Ջաքը նրանց առաջնորդեց ներքև և անցկացրեց պարանոցով։
=Յոթերորդ գլուխ։ Բարձր ծառեր ու ստվերներ=
Խոզերի արահետն անցնում էր կղզու մյուս կողմի ափամերձ ապառաժների կողքով, և Ռալֆը գոհ էր, որ առջևից Ջաքն է գնում։ Եթե ի վիճակի լինեիր ականջը փակել ծովի անշտապ սվվոցին ու վերադարձի ֆշշոցին, և մոռանալ, թև ինլքան խուլ ու վայրի են չորս կողմի թավուտները, ապա հնարավոր էր գազանին գլխից հանել և որոշ dամանակ մատնվել երազանքների։ Արևը հասել էր միջկամարին և կղզին կիզում էր ճիշտ վերևից։ Ռալֆը Ջաքին նշան արեց, և հաջորդ մրգատու ծառի տակ բոլորը կանգ առան ուտելու։
Գետնին նստած, Ռալֆն օրվա մեջ առաջին անգամ նկատեց շողը։ Նա զզված քաշեց իր գորշ շապիկից ու սկսեց կշռադատել այն լվանալու բախտախնդիր հնարավորությունը։ Շոգն այսօր անտանելի էր նույնիսկ այս կղզու համար։ Ռալֆը վճռեց իրեն կարգի բերել։ Չէր խանգարի մի մկրատ ունենալ ու մազերը մարդավարի կտրել, նա հետ գցեց կեղտակոլոլ խուրձը։ Հետո լոգանք ընդունել՝ մի լավ թավալվել փրփրած սապնաջրում։ Լեզվի ծայրով տնտղեց ատամներն ու գտավ, որ ատամի խոզանակն էլ տեղին կլիներ։ Իսկ եղունգները․․․
Ռալֆը շուռ տվեց և սկսեց ուսումնասիրել ձեռքերի ափերը։ Եղունգները մինչև հիմքը կրծած էին, չնայած նա չէր մտաբերում, թե երբ է վերսկսել այդ ամոթալի սովորույթը։
— Սենց որ գնա, մատս էլ կսկսեմ ծծել․․․
Նա գողեգող շուրջը նայեց։ Ոչ ոք կարծես թե չէր լսել։ Որսորդները, փորները հեշտ ուտելիքով լցնելով, փորձում էին իրենք իրենց համոզել, որ աշխարհում բանանից ու ինչ-որ կանաչ դոնդողաձև ուրիշ մրգից համով բան չկա։ Իր վաղեմի, կոկիկ արտաքինն ընդունելով որպես չափանիշ, Ռալֆը սկսեց տղաներին ուսումնասիրել։ Նրանք կեղտոտ էին, բայց ոչ այն դիտարժան տեսքով, որն ունենում են ցեխը մտած կամ անձրևաջրով քայլող երեխաները։ Նրանցից ոչ մեկը ցնցուղի ակնհայտ թեկնածու չէր, բայց և այնպես․․․ Մազերը երկար էին, տեղ-տեղ չոր տերևի կամ չոփի շուրջ խճճված, դեմքերը ուտելուց և քրտնելուց բավականաչափ մաքուր էին բայց պակաս մատչելի տեղերում մի տեսակ ստվերոտ էին, հագուստը քրջոտ էր ու քրտինքից կարծրացած, այն կրում էին ոչ թե պճնվելու կամ հարմարության համար, այլ, ավելի շուտ, սովորությունից դրդված, մաշկն աղաջրից թեփոտել էր․․․
Ռալֆը հանկարծ հասկացավ, որ արդեն ընտելացել է այդ ամենին և նորմալ է համարում։ Նրա սիրտը մի պահ ընկճվեց։ Նա հոգոց հանեց և մի կողմ հրեց մաքրազարդած ճյուղը։ Որսորդները արդեն սպրդում էին ծառերի հետևն ու ժայռերի արանքը իրենց գործն անելու։ Ռալֆը շուռ եկավ ծովի կողմը։
Այստեղ, կղզու մյուս կողմում, տեսարանը կատարելապես ուրիշ էր։ Միրաժները չէին դիմանում օվկիանոսյան սառը ջրին և հորիզոնը միանգամայն հստակ, կապույտ գծով կտրում էր տեսադաշտը։ Ռալֆն իջավ քարափների մոտ։ Ներքևում, համարյա ծովի մակարդակին, լավ էր երևում անհատնում բարձր ալիքների ուռուցիկ անցուդարձը։ Նրանք մղոնների երկարություն ունեին, բոլորովին նման չէին կոհակի կամ խութերի ծփանքին և այնպես էին քսվում կղզուն, կարծես ամենևին հաշվի չառնեին նրան և մտքներին ուրիշ գործ ունենային, ոչ այնքան ալիքներն էին շարժվում, որքան ինքն օվկիանոսը՝ ծառանում և իջնում։ Այժմ ծովը հետ էր ծծվում, նահանջի ճանապարհին փոքրիկ ջրվեժներ ու ջրապտույտներ առաջացնելով։ Քարափների կողքով իջնելիս, ծովը փայլուն մազերի պես նրանց էր ծեփում ջրիմուռները, ապա, հապաղելով և ուժ հավաքելով, հռնդալով անդիմադրելի վեր էր խոյանում, փրփրած ձեռքը պարզում ծերպերին և, համարյա հասնելով, փշրվում բյուրավոր ցայտերի մատներով։
