Կա մի մարտկոց, որի անձնակազմն իրար է անցել հրանոթի շուրջ,
Կա զինվորական նամակաբերը, որ քառասմբակ վարգում է ճամփին,
Կա, ըստ լսածիս, հորիզոնի պես անտեսանելի դարձած մի լրտես, որ թափառում է մեր այս կողմերում, անարժանաբար, միաձուլվելով հորիզոնի հետ,
Կա շուշանի պես բարձր ու ցցուն կուրծքը իմ սիրո,
Կա մի կապիտան, որ անձկությամբ է սպասում հիմա, թե Ատլանտյանից ռադիոհեռագիրն ի՞նչ կհաղորդի,
Կա դագաղների համար մութի մեջ տախտակ սղոցող մի քանի զինվոր,
Կան Մեքսիկայում արնոտ Հիսուսից եգիպտացորեն պաղատող կանայք,
Կա Գոլֆստրիմը, որ այնքա՜ն տաք է, այնքա՜ն արգավանդ,
Կա հինգ կիլոմետր այստեղից հեռու մի գերեզմանոց, որ խաչերով է ծայրեծայր լեցուն,
Կան ամենուրեք խաչեր ու խաչեր,
Կան մրգեր՝ վայրի կակտենիների վրա Ալժիրի,
Կան երկար երկար ու նուրբ ձեռքերն իմ սիրո,
Կա մի կաղամար, որ պարկուճից եմ պատրաստել, սակայն չթույլատրեցին, որ տուն ուղարկեմ,
Կա իմ թամբը, որ պիտի թրջվի անձրեւների տակ,
Կան գետեր, որոնք իրենց հունն ի վեր չեն հոսում կրկին,
Կա սերը, որ ինձ քնքշորեն գերում ու կանչում է տուն,
Կար մի գերի բոշ, որ գնդացիր էր կրում կռնակին,
Կան տղամարդիկ աշխարհի վրա, որ պատերազմում երբեք չեն եղել,
Կան Եվրոպայի գյուղերն ապշությամբ դիտող հնդիկներ,
Որոնք տխրորեն խորհում են բոլոր այն մարդկանց մասին, ում գուցե կյանքում չեն տեսնի կրկին,
Քանզի այս վերջին պատերազմի հետ անտես դառնալու արվեստը սաստիկ առաջադիմեց։
</poem>