====3. ԱՇԽԱՏՈՒԺԻ ԳՆՈՒՄՆ ՈՒ ՎԱՃԱՌՔԸ====
Այն փողի արժեքի աճումը, որը պետք է կապիտալի փոխարկվի, չի կարող կատարվել հենց նույն փողի մեջ։ Որպես գնման միջոց և որպես վճարման միջոց փողը միայն իրացնում է ա՛յն ապրանքների գինը, որոնք գնվում են, կամ որոնց համար վճարում են այդ փողով. այնինչ նա, կարծրանալով իր սեփական ձևի մեջ, դառնում է արժեքի անփոփոխ մեծությունների քարացում<ref>«Փողի ձևով... կապիտալը շահույթ չի արտադրում» (Ricardo: «Principles of Political Economy», 3-րդ հրատ., London էջ 267)։ [Հմմտ. Д. Рикардо: «Начала политической экономии и податного обложения». Соцэкгиз, 1935 թ., էջ 124։]</ref>։ Այդ փոփոխությունը նայնքան քիչ կարող է ծագել շրջանառության երկրորդ գործողությունից, ապրանքի վերավաճառքից, որովհետև այդ գործողությունը միայն ապրանքը իր նատուրալ ձևից կրկին փողային ձևի է փոխարկում։ Հետևաբար, փոփոխությունը պետք է կատարվի հենց այն ապրանքի մեջ, որը գնվում է Փ—Ա առաջին գործողության մեջ, և ոչ թե նրաարժեքի մեջ, որովհետև փոխանակվում են համարժեքները, ընդ որում ապրանքների համար վճարում են ըստ նրանց իսկական արժեքի։ Այսպիսով, որոնվող փոփոխությունը կարող է ծագել միայն ապրանքի սպառողական արժեքից՝ որպես այդպիսիից, այսինքն՝ միայն նրա գործածումից։ Բայց ապրանքի գործածումից արժեք դուրս բերելը մեր ապրանքատիրոջը կհաջողվի միայն այն դեպքում, երբ նրա բախտը բերի, և նա շրջանառության ոլորտի ներսում, այսինքն՝ շուկայում մի այնպիսի ապրանք հայտնաբերի, որի հենց սպառողական արժեքն արժեքի աղբյուր լինելու արտասովոր հատկությունն ունենար,— մի այնպիսի ապրանք, որի իրական գործածումն աշխատանքի առարկայացման պրոցես, հետևաբար, արժեքի ստեղծման պրոցես լիներ։ Եվ փողատերը շուկայում գտնում է մի այդպիսի առանձնահատուկ ապրանք — աշխատունակությունը, կամ աշխատուժը։ Աշխատուժ կամ աշխատունակություն ասելով մենք հասկանում ենք ֆիզիկական ու հոգևոր այն ընդունակությունների ամբողջությունը, որ ունի մարդու օրգանիզմը, նրա կենդանի անձնավորությունը, և որ նա գործադրում է ամեն անգամ, երբ որևէ սպառողական արժեք է արտադրում։ Բայց որպեսզի փողատերը կարողանա շուկայում փաստորեն գտնել աշխատուժը որպես ապրանք, պետք է զանազան պայմաններ կատարված լինեն։ Ապրանքների փոխանակությունն ինքնըստինքյան կախման ոչ մի ուրիշ հարաբերություն չի պարունակում, բացի այն հարաբերություններից, որոնք բխում են նրա սեփական բնույթից։ Իսկ երբ այդ այդպես է, աշխատուժը շուկայում կարող է որպես ապրանք երևան գալ միայն այն ժամանակ և այն չափով, երբ և որչափով նա որպես ապրանք շուկա է հանվում կամ վաճառվում է իր սեփական տիրոջ կողմից, այսինքն՝ այն անձի կողմից, որի աշխատուժն է նա։ Որպեսզի նրա տերը կարողանա աշխատուժը որպես ապրանք վաճառել, նա պետք է այդ ուժը տնօրինելու հնարավորություն ունենա, հետևապես, պետք է իր աշխատունակության ազատ սեփականատերը լինի, ազատ անձնավորություն ներկայացնի<ref>Կլասիկ հնադարի ռեալ էնցիկլոպեդիաներում կարելի է հանդիպել այն անհեթեթ պնդումին, թե անտիկ աշխարհում լիովին զարգացած էր կապիտալը,— «միայն ազատ բանվորն ու վարկային հիմնարկներն էին պակասում»։ Պ-ն Մոմզենն էլ իր «Հռոմեական պատմության» մեջ մի quid pro quo-ից մյուսի մեջն է ընկնում։</ref>։ Աշխատուժի սեփականատերը և փողատերը շուկայում հանդիպում են իրար և հարաբերության մեջ են մտնում միմյանց հետ որպես իրավահավասար ապրանքատերեր, միմյանցից տարբերվելով միայն նրանով, որ մեկը գնորդ է, իսկ մյուսը՝ վաճառորդ, հետևապես, երկուսն էլ իրավաբանորեն հավասար անձեր են։ Այս հարաբերության երկարատև գոյությունը պահանջում է, որ աշխատուժի սեփականատերն այդ ուժը միշտ վաճառի միայն մի որոշ ժամանակով, որովհետև եթե նա աշխատուժը վաճառեր ամբողջովին, մի անգամ ընդմիշտ, ապա նա ղրանով կվաճառեր հենց իրեն, ազատ մարդուց կդառնար ստրուկ, ապրանքատիրոջից կդառնար ապրանք։ Նա, որպես անձնավորություն, պետք է շարունակ պահպանի հարաբերությունը դեպի իր աշխատուժը՝ որպես իր սեփականությունը, ուստի և որպես իր սեփական ապրանքը, իսկ այդ հնարավոր է միայն