Ալիք-ալիքի հետևից Ռալֆը նայում էր այդ տատանմանը, մինչև որ, առնչաղուրկ ծովին հետևելով, նրա ուղեղը թմրեց։ Հետո, աստիճանաբար, անընդգրկելի տարածքի խորհուրդը ներխուժեց նրա գիտակցությունը։ Սա անջրպետն էր՝ վախճանը։ Կղզու մյուս կողմում, միրաժներով շղարշված, ծովախորշի ապահով վահանի ներքո, փրկության պատրանքը դեռ ընդունելի էր։ Բայց այստեղ, օվկիանոսի բիրտ անզգայությանը դեմդիմաց, անծայրածիր տարածքով ամեն ինչից կտրված, մարդ վհատության էր մատնվում, անտերանում, ջնջվում․․․
Սայմոնը խոսեց ճիշտ նրա ականջին։ Ռալֆը հանկարծակիի եկավ, տեսնելով, որ ինքը երկու ձեռքով պինդ սեղմել է ժայռը, կքված, վիզը թմրած ու բերանը լայն բաց։
— Դու անպայման տուն կգնաս, մի մտածի։
Սայմոնը գլխով էր անում։ Նա ծունկի էր իջել վերևի քարին, մի ոտքն իջեցրած Ռալֆի կողմը և կողքի քարափը երկու ձեռքով գրկած։
Ռալֆը տարակուսանքով նայեց նրա դեմքին, փորձելով գտնել այդ խոսքերի բանալին։
— Ախր էս անտերը ծայր չունի․․․
Սայմոնը գլխով արեց։
— Մեկ է, դու հետ կգնաս, ես գիտեմ։
Ռալֆի մարմինը լիցքաթափվեց։ Նա մի հայացք նետեց հովի կողմը և դառը ժպտաց Սայմոնին։
— Չլինի՞ թե գրպանիդ մեջ նավ ունես պահած։
Սայմոնը նույնպես ժպտաց և գլուխը շարժեց։
— Բա ի՞նչ գիտես, որ ասում ես։
Սայմոնը լուռ էր։
— Խփնված ես, էլի։
Սայմոնը կատաղի գլուխը տարուբերեց, թափ տալով իր սև, կոշտ մազախուրձը։
— Բոլորովին։ Պարզապես գիտեմ, որ դու ոնց էլ լինի հետ կգնաս։
Մի պահ երկուսն էլ լուռ էին։ Հետո հանկարծ իրար ժըպտացին։
Ռոջըրը գոռաց թփուտների միջից։
— Շո՛ւտ, եկեք տեսե՛ք։
Արահետի մոտ հողը փորփրած էր, կողքին գոլորշի արձակող թրիք կար։ Ջաքը սիրահարվածի պես կռացավ վրան։
— Ջալֆ, նույնիսկ եթե մենք ուրիշ բանի հետևից ենք ընկել, միսը ոնց էլ լինի պետք է։
— Եթե ճամփան չթեքենք, ինչքան ուզում եք, որս արեք։
Նրանք առաջ գնացին։ Որսորդները, գազանի հիշատակումից, փոքր-ինչ ավելի սեղմ էին քայլում, մինչ Ջաքը պրպտում էր առջևում։ Նրանք ավելի դանդաղ էին շարժվում, քան նկատի էր ունեցել Ռալֆը, բայց նա ինչ-որ չափով նույնիսկ ուրախ էր նիզակը գրկած մի քիչ դեգերել։ Ջաքը դեմ էր առել իր արհեստի ստիպողական պարագաներից մեկին, և ամբողջ խումբը կանգնել էր։ Ռալֆը հենվեց մոտակա ծառին և տեղնուտեղն ընկղմվեց անուրջների մեջ։ Որսը Ջաքի գործն էր, իսկ սարին ինչպես էլ լիներ կհասնեին․․․
Ժամանակին, երբ հորը Չաթըմից տեղափոխել էին Դևընփորթ, նրանք ապրում էին չոլերի եզրին գտնվող մի տանը։ Իր ապրած տների շարքից այն հատկապես հստակ էր հիշում, որովհետև դրանից հետո նրան ուղարկեցին դպրոց։ Մայրիկը դեռ իրենց հետ էր, և հայրիկն ամեն օր տուն էր գալիս։ Պարտեզի դրսի ցանկապատին միշտ փոքրիկ վայրի ձիուկներ էին մոտենում, ձյուն էր գալիս։ Տան հետևում ցախատան պես մի բան կար, կարելի էր այնտեղ պառկել ու հետևել կողքից թռչող փաթիլներին։ Սկզբում ամեն մի փաթիլից թաց հետք էր մնում, հետո նշմարում էիր առաջին չհալված փաթիլն ու նայում, թե ինչպես էր ամբողջ գետինը սպիտակում։ Հետո, արդեն մրսելով, կարելի էր տուն մտնել ու պատուհանից դուրս նայել, պղնձե փայլուն թեյնիկի ու կապույտ մարդուկներով պնակի վրայով․․․
