ անցավ։ Ջաքը դադարեց փայտը տաշել։ Ռալֆը հատու շարունակեց։
 
— Էդ բոլորը փոքրերի հնարածն է, մենք դրան պիտի վերջ տանք։ Հիմա մնաց, որ մենք էդ մասին խոսենք ու վախի հարցը մեջտեղից հանենք։
 
Նրա մազերր նորից թափվեցին աչքերին։
 
— Պետք է դրա մասին խոսենք, որ տեսնենք, որ մեջը բան չկա։ Մեկ-մեկ ես էլ եմ վախում, հետո՞ ինչ, հեչ բաներ են, հնարած։ Դրա հախից որ գանք, ամեն ինչ մարդավարի կսկսենք ու կրակին արդեն ավելի շատ ուշադրություն կդարձնենք։— Նրա երևակայության մեջ ծագեց պայծառ ծովափով քայլող երեք տղաների պատկերը։— Համ էլ երջանիկ կլինենք։
 
Ռալֆը խեցին հանդիսավոր դրեց գերանին, ցույց տալով, որ իր ճառն ավարտված է։ Արևի նրանց հասնող լույսն արդեն գետնին զուգահեռ էր։
 
Ջաքը ոտքի կանգնեց և վերցրեց խեցին։
 
— Ուրեմն ժողով ենք անում, որ պարզենք ինչն ինչոց է։ Ես ձեզ հիմա կասեմ։ Էս ամբողջը դուք սկսեցիք, փոքրերդ։ Գազա՛ն, հա գազա՛ն։ Ի՞նչ գազան։ Բան չեմ ասում, մենք էլ ենք մեկ-մեկ վախենում, բայց մենք մեր վախի հախից գալիս ենք։ Ռալֆն ասում է գիշերներով գոռում եք՝ երազ եք տեսնում, էլի։ Ոչ որսի եք գալիս, ոչ գործ անում, ոչ օգնում, փսլնքոտ մամայի բալաներ եք, ա՛յ թե ով եք։ Իսկ վախը, վախի հետ պիտի մեր բոլորի պես յոլա գնաք։
 
Ռալֆը բերանը բաց նայում էր Ջաքին, բայց նա չէր նկատում։
 
— Վախը ձեզ ոչ մի վնաս չի կարա տա, ոնց որ երազը։ Էս կղզում հեչ ոչ մի գազան չկա։— Նա աչքով անցկացրեց փոքրիկների փսփսացող շարքը։— Իսկը տեղը կլիներ, որ ձեզ մեկնումեկն ուտեր, մեկ է, ձեր լացուկոծ ով ոչ ոքի պետք չեք։ Մենակ թե գազան իսկականից չկա․․․
 
Ռալֆը բարկացկոտ նրան ընդհատեց։
 
— Ի՞նչ գազան, այ մարդ։ Գազանի անուն ո՞վ տվեց։
 
— Հենց դու՝ էն օրը։ Չասի՞ր, քնի մեջ վեր են թռնում ու գոռում։ Հիմա էլ ինչ-որ շշուկներ են սկսել, արդեն իմ որսորդներն էլ են խոսում, մենակ փոքրերը չեն, ինչ-որ սև բանի մասին, գազան է, ինչ է։ Ես ինքս եմ լսել։ Ուրեմն չգիտեք, հա՞։ Դե հիմա լսեք։ Սրա պես ստից կղզիներում մեծ գազան չի լինում։ Մենակ խոզեր։ Առյուծներն ու վագրերը Աֆրիկայի ու Հնդկաստանի պես մեծ երկրներ ում են լինում․․․
 
— Մեկ էլ գազանանոցում։
 
— Փողը մոտս է, սուս մնացեք։ Ես վախի-մախի մասին չեմ խոսում։ Ես գազանի մասին եմ ասում։ Շատ եք ուզում՝ վախեցեք։ Բայց գազանի համար․․․
 