այնքան, որքան նա միշտ աշխատուժը լոկ ժամանակավորապես, լոկ որոշ ժամկետով է տրամադրում գնորդին՝ օգտվելու կամ գործածելու, հետևաբար, որքան նա աշխատուժն օտարելով չի հրաժարվում աշխատուժի սեփականության իրավունքից<ref>Այս պատճառով էլ տարբեր օրենսդրություններ սահմանում են աշխատանքային պայմանագրի առավելագույն ժամկետը։ Այն ժողովուրդների մեջ, որտեղ ազատ է աշխատանքը, օրենսդրությունը միշտ սահմանում է վարձման պայմանագիրը լուծելու պայմանները։ Որոշ երկրներում, հատկապես Մեքսիկայում (ամերիկյան քաղաքացիական պատերազմից առաջ նաև այն տերիտորիաներում, որոնք նվաճվեցին Մեքսիկայից, իսկ ըստ էության նաև դանուբյան պրովինցիաներում՝ Կուզայի հեղաշրջումից առաջ) ստրկությունը գոյություն ունի քողարկված ձևով, այսպես կոչված «պեոնաժի» ձևով։ Այն փոխատվությունների միջոցով, որոնք աշխատանքով են հատուցվում, ընդ որում պարտավորությունը սերնդից սերունդ է անցնում, ո՛չ միայն առանձին բանվորը, այլև նրա ամբողջ ընտանիքը փաստորեն դառնում է մի ուրիշ անձի ու նրա ընտանիքի սեփականություն։ Խուարեսը վերացրեց «պեոնաժը»։ Այսպես կոչված կայսր Մաքսիմիլիանը նորից այն- մտցրեց մի դեկրետով, որը Վաշինգտոնի ներկայացուցիչների պալատում ճիշտ կերպով նշավակվեց որպես Մեքսիկայում ստրկությունը վերականգնող դեկրետ։ «Իմ առանձին մարմնական ու հոգևոր ունակությունների և տարբեր տեսակի գործունեության ունակությունների օգտագործումը ես կարող եմ սահմանափակ ժամանակով օտարել մի ուրիշ անձի, որովհետև նրանք այդպիսի սահմանափակումից հետո միայն արտաքին առնչություն են պահպանում իմ ամբողջության ու ընդհանրականության հետ։ Բայց եթե ես օտարեի աշխատանքի պրոցեսում կոնկրետացած իմ ամբողջ ժամանակը, եթե ես օտարեի իմ արտադրողական ամբողջ գործունեությունը, ապա ես ուրիշի սեփականություն դարձրած կլինեի այդ գործունեության բուն էությունը, իմ ընդհանուր գործունեությունն ու գոյությունը, իմ անձնավորությունը» (Hegel: «Philosophie des Hechts». Berlin 1840, էջ 104, § 67)։ [Հմմտ. Гегель: «Философия права», Сочинения, հ. VII, Соцэкгиз, 1934 թ., էջ 91, § 67։]</ref>։ Երկրորդ էական պայմանը, որ անհրաժեշտ է, որպեսզի փողատերը կարողանա շուկայում գտնել աշխատուժը որպես ապրանք, այն է, որ աշխատուժի տերը պետք է զրկված չինի ա՛յն ապրանքները վաճառելու հնարավորությունից, որոնց մեջ առարկայացած է նրա աշխատանքը, և, ընդհակառակը, պետք է հարկադրված լինի որպես ապրանք վաճառելու հենց այն աշխատուժը, որ գոյություն ունի միայն նրա կենդանի օրգանիզմում։ Որպեսզի հնարավոր լինի աշխատ ուժից տարբեր որևէ ապրանք վաճառել, պետք է, իհարկե, ունենալ արտադրության միջոցներ, օրինակ, հումք, աշխատանքի գործիքներ և այլն։ Չի կարելի կոշիկներ պատրաստել առանց կաշի ունենալու։ Բացի դրանից, աշխատողին հարկավոր են կենսամիջոցներ։ Ոչ ոք, մինչև անգամ այն երազողը, որ «ապագայի երաժշտություն» է հորինում, չի կարող ապագայի արդյունքներով ապրել, չի կարող ապրել այն սպառողական արժեքների հաշվին, որոնց արտադրությունը դեռ ավարտված չէ. երկրագնդի վրա իր երևալու առաջին իսկ օրից մարդը պետք է ամեն օր սպառի, նախքան արտադրել սկսելը, ինչպես և ա՛յն ժամանակ, երբ նա արտադրում է։ Եթե արդյունքներն արտադրվում են որպես ապրանքներ, ապա արտադրությունն ավարտվելուց հետո նրանք պետք է վաճառվեն և միայն իրենց վաճառվելուց հետո կարող են բավարարել արտադրողի պահանջմունքները։ Արտադրության համար անհրաժեշտ ժամանակին միանում է վաճառելու համար անհրաժեշտ ժամանակը։ Այսպիսով, փողատերը իր փողը կապիտալ կարող է դարձնել միայն այն դեպքում, եթե ապրանքային շուկայում գտնի ազատ բանվոր, ազատ՝ երկակի իմաստով, այն իմաստով, որ նա ազատ անձ է և իր աշխատուժը տնօրինում է ինչպես ապրանք, և մյուս կողմից՝ որ նա ուրիշ ապրանք չունի վաճառելու, տիկ-տկլոր է ու ազատ այն բոլոր առարկաներից, որոնք անհրաժեշտ են իր աշխատուժը գործնականում կիրառելու համար։ Այն հարցը, թե այդ ազատ բանվորն ինչու է շրջանառության ոլորտում փողատիրոջ դեմ կանգնած, չի հետաքրքրում փողատիրոջը, որն աշխատանքային շուկան գտնում է պատրաստ, որպես