― Մատանին նրանից խլվել է հնագույն ժամանակներում, ― ասաց Գանդալֆը։ ― Այն ժամանակ էլֆերը զորեղ էին, եւ մարդիկ էլ դեռ միաբան էին նրանց հետ։ Այո, Արեւմուտքի մարդիկ սատարեցին նրանց։ Վատ չի լինի վերհիշել հին պատմության այդ գլուխը․ այդ ժամանակ եւ արհավիրք կար, եւ խավարն էր վրա գալիս, բայց նրանց դեմ հառնում էր մեծ խիզախությունը, եւ այն ժամանակավա սխրագործությունները զուր չանցան։ Երեւի ես մի անգամ քեզ կպատմեմ այդ պատմությունը, կամ դու կլսել այն ինձանից լավ իմացող որեւէ մեկից։ Բայց այսօր բավական է, որքան պատմեցինք։ Չէ՞ որ ուզում ես իմանալ, թե Մատանին ինչպես է ընկել քեզ մոտ։ Դա առանձին պատմություն է։
… Խլուտում, Մեծ գետի՝ Անդուինի ափին, մի ճարտար ու խաղաղ փոքր ժողովուրդ էր ապրում, Բրենդիդուիմյան հոբիթների նման։ Նրանց եղեգից մակույկներ էին գործում եւ լողում գետում, որովհետեւ սիրում էին այդ գետը։ Նրանց մեջ մի պատվարժան ընտանիք կար, մեծ ու ունեւոր, գլխավորը դաժան ու հին սովորույթների հետեւորդ տատն էր։ Այդ ընտանիքից ամենաճարպիկն ու հարցախույզը Սմեագորլ անունով մեկն էր։ Նա ամեն ինչ պետք է իմանար, սուզվում էր լճափոսերը, փորփրում կանաչ բլուրների ստորոտները, հասնում մինչեւ ծառերի արմատները, բայց աչքերը չէր բարձրացնում վերեւ, դեպի լեռների գագաթները, երկնքի մեջ խրված ծառերի սաղարթներն ու ծաղիկները։ Նրա հայացքը հողին էր գամված։
Նա Դեագորլ անունով մի բարեկամ ուներ, նույնքան սրատես, բայց պակաս ուժեղ, խորաման ու ժիր։ Մի անգամ նրանք նավակով լողացին դեպի Հիրիկների դաշտավայրը, մտան մանուշակագույն հիրիկների մեջ ու հասան մինչեւ փարթամ շամբարը։ Սմեագորլը թռավ ափ ու գնաց մարգագետին, իսկ Դեագորլը նավակում մնաց եւ սկսեց ձուկ որսալ։ Հանկարծ մի մեծ ձուկ խայծը կուլ տվեց եւ նրան էլ իր հետ ձգելով՝ քաշեց ջրի տակ։ Հատակում ինչ֊որ փայլուն բան նկատելով, նա կարթաթելը բաց թողեց, որքան կարելի էր շատ օդ ներքաշեց, սուզվեց ջրի խորքն ու բռով վերցրեց։ Նա դուրս լողաց մի բուռ տիղմ ձեռքում, շնչեց ու լողաց դեպի ափ։ Ափից ձեռքը մտցրեց ջրի մեջ, ցեխը լվաց եւ՝ ասացեք խնդրեմ, նրա ափի մեջ հիասքանչ ոսկե մատանի մնաց․ այն զարմանալի շողշողում էր արեւի տակ, եւ Դեագորլը հիանում էր դրանով։ Հետեւից անլսելի մոտեցավ Սմեագորլը։
― Դա տուր մեզ, փոքրիկ Դեագորլ, ― ասաց Սմեագորլը, բարեկամի ուսի վրայից նայելով։
― Ինչո՞ւ, ― զարմացավ Դեագորլը։
― Դե, որովհետեւ այսօր մեր ծննդյան օրն է, սիրելիս, եւ մենք ուզում ենք նվեր ստանալ, ― պատասխանեց Սմեագորլը։
― Մի սրան նայեք, ― ասաց Դեագորլը։ ― Այսօր դու արդեն ինձանից նվեր ստացել ես, կարծում եմ՝ բողոքավոր չես։ Իսկ սա ես ինձ համար եմ գտել։
― Ախր ոնց թե, սիրելիս, ի՞նչ ես ասում, մի՞թե հենց այդպես, ― մռթմռթաց Սմեագորլը, մատներով բռնեց Դեագորլի կոկորդն ու խեղդեց նրան։ Մատանին շատ էր սիրուն ու վառվռուն։
Նա վերցրեց Մատանին ու հագավ մատին։
