:::::Աշոտ Հովհաննիսյան
1969, դեկտեմբերի 17։
==Ներածություն<ref>Շուշու մասին այս աշխատությունը սկսել եմ գրել, երբ դեռեւս աշխատում էի Բաքվի Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի աշխարհագրական ֆակուլտետում, որպես դասախոս։ Աշխատանքը սկսել եմ 1959 թվականից արխիվային նյութերի եւ փաստաթղթերի ժողովումով, որքան հաջողվել է այն կատարել, եւ հավաքած նյութերն ու փաստերը շարադրել մաս֊մաս, առաջնորդվելով աշխատության ընդհանուր ծրագրով։</ref>==
Վաղուց ի վեր ինձ հանգիստ չէր տալիս այն միտքը, որ ես պարտավոր եմ որեւէ աշխատություն գրել այն քաղաքի մասին, որտեղ ծնվել ու անց եմ կացրել մանկությունս, պատանեկությունս եւ երիտասարդությունս, որտեղ ստացել եմ տարրական եւ միջնակարգ կրթություն, ուր հինգ տարի շարունակ դասավանդել եմ միջնակարգ ուսումնական հաստատություններում եւ ապրել բազում ուրախ ու վշտալի օրեր մինչեւ 1920 թվականը, երբ իմ քաղաքի հայկական մասը ենթարկվեց ավերման, հետո քայքայիչ անկում ապրեց նաեւ քաղաքի մյուս՝ ադրբեջանական մասը։ 1920 թվականից հետո ես բազմիցս այցելել եմ այդ ավերված քաղաքը, որը մի ժամանակ եղել է Անդրկովկասի նշանավոր քաղաքներից ու մշակութային կենտրոններից մեկը, իր գեղեցկությամբ հռչակված նրա բնակավայրը։
Չնայած նրա ավերակների ինձ վրա թողած ծանր ու ճնշող տպավորությանը եւ դառն հիշողությանը, այդ քաղաքը միշտ էլ գրավել է ինձ եւ միշտ էլ խորը տպավորություն է թողել ինձ վրա իր անմոռանալի բնության հիասքանչ ու դյութական տեսարաններով։ Մանկության ու պատանեկության տարիների հիշողությունը եւ իմ գիտակցական կյանքի առաջին տարիներն այդ քաղաքում մնացել են անջինջ հիշողությանս մեջ… Չեմ հիշում, որ երբեւիցե երազում անգամ տեսած լինեմ մի այլ բան, բացի իմ սիրելի հայրենի տան ու քաղաքի հիասքանչ պատկերները։
Ես ինձ պարտավորված էի զգում որեւէ բանով արդարացնել իմ զգացմունքներն այդ քաղաքի հանդեպ, գրել նրա մասին եւ ասել իմ սրտի խոսքը։ Դեպի այդ միտքն են հղել նաեւ իմ ընկերներից շատերը, մանավանդ իմ սրտակից ընկեր Խորեն Սարգսյանը, որը շարունակ համոզում էր գրել Շուշու մասին, պատճառաբանելով, որ բոլոր այն սերնդի մարդիկ, որոնք գիտեն այդ քաղաքը, հետզհետե հրաժեշտ են տալիս այս աշխարհին, եւ քանի գնա՝ այնքան դժվար կլինի որեւէ արժեքավոր բան գրել այդ քաղաքի մասին, որն արժանի է, որ չմոռացվի ու մնա գալիք սերնդի հիշողության մեջ։
<references />