Անկողնում շաքարով ու սերուցքով եգիպտացորենի ձողիկներ էին տալիս։ Հետո գրքերը․․․ Մահճակալի մոտ՝ դարակին իրար հենված, մի երկուսը միշտ խցկած վերևից, որովհետև ծուլացել էիր ճիշտ տեղը գնել։ Գրքերը քրքրված էին ու մաշված։ Կար Թոփսիի ու Մոփսիի մասին փայլուն կազմով գրավիչ մի գիրք, որը նա երբեք չէր կարդում, որովհետև այն երկու աղջկա մասին էր։ Մի գիրք էլ կար, կախարդի մասին, որը նա կարդում էր սարսափից փշաքաղվելով, բաց թողնելով քսանյոթ էջը՝ այնտեղ ահավոր սարդի նկարն էր։ Կար մի գիրք հողը փորող ու բաներ հանող մարդկանց մասին՝ ինչ-որ եգիպտական բաներ։ «Գնացքների գիրք տղաների համար», «Նավերի գիրք տղաների համար»։ Նրանք կարծես աչքի առաջ լինեին, մնում էր ձեռքը երկարել և, դուրեկան ծանրություն զգալով, վերցնել դարակից սահող «Տղաների հսկա գիրքը»*
*․․․ Ամեն ինչ լավ էր, ամենքը բարի էին ու հոժարակամ։*
Դիմացի թփերը շրխկացին։ Տղաները ճչալով դես ու դեն նետվեցին և ծվարեցին լիանաների տակ։ Ինչ-որ բան Ջաքին մի կողմ շպրտեց։ Արահետով Ռալֆի կողմն էր վազում փայլատակող ժանիքներով սարսռազդու խռնչացող մի կենդանի։ Ռալֆն անսպասելի սառնասրտությամբ նշան բռնեց և մի հինգ մետրից նետեց իր հիմար փայտը, որը մխրճվեց և մի պահ մնաց ահռելի դնչից կախված։ Վարազը վնգստաց ու ցատկեց կողքի թփուտները։ Արահետը նորից լցվեց տղաների աղաղակով, Ջաքը մոտ վազեց ու սկսեց թփերը քրքրել։
— Էստեղ մտավ․․․
— Գործ չունենք, կտա կսպանի․․․
— Էստեղ, ասեցի․․․
Վարազը մացառների միջով փախչում էր։ Տղաներն առաջինին զուգահեռ մի նոր արահետ գտան և ընկան նրա հետևից։ Առջևից Ջաքն էր վազում։ Ռալֆը լի էր հպարտությամբ, վախով ու կանխազգացումներով։
— Ես նրան խփեցի, նիզակս խրվեց մեջը․․․
Նրանք անսպասելիորեն դուրս եկան ծովի ափը։ Ջաքը մտահոգված տեսքով նետվեց քարափները խուզարկելու։
— Փախավ։
— Ո՜նց խփեցի։— Կրկնեց Ռալֆը,— մեջը պահեց, է՜։ Նա վկաների կարիք զգաց։
— Տեսաք, չէ՞։
Մորիսը գլխով արեց։
— Բա ոնց, հո չավի՛ր մռթին, շըրը՜խկ․․․
Ռալֆը բորբոքված շարունակում էր։
— Կպա է՜, խրվել էր մեջը։ Հաստատ վիրավորել եմ։
Նա ըմբոշխնում էր իր հանդեպ ծագած ակնածանքի նոր որակը՝ ի վերջո, որսն էլ վատ բան չէր։
— Մի լավ հագցրի։ Ով գիտի հենց գազանն էր։
Ջաքը վերադարձավ։
— Գազանը չէր՝ վարազ էր։
— Ես նրան խփեցի։
— Ձեռքով պիտի բռնեիր, իմ պես․․․
Ռալֆի ձայնը սրվեց։
— Ո՞ւմ, վարազի՞ն։
Ջաքն անմիջապես կարմրեց։
— Բա ասեցիր, կտա-կսպանի։ Էլ ինչի՞ էիր նիզակով խփում, մի քիչ սպասեիր, էլի։
Նա ձեռքը պարզեց առաջ։
— Դե նայեք։
Եվ ձախ արմունկը թեքեց, որ բոլորը տեսնեն։ Դրսի կողմից պատռվածք կար, չնչին, բայց արյունազեղ։
— Ժանիքով ճղեց։ Իսկի չհասցրի նիզակս վրա բերեմ։
Ուշադրությունը տեղափոխվեց Ջաքի վրա։
— Վերք է եղել։— Ասաց Սայմոնը։— Պիտի ծծես։ Ոնց որ Բերենգարիան։
Ջաքը ծծեց։
— Ես նրան խփեցի,— վրդովվեց Ռալֆը,— կպա մոթին ու վիրավորեցի։