Ոչ ոք չիմացավ, թե ինչ պատահեց Դեագորլին․ նա մահն ընդունեց տնից հեռու տեղում, ու նրա մարմինը խորամանկորեն թաքցվեց։ Իսկ Սմեագորլը մենակ վերադարձավ, տուն հասաց որպես անտեսանելի, քանի որ երբ Մեծ Մատանու տիրակալը հագնում է այն՝ մահկանացուների աչքին չի երեւում։ Անհետանալը շատ դուր եկավ նրան․ քի՞չ բան կարելի էր անել այդ ձեւով, եւ նա շատ բան արեց։ Նա սկսեց թաքուն դիտել, լսել սրանժնրան եւ նողկալիություններ անել։ Մատանին նրան օժտել էր մանր համիշխանությամբ՝ այնպիսի իշխանությամբ, որը համապատասխան էր նրա չափերին։ Ազգուտակը խրտնում էր նրանից (երբ նա անտեսանելի չէր), մոտիկները խույս էին տալիս, փախչում։ Նրան աքացի էին տալիս, նա կծում էր։ Նա արդեն ճարպիկ գող էր դարձել, քայլում էր ու քթի տակ կատաղած գռմռում․ գորլում, գորլում, գորլում ․․․ Դրա համար էլ նրան անվանեցին Գորլում, նրանից բոլորը զզվում էին ու վռնդում, իսկ տատիկն արգելեց վերադառնալ որջ։
Այդպես էլ նա մենակ թափառում էր, թնկթնկում, գռմռում, փնթփնթում, եւ ինքն իրեն գանգատվում, թե ինչ չարն են բոլորը։ Լալով ու բողոքելով, նա հասավ լեռնային մի սառը վտակի ու սկսեց հոսանքով վեր բարձրանալ։ Անտեսանելի մատներով նա ձուկ էր որսում ու կենդանի կուլ տալիս։ Մի շատ շոգ օր, երբ նա կռանում է ջրափոսի վրա, ծոծրակը սկսում է վառվել, իսկ ջուրն անտանելի փայփլում է։ Դա նրան շատ է զարմացնում, ախր նա բոլորովին մոռացել էր, որ աշխարհում արեւ գոյություն ունի։ Իսկ երբ հիշում է, բարձրացնում է բռունցքն ու սպառնում արեւին։
Հետա նա աչքերն իջեցնում է ու տեսնում Մշուշապատ լեռները, որի ընդերքից բխում է աղբյուրը։ Եվ հանկարծ մտածում է․ «Ախ, ինչ զով ու մութ կլինի այդ ժայռերի խորքում․․․ Այնտեղ արեւի աչքից հեռու կլինենք։ Լեռներն էլ են արմատները տարածում, նրանց էլ իրենց գաղտնիքներն ունեն, եւ այդ գաղտնիքները միայն մենք կիմանանք»։
Գիշերը նա բարձրանում է լեռները, գտնում քարանձավը, որից ծրում է մութ հոսանքը, եւ որդի նման սողում քարակերտ խորքն ու երկար ժամանակով անհայտանում երկրի երեսից։ Եվ անապական խավարը Գորլումի հետ միասին կլանում է նաեւ Մատանին, այնպես որ նույնիսկ նա, ով կռել էր այդ Մատանին, թեպետ առաջվանից ավելի հզոր էր դարձել, բայց դրա մասին ոչ մի տեղեկություն չուներ։
― Սպասիր, ասացի Գորլո՞ւմ, ― ճչաց Ֆրոդոն, ― ինչ՞ես թե՝ Գորլում։ Դա ինչ է, նույն այն զզվանքն է, որին հանդիպել էր Բիլբո՞ն։ Ի՜նչ գարշելի է․․․
― Իմ կարծիքով, դա ոչ թե գարշելի է, այլ ողբալի, ― առարկեց հրաշագործը, ― Չէ՞ որ այդպիսի բան կարող էր հոբիթներից որեւէ մեկին էլ պատահել։
― Ոչ մի կերպ չեմ կարող հավատալ, որ Գորլումը հոբիթներին ազգակից է, ― կտրեց Ֆրոդոն։ ― Դա չի կարող պատահել։
― Սակայն սա զուտ ճշմարտություն է, ― նկատեց Գանդալֆը։ ― Ի՜նչ ինչ, բայց հոբիթների ծագման մասին ես ավելի շատ գիտեմ, քան դուք ինքներդ։ Նույնիսկ Բիլբոյի պատմածից ազգակցական կապը լովին ակներեւ է։ Նա եւ Գորլումը շատ բաների մասին միատեսակ էին դատում եւ շատ բաներ միանման ընկալում։ Իսկ միմյանց հասկանում էին կես խոսքից, շատ ավելի լավ, քան հոբիթը կհասկանա, ասենք՝ թզուկին, օրքին կամ նույնիսկ էլֆին։ Հիշո՞ւմ ես, նրանց հանելուկներն ուղղակի ընդհանուր էին։
― Դա ճիշտ է, ― համաձայնեց Ֆրոդոն։ ― Չնայած միայն հոբիթները չէ, որ հանելուկներ են լուծում ու դրանք բոլորն է, ընդհանուր առմամբ, նման են։ Թեպետ հոբիթները երբեք խաբեբայությամբ չեն զբաղվում, իսկ Գորլումը միայն այդ էր անում։ Չէ՞ որ այդ խաղը հորինեց, որ կարողանա հարմար պահը որսալ ու Բիլբոյին հանկարծակիի բերել։ Նրա համար շատ հաճելի խաղ էր ստացվում․ կշահի՝ ուտելու բան կունենա, կտարվի՝ մեծ դժբախտություն չէ։