ապրանքային շուկայի առանձին ստորաբաժանում։ Այս հարցն առայժմ մեզ ևս նույնքան քիչ է հետաքրքրում։ Մենք թեորիապես ելնում ենք իրերի փաստական դրությունից, ինչպես որ փողատերը նրանից ելնում է պրակտիկորեն։ Մի բան համենայն դեպս պարզ է։ Բնությունը մի կողմում չի արտադրում փողատերեր ու ապրանքատերեր և մյուս կողմում՝ լոկ աշխատուժի տերեր։ Այս հարաբերությունը ո՛չ բնության իսկ ստեղծած հարաբերություն է, ո՛չ էլ մի այնպիսի հասարակական հարաբերություն, որ ընդհանուր լիներ պատմական բոլոր ժամանակաշրջանների համար։ Ակներև է, որ այդ հարաբերությունն ինքը նախընթաց պատմական զարգացման հետևանք է, տնտեսական բազմաթիվ հեղաշրջումների արդյունք, հասարակական արտադրության մի ամբողջ շարք ավելի հին ֆորմացիաների կործանման արդյունք։ Այն տնտեսական կատեգորիաները ևս, որ մենք քննեցինք առաջ, նույնպես իրենց վրա կրում են իրենց պատմության հետքերը։ Ապրանք հանդիսացող արդյունքի գոյությունը ենթադրում է պատմական որոշ նախադրյալներ։ Ապրանք դառնալու համար արդյունքը պետք է արտադրվի ոչ անմիջաբար որպես կենսամիջոց հենց իրեն՝ արտադրողի համար։ Եթե մենք շարունակեինք մեր հետազոտությունը, եթե մենք հարց տայինք մեզ, թե ո՞ր պայմաններում են բոլոր արդյունքները կամ գոնե նրանց մեծամասնությունն ապրանքի ձև ընդունում, ապա կգտնեինք, որ այդ կատարվում է արտադրության միայն մեկ, միանգամայն առանձնահատուկ եղանակի, այն է՝ կապիտալիստական եղանակի հիմքի վրա։ Բայց այդպիսի հետազոտությունը դուրս կգար ապրանքի անմիջական վերլուծության շրջանակներից։ Ապրանքային արտադրությունն ու ապրանքային շրջանառությունը կարող են գոյություն ունենալ, չնայած որ արդյունքների ճնշող մասսան, որ հատկացված է անմիջական սեփական սպառման համար, ապրանքի չի փոխարկվում, և, հետևապես, արտադրության հասարակական պրոցեսը իր ամբողջ ծավալով դեռ չի ենթարկված փոխանակային արժեքի իշխանությանը։ Որպեսզի արդյունքը փոխարկվի ապրանքի, հասարակության ներսում աշխատանքի բաժանումը պետք է այն աստիճան զարգանա, որ լիովին ավարտված լինի սպառողական արժեքի ու փոխանակային արժեքի սահմանազատումը, որն անմիջական փոխանակային առևտրի ժամանակ հազիվ նոր սկսվում է։ Բայց զարգացման այդ աստիճանը պատմականորեն հատուկ է հասարակական-տնտեսական ամենատարբեր ֆորմացիաներին։ Եթե մենք մեր ուշադրությունը կենտրոնացնենք փողի վրա, ապա կտեսնենք, որ նա ապրանքային փոխանակության մի որոշ բարձր աստիճան է ենթադրում։ Փողի տարբեր ձևերը — պարզ ապրանքային համարժեքը, կամ շրջանառության միջոցը, կամ վճարման միջոցը, գանձն ու համաշխարհային փողը — արտադրության հասարակական պրոցեսի խիստ տարրեր աստիճաններ են ցույց տալիս, նայած փողի այս կամ այն ֆունկցիայի կիրառման տարբեր չափերին, այդ ֆունկցիաներից մեկի համեմատական գերակշռությանը։ Այնուամենայնիվ, ինչպես ցույց է տալիս փորձը, համեմատաբար թույլ զարգացած ապրանքային շրջանառությունը բավական է, որ այդ բոլոր ձևերը կարողանային գոյանալ։ Այլ է կապիտալի հարցը։ Նրա գոյության պատմական պայմաններն ամենևին չեն սպառվում ապրանքային ու փողային շրջանառության առկայությամբ։ Կապիտալն առաջ է գալիս միայն այնտեղ, որտեղ արտադրության միջոցների ու կենսամիջոցների տերը շուկայում գտնում է ազատ բանվորի՝ որպես իր աշխատուժը ծախողի, և հենց այս մեկ պատմական պայմանն իր մեջ մի ամբողջ համաշխարհային պատմություն է կրում։ Ահա ինչու կապիտալը հենց իր ծագման պահից ազդարարում է արտագրության հասարակական պրոցեսի մի առանձին դարաշրջանի գալուստը<ref>Կապիտալիստական դարաշրջանի բնորոշ առանձնահատկությունն այն փաստն է, որ աշխատուժը բանվորի իսկ համար ստանում է նրան պատկանող ապրանքի ձև, ուստի նրա աշխատանքն էլ ընդունում է վարձու աշխատանքի ձև։ Մյուս կողմից, միայն այդ վայրկյանից սկսած աշխատանքի արդյունքների ապրանքային ձևը ընդհանրական բնույթ է ստանում։</ref>։ Հիմա մենք պետք է ավելի մոտիկից քննենք այդ յուրահատուկ ապրանքը — աշխատուժը։ Բոլոր մյուս ապրանքների նման նա ևս ունի արժեք<ref>«Մարդու արժեքը կամ արժողությունը ինչպես և բոլոր մյուս իրերինը, նրա գինն է, այսինքն՝ նա