Նա փորձում էր վերագրավել տղաների ուշադրությունը։
Ռոբերտը նրա վրա գռմոաց։ Ռալֆը մտավ խաղի մեջ, և տղաները ծիծաղեցին։ Բոլորն արդեն նիզակները ճոճում էին Ռոբերտի վրա, որը, կապիկություն անելով, խույս էր տալիս։
Ջաքը բացականչեց։
— Շրջան սարքեք։
Շրջանը պտույտի բռնվեց և աստիճանաբար նեղացավ։ Ռոբերտը սկսեց շինծու սարսափի, իսկ ապա նաև՝ անկեղծ ցավի ճիչեր արձակել։
— Վա՜խ։ Հերի՜ք եղավ։ Ցավացնում եք, չէ՞։
Նա սայթաքեց, և նիզակի բութ ծայրն իջավ նրա մեջբին,
— Բռնե՜ք դրան։
Նրան ձեռքերից ու ոտքերից բռնեցին։ Հանկարծ ոգևորությամբ բռնկված, Ռալֆը խլեց Էրիքի նիզակն ու ինքն էլ սկսեց այն ճոճել Ռոբերտի վրա։
— Սպանեք դրան, սպանեք։
Ռոբերտն իսկույն սկսեց կատաղի ճչալ ու խենթի պես քացի տալ։ Ջաքը բռնել էր մազերից և դանակով սպառնում էր։ Ռոջըրը նրա հետևից փորձում էր առաջ խցկվել։ Ապա, ասես որսի կամ պարի վերջին պահերին, ծնվեց ծիսական երգը։
— Խոզին մորթենք, կոկորդը ճղենք, արյունը թափենք, տանք ջախջախենք։
Ռալֆը նույնպես ձգտում էր մոտ անցնել, ձեռքը գցել դարչնագույն, անօգնական մարմնի իր բաժինը։ Վնասելու և ցավ պատճառելու անհագ ծարավն ամենակուլ էր։
Ջաքն իր ձեռքն իջեցրեց՝ բոլորը ցնծագին բացականչեցին և սկսեցին մահամերձ խոզի ձայներ արձակել։ Ապա, ուժասպառ հևալով, պառկեցին, ականջ դնելով Ռոբերտի վախեցած թնգթնգոցին։ Նա կեղտոտ թևով դեմքը սրբեց ու փորձեց կեցվածքը վերագտնել։
— Վա՜խ, խեղճ քամակս։
Նա խնամքով պոչուկը տրորեց։ Ջաքը գլորվեց փորի վրա։
— Լավ խաղ էր։
— Խաղ էր էլի։— Անսիրտ ասաց Ռալֆը։— Մի անգամ ռեգբի խաղալուց ինձ էլ էին մի լավ կերցրել։
— Թմբուկ է պետք,— ասաց Մորիսը,— որ կարողանանք էս ամբողջը մարդավարի անել։
Ռալֆը նայեց նրան։
— Մարդավարի՞ն որն էր։
— Ինչ իմանամ։ Երևի պիտի խարույկ լինի, հետո թմբուկ, որ ամեն ինչ թմբուկի տակ անենք։
— Խոզ է պետք,— ավելացրեց Ռոջըրը,— ոնց որ իսկական որսում։
— Կամ էլ մեկը պիտի խոզի ձևն անի,— ասաց Ջաքը,— խոզի պես կհագցնենք ու թող հարձակվի վրաս, կամ դրա պես մի բան անի․․․
— Ավելի լավ է իսկականը լինի,— Ռոբերտը շարունակում էր հետևը տրորել,— վերջում սպանելու ենք, չէ՞։
— Փոքրերից մեկին կվերցնենք։— Ասաց Ջաքը, և բոլորը ծիծաղեցին։
Ռալֆը նստեց։
— Սենց որ գնա, մենք մեր փնտրածը չենք գտնի։
Նրանք մեկ-մեկ ոտքի ելան, ցնցոտիները շտկելով։
Ռալֆը նայեց Ջաքին։
— Դե գնանք սարը։
— Ավելի լավ չի՞ գնանք Խոզուկի մոտ,— ասաց Մորիսը,― քանի դեռ մութը չի ընկել։
Երկվորյակները մեկ մարդու պես գլխով արին։
— Ճիշտ է ասում։ Առավոտը կգնանք, էլի։
Ռալֆը նայեց շուրջն ու տեսավ ծովը։
— Մենք պետք է խարույկը վառենք։
— Խոզուկի ակնոցը չունենք,— ասաց Ջաքը,— Էնպես որ չենք կարա։
— Դե ուրեմն կստուգենք էնտեղ մի բան կա՞, թե՞ չէ։
Վարանելով, չուզենալով վախկոտ թվալ, Մորիսն ասաց։
— Բա որ գազանն էնտե՞ղ լինի։
Ջաքն իր նիզակն օրորեց։
— Կտանք-կսպանենք։
Արևը կարծես թե փոքր-ինչ պաղեց։ Ջաքը նիզակը թափով առաջ իջեցրեց։
— Հետո՞, ինչի՞ ենք սպասում։
— Էս ափով որ գնանք,— ասաց Ռալֆը,— կհասնենք էն վառած տեղի տակն ու հանգիստ կբարձրանանք։
Ջաքի գլխավորությամբ, նրանք առաջ քայլեցին վերուվար անող կուրացնող ծովին զուգահեռ։