― Վախենում եմ, որ դա այդպես էլ եղել է, ― ասաց Գանդալֆը։ ― Բայց մի ուրիշ բան էլ է եղել, որը առայժմ դու չըմբռնեցիր։ Նույնիսկ Գորլումը ամբողջապես կորած էակ չէ։ Նա որոշ մարդկանցից ավելի ամուր դուրս եկավ, ինչքան չլինի հոբիթներին ազգակից է։ Նրա հոգում նվիրական մի անկյուն էր մնացել, որտեղ լույս էր թափանցում, ինչպես արեւը ճեղքից, անցյալից հասնող լույս։ Եվ, ըստ երեւույթին, նրան հաճելի էր նորից լսել քամու եւ ծառերի, արեւով ողողված խոտի եւ շատ ու շատ այլ մոռացված բաների մասին հիշեցնող բարի ձայնը։
Բայց դե, իհարկե, վերջիվերջո սեւ անհաղթահարելի չարությունը նորից կատաղի բորբոքվեց նրա մեջ, իսկ ամոքիչ մոտակայքում չկար։ ― Գանդալֆը հառաչեց։ ― Ավա՜ղ․․․ Նրա համար քիչ հույս կա։ Բայց այնուամենայնիվ կա, նույնիսկ նրա համար, չնայած շատ երկար է տիրել Մատանուն, այնքան երկար, որ ինքն էլ չի հիշում, թե երբվանից։ Ճիշտ է, նա հազվադեպ էր հագնում այն՝ անթափանց խավարում ինչի՞ն էր պետք։ Դրա համար էլ չէր «հալվել»։ Նա տաշեղի պես բարակ էր, մկանուտ ու դիմացկուն։ Բայց նրա հոգին Մատանին մաշել էր, եւ կորստի ցավը անտանելի էր։
Իսկ «լեռների բոլոր խոր գաղտնիքները» անծայր գիշերներ դարձան․ ոչ մի բան չկար հայտնաբերելու, էլ ինչի՞ համար ապրել։ Միայն գողունի սնունդ ճարիր, հիշիր հին վիրավորանքներն ու նորերը հնարիր։ Ողորմելի էր նրա կյանքը։ Նա ատում էր խավարը, իսկ լույսն՝ ավելի, նա ատում էր ամեն ինչ, իսկ ամենից ավելի՝ Մատանին։
― Այդ ինչպե՞ս, ― զարմացավ Ֆրոդոն։ ― Չէ որ Մատանին նրա «սքանչելին» էր, նա միայն դրա մասին էր մտածում․․․ Իսկ եթե ատում էր, ինչո՞ւ չէր շպրտում։
― Դու արդեն շատ բան ես լսել, Ֆրոդո, եւ ժամանակն է, որ հասկանաս, ― ասաց Գանդալֆը։ ― Նա Մատանին ատում էր եւ սիրում, ինչպես սիրում ու ատում էր ինքն իրեն։ Իսկ ազատվել նրանից չէր կարողանում։ Այդքան կամք չուներ։ Համիշխանության Մատանին, Ֆրդո, ինքն իր պահակն է։ Մատանին կարող է դավաճանորեն սահել մատիվ, իսկ տերը երբեք չի գցի այն։ Կարող է պատահել, իհարկե, համարյա կատակով, որեւէ մեկին պահ տա, այն էլ սկզբում, քանի դեռ Մատանին տիրոջից կառչած չէ։ Որքան ինձ հայտնի է, միայն Բիլբոն է վճռել հանձնել Մատանին եւ հանձնել է։ Այն էլ ո՛չ առանց իմ օգնության։ Բայց նույնիսկ Բիլբոն Մատանին չէր թողնի բախտի քմահաճույքին, չէր գցի այն։ Ոչ, Ֆրոդո, հարցը ոչ թե Գորլումն էր որոշում, այլ Մատանին ինքը։ Եվ վճռեց։
― Ի՞նչ է, վճռեց Գորլումին փոխարինել Բիլբոյո՞վ, ― հարցրեց Ֆրոդոն։ ― Ավելի լավ չէ՞ր լինի գլորվել որեւէ օրքի մոտ։
― Դե, դա նույնպես հեշտ գործ չէ, ― ասաց Գանդալֆը։ ― Եվ դու չէ, որ պետք է ծիծաղես դրա վրա։ Այո, դու զարմանում ես, որ Բիլբոն հենց պետք եկած ժամանակ հայտնվեց այնտեղ, պատահաբար ափլփեց խավարում ու գտավ․․․ Բայց չարը մեն մենակ չի տիրում աշխարհին, Ֆրոդո։ Մատանին ուզում էր վերադառնալ իր Տիրակալի մոտ՝ իզուր չէր, որ այն գտավ խեղճ Դեագորլը, իսկ հետո էլ խեղդամահ արվեց։ Եվ իզուր չէր, որ Գորլումը տիրացավ դրան։ Գորլումին սա քիչ֊քիչ հյուծում էր՝ բայց հետո ի՞նչ․․․ Նա մանրախնդիր է ու ողորմելի․ եւ քանի Մատանին նրա մոտ էր, մնում էր իր լճակում։ Եվ ահա, երբ Մատանու իսկական տիրակալը ուժ հավաքեց եւ իր սեւ մտքերով ձգվեց Մատանու հետեւից, սա Գորլումին լքեց։ Սակայան Մատանին գտավ ոչ թե մի օրք, ոչ թե մի թրոլ, ոչ թե մի մարդ, այլ հոբիթստանցի Բիլբոն։