այնքան է, որքան կարող է ստացվել նրա ուժը օգտագործելուց» (Th. Hobbes: «Leviathan», «Works»-ում, հրատ. Molesworth, London 1839—1844. հ. III, էջ 76)։[Հմմտ. Т. Гоббс: «Левиафан», СПБ, 1868, էջ 59։]</ref>։ Ինչո՞վ է որոշվում այդ արժեքը։ Աշխատուժի, ինչպես և ամեն մի այլ ապրանքի արժեքը որոշվում է այն աշխատաժամանակով, որ անհրաժեշտ է առևտրի այդ առանձնահատուկ առարկայի արտադրության, հետևապես նաև վերարտադրության համար։ Որչափով աշխատուժն արժեք է, նրա մեջ ևս ներկայացված է լոկ առարկայացած հասարակական միջին աշխատանքի մի որոշ քանակ։ Աշխատուժը գոյություն ունի միայն որպես կենդանի անհատի ընդունակություն։ Ուստի կենդանի անհատի գոյությունը աշխատուժը պահպանելու նախադրյալն է։ Եթե անհատի գոյությունը տրված է, ապա աշխատուժի արտադրությունը հենց կենդանի անհատի վերարտադրությունը, նրա գոյության պահպանումն է։ Իր գոյությունը պահպանելու համար կենդանի անհատը կարիք ունի կենսամիջոցների մի որոշ գումարի։ Այսպիսով, աշխատուժի արտադրության համար անհրաժեշտ աշխատաժամանակը հանգում է այդ կենսամիջոցների արտադրության համար անհրաժեշտ աշխատաժամանակին, կամ աշխատուժի արժեքն այն կենսամիջոցների արժեքն է, որոնք անհրաժեշտ են աշխատուժի տիրոջ գոյությունը պահպանելու համար։ Բայց աշխատուժն իրականանում է միայն իր արտաքին դրսևորման միջոցով և իրացվում է միայն աշխատանքի մեջ միայն։ Աշխատուժի իրականացման պրոցեսում, այսինքն՝ աշխատանքի մեջ, ծախսվում են որոշ քանակությամբ մարդկային մկաններ, ներվեր, ուղեղ և այլն, որոնք պետք է կրկին հատուցվեն։ Այդ ուժեղացրած ծախսումը ենթադրում է ուժեղացրած հատուցում<ref>Հին-հռոմեական villicus-ը տնտեսը, որը հսկում էր հողագործական ստրուկներին, «որի վրա ավելի թեթև աշխատանք էր ընկած, քան սևագործ բանվորների վրա, ավելի քիչ էլ կենսամթերքներ էր ստանում»։ (Th. Mommsen: «Römische Geschichte», 1856, էջ 810)։ [Теодор Моммзен: «История Рима», Соцэкгиз1936 թ., էջ 787։]</ref>։ Աշխատուժի սեփականատերը, որն այսօր աշխատել է, պետք է վաղը կարողանա կրկնել միևնույն պրոցեսը ուժի և առողջության նախկին պայմաններում։ Հետևաբար, կենսամիջոցների գումարը պետք է բավական լինի աշխատող անհատին, որպես այդպիսի անհատի՝ նրան նորմալ կենսագործունեության վիճակում պահելու համար։ Երենք՝ բնական պահանջմունքները, ինչպես սնունդը, հագուստը, վառելիքը, բնակարանը և այլն, տարբեր են, նայած այս կամ այն երկրի կլիմայական ու այլ բնական առանձնահատկություններին։ Մյուս կողմից, այսպես կոչված, անհրաժեշտ պահանջմունքների չափը, ինչպես և նրանց բավարարման եղանակները, պատմության իսկ արդյունք են մեծ մասամբ կախված են երկրի կուլտուրական մակարդակից, ի միջի այլոց, զգալի չափով նաև նրանից, թե ազատ բանվորների դասակարգը ի՛նչ պայմաններում և, ուրեմն, ինչպիսի սովորություններով ու ինչպիսի կենսական պահանջներով է ձևավորվել<ref>Հմմտ. W. Th. Thornton: «Overpopulation and its Remedy». London 1846։</ref>։ Այսպես ուրեմն, մյուս ապրանքներին հակադիր՝ աշխատուժի արժեքի որոշումը պարունակում է պատմական ու բարոյական տարր։ Սակայն որոշ երկրի համար և որոշ ժամանակաշրջանի համար բանվորին անհրաժեշտ կենսամիջոցների ծավալն ու կազմը միջին հաշվով տրված մեծություն է։ Աշխատուժի սեփականատերը մահկանացու է։ Հետևաբար, որպեսզի նա անընդհատ երևան գա շուկայում, ինչպես այդ պահանջում է փողի անընդհատ փոխակերպումը կապիտալի, աշխատուժ վաճառողը պետք է հավերժացնի իրեն, «ինչպես հավերժացնում է իրեն ամեն մի կենդանի անհատ, այսինքն՝ բազմանալու միջոցով<ref>Պետտի։</ref>։ Մաշվելու և մեռնելու հետևանքով շուկայից չքացող աշխատուժերը պետք է շարունակ փոխարինվեն առնվազն նույն թվով նոր աշխատուժերով։ Ուստի աշխատուժի արտադրության համար անհրաժեշտ կենսամիջոցների գումարը պարունակում է նաև այդպիսի փոխարինողների, այսինքն՝ բանվորների երեխաների կենսամիջոցները և այդպիսով յուրահատուկ ապրանքատերերի այդ ռասան հավերժանում է ապրանքային շուկայում<ref>«Աշխատանքի բնական գինը... կազմում է գոյության և հաճույքի անհրաժեշտ միջոցների այն քանակը, որն