Ջաքը, խեցին գրկած, լռեց և դիմեց կեղտոտ սև գլխարկներով որսորդներին։
 
— Ես որսո՞րդ եմ, թե չէ։
 
Նրանք անկեղծորեն դլխով արին։ Այն էլ ի՜նչ որսորգ։ Դրանում ոչ մի կասկած չկար։
 
— Դե որ տենց է, ինձ լսեք։ Ես էս կղզին ծերից-ծեր ինքս ման եմ եկել, մենակ։ Գազան թե լիներ, ոնց էլ պատահեր, կտեսնեի։ Կարող եք տակներդ լցնել, ձեր բախտն էլ էդ է, բայց անտառում ոչ մի գազան չկա։
 
Ջաքը խեցին վերադարձրեց և նստեց տեղը։ Սրտները թեթևացած, բոլորը նրան ծափահարեցին։ Խոզուկը ձեռք բարձրացրեց։
 
— Ես Ջաքի ասածներից մի բան եմ ընդունում։ Իհարկե, անտառում ոչ մի գազան չկա։ Ո՞նց կարող է լինել։ Բա ի՞նչ էր ուտելու։
 
— Խոզ։
 
— Մենք ո՞նց ենք խոզ ուտում․․․
 
— Խո՜-զուկ․․․
 
— Փողը ես եմ բռնել։— Զայրացած գոչեց Խոզուկը։― Ռալֆ, ասա ձենները կտրեն, էլի։ Հեյ, մանրապճեղներ, սուս կացեք։ Վախի հաշվով ես Ջաքի հետ համաձայն չեմ, անտառում վախենալու բան չկա, ինքս եմ էնտեղ եղել։ Էսպես որ գնա, շուտով արդեն կսկսենք ուրվականներ հնարել։ Մենք շատ լավ գիտենք ինչն ինչոց է, իսկ եթե նույնիսկ մի բան էնպես չլինի, միշտ էլ կարգի բերող կգտնվի։
 
Նա ակնոցը հանեց և սկսեց աչքերը թարթել։ Արևը մարեց, ասես ինչ-որ մեկը լույսն անջատեր։
 
Խոզուկը շարունակեց բացատրել։
 
— Եթե մեկի փորը ցավում է, փոքր լինի, թե մեծ․․․
 
— Դժվար թե քոնի պես մեծ գտնվի։
 
— Որ ծիծաղեք-պրծնեք, կասեք։ Էդ պուճուրները տեղնուտեղն էլի կընկնեն, ավելի լավ է գետնին մնան ու ինձ լսեն։ Ամեն ինչի համար իրա բժիշկը կա, նույնիսկ խելքի։ Հո չե՞ք ուզում ասել, որ մենք հա պիտի չգիտես ինչից վախենանք։ Կյանքում,— Խոզուկը սկսեց ընդհանրացումներ անել,— ամեն ինչ գիտական է, լավ իմացեք։ Մի երկու տարուց պատերազմը որ պրծնի, մարդիկ արդեն Մարս կթռնեն-կգան։ Ես գիտեմ, որ ոչ մի գազան չկա, իմ ասածը ճանկերով-բանով գազանը չի, ես հաստատ գիտեմ, որ վախն էլ չկա։
 
Խոզուկը դադար արեց։
 
— Քանի դեռ․․․
 
Ռալֆն անհանգիստ շուռումուռ եկավ։
 
— Քանի դեռ ի՞նչ․․․
 
— Քանի դեռ չենք սկսել իրարից վախենալ։
 
Կես ծաղրական ծիծաղ բարձրացավ։ Խոզուկը գլուխը խրեց ուսերի մեջ և հապճեպ շարունակեց։
 
— Եկեք գազանից վախեցող էն երեխուն բերենք ու հասկացնենք, որ էդ բոլորը փուչ բան էր։
 
Փոքրիկները սկսեցին փսփսալ, մինչև որ նրանցից մեկն առաջ քայլեց։
 
— Անունդ ի՞նչ է։
 
— Ֆիլ։
 
Փոքրիկի համար նա բավական ինքնավստահ էր՝ ճիշտ Ռալֆի պես գրկել էր խեցին ու շուրջն էր նայում, խոսելուց առաջ հրավիրելով բոլորի ուշադրությունը։
 