Կարծում եմ, որ դա պատահել է Թշնամու կամքին հակառակ։ Ըստ երեւույթին, այդպես էր վիճակված, որ Մատանին գտնի ոչ այլ ոք, այլ հատկապես Բիբլոն։ Ստացվում է, որ քեզ էլ վիճակված էր այն ժառանգելը։ Դա ինձ մի փոքր հույսի նշույլ է տալիս։
― Իսկ ինձ չի տալիս, ― առարկեց Ֆրոդոն։ ― Չնայած, ճիշտն ասած, ես քեզ այնքան էլ լավ չեմ հասկանում։ Ավելի լավ է ասես, թե ինչպես ես այդ ամենն իմացել Մատանու ու Գորլումի մասին։ Թե՞ դու խելքը գլխին ոչինչ չգիտես, այլ պարզապես հնարում ես։
Գանդալֆը նայեց Ֆրոդոյին ու նրա աչքերը փայլեցին։
― Որոշ բան ես գիտեի, իսկ որոշ բան՝ պարզեցի, ― ասաց նա։ ― Բայց գիտե՞ս, որ չեմ պատրաստվում քեզ իմ բոլոր որոնումների մասին զեկուցել։ Այնքանն էլ բավական է, որ քո Մատանին, պարզվում է, Համիշխանության Մատանին է՝ թեկուզ միայն կրակե մակագրությունից դատելով․․․
― Իսկ դու ե՞րբ հայտնաբերեցիր, ― ընդհատեց նրան Ֆրոդոն։
― Քո աչքի առաջ, քո հյուրասենյակում, ― չոր պատասխանեց հրաշագործը։ ― Բայց ես նախապես գիտեի, որ դա պարզելու եմ։ Շատ եմ ճանապարհորդել եւ շատ երկար եմ փնտրել, իսկ դա իմ վերջին փորձն էր, վերջին ապացույցը եւ հիմա ամեն ինչ պարզ է։ Հեշտ չէր պարզաբանելը, թե ինչ կապ ունի այստեղ Գորլումը եւ ինչպես է խցկվել այս հնադարյան արյունոտ պատմության մեջ։ Երեւի ես իմ կռահումները պետք է Գորլումից սկսեի, բայց հիմա ենթադրություններ չեմ անում։ Ուղղակի գիտեմ ինչպես է եղել։ Ինքս տեսա նրան։
― Գորլումի՞ն ես տեսել, ― անմիջապես բացականչեց Ֆրոդոն։
― Այո, տեսել եմ։ Առանց նրա հասկանալ չես կարող, դա պարզից էլ պարզ է։ Բայց դե նրան հասնելն էլ այնքան դյուրին չէր։
― Իսկ ի՞նչ եղավ հետագայում, Բիլբոյից հետո․․․ Դու գիտե՞ս։
― Շատ աղոտ։ Ինչ որ քեզ պատմեցի՝ Գորլումի պատմածից էր, չնայած նա, իհարկե, հո այդպես չէր պատմել։ Գորլումը սոսկալի ստախոս է եւ նրա յուրաքանչյուր խոսքը հարկավոր է լինում զտել։ Օրինակ, Մատանին նրա մոտ այդպես էլ մնում է «ծննդյան օրվա նվեր», իբրեւ թե տատիկից, որն, իբր, այդպիսի զրտի֊պրտի զարդեղեն շատ է ունեցել։ Հիմա՜ր մոգոնվածք։ Իհարկե, Սմեագորլի տատը ազդեցիկ ու տնտես կին է եղել, բայց որ նրա տնտեսության մեջ Համիշխանության Մատանիներ գտնվեին՝ դա հազիվ թե, էլ ո՜ւր մնաց, որ ծննդյան տոներին նվիրեր թոռներին։ Սակայն սուտը՝ սուտ, բայց այնուամենայնիվ ճշմարտություն կա, թեպետ եւ շուռ տված։
Գորլումը ոչ մի կերպ չէր կարողանում մոռանալ, որ սպանել է Դեագորլին եւ ամբողջ ուժով պաշտպանվում էր սեփական հիշողությունից․ մթության մեջ սեւ ոսկորներ էր կրծում, միեւնույն սուտը իր «սքանչելիին» կրկնելով այնքան, մինչեւ ինքը համարյա լրիվ հավատաց դրան։ Չէ՞ որ իսկապես այն ժամանակ նրա ծննդյան օրն էր, եւ Դեագորլը պետք է Մատանին իրեն նվիրեր։ Դրա համար էլ այն գտնվեց։ Դա ծննդյան օրվա ամենաիսկական նվեր է եւ այլն եւ այլն։