Ռալֆը նորից մատնվեց երազանքներին, իր վարժ ոտքերին թողնելով ճանապարհի մանրամասնությունները։ Սակայն այստեղ նրա ոտքերն ավելի շրջահայաց էին։ Մեծ մասամբ նրանք ստիպված էին խցկվել մերկ քարափների ու խավար անտառի միջև գոյացած նեղ անցումները, երբեմն չորեքթաթ հաղթահարելով ճանապարհը փակող ապառաժները։ Տեղ-տեղ քարը թաց էր, հարկ էր լինում ցատկել տեղատվության թողած ջրափոսերի վրայով։ Ապա նրանք հասան նեղ ափը պաշտպանական ջրանցքի պես կտրող անհատակ մի ճեղքի։ Տղաները սարսուռով նայում էին ներքևում մռայլ կլթկլթացող ջրին։ Ալիքը ետ դարձավ, ջուրը եռաց, վեր խոյացավ և, հզոր շատրվանով ցայտելով մինչև լիանաները, ոտքից գլուխ թրջեց աղաղակող տղաներին։ Նրանք փորձեցին ճեղքը շրջանցել, բայց անտառը թռչնի բնից խիտ էր մանված։ Ի վերջո, որոշեցին հերթով այդ ճեղքի վրայով ցատկել, ամեն անգամ սպասելով, որ ջուրն իջնի, և այնուհանդերձ ոմանց վիճակվեց երկրորդ անգամ էլ թրջվել։ Դրանից այն կողմ ժայռերն անանցանելի էին թվում, և նրանք դադար արեցին, հագուստը չորացնելով և նայելով կողքից անցնող հսկայածավալ ալիքների փրփրած ուրվագծերին։ Հետո մրգեր գտան, որոնց շուրջը միջատների պես փոքրիկ պայծառ թռչուններ էին վխտում։ Ռալֆն ասաց, որ այդպես նրանք տեղ չեն հասնի և նրանք շտապեցին քարերի միջով, մինչև որ Ռոբերտը բավական խորը ծունկը քերծեց, և բոլորը համաձայնվեցին, որ տեղ հասնելու համար պետք է ավելի հանգիստ քայլել։ Նրանք ամենայն զգուշությամբ առաջ անցան, ասես վտանգավոր սար մագլցեին, մինչև որ ապառաժները վերածվեցին անանցանելի բուսականությամբ ծածկված անմատույց մի պատի, որը ձգվում էր ընդհուպ մինչև ծովը։
Ռալֆը գնահատեց արևի դիրքը։
— Արդեն իրիկվա կողմն է։ Ընթրիքի ժամն անցավ, էդ հաստատ։
— Ես էս պատը չեմ հիշում,— ասաց տեսքից ընկած Ջաքը։— Երևի էս տեղը բաց եմ թողել։
Ռալֆը գլխով արեց։
— Սպասեք մտածեմ։
Ռալֆն արդեն չէր քաշվում բոլորի առաջ մտածելուց, օրվա վճիռները նա կայացնում էր այնպես, կարծես շախմատ խաղար։ Միակ ցավն այն էր, որ նա հազիվ թե շախմատի գիտակ լիներ։ Նա հիշեց փոքրերին ու Խոզուկին։ Նրա աչքի առաջ ցայտուն երևաց մղձավանջերի ձայներով լի քոլիկում ծվարած Խոզուկը։
— Մենք փոքրերին ամբողջ գիշեր մենակ Խոզուկի հետ թողնել չենք կարող։
Ռալֆի շուրջը կանգնած տղաները ոչինչ չասացին, նրան նայելով։
— Եթե հետ գնանք, ով գիտի ինչքան տևի։
Ջաքը կոկորդը մաքրեց և անսովոր խեղդված ձայնով ասաց։
— Հանկարծ Խոզուկին մի բան չպատահի, չէ՞։
Ռալֆն Էրիքից խլած նիզակի կեղտոտ ծայրը թխկթխկացնում էր իր ատամներին։
— Իսկ որ կղզին կտրե՞նք․․․
Նա շուրջը նայեց։
— Մեկնումեկը պիտի կղզին կտրի ու Խոզուկին ասի, որ մենք մութն ընկնելուն չենք հասնի։
Բիլը ականջներին չհավատաց։
— Ո՞նց թե, անտառով, մենակ, հենց հիմա՞։
— Մի հոգուց ավել չի լինի ծախսել։
Սայմոնը մյուսների միջով խցկվեց Ռալֆի մոտ։
— Կուզե՞ս ես գնամ, ինձ բան չկա, աստված վկա։
Ռալֆը դեռ չէր հասցրել պատասխանել, երբ նա, հպանցիկ ժպտալով, շուռ եկավ և մտավ անտառը։
Ռալֆը դարձավ Ջաքին, կատաղած նայելով և առաջին անգամ տեսնելով նրան։
— Ջաք։ Անցած անգամ դու մինչև բերդը հասել էիր, չէ՞։
Ջաքը մռայլվեց։
— Ի՞նչ կա որ։
— Հետո էս ափով էլ ես եկել, սարի տակով, չէ՞։