ըստ տվյալ երկրի բնության ու կլիմայի պայմանների և կենսական սովորությունների անհրաժեշտ է բանվորի գոյության ու այն բանի համար, որ նա հնարավորություն ունենա այնպիսի ընտանիք պահելու, որն ընդունակ է ապահովելու աշխատանքի չթուլացող առաջարկը շուկայում» (R. Torrens: «An Essay on the Extemal Corn Trade». London 1815, էջ 62)։ «Աշխատանք» բառն այստեղ սխալմամբ գրված է աշխատուժի փոխարեն։</ref>։ Մարդկային ընդհանուր բնությունն այնպես վերափոխելու համար, որ նա աշխատանքի մի որոշ ճյուղի մեջ պատրաստություն ու հմտություն ձեռք բերի, զարգացած և առանձնահատուկ աշխատուժ դառնա, պահանջվում է որոշ կրթություն կամ դաստիարակություն, որը, իր հերթին, ապրանքային համարժեքների ավելի մեծ կամ ավելի փոքր գումար արժե։ Կրթության այդ ծախքերը տարբեր են՝ նայած աշխատուժի որակավորմանը։ Հետևապես, ուսուցման այդ ծախքերը, որոնք բոլորովին չնչին են սովորական աշխատուժի համար, մտնում են նրա արտադրության վրա ծախսվող արժեքների շրջանակի մեջ։ Այսպես ուրեմն, աշխատուժի արժեքը հանգում է կենսամիջոցների որոշ գումարի արժեքին։ Այդ պատճառով նա փոխվում է այդ կենսամիջոցների արժեքը փոխվելու հետ, այսինքն՝ սրանց արտադրության համար անհրաժեշտ աշխատաժամանակի մեծությունը փոխվելու հետ։ Կենսամիջոցների մի մասը, օրինակ, սննդամթերքները, վառելիքը և այլն, ամեն օր սպառվում են, ուստի և պետք է ամեն օր փոխարինվեն։ Մյուս կենսամիջոցները՝ ինչպես հագուստը, կահույքը և այլն, գործածվում են ավելի կամ պակաս երկար ժամանակամիջոցում, ուստի և միայն ավելի երկար ժամանակամիջոց անցնելուց հետո ենթակա են փոխարինման։ Որոշ ապրանքներ գնվում են, կամ նրանց գինը վճարվում է ամեն օր, մյուսները՝ շաբաթը մի անգամ, քառորդ տարին մի անգամ և այլն։ Բայց այդ ծախսերի գումարը ինչպես էլ որ բաշխված լինի, օրինակ, մի տարվա ընթացքում, պետք է ծածկվի օրեցօր ստացվող սովորական, միջին մուտքերով։ Եթե աշխատուժի արտադրության համար ամեն օր անհրաժեշտ ապրանքների մասսան = A, յուրաքանչյուր շաբաթ պահանջվողներինը = B, քառորդ տարին մեկ անգամ պահանջվողներինը = C և այլն, ապա այղ ապրանքների օրական միջին քանակը = (365A+ 52B + 4C + և այլն)/365։ Ենթադրենք, որ միջին օրվա համար անհրաժեշտ այդ ապրանքային մասսան պարունակում է հասարակական աշխատանքի 6 ժամ. այն ժամանակ աշխատուժի մեջ օրական առարկայանում է հասարակական միջին աշխատանքի օրվա կեսը, այսինքն՝ աշխատուժի օրական արտագրության համար պահանջվում է կես աշխատանքային օր։ Աշխատուժի օրական արտադրության համար անհրաժեշտ աշխատանքի այդ քանակը կազմում է աշխատուժի օրական արժեքը, կամ ամեն օր վերարտադրվող աշխատուժի արժեքը։ Եթե հասարակական միջին աշխատանքի կես օրը արտահայտվում է երեք շիլլինգ կամ մեկ թալեր ոսկու մասսայի մեջ, ապա մեկ թալերն աշխատուժի օրական արժեքին համապատասխանող գինն է։ Եթե աշխատուժի տերն աշխատուժը ամեն օր վաճառում է մեկ թալերով, ապա նրա վաճառքի գինը հավասար է նրա արժեքին, և փողատերը, որ ծարավի է իր թալերը կապիտալի փոխարկելու, մեր ենթադրությամբ այդ արժեքն իսկապես վճարում է։ Աշխատուժի արժեքի ամենացածր կամ նվազագույն սահմանը կազմում է ապրանքային այն մասսայի արժեքը, որի ամենօրյա հոսանքի բացակայության դեպքում աշխատուժի կրողը, մարդը, չէր կարողանա վերանորոգել իր կյանքի պրոցեսը, այսինքն՝ ֆիզիկապես անհրաժեշտ կենսամիջոցների արժեքը։ Եթե աշխատուժի գինն ընկնում է մինչև այդ մինիմումը, ապա նա ընկնում է արժեքից ցած, որովհետև այդ պայմաններում աշխատուժը կարող է պահպանվել և արտահայտվել միայն տկարացած ձևով։ Մինչդեռ ամեն մի ապրանքի արժեք որոշվում է այն աշխատաժամանակով, որը պահանջվում է նորմալ լավորակություն ունեցող ապրանքի արտադրության համար։ Վերին աստիճանի էժանագին սենտիմենտալություն կլիներ կոպիտ համարել աշխատուժի արժեքի այդ սահմանումը, որ բխում է հենց գործի էությունից, և գանգատվել (Ռոսիի նման. «Աշխատունակությունը (puissance de travail) քննել, վերանալով արտադրության պրոցեսի ժամանակ աշխատանքը պահպանող կենսամիջոցներից, նշանակում է իր սեփական մտահերյուրանքները (être de