Ես ամեն կերպ համբերում էի, դիմանում նրա անկապ շատախոսությանը, որովհետեւ հարկավոր էր պարզել եղելությունը, եւ ստիպված եղա խիստ վարվել նրա հետ․ ես նրան սպառնացի եւ, վերջապես, ամեն ինչ պատմեց այնպես, ինչպես եղել էր՝ տեղը տեղին, արցունք ու փսլինք թափելով։ Ես նրանից դուրս քաշեցի եւ հանելուկների, եւ Բիլբոյի փախուստի մասին եղածը, բայց այ դրանից հետո մնացածը՝ այստեղ նա ասես համր կտրեց եւ միայն երբեմն֊երբեմն լացախառն մռայլ ակնարկներ էր անում։ Երեւում էր, ինչ֊որ բանի սարսափը նրա լեզուն կաշկանդում էր, ու ես չկարողացա ոչինչ անել։ Նա լացակումած մռթմռթում էր, որ ոչ ոքի չի զիջի եւ ոմն մեկը դեռ կիմանա, թե ինչ է նշանակում իրեն ոտնահարել, խաբել ու թալանել։ Այժմ Գորլումը այնքան լավ, հրաշալի բարեկամներ ունի, եւ նրանք, ում որ պետքն է, շատ լավ էլ ցույց կտան, թե օրքի ձեռքն ինչ թափ ունի։ Վերջիններս նրան կօգնեն, իսկ ավազակ Պարկինսը դեռ պատասխան կտա։ Նա դեռ պատասխան կտա ու գլխին կխփի, անընդհատ մռթմռթում էր Գորլումը։ Նա ահավոր ատում է Բիլբոյին ու սարսափելի անիծում։ Բայց առավել վատն այն է, որ նա գիտե, թե ով է Բիլբոն ու որտեղից է հայտնվել։
― Ախր նրան ո՞վ է ասել, ― հուզվեց Ֆրոդոն։
― Դե եթե գործը դրան հասնի, ապա Բիլբոն ինքն է հիմարաբար ներկայացել նրան, իսկ այդքանից հետո դժվար չէ պարզելը, թե նա որտեղից է հայտնվել՝ եթե, իհարկե, դուրս սողա։ Եվ Գորլումը դուրս է սողացել, համա՜ թե դուրս է սողացել։ Մատանու կարոտն անտանելի էր՝ այդ կարոտը գերազանցեց օրքերի նկատմամբ տածած սարսափը եւ նույնիսկ նրա արեւավախությունը։ Տխրեց նա մեկ, նույնիսկ երկու տարի։ Հասկանո՞ւմ ես, թեպետ Մատանու կորուստը տանջում էր նրան, բայց արդեն չէր հյուծում, ինչպես առաջներում, եւ Գորլումը մի քիչ սկսեց կենդանանալ։ Ծերությունը ճնշում էր նրան, սարսափելի ճնշում էր, բայց մշտական զգուշությունն անցել էր, դրան գումարած նաեւ, որ մահվան չափ սոված էր։
Լույսը՝ լուսնի, թե արեւի, նրա համար անտանելի ու ատելի էր։ Սա արդեն երեւի այդպես էլ կմնա մինչեւ կյանքի վերջը, իսկ խորամանկության ու ճարպկության համար ձեռքը գրպան տանելու կարիք չունի։ Նա հասկացավ, որ կարելի է քողարկվել ե՛ւ արեւի, ե՛ւ լուսի լույսից, կարելի է արագ ու անաղմուկ դուրս գալ մութ գիշերով, երբ խավարի մեջ տեսնում են միայն նրա սպիտակավուն աչքերը, եւ որսալ փոքրիկ ու անզգույշ գազանիկների։ Քամին նրան թարմացրեց, սկսեց կուշտ ուտել, դրա համար էլ ավելի ուժեղ ու համարձակ դարձավ։ Չարքանտառը հեռու չէր, դե նա էլ որոշեց ու հասավ այնտեղ։
― Այնտեղ էլ դու նրան հանդիպեցի՞ր, ― հարցրեց Ֆրոդոն։
― Այնտեղ էլ տեսա նրան, ― պատասխանեց Գանդալֆը, ― բայց նա միանգամից չէր ընկել այդտեղ, սկզբում գնացել էր Բիլբոյի հետքերով։ Իսկ հետո․․ պատկերացրու, այդպես էլ մի կարգին չգիտեմ, թե ինչ է եղել հետո․ նա ինչ֊որ անհեթեթություններ էր դուրս տալիս, հայհոյանքներից ու սպառնալիքներից շնչակտուր լինելով։ «Ինչ կար նրա գրպանում, ― մռթմռթում էր նա։ ― Չէ, գլխի չընկա, որ նրա մոտ, նրա գրպանում, սքանչելին էր։ Օ՛ձ, օ՛ձ, օ՛ձի ճուտ։ Անազնիվ հարց, անազնիվ։ Նա խարդախություն արեց, նա, եւ ոչ թե ես, նա կանոնները խախտեց։ Պետք էր իսկույն նրան խեղդել, ճի՞շտ է, իմ սքանչելի․․․ Ոչինչ, իմ սքանչելի, ոչինչ, դեռ կխեղդենք»։