— Եկել եմ։
— Ու ի՞նչ։
— Ու էն, որ խոզերի կածան գտա, երկա՜ր-երկար։
Ռալֆը գլխով արեց։ Նա ցույց տվեց անտառը։
— Ուրեմն էդ կածանն էս կողմերում պիտի լինի։
Բոլորն իմաստուն տեսքով համաձայնեցին։
— Դե որ էդպես է մենք հիմա կխցկվենք անտառը, մինչև որ էդ կածանը չգտնենք։
Նա քայլ արեց ու կանգնեց։
— Մի րոպե, բայց էդ կածանն ո՞ւր է տանում։
— Սարի մոտ։— Շարունակեց Ջաքը։— Ես քեզ արդեն ասել էի։— Նա քմծիծաղ տվեց։— Դո՞ւ չէիր ուզում սարը գնալ։
Ռալֆը հոգոց հանեց, նախազգալով նոր դիմակայությունը՝ առաջնությունը զիջելով, Ջաքն ամեն անգամ նույնն էր անում։
— Ես լույսի մասին էի մտածում։ Մթան մեջ ինչի ասես չենք կպնի։
— Բա գազա՞ն էինք փնտրելու։
— Լույսը չի հերիքի։
— Ոչինչ, ես տենց էլ կգնամ,— բորբոքված ասաց Ջաքը,— ինձ ի՞նչ կա որ։ Դու քեզ տես։ Թե՞ սկզբից մի հատ վազես Խոզուկին հարցնես։
Կարմրելու հերթը հասավ Ռալֆին։ Հիշելով Խոզուկի հուշած տեսակետը, նա հուսահատ հարցրեց։
— Ինչի՞ ես ինձ ատում։
Տղաներն անախորժ խլրտացին, ասես անպատկառ մի բան լսելով։ Լռությունը երկարեց։
Ռալֆը, վիրավորված և դեռևս բորբոքված, առաջինը շուռ եկավ։
— Գնացինք։
Նա առաջ ընկավ, իրեն վերապահելով խճճված մացառները ճեղքելու իրավունքը։ Պաշտոնազուրկ Ջաքը մտասուզված եզրափակում էր խումբը։
Խոզերի արահետը խավար մի թունել էր։ Արևն արագ գլորվում էր աշխարհի ծայրին ընդառաջ, իսկ անտառում առանց այն էլ ստվերի պակաս չէր զգացվում։ Արահետը լայն էր և լավ տրորված, այնպես որ աղաները հանգիստ վազում էին։ Շուտով տերևների կտուրը ճեղքվեց, և նրանք հևիհև կանգ առան, նայելով սարի գագաթի շուրջ կայծկլտող նոսր աստղերին։
— Էսքան բան։
Տղաները կասկածանքով իրար նայեցին։ Ռալֆը որոշում ընդունեց։
— Հիմա ուղիղ տուն ենք գնում, վաղը կբարձրանանք։
Բոլորն ի համաձայնություն մրթմրթացին։ Ջաքը մոտեցավ նրան։
— Եթե տակդ լցրել ես, ես բան չեմ ասում․․․
Ռալֆը կտրուկ շուռ եկավ։
— Ո՞վ առաջինը գնաց բերդը։
— Ես էլ եկա։ Հետո ցերեկով ի՜նչ։
— Դե լավ։ Ո՞վ է ուզում տեղնուտեղը սարը բարձրանալ։ Միակ պատասխանը լռությունն էր։
— Ինչ կասեք, Սամերիք։
— Պետք է գնալ, Խոզուկին ասել․․․
— ․․․ հա, ասել, որ․․․
— Սայմոնն արդեն ասած կլինի։
— Խոզուկին արժի ասել, մեկ էլ տեսար․․․
— Ռոբերտ, Բիլ, դո՞ւք։
Նրանք ուղիղ ափ էին գնում, վախեցած չէին, չէ՝ հոգնած։ Ռալֆը նորից դարձավ Ջաքին։
— Տեսա՞ր։
— Ես սարն եմ գնում։
Ջաքն այդ խոսքերն արտասանեց քինոտ, ասես հայհոյելով։ Նա նայեց Ռալֆին՝ նիհար մարմինը պրկված, սպառնալից բռնած նիզակը։
— Ես հիմա սարն եմ գնում գազանին փնտրելու։
Եվ ապա՝ ամենաէականը, հպանցիկ, հեգնական խոսքը։
— Կգա՞ս։
Այդ խոսքի վրա տղաների տուն գնալոլ ձգտումն անէացավ, և նրանք մնացին մթան մեջ կամքերի նոր բախումը համտես անելու։ Այդ խոսքն այնքան հաջող էր արտասանված, այնքան հեգնական ու ընկճող, որ կրկնության կարիք չուներ։ Ռալֆը հանկարծակիի եկավ, նա արդեն թմրել էր հետ գնալու մտքից, քոլիկներն ու ծովախորշի մեղմ, բարի ջրերն ակնկալելով։
— Ինչի՞ չէ։
Ռալֆն ինքն իր ձայնի վրա ապշեց՝ հանգիստ ու սառը, Ջաքի հեգնանքը չեզոքացնող։
— Եթե իհարկե դու դեմ չես։
— Չէ հա՜, ի՞նչ ես ասում։
Ջաքը քայլ արեց։
— Դե որ տենց է․․․