— Երեկ գիշեր ես մի երազ տեսա, շատ վախենալու, վրաս տարբեր բաներ էին հարձակվել։ Դրսում լրիվ մենակ դրանց հետ կռվում էի․․․ ոնց որ էն ծառից կախվող բաները լինեին։
 
Նա լռեց, և մնացած փոքրիկները սարսափահար կարեկցանքով ծիծաղեցին։
 
— Հետո լեղիս ճաքած զարթնեցի, տեսնեմ մթան մեջ քոլիկի կողքին եմ, իսկ էդ ոլոր-մոլոր սև բաները չքվել են։
 
Բոլորն ահաբեկված սսկվեցին, աչքի առաջ տեսնելով այդ զարհուրելի պահը։ Փոքրիկը ծվծվում էր խեցու հետևից։
 
— Վախեցած սկսեցի Ռալֆին կանչել, մեկ էլ տեսնեմ ծառերի մեջ մի բան է շարժվում, ահավոր ու սև։
 
Նա լռեց, վերապրելով այդ պահի սարսափը, բայց և հպարտ իր կերտած տպավորությամբ։
 
— Երազի բոբոն էր էլի,— ասաց Ռալֆը,— քնի մեջ ման ես եկել։
 
Ժողովը կիսաձայն համաձայնությամբ մրմնջաց։
 
< < < երկու պակասող էջ > > >
 
Փըրսիվալ Վիմզ Մեդիսընը սուս չէր մնում։ Ոչ մի հեղինակություն, նույնիսկ մարմնական սպառնալիքն ի զորու չէր զսպել նրա ողբ ու կոծի հորձանքը։ Փոքրիկը, ձիգ կանգնած, շարունակում էր հեծկլտալ, ասես գամված լիներ լացին։
 
— Այ տղա, սուս մնա, ձենդ կտրի։
 
Փոքրիկները այլևս իրենց չէին զսպում։ Ամեն մեկը հիշել էր սեփական վշտերը, գուցե նաև ըմբռնել էր իր հաղորդությունը համընդհանուր վշտին։ Նրանք նույնպես լացուկոծ գցեցին, երկուսը՝ համարյա նույնքան բարձր, ինչքան Փըրսիվալը։
 
Դրությունը փրկեց Մորիսը։ Նա բացականչեց։
 
— Մի էստեղ նայեք։
 
Ու դիտմամբ վայր ընկավ։ Նա պոչուկը տրորեց, ապա ցատկեց ճոճվող գերանի վրա և նորից ցած գլորվեց։ Որպես ծաղրածու Մորիսը բանի պետք չէր, բայց մանուկները ժպտացին և սկսեցին քթները քաշել։ Շուտով նրանց վարակիչ ու անհեթեթ ծիծաղին չդիմացան անգամ մեծերը։
 
Ջաքի ազդեցիկ ձայնը լսվեց նույնիսկ աղմուկի միջից։ Նա խեցի չուներ և խախտում էր օրենքը, բայց դա ոչ մեկին չէր անհանգստացնում։
 
— Չհասկացանք, բա գազա՞նը։
 
Փըրսիվալին ինչ-որ տարօրինակ բան պատահեց։ Նա լայն հորանջեց և ճոճվեց, Ջաքը նույնիսկ ստիպված նրան բռնեց ու թափ տվեց։
 
— Էդ գազանն ո՞ւր է ապրում։
 
Փըրսիվալը Ջաքի ձեռքերին ծանրացավ։
 
— Համա թե խելոք գազան պտի լինի,— ծաղրեց Խոզուկը,— որ կարանա էս կղզում պախկվել։
 
— Ջաքն ամեն տեղ ման է եկել․․․
 
— Որտե՞ղ պտի ապրեր, որ․․․
 
— Բա չէ՜, գազան․․․
 
Փըրսիվալն ինչ-որ բան մրթմրթաց, և ժողովը նորից ծիծաղեց։ Ռալֆն առաջ թեքվեց։
 
— Ինչ է ասո՞ւմ։
 
Ջաքն ականջ դրեց Փըրսիվալի պատասխանին և նրան բաց թողեց։ Փըրսիվալն, ազատվելով, մարդ արարածների ապահով շրջապատում, պառկեց երկար խոտի մեջ և քնեց։
 