Եվ այդպես անվերջ։ Դու ահա արդեն կնճռոտում ես դեմքդ, իսկ ես օրերով դիմանում էի դրան, առավոտից մինչեւ երեկո։ Բայց դե իզուր չէր։ Նրա բերանից թռցրած որոշ բառերից այնուամենայնիվ հասկացա, որ նա ճլմփացրել է մինչեւ Էսգարոթ, աչք է ածել ու ականջը կախ պահել քաղաքի փողոցներում։ Մեծ նորությունները ամայի տեղերում թնդում են, բոլորը միայն Բիլբոյի մասին էին խոսում, միահյուսելով եղածն ու չեղածը։ Դե, իսկ վերադարձի ճանապարհին, Հինգ Զորաց Ճակատամարտում հաղթելուց հետո մենք էլ անհայտ չմնացինք։ Գորլումը ականջները սրած՝ արագորեն ինչ իրեն հարկավոր էր լսեց ու հասկացավ։
― Ինչո՞ւ այն ժամանակ նա մինչեւ վերջ չհետեւեց Բիլբոյին, ― հարցրեց Ֆրոդոն, ― թե՞ եղել է մեզ մոտ, Հոբիթստանում։
― Այ հենց բանն էլ այդ է, որ չի եղել, ― ասաց Գանդալֆը։ ― Մեզ մոտ ուզեցել է գալ, հասել է մինչեւ Մեծ գետը եւ հանկարծ շուռ եկել։ Ճանապարհի հեռավորությունից հազիվ թե վախենար, նա այդպիսիններից չէ։ Ոչ, ինչ֊որ բան նրան ճանապարհից շեղել է։ Եվ իմ բարեկամներները, որոնք բռնել էին նրան ինձ համար, նույն կարծիքին էին։
Անտառի էլֆերը բացահայտեցին նրա թարմ հետքերը։ Դրանք անցնում էին Չարքանտառի միջով եւ ետ դառնում․ ճիշտ է, դրանց չհաջողվեց բռնել Գորլումին։ Իսկ անտառը լի էր նրա մասին զզվելի հիշողություններով, բոլոր գազանիկներն ու թռչունները սարսափահար էին եղել։ Լսվում էր, որ նոր հրեշ է հայտնվել՝ արյունախում֊ուրվական, որից ձագուկները փրկություն չունեն ո՛չ ծառերի վրա, ո՛չ բներում։
Չարքանտառի արեւմտյան ծայրից հետքը հետ էր շրջվում, հետո գալարվելով գնում էր հարավ, անտառից դուրս գալիս ու կորչում։ Այ այստեղ էլ ես մի մեծ սխալ թույլ տվեցի։ Այո, Ֆրոդո, սխալ, եւ ո՛չ առջինը, բայց միայն վախենում եմ, որ դա ամենավտանգավորը լինի։ Ես նրան հանգիստ թողեցի՝ թող ուր ուզում է գնա։ Մի կույտ անհետաձգելի գործեր ունեի եւ առաջվա պես հավատում էի Սարումանի իմաստնությանը։
Այդ ժամանակվանից անցել է կես դարից ավելի, ու ես իմ սխալի պատճառով սեւ, ծանր օրեր ապրեցի։ Երբ հասկացա, որ Գորլումն ինձ խիստ անհրաժեշտ է, իսկ դա Բիլբոյի մեկնելուց հետո էր, նրա հետքը շատ վաղուց արդեն կորել էր։ Հազիվ թե ես Գորլումին գտնեի, բայց ինձ օգնության եկավ Արագորն անունով հավատարիմ բարեկամս, մեր ժամանակների լավագույն հետքագետն ու որսորդը։ Նրա հետ միասին տակնուվրա արեցինք ողջ Խլուտը, առանձնապես հույս չտածելով։ Եվ երբ հուսահատված որոշեցի վերջ տալ որոնումներին, հանկարծ Գորլումը գտնվեց։ Բարեկամս համարյա հրաշքով վերադարձավ մահացու վտանգավոր ճանապարհորդությունից եւ նրան քարշ տալով բերեց իր հետ։
Թե ուր էր անհետացել Գորլումը, այդպես էլ գաղտնիք մնաց։ Նա արցունք էր հեղում, մեզ գարշելի ու դաժան էր անվանում, իսկ կոկորդում կլթկլթում էր․ «գորրրլում», «գորրրլում», ― իզուր չէ, որ այդպես են անվանել նրան։ Նույնիսկ կրակի սպառնալիքի տակ նա միայն հեծկլտում էր, կուչ գալիս, կոտրտում երկար ձեռքերն ու լիզում մատները, կարծես դրանք այրված էին, ասես դրանք նրան հիշեցնում էին ինչ֊որ վաղեմի դաժան տանջահարություն։ Նա ոչինչ չասաց, բայց վախենում եմ, որ անկասկած դանդաղ, քայլ առ քայլ, ծածուկ հասել է հարավ եւ ընկել Մորդոր։
Սենյակը սուզվեց ծանր լռության մեջ, եւ Ֆրոդոն լսեց, թե ինչպես է տկտում իր սիրտը։ Դրսում նույնպես ամեն ինչ կարծես մեռավ, նույնիսկ Սամի մկրատը դադարեց չխկալուց։
― Այո, Մորդոր, ― կրկնեց Գանդալֆը։ ― Դա հասկանալի է, Մորդորը ամեն տեսակ չարության ու նախանձի ապաստարան է, չարագործներին այնտեղ է հավաքում Սեւ Տիրակալը։