Տղաների լուռ հայացքների տակ, նրանք կողք-կողքի սկսեցին բարձրանալ սարը։
Ռալֆը կանգ առավ։
— Հեչ խելք չունենք։ Ասենք թե հիմա ես ու դու գնացինք, բա որ մի բան գտնենք, մենակ երկուսով ի՞նչ ենք անելու։
Տղաներն իսկույն ետ քաշվեցին։ Մի սև ստվեր անսպասելիորեն շարժվեց հոսանքին հակառակ։
— Ռոջըր, դո՞ւ ես։
— Ես եմ։
— Ուրեմն երեքով կլինենք։
Նրանք նորից սկսեցին սարի լանջով բարձրանալ։ Խավարը ալիք առ ալիք ծածկում էր նրանց։ Ջաքը, որ մինչ այդ լուռ էր, հանկարծ հազաց, և, քամու պոռթկումից, բոլոր երեքը սկսեցին շնչահեղձ լինել ու բղկբղկալ։ Ռալֆի աչքերից արցունք էր թափվում։
— Մոխիր է։ Էն վառած տեղին ենք հասել։
Ամեն քայլափոխից և անգամ աննշան զեփյուռից փոքրիկ փոշեպտույտներ էին բարձրանում։ Նրանք նորից կանգնեցին և Ռալֆը, հազալու ընդմիջումներում, հասցրեց ըմբռնել, թե իրենք ինչ մեծ հիմարություն են անում։ Եթե այնտեղ գազան չկար, որը հավանաբար հենց այդպես էր, ապա ամեն ինչ լավ է։ Բայց եթե վերևում նրանց ինչ-որ բան էր սպասում՝ մթան մեջ խարխափող, փայտ բռնած երեք տղա ի՞նչ պիտի կարողանային անել։
— Բութ ենք, էլի։
Պատասխանն եկավ խավարի միջից։
— Չոքերդ թուլացա՞ն։
Ռալֆը չարացած իրեն թափ տվեց։ Ամեն ինչ Ջաքի մեղքով էր։
— Բա չէ՞։ Մեկ է՝ բութ ենք։
— Եթե չես ուզում գալ,— չարախնդաց ձայնը,— ես մենակ կգնամ։
Ռալֆը նկատեց ծաղրական երանգն ու Ջաքին ատեց։ Աչքերը կծող մոխիրը, հոգնությունը, վախը միանգամից կատաղեցրին նրան։
— Գնա, գնա, մենք կսպասենք։
Պատասխան չկար։
— Բա դու գնում էիր, թե՞ տակդ լցրիր։
Խավարի մեջ մի բիծ, որը Ջաքն էր, սկսեց հեռանալ։
— Դե լավ, առայժմ։
Բիծը չքացավ։ Նրա փոխարեն հայտնվեց մեկ ուրիշը։
Ծունկն ինչ-որ բանի խփելով, Ռալֆը ձեռքով շոշափեց ածխացած խորդուբորդ գերանը։ Ժամանակին կեղև եղած սուր ածուխները քսվեցին ոտքին և նա հասկացավ, որ գերանին նստեց Ռոջըրը։ Ձեռքով տնտղելով, նա նստեց Ռոջըրի կողքին, գերանը ճոճելով անտեսանելի մոխրի վրա։ Սակավախոս Ռոջըրը ոչինչ չասաց։ Նա ոչ գազանի մասին խոսեց, ոչ բացատրեց, թե ինչու է միացել այս ցանցառ արշավին։ Պարզապես նստել և կամացուկ օրորում էր գերանը։ Ռալֆը լսեց համբերությունը սպառող հաճախակի մի կտկտոց և հասկացավ, որ Ռոջըրն իր հիմար ձողով ինչ-որ բանի է խփում։
Այդպես էլ նստած էին, օրորվող ու կտկտացնող անթափանց Ռոջըրը և բորբոքված Ռալֆը։ Շուրջբոլորն աստղազարդ երկինքն էր, բացի այն տեղից, ուր սարը երկնակամարում սև անցք էր բացում։
Վերևից սահող ձայներ լսեցին, ասես մեկը երկար ու անփույթ լոնքեր գցեր մոխրի ու քարերի վրայով։ Վերջապես Ջաքը նրանց գտավ, նա դողդողում էր ու ինչ-որ բան ասում խռպոտ մի ձայնով, որ նրանք հազիվ ճանաչեցին։
— Ես տեսա․․․ էնտեղ մեկը կա։
Նա ոտքը խփեց գերանին ու ընկավ։ Գերանը թափով ճոճվեց։ Ջաքը մի պահ լուռ էր, ապա մրթմրթաց։
— Լավ նայեք, հանկարծ հետևիցս ընկած չլինի։
Նա նստեց, շուրջը մոխիր բարձրացնելով։
— Սարի գլխին մի բան էր ուռում։
— Աչքիդ է երևացել։— Դողդոջուն ձայնով ասաց Ռալֆը։— Բնության մեջ կենդանի ոչ մի ուռող բան չկա։
Ռոջըրի ձայնից նրանք վեր թռան, Ռոջըրին ոչ ոք չէր հիշում։
— Բա դոդո՞շը։
Ջաքը քրքջաց ու ցնցվեց։
— Դոդոշ էր, բա չէ՞։ Մի տեսակ լփռտացող, ձեն էլ էր հանում։ Մեկ էլ տեսնեմ՝ ուռեց։
