===Միրաբոյի կամուրջը===
<poem>
Միրաբոյի հին կամուրջի տակով հոսում է Սենան
Եվ սերերը մեր։
Արդյոք պե՞տք է, որ հիշեմ անպայման՝
Միշտ տառապանքից հետո էր ժպտում պահը խնդության։
Թող գա գիշեր։ Հնչի ժամ։
Օրերն անցնեն։ Ես դեռ կա՛մ։
Ձեռքեր ձեռքերում մնանք դեմ դիմաց,
Մինչ մեր թեւերի
Կամուրջի տակով թող հոսի կամաց
Հավիտենական նայվածքների լուռ ալիքը հոգնած։
Թող գա գիշեր։ Հնչի ժամ։
Օրերն անցնեն։ Ես դեռ կա՛մ։
Սերն է հոսում, ինչպես այս ջուրը անկանգ,
Սերն է հոսում։
Ինչքա՜ն դանդաղ են օր ու կյանք,
Եվ հույսն ինչքա՜ն է մոլեկան։
Թող գա գիշեր։ Հնչի ժամ։
Օրերն անցնեն։ Ես դեռ կա՛մ։
Անցնում են օրեր, շաբաթներ այնքան,
Սակայն ո՛չ նրանք,
Ո՛չ էլ սերերը վերստին կգան…
Միրաբոյի հին կամուրջի տակով հոսում է Սենան։
Թող գա գիշեր։ Հնչի ժամ։
Օրերն անցնեն։ Ես դեռ կա՛մ։
</poem>