Չէ՞ որ Թշնամու Մատանին աղավաղել էր Գորլումի հոգին, ու նա հլու հնազանդ էր համառ կանչին։ Ընդ որում բոլորն էին փսփսում այն մասին, որ Մորդորը նորից պարուրված է խավարով եւ որ այնտեղ մոլեգնում է հեղձուկ ու դաժան ատելությունը։ Եվ Գորլում մտածում էր, որ այնտեղ, միայն այնտեղ էին նրա իսկական բարեկամները․ հենց նրանք էլ կօգնեին իրեն վրեժը լուծելու։
Դժբախտ հիմար․․․ Այո, նա հասել է Մորդոր եւ շատ բան է իմացել, նույնիսկ չափազանց շատ։ Նա երկար թափառել է այդ սարսափելի երկրի սահմանների մոտ, մինչեւ որ բռնվել է եւ ենթարկվել օտարների համար պարտադիր հարցաքննության։ Արագորնը Գորլումին որսացել է, երբ վերջինս երկար ժամանակ այնտեղ մնալուց հետո վերադառնալից է եղել։ Գուցե նրան ուղարկել են, կամ ինքն է որեւէ նողկալի բան մտածել։ Մի խոսքով, դա չէ կարեւորը, կարեւորն այն է, որ նրանից եկող վնասն արդեն անցած է։
Այո, բայց նրա տրված վնասն անդառնալի է։ Քանզի Թշնամին նրանից իմացել է, որ Համիշխանության Մատանին գտնվել է։ Հայտնի է, թե Մատանին որտեղ է Գորլումի ձեռքն ընկել։ Հայտնի է, որ դա Մեծ Մատանին է, որը հավիտենական կյանք է պարգեւում։ Հասկանալի է, որ դա Երեք էլֆական մատանիներից մեկը չէ, էլֆերը դրան պահպանել են, եւ դրանց մեջ սրիկայություն չկա, դրանք մաքուր են։ Հասկանալի է, որ դա թզուկների յոթ մատանիներից մեկը չէ, եւ ոչ էլ ինքը ուրվականների մատանիներից մեկը։ Թշնամին հասկացել է, որ այդ Մատանին հենց Համիշխանության Մատանին է։ Եվ, դրան էլ ավելացրած՝ իմացել է հոբիթների ու Հոբիթստանի մասին։
Կարող է եւ այդպես լինել, որ նա հիմա փնտրում է Հոբիթստանը, եթե արդեն չի գտել։ Եվ թող հայտնի լինի քեզ, Ֆրոդո, որ ձեր տոհմի անունը նույնպես մնացած ամեն ինչի հետ ջրի երես է դուրս եկել։
― Բայց չէ՞ որ դա սարսափելի է, ― ճչաց Ֆրոդոն։ ― Սարսափելիից էլ սարսափելի, նույնիսկ տհաճ ակնարկներն ու մշուշապատ զգուշացումներն ինձ այդպես չէին վախեցնում։ Գանդա՛լֆ, ո՛վ Գանդա՜լֆ, իմ հուսալի բարեկամ, ի՞նչ անեմ ես․․․ Այ հիմա իսկապես սարսափում եմ։ Ասա՛, Գանդալֆ, ես ի՞նչ անեմ․․․ Այնուամենայնից, ի՜նչ ափսոս է, որ Բիլբոն այդ սրիկային չի դաշունահարել այն ժամանակ, երբ այդքան հարմար առիթ կար։
― Ասում ես՝ ափսո՞ս։ Ախր հենց այդ ափսոսանքն է հետ պահել նրա ձեռքը, ափսոսանքն ու գութը՝ առանց ծայրահեղ անհրաժեշտության սպանել չի կարելի։ Եվ դրա դիմաց, իմ բարեկամ Ֆրոդո, նա փոքր հատուցում չի ստացել։ Իզուր չէ, որ նա չարի կամակատար չի դարձել, իզուր չէ, որ փրկվել է՝ եւ բոլորը նրա համար, որ խղճից է սկսել․․․
― Ներիր, խոսքը դրա մասին չէ, ― ասաց Ֆրոդոն։ ― Սարսափը պատել է ինձ, բայց, միեւնույնն է, Գորլումին խղճալը հիմարություն է։
― Դու նրան չես տեսել, ― ասաց Գանդալֆը։
― Չեմ տեսել եւ չեմ էլ ուզում տեսնել, ― կտրեց Ֆրոդոն։ ― Իսկ քեզ պարզապես չեմ հասակնում։ Մի՞թե դու, էլֆերը եւ չգիտեմ էլ ովքեր, մի՞թե դուք խնայեցիք Գորլումին նրա բոլոր սեւ գործերից հետո։ Ախր նա օրքից վատն է եւ նույնիսկ թշնամի է։ Նա արժանի է մահվան։