Ջաքը կոկորդը մաքրեց և իմիջիայլոց հայտարարեց։
 
— Նա ասեց, որ գազանը ծովի մեջից է գալիս։
 
Ծիծաղն ընդհատվեց։ Ռալֆն ակամա շուռ եկավ՝ կքված մութ ստվերի պես ուրվագծվելով ծովախորշի ֆոնին։ Բոլորը միևնույն կողմն էին նայում՝ տնտղելով ջրի անծայրածիր տարածքը, ծովի առեղծվածային, անակնկալներով լի անհատակ կապույտը, լուռ ականջ դնելով խութերի մոտ ալիքների հեծեծանքին։
 
Մորիսն անսպասելիորեն այնքան բարձր խոսեց, որ բոլորը վեր թռան։
 
— Հայրս ասում էր, որ դեռ ծովի բոլոր բնակիչներին չեն էլ գտել։
 
Նորից վեճ բռնկվեց։ Ռալֆը խեցին պարզեց, և Մորիսը հնազանդ այն իր ձեռքն առավ։
 
Բոլորը լռեցին։
 
— Ջաքը ճիշտ ասեց, որ ով երբ ասես կարա վախենա, դրա մեջ մի բան չկա։ Երբ որ նա ասեց, որ էս կղզում մենակ խոզեր կան, էլի երևի ճիշտ էր, բայց ի՞նչ իմանաս, այսինքն նա հո հաստատ չի՞ կարող ասել․․․— Մորիսը շունչ քաշեց,— հերս ասում էր, որ ծովում մի տեսակ հրեշ կա, էն որ թանաք է բաց թողնում, ութոտանի, ասում է դրանք հարյուր մետրանոց էլ են պատահում ու հանգիստ կարան կետ ձկանը կուլ տալ։— Նա կանգ առավ ու զվարթ ծիծաղեց։— Ես գազանին չեմ հավատում։ Խոզուկի ասելով, կյանքում ամեն բան գիտական է, բայց ի՞նչ իմանանք․․․ Այսինքն հաստատ չգիտենք, չէ՞․․․
 
Ինչ-որ մեկը ձայն տվեց։
 
— Ծովահրեշը ջրից դուրս գալ չի կարող։
 
— Շատ լավ էլ կարող է։
 
— Չէ, չի կարող։
 
Հարթակն անմիջապես լցվեց աղաղակող, վիճաբանող, ձեռքներն աշխույժ թափահարող ստվերներով։ Գերանին նստած, Ռալֆին թվում էր, որ բոլորը խելագարվել են։ Ինչ ասես դուրս չեն տալիս՝ էլ վախ, էլ գազան-մազան ու չեն հասկանում, որ խարույկն ամեն ինչից կարևոր է։ Իսկ երբ փորձում ես նրանց խելքի բերել, ամեն ինչ իրար են խառնում, սկսում են հիմար ու տհաճ բաներ դուրս տալ։
 
Մթան մեջ իր կողքին սպիտակ մի բան նշմարելով, նա Մորիսի ձեռքից խեցին ճանկեց և, ինչքան ուժ ուներ, փչեց։ Ժողովը, հանկարծակիի գալով, լռեց։ Սայմոնը կողքից ձեռքը դրեց խեցու վրա։ Նա խոսելու աղետալի մի մղում էր զգում, չնայած ժողովի առջև ելույթ ունենալու միտքն ահաբեկում էր նրան։
 
