Ահա արդեն երեսուն ժամ յուպիտերցիները շարունակում էին տիեզերանավի պաշարումը։ Նրանք գրոհում էին համառորեն, համբերատար եւ ամենայն դաժանությամբ։ Այդ մասին իր հիշողության մեջ բազմաթիվ նշումներ արեց XX֊1֊ը։ Յուպիտերցիները անընդհատ նոր զենքեր էին գործի դնում, իսկ ռոբոտները, ուշի ուշով հետեւելով նրանց գրոհներին, ամեն անգամ վերլուծում էին դրանք։
Նրանց տեր֊մարդիկ ամեն ինչ շատ դիմացկուն էին սարքել։ Նավի եւ ռոբոտների ստեղծումը տեւել էր տասնհինգ տարի, եւ նրանց էությունը կարելի էր արտահայտել մի բառով՝ զորություն։ Անհանարին Անհնարին էր նրանց ոչնչացնելը, ոչ նավը, ոչ էլ ռոբոտները ամրությամբ չէին զիջում իրար։
— Ինձ թվում է, մթնոլորտը խանգարում է նրանց,— ասաց Երրորդը,— Նրանք չեն կարողանում օգտագործել ատոմային լիցքը, քանի որ իրենք կարող են պայթել այս թանձր մթնոլորտում։