― Արժանին՝ արժանի էր, խոսք չկա։ Եվ նա, եւ շատ ուրիշները, նրանց անունը լեգեոն է։ Իսկ հապա մի հաշվիր այնպիսիներին, որոնք պետք է ապրեին ու հա ապրեին, բայց մեռած են։ Կարո՞ղ ես նրանց հարություն տալ, որպեսզի ամեն մեկն ըստ արժանվույն ստանա։ Քանի որ ոչ՝ ուրեմն եւ մի շտաօիր ոչ ոքի մահվան դատապարտել։ Քանզի նույնիսկ ամենաիմաստուններն անկարող են ամեն ինչ կանխատեսել։ Գորլումի ուղղվելու հույսը փոքր է, շատ փոքր, բայց ո՞վ կարող է երաշխավորել, թե այն բոլորովին չկա։ Նրա ճակատագիրը միահյուսված է Մատանու ճակատագրին, եւ իմ սիրտը վկայում է, որ, դեռեւս չգիտեմ ի չարը, թե ի բարին, ինչ֊որ բանի համար նա պետք է գալու։ Օրհասական ժամին Բիլբոյի գթասրտությունը կարող է շատերի փրկության գրավականը դառնալ, ի դեպ նաեւ՝ քո։ Այո, մենք նրան խնայեցինք՝ նա ծեր է եւ խղճուկ, այդպիսիններին չեն դատապարտում։ Նա անտառային էլֆերի մոտ բանտարկված մնաց, հուսով եմ, այնտեղ նրա հետ մեղմ են վարվում։
― Միեւնույն է, ― ասաց Ֆրոդոն, ― գուցե իրոք հարկավոր չէր Գորլումին սպանել, բայց ինչու էր Բիլբոն Մատանին պահում իրեն։ Իսկ գլխավորը՝ ի՞նձ ինչու հասավ այն։ Չէ որ ես այս բոլորի հետ ոչ մի կապ չունեմ։ Ինչո՞ւ դու ինձնից չվերցրիր, ինչո՞ւ չստիպեցիր դեն նետել կամ ջարդուփշուր անել։
― Նետե՜լ, ջարդուփշո՜ւր անել, ― ջղայնացած կրկնեց հրաշագործը։ ― Ի՞նչ է, իմ խոսքերը ականջներիդ կողքով բա՞ց թողեցիր։ Խոսելուց առաջ մտածիր։ Նետել այն կարելի է միայն անխելքության հետեւանքով։ Կախարդական Մատանիները անհետ չեն կորչում․ ժամանակի ընթացքում նրանք վերադառնում են կյանք, եւ ի՞նչ իմանաս ով կգտնի, ինքդ մտածիր։ Չէ՞ որ Մատանին կարող է ընկնել Թշնամու ձեռքը, դե եւ անպայման կընկնի․ նա Մատանուն դեպի իրեն է ձգում հզոր, տառապալից ջանքերով։
Այո, սիրելի Ֆրոդո, քո գլխին մեծ վտանգ է կախված, դրա համար էլ ես անհանգիստ եմ։ Բայց հիմա վիճակն այնպիսին է, որ ամենից վտանգավորը՝ ռիսկի չդիմելն է, նույնիսկ քեզ ռիսկի չենթարկելը․ սակայն հիշիր, որ երբ ես հեռացա, դու աչալուրջ հսկողության ու պահպանության տակ էիր։ Ես գիտեմ, որ ոչ մի անգամ Մատանին չես յագել, եւ, ուրեմն, այն քեզ չի ստրկացրել․ Առայժամ որ՝ ոչ․․․ Իսկ ինը տարի առաջ, մեր վերջին տեսակցության ժամանակ, ես դեռ ոչինչ կարգին չգիտեի։
― Լավ, դեն նետել չի կարելի, գոնե կարելի՞ է ջարդուփշուր անել․ չէ՞ որ ինքդ ասացիր, որ վաղուց, շատ վաղուց էր պետք այդ անել, ― հուսահատված բացականչեց Ֆրոդոն։ ― Կզգուշացնեիր ինձ, որ հարկավոր է դա անել, եւ ես հիմա ազատված կլինեի։
― Ազատված կլինեի՞ր․․․ Իսկ ինչպե՞ս, փորձե՞լ ես․․․
― Ոչ, չեմ փորձել։ Բայց դե, երեւի, որեւէ կերպ կարելի է ճզմել կամ հալեցնել․․․
― Իսկ դու փորձիր, ― ասաց Գանդալֆը։ ― Վերցրու ու փորձիր։
Ֆրոդոն նորից գրպանից հանեց Մատանին ու տնտղեց։ Այն մաքուր էր եւ հարթ, առանց որեւէ մակագրության։ Ոսկին պայծառ փայլում էր, եւ Ֆրոդոն մտածեց․ ինչ հոծ ու հրաշալի ձուլվածք է, ինչ զարմանալի ողորկ է։ Զարմանալի եւ իսկապես թանկագին Մատանի։ Նա հանեց այն, որ նետի կրակի մեջ, բայց հանկարծ հասկացավ, որ չի կարող այդ անել, որ ինքդ քեզ չես կոտրի։ Նա վարանմունքով ծանրութեթեւ էր անում Մատանին ափի մեջ, հիշելով Գանդալֆի չարագուշակ պատումը․ վերջապես բոլոր ուժերը հավաքեց եւ զգաց, որ Մատանին շուտափույթ գրպանն է մտցնում։
Գանդալֆը անուրախ ծիծաղեց։
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Հեքիաթ]]