raison) քննել։ Ով ասում է աշխատանք, ով ասում է աշխատունակություն, նա միաժամանակ ասում է՝ բանվոր ու նրա գոյամիջոցներ, բանվոր ու աշխատավարձ»<ref>Rossi: «Cours d’Économie Politique». Bruxelles 1842, էջ 370։</ref>։ Աշխատունակությունը դեռ աշխատանք չէ, ճիշտ այնպես, ինչպես որ մարսելու ընդունակությունը դեռ փաստական մարսում չէ։ Վերջին պրոցեսը տեղի ունենալու համար, ինչպես հայտնի է, բավական չէ լավ ստամոքս ունենալը։ Ով աշխատունակության մասին է խոսում, նա չի վերանում նրա պահպանման համար անհրաժեշտ կենսամիջոցներից, որովհետև նրա արժեքն էլ հենց արտահայտում է այդ կենսամիջոցների արժեքը։ Բայց այդ հանգամանքը ոչ մի օգուտ չի բերում բանվորին, եթե նրա աշխատուժը գնորդ չի գտնում։ Ընդհակառակը, այս դեպքում նա որպես մի բնական անողոք անհրաժեշտություն է ըմբռնում այն փաստը, որ իր աշխատունակությունն արտադրելու համար կենսամիջոցների մի որոշ քանակ է պահանջվել և շարունակ կրկին ու կրկին պահանջվում է դրա վերարտադրության համար։ Այն ժամանակ նա Սիսմոնդիի հետ միասին հետևյալ հայտնագործությունն է անում, «Աշխատունակությունը ոչինչ է, եթե նա չի վաճառված»<ref>Sismondi: «Nouveaux Principes d’Economie Politique», հ. I, էջ 113։ [Հմմտ. Сисмонди: «Новые начала политической экономии», հ. I, Соцэкгиз, 1936 թ., էջ 197։]</ref>։ Այս առանձնահատուկ ապրանքի, աշխատուժի, յուրահատուկ բնությունն արտահայտվում է ի միջի այլոց նրանով, որ գնորդի ու վաճառորդի միջև պայմանագիր կնքելուց հետո աշխատուժի սպառողական արժեքը փաստորեն դեռ չի անցնում գնորդի ձեռքը։ Աշխատուժի արժեքը, ամեն մի ուրիշ ապրանքի արժեքի նման, որոշվել էր նախքան նա շրջանառության մեջ կմտներ. որովհետև աշխատուժի արտադրության վրա արդեն ծախսվել է հասարակական աշխատանքի մի որոշ քանակ, բայց նրա սպառողական արժեքը միայն նրա հետագա ակտիվ դրսևորումներն են։ Այսպիսով, ուժի օտարումն ու նրա իրական դրսևորումը, այսինքն նրա՝ որպես սպառողական արժեքի առկա գոյությունը ժամանակորեն անջատվում են իրարից։ Բայց այնպիսի ապրանքներ վաճառելիս, որոնց սպառողական արժեքի ձևական օտարումը ժամանակորեն անջատվում է նրա փաստական հանձնումից գնորդին, գնորդի փողը սովորաբար գործում է nրպես վճարման միջոց<ref>«Ամեն մի աշխատանք վճարվում է միայն նրա ավարտվելուց հետո», (An Inquiry into those Principles respecting the Nature of Demand etc.». [London 1821], էջ 104)։ «Առևտրական վարկի սկիզբը պետք է վերագրել այն րոպեին, երբ բանվորը — ամեն մի արտադրության սկզբնաղբյուրը — իր խնայողությունների շնորհիվ հնարավորություն է ստացել իր աշխատանքի վարձատրությանն սպասելու մինչև շաբաթական, երկշաբաթյա, ամսական, եռամսյա և այլ ժամկետների վերջը (Ch. Ganilh: «Des SystèmeS d’Éconornie Politique», 2-րդ հրատ. Paris 1821, հ. II, էջ 150)։</ref>։ Արտադրության կապիտալիստական եղանակ ունեցող բոլոր երկրներում աշխատուժը վարձատրվում է միայն այն բանից հետո, երբ նա արդեն գործել է իր գնման պայմանագրով սահմանված ժամանակամիջոցում, օրինակ, յուրաքանչյուր շաբաթվա վերջին։ Այսպիսով, բանվորն ամեն տեղ իր աշխատուժի սպառողական արժեքը ավանսավորում է կապիտալիստին. նա թույլ է տալիս, որ իր աշխատուժը գնորդը գործադրի նախքան աշխատուժի գինը վճարելը, մի խոսքով՝ ամեն տեղ բանվորը վարկավորում է կապիտալիստին։ Որ այս վարկավորումը դատարկ հնարանք չէ, ցույց են տալիս ո՛չ միայն վարկատուի աշխատավարձի կորուստը կապիտալիստի սնանկության դեպքում<ref>«Բանվորը փոխ է տալիս իր արտադրողական ուժը»,— ասում է Շտորխը, բայց նենգամտորեն ավելացնում է,— նա «որևէ ռիսկի չի ենթարկվում», բացի «իր վաստակը կորցնելուց... որովհետև բանվորը ոչ մի նյութական բան չի մտցնու արտադրության մեջ» (Storch: «Cours d’Économie Politique». Petersbourg 1815, հ. II, էջ 36, 37)։ [Հմմտ. Генрих Шторх: «Kypc политической экономии или изложение начал, обусловливающих народное благоденствие»1 Թարգմանություն Վ. Վերնադսկու, ՍՊԲ, 1881, հ. I, գիրք 3, գլ. II, էջ 193։]</ref>, այլև ավելի երկարատև ներգործություն ունեցող փաստերի