— Մեկ էլ,— կամաց կմկմաց նա,— մեկ էլ տեսար, էդ գազանն իսկականից կա։
 
Շուրջբոլորը վայնասուն ծագեց, Ռալֆը զարմացած կանգնեց։
 
— Ա՛յ Սայմոն, ու դու հավատում ես, հա՞։
 
— Չեմմանում։— Ասաց Սայմոնը։ Նրա սիրտը թռել էր կոկորդը։— Բայց դե․․․
 
Փոթորիկը պայթեց։
 
— Բերանդ փակի։
 
— Վեր ընկի տեղդ։
 
— Փողը դրա ձեռից առեք։
 
— Իշու գլուխ։
 
— Ձենդ կտրի, թե չէ․․․
 
Ռալֆը գոռաց։
 
— Սպասեք, տեսնենք, ինչ կասի։ Փողն ինքն է բռնել։
 
— Ես ուզում էի ասել, որ երևի․․․ էդ հենց մենք ենք։
 
— Արա, սա լրիվ ցնդվել է։
 
Դա արդեն քաղաքավարությունը ոտնահարող Խոզուկն էր։
 
— Երևի հենց մենք ենք, որ, ո՞նց ասեմ․․․
 
Սայմոնը խոսքեր չէր գտնում մարդկության հիմնական արատը բնութագրելու համար։ Հանկարծ նա պայծառացավ։
 
— Ո՞րն է աշխարհի ամենակեղտոտ բանը։
 
Ի պատասխան Ջաքը գռեհիկ միավանկ մի հիշոց նետեց դրան հետևած տարակուսող լռության մեջ։
 
Լարումը պարպվեց կտղուցքի պես։ Ճոճվող գերանին մագլցած փոքրիկները նորից հրճվանքով ցած գլորվեցին։ Որսորդները ցնծագին ոռնում էին։
 
Ծիծաղը ցավոտ հարվածեց և փշրեց Սայմոնի վճռականությունը, նա խեղճացած նստեց տեղը։
 
Վերջապես ժողովը հանդարտվեց։ Ինչ-որ մեկն առանց հերթի ասաց։
 
— Իր ասածը երևի ուրուներն են։
 
Ռալֆը խեցին բարձրացրեց և հայացքը հառեց խավարին։ Դժգույն լողափը հազիվ էր երևում։ Փոքրերը կարծես թե ավելի էին մոտեցել։ Դե իհարկե, պինդ իրար գրկած, նրանք նստել էին կենտրոնի խոտերի մեջ։ Քամին շարժեց արմավների կատարները, և տերևների խշխշոցը լռության և խավարի մեշ ավելի նկատելի ու բարձր թվաց։ Երկու գորշ ծառաբուն իրար էին քսվում չարագուշակ մի ճռռոցով, որը մինչ այդ ցերեկով ոչ ոք չէր նկատել։
 
Խոզուկը նրա ձեռքից խեցին վերցրեց։ Նրա ձայնը վրդովված էր։
 
— Ես ոչ մի տեսակ ուրվականների չեմ հավատում։
 
Ջաքը նույնպես ոտքի վրա էր, չգիտես ինչու զայրացած գոռալով։
 
— Քո հավատած-չհավատածը ոչ ոքի վեջը չի, Հաստաքամակ։
 
— Խեցին ես եմ բռնել։
 
Տուրուդմփոց սկսվեց։ Խեցին մթան մեջ դեսուդեն էր անում ։
 
— Շուտ արեք փողը հետ տվեք։
 
Ռալֆը խցկվեց նրանց միջև և կրծքին մի հարված կերավ։ Նա ուժով մեկի ձեռքից խեցին պոկեց և շնչակտուր նստեց իր տեղը։
 
— Հերիք եղավ ուրուներից խոսեք, առավոտ լույսով մի բան կանենք։
 
Մի անանուն ձայն կամացուկ ասաց։
 
— Երևի էդ գազանը հենց ուրու էլ լինի։
 
Ժողովն ասես քամուց ցնցվեր։
 
— Համը հանեցիք անհեթեթ մեջ ընկնելով։— Ասաց Ռալֆը։— Առանց կարգուկանոնի մարդավարի ժողով անել չի լինի։
 
Նա նորից կանգ առավ։ Ժողովի իր մանրակրկիտ ծրագիրը տապալվել էր։
 
— Հիմա ես ձեզ ի՞նչ ասեմ։ Ինչ էշություն արի, որ էսքան ուշ ժողով կանչեցի։ Բոլորս էլ հոգնել ենք, եկեք էդ ուրուների հարցը քվեարկենք ու գնանք քնենք։ Ջաք, հո դո՞ւ չես, սպասի։ Ես ասում եմ, որ ուրուների չեմ հավատում, կամ ավելի ճիշտ, հավատալս չի գալի։ Բայց դրանց մասին մտածելն էլ դուրս չի դալիս, էլ չասած՝ գիշերով։ Մենք ինքներս հենց էն գլխից որոշեցինք բոլոր հարցերը լուծել։
 