Ռալֆը զարմացավ ոչ այնքան իր աներեր ձայնի, որքան՝ հանդուգն մտադրության վրա։
— Գնանք տեսնենք։
Ջաքին ծանոթանալու օրից ի վեր Ռալֆն առաջին անգամ տեսավ նրան վարանելիս։
— Հենց հիմա՞․․․
Ռալֆի ձայնն ինքը պատասխանեց։
— Էլ ե՞րբ։
Նա ոտքի կանգնեց և ճռճռան ածուխների միջով խորասուզվեց մթության մեջ։ Մյուսները հետևեցին նրան։
Հիմա, երբ Ռալֆի բերանը լռեց, լսվեց նրա ներքին ձայնը և ուրիշ ձայներ։ Խոզուկն ասում էր, որ նա իրեն փոքր երեխայի պես է պահում։ Մի ուրիշ ձայն նրան տխմար էր անվանում։ Խավարը և նրանց հուսակտուր մտահղացումը գիշերվան ատամնաբույժի աթոռի անհեթեթությունն էին հաղորդում։
Գագաթին մոտենալով, Ջաքն ու Ռոջըրը մոտ քաշվեցին, պղտոր բծերից վերածվելով ճանաչելի ուրվագծերի։ Նրանք անխոս կանգ առան ու կքվեցին հողին։ Նրանց հետևում, այնտեղ, ուր քիչ անց պետք է ծագեր լուսինը, հորիզոնն ավելի պայծառ էր։ Անտառում մռնչաց քամին և ցնցոտիները սեղմեց նրանց մարմիններին։
Ռալֆը շարժվեց։
— Եկեք։
Նրանք առաջ գնացին, Ռոջըրը մի փոքր ետ մնաց։ Ջաքն ու Ռալֆը միասին անցան սարի մյուս կողմը։ Ծովախորշի փայլփլուն ջուրը և խութերի երկար, սպիտակ գիծը ձգվում էին ներքևում։ Ռոջըրը նրանց հասավ։
Ջաքր շշնջաց։
— Հիմա չորեքթաթ կգնանք։ Մեկ էլ տեսար քնած եղավ։
Ռոջըրն ու Ռալֆն առաջ անցան, Ջաքը, չնայած մեծ-մեծ խոսելուն, հետ ընկավ։ Նրանք հասան տափակ գագաթին, քարերը սկսեցին ծնկներն ու ձեռքերը ցավեցնել։
Ուռչող ինչ-որ արարած․․․
Ռալֆը քիչ էր մնում գոռար, ձեռքը դնելով խարույկի սառը, փափուկ մոխրին։ Նրա թևը և ուսը ջղաձգվեցին անսպասելի հպումից։ Մթագնած աչքերի առջև մի պահ կանաչ ցոլքեր պար եկան և հալվեցին խավարի մեջ։ Ռոջըրը հետևում էր պառկած․ Ջաքը Ռալֆի ականջին շշնջում էր։
— Հրեն, էն որ ժայռի մեջ ճաք կար, կուզի պես մի բան է, տեսա՞ր։
Հանկարծ խարույկի մոխիրը թռավ Ռալֆի դեմքին։ Նա ոչ ճեղքն էր տեսնում, ոչ որևէ այլ բան, կանաչ շողքերը նորից խաղում էին աչքի առաջ, սարի գագաթը մի կողմ էր սահում։
Նորից, ասես հեռվից, լսվեց Ջաքի ձայնը։
— Վախեցե՞լ ես։
Նա ոչ այնքան վախեցած էր, որքան՝ կաթվածահար, ձեռքերն ու ոտքերն անջատվել էին։ Ռալֆն անզգայացած փռվել էր օրորվող, հալչող սարի գագաթին։ Ջաքը սողալով հեռացավ։ Ռոջըրը դեմ առավ սփռված Ռալֆին, շոշափեց, փնչաց և անցավ առաջ։ Լսվեց նրանց շշուկը։
— Չե՞ս տեսնում։
— Տեսա․․․
Նրանց առջևում, երեք-չորս մետր այն կողմ, մի ցցուն սապատ էր նշմարվում այնտեղ, ուր առաջ ոչինչ չկար։ Ռալֆը մի թույլ չխկչխկոց լսեց՝ ըստ երևույթին հենց իր ատամներն էին շրխկում։ Նա խելքը գլուխը հավաքեց, կամքի ճիգով իր վախն ու նողկանքը վերածեց ատելության, ոտքի կանգնեց և երկու ծանր քայլ արեց առաջ։
Հետևում լուսինն ամբողջովին անջատվել էր հորիզոնից։
Առջևում, գլուխը ծնկներին հենած, նստած քնած էր վիթխարի կապիկ հիշեցնող մի էակ։ Ապա անտառում ոռնաց քամին, խավարը խռովվեց, և էակը բարձրացրեց գլուփը, նրանց դարձնելով իր նախկին դեմքը։
Հսկայական ոստյուններով, ոտնակոխելով հնարավորի սահմանը, հետևից լսվող ճիչերի և դոփյունի ներքո, Ռալֆը գլուխն առած սուրաց ցած։ Սարի գագաթին մնացին երեք լքված նիզակ և այն, ինչ խոնարհվում էր ու շտկվում։