մի ամբողջ շարք<ref>Ահա մի օրինակ է Լոնդոնում երկու տեսակ hացավաճառանոցներ կան — «full priced», որոնք հացը վաճառում են նրա լրիվ արժեքով, և «undersellers», որոնք այն վաճառում են այդ արժեքից ցած։ Հացագործների այս վերջին խավը կազմում է նրանց ընդհանուր թվի մոտ ¾-ը (կառավարական կոմիսար Հ. Ս. Տրեմենհիրի «Report»-ում, էջ XXXII, որ վերաբերում է «Grievances complained of by the journeymen bakers etc.». London 1862)։ Այս underseller-ները գրեթե առանց բացառության այնպիսի հաց են ծախում, որը կեղծած է պաղլեղի, սապոնի, պոտաշի, կրի, դերբշիրյան քարալյուրի և ուրիշ նույնքան հաճելի, սննդարար ու առողջարար նյութերի խառնուրդով։ (Տե՛ս վերը մատնանշված Կապույտ գիրքը, այլև «Committee of 1855 օո the Adulteration of Bread»-ի հաշվետվությունը և դոկտոր Հեսսելի «Adulteration Detected», 2-րդ հրատէ., London 1861։) Սըր Ջոն Գորդոնը 1855 թվականի կոմիտեին տված իր ցուցմունքների մեջ հայտարարեց, թե «այդպիսի կեղծման հետևանքով չքավորը, որի օրական սնունդը երկու ֆունտ հացն է կազմում, փաստորեն այդ սննդանյութերի քառորդ մասն էլ չի ստանում այժմ, դեռ մի կողմ թողած նրա առողջության վրա կեղծման թողած վնասակար հետևանքները»։ Թե ինչու «բանվոր դասակարգի զգալի մասը», չնայած այդ կեղծումներին շատ լավ տեղյակ լինելուն, այնուամենայնիվ գնում է պաղլեղ, քարալյուր և այլն, Տրեմենհիրը (վերոհիշյալ հաշվետվության XLVIII էջը) պատասխանում է, որ նրանք, ստիպված են իրենց հացագործից կամ իրենց «chandler’s shop»-ից [կրպակից] այնպիսի հաց գնել ինչպիսին կբարեհաճեն առաջարկել նրանց»։ Որովհետև նրանց աշխատավարձը վճարվում է աշխատանքային շաբաթվա վերջում միայն, ուստի նրանք էլ, իրենց հերթին, «կարող են շաբաթվա ընթացքում իրենց ընտանիքների սպառած հացի փողը միայն շաբաթվա վերքում վճարելն. և, ավելացնում է Տրեմենհիրը, վկաների ցուցմունքներով հաստատելով այդ, «անկասկածելի կերպով ապացուցված է, որ այդպիսի խառնուրդներով պատրաստված հացը թխվում է հենց այդ տեսակ գնորդների համար» («It is notorieus that bread composed of those mixtures, is made expressly for sale in this manner»). «Անգլիայի (և հատկապես Շոտլանդիայի) բազմաթիվ գյուղատնտեսական շրջաններում աշխատավարձը վճարվում է երկու շաբաթը և նույնիսկ ամիսը մի անգամ։ Այդքան երկար վճարաժամկետների պատճառով գյուղատնտեսական բանվորն ստիպված է իրեն հարկավոր ապրանքները ապառիկ գնելու... Նա պետք է բարձր գներ վճարի և նա փաստորեն կաշկանդված է տվյալ կրպակատիրոջ կողմից, որը ապրանքներ է բաց թողնում նրան պարտքով։ Այսպես, օրինակ, Ուիլտսի Հորնինգսհեմում, որտեղ աշխատավարձը տրվում է ամիսը մեկ անգամ, բանվորի վրա 2 շիլլինգ 4 պենս է նստում մի ստոն [14 ֆունտ] այնպիսի ալյուրը, որ նա ուրիշ տեղ կարող էր գնել ստոնը 1 շիլլինգ 10 պենսով» («Sixth Report» օո «Public Health» by «The Medical Officer of the Privy council etc.», 1864» էջ 264)։ «Պեյզիում և Կիլմարնոկում (Արևմտյան Շոտլանդիա) չթադրոշմիչ բանվորները 1853 թվականին գործադուլի միջոցով կարողացան վճարաժամկետը կարճացնելով, մեկ ամսից դարձնել 14 օր» («Reports of the Inspectors of Factories for 31te October 1853», էջ 34)։ Հետագա մի շատ հաճելի զարգացում այն վարկի, որ բանվորն է տալիս կապիտալիստին, կարելի է համարել անգլիական բազմաթիվ ածխարդյունաբերողների մեթոդը, որոնք բանվորին ամսվա վերջին են վճարում, իսկ այդ ժամանակամիջոցում նրան փոխատվություններ են տալիս, հաճախ ապրանքներով, որոնց համար բանվորն ստիպված է լինում նրանց շուկայական գնից ավելի բարձր վճարելու (Trucksystem)։ «Ածխարդյունաբերողների մոտ ընդհանուր սովորություն է դարձել աշխատավարձը վճարել ամիսը մեկ անգամ և բանվորներին փոխատվություններ տալ ամեն շաբաթվա վերջում։ Փոխատվությունը տրվում է կրպակում (այն է՝ tommy-shop-ում, այսինքն՝ նույն ձեռնարկատիրոջը պատկանող կրպակում). բանվորները փողն ստանում են կրպակի մի անկյունում և իսկույն ետ են տալիս մյուս անկյունում» («Children's Employment Commission, 3rd Report», London 1864, էջ 38, № 192)։</ref>։ Սակայն բուն իսկ ապրանքային փոխանակության բնույթը չի փոխվում այն հանգամանքից, թե արդյոք փողը որպես գնման միջոց, թե որպես վճարման միջոց է գործում։ Աշխատուժի գինը, ինչպես տան վարձը, սահմանված է պայմանագիրը կնքելիս, թեև միայն հետո է իրացվելու։ Աշխատուժն արդեն վաճառված է, թեև նրա վճարը հետո է միայն ստացվելու։ Սակայն տվյալ հարաբերությունն իր մաքուր ձևով հետազոտելու համար օգտակար է ժամանակավորապես ենթադրել, որ աշխատուժի տերն այդ ուժը վաճառելու հետ միաժամանակ միշտ ստանում է նաև պայմանագրով սահմանված գինը։ Հիմա մենք ծանոթացանք, թե ինչպես է սահմանվում այն արժեքը, որ փողատերը վճարում է այդ յուրահատուկ ապրանքի՝ աշխատուժի տիրոջը։ Նրա սպառողական արժեքը, որ փողատերը, իր հերթին, ստանում է փոխանակության ժամանակ, երևան կգա միայն փաստական օգտագործման պրոցեսում, աշխատուժի սպառման պրոցեսում։ Այդ պրոցեսի համար անհրաժեշտ բոլոր իրերը, ինչպես, օրինակ, հում նյութը և այլն, փողատերը գնում է ապրանքային շուկայում և վճարում է նրանց լրիվ գինը։ Աշխատուժի սպառման պրոցեսը միաժամանակ ապրանքի ու հավելյալ արժեքի արտադրության պրոցես է։ Աշխատուժի, ինչպես և ամեն մի այլ ապրանքի սպառումը կատարվում է շուկայից կամ շրջանառության ոլորտից դուրս։ Այս պատճառով թողնենք այդ աղմկալի, հասարակության մակերեսի վրա գտնվող, բոլորի և ամեն մեկի դիտողությանը մատչելի ոլորտը և փողատիրոջ ու աշխատուժի տիրոջ հետ իջնենք արտադրության խորհրդավոր ընդերքը, որի մոцտքի վրա գրված է «No admittance except on business» [Կողմնակի անձանց մուտքն արգելվում է]։ Այստեղ մենք կծանոթանանք ո՛չ միայն այն բանին, թե ֊կապիտալն ինչպես է արտադրում, այլև այն բանին, թե ինչպես են իրեն՝ կապիտալին արտադրում։ Շահույթ ձեռք բերելու գաղտնիքը վերջապես պետք է բացվի մեր առաջ։ Շրջանառության, կամ ապրանքային փոխանակության ոլորտը, որի շրջանակներում կատարվում է աշխատուժի գնումն ու վաճառքը, մարդու բնածին իրավունքների մի իսկական դրախտավայր է։ Այստեղ իշխում են միմիայն ազատությունը, հավասարությունը, սեփականությունն ու Բենթամը։ Ազատությունը։ Որովհետև ապրանքի, օրինակ, աշխատուժի գնորդն ու վաճառորդը ղեկավարվում են միայն իրենց ազատ կամքի թելադրանքներով։ Նրանք պայմանագիր են կնքում որպես ազատ, իրավաբանորեն միատեսակ դիրքեր վայելող անձեր։ Պայմանագիրն այն վերջնական հետևանքն է, որի մեջ իրենց ընդհանուր իրավաբանական արտահայտությունն են գտնում նրանց կամքերը։ Հավասարությո՜ւնը։ Որովհետև նրանք միմյանց հարաբերում են լոկ որպես ապրանքատերեր և համարժեքը փոխանակում են համարժեքի հետ։ Սեփականությո՜ւնը։ Որովհետև նրանցից յուրաքանչյուրը տնօրինում է իրեն պատկանածը միայն։ Բենթա՜մը։ Որովհետև ամեն մեկը հոգում է միայն իր մասին։ Միակ ուժը, որ նրանց կապում է միմյանց հետ — նրանցից յուրաքանչյուրի սեփական օգուտի ձգտումն է, նրանց շահախնդրությունը, անհատական շահը։ Բայց հենց այն պատճառով, որ ամեն մեկը հոգում է միայն իր մասին և ոչ ոք չի հոգում ուրիշի մասին, նրանք բոլորը իրերի նախասահմանված ներդաշնակության հետևանքով կամ ամենախորամանկ նախախնամության ղեկավարությամբ իրականացնում են միայն իրենց փոխադարձ շահը, իրենց ընդհանուր օգուտը, իրենց ընդհանուր ակնկալումը։ Հրաժեշտ տալով պարզ շրջանառության, կամ ապրանքային փոխանակության այդ ոլորտին, որից vulgaris ֆրիտրեդերը քաղում է իր բոլոր հայացքները, հասկացողությունները, կապիտալի ու վարձու աշխատանքի հասարակության վերաբերյալ իր բոլոր դատողությունների մասշտաբը,— հրաժեշտ տալով այդ ոլորտին, մենք նկատում ենք, որ արդեն սկսում են մի քիչ փոխվել մեր dramatis personae [գործող անձերի] կերպարանքները։ Նախկին փողատերը ընթանում է առջևից իբրև կապիտալիստ, նրա հետևից գնում է աշխատուժի տերն իբրև նրա բանվոր, մեկը բազմանշանակալից կերպով ժպտում է և այրվում է գործի կպչելու ցանկությամբ, մյուսը քարշ է գալիս գլխիկոր, կամա-ակամա, ինչպես մի մարդ, որն իր սեփական կաշին է վաճառել շուկայում, ուստի և ապագայի ոչ մի հեռանկար չի տեսնում, բացի մի հեռանկարից, որ այդ կաշին դաբաղելու են։
<references>