Նա խեցին մի պահ վեր բարձրացրեց։
 
— Էնպես որ հիմա եկեք գցենք-բռնենք, ուրվականներ կա՞ն, թե՞ չէ։
 
նա մի պահ մտածեց, հարցը ձևակերպելով։
 
— Ո՞վ է կարծում, որ ուրվականները կան։
 
Երկար ոչ ոք ձայն չէր հանում և չէր շարժվում։ Ռալֆն ուշադիր նայեց մթությանը և սկսեց տարբերել բարձրացված ձեռքերը։
 
— Պարզ է։— Տափակ ձայնով ասաց նա։
 
Օրինավոր ու հասկանալի աշխարհը ձեռքից փախչում էր։ Առաջ ամեն ինչ իր տեղն ուներ, իսկ հիմա․․․ նավն էլ թողեց գնաց։
 
Խեցին նրա ձեռքից պոկեցին և լսվեց Խոզուկի ճղճղան ձայնը։
 
— Ես ոչ մի ուրվականի օգտին չեմ քվեարկել։
 
Նա կտրուկ դարձավ ժողովի կողմը։
 
— Տեսեք, հետո չասեք։
 
նա ոտքով խփեց գետնին։
 
— Լսեք, մենք մա՞րդ ենք, թե՞ անասուն։ Վայրենի՞ ենք, ի՞նչ ենք։ Մեծերը մեր մասին ի՞նչ կմտածեն։ Թողնում ցրվում ենք, խոզի հետևից ընկնում, կրակն անտեր թողնում, ու հիմա էլ․․․
 
Խոզուկի վրա քինոտ մի ստվեր քշեց։
 
— Ձենդ կտրի, դանդալոշ հաստաքամակի մեկը։
 
Նորից գզվռտոց բռնկվեց, և խեցին սկսեց վերուվար փայլատակել։ Ռալֆը ոտքի ցատկեց։
 
— Ջա՛ք, Ջա՛ք, փողը քեզ տվող չի եղել։ Թող ինքը խոսի։
 
Ջաքի դեմքը հայտնվեց նրա մոտ։
 
— Դու էլ ձենդ կտրի։ Տո դո՞ւ ով ես, որ։ Նստած սրան-նրան հրամաններ ես տալիս։ Ո՛չ որս անել կարաս, իսկի երգել չգիտես․․․
 
— Ես առաջնորդն եմ, ինձ ընտրել են։
 
— Շատ պետքս է էդ ընտրելը, մենակ թե ախմախ հրամաններ տաս․․․
 
— Փողը Խոզուկի մոտ է։
 
— Ո՜նց կլիներ, ընկերոջդ կպնող եղավ․․․
 
— Ջա՜ք․․․
 
Ջաքր սկսեց նրան մաղձոտ կապկել։
 
— Ջա՜ք, Ջա՜ք։
 
— Օրենքը,— գոռաց Ռալֆը,— դու օրենքն ես խախտում։
 
— Հետո՞ ինչ։
 
Ռալֆը խելքը գլուխը հավաքեց։
 
— Հետո էն, որ օրենքներից բացի, մենք ուրիշ բան չունենք։
 
Բայց Ջաքը նորից էր պոռում։
 
— Թքած ունեմ ես քո օրենքների վրա։ Մենք ուժեղ ենք՝ մենք որս ենք անում։ Գազան էլ լինի, կտանք, կսպանենք։ Կալմեջ կանենք ու հա կդնգսենք․․․
 
Վայրի ոռնոցով նա ցած թռավ ծովափի դժգույն ավազին։ Հարթակն իսկույն լցվեց գոռում-գոչյունով, խառնաշփոթ ծիծաղով և ճիչերով։ Ժողովը կազմալուծվեց և գիշերային լողափով մեկ ցաք ու ցրիվ եղավ, տեսադաշտից վերանալով։
 
Ռալֆը զգաց իր այտին հպված խեցին և Խոզուկի ձեռքից այն վերցրեց։
 
— Հիմա մեծերն ի՞նչ են ասելու,— նորից բացականչեց Խոզուկը,— մի դրանց նայի։
 
Ծովափից լսվում էին կեղծ որսի ձայները, սանձարձակ ծիծաղն ու հավատի սարսափի ճիչերը։
 
— Ռալֆ, արի դու փողը փչի։
 
Խոզուկն այնքան մոտ էր, որ Ռալֆը տեսնում էր նրա ակնոցի միակ ապակու փայլը։
 
— Տենց էլ խարույկը գլուխները չմտավ։ Ախր ո՞նց չեն հասկանում։
 
— Դու հիմա պիտի խիստ լինես, պիտի ստիպես, որ քո ասածն անեն։
 
Ռալֆի ձայնը շրջահայաց էր, ասես նա թեորեմ յուրացնելիս լիներ։
 
— Եթե ես խեցին փչեմ ու նրանք չգան, ուրեմն՝ վերջ։ Էլ խարույկը պահող չի լինի։ Վայրի գազանների պես կդառնանք։ Ես չեմ տեսնում էնտեղ իրանք ինչ են անում, բայց հո լսում եմ։
 
Ցրված ստվերներն այժմ միացել էին, և լողափի վրա, ինչ-որ բան երգելով, մի ստվար սև զանգված էր պտտվում։ Հալից ընկած փոքրերը կաղկանձելով հեռանում էին։ Ռալֆը խեցին հպեց շուրթերին, բայց հետո ցած դրեց։
 
— Իսկ գլխավորը, Խոզուկ, ուրուները կա՞ն։ Կամ էդ գազանը։
 
— Էլի որ չկան։
 
— Ինչի՞։
 
— Որ լինեին, ամեն ինչ իրա իմաստը կկորցներ՝ տները, փողոցները․․․ հեռուստացույցը չէր աշխատի։
 
Շուրշպար բռնած տղաներն աստիճանաբար հեռանում էին, մինչև որ նրանց երգը վերածվեց լոկ անխոսք կշռույթի։
 
— Իսկ, ասենք, թե էդ բաներն իսկականից իմաստ չունեն, հենց թեկուզ էստեղ, մեր կղզում։ Ի՞նչ զիտես, որ նրանք հիմա մեր վրա աչք չեն դրել, չեն սպասում։
 
Ռալֆն ուժգին սարսռաց և մղվեց Խոզուկի կողմը։ Նրանք մթան մեջ բախվեցին իրար ու երկուսն էլ խիստ վախեցան։
 
— Գոնե դու էդպես չխոսեիր, Ռալֆ։ Առանց դրա էլ վիճակներս մի բան չի, ես արդեն հազիվ եմ դիմանում։ Վրից էլ էդ ուրուները․․․
 
— Ես ձեռ կքաշեմ առաջնորդ լինելուց։ Լսո՞ւմ ես, ինչ են անում։
 
— Աստված սիրես, մենակ թե տենց բան չանես։
 
Խոզուկը բռնվեց Ռալֆի թևից։
 
— Եթե Ջաքն առաջնորդ լինի, առավոտից-իրիկուն որս կանեն ու խարույկին նայող չի մնա։ Ու մենք կմնանք էստեղ, մինչև բոլորս չմեռնենք։
 
Հանկարծ Խոզուկը ծղրտաց։
 
— Էդ ո՞վ է էդտեղ նստած։
 
— Ես եմ՝ Սայմոնը։
 
— Որ ասում եմ, բանի պետք չենք։— Ասաց Ռալֆը։― Ոնց որ քոռ մկներ։ Չէ, ձեռ եմ քաշելու։
 
— Դու որ ձեռ քաշես,— լեղապատառ շշնջաց Խոզուկը,— իմ հալն ի՞նչ է լինելու։
 
— Բան էլ չի լինի։
 
— Ինքն ատում է ինձ։ Չիմացա ինչի։ Քեղ ինչ կա որ՝ ինքը քեզ բանի տեղ կդնի։ Տեղը որ գա, դու մռթին էլ կարաս տալ։
 
— Բա էդ ո՞վ էր նոր հետն առյուծի պես կռվում։
 
— Ախր փողը մոտս էր,— միամիտ ասաց Խոզուկը,— ես խոսելու իրավունք ունեի։
 
Սայմոնը մթան մեջ շարժվեց։
 
— Դո՛ւ մնա առաշնորդ։
 
— Դո՛ւ գոնե չխոսեիր, մոծակ։ Չէի՞ր կարող ասել, որ ոչ մի զազան չկա։
 
— Ես նրանից վախենում եմ,— ասաց Խոզուկը,— դրա համար էլ նրան լավ գիտեմ։ Մեկից որ վախենում ես, սկսում ես ատել, բայց դրան արդեն գլխիցդ չես հանում։ Ինքդ քեզ համոզում ես, որ լավ, էնքան էլ վատը չի, բայց հենց որ նորից տեսնես, շնչարգելության պես չոքերդ թուլանում են։ Դու ինձ լսի Ռալֆ, ինքը քեզ էլ է ատում։
 
— Ի՞նձ ինչի պիտի ատի։
 
— Ինչ իմանա՞մ։ Դու նրան խարույկի համար թուքումուր արիր։ Համ էլ դու առաջնորդ ես, իսկ ինքը՝ չէ։
 
— Հետո՞ ինչ։ Ինքն էլ․․․ Ինքն էլ Ջաք Մերիդյուն է։
 
— Ես իմ կյանքում էնքան եմ հիվանդ պառկել, որ ահագին մեծացել եմ։ Ես մարդկանց լավ եմ ճանաչում։ Ես ինձ էլ գիտեմ, իրան էլ։ Ինքը քեզ բան չի անի, բայց որ դու արդեն չխանգարես, ինքը հաջորդի վրա կհարձակվի։ Իսկ էդ ես եմ։
 
— Ռալֆ, ճիշտ է ասում Խոզուկը։ Դու չլինես՝ Ջաքը կլինի։ Դո՛ւ մնա առաջնորդ։
 
— Դանդալոշների պես ամեն ինչ ձեռներիցս գնում է։ Տանը գոնե մեծեր կային։ «Ներեցեք, սըր, ներեցեք, միս», ու խնդրեմ, ամեն ինչի պատասխանը կա։ Այ թե հիմա․․․
 
— Երանի՜ թե մորքուրս էստեղ լիներ․․․
 
— Երնե՜կ թե հայրս․․․ Է՜հ, ի՞նչ օգուտ։
 
— Խարույկը որ պահենք․․․
 
Որսորդներն ավարտել էին իրենց պարն ու գնում էին դեպի քոլիկները։
 
— Մեծերն ամեն ինչ գիտեն։— Ասաց Խոզուկը։— Նրանք մթան մեջ չեն վախենում։ Նրանք հիմա կնստեին թեյելու ու բոլոր հարցերը կլուծեին․․․
 
— Նրանք կղզին չէին հրդեհի։ Ու չէին կորցնի էն․․․
 
— Նրանք նավ կսարքեին․․․
 
Երեք տղա կանգնած էին մթան մեջ, ապարդյուն ջանալով բնութագրել մեծերի կյանքի վեհությունն ու հմայքը։
 
— Նրանք չէին վիճի․․․
 
— Ու ակնոցս չէին ջարդի․․․
 
— Ոչ էլ գազանի անուն կտային․․․
 
— Երանի կարողանային մեզ մի լուր հասցնել,— վհատված բացականչեց Ռալֆը,— մեծական մի բան ուղարկեին, կամ գոնե մի նշան տային․․․
 
Խավարի միջից եկավ մի բարակ կաղկանձ, նրանց լեղապատառ նետելով իրար գիրկը։ Կաղկանձը սաստկացավ, հեռավոր ու անդրերկրային, ապա վերածվեց անկապակցված քրթմնջոցի։ Փըրսիվալ Վիմզ Մեդիսընը, ծխական քահանայի տնից, Հաքըթ Սենթ Անթընի, բարձր խոտերի մեջ պառկած, ապրում էր այն արհավիրքը, որի դեմ անզոր է նույնիսկ անգիր արված հասցեի կախարդանքը։
Վստահելի
1318
edits